Հույզեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հուզական պրոցեսներ և վիճակներ կամ հույզեր (այդ տերմինի նեղ իմաստով), զգացմունքի, ապրման սովորական և բնորոշ ձև։ Այլ կերպ ասած, հույզը որևիցե զգացմունքի անմիջական ապրումն (ընթացումն) է։ Օրինակ՝ հույզ է կոչվում ոչ թե հենց երաժշտության նկատմամբ ունեցած սերը, որպես մարդու մեջ արմատացված առանձնահատկություն, այլև հաճույքի, հիացումի վիճակ, որն ապրում, զգում է վերջինս, երբ լսում է վարպետորեն կատարվող երաժշտական ստեղծագործություն։ Այդ նույն զգացմունքը ապրվում է վրդովմունքի, բացասական հույզի ձևով, երբ երաժշտական ստեղծագործությունը լսում ենք վատ կատարմամբ։

Ընդհանուր բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Վիշտ», Վան Գոգ, 1882 թ.

Հույզը սուբյեկտի վերաբերմունքի արտացոլումն է շրջապատող աշխարհի նշանակալի օբյեկտների նկատմամբ։ Սա պահանջմունքների գոյության սուբյեկտիվ ձև է։ Հույզերը սուբյեկտին ազդանշանում են օբյեկտների պահանջմունքային նշանակալիության մասին և խթանում, որպեսզի գործունեությունն ուղղվի դրանց կողմ։ Հույզերն արտացոլում են անձի վերաբերմունքն աշխարհի և հենց իր նկատմամբ, հաղորդում են պահանջմունքի բավարարման կամ անբավարարության և ապագայում այն բավարարելու հնարավորության կամ անհնարինության մասին։

Բոլորին հայտնի վիսցերալ փոփոխությունները, որոնք ուղեկցում են հուզական գրգռմանը՝ սրտի զարկերի, շնչառության, աղեստամոքսային տրակտի փոփոխությունները ղեկավարվում են ուղեղի կողմից։ Իսկ թե ինչպես է ուղեղն առաջացնում այդ փոփոխությունները և, ինչպես են դրանք կապված հույզերի հետ, որոնք ապրում է անձը, եղել և մնում է վիճաբանությունների առարկա։ Ֆրոյդի կարծիքով գլխուղեղում նյարդային տարրերի գրգռման ցածր աստիճանը անհարմարության ենթագիտակցական զգացողություն է առաջացնում։ Ենթակեղևին փոխանցվող այդ զգացողությունը կարող է առաջացնել արտաքին աշխարհի հետ փոխներգործության պահանջմունք, ինչպիսին են սնունդ ընդունելու կամ սեռական պահանջմունքները։ Այդ փոխներգործությունն իր հերթին բերում է սկզբնական անհարմարության զգացողության նվազմանը, որի պատճառով էլ հաճույքի զգացում է առաջացնում։ Իսկ երբ ենթակեղևն ընկալում է մոտիվները, դրանք դառնում են ցանկություններ։ Որոշ դեպքերում հույզերն աչքի են ընկնում գործունեությամբ, ստենիկական (հունարեն sthenos - ուժ բառից) են։ Հույզերը դառնում են արարմունքների, խոսքային արտահայտությունների դրդիչներ, մեծացնում են մկանների և օրգանիզմի ուժերի լարումը։ Ուրախությունից մարդը պատրաստ է լեռներ շուռ տալ։ Կարեկցելով ընկերոջը՝ նա օգնության միջոցներ է փնտրում։ Գործուն հույզի դեպքում մարդու համար դժվար է լռելը, դժվար է ակտիվորեն չշարժվելը։ Այլ դեպքերում հույզերը բնորոշվում են պասիվությամբ կամ հայեցականությամբ, զգացմունքները թուլացնում են մարդուն։ Երբեմն, ուժեղ զգացում ունենալով, մարդը պարփակվում է իր մեջ, ինքնամփոփ է դառնում։ Նրա մոտ կարեկցանքն այս դեպքում թեպետև մնում է ոչ դատապարտելի, բայց անպտուղ հուզական ապրում, ամոթը վերածվում է միայն ներքնապես ապրվող խղճի թաքուն և տանջալից խայթոցների։

Կատարվող գործողությունների դրդապատճառներ լինելով՝ հույզերը որոշ դեպքերում գործունեությունը կազմակերպող պահեր են, իսկ այլ դեպքերում կազմալուծում են այն։ Հուզական բթության վիճակում մարդու գործունեությունը կորցնում է նպատակաուղղվածությունը, մտածողությունը և երևակայությունը անհրաժեշտ ազդակներ չեն ստանում։ Մյուս կողմից խիստ հուզականությունը ամենուրեք իր հետևից բերում է օբյեկտների աղավաղած արտացոլում, փաստերի սուբյեկտիվ մեկնաբանություն, եզրակացությունների հանգելիս և արժեքավորելիս՝ տրամաբանական սխալներ։

