Մծբին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Mar Jacob Church, Nisibis.jpg
Map of Historical Armenia Britannica.gif

Մծբին[1] (աքադերեն՝ Naṣibina; լատիներեն՝ Nisibis; ասորերեն՝ ܢܨܝܒܝܢ, Niṣībīn; քրդերեն՝ Nisêbîn), քաղաք Թուրքիայի հարավ-արևելքում։ Հնում՝ Վերին Միջագետքի կամ Արվաստանի մայրաքաղաքը, հետագայում ընդգրկվել է Հայկական Միջագետքի կազմում։ Հայկական փոխարքայության կենտրոնն էր՝ Տիգրան ՄԵծի տերությունում:[2] Գտնվում է Տիգրիս գետից 100 կմ դեպի արևմուտք։ Հանդիսանում է արևելյան քրիստոնեության կենտրոններից մեկը, Եփրեմ Ասորու ծննդավայրն է։ Պարթևաստանի, այնուհետև՝ Սասանյան Իրանի և Հռոմի հարաբերությունների միջև հսկայական դեր խաղացած ռազմավարական կետ։ 364 թ. անցել էր Սասանյան Իրանին և պարսկա-հռոմեական բոլոր հետագա պատերազմներում պարսիկների համար իբրև հենակետ էր ծառայում։

2009 թ. մարդահամարի տվյալներով քաղաքի բնակչության թիվը 83,832 մարդ է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ՄԾԲԻՆ, (հունարեն՝ Նիսիբին). հին քաղաք էր Վերին կամ Հայոց Միջագետքում՝ այժմյան Նիսիբին քաղաքի (Դիարբեքիրի նահանգի Մարդինի գավառի Նիսիբին գավառակի կենտրոն) մոտ՝ Խաբուր գետի Ջախջախ վտակի ափին: Նրա դիմաց գտնվում է Սիրիայի Ալ-Կամիշլի հայաբնակ քաղաքը:

Հիմնադրել է Հայկյան Արամ արքան մթա 19-18-րդ դդ, որպես Հայկական լեռնաշխարհի հարավ-արևմտյան բերդաքաղաք:

Հնագույն ժամանակներում Մծբինը Միգդոնիա պետության մայրաքաղաքն էր, իսկ Տիգրան Բ Մեծի օրոք մտել է հայկական պետության մեջ և եղել վերջինիս Արվաստան երկրի գլխավոր կենտրոնը: Տիգրան Բ Մեծի աթոռանիստերից էր, որտեղ պահվում էր նրա գանձերի մի մասը: Արտաշատի պայմանագրով (մ.թ.ա. 66թ.) Մծբինը դուրս է մնացել Մեծ Հայքի սահմանից և Հուլիանոս կայսեր մահից հետո (363թ.) անցել պարսիկներին:[3]

Մծբինի վաղ շրջանի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հռոմեա-պարսկական պատերազմը և մ.թ. 363 թվականի Մծբինի պայմանագիրը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մծբինում կնքվել է հին աշխարհի պատմության վերջին ժամանակաշրջանի ամենահայտնի պայմանագրերից մեկը՝ 363 թվականի հռոմեա-պարսկական հաշտության պայմանագիրը: Այն պատմությանը հայտնի է «ամոթալի» հաշտություն անվամբ, կնքվել է Հռոմի կայսր Հովիանոսի և Պարսկաստանի արքայից արքա Շապուհ Բ Սասանյանի միջև։ Պայամանագիրը ավարտվեց 359-363 թթ. Հռոմեա-պարսկական պատերազմը։ Հուլիանոս կայսեր մահից հետո հռոմեական գահը անցավ Հովիանոսին, ով առաջին հերթին հաշտություն կնքեց Պարսկաստանի հետ։ Ըստ այս հաշտության, Հովիանոսը ոչ միայն Պարսկաստանին է զիջում հռոմեական տիրապետության տակ գտնվող մի շարք նահանգներ, Արվաստանը` Մծբին քաղաքով, Սինգարաու,Կաստրամավրորում հզոր ամրոցներով, նաև՝ Մեծ Հայքի թագավորության հարավ-արևմտյան նահանգներից՝ Աղձնիքը, Մոկքը, Կորդուքը, Ծավդեքը և Ռեմիենեն,[4] այլև խոստանում է ռազմական օգնություն ցույց չտալ իր վաղեմի դաշնակցին Հայաստանին։ Հռոմեացի հեթանոս պատմիչ Ամիանոս Մարկելինոսը, որը հռոմեական բանակի զինվորական էր և դեպքերին ականատես պատմիչ, արտահայտելով իր ժամանակակիցների զայրույթը՝ հետևյալն է գրում.

