Jump to content

Արշակունիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արշակունիներ (այլ կիրառումներ)
Արշակունիներ
Տեսակնախարար, արքայատոհմ և նախարար
Մասն էՊարթև Արշակունիներ[1] և Հայ ազնվականություն
ԵրկիրՄեծ Հայք Մեծ Հայք
ՏիրույթներՄեծ Հայքի Այրարատ նահանգ
ԾագումՊարթև Արշակունիներ
ՏիտղոսներՄեծ Հայքի Արքա
ՀիմնադիրՏրդատ Ա
Մեծագույն ներկայացուցիչԽոսրով Բ, Տրդատ Գ Մեծ, Արշակ Բ, Պապ, Վռամշապուհ
Հիմնում52
Ավարտ428
Ազգային
պատկանելիություն
Հայ
ԴավանանքՀեթանոսություն, Քրիստոնեություն

Արշակունիներ, Մեծ Հայքի թագավորական արքայատոհմ[2][3][4][5], որը հանդիսանում է պարթևական Արշակունիներ դինաստիայի մի ճյուղը։ Արքայատոհմը Մեծ Հայքում իշխել է 12-428 թվականներն ընկած ժամանակահատվածում (որոշակի ընդհատումներով)[6]։ Հանդիսանալով Պարթևստանի Արշակունյաց տոհմի ճյուղ՝ այն Հայաստանում իշխանության է եկել Արտաշեսյանների անկմանը հաջորդած խառնակ ժամանակաշրջանում։ Իրավիճակը կայունացել է 66 թվականին, երբ Վաղարշ Ա Պարթև արքայի եղբայրը՝ Տրդատ Ա-ն, ճանաչվելով Հռոմեական կայսրության դաշնակից թագավոր, վերջնականապես ամրապնդել է Արշակունիների դիրքերը Հայաստանում։ Այդուհանդերձ, Տրդատ Ա-ին չի հաջողվել Հայաստանում հիմնել գահի ժառանգականության անընդմեջ տոհմային գիծ. մինչև 2-րդ դարի վերջը երկիրը կառավարել են տարբեր Արշակունի իշխաններ։

Ըստ Մովսես Խորենացու՝ Արշակունյաց հարստության հայկական ճյուղի հիմնադիրը Հայաստանում հանդիսացել է Վաղարշ Բ[6]։ Վրաց Արշակունիների իշխանությունը տևել է մեկ դար՝ 189-284 թվականներին: Աղվանքում մազքթաց Արշակունիները իշխել են 1-ին դարից մինչև 510 թվականը։ Հայ Արշակունիների տիրապետության ժամանակ Մեծ Հայքի թագավորությունը կրել է քաղաքական, տնտեսական, մշակութային փոփոխություններ։ Դրանց մեջ առանձնանում է ավատատիրական կարգերի հաստատումը (3-5-րդ դարեր), քրիստոնեության ընդունումը (301) և հայոց այբուբենի ստեղծումը (405)։ 387 թվականին Հայաստանը առաջին անգամ բաժանվել է Հռոմեական կայսրության և Սասանյան Պարսկաստանի միջև[6]։ Արևմտյան հատվածում նոր թագավորներ չեն կարգվել, իսկ արևելյան հատվածում հայ Արշակունիներն իշխել են մինչև 428 թվականը։

Վաղ Արշակունիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
«Մեծ Հայքը Արշակունիների հարստության օրոք (մոտ 150 թվական)»

Արշակունի արքայատոհմի առաջին ներկայացուցիչը հայոց գահին բազմել է 12 թվականին, երբ պարթև արքա Վոնոնը վտարվել է Պարթևստանից իր հռոմեամետ քաղաքականության և արևմտյան կենցաղավարության պատճառով[7]: Վոնոնը կարճ ժամանակով ստանձնել է հայկական գահը Հռոմի համաձայնությամբ, սակայն Արտավան Բ-ն (որը հին պատմագիտության մեջ սխալմամբ հայտնի է որպես Արտավան Գ) պահանջել է վերջինիս գահազրկումը: Քանի որ Տիբերոս կայսրը չէր ցանկանում պատերազմ սկսել պարթևների դեմ, նա գահընկեց է արել Վոնոնին և ուղարկել նրան Ասորիք: Վոնոնի գահազրկումից անմիջապես հետո Արտավան Բ-ն հայկական գահին է բարձրացրել իր որդուն՝ Որոդեսին: Տիբերիոս կայսրը մտադիր չի եղել հրաժարվել արևելյան սահմանի հպատակ պետություններից և Արևելք է ուղարկել իր եղբորորդուն ու ժառանգորդին՝ Գերմանիկոսին: Վերջինս պայմանագիր է կնքել Արտավան Բ-ի հետ, որով նա ճանաչվել է որպես հռոմեացիների դաշնակից:

18 թվականին հայկական գահը տրվել է Պոլեմոն Պոնտացու որդուն՝ Զենոնին[8], որն ընդունել է իրանական Արտաշես անունը (հայտնի է նաև որպես Զենոն-Արտաշես)[9]։ Պարթևները՝ Արտավան Բ-ի գլխավորությամբ, չափազանց զբաղված են եղել ներքին երկպառակություններով և չեն հարկադրվել Հռոմի կողմից նշանակված արքային։ Զենոնի գահակալությունը հայոց պատմության մեջ աչքի է ընկել խաղաղությամբ։ 34 թվականին՝ Զենոնի մահից հետո, Արտավան Բ-ն որոշել է հայկական գահին վերահաստատել Արշակունի ներկայացուցչի և որպես հարմար թեկնածու է ընտրել իր ավագ որդուն՝ Արշակ Ա-ին։ Սակայն նրա գահակալությունը վիճարկվել է կրտսեր եղբոր՝ Որոդեսի կողմից, որին ժամանակին գահընկեց էր արել Զենոնը։ Տիբերիոս կայսրն անմիջապես մեծաքանակ ուժեր է կենտրոնացրել հռոմեական սահմանին և տասնամյա խաղաղությունից հետո Հայաստանը հաջորդ 25 տարիների ընթացքում դաժան պատերազմների թատերաբեմ է դարձել հայտնի աշխարհի երկու մեծագույն տերությունների միջև։

Տիբերիոս կայսրը Հայաստան է ուղարկում Միհրդատ Իբերացուն։ Միհրդատին հաջողվում է Հայաստանը հպատակեցնել հռոմեական գերիշխանությանը և գահընկեց անել Արշակին, ինչի արդյունքում երկրին զգալի ավերածություններ են պատճառվում։ Անսպասելիորեն Միհրդատը հետ է կանչվում Հռոմ, որտեղ պահվում է որպես բանտարկյալ, իսկ Հայաստանը վերադարձվում է Արտավան Բ-ին, ով գահը հանձնում է իր կրտսեր որդուն՝ Օրոդեսին։ Արտավան Բ-ի մահից հետո Պարթևստանում նոր քաղաքացիական պատերազմ է բռնկվում։ Այդ ընթացքում Միհրդատը, իր եղբոր՝ Փարսման Ա-ի և հռոմեական զորքերի աջակցությամբ, վերահաստատվում է հայոց գահին։ Պարթևստանում ներքին պատերազմները շարունակվում են ևս մի քանի տարի, մինչև որ 45 թվականին գահին է բազմում Գոդերձը։

51 թվականին Միհրդատի եղբորորդին՝ Հռադամիզդը, ներխուժում է Հայաստան և սպանում իր հորեղբորը։ Հռադամիզդը Միհրդատին և նր ա կնոջը խեղդել է տալիս ծանր գորգեր տակ, որովհետև խոստացել էր նրանց չսպանել ո՛չ սրով և ո՛չ էլ թույնով։ Ապա սպանել է տալիս նաև Միհրդատի որդիներին[10] ։ Կապադովկիայի կառավարիչ Հուլիոս Պալինուսը այդ ընթացքում փորձում է նվաճել Հայաստանը, սակայն հետ է կանգնում այդ մտքից, ինչի համար էլ Հռադամիզը առատորեն վարձատրում է նրան։ Վաղարշ Ա Պարթևը, տեսնելով ընձեռված հնարավորությունը, ներխուժում է Հայաստան և հաջողությամբ ստիպում իբերացիներին նահանջել երկրից։ Սակայն հաջորդած ձմեռը անհաղթահարելի է դառնում պարթևական զորքերի համար, որոնք նույնպես լքում են տարածքը՝ ճանապարհ հարթելով Հռադամիզդի վերադարձի համար։ Ըստ Տակիտոսի վկայության՝ իշխանությունը վերականգնելուց հետո իբերացի գահակալն այնպիսի դաժանություն է դրսևորում, որ հայերն ապստամբում են, գրոհում պալատը և Հռադամիզդին վտարում երկրից։ Սա հնարավորություն է տալիս Վաղարշ Ա Պարթևին հայկական գահին բազմեցնել իր եղբորը՝ Տրդատ Ա-ին, որը դառնում է Հայաստանի Արշակունյաց արքայատոհմի հիմնադիրը։ Տրդատը, որը նախկինում եղել է մոգերի առաջնորդը, հավանաբար զգալի դերակատարում է ունեցել Հայաստանում զրադաշտականության տարածման գործում[11]։

Հռոմի և Պարթևստանի միջև

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դժգոհ լինելով իր սահմանների մոտ պարթևական ազդեցության աճից՝ Հռոմի կայսր Ներոնը զորավար Գնեոս Դոմիտիոս Կորբուլոնին մեծաքանակ բանակով ուղարկում է Արևելք՝ հռոմեական դրածո արքաներին գահին բազմեցնելու նպատակով: 58 թվականի գարնանը Կորբուլոնի բանակը (30.000 զինվոր) ներխուժում է Մեծ Հայք, որի հյուսիսային գավառները մինչ այդ ասպատակել էին իբերական զորքերը։ Զրկվելով Վրկանաց երկրի դեմ պատերազմող Վաղարշի օգնությունից՝ Տրդատը նահանջում է Ատրպատական։ Անպաշտպան Արտաշատ մայրաքաղաքը գրավելուց և կործանելուց հետո Կորբուլոնը Տարոնով մտնում է Աղձնիք և գրավում Տիգրանակերտ քաղաքը։ 60 թվականին նվաճված Մեծ Հայքում թագավոր է նշանակվում Կապադովկիայի թագավոր Արքեղայոսի ծոռը՝ Տիգրան Զ[12]: 61 թվականին վերջինս ներխուժում է Ադիաբենեի թագավորություն, որը հանդիսանում էր Պարթևստանի վասալական պետություններից մեկը:

Վաղարշ Ա-ն սա դիտարկել է որպես Հռոմի կողմից իրականացված ագրեսիայի ակտ և վերսկսել ռազմարշավը՝ Տրդատ Ա-ին հայկական գահին վերականգնելու նպատակով։ 61 թվականին Վաղարշ Ա-ն Գերագույն ժողովում Տրդատին թագավոր է պսակում և պարթևական ուժերը կենտրոնացնում Հռոմի և նրա դրածո Տիգրան Զ-ի դեմ։ Պարթևական զորքերի մի մասը Տրդատի առաջնորդությամբ մտնում է Մեծ Հայք։ Նույն 61-ի ամռանը հռոմեական մի մեծ զորաբանակ Կապադովկիայի կուսակալ Կեսենիոս Պետոսի հրամանատարությամբ շարժվում է Մեծ Հայքի դեմ՝ այն նվաճելու մտադրությամբ։ Կապադովիկիայում ձմեռելուց հետո, 62-ի գարնանը հռոմեական բանակը ներխուժում է Մեծ Հայք և ճամբարում Արածանու ափին, Ծոփաց նահանգի Հռանդեա (հայ. Եռանդ) կոչվող ամրացված վայրում։ Հայ-պարթևական միացյալ ուժերը խորտակում են Հայկական Տավրոսի լեռնանցքները պաշտպանող հռոմեական պահակակետերը և արագ ռազմերթով պաշարում Պետոսի բանակի ճամբարը՝ հարկադրելով վերջինիս հանձնվել։ Կարճատև բանակցություններից հետո, որը վարում էր հայ-պարթևական միացյալ ուժերի սպարապետ Վասակը, Պետոսը հաշտություն է խնդրում, զինաթափվում և, հանձնելով գերիներին ու կողոպտված ռազմավարը, հապճեպորեն նահանջում։ Ըստ պայմանագրի՝ Տրդատը ճանաչվում է Հայաստանի թագավոր, սակայն մի պայմանով, որ նա պետք է դառնա Հռոմի վասալ արքա և պետք է մեկնի Հռոմ՝ Ներոն կայսեր կողմից թագադրվելու համար։ Տրդատը կառավարել է Հայաստանը մինչև իր մահը կամ գահընկեցությունը (մոտ 110 թվական)։ Հենց այդ ժամանակ էլ պարթևաց արքա Խոսրով Ա-ն ներխուժում է Հայաստան և գահը հանձնում իր եղբորորդուն՝ Աշխադարին (նախկին պարթև արքա Բակուր Բ-ի որդուն)։

Մեծ Հայքը որպես Հռոմի կայսրության մաս (կարմիր գույնով) և Փոքր Հայքը (կապույտ գույնով), 117 թվական։
Արշակունիների դամբարան (4-րդ դար)

