Գրիգոր Նյուսացի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
St. Gregory of Nyssa.jpg

Գրիգոր Նյուսացի (հունարեն՝ Γρηγόριος Νύσσης, լատիներեն՝ Gregorius Nyssenus; շուրջ 335 - 394թթ.), երևելի աստվածաբան, փիլիոսոփա, եկեղեցական գործիչ (եպիսկոպոս), Հայ և ընդհանրական եկեղեցու սուրբ, եկեղեցական հայր, Բարսեղ Կեսարացու և Գրիգոր Նազիանզացու հետ կազմում է «երեք մեծ կապադովկիացիների» եռյակը, Բարսեղ Կեսարացու կրտսեր եղբայրն է։

Կյանքը[խմբագրել]

Ծնվել է Կապադովկիայի Նեոկեսարիա քաղաքում շուրջ 335 թ. հույն մեծահարուստ և ազնվական ընտանիքում, որն աչքի էր ընկնում իր աստվածապաշտությամբ։ Երիտասարդ հասակում դպիր է կարգվում, սակայն, առժամանակ թողնում է հոգևոր ոլորտը և հռետորության ուսուցիչ դառնում, ուսումնասիրում հեթանոսական գրականություն, ամուսնանում՝ դառնալով երկու զավակների հայր։ 365թ. կնոջ մահից հետո վերադառնում է հոգևոր ոլորտ, հեռանում է անապատ՝ զբաղվելով Սուրբ Գրքի ուսումնասիրությամբ։ 372 թ. Բարսեղ Կեսարացին, կապադովկյան Կեսարիա քաղաքի արքեպիսկոպոս ձեռնադրվելով, իր դիրքերն ամրապնդելու համար եղբորը կարգում է հայաբնակ[1] Նյուսա գյուղի և Սեբաստիա քաղաքի եպիսկոպոս։ Այդ պաշտոնում Գրիգոր Նյուսացին աջակցել է եղբորը՝ աղանդների (ապոլինարիզմ և արիոսականություն) դեմ պայքարում, որի համար էլ բյուզանդական Վաղես կայսեր կողմից աթոռազրկվել և աքսորվել է՝ վերադառնալով Նյուսա միայն նրա վախճանվելուց հետո։ 378թ. Բարսեղ Կեսարացու մահից հետո ավարտին է հասցնում և հրատարակում ավագ եղբոր անավարտ երկը՝ «Վեցօրեայքը»։

379 թ. մասնակցում է Անտիոքի եկեղեցական ժողովին, որը դատապարտում է միլեթիանական աղանդը։ Իր կամքին հակառակ նշանակվում է Սեբաստիա քաղաքի միտրոպոլիտ և ուղարկվում Պաղեստին և Արաբիա՝ աղանդների դեմ պայքարելու նպատակով։

Մասնակցել է 381թ. Կ.Պոլսի երկրորդ տիեզերական ժողովին։ Մայրաքաղաքում Գրիգորը ձեռք է բերում հեղինակավոր աստվածաբանի և քարոզիչի համբավ, կայսերական հրովարտակով նրա անունը ներառվում է այն եպիսկոպոսների ցանկի մեջ, որոնց հետ շփումը «պարտադիր է ուղղափառների համար»։

Գրիգոր Նյուսացու կյանքի վերջին տարիների մասին գրեթե ոչինչ չի ավանդված, միայն հայտնի է, որ 394թ. նա ներկա է գտնվել Կ.Պոլսում հրավիրված տեղական նշանակության եկեղեցական ժողովին։

Հայացքները[խմբագրել]

Նյուսացին հայտնի է իբրև մտահայեցող աստվածանան և խորհրդապաշտ հեղինակ, ում միտքը հատկորոշվում է և՛ խորությամբ, և՛ համարձակությամբ։ Նրա վրա մեծ ազդեցություն է թողել Որոգինեսի աստվածաբանությունը, նորպլատոնականությունը և Փիլոն Ալեքսանդրացու գործերը։ Պատկանել է Սուրբ Գրքի մեկնողական այլաբանական դպրոցին։ Գրիգոր Նյուսացին ունեցել է մի քանի մասնավոր կարծիքներ, որոնք ընդունելի չեն Ընդհանրական Եկեղեցու համար, ինչպես օրինակ՝ դժոխքի ժամանակավոր տանջանքների մասին ուսմունքը, կամ ապոսկատաստիսը (Քրիստոսի Երկրորդ գալստից հետո արդարների և մեղավորների, ինչպես և սատանայի ու դևերի համընդհանուր վերականգնումը)։

