Ուրմիո լիճ
- Այս հոդվածը Ուրմիա լիճ մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Ուրմիա (այլ կիրառումներ)։
Ուրմիա լիճ
պարս.՝ دریاچه ارومیه | ||
Կոորդինատներ | ||
Երկիր | Իրան | |
Վարչատարածքային բաժանում | Արևելյան Ադրբեջան Արևմտյան Ադրբեջան | |
Տեսակ | լիճ | |
Հայելու բացարձակ բարձրությունը | 1275 մ | |
Ավազանի մակերեսը | 5 200-6 000 կմ² | |
Ամենամեծ խորությունը | 16 մ | |
Միջին խորությունը | 5 մ | |
Ջրահավաքի մակերեսը | 50 000 կմ² | |
Ուրմիա լիճ նաև (հնում՝ Կապուտան լիճ), անհոսք աղի լիճ Իրանի հյուսիս -արևմուտքում։ Կոչվել է նաև Թիլ։ Հունական աղբյուրներում հիշատակված է Մանթիա, Մեդի, Սպավտա կամ Սպաուտա անունները, որոնք նույնպես նշանակում են կապույտ։
Հայկական լեռնաշխարհի, ինչպես նաև ողջ Մերձավոր Արևելքի 3 խոշոր լճերից ամենամեծն էր մինչև 20-րդ դարի վերջը։ Լիճ թափվող գետերի ջուրն անխնա օգտագործելու պատճառով Ուրմիայի մակերեսը զգալիորեն կրճատվել է, ափերը աղակալել են, կտրուկ բարձրացել է ջրի աղիությունը։ Այդ պատճառով առաջնությունը զիջել է Հայկական լեռնաշխարհի մեկ այլ լճի՝ Վանին։ Այժմ Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությունը նախաձեռնել է Արաքսի ջրերի մի մասը ուղղել Ուրմիո լիճ[1]։
Լիճն ուսումնասիրել են Վ.Վ. Բոգաչևը, Գ. Ռիբենը, Կ.Ն. Պաֆենհոլցը և ուրիշներ։ Նրանք ենթադրում են, որ լիճն առաջներում հոսուն է եղել դեպի Կասպից ծով՝ Ամարդոս (Սեֆիտռուդ) գետի միջոցով։ Սոհունդ լեռան արտավիժմամբ կապը Կասպից ծովի հետ կտրվել է։ Կարծիք կա, որ Կապուտանը Խոյի դաշտով կապ է ունեցել Արաքսի հետ։ Լճափից դեպի Խոյ քաղաքը գնացող ճանապարհին կան դարավանդների հետքեր, որը հիմք է տալիս կարծելու, որ լճից գետ է դուրս եկել ու Կարաթափա լեռնանցքով թափվել է Արաքսի մեջ։ Մեկ այլ փաստ. Թավրիզի մոտ Կարմիրջուր (Աջի) գետի վրա կան բարձր դարավանդներ, որոնք դեպի լիճն աստիճանաբար ցածրանում են, մտնում լճագետային նստվածքների տակ։ Այսինքն՝ շրջապատի լեռները բարձրանում են, գոգավորության հատակն իջնում է՝ կապված տեկտոնական շարժումների հետ։
Լճի երկարությունը 140 կմ է, մակերեսը՝ մոտ 5.800 կմ², խորությունը՝ մինչև 15 մ, ավազանը՝ մոտ 500.00 կմ²։ Գտնվում է տեկտոնական իջվածքում, 1275 մ բարձրության վրա։
Գարնանը մակարդակը բարձրանում է։ Սնվում է անմիջապես լճի մակերեսին թափվող տեղումներով, գետերի միջոցով և մասամբ ստորերկրյա ջրերով։ Կապուտան են թափվում բազմաթիվ գետեր՝ Սալմաստի գետը, Ջահատու, Կարմիրջուր (Աջի), Կադեր, Մարի (Բարանդուզ), Նազլու։ Համեմատաբար խոշոր գետերը լճափին դելտաներ են առաջացնում։ Գետերի դելտաները հաճախ ճահճացած են՝ բերված տիղմի պատճառով, հատկապես Զագրոսի համակարգից իջնող գետերը, ունենալով մեծ անկում կատարում են ուժեղ էրոզիա և բերում են մեծ քանակությամբ տիղմ։
Աղիությունը շատ բարձր է՝ 150-250 % է, հիմնականում քլորիդներ են, որ ափամերձ մասերում ամռանը հանդիպում են ինքնանիստ աղի կամ աղուտների ձևով։ Ծանծաղ մասերում աղը նստում է նաև ձմռանը, երբ ջերմաստիճանն իջնում է և ջրի լուծողականությունը թուլանում է։ Ամռանը ջրի ջերմաստիճանի բարձրացման հետ մեկտեղ աղի մի մասը նորից լուծվում է և աղիություը մեծանում է։ Աղիության պատճառով կենդանական աշխարհը գրեթե բացակայում է։ Ձկներ չկան, կան միայն մանր խեցգետնամաններ և որոշ ջրիմուռներ։