Հռոմեական կայսրության ավանդական ազդեցության ոլորտների նկատմամբ ոտնձգությունները նոր պատերազմի սկիզբ են դառնում Պարթևստանի և Հռոմի միջև՝ վերջ դնելով Ներոնի ժամանակներից ի վեր տիրող շուրջ կեսդարյա խաղաղությանը[13]։ 113 թվականի հոկտեմբերին Հռոմի կայսր Տրայանոսը արշավեց դեպի Հայաստան՝ նպատակ ունենալով վերականգնել հռոմեական դրածո արքայի իշխանությունը։ Խոսրով Ա-ի դեսպանները գնում են Աթենք՝ Տրայանոսի մոտ և տեղեկացնում նրան, որ Աշխադարը գահընկեց է արվել, և խնդրում են գահը շնորհել նրա ավագ եղբորը՝ Պարթամասիրին։ Տրայանոսը մերժել է առաջարկը և 114 թվականի օգոստոսին գրավել Արշամաշատը, որտեղ Պարթամասիրը գնում է Տրայանոսի ճամբար և գահը դնում նրա ոտքերի մոտ՝ այն ետ ստանալու ակնկալիքով։ Սակայն կայսրը հրաժարվում է նրան ճանաչել որպես արքա և բռնակցում է նրա թագավորությունը՝ ճանաչելով այն որպես Հռոմեական կայսրության նոր պրովինցիա[14]։ Պարթամասիրը ստիպված լքում է ճամբարը և շուտով սպանվում խորհրդավոր հանգամանքներում։

Որպես հռոմեական նահանգ՝ Հայաստանը Կապադովկիայի հետ միասին կառավարել է Լուցիոս Կատիլիոս Սևերոսը։ Սենատն այս առիթով դրամներ է հատել, որոնց վրա եղել են հետևյալ մակագրությունը. «ARMENIA ET MESOPOTAMIA IN POTESTATEM P.R. REDACTÆ» («Հայաստանը և Միջագետքը վերադարձվել են Հռոմի ժողովրդի իշխանությանը»): Պարթևական գահի հավակնորդ Սանատրուկ Բ Պարթևի (Միհրդատ Ե-ի որդին) գլխավորած ապստամբության ճնշումից հետո դիմադրությունը շարունակվել է հատվածական բնույթով։ Տրայանոսը մահացել է 117 թվականի օգոստոսին և պարթևաց արքա Վաղարշ Գ-ին հաջողվում է իր վերահսկողության տակ առնել Հայաստանի զգալի մասը։ Սակայն հաջորդ կայսրը՝ Հադրիանոսը, 118 թվականին հրաժարվում է Տրայանոսի նվաճած տարածքներից, այդ թվում՝ Հայաստանից։ Նա Պարթամասպատին նշանակում է Հայաստանի և Օսրոյենեի արքա, թեև երկրի մեծ մասն այդ ժամանակ դեռևս գտնվել է Վաղարշի ձեռքում։ Ի վերջո, պարթևների հետ համաձայնության գալով՝ Վաղարշը ճանաչվում է Հայաստանի կառավարիչ։

Նա արքունիքը հաստատել է նորաշեն Վաղարշապատ քաղաքում, կառուցել է նաև Վաղարշավան (Բասեն գավառում) և Վաղարշակերտ (հետագայի Ալաշկերտ՝ Բագրևանդ գավառում) քաղաքները, կատարել է պետական բարենորոգումներ։ Անտոնինոս Պիոս կայսրը, խախտելով Հռանդեայի պայմանագիրը, 140-144-ի միջև գահազրկել է Վաղարշ Ա-ին և Մեծ Հայքի գահին կարգել Էմեսայի իշխանատոհմի ներկայացուցիչ Սոհեմոսին։ 161-163 թվականներին Սոհեմոսի գահակալությունը ընդհատվել է։ 161 թվականին Պարթևաց օրինական արքա Միհրդատ Ե-ի որդին՝ Վաղարշ Դ-ն, զորքեր է ուղարկել Հայաստանը գրավելու համար և ոչնչացրել այնտեղ տեղակայված հռոմեական լեգեոնները, որոնք գտնվում էին լեգատ Գայոս Սևերիանոսի հրամանատարության ներքո: Ոգևորված այս հաջողությամբ՝ պարթևական զորքերը շարժվել են դեպի արևմուտք՝ ներխուժելով հռոմեական Սիրիայի նահանգ[15]։

Մարկոս Ավրելիոսը Լուցիոս Վերոսին ուղարկել է արևելյան ճակատ: 163 թվականին Վերոսը սիրիական Անտիոքից Հայաստան է գործուղել զորավար Ստատիոս Պրիսկոսին: Վաղարշ Դ-ի հրամանատարության տակ գտնվող Արտաշատի բանակը դիրքերը զիջել է Պրիսկուսին: Վերջինս հայկական գահին կրկին անգամ բազմեցրել է հռոմեական դրածո Սոհեմոսին՝ գահընկեց անելով ոմն Բակուրի, որին նախկինում նշանակել էր Վաղարշ Գ-ն[16]:

Հուշադրամ՝ թողարկված հռոմեացի զորավար Լուկիոս Վերոսի պատվին, որը Հայաստանի համար մղված պատերազմում հաղթել է Վաղարշ Դ Պարթև արքային։

Հռոմեական զորքերի շրջանում բռնկված համաճարակի հետևանքով պարթևները 166 թվականին հետ են գրավել կորցրած տարածքների մեծ մասը՝ ստիպելով Սոհեմոսին փախչել Սիրիա[17]։ Մի քանի հաջորդափոխ հռոմեացի և պարթև կառավարիչներից հետո, 186 թվականին հայկական գահը զբաղեցրել է Վաղարշ Դ Պարթևը (որպես Մեծ Հայքի թագավոր հայտնի է Վաղարշ Բ անունով)։ 198 թվականին Վաղարշ Բ-ն բազմել է պարթևական գահին (որպես Վաղարշ Ե), իսկ հայկական գահը հանձնել է իր որդուն՝ Խոսրով Ա-ին։ Հետագայում հռոմեացիները գերի են վերցրել Խոսրով Ա-ին և Հայաստանում որպես կառավարիչ նշանակել իրենց վստահված անձին։ Սակայն հայերն ապստամբել են հռոմեական գերիշխանության դեմ և հռոմեա-պարթևական նոր համաձայնության արդյունքում Խոսրով Ա-ի որդին՝ Տրդատ Բ-ն (217–252) հռչակվել է որպես Հայաստանի թագավոր։

Սասանյանները և Հայաստանը

[խմբագրել | խմբագրել կոդը]

224 թվականին Արտաշիր Ա-ն տապալել է Պարթևստանի Արշակունի արքա Արտավան Ե Պարթևին՝ Իրանում հիմնադրելով Սասանյանների արքայատոհմը։ Հայ Արշակունիները թշնամաբար են ընդունել նոր դինաստիայի հաստատումը՝ իրենց պարտքը համարելով վրեժխնդիր լինել իրենց պարթև արյունակիցների համար։ Դա սկիզբ է դրել Հայաստանի և Սասանյան Իրանի միջև տևական թշնամության, ինչն էլ հանգեցրել է հայ-հռոմեական հարաբերությունների մերձեցմանը։ Հռոմեա-սասանյան առաջին պատերազմների ընթացքում Հայաստանը հանդես է եկել որպես Հռոմի դաշնակից։ Սակայն հռոմեացիների նկատմամբ Շապուհ Ա-ի հաղթանակները հանգեցրել են երկրում Սասանյան գերիշխանության հաստատմանը։ Տրդատ Բ-ն հավանաբար, մահացել է 252 թվականի Բարբալիսոսի ճակատամարտից հետո, որից հետո Շապուհը, ասպատակելով երկիրը, հայկական գահին է բազմեցրել իր որդուն՝ Որմիզդ-Արտաշիրին։ Տրդատի ժառանգորդն այդ ընթացքում գտնվել է աքսորի մեջ։ 272 թվականին Սասանյանների գահին Շապուհին հաջորդել է Որմիզդը, իսկ Հայաստանի կառավարիչ է դարձել նրա եղբայրը՝ Ներսեհը[18]։

270-280-ական թվականներին Հռոմեական կայսրության հզորացումը և Սասանյան Իրանում բռնկված ներքին երկպառակությունները հնարավորություն են ստեղծել Հայաստանում Արշակունյաց միապետությունը վերականգնելու համար։ 297 թվականին հայ-հռոմեական զորքերը, Դիոկղետիանոս կայսեր զորավար Գալերիոս Մաքսիմիանոսի և Խոսրով Բ-ի որդի Տրդատ Գ Մեծի առաջնորդությամբ Բասեն գավառի Ոսխա գյուղի մոտ ճակատամարտում հաղթել են Պարսից արքայից արքա Ներսեհի բանակին և վերականգնել Արշակունիների գահակալությունը Մեծ Հայքում։ 298 թվականին Մծբին քաղաքում կնքված 40-ամյա խաղաղության պայմանագրով Սասանյան Իրանը ճանաչել է Մեծ Հայքում Արշակունիների թագավորությունը և նրանց նկատմամբ Հռոմի հովանավորությունը։ Տրդատ Գ-ի օրոք երկիրը վայելել է խաղաղություն և բարգավաճել։

Ըստ Կիրիլ Թումանովի ժամանակագրության՝ Պրոբոս կայսեր և Սասանյանների միջև վարված բանակցությունների արդյունքում Տրդատ Բ-ի որդի Խոսրով Բ-ն 278/279 թվականներին նշանակվել է Մեծ Հայքի արևմտյան՝ հռոմեական մասի կառավարիչ։ Խոսրով Բ-ի սպանությունից հետո նրան հաջորդել է եղբայրը՝ Տրդատը, իսկ Խոսրովի որդի Տրդատ Գ-ն (հայտնի որպես Տրդատ Մեծ, ըստ Թումանովի՝ Տրդատ Դ) 298/299 թվականների Մծբինի խաղաղության պայմանագրի արդյունքում վերահաստատվել է որպես Հայաստանի օրինական կառավարիչ։ Այլ պատմաբաններ, սակայն, հակված են այն տեսակետին, որ Տրդատ Մեծը վերականգնվել է հոր գահին դեռևս 287 թվականին։ Մծբինի պայմանագրով Հայաստանի հարավային նահանգներն ու գավառները (Ծոփք, Անգեղտուն, Աղձնիք, Կորդուք և Ծավդեք) նույնպես հայտնվել են Հռոմի ազդեցության տակ, սակայն այս անգամ որպես առանձին իշխանություններ և ունեցել են ինքնավար դաշնակիցների կարգավիճակ (civitates foederatae liberae et immunes)[19]։

Տրդատ Գ-ի որդին և հաջորդը՝ Խոսրով Գ Կոտակը, վարելով պետության կենտրոնացման քաղաքականություն, հսկել է հզոր նախարարների գործունեությունը՝ նրանց մշտապես բնակեցնելով արքունիքում, բնաջնջել է պառակտիչ տոհմերին՝ բռնագրավելով նրանց կալվածքները։ Խոսրով Գ-ն շինարարություն է ծավալել. հիմնել է Դվին քաղաքը, շրջակայքում տնկել անտառ՝ «Տաճար Մայրի» և «Խոսրովակերտ» արգելանող-որսարաններով։ 338 թվականին վերջինս հաղթել և դուրս է վռնդել երկրի ներխուժած պարսկական զորքերին։

Խոսրովի մահից հետո, 338 թվականի աշնանը պարսկական բանակը գրավել է Մեծ Հայքը։ Գահաժառանգ Տիրանը թագավորել է Հռոմի օգնությամբ։ Նա վարել է պետական իշխանության կենտրոնացման քաղաքական գիծ։ Նրա օրոք, սակայն, շարունակվել են նախարարությունների և եկեղեցու, մասնավորաբար հայրապետական գահի ժառանգական տերերի՝ Գրիգոր Լուսավորչի տոհմի կենտրոնախույս ձգտումները։ Նրա օրոք կաթողիկոս է եղել Հուսիկը, որին Տիրանը քարկոծելով սպանել է, քանի որ Հուսիկը նրան թույլ չի տվել մտնել եկեղեցի։ Պարսիկները որոշ ժամանակ անց դավադրաբար գերեվարել և կուրացրել են արքային։ Ավատատիրական ներքին հակամարտությունները առավել սրվել են Տիրանի հաջորդի և որդու՝ Արշակ Բ-ի գահակալության ժամանակ։ Արշակ Բ-ի մեղմ և զիջողական քաղաքականությունն ավատատիրական խոշոր իշխանությունների նկատմամբ անցել է ապարդյուն։ Ի վերջո նա վարել է կենտրոնախույս ուժերին բռնությամբ սանձելու քաղաքականություն։ Տիրանի և Արշակի օրոք թագավորական իշխանության համար պայքարում աչքի է ընկել հայ արքունիքի խոշոր գործիչ Հայր Մարդպետը։ Երկրի ներքին և արտաքին դրությունը ծանրացել է Հռոմի և Պարսկակստանի միջև կնքված հակահայկական համաձայնագրի ստորագրումից հետո («Ամոթալի դաշնագիր» 363), որի ժամանակ Արշակ Բ-ն պայքարել է ոչ միայն պարսից բանակի, այլև Շապուհ Բ-ի խրախուսմամբ աշխուժացած կենտրոնախույս ուժերի դեմ։ 364-368 թվականներին Արշակ Բ-ն հերոսական ջանքերով պահպանել է թագավորությունը։