Մարդն իր առօրյա կյանքում ունենում է տխրության, ուրախության, հաճույքի և տհաճության պահեր։ Այսինքն մարդը շրջապատող առարկաների, երևույթների նկատմամբ արտահայտում է իր վերաբերմունքը։ Զգացմունքը այն ապրումն է, որ նա ունենում է այս կամ այն օբյեկտի նկատմամբ՝ կապված պահանջմունքների բավարարման հետ։ Պահանջմունքների բավարարումը կամ անհաջող ավարտը մարդու մեջ առաջացնում են համապատասխան ապրումներ՝ զգացմունքներ, որոնք և արտահայտվում են տարբեր տիպի հույզերում, այսինքն զգացմունքը կարող է իրագործվել տարբեր հույզերում։ Օրինակ՝ հայրենիքի նկատմամբ սիրո զգացմունքը կարող է ծնել բերկրանքի կամ թախիծի հույզեր։

Արտաքին դրսևորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հույզերի արտաքին արտահայտությունները դրսևորվում են դեմքի վրա, դեմքը գունատվում է կամ կարմրում։ Այդ այնքան ցայտուն է արտահայտում հոգեվիճակը, որ Հուլիոս Կեսարը, զինվոր ընտրելիս, առաջնորդվում էր հենց դրանով. վտանգի ժամանակ ում դեմքը կարմրում էր, նրան վերցնում էր, ումը գունատվում՝ մերժում էր։

Յուրաքանչյուր հույզ կամ հուզական վիճակ ունի երեք կողմ.

1. Հույզերի զուտ հոգեբանական, այսինքն այս կամ այն չափով գիտակցվող և ապրումների ձև ունեցող կողմ (ուրախություն, զայրույթ, վախ, հիասթափություն

2. Հույզերի ֆիզիոլոգիական կողմ։ Հուզական վիճակների ժամանակ մարդու էնդոկրին, շնչառական և այլ համակարգերում բարդ գործընթացներ են կատարվում։

3. Հույզերը դրսևորվում են մարդու դիմախաղում և այլ արտահայտիչ շարժումներում։

Հուզական վիճակների ֆիզիոլոգիական հիմքում մեծ է ուղեղի տարբեր բաժինների դերը։ Այսինքն մարդու կողմից զգացմունքների ապրումը կեղևի և ենթակեղևային կենտրոնների համատեղ աշխատանքի հետևանքն է։ Մեծ կիսագնդերի կեղևից ցած գտնվող ուղեղային բաժիններում տեղավորված են օրգանիզմի ֆիզիոլոգիական գործունեության տարբեր կենտրոններ՝ շնչառական, սրտանոթային, մարսողական, արտազատման և այլն։ Այդ պատճառով ենթակեղևային կենտրոնների գրգռումը առաջանում է մի շարք ներքին օրգանների բուռն գործունեություն։ Սրա հետևանքով հույզերը ուղեկցվում են հետևյալ փոփոխություններով՝ շնչառական ռիթմի, սրտի գործունեության, օրգանիզմի տարբեր մասերին արյան մատակարարման, արտազատման գեղձերի աշխատանքի խախտմամբ և այլն։

Գործառույթներ (ֆունկցիաներ)[խմբագրել | խմբագրել կոդը]

Հույզերը մարդու կյանքում կատարում են այնպիսի ֆունկցիաներ, ինչպիսիք են առարկաներն ու իրադրությունները գնահատելը, գործողության դրդող ներքին ուժերի դեր, կարող են նաև անկազմակերպ դարձնել մարդու գործունեությունը, հույզերը խոր ազդեցություն են գործում հիշողության և մյուս ճանաչողական գործընթացների վրա, կարգավորում են մարդկանց վարքը և այլն։

Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հույզերը, կարելի է դասակարգել՝ նրանում առանձնացնելով հուզական պահերը և հուզական դիրքորոշումները: Հուզական դիրքորոշումները նույնպես համադրվում են մարդկային բնավորության գծերի հետ, որոնց շնորհիվ մարդիկ հակված են ունենալ և ապրել որևէ կոնկրետ հույզ: Օրինակ, դյուրագրգիռ անձը ունի հակվածություն առավել արագ և առավել հեշտորեն զգալ գրգռվածություն, քան մյուսները: Որոշ տեսաբաններ հույզերը համարում են «աֆֆեկտիվ վիճակներ», որտեղ աֆֆեկտիվ վիճակները կարող են պարունակել հուզական այլ բաղադրիչներ (այնպիսին ինչպիսին է բավարարվածությունն ու ցավը), մոտիվացնող վիճակներ (օրինակ, քաղց կամ հետաքրքրասիրություն), տրամադրություն, դրույթներ և այլ բնորոշ գծեր[1]:

Հույզերի դասակարգումը կատարվել են 2 հիմնական տեսակետներով: Դաակարգման առաջին տեսակետի համաձայն՝ հույզերը դիսկրետ և հիմնարար տարբեր կառուցվածքներ ունեն, իսկ երկրորդ տեսակետի համաձայն՝ հույզերը կարելի է բնորոշել խմբի քանակական հիմնավորմամբ:

1991 թվականին Ու. Ջեյմսը, ելնելով հույզերի առաջացման իր ունեցած հասկացությունից, հույզական ռեակցիաների առաջացման պատճառները տեսնում էր ռեֆլեկտոր ակտերի բազմազանության մեջ, որոնք առաջանում են արտաքին օբյեկտներից և անմիջապես գիտակցվում մեր կողմից: Ռեֆլեկտոր ակտում չկա անչափելի և բացարձակ ոչինչ:

Պետք է նշել, որ հաճախ հաճախ հույզերի զանազանությունը համարվում է դրանց ցանկի ոչ ճշգրիտ դասակարգումը, երբ հույզերին են վերագրում երևույթներ, որոնք ոչ մի կապ չունեն վերջիններիս հետ: Օրինակ՝ Ս. Օ. Բորդնիկովի և այլոց աշխատություններում (2000 թվական) հույզերին էին վերագրում ճանաչում ձեռք բերելու ցանկությունը, վրեժխնդիր լինելու ցանկությունը, լարվածության զգացումը, շփվելու ցանկությունը, իր գործում հաջողության հասնելու ցանկությունը, բազում անգամ միևնույն բանը ձեռք բերելու ցանկությունը, ինչ-որ բան անելու ձգտումը, երևույթի իմաստը հասկանալու մեջ խորանալը, սեփական մտքերում անհամաձայնությունների հաղթահարումը և այլն: Այսպիսով հեղինակները ընդլայնել են հույզերի ցանկը պահանջմունքների, ցանկությունների, ձգտումների հաշվին` այսպիսով շփոթելով մոտիվները հույզերի հետ:

Հուզական ռեակցիաների որակների և տեսակների հարցը քննարկվում է վաղուց: Անգամ Արիստոտելը առանձնացնում էր սերը և ատելությունը, ցանկությունը և զզվանքը, հույսը և հուսախաբությունը, ամաչկոտությունը և խիզախությունը, ուրախությունը և տխրությունը, բարկությունը: Հին հունական փիլիսոփայական ստոիցիզմի դպրոցի ներկայացուցիչները պնդում էին, որ հույզերը, իրենց հիմքում ունենալով երկու օգուտ և երկու վնաս, պետք է բաժանվեն չորս կրքերի՝ ցանկություն և ուրախություն, տխրություն և վախ: Հետագայում նրանք բաժանեցին դրանք 32 երկրորդային կրքերի:

Բ. Սպինոզան կարծում էր, որ գոյություն ունեն հաճույքի, տհաճության և ցանկությունների այնքան տեսակներ, որքան կան դրանց համապատասխան օբյեկտներ, որոնց կողմից մենք ենթարկվում ենք աֆֆեկտների:

Ռ. Դեկարտն ընդունում էր 6 հիմնական կրքեր՝ զարմանք, սեր, ատելություն, ցանկություն, ուրախություն, տխրություն:

Շատ գիտնականներ են փորձել տալ հույզերի ունիվերսալ դասակարգում, և նրանցից յուրաքանչյուրը դրա համար ուներ սեփական պնդումներն ու հիմնավորումներy:

Թ. Բրաունը հույզերի դասակարգման հիմքում դիտարկում էր ժամանակի գործոնը՝ տարանջատելով հույզերը ուղղակիորեն, որոնք գործում են «այստեղ և հիմա», և հետադարձ հայացքով դիտարկվող կամ հեռանկարային:

Ռիդը կառուցել է հույզերի դասակարգման տեսությունը գործողության աղբյուրի նկատմամբ ունեցած վերաբերմունքի հիման վրա: Նա բոլոր հույզերը բաժանում էր երեք խմբի՝

1) հույզեր, որոնց բնորոշ է մեխանիկական հիմք (բնազդ, սովորույթ),

2) կենդանական ծագման հույզեր (ախորժակ, ցանկություն, ազդեցություն),

3) ռացիոնալ հիմքով հույզեր (ինքնասիրություն, պարտք):

