Տիգրանակերտ (մայրաքաղաք)
| Տիգրանակերտ | |
|---|---|
| Տեսակ | անտիկ քաղաք և հնագիտական հուշարձան |
| Երկիր | Մեծ Հայք |
| Վարչատարածք | Աղձնիք և Դիարբեքիրի մարզ |
| Ձևավորում | մ. թ. ա. 78 |
| 38°08′32″N 41°00′05″E / 38.14222222°N 41.00138889°E | |
![]() | |
![]() | |
Տիգրանակերտ (արևմտահայերենով՝ Դիգրանագերդ, հին հունարեն՝ Τιγρανόκερτα, լատիներեն՝ Tigranocerta), քաղաք Մեծ Հայքի Աղձնիք նահանգի Նփրկերտ գավառում, Արևմտյան Տիգրիսի ձախակողմյան վտակ Քաղիրթի օժանդակ Նիկեփորիոնի ափին[1], ներկայիս Սիլվանի մոտակայքում, կամ Արզնում՝ Թուրքիայի Դիարբեքիր քաղաքից արևելք, կամ Գարզան գետի հովտում, ինչպես նշել է Թ. Ա. Սինքլերը[2][3]։ Հիմնադրվել է մ․թ․ա․ 70-ական թվականներին Տիգրան Մեծի կողմից որպես Մեծ Հայքի մայրաքաղաք[4]։
Հիմնադրում
[խմբագրել | խմբագրել կոդը]Տիգրան Մեծը, լինելով հելլենիստական մշակույթի կրող, իր կառավարման ընթացքում կառուցում է անվանական քաղաքներ։ Հայտնի են Տիգրանակերտ անունով 4 քաղաք և Տիգրանավան անունը կրող 3 քաղաք։ Տիգրանի նոր նվաճումները, ում տարածքները ձգվում էին Կասպից ծովից մինչև Սիրիայի հարավ, հանգեցրին նրան, որ նախկին մայրաքաղաք Արտաշատը, որը հիմնադրվել էր Արտաշես Ա–ի կողմից հայկական կայսրության ժամանակաշրջանում մեկուսացված էր հիմնական առևտրային ուղիներից և հայտնվել էր ընդարձակ տարածքների արևելյան անկյունում, որը հայոց արքային պարտադրում էր կառուցել նոր մայրաքաղաք[5]։ Մ․թ․ա. 70-ական թվականներին, երբ Մեծ Հայքը գտնվում էր իր հզորության գագաթնակետին, Տիգրան Բ Մեծը հիմնադրում է քաղաքը և այն կոչում իր անունով[1]։ Մայրաքաղաքը բնակեցնելու նպատակով Տիգրան Բ-ն Հայաստան է բռնագաղթեցնում նվաճված երկրների քաղաքային բնակչությանը։ Ապպիանոսի վկայությամբ, միայն Կապադովկիայից Հայաստան է տեղափոխվում 300 հզ մարդ[6], մոտավորապես 100 հազար մարդ էլ՝ Կիլիկիայի 12 քաղաքներից։ Շատ գիտնականներ մեջբերում են այս թվերը առանց քննադատական քննության[7][8][9], մինչդեռ Թոմաս Սինքլերը այն չափազանցված է համարել[9]: Կես միլիոնի հասնող ամբոխը, որը տեղափոխվել էր Հայաստան, բնակեցվում է Տիգրանակերտում, Արտաշատում, Արմավիրում, Երվանդաշատում, Վանում և այլ քաղաքներում[10]։ Ստրաբոնը գրում է․
«Հայոց թագավոր Տիգրանը նրանց (հրեաներին) դրեց ծանր կացության մեջ Կապադովկիա կատարած արշավանքների ժամանակ․ թագավորը բոլոր մաժակցիներին արտաքսեց Միջագետք՝ նրանցով կազմելով Տիգրանակերտի բնակչությունը։ Հետագայում Տիգրանակերտի գրավումից հետո նրանք ովքեր ի վիճակի էին, վերադարձան իրենց հայրենիք»[11]։