Արշակի ձերբակալությունից հետո երկրի պաշտպանությունը ղեկավարել են Փառանձեմ թագուհին ու թագաժառանգ Պապը։ 371 թվականի գարնանը Ձիրավի դաշտում (Նպատ լեռան մոտ) տեղի ունեցած ճակատամարտում հայ-հռոմեական զորքերը հաղթել են պարսից բանակին և ազատագրել Մեծ Հայքը։ Պապը մեծացրել է արքունի բանակը, ճնշել նախարարների և եկեղեցու անհնազանդությունները, կատարել երկրի կենտրոնացումն ու հզորացումն ապահովող բարեփոխումներ։ Հռոմեական իշխանությունը, վախենալով Հայոց երիտասարդ թագավորի ձեռներեցությունից, 374 թվականի աշնանը դավադրությամբ սպանել է նրան և Մեծ Հայքի գահին դրել Վարազդատին։ Սասանյան Իրանը Հայոց սպարապետ Մանվել Մամիկոնյանի և պարսկասեր նախարարների միջոցով Վարազդատին տապալելուց հետո, 387 թվականին Հռոմի հետ համաձայնության է եկել և բաժանել Մեծ Հայքը։ Մեծ Հայքի ծայրագավառներն անդամատվել են, մնացած գավառների մոտ 4/5-ը ճանաչվել է պարսկական ազդեցության շրջան, 1/5-ը՝ հռոմեական։ Նրանցում առժամանակ ձևականորեն պահպանվել են Արշակունի գահակալները։ Պապի որդի Արշակ Գ-ի մահով (389) հռոմեական մասը վեր է ածվել պրովինցիայի։ Պարսկական մասում մինչև 428 թվականը հաջորդաբար թագավորել են Խոսրով Դ, Վռամշապուհ և Արտաշիր Արշակունի արքաները։ Վերջինիս գահազրկումից (428) հետո Մեծ Հայքի պարսկական հատվածը վեր է ածվել մարզպանության։ Մեծ Հայքի Արցախ և Ուտիք նահանգները Մազքթաց Արշակունիների պետության տարածքի հետ միասին կազմել են Աղվանից մարզպանությունը։

Հայոց պետականության և հայ Արշակունիների թագավորության վերացումը եղել է ներքին ավատատիրական հարաբերությունների զարգացման և արտաքին տերությունների՝ Հռոմի և Սասանյան Իրանի ռազմական միջամտությունների հետևանք։

Քրիստոնեության ընդունումը Հայաստանում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրիգոր Լուսավորչի կողմից Տրդատ Գ թագավորի մկրտության ժամանակավրեպ պատկերումը

Քրիստոնեությունից առաջ հայերը եղել են հեթանոսներ։ 4-րդ դարի սկզբին Գրիգոր Լուսավորիչը դավանափոխ է արել Տրդատ Գ արքային և արքունիքի անդամներին[20]։ Դրա արդյունքում Հայաստանը դարձել է առաջին պետությունը, որը Քրիստոնեությունն ընդունել է որպես պաշտոնական կրոն[21][22]։

405 թվականին Մեսրոպ Մաշտոցն ստեղծել է Հայոց այբուբենը՝ Աստվածաշնչի թարգմանության և քրիստոնեական քարոզչության նպատակով, ինչը միաժամանակ նշանավորել է նաև հայ գրականության սկզբնավորումը։ Ըստ Մովսես Խորենացու աշխատության՝ Սահակ Պարթևը 411 թվականին ասորերեն բնագրից ամբողջությամբ թարգմանել է Ավետարանը։ Այդ աշխատանքը, սակայն, համարվել է թերի, քանի որ կարճ ժամանակ անց Մաշտոցի աշակերտներից երկուսը՝ Հովհան Եկեղեցացին և Հովսեփ Պաղնացին, ուղևորվել են դեպի Եդեսիա՝ Աստվածաշնչյան գրքերը թարգմանելու նպատակով։ Նրանք հասել են մինչև Կոստանդնուպոլիս և իրենց հետ բերել հունարեն բնագրի հավաստի օրինակները։ Ալեքսանդրիայից բերված այլ ձեռագրերի օգնությամբ Աստվածաշունչը կրկին թարգմանվել է հունարենից՝ ըստ Յոթանասնից թարգմանության և Որոգինեսի Վեցասյունյա բնագրի։ Այս տարբերակն ավարտին է հասցվել մոտ 434 թվականին և մինչ օրս օգտագործվում է Հայաստանյաց Առաքելական Եկեղեցու կողմից։

Սոցիալական կառուցվածք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախարարական համակարգը, որը դարեր շարունակ բնութագրել է հայ հասարակությունը և ներքին քաղաքականությունը, ձևավորվել է մեր թվարկության սկզբում կամ դրանից առաջ։ Այն գոյություն է ունեցել Հայաստանի Արշակունյաց թագավորության ողջ ժամանակաշրջանում և պահպանվել դրա անկումից հետո ևս մի քանի դար[23]։ Ենթադրվում է, որ Հայաստանը կիսել է այս սոցիալական համակարգը Պարթևստանի հետ[23]։ Թեև նախկինում գիտնականներն այն հաճախ համեմատել են միջնադարյան եվրոպական ֆեոդալիզմի հետ, առավել շատ զուգահեռներ կարելի է գտնել իրանական աշխարհի հետ[23]։ Ինչպես և Իրանում, հայ հասարակությունը նախարարական համակարգի պայմաններում բաժանված է եղել երեք հիմնական դասերի. նախարարներ (խոշոր ավատատերեր, որոնք համապատասխանում էին իրանական վուզուրգանին), ազատներ (ստորին ազնվականություն, որոնք կրում էին նույն անվանումը, ինչ պարթևական ազատը) և անազատներ կամ ոչ ազնվականներ, որոնք բաղկացած էին ռամիկներից («հասարակ ժողովուրդ»՝ առևտրականներ և արհեստավորներ) ու շինականներից (գյուղացիություն, որը կազմում էր բնակչության ճնշող մեծամասնությունը)։ Վերջիններս համապատասխանում էին իրանական վաստրոսանին, որոնք ազատ էին, թեև գյուղացիները կարող էին կցված լինել հողին[23]։

Համակարգի հիմքը խոշոր ազնվականական տոհմերն են եղել[23]։ Այս տոհմերի առաջնորդները՝ նախարարները կամ տանուտերերը, դասակարգվել են ըստ առաջնահերթության՝ համաձայն արքունի կայացվող խնջույքների ժամանակ թագավորական սեղանի շուրջ իրենց զբաղեցրած տեղի (բարձի)[24]։ Նախարարները սովորաբար բնակվել են իրենց հեռավոր ամրոցներում և «սեփական տիրույթների սահմաններում օժտված են եղել ինքնիշխան վարչական ու դատական իշխանությամբ»։ Պատերազմի ժամանակ նրանք ղեկավարել են իրենց տոհմի զինվորական ուժերը։ Խոշոր տոհմերի տիրույթներն անօտարելի և անբաժանելի են եղել, իսկ տոհմի առաջնորդը կառավարել է այդ տիրույթները տոհմի մյուս արու անդամների օգնությամբ, որոնք կոչվել են սեպուհներ։ Պետական կարևորագույն պաշտոնները զբաղեցրել բացառապես որոշակի տոհմերի ներկայացուցիչները. օրինակ՝ սպարապետի (գլխավոր հրամանատարի) պաշտոնը Մամիկոնյանների տոհմի արտոնությունն է եղել։ Թեև Արշակունի թագավորները փորձել են սահմանափակել մեծատոհմիկների իշխանությունը, նրանք երբեք չեն կարողացել հասնել կենտրոնացվածության այն մակարդակին, որն առկա է եղել Սասանյան կայսրությունում[25]։ Թագավորը դիտարկվել է լոկ որպես «առաջինը հավասարների մեջ» խոշոր տոհմերի առաջնորդների միջև[23] և ըստ սովորույթի՝ պարտավոր է եղել խորհրդակցել նրանց հետ կարևորագույն հարցերի շուրջ[26]։ Թագավորի և ազնվականության միջև հակամարտությունը թուլացրել է Արշակունյաց գահը, սակայն «տոհմի (տան) ուժն ու հարատևությունը կերտել են մի սոցիալական կառուցվածք, որն ընդունակ է եղել գոյատևել նույնիսկ քաղաքական անկման պահերին, իսկ հասարակության ապակենտրոնացված բնույթը նվազեցրել է դրա լիակատար բռնակցման հնարավորությունները»[25]։

Արշակունյաց Հայաստանի ստորին դասերի վերաբերյալ շատ քիչ տեղեկություններ են պահպանվել։ Գյուղերն ու ավանները շատ ավելի տարածված են եղել, քան քաղաքները։ Ռամիկները (հասարակ ժողովուրդը) օժտված են եղել որոշակի իրավունքներով և երբեմն ազնվականության հետ միասին մասնակցել են ժողովներին։ Գյուղացիները պարտավոր են եղել իրենց տիրոջը վճարել հարկեր, կատարել աշխատանքային պարտավորություններ (նման արևմտաեվրոպական բարշինային) և զինվորական ծառայություն մատուցել որպես օժանդակ հետևակ[27]։ Ստրուկները հիմնականում ռազմագերիներն են եղել, որոնք առավելապես կապված են եղել տաճարական տիրույթների հետ և, ըստ ամենայնի, ավելի քիչ են տարածված եղել այլ վայրերում[24]։ Տաճարական տիրույթները կառավարվել են քրմերի ժառանգական դասի կողմից, որոնք ունեցել են իրենց սեփական զինվորական ստորաբաժանումները[28]։

Հայաստանում իրանական ազդեցության երեք փուլերից (Աքեմենյան, Արշակունյաց, Սասանյան) Արշակունյաց շրջանն ամենազորեղն ու հարատևն է եղել։ Այս փուլն սկսվել է մ.թ.ա. 2-րդ դարում պարթևների վերելքով և իր գագաթնակետին հասել մ.թ. 1-ին դարի կեսերին՝ հայկական գահին Արշակունյաց տոհմի ճյուղի հաստատմամբ։ Հայաստանի Արշակունի թագավորները ձգտել են իրենց արքունիքը կազմակերպել Տիզբոնի օրինակով[29]։ Պարթևական բազմաթիվ տարրեր անմիջականորեն ներմուծվել են հայկական քաղաքակրթության մեջ, օրինակ՝ գուսանները, որոնք նման են եղել երգիչ-երաժիշտների կամ մինստրելների[29]։ Արշակունյաց Հայաստանում լայնորեն տարածված է եղել ազնվական զավակներին դայակների կամ դաստիարակների մոտ մեծացնելու սովորույթը (դայակություն), ինչը նաև լայն տարածում է ունեցել իրանական ողջ համակարգում[30]։

Արշակունի թագավորները ճանաչել են Պարթևստանը և այն համարել իրենց հայրենի երկիրը[31]։ Հայտնի է, որ Տրդատ Գ-ն (գահակալել է 298–330) իր ելույթներից մեկի ժամանակ ասել է հետևյալը[32].

