Գեղանկարչություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թոմաս Մորան, Մայրամուտը ծովի վրա, 1906, Բրուքլինյան թանգարան

Գեղանկարչություն (երփնագիր), կերպարվեստի տեսակ, ինչպես նաև ներկերի օգնությամբ որևէ պինդ հարթության վրա ստեղծված գեղարվեստական երկ։ Գեղանկարչությունը մարդկային աշխատանքի զարգացած ձևերից մեկն է և առարկայական, գեղագիտական արժեքների ստեղծման ոլորտ։ Ինչպես և արվեստի մյուս տեսակները, գեղանկարչությունը ճանաչողական և գաղափարական խնդիրներ է իրագործում, ստեղծում մարդու, բնության, առարկաների, պատմական և հասարակական երևույթների գեղարվեստական պատկերներ։ Գեղանկարչության բազմաթիվ ստեղծագործություններ ունեն փաստա–ինֆորմացիոն արժեք։ Գեղանկարչությունը օգտվում է գույնի, գծանկարի, կոմպոզիցիայի, ռիթմի, լույսի և ստվերի ընձեռած հնարավորություններից, որոնք նպաստում են հարթության վրա վերակենդանացնել իրականությունը, ստեղծել ծավալի ու տարածության պատրանք, հոգեբանական կերպարներ, կենդանի ու անշունչ առարկաներ՝ ստատիկ ու շարժուն վիճակներում։ Գեղանկարչությունը ձևավորում է մարդու գեղագիտական ճաշակը, ունի ճանաչողական նշանակություն, ստեղծում է մարդու, բնության, առարկաների, պատմական և այլ երևույթների գեղարվեստական պատկերներ՝ օգտագործելով գույնի, գծանկարի, կոմպոզիցիայի, լույսի և ստվերի ընձեռած հնարավորությունները։ Տարբերում են գեղանկարչության պատմական, կենցաղային, անիմալիստական (կենդանիների պատկերումը) և այլ ժանրեր։ Նշանակությամբ, կատարման բնույթով ու կերպարներով առանձնանում են մոնումենտալ-դեկորատիվ գեղանկարչությունը (որմնանկարչություն, առաստաղապատկեր, պաննո), հաստոցային նկար, բեմանկարչությունը, մանրանկարչությունը, սրբանկարչությունը և այլն։ Գեղանկարչության տարբերակներից են տրամապատկերը և համայնապատկերը։ Ներկանյութը կապակցող նյութերի բնույթով, հարթության վրա նրա ամրանալու տեխնոլոգիայով տարբերվում են՝ յուղաներկ գեղանկարչություն, ջրում լուծվող ներկերով գեղանկարչություն՝ թաց (ֆրեսկո) և չոր (ասեկկո) հիմնածեփի վրա, տեմպերա, սոսնձաներկով գեղանկարչություն, մոմանկարչություն, արծն, սիլիկատային խեցեգործական ներկերով գեղանկարչություն և այլն։ Անմիջականորեն գեղանկարչությանն են հարում խճանկարը և վիտրաժը։ Գեղանկարչական գործեր ստեղծելիս կիրառվում են նաև ջրաներկը, գուաշը, պաստելը, տուշը։

Ադրիան վան Օստադե. Նկարչի արվեստանոցը. 1663