Տարանցիկ առևտրի զարգացման համար հարմար է եղել Տիգրանակերտի աշխարհագրական դիրքը։ Հարավով էր անցնում Շոշից Սարդես ձգվող Արքայական ճանապարհը, որով Տիգրանակերտը կապվել է Միջագետքի, Արևելքի և Արևմուտքի երկրներին[12]։
Կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Մանազկերտի ու Զարեհավանի վրայով Արտաշատ տանող Արքունի պողոտան սկսվել է Տիգրանակերտից։ Տնտեսական և ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Արածանիի հովտին կապվել է Ներջիկի և Շենիկի լեռնային շրջանների միջով ձգվող ճանապարհով։ Կարճ ժամանակամիջոցում Տիգրանակերտը դարձել է Արևելքի հելլենիստական տիպի հռչակավոր քաղաքներից։ Այն շրջապատված է եղել 50 կանգուն (մոտ 25 մ) բարձրությամբ պարսպապատով, որի մեջ ներսի կողմից կառուցված են եղել պահեստներ, զինանոցներ, ախոռներ[10]։ Տակիտոսը նկարագրում է Տիգրանակերտը որպես՝
«Քաղաք, որն ուներ բազմաթիվ պաշտպաններ և հզոր պարիսպներ։ Բացի այդ, քաղաքային ամրությունների մի մասով հոսում է բավականին լայն Նիկեփորիոս գետը»[13]։
Ունեցել է միջնաբերդ։ Քաղաքն ունեցել է ութ դարպաս, որոնցից հայտնի էր Արզանը. բառացի նշանակում է «Հուղարկավորությունների դարպաս»։ Գտնվում էր քաղաքի հարավային մասում։ Ըստ ավանդության Մարուբան քաղաքի բոլոր աշտարակների ու դարպասների ճակատին գրել է Կոստանտին կայսրի ու նրա մոր՝ Հելենայի անունները[14]։
Տիգրան Բ Մեծի շքեղ պալատը գտնվել է քաղաքից դուրս, պարտեզների և ծաղկանոցների մեջ[1]։ Մայրաքաղաքի առաջընթացը նույնիսկ չկանգնեցրին Լուկուլլոսի (մ․թ․ա. 69 թվական) և Պոմպեոսի (մ․թ․ա. 66 - 65 թվականներ) արշավանքները։ Չնայած, Լուկուլլոսի կողմից գրավվելու ժամանակ այն մասնակիորեն ավերվում է, սակայն դա անցողիկ երևույթ էր և էական ազդեցություն չթողեց քաղաքի ընդհանուր կյանքի վրա։ Տիգրանակերտի բնակչության մեծ մասը զբաղվել է արհեստագործությամբ և առևտրով։ Հավանաբար այստեղ քիչ են զբաղվել երկրագործությամբ։ Դրա պատճառով է, որ բնակչության թվի համեմատ Տիգրանակերտը փոքր տարածություն է գրավել։ Տիգրանակերտը նման չի եղել հին Արևելքի ստրկատիրական այն քաղաքներին (Բաբելոն, Նինվե և այլն), որոնք ունեցել են լայնատարած ցանքեր ու այգիներ և փռված են եղել մեծ տարածությունների վրա։ Ակնհայտ կերպով դա երևում է այն բանից, որ Լուկուլլոսը համեմատաբար քիչ զորքերով կարողացել է շրջապատել բազմամարդ քաղաքը:
Քաղաքի ավերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Տիգրանի ծրագրերը հաջողությամբ չպսակվեցին. շատ նախագծեր ու պլաններ ձախողվեցին Տիգրանակերտի ճակատամարտի պատճառով, որտեղ միմյանց դեմ մարտնչում էին Հռոմեական հանրապետության և Տիգրան Բ Մեծի կայսրության բանակները: Ճակատամարտը տեղի ունեցավ մ.թ.