զի քաջատեղեակ եմ Յունաց և Հոռոմայեցւոց աշխարհին, և Պարթևաց մերոց կողմանցս, զի և տուն իսկ է մեր, նոյնպէս և Ասորեստանեայց և Արարացւոց և Ատրպատականի

Արշակունիների օրոք հայերը ծանոթացել են որոշ պատմությունների, որոնք հետագայում ներառվել են պարսկական «Շահնամե» էպոսի մեջ։ Դրանք ներառում են այնպիսի կերպարների մասին պատմություններ, ինչպիսիք են Հրասյակը (Աֆրասիաբ), Շավարշը (Սիավաշ) և Սպանդարատը (Էսֆանդիար)[33]։

Հայերը Հայաստանի և Պարթևստանի արքայական տոհմերի միջև առկա կապը դիտարկել են որպես անխզելի[34]։ Հայկական աղբյուրներում «թագավոր» և «Արշակունի» եզրույթները գործածվել են որպես հոմանիշներ[35][34]։ Արշակունի արքան ընկալվում էր որպես «բնակ տերն աշխարհիս» (այս երկրի բնիկ տերը)[35]։ Փավստոս Բուզանդի «Պատմություն հայոցը», որը 5-րդ դարի հայ պատմագրական երկ է՝ հիմնված է բանավոր էպիկական աղբյուրների վրա և պարունակում է պնդումներ, որոնք հերքում են, թե Արշակունի թագավորների մեղքերը կարող են նրանց անարժան դարձնել գահակալության համար[36]։

Կայսերական գաղափարախոսություն և կրոնական սովորույթներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արշակունիները իրանական օրենսդրության կողմնակիցներն են եղել և այդպիսին են մնացել նույնիսկ Պարթևական տերության անկումից հետո[37][38]։ Նրանք պնդել են, որ կրում են Խվառնահ («փառք»)[39], որն այն աստվածային փառքն է եղել, որով օժտված են եղել իրանական և իրանալեզու օրինական թագավորները[40]։ Անին (Դարանաղյաց գավառում) ծառայել է որպես Արամազդի (Ահուրա Մազդայի հայկական համարժեքը) պաշտամունքի կենտրոն, ինչպես նաև Արշակունիների տոհմական դամբարանավայր։ Աքեմենյան տերության (մ.թ.ա. 550–330) օրինակով Հայաստանի և Իրանի Արշակունիները կիրառել են դամբարանային հուղարկավորությունն ու թաղումը՝ հավանաբար մեծ զգուշությամբ խուսափելով զրադաշտական յազատա (հրեշտակային աստվածություն) Սպանդարամետի սուրբ հողն աղտոտելուց[41]։ Նրանք հավատացել են, որ թաղված Արշակունի թագավորների ոսկորները կրում են նրանց խվանահը (փառքը), ինչն էլ պատճառ է դարձել, որ Սասանյան շահնշահ Շապուհ Բ-ն իր արշավանքի ժամանակ հանել է նրանց ոսկորները դամբարաններից և դուրս բերել Հայաստանից։ Դամբարանները, ըստ ամենայնի, լավ ամրացված են եղել, քանի որ Շապուհ Բ-ն այդպես էլ չի կարողացել բացել Սանատրուկի գերեզմանը[42][43]։

Բագավանի հնագույն սրբավայրը մեծ նշանակություն է ունեցել Արշակունիների համար, որոնք այնտեղ նշել են իրանական Ամանորի տոնը (Նավասարդ/Նովրուզ)[44]։ Վարազը, որը յազատա Վերեթրագնայի (հայերենում՝ Վահագն) սիրելի տոտեմն է եղել, հանդիսացել է Արշակունիների խորհրդանիշը[45]։

Լեզվական և անվանաբանական ավանդույթներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաշեսյանների օրոք Հայաստանի մշակույթում գերիշխել է հելլենիզմը, սակայն Արշակունիների գահակալությունը նշանավորվել է երկրում իրանականության գերակայությամբ, որի ժամանակ էլ հենց պարթևերենը փոխարինել է հունարենին՝ որպես կրթված խավի լեզու: Այնուամենայնիվ, հայկական հելլենիզմը չի վերացել, քանի որ Պարթև Արշակունիները հպարտ հելլենասերներ (ֆիլհելլեններ) են եղել[6]: Հայերենը սոսկ զանգվածային տարածում ունեցող լեզու է եղել, իսկ վերնախավի և արքունիքի շրջանում գերիշխել է պարթևերենը: Հենց այդ ժամանակաշրջանում է, որ դասական հին հայերենը (գրաբարը) ներառել է իր իրանական փոխառությունների մեծ մասը[29]: Ժամանակակից պատմաբաններ Ռ. Շմիթը և Հ. Վ. Բեյլին հայերենի վրա պարթևերենի ազդեցությունը համեմատում են 1066 թվականի նորմանդական նվաճումից հետո անգլերենի վրա ֆրանսերենի ունեցած ազդեցության հետ[46]:

Քրիստոնեությունն ընդունելուց հետո Արշակունիները շարունակել են պահպանել իրենց իրանական անվանաբանական ավանդույթները, ինչի վկայությունն են արական Տրդատ, Խոսրով, Տիրան, Արշակ, Պապ, Վարազդատ և Վռամշապուհ անունները, ինչպես նաև իգական Աշխեն, Զարմանդուխտ, Խոսրովիդուխտ, Որմիզդուխտ, Վարդանդուխտ անունները։ Հատկանշական է, որ Ներսես Ա-ի մոր անունը՝ Բամբիշը, պարսկերեն նշանակում է «թագուհի»[47]։ Ընդհանուր առմամբ, քրիստոնյա Արշակունիները հավատարիմ են մնացել իրենց արշակունյաց-իրանական ավանդույթներին[29]։ Հայոց այբուբենի ստեղծման ժամանակ (5-րդ դարի սկիզբ՝ Արշակունյաց թագավորության վերջին տասնամյակներին) միջին պարսկերենը հանդիսացել է արքունի և վարչական լեզու։ Գրավոր հայերենի ընդունումը զգալիորեն նվազեցրել է միջին պարսկերենի նշանակությունը, թեև վերջինս շարունակել է որոշակի դեր խաղալ Հայաստանի Սասանյան տիրապետության տակ գտնվող հատվածում։ Հունարենն ու ասորերենը գործածվել են եկեղեցում, մինչև որ փոխարինվել են գրավոր հայերենով[29]։

12-428 թվականներին գահակալած արքաների ցանկ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սա Հայաստանի արքաների ցանկն է շուրջ 12–428 թվականների միջակայքում, որոնց մեծ մասը հանդիսացել են Արշակունյաց հարստության ներկայացուցիչներ։ Ցանկում ներառված են նաև ոչ դինաստիական կառավարիչներն ու միջթագավորության շրջանները (որոշ թվականներ մոտավոր են)[48]։

Վոնոնի պատկերով մետաղադրամ

Հայոց թագավոր մոտ 12-16 թվականներին։ Պարթևաց Հրահատ Դ Արշակունու ավագ որդին։ Պատանի հասակում պատանդ է եղել Հռոմեական կայսրությունում, դաստիարակվել և կրթվել այնտեղ՝ դառնալով Հռոմի կամակատար։ Որոդես Գ արքայի մահից հետո, 7 թվականին կամ 8-ին բազմել է Պարթևաստանի գահին։ Սակայն գահակալական կռիվներում պարտվել է Արտավան Գ-ին և ապաստանել է Մեծ Հայքում, ինչից հետո Հռոմի միջամտությամբ բազմել է Հայոց թափուր գահին։ Հայ ժողովուրդը դժգոհ է եղել Վոնոնից։ Հայ-պարթևական ուժերի դեմ պատերազմելու վտանգից խուսափելու համար, Տիբերիոս կայսրը գահընկեց է արել Վոնոնին։ Ըստ Հովսեպոս Փլավիոսի, հայերը ձերբակալել են Վոնոնին ու հանձնել Ասորիքի հռոմեական կուսակալ Կրետիկոս Սուլանոսին։ Տակիտոսը վկայում է, որ Վոնոնը սպանվել է հռոմեացի զինվորի ձեռքով՝ կանալքից փախչելու փորձի ժամանակ։

Արտաշես Գ (Զենոն-Արտաշես, ոչ Արշակունի)

[խմբագրել | խմբագրել կոդը]
Զենոն-Արտաշեսի պատկերով մետաղադրամ

Մեծ Հայքի թագավոր մ.թ. 18-34/35 թվականներին, Պոնտոսի և Փոքր Հայքի թագավոր Պոլեմոնի որդին է։ Ըստ Տակիտոսի՝ Զենոն-Արտաշեսը մեծացել է հայկական միջավայրում և հարմարվել հայերի կենցաղին ու բարքերին։ Հնարավոր է, որ Զենոնը մեծացել է Փոքր Հայքում, որը նրա հոր տիրակալության մաս է կազմել մ․թ․ա․ 35 թվականից։ Հայաստանի գահը ստացել է Հռոմի Տիբերիոս կայսեր և նրա զորավար Գերմանիկոսի օժանդակությամբ և հայ նախարարների համաձայնությամբ։ Զենոնի գահակալական իրավունքը ճանաչել է նաև Պարթևաց Արտավան Գ թագավորը։ Զենոնն ընդունել է հայերին հարազատ Արտաշես անունը։ Մեկ պատմաբանի կարծիքով՝ սրանով նա հղում էր անում հռոմեացիների կողմից սպանված Արտաշես Բ արքային։ Զենոնը վարել է խաղաղ և, համեմատաբար, ինքնուրույն քաղաքականություն։ Արտաշեսյան արքայատան անկումից հետո Զենոնը միակ դրածո թագավորն է եղել, որին հայերը հանդուրժել են Հայոց գահին։ Ի դեմս Զենոնի, հայ ավագանին փորձել է վերականգնել Հռոմի ռազմական միջամտությամբ կործանված հայկական թագավորությունը։ Նրա մահից հետո Արտաշատում գահակալել են Պարթևստանի և Հռոմի դրածո թագավորները։

Արշակ Ա

34 թվականին դարձել է հայոց թագավոր։ Պարթևաց թագավոր Արտավան Գ–ի որդին է։ Հաջորդել է Զենոն-Արտաշեսին՝ հայկական ավագանու համաձայնությամբ։ Հայաստանում Հռոմի հեղինակությունը պահպանելու և պարթևական վտանգը կանխելու համար Տիբերիոս կայսրը 35 թվականին մեծաթիվ ուժեր է ուղարկել Արևելք և միաժամանակ իբերական, աղվանական և սարմատական ցեղերին հրահրել Հայաստանի ու Պարթևստանի դեմ։ Իբերիայի թագավոր Փարսմանի եղբայր Միհրդատը, Հռոմի դրդմամբ, դավով սպանել է Արշակին և նստել Հայոց գահին։

Մեծ Հայքի չճանաչված արքա, որը գահակալել է 35 թվականին, հաջորդել է Պարսից նախկին արքա Վոնոնին, որը Պարթևստանում գահազրկվելուց հետո հաստատվել է Մեծ Հայքում։ Պարթևաց Արտավան Գ արքայի երկրորդ որդին, Մեծ Հայքի Արշակ Ա թագավորի կրտսեր եղբայրը, Պարթև Արշակունիների կրտսեր ճյուղից։

Միհրդատ Իբերացի (Փառնավազյան դինաստիա)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ Հայքի դրածո թագավոր 35-37, 47-51 թվականներին, Իբերիայի Փարսման թագավորի եղբայրը։ Գահ է բարձրացել հռոմեական զորքերի օգնությամբ։ Տակիտոս պատմիչը վկայում է, որ դաժան Միհրդատ Իբերացին, հայոց մեջ հենարան չգտնելով, ապավինել ր Գառնիում և այլ բերդերում տեղակայված հռոմեական զորքերի ուժին։ Խեղդամահ է եղել իր եղբորորդու՝ գահատենչ Հռադամիզդի ձեռքով։

Հռադամիզդ

Հռադամիզդ (Փառնավազյան դինաստիա)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրածո թագավոր Մեծ Հայքում 51-53 թվականներին։ Վիրքի Փարսման Ա թագավորի որդին։ Գահակալել է Հռոմեական և իբերական ուժերի օգնությամբ։ Հռադամիզդի իշխանությունը Հայաստանում ուղեկցվել է հայերի բացահայտ ատելությամբ ու դիմադրությամբ։ Թեև նա մայրական կողմից Արտաշեսյան է եղել, սակայն հայ ավագանին նրան համարել է դաժան բռնապետ, ով սպանել էր իր սեփական հորեղբորը։ 52 թվականին չի կարողացել դիմադրել Հայոց թագավոր Տրդատ Ա-ին և փախել է Վիրք։ 53 թվականի ձմռանը, երբ Տրդատ Ա-ն գտնվել է Պարթևաստանում, Հրադամիզդը ներխուժել է Մեծ Հայք, սակայն, պարտություն կրելով հայերից, դարձյալ փախել է Վիրք։ Փախուստի ճանապարհին փորձել է եղել սպանել հղի կնոջը և գցել Երասխի ջրերը։ Սակայն Զենոբիան փրկվել է և տեղի հովիվները նրան տարել են Տրդատ Ա-ի մոտ։ Այս իրադարձությունը գրի է առել Տակիտոսը։ Հռադամիզդը սպանվել է իր հոր՝ Փարսման Ա֊ի կողմից՝ գահի նկատմամբ հավակնություններ ունենալու պատճառով։

