Հաղպատի վանական համալիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Հաղպատավանքից)
Հաղպատի վանական համալիր
2014 Prowincja Lorri, Hachpat, Klasztor Hachpat (12).jpg
Հիմնական տվյալներ
Տեսակ վանք
Երկիր Հայաստան Հայաստան
Տեղագրություն Հաղպատ
Հոգևոր կարգավիճակ Գործող
Ներկա վիճակ Կանգուն
Մասն է Հաղպատի և Սանահինի վանքեր
Ժառանգության կարգավիճակ ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձան[1]
Ճարտարապետական նկարագրություն
Ճարտարապետական ոճ Հայկական
Կառուցման սկիզբ 966 թ.
Կառուցման ավարտ 13-րդ դար
Հիմնադրված 10-րդ դար
Հաղպատի վանական համալիրը գտնվում է Հայաստանում
Հաղպատի վանական համալիր
Կոորդինատներ: 41°5′37.377600100002″ հս․ լ. 44°42′43.462800099988″ ավ. ե. / 41.09371600002777569° հս․. լ. 44.71207300002777174° ավ. ե. / 41.09371600002777569; 44.71207300002777174

Հաղպատ, հայկական միջնադարյան խոշոր վանքային համալիր, նախկին համալսարան Հայաստանի Լոռու մարզի Հաղպատ գյուղում։ Սանահինի վանքային համալիրի հետ միասին հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ–ի համաշխարհային ժառանգության օբյեկտ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրվել է 10-րդ դարի 2-րդ կեսին։ 10-13-րդ դարերում Հայաստանի նշանավոր հոգևոր և մշակութային կենտրոններից էր։ Տնտեսական, մշակութային և շինարարական վերելք է ապրել հատկապես 12-րդ դարի 2-րդ կեսից - 14-րդ դարում, երբ Տաշիր-Ձորագետի կառավարիչներն էին Արծրունիները, ապա՝ Զաքարյանները: 11-13-րդ դարերում լայնորեն հայտնի էին Հաղպատի դպրոցը, գրադարանը։ Ուսուցանել են փիլիսոփայություն, հռետորություն, աստվածաբանություն, երաժշտություն և այլն, ընդօրինակել ու նկարազարդել ձեռագրեր (Հաղպատի մատենադարան, Հաղպատի դպրոց, Հաղպատի Ավետարան)։ Վանքը բազմիցս ենթարկվել է ասպատակությունների, տուժել երկրաշարժերից, որոնց մասին հիշատակում են պատմիչները (Սամվել Անեցի, Մխիթար Այրիվանեցի) և վիմագրողները։ 11-րդ դարի կեսերին ավերել ու կողոպուտի են ենթարկել սելջուկները, 1105-ին՝ Ղըզըլ Ամիրի հրոսակախմբերը, 18-րդ դարում տուժել է լեզգիների հարձակումներից, 1795-ին ասպատակել է Աղա Մահմեդ խանը։ Թշնամական հաճախակի հարձակումներից պաշտպանվելու նպատակով վանքը շրջափակվել է ամրակուռ պարսպով, մատույցներում ստեղծվեցին պաշտպանական հենակետեր (Կայան, Աթոռիկ), շրջակա տարածքը եզերող ձորերում և ժայռածերպերում հիմնվել թաքստոցներ ու ամրացված կացարաններ։ Հաղպատավանքում կրոնավորել է Սայաթ-Նովան:

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաղպատավանքը Հայաստանի խոշորագույն և նշանավոր վանքային համալիրներից է, ուր առավել շեշտված են միջնադարի հայ ճարտարապետության առանձնահատուկ գծերը՝ գեղատեսիլություն, շրջակա միջավայրի հետ ներդաշնակություն, տարածքային հավասարակշռվածություն։ Շրջապարսպի ներսում են Սուրբ Նշան, Սուրբ Գրիգոր, Սուրբ Աստվածածին (Խաթունաշեն) եկեղեցիները, գավիթը, ժամատունը, գրատուն-մատենադարանը, զանգակատունը, սեղանատունը, մատուռ-դամբարանները, խաչքարեր:

Հուշարձանների հիմնական խմբից դուրս են վանքի եռակամար, սրահավոր աղբյուրը (1258), Կուսանաց անապատը՝ վերձիգ համաչափություններ ունեցող ոչ մեծ՝ Տիրամոր եկեղեցով (13-րդ դար) և գեղաքանդակ խաչքարերով, Սուրբ Աստվածածին (Ջգրաշեն), Սուրբ Սիոն (Առաջադեմ), Զորավարք (Սուրբ Գևորգ) եկեղեցիները (12-13-րդ դարեր), Կայանբերդ ամրոցը՝ Դսեվանքի Սուրբ Աստվածածին եկեղեցով (1233), Ջրաղացաձորի կամուրջը (13-րդ դար)՝ Շերեք գետի վրա ևն։ Գյուղի շրջակայքում կան հին գյուղատեղիներ։ Տարածքը եզերող ժայռերում փորված են բազմաթիվ մեծ ու փոքր այրեր, որոնցում թշնամական ասպատակությունների ժամանակ ոչ միայն պատսպարվել են բնակիչները, այլև թաքցրել են վանքի ձեռագրերը, մատյանները, հարստությունները։

Սուրբ Նշան եկեղեցի[խմբագրել | խմբագրել կոդը]

World Heritage Logo global.svg
Սանահինի և Հաղպատի վանքերը
*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Սանահինի վանքը
Երկիր {{{2}}} Հայաստան
Տիպ Մշակութային
Չափանիշներ ii, iv
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս** Եվրոպա
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում 1996  (20-րդ նստաշրջան)
Համար 777
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային UNESCO logo white.png ժառանգություն

Համալիրի գլխավոր և հնագույն Սուրբ Նշան եկեղեցին 976-991-ին կառուցել է Խոսրովանույշ թագուհին՝ իր որդիներ Սմբատի և Կյուրիկեի (Գուրգենի) արևշատության համար։ Այն դրսից ուղղանկյուն, ներսից խաչաձև գմբեթավոր դահլիճ է՝ չորս անկյուններում կրկնահարկ ավանդատներով։ Երկայնական պատերին կից երկուական հզոր որմնամույթերից բարձրացող կամարներին հենվում է եկեղեցին պսակող հսկայածավալ գմբեթը։ Աղոթասրահը պատվել է որմնանկարներով, որոնց մնացորդները կան ավագ խորանում՝ գահին նստած Հիսուս Քրիստոսը, ավետման, ծննդյան և մկրտության տեսարաններ, հարավային պատին՝ Խութլուբուղայի ողջ հասակով պատկերը։ Եկեղեցու ճակատները (բացի արևմտյանից) ունեն եռանկյունաձև կտրվածքով զույգ հայկական խորշեր։

Սմբատ և Կյուրիկե թագավոր-եղբայրների բարձրաքանդակը

Արևելյան ճակտոնի տակ Սմբատ և Կյուրիկե թագավոր-եղբայրների կտիտորական բարձրաքանդակն է (դեմառդեմ կանգնած պահում են եկեղեցու մանրակերտը)։ Սուրբ Նշան եկեղեցուն տարբեր ժամանակներում երեք կողմից կցվել են շինություններ, որոնցից վաղագույնը՝ արևմտյան ճակատին կից գավիթը, կառուցել է վանքի առաջնորդ Հովհաննես Խաչենացին, 13-րդ դարի սկզբին Հաղպատը Հայաստանի նշանավոր հոգևոր մշակութային կենտրոններից էր։ 12 դարի 2-րդ կեսից 14 դարը Հաղպատի վանքը դառնում է Կյուրիկյան թագավորության թեմական կենտրոն, Սանահինից այստեղ է տեղափոխվում տեղական թագավորների տոհմական գերեզմանատունը։ 11-րդ դարի վերջում Տաշիրը հաճախ ասպատակում են սելջուկները, 1105 թվականին Հաղպատը և Սանահինը կողոպտում է Ղզիլ ամիրան, իսկ 1111-1113 թվականներին անկում է ապրում տեղական թագավորությունը։ 12-րդ դարի 2-րդ կեսից 14-րդ դարը Հաղպատը պատկանում էր Մահկանաբերդի Արծրունիներին, ապա՝ Զաքարյաններին: Իվանե Ջաքարյանի հրամանով 1223 թվականին վանքի միաբանության պաշտպանության համար մոտակայքում կառուցվում է Հաղպատի ամրոցը։ 11-13 դարերում Հայաստանում հայտնի էին Հաղպատի դպրոցը և գրատունը։ Այստեղ ուսուցանել են քերականություն, հռետորություն, փիլիսոփայություն, աստվածաբանություն, երաժշտություն և այլ առարկաներ։ Հաղպատը հայտնի էր նաև իր մանրանկարչական դպրոցով։ Մի քանի տարի կրոնավորի սքեմի տակ Հաղպատում է ապրել Սայաթ-Նովան:

Հաղպատի վանքը հիմնադրվել է 976 թվականին, Բագրատունի Աշոտ Գ-ի թագավորության ժամանակ։ Տեղադրված է կիրճերով եզերված սարահարթի վրա, որի մատույցները վերահսկել է 13-րդ դարին հատկապես այդ նպատակով կառուցված Կայանբերդը։ Վանքը միջնադարյան Հայաստանի խոշոր մշակութային կենտրոններից էր, ուր գործել են ժամանակի նշանավոր գործիչներ, գրվել և նկարազարդվել են բազմաթիվ ձեռագրեր, որոնց թվում 1211 թվականի «Հաղպատի Ավետարանը»:

Համալիրի կազմում են Սուրբ Նշան տաճարը, երկու գավիթ, երեք փոքրաչափ եկեղեցի, երկու միջանցք-տապանատուն, սեղանատունը, գրատունը, զանգակատունը, մի քանի մատուռ-դամբարաններ և խաչքարեր: Համալիրը շրջապատված է աշտարակավոր պարսպով։ Նրա տարածքից դուրս են աղբյուրի շենքը և մի քանի փոքր եկեղեցիներ։ Համալիրի հնագույն եկեղեցին Սուրբ Նշանն է, որը կառուցել է Խոսրովանույշ թագուհին՝ 976-991 թվականներին։ Սուրբ Նշանն ամբողջությամբ փայլուն օրինակ է 10-11-րդ դարերի հայկական ճարտարապետության մեջ կազմավորված ոճական նոր ուղղության, որը դրսևորվեց այդ դարաշրջանի բազմաթիվ կառույցներում։ Ըստ ավանդության՝ այն կառուցել է ճարտարապետ Տրդատը: Տաճարին արևմուտքից կից է մեծ գավիթը, որ կառուցվել է 13-րդ դարի 10-ական թվականներին՝ 1185 թվականին իշխանուհի Մարիամի հիմնարկած տապանատան տեղում։ Գավիթը ուշագրավ է իր ներքին հորինվածքով։ Գլխավոր տաճարից հյուսիս վանահայր Համազասպը 1257 թվականին կառուցել է ընդարձակ մի գավիթ, այսպես կոչված, «Համազասպի շենքը», որը արևելքից կցված է ոչ մեծ, թաղածածկ եկեղեցու։

«Համազասպի շենքի» արևելյան պատի հարավային մասին կից է գրատունը։ 11-րդ դարին այստեղ եղել է գրատան հին շենքը, որը 13-րդ դարին արմատապես վերակառուցվել է։

13-րդ դարում տաճարի, «Համազասպի շենքի» և գրատան միջև ընկած տարածքը ծածկվել է թաղով և վերածվել տապանատան։ Նրա անմիջական շարունակությունն է տաճարի արևելյան երկայնքով ձգվող թաղածածկ միջանցքանման երկրորդ տապանատունը։ Այս երկու կառույցները հուսալի կերպով ապահովել են համալիրի շենքերը բլրալանջից իջնող անձրևաջրերի հոսքից։

Համալիրի արևելյան մասում է զանգակատունը՝ կառուցված 1245 թվականին։ Այն եռահարկ է՝ առաջին երկու հարկերում տեղավորված են յոթ աղոթարաններ, երրորդ հարկը սյունակազմ ռոտոնդա է։ Կառույցը աչքի է ընկնում իր ներդաշնակ համաչափություններով։