ա. 69 թվականի հոկտեմբերի 6-ին: Այս ճակատամարտում Տիգրանի զորքը ծանր պարտություն կրեց, ինչը հանգեցրեց նրա կայսրության փլուզմանը: Արևմուտքում Հռոմի դեմ պատերազմում Միհրդատ Զ-ի անհաջողությունների աճող քանակը մոտեցնում էր տարածաշրջանում հայկական հեգեմոնիայի վերջը: Հռոմեացի զորավար Լուկուլլոսի կողմից Պոնտոսի արքային հասցված հերթական պարտությունից հետո Միհրդատ Եվպատորը փախուստով փրկվեց և ապաստանեց Տիգրան Բ-ի տիրույթներում: Իմանալով այս մասին՝ Լուկուլլոսը դեսպան Ապպիոս Կլոդիոսին ուղարկեց Մեծ Հայքի արքայի արքունիք՝ պահանջելով հանձնել աներոջը և Հռոմի կողմը գրավել մի շարք հպատակ քաղաքների ու վասալ թագավորների: Այդ պահին Լուկուլլոսն արդեն ծրագրում էր հանկարծակի հարձակում Հայաստանի վրա, որը պետք է տեղի ունենար առանց պատերազմ հայտարարելու: Ստանալով Տիգրանի մերժումը՝ հանձնել Հռոմի վերջին տարիների գլխավոր թշնամուն, Լուկուլլոսը հարձակվում է Մեծ Հայքի վրա[10]:
Մ.թ.ա. 69 թվականի ամռանը Լուկուլլոսն ու նրա զորքերը ներխուժեցին Կապադովկիա, որից հետո անցան Եփրատը և մտան Մեծ Հայքի Աղձնիք նահանգը, որտեղ գտնվում էր Տիգրանակերտը` նպատակ ունենալով կործանել Տիգրան Մեծի տերությունը, ինչը սկիզբ դրեց հայ-հռոմեական բազմամյա պատերազմին: Հռոմեացիների ներխուժման լուրը Տիգրանի համար լիակատար անակնկալ էր. նա այդ ժամանակ գտնվում էր Պաղեստինում և զարմացած էր նրանց առաջխաղացման արագությամբ, ինչին մեծապես նպաստեցին Հռոմի կողմն անցած քաղաքները: Լուկուլլոսի արշավանքն այնքան սրընթաց էր, որ Տիգրանն այդ մասին իմացավ մեծ ուշացումով, երբ արդեն հնարավոր չէր որևէ բան փոխել: Հազիվ էր հասել պատերազմի սկսվելու լուրը, երբ թշնամիներն արդեն կանգնած էին նրա մայրաքաղաքի պարիսպների տակ: Չսպասելով հռոմեական զորքերի նման արագ հարձակմանը՝ Հայաստանի արքան, Լուկուլլոսի առաջխաղացումը կասեցնելու համար, ուղարկեց զորավար Միհրբարզանին 2-3 հազար զինվորով, հանձնարարելով կասեցնել թշնամու առաջխաղացումը: Հռոմեացիներին երկար ժամանակ կասեցնել չհաջողվեց. հայկական փոքրաքանակ ուժերը պարտություն կրեցին: Իմանալով իր զորավարի պարտության մասին՝ Տիգրանը քաղաքի պաշտպանությունը հանձնարարեց Մանկայոսին, ով քաղաքի կայազորի հետ հերոսական դիմադրություն ցուցաբերեց իսկ հայկական հեծելազորի համարձակ գիշերային գործողության շնորհիվ քաղաքից դուրս բերվեց արքունի գանձերն ու կանանոցը[15]։ Տիգրանը լավ գնահատելով իրավիճակը մեկնեց երկրի խորքը՝ Տավրոսի լեռներ՝ բանակ հավաքելու: Սակայն Տիգրանը ժամանակ չուներ լիարժեք բանակ հավաքելու համար. Լուկուլլոսն ուղարկեց իր երկու զորավարներին՝ նպատակ ունենալով շեղել և խանգարել Տիգրանին: Առաջինը՝ Մուրենան, խանգարում էր Տիգրանին, երկրորդը՝ Սեկստիլիոսը, շարժվեց դեպի Տիգրանի հետ միավորման գնացող արաբական բանակը: Օգտվելով այն հանգամանքից, որ Տիգրանի բանակը շեղված էր, Լուկուլլոսը պաշարեց Տիգրանակերտը, բայց մեծ ու բազմամարդ քաղաքը գրոհելու համար նրա ուժերը բավարար չէին[16]:
Հոկտեմբերի սկզբին Տիգրանի բանակը մոտեցավ Տիգրանակերտին, և բախումը հռոմեացիների հետ դարձավ անխուսափելի։ Տիգրանակերտի ճակատամարտը, ինչպես երևում է սկզբնաղբյուրների վկայություններից, տեղի է ունեցել Նիկեփորիա գետի մոտ, որի հարևանությամբ՝ մոտ յոթ հարյուր հիսուն մետր հեռավորության վրա, գտնվում էր մի ցածրադիր բլուր։ Ըստ Պլուտարքոսի՝ պաշարված տիգրանակերտցիները տեսնում և հռոմեացիներին էին մատնանշում Տիգրանի զորքերի տեղակայման վայրը։ Լուկուլլոսը, ըստ Պլուտարքոսի, որոշեց զորքի մի մասով շարունակել Տիգրանակերտի պաշարումը, իսկ մյուսով՝ շարժվել Տիգրանի դեմ։ Տիգրանակերտի պարիսպների մոտ նա թողեց վեցհազարանոց զորք՝ իր զորավար Մուրենայի գլխավորությամբ։ Մնացած բանակով, որը, ըստ Պլուտարքոսի տվյալների, բաղկացած էր տասը հազար հետևակից, երեք հազար հեծելազորից և մեկ հազար թեթևազեն զինվորներից, Լուկուլլոսը հանդես եկավ Տիգրանի դեմ ում բանակը կազմում էր մոտ 80000 բազմազգ և խայտաբղետ կազմով։ Լուկուլլոսը, ինչպես հաղորդում է Ապպիանոսը, ցանկանում էր խաբել Տիգրանին, ուստի նրա դեմ ճակատից ուղարկեց միայն իր արագաշարժ հեծելազորը, իսկ ինքը՝ հռոմեական ողջ հետևակի հետ միասին, դեռևս մարտի դաշտ չհասած, շրջանցեց թշնամու թիկունքը և այնտեղից՝ բլրի վրայից, հարձակվեց գումակի (սայլախմբի) վրա. դրանով իսկ Լուկուլլոսը այն փախուստի մատնեց և հետ մղեց դեպի հետևակը։ Լեգեոնների հարվածը թևերից՝ ազգային կազմով խայտաբղետ հայկական բանակի անկանոն շարքերին, հանգեցրեց Տիգրանի զորքերի հիմնական մասի շրջափակմանը։ Հայկական բանակի կորիզը՝ հայկական ծանր հեծելազորը (կատաֆրակտոսները) չկարողացան արդյունավետ մարտնչել սեղմված տարածքում և ստիպված եղան նահանջել ինչն էլ հանգեցրեց պարտության[15]։ Սակայն հռոմեացիներին չհաջողվեց ոչնչացնել շրջափակված բանակը, և նրա գլխավոր ուժերն այնուամենայնիվ հասցրին լքել մարտի դաշտը։ Մ.թ.ա. 69 թվականի հոկտեմբերի 6-ին Տիգրանակերտը կործանվեց Լուկուլլոսի գլխավորած հռոմեացիների կողմից։ Նրանց առջև դարպասները բացեցին Տիգրան Բ Մեծի կողմից իրենց հողերից վերաբնակեցված գերի կապադովկիացիները, ինչից հետո կողոպտեցին քաղաքը՝ մարդկանցից շատերին հետ ուղարկելով իրենց հայրենի տները: Թալանից հետո, որը ներառում էր արձանների և տաճարների ոչնչացումը, քաղաքը հրկիզվեց: Առատ քանակությամբ ոսկի և արծաթ որպես պատերազմական ավար տարվեց Հռոմ: Լուկուլլոսը վերցրեց ոսկու և արծաթի մեծ մասը հալեցված արձաններից, կժերից, գավաթներից և այլ թանկարժեք մետաղներից