Գծանկար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միքելանջելո, Սիքստինյան կապելլայի համար նախապատրաստական գծանկարներ

Գծանկար՝ գրաֆիկայի միջոցներով հարթության վրա ստեղծված պատկեր է։

Գծանկարը գրաֆիկայի տեսակ է, նաև հիմք է նկարչական արվեստի բոլոր տեսակների համար։ Գծանկարը կարող է հանդես գալ ինչպես վերջնական ստեղծագործություն, այնպես էլ տեխնիկական բազա հանդիսանալ գեղարվեստական ստեղծագործությոյնների համար։ Այդ իսկ պատճառով գծանկարը խորապես ուսումնասիրվում է նկարիչների, քանդակագործների և ճարտարապետների կողմից։

Գծանկարը որպես ինքնուրույն ստեղծագործություն դիտվում է եվրոպական արվեստում որպես գրաֆիկայի առանձին տեսակ։

Սովորաբար «գծանկար» տերմինը նշանակում է գրաֆիկական միջոցներով (ուրվագիծ, գիծ, բիծ) հարթության վրա պատկերված ստեղծագործություն։ Այդ արտահայտչամիջոցների տարբեր համադրումներով կարելի է հասնել պլաստիկական կերպավորման, տոնային և լուսաստվերային էֆեկտների։ Գծանկարը իրագործվում է մեկ կամ մի քանի գույների սահմանափակ օգտագործումով։ Գծանկարում են թղթի (հնում՝ պապիրուսի, միջին դարերում՝ մագաղաթի) վրա՝ մատիտներով, ածխով, կավճով, վրձնով, գրչով (վերջին երկուսը հեղուկ ներկանյութերի՝ տուշ, սեպիա, մելան և այլնի համար)։ Ջրաներկը, գուաշը, պաստելը ծառայում են ինչպես գծանկարիի, այնպես էլ գեղանկարչական գործերի ստեղծմանը։ Գծանկարը կերպավորման արվեստի սկզբնական, առավել մատչելի և միաժամանակ հարուստ հնարավորություններ ընձեռող տեսակներից է և ունի կիրառման լայն ոլորտ՝ մանկական գծանկարից, կիրառական, գիտա-օժանդակ, տեխնիկական գժանկարի բազմազան տարատեսակներից մինչև գեղարվեստական գծանկար։ Այն գրաֆիկայի կարևորագույն բաժիններից է և կարող է լինել գրաֆիկական արվեստի ինքնուրույն ստեղծագործություն (հաստոցային), որպես օժանդակ նյութ (էսքիզ, էտյուդ) ծառայել երփնագրի, քանդակի, ճարտարապետության և այլնի համար։ Կատարման լակոնիկությունը, արագությունը, հստակությունը, գծանկարի շատ տեսակների տպաքանակային վերարտադրության հնարավորությունը կարևորում են նրա նշանակությունը հասարակությանն անհրաժեշտ արվեստի տեսակների համար, ինչպիսիք են՝ պատկերազարդումը, ծաղրանկարը, պլակատը։ Գծանկար կարելի է կատարել բնօրինակից, հիշողությամբ, երևակայությամբ։ Գծանկարը հարթության վրա ստեղծված գեղարվեստական բոլոր պատկերների հիմքն է (գեղանկարչություն, փորագրություն, վիմագրություն և այլն)։ Գեղանկարչության մեջ գծանկարը որոշակի է դարձնում պատկերի գծապլաստիկական կառուցվածքը, ուրվանկարը, առարկաների ձևը, նրանց դասավորությունը տարածության մեջ։ Կերպարվեստի բոլոր մարզերում գծանկարի ճշգրտությունն ու արտահայտչությունը ռեալիստական վարպետության, իսկ ուսուցումը գեղարվեստական կրթության հիմքն են։ Գծագիր դասավանդելիս գործնականում ելնում են հարթության վրա ծավալի և տարածության պատկերման ստեղծագործաբար կիրառվող օրենքներից (գծի, լուսաստվերային կերպավորման, հեռանկարի և այլնի օգնությամբ)։

Գծանկարը, սկզբնավորվելով հեռավոր անցյալում, բարձր զարգացման է հասել անտիկ արվեստում, միջին դարերի Արևելքի երկրներում (Չինաստան, Հնդկաստան, Ճապոնիա)։ Ռեալիստական գծանկարիի գիտականորեն հիմնավորված մեթոդը ստեղծվել է Վերածննդի շրջանում (Լեոնարդո դա Վինչի, Ռաֆայել, Միքելանջելո, Ա․ Դյուրեր)։ XVII —XVIII դարերի գծանկարի մեծ վարպետներից են Պ․ Պ․ Ռուբենսը, Ռեմբրանդը, Ն․ Պուսսենը, Կ․ Լորենը, Ու․ Հոգարթը, XIX— XX դարերում՝ Ֆ․ Գոյան, Դ․ էնգրը, է․ Դելակրուան, Օ․ Դոմիեն, Է․ Դեգան, Վ․ Վան-Գոգը, Պ․ Պիկասսոն։ Գծանկարի զարգացման մեջ մեծ ավանդ են ներդրել ռուս նկարիչներ Ա․ Գ․ Վենեցիանովը, Կ․ Պ․ Բրյուլլովը, Ա․ Ա․ Իվանովը, Ի․ Ն․ Կրամսկոյը, Պ․ Պ․ Չիստյակովը, Ի․ Ե․ Ռեպինը, Վ․ Ա․ Սերովը։ Սովետական արվեստում առաջատար դեր են կատարում հաստոցային-թեմատիկ գծանկար, դիմանկարը, բնանկարը, գրքի նկարազարդումը, թերթ-ամսագրային գծանկար, պլակատը (Ի․ Ի․ Բրոդսկի, Ն․ Ա․ Անդրեն, Դ․ Ս․ Մոոր, Կուկրինիկսներ, Դ․ Ա․ Շմարինով, Բ․ Ի․ Պրորոկով, Ս․ Ս․ Քոբուլաձե և ուրիշներ)։ Հայաստանի տարածքում գծանկարի նախօրինակներից են ժայռապատկերները (Ցոլակերտ, Արագած լեռ, Գեղամա լեռներ, Սյունիք և այլն)։ Ուրարտական շրջանի, միջին դարերի որմնանկարչության, մանրանկարչության, քանդակագործության հոյակապ հուշարձանները վկայում են կատարելության հասցված հայկական գծանկարի մասին։ Կերպարվեստի պատմության նոր շրջանում նախ Տովնաթանյանների, ապա Հ․ Այվազովսկու, Վ․ Սուրենյանցի, Ե․ Թադևոսյանի, Մ․ Սարյանի արվեստով գծանկարը նոր վերելք է ապրել։ Հայ սովետական արվեստում հաստոցային-թեմատիկ գծանկար, դիմանկարը, բնանկարը, գրքի ձևավորումը, պլակատը աննախընթաց զարգացման են հասել (Մ․ Սարյան, Տ․ Կոջոյան, Ս․ Աղաջանյան, Ե․ Քոչար, Վ․ Գայֆեճյան, Գ․ Գյուրջյան, Վ․ Շաքարյան, Կ․ Տիրատուրյան, Տ․ Ավետիսյան, Գ․ Խանջյան, Մ․ Արուտչյան, Ս․ Ա․ Արուտչյան, Մ․ Սոսոյան, Վ․ Այվազյան, Ա․ Վարդանյան և ուրիշներ)։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 106