Սասանյան Պարսկաստան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Սասանյան Իրանից)
Jump to navigation Jump to search
ساسانیان
Սասանյան Պարսկաստան
 Պարթևաստան 224 - 651 Արաբական խալիֆայություն 
Derafsh Kaviani flag of the late Sassanid Empire.svg
Կայսերական դրոշակ (Դերաֆշ-ե Քավիան)
Senmurv.svg
Սիմուրգ
Քարտեզ

Sassanid empire map.png

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Տիզբոն
Բնակչություն 19,700,000 (621)
Լեզու Միջին պարսկերեն
Ազգություն Պարսիկներ, պարթևներ, հայեր, ասորիներ, արաբներ և այլք
Կրոն Զրադաշտականություն
Իշխանություն
Պետական կարգ Բացարձակ միապետություն
Դինաստիա Սասանյաններ
Պետության գլուխ Շահնշահ
Պատմություն

Սասանյան Պարսկաստան (պահլավերեն՝ 𐭠𐭩𐭥𐭠𐭭𐭱𐭲𐭥𐭩, պարսկերեն՝ ساسانیان), պարսկական պետություն ներկայիս Իրաքի և Իրանի տարածքում 224-651 թվականներին։ Հիմնադրել են Սասանյանները՝ Պարթևստանում տեղի ունեցած հեղաշրջման հետևանքով։ Կործանվել է արաբական արշավանքների հետևանքով։ Իրենք Սասանյաններն անվանում էին իրենց տերությունը Էրանշահր (Eranshahr.svg - Eranshahr) «իրանցիների (արիացիների) պետություն»։

Թագավորության հիմնադիրը Արտաշիր I Պապականն էր (226-239/241), որը 211/212 թվականին նվաճել է Պարսքը, ապա հարևան տարածքները։ 221 թվականին պատերազմ է սկսել պարթևաց արքա Արտավան V-ի դեմ՝ Պարսկաստանում գերիշխանության համար և 224 թվականի ապրիլին Որմզդական (Հորմիզդական) դաշտում տեղի ունեցած ճակատամարտում պարտության մատնել նրան, 226 թվականին հռչակվել է արքայից արքա։ Սասանյաններն իրենց համարել են Աքեմենյանների հաջորդները և նպատակ են ունեցել վերականգնել հին պարսկական աշխարհակալությունը, սկզբից և անհաշտ դիրք են բռնել Հայաստանի նկատմամբ։ Հայ Արշակունիներն իրենց հերթին նրանց համարել են դինաստիական հակառակորդներ։ Ըստ Ագաթանգեղոսի` Հայոց արքա Խոսրով Մեծը Արտավան V-ի պարտությունից հետո բազմիցս արշավել է Սասանյանների դեմ և շուրջ տասը տարի պայքարել պարթև Արշակունիների տիրապետությունը վերականգնելու համար։

Սասանյանների պետության թագավորներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաշիր I Պապական[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաշիր I Պապականը նվաճել է (228) Մարաստանը, Համադանը։ 229 թվականին փորձել է նվաճել Ատրպատականն ու Հայաստանը, սակայն անհաջողության է մատնվել։ 232 թվականին պատերազմ է սկսվել Սասանյանների պետության և Հռոմեական կայսրության միջև, որը փոփոխակի հաջողություններով ավարտվել է 233 թվականին։ Միջագետքը, որի համար է հիմնականում մղվել պայքարը, մնացել է Հռոմեական կայսրությանը։ Այդ պատերազմում Հռոմը դաշնակցել է Հայաստանի հետ։ Նրա օրոք կատարվել է «Ավեստայի» առաջին կանոնավորումը։ 3-րդ դարի վերջը և 4-րդ դարի սկիզբը Սասանյանների պետության ներքին ժամանակավոր թուլության և Հռոմի դեմ անհաջող պատերազմների ժամանակաշրջան էր հռոմեական կայսր Կարոսի արշավանքը 282 թվականին, Սասանյանների պետության համար ոչ ձեռնտու պայմանագրերը՝ 283 և 298 թվականներին, ըստ որի Սասանյանների պետությունը Հռոմին է զիջել Մեծ Հայքի Ծոփք, Աղձնիք, Կորդուք, Մոկք նահանգները, Անգեղ տուն գավառը և այլն։ Սասանյանների պետությունից անջատվել են արևելյան մի շարք մարզեր։ Սասանը ՝ Արտաշիրի պապը, ամուսնացած էր Բազանժան ցեղից Ռամ Բեհեշթի հետ։ Բազանժանը, ըստ Իսթախրիի, Ֆարսի հինգ քուրդ ցեղերից մեկն էր[1]։

Շապուհ I[խմբագրել | խմբագրել կոդը]

Շապուհ I

Սասանյանների պետության և Հռոմի միջև պայքարը շարունակվել է Շապուհ I-ի (241/243-272) օրոք։ Շապուհ I արշավել է Միջագետք, ասպատակել Կապադովկիան և Կիլիկիան։ 243 թվականին Հռոմեական զորքերը վերագրավել են Խառանը, Մծբինը, Միջագետքը։ 245 թվականին հաշտություն է կնքվել կողմերի միջև։ 252/253 թվականին Շապուհ I-ը գրավել է Հայաստանը, սակայն նրա մահից հետո Հայաստանը դարձյալ անկախացել է։ 3-րդ դարում Սասանյանների պետության մեջ դեռևս պահպանվել են որոշ ինքնավար «թագավորություններ» (Սակաստան, Կրման, Մարվ և այլն), ինչպես նաև ինքնավար քաղաքներ (պոլիսի տիպի)։ Այդ երկրամասերի կառավարիչները, որոնք Արշակունիների ժամանակ գրեթե անկախ թագավորներ էին, թեև պահպանել են իրենց բարձր տիտղոսները, իրականում դարձել են բարձրաստիճան պաշտոնյաներ և համարվել Սասանյանների «գործակալները»։ Առաջին Սասանյանների արտաքին քաղաքական հաջողություններն ամրապնդել են իրենց պետությունը և հանգեցրել կենտրոնական իշխանության ուժեղացմանը։ Սասանյան տիրակալներն իրենց անվանել են (սկսած Շապուհ I-ից) Իրանի և ոչ Իրանի (Էրան և անէրան) շահընշահ (արքայից արքա), իսկ Սասանյանների պետությունը ՝ էրանշահր (արիների թագավորություն)։ Սասանյանները հենվել են պարսկական քրմության վրա։ Զրադաշտականությունը դարձել է պետական կրոն, իսկ զրադաշտական հռգևորականությունը՝ երկրի գլխավոր քաղաքական և տնտեսական ուժերից մեկը։

Շապուհ II[խմբագրել | խմբագրել կոդը]

Sasanians coins style.jpg

Շապուհ II-ը (309-379) վերամիավորել է կորցրած տարածքները, ամրապնդել Սասանյանների պետությունը, հաջող պատերազմներ մղել Հռոմի դեմ։ 363 թվականին հռոմեական կայսր Հովիանոսի հետ կնքվել է հաշտության պայմանագիր, որով Հռոմեական կայսրությունը Սասանյանների պետությունը զիջել Է Միջագետքի վիճելի տարածքները՝ Աղձնիքը և Մոկքը։ Այդ պայմանագիրը գործողությունների ազատություն է տվել Շապուհ II-ին, որը 364 թվականին պատերազմ է սկսել Հայաստանի դեմ։ Չկարողանալով հաղթահարել Հայաստանի դիմադրությունը զենքի ուժով՝ նա խաբեությամբ գերել է Հայոց արքա Արշակ Բ-ին։ Այնուհետև պարսկական զորքերը ասպատակել են Հայաստանը, բազմահազար գերիներ տարել Պարսկաստան։ Սակայն 371-372 թվականներին հայ-հռոմեական զորքերը ջախջախել են պարսկական զորքերին և խափանել Հայաստանը նվաճելու Շապուհ II-ի փորձը։ Նրա օրոք ամրապնդվել է թագավորի և զրադաշտական հոգևորականության իշխանությունը, մեկ անգամ ևս համակարգվել է «Ավեստան» (վերջնական խմբագրումը կատարվել է VI դարում)։ Ուժեղացել է կրոնական հալածանքը(հատկապես քրիստոնյաների նկատմամբ)։

