Բարսեղ Կեսարացի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Basil of Caesarea.jpg

Բարսեղ Կեսարացի կամ Բարսեղ Մեծ (հունարեն՝ Μέγας Βασίλειος կամ Βασίλειος Καισαρείας, շուրջ 330 - 379), ընդհանրական եկեղեցու նշանավոր հայրապետ, ընդհանրական եկեղեցու տասներկու մեծ վարդապետներից մեկը, Հայ Առաքելակն Եկեղեցու և համաքրիստոնեական սուրբ, աստվածաբան, Կապադովկիայի Կեսարիա քաղաքի արքեպիսկոպոս (370 թ-ից), եկեղեցական գործիչ և գրող։ Գրիգոր Նյուսացու ավագ եղբայրը, Գրիգոր Նյուսացու և Գրիգոր Նազիանզացու հետ մեկտեղ մտնում է «երեք մեծ կապադովկիացիների» եռյակի մեջ։ Նրան է վերագրվում պատկերակալի հայնագործումը և իր անունը կրող պատարագի կազմումը։ Հեղինակ է մեկնությունների, դավանաբանական գործերի, ճառերի, ներբողների, քարոզների, զրույցների ու նամակների (մեզ է հասել 360-ից ավել նամակ)։

Ազդեցությունը Հայ եկեղեցու վրա[խմբագրել]

Բարսեղ Կեսարացու երկերը հայերեն են թարգմանվել V դարից («Վեցօրեայք», «Պատարագամատոյցք», կանոններ, աղոթքներ)։ «Գիրք հարցողացը», «Պահոց» ճգնակեցական հրահանգների ժողովածուն (պարունակում է 33 ճառ) աստվածաբանության սիրված ձեռնարկներ են եղել միջնադարյան վարդապետարաններում[1]։ Հայ միջնադարյան հեղինակները Բարսեղ Կեսարացու գործերը ընթերցողին առավել հասկանալի դարձնելու համար գրել են դրանց մեկնաբանություններ (հայտնի են «պատճառ» կամ «լուծմունք» անուններով)։ Կեսարացու ստեղծագործություններից մեջբերումներ են կատարել իրենց մեկնողական և դավանաբանական բնույթի երկերում Վարդան Արևելցին («Մեկնութիւն Արարածոց», «Կնիք հաւատոյ»), Անանիա Սանահնեցին («Հակաճառութիւն»), Վարդան Այգեկցին («Արմատ հաւատոյ») և այլն։ Կեսարացու ճառերից մի քանիսը պահպանվել են միայն հայերեն թարգմանությամբ։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, Երևան, 2002, էջ 177:

Արտաքին հղումներ[խմբագրել]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: CC-BY-SA-icon-80x15.png