Տիգրան Զ
Տիգրան Զ | |
---|---|
Իշխանություն | 60–61 |
Թագադրում | 60 |
Ծնվել է՝ | մինչ 25 |
Մահացել է՝ | 68-ից հետո |
Երկիր | Մեծ Հայք |
Տոհմ | Herodian dynasty? |
գերիշխան | |
Հայր | Ալեքսանդր |
Երեխաներ | Gaius Julius Alexander? և Julia? |
Տիգրան Զ (ծն.և մահվան թ.թ. անհայտ), Հայոց թագավոր 60-61 թվականներին։ Նախապես եղել է Քաղկիդիկեի թագավոր։ Հայոց թագավոր Տիգրան Ե–ի եղբոր՝ Ալեքսանդրի որդին։ Երկար տարիներ ապրել է Հռոմում, եղել Ներոն կայսեր մտերիմներից։ Վերջինս էլ նրան նշանակել է Մեծ Հայքի թագավոր՝ ի հակակշիռ հայկական գահի հավակնորդ Տրդատ Ա Արշակունու։ Կորբուլոնի ավերած Արտաշատի փոխարեն Տիգրան Զ Մեծ Հայքի մայրաքաղաք է հռչակել Տիգրանակերտը, ապավինել նրա հելլենացած բնակչությանը։ Հռոմը, ձգտելով Հայաստանը դարձնել երկրորդ կարգի «դաշնակից» թագավորություն, իր հլու կամակատար Տիգրան Զ–ի համաձայնությամբ Մեծ Հայքից անջատել է նրա հյուսիս–արևմտյան մի շարք գավառներ։ Միաժամանակ, Հռոմը խրախուսել է Տիգրան Զ–ի փորձերը՝ վերադարձնելու Մեծ Հայքի այն տարածքը, որը 37 թվականի հռոմեա–պարթևական պայմանագրով անցել էր Պարթևաստանին։ 61 թվականին Տիգրան Զ մտել է Հայոց Միջագետք, փորձելով ետ նվաճել Մծբին քաղաքը, սակայն մատնվել է անհաջողության։ Օգտվելով առիթից, 61 թվականի վերջին պարթևական ուժերը՝ Տրդատ Ա–ի և զորավար Մոնեսի գլխավորությամբ, մտել են Հայաստան։ Հայկական զորքերը անցել են պարթևների կողմը և համատեղ պաշարել Տիգրանակերտը։ Խուսափելով ճակատամարտից՝ Տիգրան Զ հռոմեական լեգիոներների հետ փակվել է պաշարված մայրաքաղաքում։ Ստեղծված իրավիճակում հռոմեական զորավար Կորբուլոնը հարկադրված է եղել դիմել հաշտության բանակցությունների և կանխել ռազմական գործողությունների ծավալումը։ Կնքվել է հայմայձայնագիր, որով Մոնեսը դադարեցրել է Տիգրանակերտի պաշարումը և պարթևական զորքերը դուրս բերել Հայաստանից, իսկ Կորբուլոնը ետ է կանչել հռոմեական լեգիոնները, Տիգրան Զ–ին հայտարարել գահընկեց։ Հայոց գահն անցել է Տրդատ Ա–ին։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մանանդյան Հ., Քննական տեսություն հայ ժողովրդի պատմության, Երևան, 1977։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |