Jump to content

Եզնիկ Կողբացի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եզնիկ Կողբացի
Eznik Koghbatsi
Eznik Koghbatsi
Ծնվել էմոտ 380[1][2] Կողբ, Մեծ Հայք[1][2]
Մահացել էմոտ 450[1]
Ազգությունհայ
Մասնագիտությունփիլիսոփա, թարգմանիչ և աստվածաբան
Գործունեության ոլորտփիլիսոփայություն, թարգմանչական գործունեություն և աստվածաբանություն
Պաշտոն(ներ)ենթդ․ եպիսկոպոս
Տիրապետում է լեզուներինհայերեն[3]
ՈւսուցիչՄեսրոպ Մաշտոց[1][2] և Սահակ Ա Պարթև[2]
 Eznik of Kolb Վիքիպահեստում

Եզնիկ Կողբացի (մոտ 380[1][2], Կողբ, Մեծ Հայք[1][2] - մոտ 450[1]), հայ փիլիսոփա, թարգմանիչ, հասարակական–եկեղեցական գործիչ։ Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի աշակերտներից։ Ուսանել է Աշտիշատի դպրոցում, ապա՝ Եդեսիայում և Կ․ Պոլսում։ Տիրապետել է հունարեն, պարսկերեն, ասորերեն լեզուների։ Մասնակցել է Աստվածաշնչի և այլ երկերի թարգմանությանը։ Եզնիկի մասին հիշատակում են Կորյունը, Եղիշեն, Մովսես Խորենացին։

Եզնիկ Կողբացու աշխատություններից պահպանվել են «Եղծ աղանդոց»–ը՝ հայ փիլիսոփայության կարևոր սկզբնաղբյուրներից մեկը (հայտնի է նաև «Վասն Աստուծոյ» անվամբ)


Եզնիկ Կողբացին հայ փիլիսոփայության մեջ զարկ է տվել պատրիստիկական–ջատագովական ուղղությանը։ Հիմնականում հետաքրքրվել է գոյաբանական հարցերով, մշակել մոնիստական փիլիսոփայական, աստվածաբանական ուսմունք։ Ըստ նրա, միակ և իրական սուբստանցը Աստվածն է՝ մշտնջենական, ոչնչով չպայմանավորված, բայց ամեն ինչի պատճառ հանդիսացող էակը։ Այս դիրքերից նա սուր պայքար է մղել քրիստոնեական գաղափարախոսությունը հակադրող փիլիսոփայական և կրոնա–աղանդավորական ուսմունքների դեմ, հերքել է հեթանոսական աշխարհայացքը, անտիկ փիլիսոփաների ուսմունքները և հատկապես պարսից զրվանականությունը։ Աղանդների հերքման և քրիստոնեության փիլիսոփայական հիմնավորման առնչությամբ Եզնիկ Կողբացին արտահայտվում է նաև անտիկ փիլիսոփայական ուսմունքների՝ հունական պոլիթեիզմի, ստորկյան պանթեիզմի, էպիկուրյան աթեիզմի դեմ, քննադատում զգայական աշխարհի առաջացման մասին Պլատոնի ուսմունքը։ Ռացիոնալիզմի դիրքերից նա ժխտում է սնահավատությունը, ճակատագրապաշտությունը, աստղագուշակությունը, հեթանոսությունից հավատալիքները։ Ըստ նրա աշխարհը ճանաչվում է զգայության ու բանականության միջոցով։ Զգայությամբ մարդն ընկալում է նյութական աշխարհը, բանականությամբ սահմանում է այն և որոշում իր գործողությունները, վարվելակերպը։ Հետևաբար, բանականությունը, զգայության համեմատությամբ ճանաչողության բարձր ձև է։ Սակայն, զգայությունից և բանականությունից բացի, մարդուն հատուկ է նաև բնազդը։ Մտածելու ունակությունը կորցնելու դեպքում մարդը բացառապես գործում է բնազդով։ Եզնիկ Կողբացին պաշտպանել է չորս տարրի ուսմունքը. ըստ նրա, բնությունը կազմված է աստծու ստեղծած չորս տարրերից՝ կրակից, օդից, ջրից և հողից։ Գիտության պատմության համար կարևոր նշանակություն ունեն Եզնիկ Կողբացու արտահայտած մտքերը բնագիտության (ֆիզիկայի, բժշկության և կենսաբանության) մասին։ Կողբացին «մարտական խոսքերով» պայքարում են անտիկ փիլիսոփայության սկզբունքների դեմ, բայց միևնույն ժամանակ գովաբանում է նրանց ովքեր քրիստոնամետ մտքեր են արտահայտել ու «մոտեցել ճշմարիտ գիտության դռներին»։ Ըստ Կողբացու՝ հավատը և բանականությունը պետք է գործածել տարբեր խնդիրներ լուծելու համար։ Եզնիկ Կողբացին միաստվածության և արարչապաշտության տեսանկյունից է դիտարկում Աստծո և աշխարհի հարաբերակցության հարցը։ Կողբացին միանշանակ ժխտում է չարի հիմնագոյացություն լինելը։ Եզնիկ Կողբացին մերժում է նաև ճակատագրապաշտական ուսմունքները, որոնք մարդու գործունեությունը պայմանավորվում են արտաքին ուժերի՝ մոլորակների, աստղերի, բախտի, անհրաժեշտության և այլնի ներգործությամբ։ Եզնիկ Կողբացու մոտ նկատելի է երկրային և երկնային մարմինների նյութական կազմի նույնացման միտումը[4]։ Տիեզերքը նա դիտում է իրապես կիսաբոլորակ, իսկ երկիրը՝ սկավառակ։ Եզնիկ Կողբացին ռացիոնալիզմի դիրքերից ցույց է տվել սնահավատության, ճակատագրապաշտության, աստղագուշակության, հեթանոսության վերապրուկների անհիմն լինելը։ Մարդ անհատի և մարդկության կյանքը նա բաժանել է երեք շրջանների՝ մանկություն, երիտասարդություն և չափահասություն, որոնցից յուրաքանչյուրն ունի որոշակի ճանաչողական ունակություններ և սահմաններ։ Կողբացին բարձր է գնահատում գիտելիքի ընկերային-բարոյագիտական նշանակությունը և արժեքը, ժառանգորդման գաղափարը։

