Էսքիզ (ֆր.՝ esquisse), ճեպանկար, նախապատկեր, գեղարվեստական ստեղծագործության (նկարի, քանդակի, ճարտարապետական նախագծի, թատերական կամ կինոյիդեկորացիայի և այլն) կամ դրա որևէ մանրամասնի մտահղացման նախապատրաստական ուրվապատկեր։ Էսքիզ կարող է կատարվել գրաֆիկական, գեղանկարչական կամ քանդակագործական արտահայտչամիջոցներով։ Էսքիզին բնորոշ է կատարման ազատ, հպանցիկ (էսքիզային) եղանակը։ Սակայն լինում են նաև ավարտուն, մանրամասներով մշակված էսքիզներ։
Լայն առումով էսքիզը բնորդից կամ երևակայությամբ կատարված անավարտ ստեղծագործություն է։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 84)։