ու քարերից: Կողոպտման ժամանակ քաղաքի բնակիչների մեծ մասը փախավ գյուղական վայրեր: Նորակառույց թատրոնի շենքը նույնպես ոչնչացավ հրդեհից: Մեծ քաղաքն այդպես էլ երբեք չվերականգնվեց այս կործանարար ավերածությունից[16]: Այս անհաջողություններից հետո Տիգրան Մեծը չընկրկեց․ նա ձմռանը կազմակերպեց համաժողովրդական զորահավաք՝ բանակը համալրելով 105 հազար մարտունակ հայ շինականներով և Միհրդատ Եվպատորի օգնությամբ վերակազմավորեց զորքը՝ շեշտը դնելով հայկական հեծելազորի հզորացման վրա։ Չնայած Լուկուլլոսի ջանքերին և Պարթևստանի հետ դաշինք կնքելու փորձերին, Տիգրանը պահպանեց մարտական ոգին և նախապատրաստվեց պատերազմի երկրորդ փուլին, որը մ․թ․ա․ 68 թվականի ամռանը ռազմական գործողությունները տեղափոխեց Հայաստանի խորքերը՝ դեպի Արտաշատ[15]։
Տիգրանակերտը կրկին գրավվեց հռոմեացիների կողմից Կորբուլոնի գլխավորությամբ՝ 58–63 թվականների հռոմեա-պարթևական պատերազմի ժամանակ[17]: Չնայած դրան, այս տարածաշրջանը դարեր շարունակ մնաց հայկական մշակույթի և հայերի բնակեցման կենտրոն ընդհուպ մինչև 19-րդ դարի վերջի – 20-րդ դարի սկզբի Օսմանյան կայսրության տարածքում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը, երբ տեղի հայ բնակչությունը ձուլվեց, բնաջնջվեց կամ դուրս մղվեց քրդերի ու թուրքերի կողմից[16]։
Հետտիգրանյան Տիգրանակերտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տիգրանակերտը Տիգրան Մեծից հետո այլևս բուռն զարգացում չի ունենում։ Այդ հանգամանքը առաջին հերթին բացատրվում է նրանով, որ Տիգրանից հետո Տիգրանակերտն ընդմիշտ դադարում է մայրաքաղաք լինելուց։ Հայաստանը 2-3-րդ դարերից սկսում է թևակոխում է ավատատիրության դարաշրջան, երկրում զարգանում է ավատական ինքնաբավ տնտեսությունը։ Ինչպես նախկին հելլենիստական տիպի քաղաքները՝ Արտաշատը, Երվանդաշատը, Զարիշատը, Զարեհավանը, Արշամշատը, Արկաթիակերտը և մյուսները, իբրև արհեստագործության, առևտրի ու հելլենիստական մշակույթի կենտրոններ, աստիճանաբար կորցնում են իրենց նախկին նշանակությունը և վերածվում ավատական քաղաքների։ Նույնպիսի ճակատագիր է ունենում Տիգրանակերտը։ Երկրի քաղաքական կենտրոնները Տիգրանից հետո դառնում էին բացառապես այն քաղաքները, որոնք գտնվում էին Այրարատյան աշխարհում (Վաղարշապատ, Դվին, Կարս, Անի և այլն)[12]։ Սակայն Տիգրանակերտ քաղաքի տնտեսական ու մշակութային կյանքի վրա առանձնապես բացասաբար էին անդրադառնում Հռոմի ու Պարսկաստանի միջև պարբերաբար մղվող պատերազմները, պատերազմներ, որոնց համար թատերաբեմ էին դարձել ոչ միայն Հյուսիսային Միջագետքը, այլ նաև Հայաստանի հարավարևմտյան շրջանները։ Տիգրանակերտն ավելի աննպաստ պայմանների մեջ ընկավ հատկապես, երբ 387 