Հյուսիսային մասում է գտնվում 13-րդ դարում կառուցված սեղանատունը։ Իրենց ուրույն տեղն ունեն մեմորիալ հուշարձանները։ Դրանցից են՝ հյուսիսարևմտյան մասում, պարսպի մոտ կողք-կողքի տեղադրված Ուքանանց տոհմի երեք դամբարանները (13-րդ դարի առաջին քառորդ), միջանցքանման տապանատունը, Սուրբ Նշան տաճարի հյուսիսային մուտքի մոտ տեղադրված «Ամենափրկիչ» խաչքարը (1273)՝ կանգնեցված աթաբեկ և ամիրսպասալար Սադունի պատվին։ Տաճարի Ավագ խորանը և պատերի առանձին հատվածները որմնանկարազարդ են եղել։ 10-րդ դարից մեզ է հասել Ավագ խորանի որմնանկարների առաջին շերտը, ուր Դեիսուս կոմպոզիցիայում պատկերված է գահին նստած Քրիստոսը։ Ավելի ցած եղել են ավետման, ծննդոց, մկրտության տեսարաններ։ Քանդակագործական արվեստի հոյակապ գործ է տաճարի արևելյան ճակտոնապատի վերին մասում տեղադրված կտիտորական կոմպոզիցիան, ուր դեմառդեմ կանգնած Սմբատ և Գուրգեն թագավորները պահում են տաճարի մանրակերտը։

Շինությունների հիմնական խմբից դուրս է վանքի աղբյուրը (1258

Հաղպատի գրադարանը միջնադարում հայ ձեռագրերի գանձարաններից ամենահարուստն էր։ Հիմնվել է 11-րդ դարին, Հաղպատի վանքի Սուրբ Նշան եկեղեցու մոտ։ Հետագայում, ապահովության համար, ձեռագրերը տեղափոխվել են վանքի մոտակա քարայրերը, որոնք ոչ միայն գրապահոցի, այլև ընթերցարանի դեր են կատարել։

Անվան հետ կապված լեգենդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաղպատ անվանման հետ կապված են բազմաթիվ լեգենդներ, նրանցից մեկի համաձայն Սանահինի իշխաններից մեկը հրավիրում է իր մոտ ճանաչված մի վարպետի՝ վանք կառուցելու համար։ Վարպետը ներկայանում է իշխանին որդու հետ։ Աշխատանքի ընթացքում վեճ է առաջանում հոր և որդու միջև։ Ենթավարպետներից մեկը բռնում է որդու կողմը։ Այսպես, կռվելով հոր հետ, որդին թողնում է աշխատանքը, վեր է կենում և հեռանում։ Ճանապարհին, մի ուրիշ իշխան վարձում է նրանց՝ իր վանքը կառուցելու պատվերով։ Երբ որդու բարձրացրած պատերը հասնում են այնքան, որ տեսանելի են դառնում Սանահինից, աշխատավորները հաղորդում են դրա մասին ծեր վարպետին։ Ոչ աշխատանքային օրը նա որոշում է այցելել որդու շինարարությունը, մոտենում է կիսասարք վանքի պատին և երկար զննում այն։ Բոլորը լուռ սպասում էին ծեր վարպետի գնահատականին։ Վերջապես, նա հրեց շարվածքի քարը և ասաց. «Ախ պատ»: Այստեղ հայր և որդի գրկախառնվեցին և հաշտվեցին։ Իսկ վանքին մնաց «Հաղպատ» անվանումը։

Անվան պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաղպատ գյուղը հնում կոչվել է Սրբլիս (Սուրբ Լույս), որովհետև արևը բարձրանում էր հարևան սարի հետևից և լույս էր սփռում հարևան գյուղերի վրա։ Հաղպատի վանքի կառուցումից հետո գյուղը վերանվանվեց, իսկ Սրբլիս անունը անցավ հարևան սարին։ Սկզբին, նախապես գոյություն ունեցած Մարիամաշեն գավթի (1185) տեղում։ Այն արևելք-արևմուտք ձգված ընդարձակ սրահ է՝ լայնաթռիչք, հուժկու փոխհատվող զույգ կամարների վրա հենվող յուրահատուկ ծածկով։ Կամարներով սահմանված քառակուսուց արևմուտքից շարունակվում է ևս 3 մ՝ սահմանագծում ունենալով հաստահեղույս փնջաձև զույգ սյուներ, որոնց վրա չորս կողմից հանգչում են թաղակիր կամարները։ Փոխհատվող զույգ կամարների հնարքը կիրառված է նաև կենտրոնական քառակուսու ծածկում, որտեղ դրանք կազմում են քառակուսի երդիկը՝ պսակված վեցսյունանի ռոտոնդայով։ Սուրբ Նշանի հյուսիսարևելյան անկյունային մասում գտնվող գրատուն-մատենադարանը քառակուսի դահլիճ է՝ պատերին կից կիսագլանաձև որմնամույթերից բարձրացող փոխհատվող զույգ կամարների վրա հենվող ծածկով։ Միջին քառակուսու վրա բարձրանում է բրգաձև ութանիստ գմբեթը՝ լուսավորության միակ աղբյուր երդիկով։ Ներկա շենքը 1258-62-ին Հովհաննես վանահոր վերակառուցածն է։ Ուշ միջնադարում ծառայել է որպես մառան, որի մասին են վկայում մեծ թվով թաղված կարասները։ Գրատուն-մատենադարանի վերակառուցման հետ միաժամանակ կառուցվել են գրատան սրահը և փոքր գավիթը, որոնցով միմյանց հետ կապվում են գրատուն-մատենադարանը, Սուրբ Նշանը և Համազասպի ժամատունը։

