Հելլենիստական մշակույթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հելլենիստական մշակույթ, հասկացությունն օգտագործվում է երկու իմաստով. ժամանակագրական՝ հելլենիզմի ժամանակաշրջանի մշակույթը, և տիպաբանական մշակույթ, որն առաջացել է հունական (հելլենական) և տեղական տարրերի փոխազդեցության հետևանքով։ Տիպաբանական իմաստն ընդգրկում է ժամանակագրական և աշխարհագրական ավելի լայն շրջանակներ՝ այդ հասկացության մեջ մտցնելով ամբողջ անտիկ աշխարհի մշակույթը՝ սկսած Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքներից (մ. թ. ա.IV դար) մինչև Հռոմեական կայսրության անկումը (մ. թ. V դար)։ Հելլենիստական աշխարհում ձևավորված մշակույթը միակերպ չէր։ Յուրաքանչյուր վայրում այն ձևավորվում էր մշակույթի տեղական, առավել հաստատուն, ավանդական տարրերի և նվաճողների ու վերաբնակների (հույների և ոչ հույների) մշակույթի փոխազդեցությունից։ Համադրության ձևերը պայմանավորված էին որոշակի հանգամանքներով՝ տարբեր էթնիկական խմբերի (բնիկների և եկվորների) թվային հարաբերակցությամբ, նրանց տնտեսական և մշակութային մակարդակով, սոցիալական կազմակերպությամբ, քաղաքական իրադրությամբ և այլն։ Եվ, այնուամենայնիվ, Հելլենիստական մշակույթի տեղական տարբերակներին հատուկ են որոշ ընդհանուր գծեր, որոնք պայմանավորված են մի կողմից՝ ամբողջ հելլենիստական աշխարհում հասարակության սոցիալ-տնտեսական, քաղաքական զարգացման միանման միտումներով և, մյուս կողմից, այդ համադրության մեջ հունական մշակույթի տարրերի պարտադիր մասնակցությամբ։ Քաղաքների պոլիսային կառուցվածքի զուգորդմամբ՝ հելլենիստական միապետությունների առաջացումը նպաստել է մարդու և հասարակության նոր իրավական հարաբերությունների, սոցիալ-հոգեբանական նոր կերպարի, նրա գաղափարախոսության նոր բովանդակության ստեղծմանը։ Տնտեսական, քաղաքական և սոցիալական հակասությունների սրումը, անընդհատ զինված ընդհարումները, քաղաքային պատկանելության որոշակի զգացումից անցումը կոսմոպոլիտ, ամորֆ մի մեծ աշխարհի պատկանելու զգացման իրենց կնիքն են դրել Հելլենիստական մշակույթի վրա։ Ուժեղացել է կրոնական և խորհրդապաշտական մտածելակերպի ու աշխարհայացքի տեսակարար կշիռը, ընդգծվել պրակտիցիզմի ու ուտիլիտարիզմի ոգին։ Այդ ամենի ազդեցության տակ զարգացել են կիրառական գիտությունները (բժշկություն, մեխանիկա, մաթեմատիկա), և փաստորեն տեղի է ունեցել բնական գիտությունների նախնական բաժանումը փիլիսոփայությունից։

Հելլենիստական տիրակալները մշակույթը ծառայեցնում էին հպատակներին միավորելու և իրենց իշխանությունն ամրապնդելու նպատակին։ Նրանց հովանավորությամբ ձևավորվեցին մշակույթի կենտրոններ Ալեքսանդրիան, Պերգամոնը, Անտիոքը և այլն։

Ալեքսանդրիան Ք.ա. III դարի առաջին կեսից սկսեց վերածվել համաշխարհային մշակույթի կենտրոնի։ Ստեղծվեց նշանավոր Մուսեյոնը։ Այստեղ ստեղծագործելու համար հրավիրվեցին ժամանակի ականավոր մաթեմատիկոսներ, աշխարհագրագետներ, պատմագիրներ, իմաստասերներ ու բանաստեղծներ։ Պետությունը հոգում էր նրանց բոլոր ծախսերը։ Ժամանակի ընթացքում ձևավորվեց Ալեքսանդրիայի գրադարանը, որտեղ պահվում էր շուրջ 500 հազար ձեռագիր պապիրուս։

Հելլենիստական գիտության նվաճումներից էր նաև Ալեքսանդրիայի փարոսը՝ շուրջ 120 մետր բարձրությամբ մի աշտարակ։ Փարոսի բրոնզե հայելիները լուսավորվում էին ծովը և ապահովում անվտանգ նավարկություն։

Պերգամոնը համանուն թագավորության մայրաքաղաքն էր։ Այն Փոքր Ասիայի արևմուտքում էր։ Ք.ա. III դարի վերջին այստեղ հիմնվեցին ակադեմիա և գրադարան՝ 350 հազար ձեռագրով։ Այստեղ հորթի կաշվից ստեղծվել էր գրության հատուկ նյութ՝ մագաղաթ։

Անտիոքը նույնպես ամբարել էր մեծ քանակությամբ գիտական և գեղարվեստական գրականություն։ Այստեղ ձևավորվել էր իմաստասիրական դպրոց, որը շարունակվում էր Արիստոտելի Լիկեոնի ավանդույթները։