թվականին Հայաստանը Հռոմի և Պարսկաստանի միջև բաժանվեց։ Այն գտնվում էր այս բաժանման գծի վրա, հռոմեական սահմանում։ Սահմանային լինելով, ժամանակի ընթացքում հռոմեացիները այն դարձնում են սովորական բերդաքաղաք։ Տիգրանակերտը հետագա դարերում ավելի է կորցնում իր տնտեսական նշանակությունը[5]։ 7-9-րդ դարերում՝ արաբական տիրապետության շրջանում Տիգրանակերտը, որն այդ ժամանակ արդեն կոչվում էր Մուաֆարկին (կամ Ֆարկին) մասնակի աշխուժացում է ապրում, որովհետև նա մի մեծ մարզի վարչական կենտրոն էր։ Սակայն գտնվելով արաբական խալիֆայության և Բյուզանդական կայսրության սահմանային շրջանում՝ Տիգրանակերտը դառնում է սոսկ բերդաքաղաք, բազմամարդ կայազորի տեղադրավայր և պարբերաբար ավերվում էր այդ երկու աշխարհակալ պետությունների միջև մղվող երկարամյա պատերազմների հետևանքով։ 12-րդ դարում այն աստիճանաբար կորցնում է իր նշանակությունը և վերածվում է անշուք մի բնակավայրի։ Մշտական պեղումներ չեն կատարվել Տիգրանակերտի ավերակներում[18]։ Տիգրանակերտ մայրաքաղաքի ավերակները գտնվում են այժմյան Մանուֆարկին գյուղի մոտ, ժամանակակից Սիլվան քաղաքի մոտակայքում, Դիարբեքիր (պատմական Ամիդ) քաղաքից մոտ 60 կմ հյուսիս-արևելք, Սասնա լեռների հարավային ստորոտին[19]։ Օսմանյան ժամանակաշրջանում հայերը Դիարբեքիր քաղաքն անվանում էին Տիգրանակերտ (արևմտահայերեն արտասանությամբ՝ Տիկրանակերտ/Դիգրանակերդ)[20]:
Տիգրանակերտի թատրոն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայ թատրոնի գոյության վերաբերյալ ամենահին հիշատակությունը Տիգրանակերտի թատրոնի հետ է կապված։ Տիգրան Մեծը հայկական աշխարհակալ տերության հզորությունն ու տնտեսությունն ամրապնդելուն զուգընթաց՝ հոգացել է նաև մշակույթի զարգացման մասին։ Նա Տիգրանակերտում հավաքել է տարբեր երկրներից արհեստների և արվեստների որակյալ մասնագետներ, այդ թվում՝ դերասաններ, կառուցել թատրոնի շենք։ Հելլենիստական տիպի թատրոն էր Տիգրանակերտի թատրոնը՝ հունարեն խաղացող դերասանական խմբով։ Խաղացանկը կազմված էր հույն դրամատուրգների գործերից։ Մ․թ․ա. 69 թվականին Լուկուլլոսը, գրավելով Տիգրանակերտը, իր հաղթանակը տոնել է Տիգրանակերտի թատրոնում, ապա ազատ արձակել ամենքին՝ վերադառնալու իրենց վայրերը։ Միակ աղբյուրը Տիգրանակերտի թատրոնի մասին հույն պատմիչ Պլուտարքոսի «Զուգահեռ կենսագրություններ» աշխատությունն է։ Հայ թատրոնը Տիգրանակերտի թատրոնից հետո գոյատևել է Արտաշատում[19]։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 700)։ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 Հայկական սովետական հանրագիտարան, Հատոր 11. Երևան: Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիա. 1985. էջ 699.