Համազասպի ժամատուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոքր գավթին հյուսիսից կից Համազասպի ժամատունը 1257-ին կառուցել է Համազասպ Անեցի վանահայրը։ Չորս հզոր սյուներով, երդիկավոր, կենտրոնակազմ դահլիճ է՝ իր տիպի մեջ ամենամեծը (18, 68 x 18, 20 մ)։ Արևելքից կից է ավելի վաղ կառուցված մատուռը։

Զանգակատունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանքի տարածքի արևելյան բարձրադիր մասում, գլխավոր մուտքի դիմաց առանձին կանգնած է հայ ճարտարապետության անզուգական հուշարձան՝ Հաղպատավանքի զանգակատունը, որը 1245-ին կառուցել է Համազասպ վանահայրը «բազում ջանիւ, ի դառն ժամանակս թաթարաց», ինչպես տեղեկացնում է արձանագրությունը։ Բաղկացած է յոթսյունանի զանգաշտարակով պսակված երկու հարկաբաժիններից, որոնց միջև հաղորդակցումը կատարվում է քարե բարձակային աստիճաններով։ Կառույցին բացառիկ շուք ու հմայք են տալիս վարպետորեն զուգակցված տարբեր մեծության ճակտոնները, անկյունների շթաքարե անցումները, բացվածքների շքեղ եզրակալները, կամարակապ զույգ պատուհանները, գեղանի զանգաշտարակը։

Սեղանատունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Համալիրի հյուսիս-արևելքում գտնվող սեղանատունը (13-րդ դար, նորոգվել է 1975-78-ին) հատակագծում ուղղանկյուն կառույց է՝ մեկ զույգ սյուներով բաժանված երկու հավասար քառակուսի մասերի, որոնցից յուրաքանչյուրն ունի փոխհատվող զույգ կամարների վրա հենվող երդիկավոր ծածկ։ Մուտքն արևմուտքից է՝ պարսպից դուրս։

Սուրբ Գրիգոր եկեղեցի[խմբագրել | խմբագրել կոդը]

Գավթից հարավ տեղադրված Սուրբ Գրիգոր եկեղեցին (1025) դրսից ուղղանկյուն, ներսից խաչաձև հատակագծով, երկթեք կտուրով, թաղակապ շինություն է, որի չորս անկյուններում ավանդատներ են (արևմտյանները՝ կրկնահարկ)։

Սուրբ Աստվածածին եկեղեցի[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Աստվածածին եկեղեցին (13-րդ դար), գավթի հյուսիսային կողմում է՝ Սուբ Գրիգորին գրեթե սիմետրիկ դիրքով։ Ցածր համաչափություններով, գմբեթավոր փոքրաչափ կառույց է։

Խաչքարեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոքր գավթում՝ Սուրբ Նշան եկեղեցու հյուսիսային շքամուտքի արևելյան կողմում է պատկերագրական հարստությամբ և արտահայտչամիջոցների բարձրարվեստ միահյուսմամբ բնութագրվող Ամենափրկիչ խաչքարը (1273)՝ կանգնեցված Աթաբեկ և ամիրսպասալար Սադունի պատվին։ Պարսպի հյուսիսարևմտյան անկյան մոտ Ուքանանց տոհմի՝ գեղաքանդակ խաչքարերով պսակված մատուռ-դամբարաններն են (13-րդ դարի առաջին կես)։

Համաշխարհային Ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1996-ին Հաղպատի վանական համալիրը ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային «Արժեքների ցուցակ»-ում։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png