Ժամանակակիցները հիացմունքով էին խոսում Անտիոքի ճարտարապետական տեսքի մասին։ Նրբագեղությամբ այն չուներ հավասարը ողջ հելլենիստական աշխարհում։

Կրոն և դիցաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զևս
Դիոնիսոս

Հելլենիստական կրոնի և դիցաբանության առավել բնորոշ գիծը սինկրետիզմն է, չտարբերակվածությունը։ Հունական դիցաբանության աստվածները նույնացվել են հին արևելյան աստվածությունների հետ՝ օժտվելով նոր գծերով։ Փոփոխվել են նաև աստվածությունների պաշտամունքի ձևերը, միստերիաները ձեռք են բերել անառակությամբ ուղեկցվող ցոփ ու շվայտ բնույթ։ Աստիճանաբար մեծ տարածում են գտել մի քանի համընդհանուր աստվածություններ։ Պահպանելով տեղական պաշտամունքային առանձնահատկությունները՝ դրանք մարմնավորել են նաև տարբեր ժողովուրդների առավել պաշտելի աստվածների համանման հատկանիշները։ Այդպիսի նշանակություն է ձեռք բերել Զևսը, որից հետո առավել տարածվածը Դիոնիսոսի պաշտամունքն էր։ Կանացի աստվածություններից գլխավորը և ամենուր պաշտվողը եգիպտական Իզիդան էր, որը մարմնավորում էր հունական և ասիական բազմաթիվ աստվածուհիների գծերը։ Հելլենիստական դարաշրջանի յուրահատուկ ծնունդն էր Սերապիսի պաշտամունքը։ Հույները գրեթե անփոփոխ ձևով ընդունեցին արևելյան որոշ պաշտամունքներ։ Հելլենիստական թագավորները, օգտագործելով արևելյան ավանդույթները, արմատավորում էին թագավորի անձի պաշտամունքը։ Կրոնների մեջ նկատելի է դառնում տեղական և մարդակերպ աստվածների պաշտամունքի թուլացումը, ձևավորվում է տիեզերական, հոգևոր, միասնական աստծու գաղափարը։ Այդ միտումը քրիստոնեության առաջացման սուբյեկտիվ հիմքերից մեկն էր։ Հակաստրկատիրական ժողովրդական շարժումների արմատական հեղափոխական թևի պարտությունը նպաստեց նրա միստիկական տարբերակի ուժեղացմանը, որը նույնպես օժանդակեց հելլենիզմի պայմաններում քրիստոնեության սաղմնավորմանը։

Փիլիսոփայություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հելլենիզմի դարաշրջանում իրենց գործունեությունն են շարունակում պլատոնյան ակադեմիան, պերիպատետիկյան դպրոցը, կինիկները և կիրենյան դպրոցը։ Ծագում են փիլիսոփայական նոր դպրոցներ՝ սկեպտիցիզմը, էպիկուրականությունը և ստոիցիզմը, որոնք վիճարկում էին իրենց ազդեցությունը հելլենիստական աշխարհի վրա տարածելու առաջնությունը։ Փիլիսոփայական այս ուսմունքների ուշադրության կենտրոնում մարդ անհատն էր, այդ պատճառով գոյաբանական հարցերին փոխարինելու է գալիս բարոյագիտականը։ Մ. թ. ա. II դարի կեսից սկսվում է սակրալիզացիայի՝ փիլիսոփայությունը Հունաստանի և Արևելքի կրոնադիցաբանական ավանդույթներին մերձենալու պրոցեսը։ Հելլենիստական փիլիսոփայությունը սկսում է էկլեկտիկորեն միավորել տարբեր համակարգեր։ Այդ պրոցեսի կենտրոնական դեմքը Պոսիդոնիոսն է։ Նա պյութագորասյան, պլատոնյան և ստոիկյան փիլիսոփայությունը համադրել է պլատոնյան ստոիցիզմի մանրամասն մշակված ու ընդհանրացված համակարգում, որը մեծ ազդեցություն է ունեցել անտիկ փիլիսոփայության վրա՝ ընդհուպ մինչև Պլոտինոսը։

Բնագիտական հայացքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հելլենիստական աշխարհի խոշորագույն գիտական կենտրոնը Ալեքսանդրիան էր՝ Ալեքսանդրիայի Մուսեյոնով և Ալեքսանդրիայի գրադարանով։ Մյուս կարևոր գիտական կենտրոններից էին Պերգամոնը, Անտիոքը և Հռոդոս կղզին։ Այդ կենտրոններում գործում էին հիմնականում հույն գիտնականներ։

Մաթեմատիկայի և աստղագիտության նվաճումներ (մ. թ. ա. III-II դարերում)[խմբագրել | խմբագրել կոդը]