- ↑ Արևելյան Թուրքիա. ճարտարապետական և հնագիտական ուսումնասիրություն, հատոր III. Pindar Press. 1989-12-31. էջ 297. ISBN 978-0-907132-34-9.
{{cite book}}:|first=missing|last=(օգնություն); line feed character in|first=at position 15 (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link) - ↑ Հասմոնյան պետության պատմությունը. Հովսեփոսը և նրա հաջորդները. Bloomsbury Publishing. 2016-09-22. էջ 297. ISBN 978-0-567-66903-2.
{{cite book}}:|first=missing|last=(օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Всемирная история. 1956. էջեր 2, ч. II, гл. XIII:.
{{cite book}}:|first=missing|last=(օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link) - 1 2 Hovannisian, Richard G. (1997). The Armenian people from ancient to modern times. Internet Archive. New York : St. Martin's Press. ISBN 978-0-312-10169-5.
- ↑ Արևելյան Թուրքիա. ճարտարապետական և հնագիտական ուսումնասիրություն, հատոր III. Pindar Press. 1989. էջ 364. ISBN 9780907132349.
{{cite book}}:|first=missing|last=(օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Տիգրան II-ը և Հռոմը. Կոստա Մեսա, Կալիֆոռնիա: Mazda Publishers. 2007. էջեր 40. ISBN 978-1-56859-166-7.
{{cite book}}:|editor-first=missing|editor-last=(օգնություն);|first=missing|last=(օգնություն) - ↑ Frank, Tenney (1959). An economic survey of ancient Rome. Internet Archive. Paterson, N.J. : Pageant Books.
- 1 2 Պոնտոսի արքան. Միհրդատ Եվպատորի կյանքը. Coward-McCann. 1959. էջ 143.
{{cite book}}:|first=missing|last=(օգնություն) - 1 2 3 «Аппиан. Римская история. Кн. XII. Митридатовы войны». ancientrome.ru. Վերցված է 2026-04-14-ին.
- ↑ География, Книга XII.
{{cite book}}:|first=missing|last=(օգնություն);|work=ignored (օգնություն) - 1 2 «Հայ ժողովրդի պատմություն» (PDF). էջ 126.
{{cite web}}:|first=missing|last=(օգնություն) - ↑ «Корнелий Тацит. Анналы. Книга VI». ancientrome.ru. Վերցված է 2026-04-14-ին.
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 433 — 992 էջ։
- 1 2 3 ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ հատոր l գիրք երկրորդ. ԶԱՆԳԱԿ. 2024.
{{cite book}}:|first=missing|last=(օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - 1 2 3 «Плутарх. Сравнительные жизнеописания. Лукулл». ancientrome.ru. Վերցված է 2026-04-14-ին.
- ↑ Հանուն Հռոմի. մարդիկ, ովքեր նվաճեցին Հռոմեական կայսրությունը. Լոնդոն. Weidenfeld & Nicolson. 2003.
{{cite book}}:|first=missing|last=(օգնություն)CS1 սպաս․ այլ (link) CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Հակոբյան, Թադևոս (1987). Պատմական Հայաստանի քաղաքները. Երևան: Հայաստան հրատարակչություն.
- 1 2 «Տիգրանակերտ (մայրաքաղաք)». Արև Տեր-Դավթյան. 11.09.2018. Վերցված է 2023/03/22-ին.
- ↑ Armenian Tigranakert/Diarbekir and Edessa/Urfa: Կոստա Մեսա, Կալիֆոռնիա. Mazda Publishers. 2006. էջ 2. ISBN 9781568591537.
{{cite book}}:|first=missing|last=(օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
| ||||||
| ||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 699)։ |