Դ. Ստյուարտի դասակարգումը տարբերվում է մյուսների դասակարգումից: Նա վերը թվարկված առաջին երկու խմբերը միավորում էր ու այն անվանում բնազդային:

Ի. Կանտը բոլոր հույզերը երկու խմբում էր առանձնացնում, որոնց հիմքում դիտարկում էր հույզերի առաջացման պատճառները՝ զգայական և ինտելեկտուալ: Աֆֆեկտներն ու կրքերը նա վերագրում էր կամային ոլորտին:

Ա. Բէնը (1902 թվականին) առանձնացրել է 12 տեսակի հույզեր:

Գիտական հոգեբանության հիմնադիր Վ. Վունդտը կարծում էր, որ հույզերի քանակը (առավել կոնկրետ - զգայությունների հուզական երանգները) այնքնան շատ են (առավել քան 50 000), որ անգամ լեզուն չունի այդ քանակությամբ բառ, դրանք անվանելու համար:

Ամերիկացի հոգեբան Է. Թիթչեներ (Titchener, 1899) հակառակ կարծիքին էր: Նա ենթադրում էր, որ գոյություն ունի միայն երկու տիպի հուզական զգայություն՝ բավարարվածություն և անբավարարվածություն: Նրա կարծիքով Վունդտը խառնել է երկու տարբեր երևույթներ՝ զգացմունք և զգացմունքնայնություն: Զգացմունքնայնությունը, ըստ նրա, բարդ գործընթաց է, որը բաղկացած է զգայություններից ու բավարարվածության և ոչ բավարարվածության զգացումից (այժմյա հասկացությամբ՝ հուզական տոնից): Նա կարծում էր, որ մեծ քանակի հույզերի (զգացմունքների) գոյության թվացյալությունը, կարող է ուղեկցված լինել զգայությունների անհամար թվով համակցություններով: Թիթչեները տարանջատում էր հույզերը, տրամադրությունը և բարդ զգացմունքները, որոնցում էական դեր է խաղում բավարարվածության և անբավարարվածության զգացմունքները:

Հույզերի դասակարգման հիմնական բարդությունը կայանում է նրանում, որ մի կողմից դժվար է որոշել, թե համարվում է արդյոք ընդգծված հույզը ինքնուրույն գործող տեսակ, թե այն բնութագրում է միևնույն հույզը տարբեր բառերով, հոմանիշներով: Իսկ մյուս կողմից արդյոք հույզի նոր բառային բնութագրումը չի համարվում միայն նրա արտահայտվածության արտացոլման աստիճան (օրինակ՝ տագնապ-վախ-սարսափ):

Պ. Սիմոնովը (1970) նշում է, որ վերը թվարկված դասակարգումներից ոչ մեկը չի ստացել լայնամասշտաբ ճանաչում և չի դարձել օգտակար գործիք՝ հետագա փնտրտուքների և ճշտգրտումների համար: Նրա կարծիքով դա բացատրվում է նրանով, որ այդ դասակարգումները կառուցվել են սխալ տեսական հիմքերով: Արդյունքում առաջացել են հույզեր, որոնք դրդում են ձգտել դեպի օբյեկտը կամ խուսափել նրանից, սթենիկ և ասթենիկ հույզեր և այլն[2]:

Մարդկային հույզերը դասակարգելու ամենատարբեր փորձեր են կատարվել։ Ծանոթանանք նորագույն դասակարգումների հետ, որոնք այսօր էլ օգտագործվում են հոգեբան-հետազոտողների կողմից։

Հիմնական կամ առաջնային հույզեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդկանց հույզերի աշխարհը շատ հարուստ է ու բազմազան։ Բայց ուսումնասիրությունները թույլ են տվել պարզել, որ հիմնական հույզերը մի քանիսն են, իսկ մյուսները ստացվում են դրանց խառնումից։ Հիմնական հույզերի հնարավոր զուգորդությունների թիվը շատ մեծ է, քանի որ մարդու հոգեկանում զուգորդվում են յուրաքանչյուր հիմնական հույզի տարբեր ինտենսիվության տարբերակներ։ Հիմնական են կոչվում այն հույզերը, որոնք կազմված են 3 գլխավոր բաղադրիչներից՝ 1. հատուկ նյարդային հիմքից․ 2. դիմախոսական բարդություններից․ 3. հատուկ սուբյեկտիվ ապրումից (զուտ ներհոգեկան կողմից)։