Գրվածքները[խմբագրել]

Թեև Գրիգոր Նյուսացին հիմնականում ստեղծագործել է իր կյանքի վերջին տարիներին (380–394թթ)՝ նրա մատենագրական ժառանգությունը բազմազան և հարուստ է։ Թողել է դավանաբանական, մեկնողական, բարոյախրատական գրվածքներ, քարոզներ, նամակներ, ողբեր և այլն։ «Ընդդէմ Եվնոմիոսի» աշխատության մեջ հաստատել է Սուրբ Երրորդության ուղղափառ վարդապետությունը։ Երրորդաբանական տեսությունը շարադրված է «Սուրբ Հոգու մասին» աշխատությունում, «Առ Եւստաթէոս բժիշկ. Յաղագս Սրբոյ Երրորդութեան» թղթում, ճառերում, որոնցից նշանավոր է «Ոչ երեք Աստուածք»-ը և այլ գրվածքներում։ «Հրահանգ քրիստոնէական հաւատքի» գործը հորդոր է ուղղված նորադարձ հեթանոսներին ու հրեաներին, պարունակում է նաև հերետիկոսությանը հակաճառելու եղանակներ։ «Ընդդէմ Ապողինարիոսի» երկում հերքել է Ապողինար Լաոդիկեցու ուսմունքը, իսկ «Ընդդէմ մանիքեցիների» երկում քրիստոնեության տեսանկյունից փորձել է ապացուցել, որ Աստված չարի պատճառ չէ։ «Մարդու արարչագործման մասին» երկասիրության մեջ խոսվում է մարդու մեջ Աստծո պատկերի նախաստեղծ արժանիքների, հոգու ոգեղենության, նրա զորությունների, հարության, մարդու բնության մեջ սողոսկած արատի, դրա ծագման մասին։ Նյուսացու դավանաբանական գլխավոր երկը «Քրիստոնեական»-ն է («Ճառ յաղագս մեծին քրիստոնէականին»), որը հեղինակի ուղղափառ վարդապետության ամփոփումն է։ Նյուսացու գրչին են պատկանում նաև Աստվածաշնչի մեկնություններ, որոնք հիմնականում այլաբանական խորհրդածություններ են։ Հեղինակել է նաև ծիսապաշտական քարոզներ՝ նվիրված Հիսուս Քրիստոսի Ծննդյան և Աստվածահայտնության, Զատկի և Հարության, Համբարձման, Հոգեգալստյան տոներին, գրել բարոյախրատական բնույթի ճառեր, ներբողներ, դամբանականներ, խրատներ, նամակներ[2]։

Ազդեցությունը Հայ եկեղեցու վրա[խմբագրել]

Նյուսացին եղել է Հայ եկեղեցու սիրված և ընդունված հայրապետներից։ Նրա գործերի զգալի մասը հայերեն է թարգմանվել V-VIII դդ. («Առ այնոսիկ որք ասեն, եթէ մեծ է Հայր քան զՈրդի», «Մեկնութիւն Ժողովողի», «Խաւսք յինն երանութիւնսն», «Ի Հայր մեր որ յերկինսն», «Տեսութիւն ի մարդոյն կազմութիւնն», «Յաղագս կուսութեան», «Յաղագս Երգոյ երգոցս», «Բան խոստովանութեան հաւատոյ» և այլ աշխատությունները)՝ լայն ճանաչում գտնելով և լայնորեն օգտագործվելով միջնադարյան հայ վարդապետանոցներում[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Գրիգոր Նյուսացի, Մեկնություն Ժողովողի, Էջմիածին, 2007, էջ 6
  2. «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, Երևան, 2002, էջ 244:
  3. «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, Երևան, 2002, էջ 245:

Արտաքին հղումներ[խմբագրել]