Էվկլիդես
Արքիմեդ

Կապված են Էվկլիդեսի, Արքիմեդի, Ապոլոնիոս Պերգացու, Արիստարքոս Սամոսացու, Հիպարքոսի անունների հետ։ Նրանց աշխատություններով հելլենիստական գիտությունը մոտեցավ մի շարք խնդիրների (դիֆերենցիալ և ինտեգրալ հաշիվ, կոնական հատույթների տեսություն, աշխարհի արևակենտրոն համակարգ և այլն), որոնք հետագա զարգացում գտան միայն նոր ժամանակներում։ Որպես Արիստարքոսի արևակենտրոն համակարգի հետևորդ հանդես է եկել Սելևկոս Սելևկացին (մ. թ. ա. II դար), որը բացահայտել է Լուսնի դիրքից կախված ծովային մակընթացությունների և տեղատվությունների օրինաչափությունները։ Տեսական մեխանիկայի նվաճումները կապված են առաջին հերթին Արքիմեդի անվան հետ։ Կիրառական մեխանիկայի զարգացմանը նպաստեցին Կտեսիբիոսի բազմաթիվ հայտնագործությունները։ Այդ բնագավառի նվաճումները ամփոփվեցին Հերոն Ալեքսանդրացու աշխատություններում։ Աշխարհագրական գիտելիքների զարգացման գործում մեծ էր Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքների դերը։ Արիստոտելի աշակերտը՝ Դիկեարքոսը (մ. թ. ա. մոտ 300), կազմել է այն ժամանակ հայտնի ամբողջ Էյկումենի քարտեզը և փորձել որոշել երկրագնդի չափերը։ Նրա արդյունքները ճշտել է Էրատոսթենես Կիրենացին, որն արդյունավետ աշխատել է գիտելիքների տարբեր ոլորտներում։ Դարաշրջանի աշխարհագրական գիտելիքները ամփոփվել են Ստրաբոնի «Աշխարհագրություն» գրքում։ Հելլենիստական մտավորականները մեծ հաջողությունների են հասել բուսաբանության (Թեոֆրասա), մարդու անատոմիայի և բժշկության (Հերոփիլոս Քաղկեդոնացի, Երասիստրատոս) բնագավառներում։ Այդ գիտնականների ազդեցությամբ մ. թ. ա. III-II դարերում ստեղծվեց էմպիրիկ բժիշկների (Փիլինոս Կոսացի, Սերապեյոն Ալեքսանդրացի և ուրիշներ) դպրոց։