Լայնորեն ընդունված է Ռոբերտ Պլուչիկի տեսակետը, ըստ որի մարդու հիմնական հույզերն են՝ կանխազգացումը, հետաքրքրվածությունը, ուրախությունը, համակրանքը, վախը, զարմանքը, տխրությունը, զզվանքն ու զայրույթը։ Սրանք անհրաժեշտ են ինչպես անհատի, այնպես էլ տեսակի պահպանման համար։ Այդ հույզերից յուրաքանչյուրը, ըստ Պլուչիկի, առաջ է բերում այնպիսի ակտիվություն, որը ֆունկցիոնալ նշանակություն ունի կյանքի պահպանման համար։ Օրինակ՝ վախը կամ սարսափը պաշտպանական հուզական հակազդում է և անհատին հեռու է պահում վտանգներից։ Զայրույթն առաջ է բերում ավերիչ, ագրեսիվ վարք և վերացնում է օրգանիզմի պահանջմունքների բավարարման ճանապարհին հանդիպող արգելքները։ Մնացած հույզերը կամ ավելի բարդ են, կամ էլ թվարկված հույզերի ուժգնության տարբեր աստիճաններն են։ Ինչո՞ւ են սրանք կոչվում հիմնական կամ առաջնային։ Դրա պատճառն այն է, որ դրանք նախ մարդուն տրված են ժառանգականորեն և հոգեկանում ծագում են ինքնաբերաբար, այլ ոչ թե ուսուցման հետևանքով։ Երկրորդ՝ դրանցից յուրաքանչյուրը մարդուն մղում է այնպիսի գործողությունների, որոնք էական նշանակություն ունեն կյանքի պահպանման համար։

Միևնույն հույզը մարդու կյանքում տարբեր իրադրություններում ունենում է ուժգնության տարբեր աստիճաններ։ Դրանք տարբեր անուններ են կրում։ Օրինակ՝ վրդովմունքը, զայրույթն ու կատաղությունը միևնույն հույզի ուժգնության տարբեր աստիճաններն են։ Դրանք առաջ են գալիս, օրինակ, այն դեպքում, երբ մարդու նպատակասլաց գործունեության ճանապարհին արգելքներ են հանդիպում կամ երբ նա իրեն այլ մարդկանց անարդար գործողությունների զոհի դերում է զգում։ Բայց թե հիշյալ հույզի երեք տարբերակներից որը կծագի մարդու մեջ, կախված է նրանից, թե ինչպիսի նշանակություն է նա տալիս իր նպատակին, ինչ ուժ ունի իր կրած վիրավորանքը և այլն։ Այստեղ պետք է նկատենք նաև, որ մեկ հույզից կարող են ծնվել նորերը։ Օրինակ, վիրավորանք կրելով՝ մարդիկ զայրանում են։

Միևնույն հույզի տարբեր աստիճաններ են նաև տագնապը, վախը և սարսափը։ Որքան ավելի ուժգին է հույզը, սովորաբար այնքան ավելի ակտիվ գործողությունների է մղում մարդուն։ Կան, իհարկե, նաև բացառություններ։ Օրինակ, մարդը սարսափից կարող է քարանալ։ Ի մի բերելով մեծաթիվ հետազոտողների արդյունքները՝ հույզերի հոգեբանության ժամանակակից մասնագետ Քերոլ Իզարդը հանգել է այն տեսակետին, որ մարդիկ ունեն 10 հիմնական հույզեր, որոնք ամենայն հավանականությամբ ժառանգական պայմանավորվածություն ունեն։ Դրանք են՝ հետաքրքրություն-հուզմունք, ուրախություն, զարմանք, վիշտ-տառապանք, զայրույթ, զզվանք, արհամարհանք, սարսափ, ամոթ և մեղավորություն։

Երկրորդային հույզեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդային են կոչվում այն հույզերը, որոնք ծագում են առաջնային հույզերի հիման վրա՝ հաճախ նրանցից երկուսի ձուլման հետևանքով։ Օրինակ՝ ուրախության և համակրանքի հիման վրա կարող է սեր առաջ գալ, իսկ համակրանքի և վախի միացումը հանգեցնում է ենթակայության։ Ըստ այս տեսության ՝ լավատեսությունը կանխազգացման և ուրախության միացման արդյունքն է, իսկ զարմանքի և տխրության միացումից առաջանում է հուսախաբություն։ Զայրույթն ու զզվանքը միաձուլվելով հանգեցնում են արհամարհանքի։

