Հովհաննավանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հովհաննավանք (այլ կիրառումներ)
Հովհաննավանք
Հովհաննավանքը 2019 թվականին
Հիմնական տվյալներ
Տեսակվանք
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունՀայաստան Հայաստան Արագածոտնի մարզ, Օհանավան
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմԱրագածոտնի
Օծման թվական1216
Հոգևոր կարգավիճակՎանք, եկեղեցի
Կազմված էԽաչքար, Խաչքար, Խաչքար, Խաչքար, Խաչքար Խոսրովի, Եկեղեցի Սբ. Կարապետ, Եկեղեցի, Գավիթ, Միաբանության շենք, Դպրոցի շենք, Տապանատուն, Գերեզմանոց և Հուշասյուն
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում[1]
Ճարտարապետական ոճՀայկական
Կառուցման ավարտ1216
Հիմնադրված13-րդ դար
Քարտեզ
Քարտեզ

Հովհաննավանք[2], հայկական վանական համալիր Հայաստանի Արագածոտնի մարզի Օհանավան գյուղում, Քասաղ գետի կիրճի աջ եզրին, բարձր ու գեղատեսիլ վայրում։ Վանքը նվիրված է Հովհաննես Մկրտչին։ Պատմականորեն վանքը մտնում է Մեծ Հայքի Այրարատ նահանգի Արագածոտն գավառի մեջ[3]։

Կառուցվել է 4-13-րդ դարերում։ Ավանդությունը, սակայն, դրա հիմնադրումը վերագրում է Գրիգոր Լուսավորչին (3-4-րդ դարեր)։ Սկզբում ոմն վանահոր՝ Սյուղի անունով կոչվել է Սյուղի կամ Սովի վանք, իսկ ժողովուրդը կոչել է Հաննավանք։ Առաքել Դավրիժեցու (17-րդ դար) վկայությամբ՝ Հովհաննավանք է կոչվել վանքի առաջնորդ Հովհաննի անունով, որին Ղազար Փարպեցին իր փոխարեն կարգել էր վանքի առաջնորդ։ Վանքի հնագույն կառույցը 5-րդ դարի գործ է, այն միանավ բազիլիկ է, որի փայտե ծածկ 6-րդ դարում փոխարինվել է քարե թաղածածկ տանիքով։ Այս եկեղեցին պահպանվել էր կիսավեր վիճակում։ Գլխավոր տաճարը կառուցվել է 1216-1221 թվականներին իշխան Վաչե Վաչուտյանի հրամանով, գավիթը ավելացրել է Վաչեի որդին՝ Քուրդը՝ 1250 թվականին։ 6-րդ դարից արդեն Հովհաննավանք հիշատակվում է իբրև դպրատունը և այլ շինություններ։ Շուրջը կան գերեզմաններ։ Հովհաննավանք տարբեր ժամանակներում ունեցել է ընդարձակ վարելահողեր, այգիներ, արոտավայրեր, ձիթհանք, ջրաղացներ ու գյուղեր։ Շինությունների պատերին կան 13-18-րդ դարերի հայերեն բազմաթիվ վիմագիր արձանագրություններ, որոնք վերաբերվում են վանքի կառուցումներին, վերանորոգումներին և նվիրատվություններին։ Հովհաննավանքը հայ գրչության նշանավոր կենտրոն է եղել, ունեցել հարուստ մատենադարան։ Այստեղ գրված ձեռագրերից մի քանիսը պահպանվել են։ 17-րդ դարում այստեղ ապրել ու ստեղծագործել է պատմիչ Զաքարիա սարգավագ Քանաքեռցին, որը և գրել Է Հովհաննավանքի պատմությունը։ Հովհաննավանքը գործունեությունը դադարել է 19-րդ դարի սկզբներից[3]։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարբեր աղբյուրներում վանքը հիշատակվում է բազմաթիվ անունների տակ. Ամատունյաց Սուրբ Կարապետ, Անավանք, Սուրբ Իոհանի վանք, Հանավանք, Հավանավանք, Հովանավանք, Հովհաննու վանք, Հովհանա անապատ, Հովհաննավանաց մենաստան, Հովհանավանք, Սուրբ Հովհաննես, Սուրբ Հովհաննու Կարապետի վանք, Հովհաննու վանք, Սյուղի վանք, Սովի վանք, Սուղի վանք, Օհանավան, Օհանավանք[3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանքի ամենահին շինությունը Սուրբ Կարապետ բազիլիկ տիպի եկեղեցին է, կառուցված չորրորդ դարի սկզբներին Գրիգոր Լուսավորչի կողմից։ Այդ եկեղեցու փայտե տանիքը քարե տանիքով փոխարինվել է 554 թ-ին, և հիմնովին վերանորոգվել 1652-1734 թթ-ին։

Վաչուտյանաշեն կառույցները
Հովհաննավանքի կենտրոնագմբեթ Կաթողիկե եկեղեցին 1216-1221 թթ-ին կառուցել է Արարատյան կողմնակալության կողմնակալ-հրամանատար, իշխանաց-իշխան Վաչե Ա Վաչուտյանը, կնոջ՝ Հասանի դուստր Մամախաթունի համագործակցությամբ։ Կառուցելով այս շինություը Վաչե Ա-ն շեշտել է իր էթնիկական հավատարմությունը Գրիգոր Լուսավորչի ավանդույթին։ Վերասլաց շինությունը շքեղորեն նստած է Քասաղի կիրճի ուղղահայաց ելուստի վրա։ Եկեղեցու արևելյան պատը կարծես ուղղակի ձորապռնկի շարունակությունն է։ Եկեղեցին ներքուստ խաչաձև է և այդ տեսքն ստացել է շինության չորս անկյուններում տեղադրված կրկնահարկ ավանդատների շնորհիվ։ Արևելյան կողմի առաջին հարկի ավանդատների մուտքը ճակատային մասից է, իսկ վերին հարկի մուտքերը՝ ավագ խորանի միջից։ Արևմտյան կողմի ավանդատների առաջին հարկի դռները շքամուտքի աջ և ձախ կողմերից են, իսկ երկրորդ հարկի մուտքերը գտնվում են դրանց վերևում և այդտեղ կարելի է բարձրանալ քարե 11 կոնսուլային աստիճաններով /այդպես է նաև Սաղմոսավանքում, Կարբիի հաղթակամար-եկեղեցում, Եղիպատրուշի գավթում, Հառիճում, Նորավանքի Բուրթելաշեն, Կապուտանի եկեղեցիներում/: Եկեղեցու արևմտյան պատը գմբեթի հետ կործանվել էր 1918 թ-ին երկրաշարժից։ Պատմիչ Զաքարիա Սարկավագի նկարագրության և տեղում պահպանված մանրամասների հիման վրա պարզվել է գմբեթի նախնական տեսքը։ Թմբուկն ունեցել է 12 նիստ՝ ինչպես Գանձասարի եկեղեցին և վերասլաց վեղար։ Հենց այդպես էլ 1980-1990-ական թթ-ին գմբեթն ու վեղարը վերականգնվեցին։ Եկեղեցին հյուսիսային դռնով հաղորդակցվում է 4-րդ դարի բազիլիկ եկեղեցու հետ, իսկ արևմտյան կողմում ունի շքամուտք, որով հաղորդակցվում է գավթի հետ։ Եկեղեցին ինչպես ներքուստ, այնպես էլ արտաքուստ պատած է հարուստ ու ճոխ հարթաքանդակներով։ Սակայն առավել ցայտուն է շքամուտքի ու շքամուտքի բարավորի ձևավորումը։ Դռան շրջակալի կողքերին, երկու կիսագլան սյուների միջնամասերում մեծ վարպետությամբ փորագրված են ութաթև աստղեր և բուսապատկեր քանդակներ, իսկ բարավորը զարդարված է, «Իմաստուն և հիմար կույսեր,, առակի բարձրաքանդակով (Մատթեոս 25:1-13)։ 1240-ական Քուրդ Ա Վաչուտյանը կնոջ՝ Խորիշահի համագործակցությամբ սկսել է կառուցել գավիթը, որի շինարարությունն ավարտվել է 1250 թ-ին։ Գավիթը զբաղեցնում է Կաթողիկե եկեղեցու ամբողջ արևմտյան ճակատը և 4-րդ դարի բազիլիկ եկեղեցու արևմտյան պատի մի մասը՝ մուտքով հանդերձ։ Հովհաննավանքի գավիթը պատկանում է 13-րդ դարում տարածում գտած քառասյուն գավիթների տիպին ու մի ընդարձակ դահլիճ է։ Գավթի չորս հզոր սյուները