Aquote1.png Պայմանագրում արված էր նույնպես շատ ծանր և ուխտադրուժ հավելում, այսինքն' այդ համաձայնությունից հե­տո մեր մշտական հավատարիմ բարեկամ Արշակին ցույց չտրվի որևէ օգնություն ընդդեմ սլարսիկների, եթե նա նման օգնություն խնդրելիս լինի: Aquote2.png
Ամիանոս Մարկելինոս:[4]

363 թ. «ամոթալի դաշնագրից» հետո Հայաստանի համար ստեղծվում է ծանր մի շրջան. նա միայնակ կանգնում է պարսկական հսկայական ուժի դեմ։[4] Մծբինում կնքված այդ դաշնագիրը Մեծ Հայքի թագավորությանի համար ծանր ու աղետալի հետևանքներ ունեցավ։ Շապուհ II-ը, իրեն ազատ զգալով, 364 թվականին հարձակվեց Հայաստանի վրա, ավերեց նրա քաղաքները, խարդախորեն ձերբակալեց Արշակ Բ թագավորին, կործանարար հարված հասցրեց հայ Արշակունիների թագավորությանը։

Միջնադար[խմբագրել | խմբագրել կոդը]

VIIդ. Մծբինը գրավել են արաբները, և նրա բնակչության կազմն աստիճանաբար ենթարկվել է փոփոխության. այնտեղ պարսիկների ու հայերի հետ միասին բնակություն են հաստատել արաբներ ու քրդեր, իսկ թուրքական նվաճումներից հետո (XIVդ)` թուրքեր:[3]

Նոր և նորագույն ժամանակաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

XXդ. սկզբին Մծբինում կար մոտ 7 հազար բնակիչ, որից շուրջ 1000-ը` հայեր: Վերջիներս ունեին իրենց արհեստանոցները, խանութները, եկեղեցին (Ս.Աստվածածին) և դպրոցը:[3]

1915թ. ենթարկվել են թուրքական բռնություններին, մի մասը ոչնչացվել է, մյուսը` տարագրվել զանազան երկրներ: Պատմական Մծբինից պահպանվել են պարիսպների մնացորդները, մի քանի եկեղեցիների (այդ թվում` կիսով չափ հողի մեջ թաղված Ս.Հակոբ եկեղեցու) ավերակներ և զանազան շենքերի փլատակներ:[3]

Ներկայումս Սիրիայի քրդերը Ալ-Կամիշլին, կամ Սիրիայում գտնվող Մծբինի մասը հռչակել են իրենց ստեղծելիք պետության մայրաքաղաք:

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի քրդերը ծրագրել են երկրի հյուսիսում ստեղծել դաշնություն՝ չնայած Թուրքիայի հակազդեցությանը:

Քրդերը ծրագրել են 2016 թվականի հոկտեմբերին իրենց վերահսկած տարածքներում ընդունել Սահմանադրություն: Այդ տարածքների մայրաքաղաք է ընտրվել Ալ-Կամիշլին կամ Քամըշլըն: Այս մասին ՙՌոյթերզ՚ գործակալությանը հայտնել է Սիրիայի քրդերի տարածաշրջանային վեհաժողովի ղեկավար Հադիա Յուսեֆը:

Նա ընդգծել է, որ նորից ստեղծվող քրդական դաշնության մայրաքաղաք պետք է դառնա Քամըշլը քաղաքը:

Յուսեֆի խոսքով՝ Սիրիայի քրդերը նախկինի նման մտադիր են միավորել Սիրիայի հյուսիս-արևելքում ու հյուսիս-արևմուտքում գտնվող իրենց շրջանները՝ չնայած Թուրքիայի ռազմական միջամտությանը, որն ուղղված է այդ ծրագրերի կանխմանը:[5][6][7]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հովհաննես Բարսեղյան (2006). «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում». Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան: 9-րդ հրաշալիք. էջ 52. ISBN 99941-56-03-9. http://issuu.com/5420/docs/texekatu?e=3902245/2725897. 
  2. Հայ ժողովրդի պատմություն, սկզբից մինչև 18-րդ դարի վերջը, Երևան, 1975թ., էջ 135:
  3. 3,0 3,1 3,2 3,3 Հայկական համառոտ հանրագիտարան, Հատոր 3, Երևան, 1999:
  4. 4,0 4,1 4,2 Հայ ժողովրդի պատմություն, սկզբից մինչև 18-րդ դարի վերջը, Երևան, 1975թ., էջ 247:
  5. 1in.am, 08, ՍԵՊՏԵՄԲԵՐ 2016 Asia/Yerevan
  6. parstoday.com/hy/news/middle_east-i33955
  7. http://lousavor-avedis.org/?p=12870
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png