Այսպիսով մենք տեսնում ենք, որ երկու կամ ավելի հույզերի զուգորդությունից կարող է ծագել որակապես այլ հույզ։ Բայց նման դեպքերում դժվար չէ նաև նկատել, որ այդ բարդ կազմավորումների մեջ կան իմացական գործողություններ և դրանց արդյունքներ՝ մտապատկերներ և մտքեր։ Օրինակ երբ մենք զարմանալով և տխրելով հուսախաբություն ենք ապրում, մենք նաև գիտենք, թե ինչն է մեզ հուսախաբ արել։ Եվ հենց դա էլ նշանակում է, որ հույզերն ու իմացական գործընթացները մեր կյանքում անբաժան են և կազմում են մտահուզական բարդույթներ։ Հույզերն անբաժան են նաև շարժումներից և մարդու օրգանիզմում կատարվող ֆիզիոլոգիական պրոցեսներից։

Երկարժեք հույզեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Որակական առումով հույզերը լինում են հաճելի և տհաճ։ Որոշ հուզական վիճակներ մեզ հաճույք են պատճառում, այլ հուզական վիճակներ մեզ համար տհաճ են, և մենք կցանկանայինք որքան հնարավոր է արագ ազատվել դրանցից։ Օրինակ եթե որևէ երևույթ մեզ զզվանք է պատճառում, ապա ձգտում ենք հեռանալ նրանից և վերացնել մեր մեջ առաջ եկած այդ տհաճ հույզը կամ գոնե մեղմացնել այն։ Ընկալվող օբյեկտների իրական կամ թվացյալ, վերագրվող հատկություններն են մեր մեջ ծնում այս կամ այն հույզը։ Իսկ երբ դրանք կրկնվում են, ապա կարող են կայուն զգացմունքներ, այսինքն՝ հուզական դիրքորոշումներ դառնալ։

Բայց կյանքի փորձ ձեռք բերելու ընթացքում կարելի է առանց դժվարության նկատել, որ շատ քիչ են այն մարդիկ, առարկաներն ու երևույթները, որոնք մեր մեջ առաջ են բերում միայն մեկ տեսակի, միանշանակ հույզեր։ Դա նշանակում է, որ շատ քիչ են զուտ տհաճ և զուտ հաճելի երևությները։ Որպես կանոն, շատ երևույթներ, ունենալով բազմաթիվ հատկություններ, ինչ-որ առումներով մեզ դուր են գալիս, հաճելի են, իսկ այլ առումներով՝ տհաճ և անցանկալի։ Ահա այսպիսի փաստերից ելնելով էլ հոգեբանները եզրակացրել են, որ բացի զուտ հաճելի և զուտ տհաճ հույզերից կան նաև երկարժեք կամ, ինչպես ընդունված է ասել հոգեբանության մեջ, ամբիվալենտ հույզեր։ Դա նշանակում է, որ որևէ օբյեկտ ընկալելիս մենք ապրում ենք բարդ հուզական վիճակ, որի մեջ միաձուլված են և´ հաճելին, և´ տհաճը։ Երկարժեք կամ նույնիսկ բազմարժեք հույզերն առաջանում են երկու խումբ պատճառների հիման վրա։ Առաջինը մեր պահանջմունքներն են, այն կարիքները, որ ունենք և ցանկանում ենք բավարարել, իսկ երկրորդը այն առարկաներն են, վիճակներն ու ընդհանրապես օբյեկտները, որոնք մենք ցանկանում ենք տիրել։ Դրանք մեր նպատակներն են։ Հույզի երկարժեքությունը պայմանավորված է առաջին հերթին նրանով, որ մարդու մեջ սովորաբար միաժամանակ ակտիվանում են մեկից ավելի դրդապատճառներ։ Երբ մենք բավարարում ենք դրանցից մեկը, ապա մյուսը ճնշվում է։ Ահա թե ինչու տհաճություն ենք զգում։ Երբ մենք որևէ նպատակ ենք ընտրում, որի միջոցով կարող ենք բավարարել մեր պահանջմունքը, ապա գոնե ժամանակավորապես հրաժարվում ենք այլ նպատակներից, իսկ դա միշտ տհաճ է։ Բացի այդ չկա այնպիսի կատարյալ օբյեկտ, որն իր մեջ ունենա միայն մեզ համար հաճելի հատկություններ։ Հետևաբար, ամեն մի օբյեկտ, որն ընտրում ենք որպես նպատակ, և´ հաճելի է, և´ տհաճ։

Դ. Ակտիվացնող և պասիվացնող հույզեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես հասկացանք, տարբեր հույզեր տարբեր կերպ են ազդում մարդու վարքի վրա, նրանում տարբեր փոփոխություններ են առաջ բերում։ Այս չափանիշից ելնելով՝ հոգեբաններն առանձնացրել են մարդկային հույզերի ևս երկու տեսակ՝ ակտիվացնող և պասիվացնող։