որմնասյուներին և իրար միանում են կամարներով, որոնց շնորհիվ ամբողջ առաստաղը բաժանված է ինը միջկամարային հատվածների։ Չորս սյուների միջև ընկած երդիկավոր կենտրոնական հատվածը պսակված է ռոտոնդայով /ամենամեծը Հայաստանի նույնատիպ կառույցների մեջ/: Կտուրի մյուս հատվածները ներքուստ ծածկված են զարդաքարերով, իսկ արևելյան մասի կենտրոնական հատվածը՝ շթաքարերով։ Շքամուտքը հարուստ ձևավորված է։ Ուղղանկյուն շրջանակի ներսի տարածությունը պատած է շեղանկյուն զարդաքարերով, որոնք կազմում են հավասարաթև խաչեր։ Շքամուտքի գլխին գտնվում է միջնասյունով երկու մասի բաժանված մեծ և լայն լուսամուտ, որը կիսաշրջան վերնամասի հետ առնված է շթաքարե քանդակներով պատած շրջանակի մեջ։ Գավթի արևմտյան պատը շքամուտքի երկու կողմերում արտաքինից պատած է եռակերտ զարդակամարներով՝ մուտքից ձախ՝ չորս, մուտքից աջ՝ երեք թռիչքներով։ Գավթի զարդը 12 սյուների վրա հենված ռոտոնդան է։ Սյուներից վեցը մեկընդմեջ կլոր են, վեցը՝ բազմանկյուն։ Ճարտարապետական այս ձևը շուրջ մեկ հարյուրամյակ հետո լավագույնս օգտագործվեց Կարբիի հաղթակամար-եկեղեցում, Եղվարդի, Նորավանքի Բուրթելաշեն, Կապուտանի եկեղեցի-դամբարան-զանգակատներում։ Գավթի ներսում, բազիլիկ և Կաթողիկե եկեղեցու արևմտյան պատերի մոտ, բարձր պատվանդաններին ագուցված կամ պատերի մեջ ամրացված են գեղաքանդակ խաչքարեր։ Վաչուտյան իշխանատան հիմնադիր Վաչե Ա-ի և նրա որդի Քուրդ Ա-ի կառուցած Կաթողիկե եկեղեցին և գավիթը 13-րդ դարի համայնապատկերին իրենց ճարտարապետական դիմագծերով, լուծումներով ամենաաչքի ընկնող կառույցներից են։ Մեծավաստակ Գարեգին Ա Հովսեփյանցը հայ իշխանական տների շինարարական գործունեության մասին խոսելիս առանձնահատուկ նշել է գլուխգործոցները՝,, Յոհաննա-վանքը Վաչուտեանց իշխանութեան մէջ, Գանձասարը Խաչենի, Նորավանքը Օրբէլեանների, Դսեղի Բարձրաքաշը Մամիկոնեանների, Գեղարդը Խաղբակեանների... կենդանի և խօսուն վկաներ են մի աննման, եռանդուն շինարարութեան, որի նմանը քիչ է կրկնւում պատմութեան մէջ,,։ Իր պարիսպներով՝ կամարակապ մեծ դարպասով, Հովհաննավանքը Վաչուտյանների իշխանատիրույթի հզորագույն ամրոցներից մեկն է եղել։ Պարսպի վրա եղել է յոթ աշտարակ, որոնք տեղադրված են իրարից 30-40 մետր հեռավորությամբ։ Որոշ տեղերում պարիսպները պահպանվել են 4-5 մ բարձրությամբ։ Պատերը շարված են ամուր կրաշաղախով և ունեն 1, 5-2 մ հաստություն։ Զաքարիա Սարկավագի գրառած մի արձանագրության համաձայն պարիսպը մինչև 1222 թ-ը կառուցել է Կյուրիկյան Աբաս թագավորի այրի՝ Զաքարե Բ և Իվանե Ա Զաքարյանների քույր Վանենին /Նանա/:

Հոգևոր-մշակութային կենտրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսարան դեպի Օհանավան գյուղ ու Հովանավանք

Հովհաննավանքն իր պատմության բոլոր ժամանակներում, ինչպես նաև Վաչուտյանների իշխանության շրջանում, խիստ կարևոր դեր է կատարել Հայաստանի հոգևոր, կրթական և մշակութային կյանքում։ 1243 թ-ին Կոնստանդին Ա Բարձրաբերդցի (1221-1267) կաթողիկոսի կոնդակով հիմնվել է Ամբերդի եպիսկոպոսական թեմը Հովհաննավանք կենտրոնով։ 1245-1352 թթ-ին թեմակալ առաջնորդներ են եղել Մկրտիչ եպիսկոպոսը, Մամիկոնյան-Համազասպյան տոհմի ներկայացուցիչներ Համազասպ և Ներսես եպիսկոպոսները, Վասիլ եպիսկոպոսը, Աբրահամ եպիսկոպոսը։ Հետագայում այս թեմը կոչվել է Հովհաննավանքի թեմ և խիստ կարևոր դերակատարություն է ունեցել ժամանակաշրջանի հոգևոր կյանքում, առանձնապես 1441 թ-ին՝ Մայր աթոռը Կիլիկիայից Էջմիածին տեղափոխելու ժամանակ։ Այստեղ գործել են կրթական տարբեր տիպի դպրոցներ, բարձր տիպի դպրանոց, որտեղ ուսումնասիրվել են տոմարագիտություն, փիլիսոփայություն, երաժշտություն, բանասիրություն։ Հովհաննավանքում գործել են տասնյակ գրիչներ, որոնք ընդօրինակել են բազմաթիվ ձեռագրեր։ Այդ ձեռագրերից մեր օրերն են հասել ու այժմ Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանում պահվում են մոտ 20 ձեռագրեր։ Հովհաննավանքում իր ողջ կյանքն է անցկացրել միջնադարի պատմիչ Զաքարիա Քանաքեռցին /17-րդ դար/:

Հովհաննավանքի արձանագրությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննավանքի բոլոր կառույցների թե դրսի, թե ներսի պատերին փորագրված են մոտ 100 տոհմաբանական /հատկապես Վաչուտյան իշխաններին վերաբերող/, շինարարական, նվիրատվական արձանագրություններ։ Դրանք հավաքել ու հրատարակել է անվանի պատմաբան, վիմագրագետ Կարապետ Ղաֆադարյանը[4]։

Օգտագործված գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանքի արտաքին տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանքի ներքին տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. «Օհանավանք-Հովհանավանք». Պատմական Հետք. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 9-ին.
  3. 3,0 3,1 3,2 Կաղապար:Գիրք:Մելիք-Բախշյան:Հայոց պաշտամունքային վայրեր
  4. Thierry, Jean. Eglises et Couvents du Karabagh. Antelais, Lebanon, 1991, pages 161-165
Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան, օբյեկտ № 2.112/17


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 554