Պատմական գիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմական երկերի հիմնական նյութը եղել են ոչ հեռավոր անցյալի և պատմագիրների ժամանակակից իրադարձությունները։ Կարևոր տեղ են գրավել պատմության մեջ ճակատագրի ու ականավոր անհատների դերի, պետության իդեալական ձևի մասին հարցերը։ Պատմական ստեղծագործությունների մի զգալի մասը իր ոճով մոտ էր գեղարվեստական գրականությանը։ Այդպես են գրված Կալիսթենեսի (մ. թ. ա. IV դար) և Կլիտարքոս Ալեքսանդրացու (մ. թ. ա. III դար)՝ Ալեքսանդր Մակեդոնացու վարքը, Տիմեոս Տավրոմենացու (մ. թ. ա. III դար)՝ արևմտամիջերկրածովյան երկրների հույների պատմությունը, Փիլարքոս Աթենացու (մ. թ. ա. III դար)՝ մ. թ. ա. 280-219 թվականների Հունաստանի պատմությունը։ Պատմական ստեղծագործությունների մի մասին հատուկ էր լոկ փաստագրական շարադրանքը, մասնավորապես՝ Եգիպտոսի թագավոր Պտղոմեոս I-ի (մ. թ. ա. 305-285 թվականներ)՝ Ալեքսանդրի արշավանքների պատմությունը, Հիերոնիմոս Կարդիացու (մ. թ. ա. IV-III դարեր)՝ դիադոքոսների պայքարի պատմությունը և այլն։ Համաշխարհային պատմությունը շարադրել են մ. թ. ա. II դարում խոշորագույն պատմիչ Պոլիբիոսը, Պոսիդոնիոս Ապամեյացին (մ. թ. ա. II-I դարեր), մ. թ. ա. I-ից մ. թ. I դարերի պատմիչներ Նիկողայոս Դամասկոսցին, Դիոդորոս Սիկիլիացին։ Մ. թ. ա. III դարի սկզբին երևան են եկել ոչ հունա-մակեդոնական հեղինակների՝ Մանեթոնի («Եգիպտոսի պատմությունը»), Բերոսոսի («Բաբելոնապատում») և ուրիշների աշխատությունները, ինչպես նաև տեղական լեզուներով գրված պատմական ստեղծագործություններ (օրինակ, Մակկաբայեցվոց գրքերը՝ Սելևկյանների դեմ Հրեաստանում բռնկած ապստամբության վերաբերյալ)։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունական պատմության նախորդ շրջանի համեմատությամբ դարաշրջանի գեղարվեստական գրականությանը բնորոշ էր նրա սոցիալական բովանդակության նեղացումը։ Հանրային բնույթը պահպանել էին միայն թատերական ներկայացումները, բայց թատրոնում ևս Արիստոֆանի հասարակական-քաղաքական ու մերկացնող կատակերգություններին փոխարինել էր նոր ատտիկյան կատակերգությունը (Մենանդրոս, Փիլեմոն, Դիփիլոս՝ մ. թ. ա. IV դարի 2-րդ կեսից մ. թ. ա. III դարի սկիզբ)։ Հելլենիզմի շրջանի ողբերգությունները չեն պահպանվել, թեպետ այդ շրջանի բեմադրությունների մասին Աթենքում, հելլենիստական աշխարհի ամբողջ տարածքում մինչև Հայաստան և մերձսևծովյան երկրներ կան վկայություններ։ Մ. թ. ա. III դարի սկզբից գրականությունը զարգացավ մշակութային նոր կենտրոններում, մասնավորապես Ալեքսանդրիայում, որտեղ գեղարվեստական ստեղծագործությունը կապված էր Ալեքսանդրյան գրադարանում աշխատող բանասերների գիտական հետազոտությունների հետ։ Անցյալի գեղարվեստական գրականության ուսումնասիրումը ստիպեց հելլենիստական բանաստեղծներին գիտակցել ինչպես գոյություն ունեցող գրական ավանդույթները, այնպես էլ նրա բարեփոխումների անհրաժեշտությունը։ Եղերերգը (էլեգիա) հասարակական և բարոյախոսական միջոցից վերափոխվեց դիցաբանական բովանդակությամբ պատմվածքի Փիլետաս Կոսացի (մոտ 320-270) Կալիմաքոս Կիրենացի։ Միաժամանակ Կալիմաքոսը ավանդական հերոսական էպոսը փոխարինեց փոքր չափի պոեմով (էպիլիա)։ Թեոկրիտոսի հովվերգություններում կենցաղային տեսարանները հաճախ մշակվել են երգիչների բանահյուսական մրցույթներից կամ քաղաքային ընտանեկան կյանքից վերցված մանր դրամատիկ տեսարանին բնորոշ ձևերով։ Այդպիսին է Հերոդասի «Միմիամբների» ձևն ու բովանդակությունը։ Հելլենիզմի ժամանակաշրջանը նաև էպիգրամների ծաղկման շրջանն էր։ Հերոսական էպոսի ժանրային ավանդույթները շարունակեց Ապոլլոնիոս Հռոդոսացին, որը նույնպես կրել է Հելլենիստական մշակույթի գիտականության և նրբագեղության ազդեցությունը։ Քաղաքացիների անձնական կյանքն ու կենցաղը արտահայտող «նոր» կամ «բարքերի կատակերգության» առավել մեծ ժողովրդականություն վայելող ներկայացուցիչը եղավ Մենանդրոսը։ Անտիկ և միջնադարյան գրականության հետագա զարգացման համար էական նշանակություն ունեցան հելլենիզմի ժամանակաշրջանի արձակի ժանրերը։ Հելլենիստական մշակույթի գրականությունը նշանակալից հաջողության հասավ մարդու ներաշխարհի բացահայտման, նրա առօրյա կենցաղի նկարագրության մեջ, միաժամանակ բանահյուսական ավանդույթների օգտագործմամբ ընդարձակեց գրական ժանրերի սահմանները։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասարակության քաղաքական և սոցիալ-տնտեսական զարգացման հակասությունները պայմանավորել են հելլենիստական արվեստի հակասականությունը։ Այդ արվեստի մեջ միավորվում են մտահայեցողությունն ու արտահայտչականությունը, սկեպտիցիզմն ու հուզականությունը, եղերերգականությունն ու խոր դրամատիզմը, արխաիկացումն ու նորարարությունը։ Ակնհայտ են եղել ալեքսանդրիական, պերգամոնյան, հռոդոսյան, աթենական, սիրիական գեղարվեստական դպրոցների տարբերությունները։ Եփրատից արևելք ընկած տարածքում հունական և տեղական մշակութային տարրերի փոխներգործությունը սկզբում եղել է աննշան, բուռն համադրության շրջանը, երբ ծնունդ է առել Պարգևական թագավորության, Գանդհարայի, Քուշանական թագավորության արվեստը, սկսվել է հունա-մակեդոնական իշխանության անկումից հետո։ Հելլենիստական շինարվեստը աչքի է ընկնում հսկայական բաց տարածությունների կառուցապատման, վիթխարիության էֆեկտի, ինժեներաշինարարական մտքի վեհությամբ ու համարձակությամբ մարդուն զարմացնելու ձգտմամբ, կառուցվածքների տրամաբանվածությամբ, ձևերի մեծ վայելչությամբ, կատարման ճշգրտությամբ ու վարպետությամբ։ Հիմնականում կանոնավոր հատակագծերով կառուցված Ալեքսանդրիա (Եգիպտոս), Դուրա-Եվրոպոս, Պերգամոն, Պրիենե, Սելևկիա (Տիգրիսի ափին) քաղաքների գեղարվեստական կերպարներում կարևոր դեր է հատկացվել մեծ սյունաշարերին (գլխավոր փողոցի երկայնքով) և ագորայի պարագծով դրված կամ շենքի մաս կազմող 1-2 հարկանի սյունազարդ շքամուտքերին։ Քաղաքային կենտրոնները ձևավորելիս մեծ ուշադրություն են դարձրել թագավորական պալատներին, ժողովարաններին, թատրոններին, տաճարներին։ Հելլենիստական քաղաքներին հատկանշական էին ճարտարապետական վեհ անսամբլները, որոնց բնորոշ էր կառույցների համաձայնեցվածությունը միմյանց և շրջակա լանդշաֆտի հետ, կանոնավոր հատակագիծը, ճակատային ուղղաձիգ և հորիզոնական հարթությունների ընդգծումը, որպես անսամբլի տարրեր՝ շենքերի կոմպոզիցիաների սիմետրիկությունն ու ճակատայնությունը և այլն։ Հասարակական, բնակելի և պաշտամունքային կառույցների ճարտարապետական տիպերը մեծ մասամբ վերցվել են հունական արխաիկ և դասական շրջաններից, սակայն մեկնաբանվել են ժամանակի ոգով։ Ստեղծվել են շինությունների նոր տեսակներ՝ գրադարաններ, մուսեյոններ (մուսաների տաճար՝ գիտության և մշակույթի կենտրոն, օրինակ, Ալեքսանդրիայի մուսեյոնը), ինժեներական կառույցներ (մոտ 120 մ բարձրությամբ Ալեքսանդրյան փարոսը)։ Հելլենիստական կրոնի Սինկրետիզմը ազդել է տաճարների, սրբարանների, զոհարանների, հուշակառույցների զարգացման վրա, որտեղ ավելի ուժեղ, քան քաղաքացիական շինություններում, արտահայտվել է Արևելքի արվեստի փոխազդեցությունը (Ասկլեպիոսի սրբարանը Կոս կղզում, կատակոմբները Ալեքսանդրիայում, Այ-Խանում քաղաքը Հյուսիսային Աֆղանստանում)։ Հելլենիստական ճարտարապետական էքսցենտրիկությունն իր արտահայտությունն է գտել Փոքր Ասիայի զոհարանների տպավորիչ քանդակային հորինվածքներում (Զևսի զոհարանը Պերգամոնում)։ Հելլենիստական օրդերը (սյունակարգ) աչքի է ընկնում ավանդական սխեմայի նկատմամբ ազատ վերաբերմունքով և կառուցվածքայինի հաշվին զարդաձևային հատկանիշի ուժեղացման միտումով։ Կերպարվեստում դասական ժառանգության ստեղծագործաբար օգտագործմանը, ներդաշնակ կերպարների (Միլոսյան Աֆրոդիտե, մ. թ. ա. II դարեր) ստեղծմանը զուգընթաց, եղել է դասականը մեխանիկորեն ընդօրինակելու միտում (նոր ատտիկյան դպրոց), որը ծնունդ է տվել ներքնապես սառը, կեղծ պաթետիկ գործերի (Ապոլլոն Մուսագետ, մ. թ. ա. III դարի սկիզբ, Հռոմ, Վատիկան)։ Քանդակագործությունը դադարել է ծառայել պոլիսի քաղաքացիական իդեալներին. նրանում ուժեղացել են վերացականությունը, դեկորատիվությունը, պատմողականությունը, երբեմն՝ ցուցադրականությունը։

Կերպարվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հելլենիստական պլաստիկային բնորոշ դրամատիզմը, արտահայտչականությունն ու պաթետիկ կրքոտությունը, որոնք կոչված էին ակտիվորեն ներգործելու դիտողի վրա, կերպարների ներքին լարվածությունն ու ձևերի արտաքին տպավորչությունը, անսպասելի կրճատումներն ու դինամիկ ժեստերը, կոմպոզիցիայի բարդ գծանկարն ու լուսաստվերի համարձակ հակադրությունները առավել վառ արտահայտվել են Պերգամոնի Զևսի մեծ զոհարանի գոտու բարձրաքանդակներում («Աստվածների մարտը հսկաների դեմ», մարմար, մ. թ. ա. մոտ 180 թվական, Անտիկ հավաքածու, Բեռլին), Սամոթրակյան Նիկեի արձանում (մարմար, մ. թ. ա. IV դար կամ II դար, Լուվր, Փարիզ)։ Հելլենիստական քանդակագործության բազմապլանայնությունն ու հակասականությունը գոյակցել են միապետների իդեալականացված դիմաքանդակների, առավելագույնս մոնումենտալացվտծ արձանների («Հռոդոսի կոլոսը»՝ Հելիոսի արձանը 30 մ բարձրությամբ), դիցաբանական գրոտեսկային կերպարների (սիլեններ, սատիրներ) կամ ծերունիների սուր բնութագրական պատկերումների, դրամատիզացված «փիլիսոփաների դիմաքանդակներ»-ի մեջ։ Լայնորեն զարգացել է հանգստի տրամադրություն ստեղծող պարտեզա-պուրակային քանդակագործությունը։ Խճանկարչության մեջ առկա են ազատ, գեղանկարչական և ավելի խիստ դասակարգված եղանակները։ Հելլենիստական մշակույթի ընդհանուր միտումներն առկա են սափորանկարչության մեջ, գլիպտիկայում, ապակե գեղարվեստական անոթների ստեղծման ոլորտում։