Շապուհ III[խմբագրել | խմբագրել կոդը]

Շապուհ III
ShapurIIICoinHistoryofIran.jpg

Շապուհ II-ից հետո կառավարել են մի շարք թույլ տիրակալներ․ Շապուհ III-ի օրոք (383-388) Հայաստանը բաժանվել է (387) Հռոմեական կայսրության և Սասանյանների պետության միջև, Հայաստանի մոտ 4/5 մասը անցել է Սասանյանների տիրապետության տակ։ Հազկերտ I (399-421) որոշ չափով թուլացրել է ավագանու և մոգերի ազդեցությունը, վարել կրոն, հանդուրժողականության քաղաքականություն Հայաստանի և Պարսկաստանի քրիստոնյաների հանդեպ, դրանից դժգոհ հոգևորականությունը և ազնվականությունը գահընկեց են արել Հազկերտ I-ին։

Վահրամ (Բահրամ, Վռամ) V Գոռի օրոք (421-439) Սասանյանները վերացրել են (428) հայ Արշակունիների թագավորությունը․ Հայաստանը դարձել է մարզպանություն։

Հազկերտ II[խմբագրել | խմբագրել կոդը]

Հազկերտ II-ը (439-457) Հայաստանի ներքին ինքնավարությանը վերջ տալու համար վարել է հայկական նախարարական ուժերը ջլատելու քաղաքականություն, պահանջել կրոնափոխություն։ Դա առաջացրել է ապստամբություն (Վարդանանց պատերազմ, Ավարայրի ճակատամարտ 451)։ Ապստամբություններ են տեղի ունեցել նաև Վիրքում և Աղվանքում։ Սասանյանների օրոք նոր, «արքայական» քաղաքների (Նև Շապուհ, Փերոզ Շապուհ, Գունդի Շապուհ, Վեհ Շապուհ և այլն) շինարարությունն ուղեկցվել է հին քաղաքների ինքնավարության վերացմամբ։ Պետության մեջ կարևոր դեր են կատարել վազուրգ-ֆրամաթարը (առաջին մինիստր), մոգպետան մոգպետը, էրան սպահպատը (գլխավոր հրամանատար) և այլ բարձր պաշտոնյաներ։ Իշխանության կենտրոնացումը բարձր ազնվականության ներկայացուցիչների, զորահրամանատարների և քրմության ձեռքին ուղեկցվել է պարսկ․ համայնքի շահագործման ուժեղացմամբ և V դարի հասարակական ու տնտեսական ճգնաժամի աճով։

Պերոզ[խմբագրել | խմբագրել կոդը]

Peroz.jpg
Dinar of Peroz II LACMA M.77.56.22 (2 of 2).jpg
Perozi.jpg

Մինչև V դարի կեսը Սասանյանների պետությունը հաջողությամբ պայքարել է արևելքից և հյուսիսից իրենց սպառնացող ցեղերի դեմ, սակայն հեփթաղների դեմ պայքարն ավարտվել է պարտությամբ, իսկ արքա Պերոզը (459-484)՝ սպանվել։ Սասանյանների պետությունը կորցրել է Մարվից արևելք գտնվող մարզերը։ Պերոզի օրոք ընդդեմ Սասանյանների կեղեքիչ քաղաքականության Հայաստանում և Անդրկովկասում բռնկել է ապստամբություն (Վահանանց պատերազմ 481-484)։ V դարի 90-ական թվականներին սկզբնավորվել է մազդակյան շարժումը, որի հետևանքով խոր փոփոխություններ են կատարվել երկրի կառավարման համակարգում, սոցիալ-քաղաքական կառուցվածքում և մշակույթի մեջ։ Սկսել են զարգանալ և ամրապնդվել ֆեոդալական հարաբերությունները։ Գյուղական համայնքի ներսում գույքային շերտավորման հետևանքով երևան է եկել ազատ դեհկանների խավը, որոնցից աստիճանաբար առանձնացել են մանր և միջին հողատերերը։ Նրանցից կախման մեջ են ընկել համայնքի աղքատացած անդամները։ V դարում շնչահարկից և գյուղատնտեսական մթերքներից գանձվող հարկից (բերքի 1/6-ից մինչև 1/3-ը) բացի գյուղացիները վճարել են այլևայլ հարկեր, կատարել պարհակներ։

