Աչք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Աչք, լուսային գրգիռներն ընկալող օրգան որոշ անողնաշարավոր, բոլոր ողնաշարավոր կենդանիների և մարդու մոտ։ Անողնաշարավորների մեծ մասի համար աչքի դեր են կատարում տեսողության ոչ բարդ օրգանները (տես Ֆասետային աչք)։ Ողնաշարավորների աչքերը զույգ են, ունեն նույնատիպ կառուցվածք, տեղավորված են գանգի ակնակապիճներում և կազմված են ակնագնդից ու օժանդակ օրգաններից (ակնաշարժ մկաններ, արցունքագեղձ, կոպեր, աչքի խորշանյաթ)։ Մարդու ակնագնդի տրամագիծը մոտ 24 մմ է։ Ակնագնդի արտաքին պատյանը կոչվում է սպիտապատյան (կարծրաթաղանթ), որին կպած են ակնագունդը շարժող 6 մկաններ։ Սպիտապատյանի առջևի ուռուցիկ մասը եղջերաթաղանթն է, որը բացարձակ թափանցիկ է և կատարում է լուսաբեկիչ դեր։ Ակնագնդի միջին պատյանը անոթաթաղանթն է, հարուստ՝ ակնագունդը սնող արյանանոթներով։ Անոթաթաղանթը աչքի առաջային մասում գոյացնում է ծիածանաթաղանթ՝ լցված աչքի գույնը պայմանավորող պիգմենտային բջիջներով։ Ծիածանաթաղանթի կենտրոնում բիբն է, որտեղից լույսի ճառագայթները անցնում են ակնագնդի մեջ։ Ծիածանաթաղանթը ունի շրջանաձև և ճառագայթաձև դասավորված մկանախրձեր, որոնք ուժեղ լույսի դեպքում բիբը նեղացնում են, իսկ թույլ լույսի կամ մթության պայմաններում՝ լայնացնում։ Ծիածանաթաղանթի ներսի երեսին գոյություն ունեն թարթիչային մարմիններ, որոնց մկանախրձերը նուրբ թելիկներով կապված են երկուռուցիկ ոսպնյակը գրկող պատյանի հետ։ Թարթիչային մարմնի մկանները կծկվելով թուլացնում կամ ձգում են ոսպնյակի պատյանի կապանները՝ փոփոխելով նրա լուսաբեկիչ հատկությունները։ Հեռու գտնվող առարկաները դիտելիս ոսպնյակը տափակում է, մոտիկին նայելիս՝ դառնում ավելի ուռուցիկ (տես Ակոմոդացիա աչքի)։ Ակնագնդի պատի ներքին շերտը ցանցաթաղանթն է, որը կազմված է լուսային գրգիռներն ընկալող մի քանի շերտ նյարդաբջիջներից։ Վերջիններս նման են ցուպիկների և շշիկների։ Ցուպիկներն ընկալում են լույսի ամենաթույլ ճառագայթները (մթնշաղային տեսողություն), իսկ շշիկները՝ միայն վառ լույսի ճառագայթները (ցերեկային տեսողություն) և առարկայի գույնը։ Մարդու աչքում կան 110–125 մլն. ցուպիկներ և 6–7 մլն. շշիկներ։ Ցանցաթաղանթի ամենազգայուն տեղը դեղին բիծն է։ Յուրաքանչյուր ակնագնդում, ցանցաթաղանթի ներսի երեսից սկիզբ են առնում 800 հզ.–1 մլն. նյարդաթելեր, որոնք, միանալով միմյանց, կազմում են տեսողական նյարդը։ Վերջինս, մտնելով գանգի խոռոչը, միանում է մյուս աչքից եկող տեսողական նյարդի հետ, կիսախաչվում և կազմում տեսողական ուղին, որը շարունակվում է մինչև տեսողության բարձրագույն նյարդային կենտրոնը՝ գլխուղեղի ծոծրակային բլթի կեղևը։ Աչքի կոպերը զույգ, շարժուն, վարագուրանման մաշկային գոյացություններ են, որոնց ազատ եզրին դասավորված են թարթիչները։ Կոպերի հաստության մեջ կան ճարպագեղձեր, որոնց արտադրած ճարպը դուրս է գալիս եզրից և օծում նրան։ Ակնակապճի վերին դրսի անկյունում տեղակայված է արցունքագեղձը, որի ծորանը բացվում է վերին կոպի տակ։ Արցունքն ակնագունդը լվանալուց հետո մղվում է դեպի աչքի ներսի անկյունը, որտեղից հատուկ անցքերով լցվում է արցունքապարկ, ապա քթարցունքային խողովակով գնում քթի խոռոչ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 496) (հեղինակ — Հ. Հակոբյան)։ CC-BY-SA-icon-80x15.png