Տրդատ Ա

Մեծ Հայքի Արշակունի թագավոր 52 թվականից։ Նա հայ Արշակունիների արքայատոհմի հիմնադիրն է, ինչպես նաև Պարթևաց Արշակունի արքա Վոնոն Բ–ի որդին, Պարթևաստանի թագավոր Վաղարշ Ա–ի եղբայրը։ Գահ է բարձրացել հայկական ավագանու աջակցությամբ։ Նրա գահակալության սկզբնական շրջանը նշանավորվել է երկու ընդհատումով՝ կարճատև դադար 54 թվականի վերջին և ավելի երկարատև ընդհատում 58-63 թվականներին։ 52 թվականին պարթևաց արքա Վաղարշը և նրա եղբայր Տրդատը մտել են Հայաստան և հայերի օգնությամբ վտարել հռոմեական դրածո թագավորին։ Սա հանգեցրել է Հռոմի հետ 10-ամյա պատերազմի։ Պատերազմի ընթացքում հռոմեացիները գրավել են ու ավարել Արտաշատը, սակայն հայ-պարթևական ուժերը հակահարված են հասցրել։ 62 թվականին տեղի ունեցած Հռանդեայի ճակատամարտում հայերն ու պարթևները շրջափակել են հռոմեական զորքին և ջախջախիչ հաղթանակ տարել նրանց նկատմամբ։ Որպես նվաստացում՝ հռոմեացի զինվորներին ստիպել են անցնել նիզակներից պատրաստված «լծի» տակով (որը հայտնի է նաև որպես «լծի արարողակարգ»)։ Պատերազմն ավարտվել է հաշտությամբ. Տրդատը ճանաչվել է Հայաստանի թագավոր, բայց թագը պետք է ստանար Ներոն կայսրից։ 66 թվականին Տրդատը մեծ շքախմբով մեկնել է Հռոմ, թագադրվել և վերադարձել Հայաստան՝ իր հետ բերելով նաև արհեստավորներ՝ ավերված քաղաքները վերականգնելու համար։ Տրդատ Ա-ն վերադառնալով Հայաստան՝ զբաղվել է երկրի տնտեսության վերականգնմամբ և շինարարական աշխատանքներով։ Վերականգնել է Արտաշատ մայրաքաղաքը և վերջինիս հաղորդում իր նախկին շուքը։ Հռոմեացի պատմիչների վկայությամբ՝ այն կոչվում է «Ներոնեա»: Մայրաքաղաքից ոչ հեռու՝ Ազատ գետի հոսանքով դեպի վեր՝ Գառնիում, կառուցվում է հզոր բերդ, ինչպես նաև արքայական բաղնիք և այլ կառույցներ։ Գառնու հեթանոսական տաճարը կառուցվել էր 77 թվականին՝ Հռոմի Կոլիզեումից 3 տարի առաջ։ Ենթադրվում է, որ տաճարը նվիրված է եղել արևի աստված Հելիոս-Միհրին։ Տրդատի մահվան մասին տվյլաները հայտնի չեն։

Տիգրան Զ (Հերովդեսյան դինաստիա)

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տիգրան Զ-ի մետաղադրամները

Հայոց թագավոր 60-61 թվականներին։ Նախապես եղել է Քաղկիդիկեի թագավոր։ Հայոց թագավոր Տիգրան Ե–ի եղբոր՝ Ալեքսանդրի որդին։ Երկար տարիներ ապրել է Հռոմում, եղել Ներոն կայսեր մտերիմներից։ 58 թվականի գարնանը Կորբուլոնի բանակը (30.000 զինվոր) ներխուժում է Մեծ Հայք, որի հյուսիսային գավառները մինչ այդ ասպատակել էին իբերական զորքերը։ Զրկվելով Վրկանաց երկրի դեմ պատերազմող Վաղարշի օգնությունից՝ Տրդատը նահանջում է Ատրպատական։ Անպաշտպան Արտաշատ մայրաքաղաքը գրավելուց և կործանելուց հետո Կորբուլոնը Տարոնով մտնում է Աղձնիք և գրավում Տիգրանակերտ քաղաքը։ 60 թվականին նվաճված Մեծ Հայքում թագավոր է նշանակվում Կապադովկիայի թագավոր Արքեղայոսի ծոռը՝ Տիգրան Զ[49]։ Գահընկեց է արվել 61 թվականին և դրանից հետո հայոց գահին նրան վերստին փոխարինել է Տրդատ Ա-ն։ Հայտնի է որ մահացել է 68 թվականից հետո։

Սանատրուկը և Ավդեն

Արշակունիների արքայատոհմի թագավոր 88-110 թվականներին, հաջորդել է Տրդատ Ա-ին (66-88), համարվում է նաև Միջագետքի Օսրոյենեի (Եդեսիա) թագավոր (91-109)։ Որոշ աղբյուրներում նշվում է, որ նա մեղադրվել է Հայաստանում Սուրբ Բարդուղիմեոս և Սուրբ Թադեոս առաքյալների նահատակության համար, քրիստոնյաների հալածանքների, ինչպես նաև իր սեփական դստեր՝ Սանդուխտի նահատակության համար։ Մահացել է 110 թվականին։

Հայոց թագավոր՝ 110-113 թվականներին։ Հաջորդել է Սանատրուկին, եղել է Պարթևաստանի Բակուր Բ թագավորի որդին։ Գահ է բարձրացել Հռոմի և Պարթևաստանի փոխհամաձայնությամբ։ Պարթևաց Խոսրով Ա թագավորը Բակուր Բ-ի մահից հետո Աշխադարի հետ համաձայնության չգալով 113 թվականին Աշխադարին գահընկեց է արել և փոխարենը գահին է բազմեցրել նրա եղբորը՝ Պարթամասիրին։ Աշխադարի գահազրկումը դարձել է հռոմեա-պարթևական նոր պատերազմի պատճառ։ Այս փոփոխությունը դիտելով Հռանդեայի դաշնագրի խախտում՝ Տրայանոս կայսրը Աշխադարի հետ միասին 114 թվականին արշավում է Արևելք, նվաճում Պարթևստանը, գահընկեց անում Պարթամասիրին և Հայաստանը հայտարարում Հռոմի պրովինցիա։

Պարթամասիր

Մեծ Հայքի Արշակունի թագավոր (113-114), Բակուր Բ Պարթևի կրտսեր որդին[50]։ Պարթամասիրը եղել է Բակուր Բ Պարթև թագավորի երեք որդիներից[51][52], որի մոր անունն անհայտ է։ Նա Պարթևաց դինաստիայի անդամ է եղել, հետևաբար հանդիսացել է Հայաստանի Արշակունիների տոհմի ազգականը[53]։ Աշխադարին գահընկեց անելուց հետո Տրայանոսն արշավել է Հայաստան։ 114 թվականին հռոմեական բանակը Սատաղից ներխուժել է Մեծ Հայք և շարժվել է դեպի Արտաշատ։ Չկարողանալով դիմադրություն կազմակերպել՝ Պարթամասիրը ներկայացել է Տրայանոսին։ Պարթամասիրը գլխից հանել է թագը և դրել կայսեր ոտքերի մոտ[54]՝ այն ետ ստանալու ակնկալիքով[55][56]։ Մերժելով Պարթամասիրի խնդրանքը՝ Տրայանոսը բռնակցել է Հայաստանը և այն վերածել հռոմեական նահանգի[57][56][58]։ Տրայանոսը Պարթամասիրին Հայաստանից հետ է ուղարկել Պարթևստան և շարունակել իր պարթևական ռազմարշավը[59]։ Պարթամասիրն ազատ է արձակվել այն պայմանով, որ պետք է լքի Հայաստանը, սակայն իրեն ուղեկցող հռոմեացիներից փախուստի դիմելու փորձի ժամանակ նրան ձերբակալ են և մահապատժի ենթարկել Տրայանոսի հրամանով[60]։

Հայոց Արշակունի թագավոր 117-140 (կամ 116-144) թվականներին[61]։ Սանատրուկ թագավորի որդին։ Հռոմի կայսեր համաձայնությամբ Հայաստանի գահին է հաստատվում Սանատրուկի որդին՝ Վաղարշ Ա-ն: Վաղարշը Հռոմի համար ընդունելի անձնավորություն է եղել, քանի որ նա ոչ թե բուն պարթևական Արշակունիներից էր, այլ այս դինաստիայի հայկական նոր ձևավորվող ճյուղից: Այս ճյուղը, վաղ թե ուշ ձգտելով ինքնուրույնության, հակադրվելու էր պարթևներին: Վաղարշ Ա-ի թագավորության տարիներին հիմնադրվել է Վաղարշապատ քաղաքը, որի մասին տեղեկություններ է պահպանել Մովսես Խորենացին։ Ըստ նրա տեղեկությունների՝ Շրեշ բլուրի մոտակայքում է գտնվել դեռևս Երվանդունիների ժամանակներից հայտնի Վարդգեսավան քաղաքը։ Վաղարշ Ա-ն դրանից հարավ՝ այժմյան Էջմիածնի վանքի և նրա շրջակայքի տարածքում հիմնադրել է նոր քաղաք, որն իր անունով կոչել է Վաղարշապատ։

Սոհեմոսի մետաղադրամներից

Մեծ Հայքի թագավորության արքա (144-161, 164-186)[62][63]։ Սոհեմոսը հայոց պատմության ամենահռոմեամետ արքաներից է եղել։ Նրա օրոք Հայաստանը դարձել է Հռոմի հավատարիմ դաշնակիցը, ինչը դուր չի եկել պարթևներին։ 161 թվականին պարթևական զորքը ներխուժել է Հայաստան, գահընկեց արել Սոհեմոսին և գահին բազմեցրել Բակուր Արշակունուն։ Սակայն մի քանի տարի անց հռոմեացիները մեծ զորքով վերադարձել են, գրավել Արտաշատն ու Վաղարշապատը և Սոհեմոսին կրկին բազմեցրել գահին։ Քանի որ հին մայրաքաղաք Արտաշատը հիմնովին ավերվել էր պատերազմի ժամանակ, Սոհեմոսը Վաղարշապատը հռչակեց երկրի նոր մայրաքաղաք։ Նա նաև հելլենիստական մշակույթի մեծ սիրահար է եղել և իր արքունիքում ընդունել է հայտնի գիտնականների ու գրողների։

Ծննդյան և մահվան տարեթվերը՝ անհայտ են։ 161-163 թվականներին եղել է Մեծ Հայքի Արշակունի թագավոր։ Գահ է բարձրացել Պարթևաց Վաղարշ Գ թագավորի աջակցությամբ, հռոմեական դրածո Սոհեմոս թագավորի տապալումից հետո։ Բակուրը եղել է նաև պարթև իշխան[64]։ Նա Վաղարշ Դ Պարթևի (147-191) որդին է եղել[65]։ Բակուրը որոշ ժամանակ ապրել է Հռոմում՝ իր ընտանիքի անդամների հետ[65]։ Բակուրը միակ հայոց թագավորն է եղել, որը գահին է բարձրացվել Պարթևստանի իշխող արքայի կողմից, սակայն հետագայում պաշտոնանկ էր արվել հռոմեական իշխանությունների կողմից[66]։ Բակուրի գահընկեցությունից հետո Սոհեմոսը կարճ ժամանակով վերականգնվել է իր իշխանությունը Հայաստանում[67]։ Բակուրի հետագա ճակատագիրը հստակ հայտնի չէ։

Վաղարշ Բ-ի պատկերով մետաղադրամ

Պարթևստանի արքայից արքա (191-208 թվականներ)[68], Վաղարշ Գ-ի որդին և հաջորդը, Պարթև Արշակունիների արքայական տոհմից, 180-191 թվականներին եղել է Մեծ Հայքի թագավոր։ Վաղարշը վաղ կյանքի ընթացքում դարձել է Մեծ Հայքի կառավարիչ՝ հաջորդելով Սոհեմոսին։ 1-ին և 2-րդ դարերի ընթացքում հայկական գահը սովորաբար զբաղեցրել է Պարթևաց արքայից արքայի մերձավոր ազգականը, որը կրել է «Հայոց մեծ արքա» տիտղոսը։ Ի տարբերություն Մեծ Հայքում իշխած նախորդ ութ Արշակունի իշխանների՝ Վաղարշին հաջողվել է ապահովել իր սերունդների ժառանգական իշխանությունը հայկական գահի վրա։ Նրա հետնորդները կառավարել են երկիրը մինչև 428 թվականը, երբ Սասանյանները վերջնականապես վերացրին հայկական թագավորությունը։ Վաղարշը մահացել է 208 թվականին։

Խոսրով Ա-ի պատկերով մետաղադրամ

Մեծ Հայքի Արշակունյաց թագավորության արքա (206-253)[69]։ Խոսրով Ա-ն հայ Արշակունի թագավոր Վաղարշ Բ-ի որդին է եղել։ Երբ նրա հայրը 191 թվականին բազմել է Պարթևստանի գահին, Հայաստանի իշխանությունը հանձնել է որդուն։ Ըստ պատմիչ Ագաթանգեղոսի՝ հայոց արքան այդ ժամանակ պարթևական աշխարհում իր կշռով երկրորդն է եղել՝ զիջելով միայն «արքայից արքային»։ Խոսրովը վարել է շատ խոհեմ և չեզոք քաղաքականություն. երբ հռոմեական կայսր Սեպտիմիոս Սևերոսը արշավել է պարթևների դեմ և նույնիսկ գրավել նրանց մայրաքաղաքը, Խոսրովը նվերներ ու պատանդներ է ուղարկել կայսրին՝ փոխարենը ստանալով Հռոմի պաշտպանությունն ու խաղաղություն։ Սակայն իրավիճակը կտրուկ փոխվել է հաջորդ կայսրի՝ Կարակալլայի օրոք, որը 214-216 թվականներին խաբեությամբ ձերբակալել է Խոսրովին ու նրա ընտանիքին։ Այս դավաճանությունը Հայաստանում հզոր ապստամբություն է առաջացրել Հռոմի դեմ, և կայսրը ստիպված է եղել զորք ուղարկել այն ճնշելու համար։ Խոսրով Ա-ն մահացել է 217 թվականին՝ կալանքի տակ, իսկ նույն տարում Կարակալլայի սպանությունից հետո հայոց գահը ժառանգել է Խոսրովի որդին՝ Տրդատ Բ-ն։