Լճի մերձակայքում կլիման շատ չորային է և անհրապույր։ Քամու դեպքում օդը հագեցած է աղի փոշով։ Լճի ափերին կան բուժիչ ցեխեր և լճի հատակից բխող անուշահամ ջերմուկներ։
Լճում կա 60 կղզի՝ գլխավորապես հարավային մասում։ Խոշորներն են Էշակ, Թելա, Ձիերի, Շահի։
Նավարկելի է։ Արևմտյան ափի մոտ են Ուրմիա, Շահպուր քաղաքները։
Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախնադարյան շրջանում, երբ Հայկական լեռնաշխարհը միավորված էր մեկ պետության՝ Վանի թագավորության կազմում, լիճը հայտնի էր «Արևմուտքի ծով» անվամբ։ Դրա մասին հայտնի է դառնում Ասորեստանի զորքերի՝ մ.թ.ա. 820 թվականի դեպի Ուրարտու կատարած արշավանքին վերաբերող արձանագրությունից։ Ուրմիան Արևմուտքի ծով է կոչված «Արևելյան ծովի»՝ Կասպից ծովի համեմատությամբ[2]։
Մ.թ.ա. 6-րդ դարից մինչև մ.թ. 4-րդ դարը՝ մոտ մեկ հազարամյակ[Ն 1], լճի տարածքը մտնում էր հայոց պետության կազմի մեջ։ Այն հայտնի էր որպես «Կապուտան ծով», և որպես այդպիսին ամրագրվել էր պատմահայր Մովսես Խորենացու և աշխարհագրագետ Անանիա Շիրակացու աշխատություններում։
1926 թվականին լիճը վերանվանվել է Ռեզայի, ի պատիվ Ռեզա Փեհլեվի շահի։ 1970 լճին վերադարձվել է նախկին անունը։ 1967 թվականից լիճը ներառվել է Ուրմիա ազգային պարկի մեջ։
Հայտնի է նաև որպես «Աղի ծով», Արևմտյան ծով, Արևմուտքի ծով, Բուհայրաթ, Բուհայրաթ Կապուտան, Բուհայրաթ Ուրմիա, Բուհայրաթ Քաբուդան, Բուհայրաթ Քապուտան, Բուհեյրի թելա, Գոկարչին Ղալասի, Դավրեժի լիճ, Դարիժու ծով, Դավրյա շահի, Թագավորական լիճ, Թավրիզ, Թավրիզա լիճ, Թավրիզի լիճ, Թավրիզի ծովակ, Թավրիզյան լիճ, Թելա, Թելա ծով, Թելլա, Թիլա լիճ, Կույուդան, Կանուդան, Կապոտան, Կապուատա, Կապուտակ, Կապուտակ ծով, Կապուտան, Կապուտան ծով, Կեբուդ, «Մանդեանք», «Մանթիան, Մանտիան, Մանտիանե, Մանտիանի, Մանտիանի լիճ, Մանտիանք, Մանտիանի լիճ, Մեդի լիճ, Մուրաթ, Նաիրիի Ստորին լիճ, Մեդի լիճ, Մուրաթ, Նաիրիի Ստորին ծով, «Ներքին Զամուայի ծով», Որմի, Որմի ծովակ, Որմիո լիճ, Որմյա ծով, Պուհեյրեի Թելա, Ռեզայե, Ռոմի ծովակ, Ռումիւ ծովակ, Սապուտա, Սերավ, Սպավթա, Սպավտա, Սպավտա լիճ, Սպավտան, Սպավուտա, Սպաուտա, Սուրխաբ, Տավրիժ ծով, Տարիաչա, Տելա, Տելա լիճ, Տերետի Էրմենիստան, Ուռմիո ծովակ, «Ուրմեա ծով», Ուրմիա ծովակ, Ուրմիայի լիճ, Ուրմիայի ծովակ, Ուրմիե լիճ, Ուրմիո լիճ, Քապուտան, Քապոտան[3]։
Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հայոց պետականությունը վաղ շրջանում ղեկավարել են երեք արքայատոհմեր՝ Երվանդունիները (Երվանդունիների թագավորություն, մ.թ.ա. 570-մ.թ.ա. 201), Արտաշեսյանները (Արտաշեսյանների թագավորություն, մ.թ.ա. 189-1) և Արշակունիները (Արշակունիների թագավորություն, մ.թ. 52-428)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Իրանը սկսել է Արաքս գետի ջրերն Ուրմիո լիճ ուղարկելու նախագծի իրագործումը
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 430 — 992 էջ։
- ↑ Թ.Խ. Հակոբյան, Ստ.Տ. Մելիք-Բախշյան, Հ.Խ. Բարսեղյան։ Երեւանի Համալսարանի Հրատարակչություն, Երեւան, 2001, էջ 214։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայաստանի բնաշխարհ, Հայկ. հանրագիտ. հրատ., 2006
- Հ.Կ. Գաբրիելյան, Հայկական լեռնաշխարհ, Եր. 2000
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կամուրջ Որմիայի վրայով Արխիվացված 2022-09-06 Wayback Machine
- Կապուտան լճի մասինԱրխիվացված 2011-08-21 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուրմիո լիճ» հոդվածին։ |
|