Խոսրով I[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոսրով I Անուշիրվանի (531-579) և Կավադ I-ի (488-496, 498/499-531) ռեֆորմները կարգավորել են հարկային, ֆինանսական համակարգը, վերացել է տեղական իշխանություններին ենթակա աշխարհազորը, ստեղծվել է կանոնավոր և մշտական բանակ։ Խոսրով I-ի հարկային քաղաքականությունը Հայաստանում առաջ է բերել նոր ապստամբություն 571-572 թվականներին։ Մինչև VI դարի սկիզբը Սասանյանների պետությունը Բյուզանդիայի նկատմամբ վարել է հիմնականում խաղաղ քաղաքականություն․ պատերազմ նրանց միջև սկսվել է 502 թվականին։ Հայաստանը իր կողմը գրավելու համար Կավադ I-ը 502 թվականին ճանաչել է Հայոց եկեղեցու անկախությունը։ 502-503 թվականների ընթացքում պարսկական զորքերը ավերել են Միջագետքի բյուզանդական մասը և Ասորիքը, գրավել Ամիդը, սակայն Կովկասից հոների արշավանքի պատճառով Պարսկաստանը ստիպված էր հաշտություն կնքել (505 կամ 506)։ Հետագա պատերազմները (527-532, 540-562) ունեցել են փոփոխակի հաջողություն, չեն ազդել երկու երկրների սահմանների փոփոխության վրա։ 558-568 թվականներին ջախջախվել են հեփթաղները, Սասանյանների պետության մեջ ընդգրկվել են Աֆղանստանի և Միջին Ասիայի մի շարք շրջաններ, մուռ 570 թվականին պարսկական զորքերը գրավել են Եմենը, մոտ 589/590 թվականին ջախջախել Սասանյանների պետության տարածք ներխուժած թյուրքերին։

Խոսրով II[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոսրով II Ափարվեզի (591-628) օրոք ավարտվել է (591) Բյուզանդիայի և Սասանյանների պետության միջև 572 թվականին սկսված պատերազմը։ Պարսկաստանը, զորավար Վահրամ Չուբինի ապստամբությունը ճնշելու գործում Բյուզանդիայի օգնության դիմաց, զիջել է նախկինում գրաված որոշ տարածքներ, իսկ Հայաստանը բաժանվել է (591) երկու երկրների միջև։ 602-629 թվականների պարսկա-բյուզանդական պատերազմի սկզբնական շրջանում պարսկական զորքերը գրավել են Բյուզանդիայի արևելյան և հարավային մի շարք նահանգներ, երեք անգամ մոտեցել Բոսֆորին, սակայն անհաջողության են մատնվել, Խոսրով II գահընկեց է արվել։ 629 թվականի հաշտությամբ Սասանյանների պետությունը Բյուզանդիային է զիջել Խոսրով II-ի գրաված բոլոր տարածքները։ Երկարատև պատերազմները, որոնք հյուծել էին Սասանյանների պետության նյութական ռեսուրսները, և հարկերի ծանրացումը թուլացրել են Սասանյանների պետության քաղաքական և տնտեսական հզորությունը։ 628-632 թվականների ընթացքում փոփոխվել է շուրջ 10 գահակալ։

Հազկերտ III[խմբագրել | խմբագրել կոդը]

Հազկերտ III-ի (632-651/652) օրոք Սասանյանների պետությունը նվաճել են արաբները։

Սասանյան Պարսկաստանի արքայացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Bishapur (Iran) Sassanid Period 2.jpg

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. The Origins and Appearance of the Kurds in Pre-Islamic Iran, John Limbert, Iranian Studies, Vol. 1, No. 2 (Spring, 1968), pp. 41-51 (11 pages) Published By: Taylor & Francis, Ltd.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 193 CC-BY-SA-icon-80x15.png