Մեծ Հայքի Արշակունիների արքայատոհմից արքա (217-252 թվականներին)։ Տրդատ Բ-ը եղել է Հայստանի թագավոր Խոսրով Ա-ի (198-215) որդին և ժառանգորդը[70]։ Ըստ որոշ աղբյուրների՝ 214-216 թվականներին նա և իր ընտանիքի անդամները պահվել են հռոմեացիների վերահսկողության տակ, ինչը Հայաստանում Հռոմի դեմ մեծ ապստամբություն էր առաջացրել[71]։ Տրդատը հռչակվում է Հայաստանի թագավոր՝ Մակրինոսի (217-218) աջակցությամբ[72]։ Տրդատ Բ-ը կառավարել է որպես Հայստանի թագավոր 217 թվականից մինչև իր մահը՝ 252 թվականին[71]։ Ըստ Հակոբ Մանանդյանի՝ Ագաթանգեղոսը, Սեբեոսը և Խորենացին 3-րդ դարում հիշատակում են միայն երկու հայ թագավոր՝ Խոսրով Մեծ և Տրդատ Մեծ, մինչդեռ այդ դարում Հայաստանում իշխել են, իրապես հինգ թագավոր հետևյալ հաջորդականությամբ՝ Խոսրով Ա, Տրդատ Բ, Արտավազդ, Խոսրով Բ և Տրդատ Գ։ Հունա-հռոմեական աղբյուրների օգնությամբ պարզված է, որ Ագաթանգեղոսի պատմության մեջ, Տրդատ Գ-ի հոր, Խոսրովին են վերագրված այն բոլոր դեպքերը, որոնք իրապես տեղի են ունեցել Տրդատ Բ-ի ժամանակ, որը Հայաստանում թագավորել է 217-252 թվականներին[73]։

Անակի կողմից սպանված Խոսրով Բ-ն

Մեծ Հայքի թագավորության արքա (252-287), գահակալել է հոր՝ Տրդատ Բ-ից հետո։ Խոսրով Բ-ն, հաճախ դաշնակցելով հարևան վրացիների ու աղվանների, իսկ երբեմն էլ հռոմեացիների հետ, պայքար է մղում Սասանյան Պարսկաստանի դեմ։ Սակայն այդ պայքարը անարդյունք է մնում։ Խոսրով Բ-ի հակասասանյան քաղաքականությունը, բնականաբար, չէր կարող առաջ չբերել նրա դեմ պարսից իշխող վերնախավի թշնամությունն ու վրեժխնդրությունը։ Պատմիչ Ագաթանգեղոսը հաղորդում է հայոց թագավորի Սասանյան Պարսկաստանի դեմ արշավանքների մասին։ Գահակալել է Մեծ Հայքի արևմտյան՝ հռոմեական մասում[18]։ Ունեցել է 2 զավակ․ դուստր՝ Խոսրովիդուխտ[74] և որդի՝ Տրդատ[75]։ Որդուն հետագայում տանում են Հռոմ, մեծանում է հռոմեական միջավայրում, իսկ դստերը՝ Կապադովկիայի Կեսարիա[76]։ Ըստ ավանդական պատմության՝ Խոսրովը սպանվում է Վաղարշապատում, պարսից թագավորի կողմից ուղարկված վարձկան Անակ Պարթևի ձեռքով (Գրիգոր Լուսավորչի հայրը)[77], հավանաբար 287 թվականին։ Ըստ որոշ աղբյուրների՝ Անակը ազգակից էր Արշակունիներին[78]։ Խոսրովի մահից հետո Հայաստանը կրկին նվաճվում է պարսիկների կողմից, իսկ թագաժառանգ պատանի Տրդատը ապաստան է գտնում Հռոմում[79]։

Որմիզդի պատկերով մետաղադրամը

Առավել հայտնի է դինաստիական անվանմբ՝ Որմիզդ I Սասանյան (պարս.՝ هرمز یکم), Սասանյան Պարսկաստանի թվով երրորդ շահնշանը (արքայից արքան), որը կառավարել է ընդամենը մեկ տարի՝ 270 թվականի մայիսից մինչև մյուս տարվա հունիսը։ Եղել է «Արյաց և անարյաց արքայից արքա» Շապուհ Ա-ի կրտսեր որդին, ով հոր կառավարման տարիներին եղել է Մեծ Հայքի թագավորության արքա։ Որմիզդ Սասանյանն առաջին անգամ հիշատակվել է Հռոմեական կայսրության դեպ Շապուհ Ա-ի դեմ վարած պատերազմների կապակցությամբ։ Նշանավոր պատմաբան Կիրիլ Թումանովի խոսքերով՝ հոր կողմից Որմիզդը նախ և առաջ նշանակվել է որպես Մեծ Հայքի արքա՝ կառավարելով 251-270 թվականներին։ Հոր մահից հետո՝ 270 թվականի մայիսին, բազմել է պարսից գահին։ Ըստ մուսուլման պատմագիր Աբու Մանսուր ալ-Սալիբի՝ Որմիզդ-Արտաշիրը ևս հոր և պապի հետ իշխել է արդարությամբ։ Ծավալել է բուռն քաղաքաշինական գործունեություն։ Նրա անվան հետ է կապված Պարսքում Ռամ-Որմիզդ, Ահվազ և Դաստագիրդ քաղաքների հիմնադրումը։ Վերջինս 7-րդ դարում ծառայել է որպես Խոսրով Բ Փարվեզ արքայի թագավորական նստավայր։ Կառավարման վերջին տարիներին արշավել է Սողդիանա, որի տարածքը շուտով միացրել է Պարսկական տիրակալությանը։ Դեպի Միջին Ասիա տաժանակիր արշավանքից հետո 272 թվականին Հորմիզդը վերադառնում է Էսթախր, որտեղ մեկ տարի անց վերջինս մահանում է։ Որմիզդը անժառանգ մահանում է 273 թվականին և այդ պատճառով էլ գահը ժառանգում է նրա եղբայրը՝ Վահրամը։

Ներսեհի փորագիր պատկերը

Սասանյան յոթերորդ թագավորը (293-303 թվականներին)։ Ժամանակավորապես եղել է նաև Մեծ Հայքի թագավոր։ Շապուհ Ա-ի կրտսեր որդին (240–270 թվականներ), Ներսեհը հոր օրոք եղել է Սակաստանի, Հինդի և Թուրանի կառավարիչ։ Շապուհ Ա-ին ի վերջո հաջորդել է նրա որդին՝ Ոորմիզդ Ա-ը (270–271 թվականներ), որը մահացել է մեկ տարվա թագավորությունից հետո։ Շապուհ I-ի ավագ որդին՝ Վահրամ Ա-ը, որին հայրը երբեք չէր համարում գահի իրավահաջորդության թեկնածու, գահ է բարձրացել զրադաշտական հզոր քահանա Քարթիրի օգնությամբ։ Այնուհետև պայմանավորվել է Ներսեհի հետ՝ հրաժարվելու գահի իրավունքից՝ Հայաստանի կարևոր սահմանամերձ գավառի կուսակալության դիմաց, որը շարունակաբար պատերազմի պատճառ էր Հռոմեական և Սասանյան կայսրությունների միջև։ Ներսեհը կրել է Վազուրգ Շահ Արմինան («Հայոց մեծ թագավոր») տիտղոսը, որն օգտագործել է գահաժառանգ եղած ժամանակներում։ Երբ Նարսեհը գահ է բարձրացել, Միջագետքի արևելյան հատվածը (244 թվականից) և ամբողջ Հայաստանը (252 թվականից) գտնվել են Իրանի տիրապետության տակ։ Ավանդական պատկերացումն այն մասին, որ Հայաստանի արևմտյան հատվածը պատկանել է Արշակունիների Տրդատ իշխանին, կասկածի տակ է դրվել։ Ըստ պատմաբան Ուրսուլա Վեբերի՝ «միանգամայն վստահ է», որ ամբողջ Հայաստանը 3-րդ դարում շարունակել է մնալ Սասանյան կայսրության մաս, մինչև որ այն հետագայում հանձնվել է հռոմեացիներին 298/9 թվականին՝ Նիսիբիսի խաղաղությունից հետո։ Հռոմեական տեսակետից Իրանի հետ փոխադարձ հարաբերությունները խիստ սրվել էին Արդաշիր Ա-ի և Շապուր Ա-ի ագրեսիվ և ընդլայնողական մոտեցման պատճառով։ Այնուամենայնիվ, հռոմեական հարձակման վերջնական պատճառները, հավանաբար, պայմանավորված էին նրանց տարածքային կորուստներով և 240-250-ական թվականներին միջագետքահայ հողերում իշխանության ու ազդեցության ոլորտում անբարենպաստ փոփոխությամբ։

Տրդատ Գ

Մեծ Հայքի Արշակունի թագավոր (287-330)։ Կրթվել ու դաստիարակվել է Հռոմի կայսրի պալատներում։ Ըստ պատմիչներ Ագաթանգեղոսի ու Մովսես Խորենացու, նա տիրապետելով արտակարգ ուժի, աչքի է ընկել կրկեսամարտերում ու Հռոմեական կայսրության մղած պատերազմներում։ Հռոմեական զորքերի ուղեկցությամբ 287 թվականին Տրդատը գալիս է Մեծ Հայք՝ գահը վերադարձնելու։ Նրան է միանում նաև Անակի որդի երիտասարդ Գրիգորը՝ դառնալով արքայի հավատարիմ զինակիցը։ Նա Կեսարիայում քրիստոնեական կրթություն էր ստացել։ Պարսկաստանի դեմ տարած հաղթանակից հետո Տրդատ արքան առաջարկում է Գրիգորին ընծա մատուցել Անահիտ դիցուհուն։ Գրիգորը հրաժարվում է կուռքին զոհ մատուցել։ Իմանալով նաև, որ Գրիգորը Խոսրով թագավորին սպանած Անակի որդին է, Տրդատը պատվիրում է նրան գցել Արտաշատի զնդանը (Խոր Վիրապ), ուր Գրիգորը հրաշքով ապրում է 13 տարի։ Տրդատ Մեծը հրովարտակով կոչ է անում հպատակներին հավատարիմ մնալ հեթանոսական կրոնին և մահապատիժ է սահմանում քրիստոնյաների համար։ Ավանդության համաձայն, մի քանի տարի անց Տրդատ արքան որսի ժամանակ հիվանդանում է խոզակերպ հիվանդությամբ։ Տրդատի հիվանդության պատճառը Հռոմի Դիոկղետիանոս կայսեր ձեռքից փախած 33 Հռիփսիմյանց կույսերի սպանությունն է եղել։ Նրանցից Հռիփսիմեն քարկոծվելով սպանվել էր՝ արքայի հետ ամուսնանալու առաջարկը մերժելու համար։ Տրդատի քույրը՝ Խոսրովիդուխտը, երազ է տեսնում, որ արքային կարող է բուժում պարգևել զնդանում գտնվող Գրիգորը, ում Վիրապից հանելով բերում են Վաղարշապատ։ Նա հողին է հանձնում նահատակ կույսերի աճյունները, ապա 5-օրյա պահք է սահմանում և աղոթքով բուժում արքային։ Գրիգորը Տրդատի հետ շրջում է Հայոց աշխարհում, քրիստոնեություն է քարոզում, քանդում է հեթանոսական հուշարձանները և նոր քրիստոնեականն է կառուցում դրանց տեղերում։ Տրդատ Մեծը ավագանու որոշմամբ Գրիգոր Լուսավորչին ուղարկում է Կեսարիա՝ եպիսկոպոս ձեռնադրվելու։ Կեսարիայից վերադառնալուց հետո նորընտիր կաթողիկոսը Արածանի գետում մկրտում է Տրդատ թագավորին և արքունիքին, ապա Տրդատ Գ մեծի հետ ձեռնամուխ է լինում Էջմիածնի Մայր Տաճարի կառուցմանը։ 301 թվականին Տրդատը քրիստոնեությունը դարձնում է պետական կրոն և այդպիսով Հայաստանը դառնում է քրիստոնեությունն առաջին անգամ ընդունած երկիրը։ Տրդատ Գ-ն Արշակունյաց Հայաստանի պետական և քաղաքական խոշոր գործիչներից է։ Նրան հաջողվել է վերականգնել Մեծ Հայքի թագավորության տարածքային ամբողջությունը, քաղաքական ամուր դաշինք կնքել Հռոմեական կայսրության հետ, ճնշել նախարարների անջատական ձգտումները և ստեղծել կենտրոնացված ուժեղ պետություն։

Մեծ Հայքի Արշակունի թագավոր մոտ 330–ից։ «Խոսրով Մեծի թոռը, քաջ և հզոր Տրդատ թագավորի որդին» (Բյուզանդ, Գ, գ)։ «Կոտակ» պահլավերեն բառ է, նշանակում է «մանուկ, երեխա, փոքր»։ Խոսրովի ամենակարևոր ձեռնարկումներից մեկը նոր մայրաքաղաք Դվինի հիմնադրումն է եղել։ Արաքս գետի հունի փոփոխության պատճառով Մայրաքաղաք Արտաշատի կլիման դարձել է վատառողջ, ուստի արքան արքունիքը տեղափոխել է Դվին բլրի վրա։ Նա նաև հիմնել է «Տաճար մայրի» և «Խոսրովակերտ» արհեստական անտառները, որոնք ծառայել են որպես որսատեղի և ռազմական պաշտպանական գոտի։ Այսօրվա «Խոսրովի անտառ» արգելոցը հենց այդ անտառների ժառանգությունն է։ Մահացել է 338 թվականին։