Հելլենիստական մշակույթը Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջերկրական ծովի արևելյան ավազանի և Առաջավոր Ասիայի երկրների պատմական զարգացման մեջ տեղի ունեցած բեկումը, որը նշանավորվեց հելլենիզմի ձևավորմամբ, իր արտահայտություններն ունեցավ նաև Հայաստանում։ Երկիրը գտնվում էր հելլենիստական աշխարհի ոլորտում։ Հայկական պետությունը Արտաշես Ա-ի, մանավանդ Տիգրան Բ-ի և Արտավազդ Բ-ի օրոք, հելլենիստական միապետության բնույթ ստացավ։ Հայ թագավորները հովանավորում էին զարգացման հելլենիստական ուղին։ Նշանակալից էր հայկական մշակույթի առաջադիմությունը։ Մշակութային զարգացման ավանդական ուղղության կողքին առաջացավ երկրորդ հիմնական ուղղությունը՝ հելլենիստականը, ունենալով ակնհայտ դրսևորումներ տարբեր բնագավառներում և կենսունակ գտնվեց ու հարատևեց նաև ետ հելլենիստական շրջանում՝ մինչև մ. թ. IV դարը։ Զգալի թվով քաղաքների հիմնադրումը, որն ինքնին հելլենիզմին բնորոշ երևույթ էր, կատարվում էր տեղական դարավոր ավանդույթների և քաղաքաշինության ու ամրաշինության հելլենիստական սկզբունքների համադրությամբ։ Երևան եկան ճարտարապետական նոր տիպի պալատական, տաճարային սյունազարդ շենքեր, բաղնիքներ, որոնք կրում էին հին կամ անտիկ աշխարհի ճարտարապետության ազդեցությունը։ Այսպիսի շինությունների մնացորդներ հայտնաբերվել են Արտաշատում, Վաղարշապատում։ Գառնիի ամրոցը անտիկ ամրաշինության կատարյալ օրինակ է, իսկ Գառնիի հեթանոսական տաճարը, որը կանգնած է բարձր հարթակի վրա, չորս կողմից շրջապատված սյունաշարերով և շքեղորեն զարդարված հոյակապ քանդակներով, հելլենիստական ճարտարապետության եզակի կոթող է։ Նկատելի փոփոխություններ կրեցին շինարարական արվեստը և տեխնիկան։ Պատերի շարվածքում քարերն իրար հետ միացնելու համար օգտագործվեցին մետաղե կապեր, աղյուսի և քարի հելլենիստական տիպի խառը շարվածքը կապակցվեց կրաշաղախով, իսկ սվաղի և այլ նպատակներով օգտագործվեց ծեծած աղյուսի ու կրի խառնուրդով շաղախը։ Հելլենիստական շրջանի նորույթ էր նաև բաղնիքների և ջրմուղի կառուցումը քաղաքներում ու ամրոցներում, ըստ որում կիրառվում էր անտիկ աշխարհին բնորոշ շինարարական տեխնիկան ու արվեստը։ Գառնիում, Վաղարշապատում և Արտաշատում հայտնաբերված բաղնիքներն ունեն կրկնակի հատակ և տաքացվել են հատակի տակից։ Ջրմուղները կառուցվել են կավե խողովակներով։ Շենքերն սկսել են ծածկել կղմինդրով։ Կատարյալ նորույթ էր նաև շենքերի հարդարումը անտիկ բնույթի քանդակներով, գունագեղ որմնանկարներով ու խճանկարներով։ Գառնիի բաղնիքի հատակին հայտնաբերված խճանկարը կատարված է հունա-հելլենիստական բովանդակությամբ ու արվեստով։ Քարի բազմերանգ հատիկներով ծովի մակերեսին պատկերված են հունական առասպելաբանության մեջ հայտնի աստվածություններ, առասպելական արարածներ, ձկներ ու ձկնորսներ, կազմելով մի հարուստ հորինվածք, որն արտահայտում է կյանքի առաջացումը ծովում, սեր, ամուսնություն և սերունդների հարատևության կենսահաստատ գաղափարը։ Քանդակագործության բնագավառում երկար պահպանվել են քանդակների կերտման ավանդական կանոններն ու պայմանական ձևերը, սակայն դրանք կրել են նաև զգալի փոփոխություններ՝ կապված հայ ժողովրդի կրոնապաշտամունքային պատկերացումների մեջ տեղի ունեցած փոփոխությունների հետ։ Հայկական հեթանոսական աստվածությունները համադրվել են հունականների. Արամազդը՝ Զևսի, Անահիտը՝ Արտեմիսի, Տիրը՝ Ապոլլոնի-Հելիոսի, Վահագնը՝ Հերկուլեսի, Միհրը՝ Հեփեստոսի, Նանեն՝ Աթենասի, Աստղիկը՝ Աֆրոդիտեի հետ։ Դրսից՝ հունա-հելլենիստական երկրներից բերվեցին այդ աստվածությունների բազմաթիվ արձաններ, որոնք դրվեցին հայկական տաճարներում։ Մեզ են հասել Արտեմիս-Անահիտի բրոնզաձույլ արձանի գլուխը, որը պահվում է Բրիտանական թանգարանում, Աֆրոդիտե-Աստղիկի մարմարե արձանը, որը գտնվեց Հին Հայաստանի Արտաշատ մայրաքաղաքի ավերակներում։ Հունա-հելլենիստական բնույթի արձաններ պատրաստվել են նաև տեղում՝ Հայաստանում։ Քաղաքները դարձել էին տնտեսական և մշակութային խոշոր կենտրոններ, որտեղ նշանակալից զարգացում ունեցան արհեստները, առաջացան արհեստային արտադրության նոր ճյուղեր՝ կղմինդրի, անտիկ տիպի ջնարակած խեցեղենի, ապակեղենի արտադրությունը։ Արհեստային արտադրանքի, մանավանդ կիրառական արվեստի շատ տեսակներ՝ մետաղից, քարից, կավից և այլ նյութերից պատրաստված առարկաներ, զարդեր ստացան հելլենիստական կամ անտիկ ժամանակներին բնորոշ ձևավորում։ Առաջացավ արվեստի մի բոլորովին նոր բնագավառ՝ անտիկ բնույթի կավե արձանիկների արտադրությունը՝ կորոպլաստիկան։ Արտաշատում գտնված կավե արձանիկները հելլենիստական բնույթի են, բայց և աչքի են ընկնում տեղական ինքնատիպությամբ։ Հելլենիստական արվեստի նշանավոր ստեղծագործություններ են Արտաշեսյան հարստության թագավորների՝ Տիգրան Բ-ի, Արտավազդ Բ-ի և նրանց հաջորդների կտրած արծաթե և պղնձե դրամները։ Սեփական գրեր ստեղծելուց առաջ հայերը օգտագործեցին հին աշխարհում տարածված արամեական, մանավանդ հունական գրերը, ծանոթացան հունա-հելլենիստական գիտությանն ու գրականությանը։ Հայաստանում ևս, հելլենիստական արվեստի ձևավորման ու զարգացման ընթացքի վրա որոշակի ազդեցություն է ունենում դիցաբանությունը։ Որպես անմիջական-զգայական և զգացմունքային արտացոլում, այն, ըստ էության ու գոյաբանորեն կապված էր արվեստի հետ և ընդգրկում էր իրականության նկատմամբ գեղագիտական վերաբերմունքի ու գեղագիտական գործունեության ընդգծված տարրեր։ Պահպանված արվեստի գործերի մեծամասնությունը արտացոլում են դիցաբանական գաղափարներ, կերպարներ, թեմաներ, սիմվոլներ։ Բացի դիցաբանությունից, որը ժամանակաշրջանի բանահյուսության կրոնականացված ձևն էր, Հայաստանում տարածված է եղել նաև բանահյուսության մի այլ ձև, որը կրոնականացված չէ և հայտնի է որպես հին հայկական վեպ՝ «վիպասանք»։ Այդ երկերը ունեն գրական, գեղարվեստական պատմագիտական ու իմաստասիրական արժանիքներ և ուշագրավ տեղեկություններ են պարունակում հայ պետականության առաջացման ու ամրապնդման, ժամանակաշրջանի կենցաղի մասին։ Այդտեղ պատկերված է ցանկալի թագավորի ու ղեկավարի իդեալը։ Դիցաբանականից դեպի տեսական-տրամաբանական մտածողությունը կատարված անցումով Հայաստանում ձևավորվում ու զարգանում են իմացության տարբեր ճյուղեր։ Այդ ընթացքին, բացի բանահյուսությունից, նպաստում են նաև հույն հեղինակների գործերի տարածումը, հայ և օտարազգի թափառաշրջիկ մտավորականները, հայ գահակալներն ու պալատականները, ուշ հելլենիզմի շրջանում Հայաստանում առկա քրիստոնեական և աղանդավորական շարժումները։ Հելլենիստական Հայաստանում ավելի զարգացած էին հումանիտար և հասարակական գիտությունները։ Արտաշես Ա թագավորը, որն արդյունավետ բարեփոխումներ մտցրեց երկրի քաղաքական ու տնտեսական ղեկավարման ասպարեզում, օրենքի ուժ տվեց մի շարք սովորույթների և նորմերի, ստեղծեց գիտությունների և արվեստների զարգացումն ապահովող պայմաններ։ Նախնիների պաշտամունքի ուժեղացման ճանապարհով Տիգրան Բ Մեծը ավարտին հասցրեց քաղաքական կրոնի կերտման գործը։ Նա Հելլենիստական մշակույթի տարբեր կենտրոններից հրավիրեց գիտնականներ, պատմաբաններ, դերասաններ ու պետական գործիչներ։ Հայաստանում Աղոնիս Թամուզ Արագիսանի պաշտամունքում առկա ողբերգության և կատակերգության վերջնական բաժանումը իրականացել է հայկական հելլենիզմի ժամանակաշրջանում։ Տվյալ ընթացքի և հատկապես հայկական հելլենիստական ողբերգության զարգացման վրա ազդել է հունական դասական ողբերգությունը։ Արմավիրի տաճարին կան վիմագիր հատվածներ (մ. թ. ա. III դար) Հեսիոդոսի և Եվրիպիդեսի երկերից։ Մ. թ. ա. 53 թվականին Արտաշատում բեմադրվել է Եվրիպիդեսի «Բաքոսուհիներ» ողբերգությունը։ Թատրոն կար նաև Տիգրանակերտ քաղաքում։ Այդ դարաշրջանի հայ ողբերգության երախտավորներից է Արտավազդ Բ թագավորը։ Ուշ հելլենիզմի շրջանում հասարակական մտքի վրա ազդող գահակալներից էր Տրդատ Ա-ն (մ. թ. I դար), որից, ըստ Պլինիոս Ավագի, Ներոն կայսրը շատ բան է սովորել։ Նա պաշտպանել է այն տեսակետը, որ պետական իշխանությունը հիմնված է ուժի վրա և չունի բարոյական արդարացում։ Մ. թ. II դարի Սոհեմոս-Տիգրան թագավորը Հայաստան է հրավիրել Յամբլիքոսին, որն այնտեղ գրել է «բաբելոնականի» ֆանտաստիկ պատմագրության տիպին պատկանող երկը։ Անիի Արամազդ-Զևս տաճարի քուրմ Ողյումպը, որի երկից օգտվել է Մովսես Խորենացին, նկարագրել է Երվանդյանների ու Արտաշեսյանների հակամարտությունը և վերջիններիս հաղթանակը։ Մար Աբաս Կատինան, հայոց թագավորի պատվերով գրած պատմության մեջ, հայ ժողովրդի ծագումնաբանությունը լուսաբանում է քաղդեական, ասորա-բաբելական և հունական աղբյուրների հիման վրա և դիցաբանության մակարդակով։ Նա պաշտպանում է սոցիալական իրականության աստիճանական վերընթաց զարգացման գաղափարը։ Իր գործունեության նախաքրիստոնեական շրջանում Տրդատ Դ (մ. թ. Ill-IV դարեր) պաշտպանում է այն տեսակետը, որ ենթական պարտավոր է պաշտելու այն աստծուն, որին երկրպագում է իր տերը։ III-IV դարերում ընդարձակվում է հայ մտավորականների գործունեությունը Հռոմում, Աթենքում, Անտիոքում, Ալեքսանդրիայում և մշակութային այլ կենտրոններում։ Ճարտասանության և փիլիսոփայության ասպարեզում նշանավոր է Պարույր Հայկազնը, որը Աթենքում ուսանել է Հուլիանոս Եդեսացու մոտ և դարձել է նրա դպրոցի ղեկավարը։ Նրան աշակերտել են Բարսեղ Կեսարացին, Գրիգոր Նազիանզացին, Հուլիանոս Ուրացողը, Եվնափիոսը, Լիբանիոսը և ուրիշներ։ Լիբանիոսի հայ աշակերտները (մոտ 20) մշակութային, կրթական և քաղաքական աշխատանք են ծավալել Միջին Արևելքում և Կովկասում։ Այդ նեոպլատոնականների տեսակետների քննական վերլուծությունը տվել է Եզնիկ Կողբացին։ Ուշ հելլենիզմի շրջանում Հայաստանում առկա էր նաև քրիստոնեական մշակույթի ազդեցությունը։ II-III դարերում նկատելի են վաղ ջատագովությանը և հակագնոստիցիզմին բնորոշ մի շարք դրույթներ ու գաղափարներ։ Բարդածան Եդեսացին, որն ըստ Հիպոլիտի հայ է, հայոց պատմությանը նվիրված և «ճակատագրի կամ Երկրների օրենքների մասին» երկասիրության հեղինակը, Հայաստանում ստեղծել է իր անունով աղանդը (բարդածանականությունը), որն ունեցել է հակամարկիոնական և հակաճգնավորական ուղղվածություն։ Այդ աղանդը, կապված լինելով նեոպլատոնական փիլիսոփայության հետ, որոշ դեր է խաղացել իմաստասիրական այդ դպրոցի տարածման գործում։ Բնագիտական միտքը հելլենիստական Հայաստանում ունեցել է երկու հիմնական ուղղություն՝ մոգական և կիրառական։ Առաջինը կապված է եղել առավելաբար աստղաբաշխության ու թվերի տեսության հետ, իսկ երկրորդը՝ գործնական բժշկության, դեղաբանության, կառուցողական մաթեմատիկայի, ֆիզիկայի և ռազմավարության հետ։ Հայաստանում Հելլենիստական մշակույթը ակնառու հաջողություններ ունեցավ։ Հին Հայաստանի մշակույթը կապվեց հին աշխարհի երկրների մշակույթների հետ, յուրացրեց նրանց նվաճումները և ընթացավ զարգացման այդ դարաշրջանին բնորոշ ուղիներով։ Հայ ժողովուրդը կերտեց հելլենիստական կամ անտիկ բնույթի իր սեփական, ինքնատիպ, բարձր զարգացած մշակույթը և կանգնեց հին աշխարհի առաջավոր ժողովուրդների շարքում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 334