Եզնիկ Կողբացու աշխատություններից պահպանվել են «Եղծ աղանդոց»–ը՝ հայ փիլիսոփայության կարևոր սկզբնաղբյուրներից մեկը (հայտնի է նաև «Վասն Աստուծոյ» անվամբ)։ Բնագիրը պահպանվել է եզակի ընդօրինակությամբ, վերնագիր չունի, նշված է «Երանելոյն Եզնկայ Վարդապետի»։ Երկը բաժանված է չորս գլուխների՝ «Հեթանոսական աղանդների հերքումը», «Պարսից կրոնի հերքումը», «Հունական իմաստասերների հերքումը», «Մարկիոնի աղանդի հերքումը» վերնագրերով[5]։ Այս գլուխգործոցը հայ Աստվածաբան-իմաստասիրական մտքի և դասական հայրախոսության կարևորագույն սկզբնաղբյուրներից է։ «Եղծ աղանդոց» երկում, որի կենտրոնական թեման միաստվածության հիմնավորման ու չարիքների գոյության հարցն է, վերլուծվում և գնահատվում են նաև հեթանոսական հավատալիքները, պարսից կրոնը՝ զրադաշտականությունը, հունական, փիլիսոփայական ուսմունքները և Մարկիոնի գնոստիկական ուսմունքը։ 5-րդ դարի կեսին հայ ազգային մտքի առաջ ծառացել էր նոր խնդիր՝ տեսականորեն հերքել և դատապարտել զրադաշտական դուալիստական կրոնի գաղափարատեսական հիմքերն ու ակունքները, ամրապնդել քրիստոնեության դիրքերը Հայաստանում և քրիստոնեության վարդապետության հենքի վրա հիմնավորել ազգային-ազատագրական պայքարի անհրաժեշտությունը։ Եզնիկ Կողբացու երկը, որում քննարկվում են բնազանցական, բնափիլիսոփայական, մարդաբանական և սոցիալ-փիլիսոփոյական բնույթի հարցեր, միաժամանակ ազգային-ազատագրական պայքարի տեսական հիմնավորման փորձ էր։ Իբրև ջատագով Եզնիկ Կողբացին իր գլխավոր խնդիրն էր համարում պաշտպանել քրիստոնեական կրոնի սկզբունքները և միաժամանակ ցույց տալ քրիստոնեությունը քննադատող կրոնական ուսմունքների սնանկությունը, որոնք հակասում են Աստծո, աշխարհի, չարիքների, հոգու, նախախնամության և մարդու կամքի ազատության մասին քրիստոնեական վարդապետությանը։ Եզնիկ Կողբացու մոտ զրադաշտականության քննադատությունը վերաճել է առհասարակ հեթանոսության համակարգված և տրամաբանական քննադատության։ «Եղծ աղանդոց»–ը՝ մեծարժեք է նաև լեզվաոճական առումով․ այն հին գրավոր լեզվի մեսրոպյան կամ դասական շրջանին բնորոշ օրինակ է։ Առաջին անգամ հրատարակվել է 1762 թվականին Զմյուռնիայում՝ «Գիրք ընդդիմութեանց արարեալ ի Սրրբոյ Եզնկայ Կողբացոյ Հայոց Վարդապետէ․․․ » վերնագրով, երկրորդ անգամ՝ 1826 թվականին Վենետիկում։[5][6] Երկն ունեցել է գերմաներեն, ֆրանսերեն, ռուսերեն և հայերեն բազում հրատարակություններ, որոնցից աշխարհաբար՝ Բունեոս Այրեսում՝ 1951 թվականին, Երևանում՝ 1970 թվականին։

Աշխատություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Եզնիկ Կողբացու լիակատար մատենագիտությունը տե՛ս Եզնիկ Կողբացի, [Ճառք ընդդէմ աղանդոց], հատոր Առաջին, Ներածութիւն և քննական բնագիր, սրբագրուած և միակ վաւերական հրատարակութիւն, առանց այլընթերցումների. Աշխատասիրութեամբ Մարտիրոս Մինասեանի, Ժնև, 1992, էջ 17-42

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 5 6 7 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
  2. 1 2 3 4 5 6 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. ԱյվազյանԵրևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1.
  3. CONOR.Sl
  4. Քրիստոնյա հայաստան հանրագիտարան. Հայկական հանրագիտարան. 2002. էջեր 289–291. {{cite book}}: |first= missing |last= (օգնություն)
  5. 1 2 Զաքարյան, Սեյրան (2025). Հայ փիլիսոփայության պատմություն. ԵՊՀ երևան. էջեր Էջեր՝ 51-58.
  6. Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան. Հայկական Հանրագիտարան. 2002. էջեր Էջեր՝ 289-291. {{cite book}}: |first= missing |last= (օգնություն)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Եզնիկ Կողբացի հոդվածին
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եզնիկ Կողբացի» հոդվածին։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եզնիկ Կողբացի» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եզնիկ Կողբացի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 486