Մեծ Հայքի արքա (338-350 թվականներ)։ Մեծ Հայքի արքա Խոսրով Գ Կոտակի որդին, Արտաշեսի, Արշակ Բ-ի և Տրդատի հայրը։ Հաջորդել է հորը՝ Խոսրով Գ Կոտակին (330-338 թվականներ)։ Նրա գահակալությունը, կարծես, նշանավորել է Արշակունի թագավորների և Հայ եկեղեցու միջև թշնամանքի սկիզբը, հնարավոր է՝ Արշակունի թագավորների կողմից արիոսականության տարածման պատճառով՝ հետևելով ժամանակակից հռոմեական քաղաքականությանը: Տիրանը հրամայել է սպանել Հայ եկեղեցու առաջնորդ Հուսիկ կաթողիկոսին: Նաև հակամարտության մեջ է մտել ազնվականության հետ՝ իշխանությունը կենտրոնացնելու իր փորձերի պատճառով: Սասանյան թագավոր Շապուհ Բ- ի՝ Հռոմեական կայսրության դեմ 340-ական թվականներին արշավանքների ընթացքում, ըստ լուրերի, Տիրանին դավաճանել է իր վասալներից մեկը և Տիրանը գերի է ընկել: Նրան կուրացրել են և բանտ նետել։ Ավելի ուշ նրան թույլատրվել է վերադառնալ Հայաստան և հրաժարվել գահից՝ հօգուտ իր որդու՝ Արշակ Բ-ի: Հայ պատմաբան Մովսես Խորենացու վկայությամբ՝ 358 թվականին Տիրանը հետագայում խեղդամահ է արվել Արշակի հրամանով։

Արշակ Բ

Մեծ Հայքի արքա (350-368), Տիրան Բ-ի որդին[80], Արտաշեսի և Տրդատի եղբայրը, Անոբի և Պապի[80] հայրը, Արշակունիների արքայական հարստությունից։ Հաջորդել է հորը՝ Տիրան Բ-ին (339-350), ամուսնացել Փառանձեմ Սյունու հետ։ Թեև Արշակ Բ-ի գահակալությունը սկզբում սկսվեց խաղաղության և կայունության ժամանակաշրջանով, այն շուտով բարդացավ հայկական եկեղեցու և ազնվականների հետ ունեցած հակամարտություններով, ինչպես նաև Հռոմի և Պարսկաստանի միջև պատերազմներով, որոնց ընթացքում հայկական թագավորը հաճախ հայտնվում էր այդ երկու ուժերի միջև[81]։ Արշակը մասնակցել է Հռոմեական կայսր Հուլիանոսի Պարսկաստանի դեմ անհաջող ռազմական արշավին։ Դրա հետևանքով կնքված 363 թվականի պարսկա-հռոմեական պայմանագրից հետո Հայաստանը ստիպված էր միայնակ դիմակայել պարսից թագավոր Շապուհ Բ-ի նոր հարձակմանը[82]։ Նրա ժամանակ է հրավիրվել Աշտիշատի եկեղեցական ժողովը։ Հիմնել է Արշակավան քաղաքը։ Արշակը հրամայել է սպանել նաև իր զարմիկներին՝ Գնել Արշակունուն և Տիրիթին։ Շապուհ II-ը Արշակին հրավիրել է Տիզբոն՝ խաղաղություն կնքելու համար, սակայն գերի է վերցրել նրան և նետել Անհուշ բերդը։ Մահացել է 368 թվականին։

371 թվականին, Ձիրավի ճակատամարտում Պարսից Շապուհ Բ-ին հաղթանակած Հայոց արքա Պապ Արշակունին (ձախից), սպարապետ Մուշեղ Մամիկոնյանը (աջից) և հայոց այրուձին. 16-րդ դարի մանրանկար:

Մեծ Հայքի արքա (370-374 թվականներ)։ Պապը Մեծ Հայքում որպես արքա հաստատվել է Հռոմեական կայսրության օգնությամբ։ Սպարապետ Մուշեղ Մամիկոնյանի ղեկավարությամբ հայ-հռոմեական զորքը կարողացել է հաղթանակ տանել պարսիկների նկատմամբ և Մեծ Հայքը ամբողջովին անկախ դարձնել։ Պապը կատարել է մի շարք բարեփոխումներ, որոնք կարևոր էին այդ արտաքին և ներքին ծանր պայմանների ժամանակաշրջանում։ Նա վերամիավորել է մի շարք նահանգներ, որոնք անջատվել էին Մեծ Հայքից ծանր ներքաղաքական շրջանում։ Նա փակել է կուսանոցները՝ այդպիսով փորձելով բարձրացնել ծնելիության մակարդակը։ Նա սահմանափակել է եկեղեցու դերը երկրի կառավարման մեջ, կրճատել եկեղեցական հողերը, որի պատճառով հակասություններ են առաջացել Պապի և Ներսես Մեծի միջև։ Նրա գահակալման ընթացքում կաթողիկոսները սկսեցին ձեռնադրվել ոչ թե Կեսարիայում, այլ հենց Հայաստանում։ Նրա օրոք հայոց զորքի թիվը հասել է 100 հազարի[83]։ Պապը փորձում էր ազատվել Հռոմեական կայսրության ճնշումներից և ամբողջովին անկախ լինել իր արտաքին ու ներքին քաղաքականության հարցերում։ Նա փորձում է Մեծ Հայքից հեռացնել Տերենտիոսի ղեկավարությամբ գործող հռոմեական կայազորը, քանի որ վերջինս շատ էր խառնվում Պապի պետական գործերին[84]։ Պապը գաղտնի բանակցություններ է սկսում Շապուհ Երկարակյացի հետ, սակայն Տերենտիոսը իմանում է նրանց գաղտնի կապի մասին և հայտնում Հռոմի կայսր Վաղեսին, որը բանակցելու պատրվակով Պապին հրավիրում է Տարսոն և փորձում հսկողության տակ առնել։ Պապը իր 300 թիկնապահների հետ միասին կարողանում է փախչել և վերադառնալ Մեծ Հայք։ Տերենտիոսին հաջորդած Տրայանոսին հաջողվում է շահել Պապի վստահությունը և նրան հրավիրելով խնջույքի՝ դավադրորեն սպանում է 374 թվականին։

Մեծ Հայքի թագավորության արքա Արշակունիների հարստությունից, որը կառավարել է 374-378 թվականներին։ Նշանավոր է նաև որպես բռնցքամարտիկ, նետաձիգ, ըմբշամարտիկ և Հին Հունաստանում տեղի ունեցած 393-րդ օլիմպիական խաղերի չեմպիոն։ Վարազդատը Մեծ Հայքի թագավորության գահին բազմել է Հռոմեական կայսրության հովանավորչությամբ՝ հաջորդելով իր հորեղբայր Պապ Արշակունուն, որը սպանվել էր Վաղես կայսեր պատվերով։ Նախքան հայոց թագը կրելը՝ Վարազդատն իր կյանքի զգալի մասն անց էր կացրել Հռոմում և ստացել հունահռոմեական կրթություն։ Լինելով տակավին երիտասարդ՝ Վարազդատը արքունական գործերը տնօրինել է իր ուսուցչի՝ Բատ Սահառունու հետ մեկտեղ, որը ժամանակի ընթացքում մեծ ազդեցություն է ձեռք բերել ողջ երկրում։ Նրա մահվան հստակ տարեթիվը հայտնի չէ։

378 թվականին Վարազդատը գահընկեց է արվել, Մուշեղ Մամիկոնյանն էլ սպանվել, և վերջինիս եղբայրը՝ Մանուել Մամիկոնյանն է[85] զբաղեցրել սպարապետի պաշտոնը։ Մանուելը Վարազդատին վտարել է Հայաստանից[85], գահ բարձրացրել Արշակ Գ-ին և Վաղարշին՝ որպես Հայաստանի թագավորների՝ իրենց մոր՝ Զարմանդուխտի անվանական գահակալության ներքո[86]։ Երկրում քաղաքական անարխիային վերջ դնելու համար Մանուելը Արշակ III-ին ամուսնացրել է իր դստեր՝ Վարդանդուխտի հետ[87], իսկ Վաղարշին՝ Բագրատունյաց տոհմից Սահակ իշխանի դստեր հետ[88]։ Մանուելի ձեռնարկած խելամիտ քայլերը Հայաստանին բերել են խաղաղություն, կայունություն[89]։ Նա հարգանքով է վերաբերվել Արշակ III-ին, Վաղարշին և Զարմանդուխտին[89], համագահակալ եղբայրներին մեծացրել ու դաստիարակել է[90] այնպես, կարծես նրանք լինեին իր զավակները[89]։ Վաղարշը եղբոր հետ պայքարել է կրակապաշտության և արիոսականության դեմ[91]։ Թեև Հայաստանը առաջին քրիստոնեական պետությունն է եղել, երկրում դեռևս պահպանվել են զրադաշտականության, արևապաշտության և միջազգակցական ամուսնությունների հետքեր[92][93]։ Վաղարշի կարգադրությամբ ոչնչացվել են Բագավանում կառուցված կրակի տաճարն ու այնտեղ տեղադրված արձանները[92]։ Սասանյան Քարտիր մոգպետի նախաձեռնությամբ Հայաստանում հիմնվել էին կրակապաշտական մի շարք մեհյաններ, ինչի մասին վկայում են նրա արձանագրությունները[92]։ 386 թվականին Վաղարշը մահացել է՝ չթողնելով ժառանգ, և Արշակ Գ-ը դարձել է Հայաստանի միանձնյա գահակալ։ Արշակ Գ-ն մահացել է 387 թվականին։

Արշակունիների արքայական տոհմից ազնվական, որը Սասանյանների ենթակայության տակ իշխել է Հայաստանում՝ 384/385-ից մինչև 389 թվականները և կրկին՝ գահ բարձրացել 414-415 կամ 417-ից մինչև 418 թվականները։ Մեծ Հայքի Արշակունի թագավոր 387-392 թվականներին։ Արշակ Գ թագավորի խնամակալ Մանվել Մամիկոնյանի մահից հետո, հայ նախարարների պահանջով, Պարսից Շապուհ Գ արքան Հայոց գահին է դրել պատանի Խոսրովին՝ նրան կնության տալով իր քույր Զրվանդուխտին և խնամակալ կարգելով պարսիկ իշխանին Զիկ տոհմից: Մահացել է 415 թվականին։

Վռամշապուհը

Մեծ Հայքի արքա (393-414), Մեծ Հայքի արքաներ՝ Վարազդատի (374-378) որդին, Խոսրով Դ-ի (387-393) եղբայրը[94] և Արտաշես Դ-ի (422-428) հայրը։ Վռամշապուհ արքայի ծննդյան թվականն անհայտ է։ Ծնվել է Վարազդատ արքայի ընտանիքում։ Նրա իսկական անունը Վաղարշ է[95][96]։ 388 թվականին Պարսից արքա Վռամ Դ-ն Վաղարշի ավագ եղբորը՝ Խոսրով Դ-ին զրկում է թագավորական գահից և բանտարկում Անհուշ բերդում[96]։ Ապա թագավորական կարգը չցանկանալով խախտել, Մեծ Հայքի արքա է կարգում Վաղարշին, և նրա պահլավական անունը փոխելով, իր և իր հոր անուններով Վռամշապուհ կոչում[95][96]։ Նաև հիշվում է՝ Ստահրաշապուհ անունով[95][96]։ Վռամշապուհ արքայի օրոք են ստեղծվել հայոց գրերը։ Վերջինս բավականին մեծ օգնություն է ցուցաբերել Մեսրոպ Մաշտոցին և Սահակ Պարթևին գրերի գյուտի համար։ Այբուբենի ստեղծումը դարձել է հայ ինքնության պահպանման հզոր գործիք, քանի որ այն հնարավորություն է տվել եկեղեցական ծիսակատարություններն ու Աստվածաշունչը հասանելի դարձնել ժողովրդին մայրենի լեզվով՝ նախկինում կիրառվող հունարենի և ասորերենի փոխարեն։ Վռամշապուհի կառավարումն աչքի է ընկել բացառիկ խոհեմությամբ և դիվանագիտական հաջողություններով. նրան հաջողվել է խաղաղ հարաբերություններ պահպանել Բյուզանդիայի և Պարսկաստանի միջև։ Այս կայունությունը նպաստել է երկրի ներքին զարգացմանը և քրիստոնեության ամրապնդմանը։ Արքան վայելել է ինչպես պարսից շահի, այնպես էլ հայ հոռոմամետ շրջանակների վստահությունը։ Վռամշապուհը մահացել է 417 թվականին։ Քանի որ նրա որդի Արտաշես Դ-ն դեռ անչափահաս է եղել, նրանից հետո կարճ ժամանակով գահին է վերադարձել բանտից ազատված Խոսրով Դ-ն։ Վրամշապուհի թողած ժառանգությունը հիմք է հանդիսացել հայ գրականության «Ոսկեդարի» համար, որը միավորել է Բյուզանդիայի և Պարսկաստանի միջև բաժանված հայությանը մշակութային մեկ ընդհանուր տանիքի տակ[97]։

Սմբատ Բագրատունին թագադրում է Արտաշեսին

Մեծ Հայքի պարսկական հատվածի դրածո արքա Սասանյան արքայատոհմից (416-420)։ Պարսից Սասանյան արքա Հազկերտ Ա416 թվականին հայոց Խոսրով Գ Արշակունի արքայի մահից հետո իր որդիներից Շապուհին նշանակում է Հայոց արքա։ Ըստ Մովսես Խորենացու` հայ նախարարները մշտապես ծիծաղում և արհամարհանքի էին ենթարկում Շապուհին։ 419 թվականին Իրանում սկսվում են ներքին պառակտումներ և Շապուհը մեկնում է Իրան հորն օգնելու համար, որտեղ էլ հոր հետ սպանվում է։

Հայոց թագավոր 422-428 թվականներին։ Հայ Արշակունի հարստության վերջին ներկայացուցիչը։ Վռամշապուհ թագավորի որդին։ Սասանյան թագավոր Վռամ Ե, երկյուղելով հայ նախարարներից, վարել է զուսպ, հանդուրժող քաղաքականություն և նախարարների խնդրանքով պարսկական գերիշխանության ներքո գտնվող Մեծ Հայքում թագավոր նշանակել Արտաշես Դ-ին։ Սակայն Վռամ Ե կամեցել է վերացնել Հայոց թագավորությունը, Մեծ Հայքը կցել Պարսկաստանին և ամրապնդել տերության սահմանները։ Ըստ հայ մատենագիրների, Արտաշես Դ լինելով «անփորձ ու զեխ կյանքի հակված պատանի», հարուցել է նախարարների դժգոհությունը։ Նրանք Վռամից պահանջել են գահազրկել Արտաշեսին։ Վռամը Տիզբոնում դատական ատյանի է կանչել Հայոց թագավորին և կաթողիկոսին։ Արտաշեսը թեև հերքել է իր դեմ հարուցած ամբաստանությունները, բայց գահազրկվել է։ Հայաստանում վերացել է Արշակունյաց թագավորությունը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
  2. Encyclopedia Britannica. Arsacid dynasty. Արխիվացված է Հունիս 1, 2013 Wayback Machine-ի միջոցով::
  3. Encyclopedia Britannica. Armenia. The Arsacids. Արխիվացված է Ապրիլ 1, 2009 Wayback Machine-ի միջոցով::
  4. ROBERT W.THOMSON Rewriting Caucasian History. — Oxford University Press Inc., 1996. — P. 20.
  5. Encyclopedia Iranica Armenian and Iran II. The pre-Islamic period // Encyclopedia Iranica. Архивировано из первоисточника 23 հունվարի 2022.
  6. 1 2 3 4 Toumanoff, 1986, էջեր 543–546
  7. Josephus, Jewish Antiquities, 18.42–47
  8. Olbrycht, 2016, էջ 605
  9. Garsoïan, 1985, էջ 181
  10. Ժամկոչյան, Հ․ Գ․ (Երևան, 1975). Հայ ժողովրդի պատմություն, սկզբից մինչև 18-րդ դարի վերջ. Երևանի համալսարանի հրատ․.
  11. Hacikyan, A. J. (Agop Jack); Basmajian, Gabriel; Franchuk, Edward S.; Ouzounian, Nourhan (2000). The heritage of Armenian literature. Internet Archive. Detroit : Wayne State University Press. ISBN 978-0-8143-2815-6.
  12. Ժամկոչյան, Հայկազ (1975). Հայ ժողովրդի պատմություն, սկզբից մինչև 18-րդ դարի վերջը. Երևան: Երևանի համալսարանի հրատարակչություն.
  13. Statius Silvae 5.1; Dio Cassius 68.17.1.; Arrian Parthica frs 37/40
  14. Dio Cassius 68.17.2–3
  15. Sellwood Coinage of Parthia 257–260, 268–277; Debevoise History of Parthia 245; Dio Cass.71.2.1.
  16. HA Marcus Antoninus 9.1, Verus 7.1; Dio Cass. 71.3.
  17. HA Verus 8.1–4; Dio Cass. 71.2.
  18. 1 2 Garsoïan, 2004, էջեր 72–73
  19. Garsoïan, 2004, էջեր 74–75
  20. Stoyanov, 2000, էջ 99
  21. Academic American Encyclopedia – Page 172 by Grolier Incorporated
  22. Estimated dates vary from 284 to 314. The latter is the date favored by mainstream scholarship, see Garsoïan (op.cit. p.82), following the research of Ananian, and Seibt (2002)
  23. 1 2 3 4 5 6 Garsoïan, 2005
  24. 1 2 Garsoïan, 2004, էջ 77
  25. 1 2 Garsoïan, 2004, էջեր 77–79
  26. Garsoïan, 2004, էջ 78
  27. Garsoïan, 2004, էջ 79
  28. Garsoïan, 2004, էջ 80
  29. 1 2 3 4 5 Chaumont, 1986, էջեր 418–438
  30. Rapp, 2014, էջ 89
  31. Russell, 2004, էջ 41
  32. Russell, 2004, էջեր 41–42
  33. Russell, 2004, էջ 1066
  34. 1 2 Garsoïan, 1985, էջ 180
  35. 1 2 Russell, 1987, էջ 163
  36. Garsoïan, 2004, էջ 76
  37. Lang, 1983, էջ 518
  38. Pourshariati, 2008, էջ 44
  39. Rapp, 2014, էջ 246
  40. Rapp, 2014, էջ 112
  41. Russell, 1987, էջ 159
  42. Russell, 1987, էջ 451
  43. Canepa, 2018, էջ 230
  44. Canepa, 2018, էջ 115
  45. Russell, 2004, էջ 170
  46. Schmidt, Bailey, էջեր 445–465
  47. Garsoïan, 1985, էջ 201
  48. Garsoïan, 2004, էջ 94
  49. Ժամկոչյան, Հայկազ (1975). Հայ ժողովրդի պատմություն, սկզբից մինչև 18-րդ դարի վերջը. Երևան: Երևանի համալսարանի հրատարակչություն.
  50. Mommsen, The provinces of the Roman Empire: from Caesar to Domitian, էջ. 66
  51. Potts, Araby the Blest: Studies in Arabian Archaeology, էջ. 151
  52. Հայկական սովետական հանրագիտարան. Vol. 9. էջ 153.
  53. Farrokh, Shadows in the Desert: Ancient Persia at War, էջեր. 159-8
  54. Քննական պատմութիւն հայոց: Արշակունիքի ի ժամանակի հեթանոսութեան. Պատմական ժամանակ. Բ. 1895.
  55. Mesrop, Gēorg (1915). Հայոց պատմութիւն: քննական. Փարոս հրատարակչական ընկերութիւն.
  56. 1 2 Bunson, A Dictionary of the Roman Empire, էջ. 313
  57. Gatʻěrchean, Hovsēpʻ (1852). Tiezerakan patmutʻiwn i skzbanē ashkharhi minchʻew tsʻmer zhamanaks: Mijin patmutʻiwn. I vans Pashtpan S. Astuatsatsni.
  58. Դիոն Կասիոս, Livre LXVIII, chapitres 17, 19 et 20 Արխիվացված է Օգոստոս 24, 2011 Wayback Machine-ի միջոցով:
  59. Bunson, A Dictionary of the Roman Empire, էջ. 313
  60. Հայկական սովետական հանրագիտարան. Vol. 9. էջ 153.
  61. «Վաղարշ Ա» ՀՍՀ, հատոր=11, էջ=251
  62. Մովսես Խորենացի «Հայոց պատմություն», գիրք 2, գլուխ 64:
  63. Հայ ժողովրդի պատմություն, հատոր 1, Երևան 1971, էջ 781-781։
  64. Hovannisian, The Armenian People From Ancient to Modern Times, Volume I: The Dynastic Periods: From Antiquity to the Fourteenth Century, p.70
  65. 1 2 Russell, 1987, էջ 161
  66. Braund, Rome and the Friendly King: The Character of the Client Kingship, p.43
  67. Braund, Rome and the Friendly King: The Character of the Client Kingship, p.43
  68. «Հայ Ժողովրդի պատմություն», Երևան, 1984, հատոր 2, էջ 22․
  69. Մովսես Խորենացի «Հայոց պատմություն», գիրք 2, գլուխ 65, 74
  70. Adalian, 2010, էջ xxxii
  71. 1 2 Adalian, 2010a, էջ 174
  72. Hovannisian, The Armenian People From Ancient to Modern Times, Volume I: The Dynastic Periods: From Antiquity to the Fourteenth Century, p.71
  73. Մանանդյան, Հակոբ (1957). Քննական տեսություն հայ ժողովրդի պատմության. ՀայՊետ. էջ 76. {{cite book}}: |archive-url= requires |archive-date= (օգնություն)
  74. Biography of Saint Gregory_the_Illuminator. Արխիվացված 2020-10-15 Wayback Machine
  75. Hovannisian, The Armenian People, p. 218.
  76. Eghiayean, Heroes of Hayastan: a dramatic novel history of Armenia, p. 191.
  77. «ХОСРОВ II ВЕЛИКИЙ - Древо». drevo-info.ru (ռուսերեն). Վերցված է 2026-02-28-ին.
  78. Franken, S. (1963-10-01). «Vahan M. Kurkjian, A History of Armenia. With maps and illustrations. New York, Armenian General Benevolent Union of America, 1959. 24 x 16, 526 p. $ 6,—». Het Christelijk Oosten en Hereniging. 16 (4): 307. doi:10.1163/29497671-01604010. ISSN 2949-7671.
  79. Ժամկոչյան (1975). Հայ ժողովրդի պատմություն. ԵՊՀ. էջ 200 (PDF). {{cite book}}: |archive-url= requires |archive-date= (օգնություն)
  80. 1 2 «Հայոց պատմություն. Թուղթ Վահան Մամիկոնյանին», Ղազար Փարպեցի, աշխ. թարգմ.՝ Բագրատ Ուլուբաբյանի, Երևան, 1982, էջ 6-7.
  81. Garsoïan, 1997, էջեր 88-90
  82. Garsoïan, 1997, էջ 90
  83. «Հայ ռազմական արվեստի պատմությու». armenianhouse.org. Վերցված է 2019 թ․ ապրիլի 8-ին.
  84. Հայ ժողովրդի պատմություն, Ժամկոչյան, Երևան, 1975
  85. 1 2 Adalian, Historical Dictionary of Armenia, p.177
  86. Hovannisian, The Armenian People From Ancient to Modern Times, Volume I: The Dynastic Periods: From Antiquity to the Fourteenth Century, p.92
  87. Faustus_of_Byzantium, History of the Armenians, Book V, Chapter 44
  88. Kurkjian, A History of Armenia, p.107
  89. 1 2 3 Topchyan, The Problem of the Greek Sources of Movses Xorenac’i’s History of Armenia, p.42
  90. Adalian, Historical Dictionary of Armenia, p.xxxiii
  91. Terian, Patriotism And Piety In Armenian Christianity: The Early Panegyrics On Saint Gregory, p.18
  92. 1 2 3 Hovannisian, The Armenian People From Ancient to Modern Times, Volume I: The Dynastic Periods: From Antiquity to the Fourteenth Century, p.80
  93. Hovannisian, Richard G. (1997). The Armenian people from ancient to modern times. Internet Archive. New York : St. Martin's Press. ISBN 978-0-312-10169-5.
  94. «Ազգապատում», Մաղաքիա Օրմանյան, Կ․Պոլիս, 1914, Հատոր Ա, գլ․ 184․
  95. 1 2 3 «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա_Աճառյան, Երևան, 1942, Հատոր 5, Ցուցակ 1, Էջ 126․
  96. 1 2 3 4 «Ազգապատում», Մաղաքիա Օրմանյան, Կ․Պոլիս, 1914, Հատոր Ա, գլ․ 184․
  97. «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա_Աճառյան, Երևան, 1942, Հատոր 5, Ցուցակ 1, Էջ 126․

Առընթեր գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Adontz, Nicholas (1970). Armenia in the Period of Justinian: The Political Conditions Based on the Naxarar System. Translated with partial revisions, a bibliographical note, and appendices by Nina G. Garsoïan. Lisbon: Calouste Gulbenkian Foundation. OCLC 780057.
  • Garsoïan, Nina G. (1989). The Epic Histories Attributed to Pʻawstos Buzand (Buzandaran Patmutʻiwnkʻ). Cambridge, MA: Harvard University Press. ISBN 0-674-25865-7.
  • Hewsen, Robert H. (1992). The Geography of Ananias of Širak (Ašxarhac῾oyc῾): The Long and the Short Recensions. Wiesbaden: Dr. Ludwig Reichert Verlag. ISBN 3-88226-485-3.
  • Toumanoff, Cyril (1963). Studies in Christian Caucasian History. Georgetown University Press. OCLC 505712128.
  • Vacca, Alison (2021). «Bahl Šahastan in the land of the K'ušans: Medieval Armenian memories of Balkh as an Arsacid capital». Bulletin of the School of Oriental and African Studies. 84: 19–45. doi:10.1017/S0041977X21000033. S2CID 233342114.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 107