Ակտիվացնող հույզերը գիտական գրականության մեջ կոչվում են ստենիկ հույզեր (հունարեն sthenos - ուժ բառից)։ Իսկապես, կան հույզեր ոււ հուզական վիճակներ, որոնց ընթացքում մարդն իրեն ավելի ուժեղ ու ճարպիկ է զգում և իր գործողություններում հենց այդպես էլ դրսևորում է իրեն։ Օրինակ՝ ուրախության ու զայրույթի հուզական վիճակը գրգռում է մարդուն, նա շատ գործունյա ու շարժուն է դառնում և մեծ քանակությամբ եռանդ է ծախսում։ Այդ հույզերի ազդեցության տակ մարդու մեջ կարծես եռանդի նոր աղբյուրներ բացված լինեն։

Ստենիկ հույզերի ազդեցության տակ մարդիկ երբեմն այնպիսի արդյունքներ ու նվաճումներ են ցույց տալիս, որոնք սովորական, հանգիստ հոգեվիճակում անհասանելի են։ Ոգեշնչվածությունը, օրինակ, անհավատալի արդյունքների է հանգեցնում, քանի որ նրա ազդեցության տակ շարժման մեջ են դրվում մարդու իմացական և ֆիզիկական կարողություններիի թաքուն ռեզերվները, որոնք սովորական հոգեվիճակում նրա համար մատչելի չեն։ Նույնանման արդյունքի կարող է հանգեցնել նաև վախը։ Օրինակ՝ վայրի գազանից սարսափահար փախչող մարդը կարող է կապկի ճարպկությամբ ծառը բարձրանալ կամ բարձր պատի վրայից թռչել ու փրկվել՝ զարմանալով, թե դա ինչպես կատարվեց։ Մարդու էվոլյուցիայի ընթացքում ակտիվացնող հույզերը ծագել են որպես վտանգի պահին անհատի հոգեկան ու ֆիզիկական ուժերն ի մի բերելու, եռանդի պաշարներն ակտիվացնելու մեխանիզմներ։ Հասկանալի է, որ դրանք նպաստել են վտանգավոր պայմաններում մարդկանց հարմարվելուն։ Իսկ եթե մադրիկ անընդմեջ բարձր ակտիվության վիճակում լինեն, ապա արագորեն կսպառեն իրենց ուժերն ու կծերանան։ Անընդմեջ բարձր ակտիվությունը նպատակահարմար վարքագիծ չէ։

Մարդուն պասիվացնող, թուլացնող ու անգործունյա դարձնող հույզերին գիտնականները տվել են աստենիկ հույզեր անունը (հունարեն ա մասնիկը, ժխտելով sthenos - ուժ բառը, դարձնում է թուլություն)։ Օրինակ՝ թախիծն ու վիշտը, անկասկած, աստենիկ հույզեր են։ Վիշտ ապրող մարդը կարող է անգործունյա դառնալ և նոր նպատակադրումներ չկատարել։ Նա իրեն հոգնած, ուժասպառ է զգում և կարող է նույնիսկ կյանքի իմաստի կորուստ ապրել։ Ոմանց մոտ այդ աստենիկ վիճակը կայունանում և համանուն նևրոզի տեսք է ընդունում։

Բայց արդեն նշվել է, որ հույզերի ակտիվացնող կամ պասիվացնող ազդեցությունը կախված է նաև նրանց ուժից, ինչպես նաև մարդու այնպիսի անհատական առանձնահատկություններից, ինչպիսին խառնվածքի գծերն են։ Ահա թե ինչու սարսափը՝ որպես վախի բարձրագույն արտահայտություն, կարող է կաշկանդել մարդու գործողությունները։ Մինչդեռ միջին ուժի վախը սովորաբար ակտիվացնում է մարդուն՝ ստիպելով դիմել ինքնապաշտպանական, հարամարվողական գործողությունների։[3]

Ժառանգականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հույզերը կարող են մոտիվացնել մարդկանց սոցիալական համագործակցությունները և հարաբերությունները: Դրանք անմիջականորեն կապված են մարդու ֆիզիոլոգիայի հետ՝ հատկապես սթրեսային համակարգի: Հույզերը սերտորեն կապված են հակասթրեսսային բաղադրիչների հետ: Կապված են նաև կապվածության օքսիտոցին համակարգի հետ, որն էլ կարևոր դեր է կատարում ամրակցման գործընթացում: Հուզականության ֆենոտիպերն ազդում են սոցիալական կապվածության վրա և հարմարեցվում են բարդ սոցիալական համակարգերին: Այս բնութագրիչները սերտորեն կապված են մարդկային գեների հետ: Տեղեկատվությունը կոդավորված է ԴՆԹ-ում, որը ապահովվում է սպիտակուցների հավաքման գործընթացը, որից էլ բաղկացած են մեր բջիջները: Զիգոտները գենետիկ տեղեկատվության լրացման կարիք ունեն իրենց ծնողների սաղմնային բջիջներից և յուրաքանչյուր տեսակի ձևավորման մեջ էական է ժառանգական գծերը, որը թույլ է տալիս իր հաջորդին գոյատևել և հաջողությամբ վերածնվել: Դրանց փոխանցվում են նոր գծերով համադրված, որոնք ժառանքների համար կարող են լինել բավականին օգտակար [4]:

Այլ ձևակերպմամբ հույզերը համարվում է վարքի ժառանգական ծրագիր, որը օժտված է էներգետիկ հատկանիշներով, վերարտադրվելու կարողությամբ, փոխակերպվելու հատկությամբ, դինամիկայով, ինտենսիվությամբ, ազդեցություն ունելու հատկությամբ [5]:

Հուզական ազդեցության ֆիլոգենետիկ ոլորտները[խմբագրել | խմբագրել կոդը]

Դարվինը նշում էր, որ մարդկային զգացմունքները, որոնք համարվում են մարդու հոգու «սրբություն սրբոց», ունեն կենդանական ծագում: Մարդու հույզերի բազմաթիվ դրսևորումներ՝ մասնավորապես արտահայտիչ շարժումները, ըստ նրա, համարվում են նպատակահարմար շարժումների կենտրոնական գաղափարներ: Այժմ դրանց վերածվել են ասոցիատիվ սովորույթների, որոնք առաջանում են համապատասխան հույզերի ժամանակ՝ անկախ վերջիններիս օգտակարության չափից: Այնուամենայնիվ, հուզական մեխանիզմների նմանություններնն ու դրսևորումները դեռ չի արտահայտում մարդու ամբողջական ինքնությունը: Դարվինի հայեցակարգը առավել կենսաբանական էր և չէր բացահայտում մարդկային հույզերի և զգացմունքների ծագման ամբողջական նրբությունները, որոնք պարունակում են մարդու սոցիալական բնույթի բաղադրիչներ [6]:

Գ. Սպենսերը, Տ. Ռիբոն, Ու. Մակ-Դոգալլը շարունակում էին զարգացնել աֆֆեկտներից և կենդանիների բնազդներից հույզերի առաջացման կենսաբանական գաղափարը: Ու Վ. Մակ-Դոգալլը, օրինակ, ենթադրում էր, որ բնազդները բնորոշ են ոչ միայն կենդանիներին, այլև մարդկանց և յուրաքանչյուր բնազդին համապատասխանում է որոշակի հույզ [7]:

Ռ. Պլուտչիկը հույզերը դիտարկում է որպես էվոլյուցիոն զարգացման բոլոր սանդղակներում կենդանիների հարմարման միջոց:

Ըստ Վ. Վոլդիմարի, կան տարբեր կարծիքներ այն մասին, թե ինչը կարելի է համարել կենդանիների հույզեր: Մի դեպքում խոսվում է կենդանիների հույզերի, մյուս դեպքում՝ հուզական արձագանքների մասին, իսկ երրորդ դեպքում՝ աֆֆեկտիվ վարքի[8]:

Հույզերի ֆիզիոլոգիական հիմքերը և տեսությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Այլ կենդանի էակներից մարդը տարբերվում է ծիծաղելու ընդունակությամբ։ Ադիսոն

Պատմականորեն ստացվել է այնպես, որ փորձելով գտնել, դուրս բերել հույզերի ֆունդամենտը պայմանավորել է զանազան տեսակետերի առաջացում, որոնք միավորվել են հետագայում տեսական հայեցակարգերում։

Յուրաքանչյուր անհատի նյարդահոգեկան գործունեությունն ունի հուզական ֆոն, որի ուժգնությունը, արտահայտվածությունը, բովանդակությունը կախված են նրա ծագման աղբյուրի նկատմամբ մեր վերաբերմունքից։ Հույզերը կարելի է բնորոշել մի քանի ձևով, սակայն մինչ այժմ միասնական համընդհանուր գիտական բնորոշում չկա. «Յուրաքանչյուրս գիտի՝ ինչ է հույզը, սակայն այդ վիճակին ճշգրիտ բնորոշում տալ հնարավոր չէ» (Ու.Ջեյմս)։

Հետազոտողների մեծ մասը հույզերը բնութագրում են որպես բարդ հոգեֆիզիոլոգիական երևույթ, որը կարելի է կապել վերապրած և գիտակցված զգացողության, հույզերին ուղեկցող ընդերային (վիսցերալ) գործընթացների և հույզերի արտահայտչական բնութագրերի հետ (դեմքի արտահայտչականություն, խոսքի երանգավորում, շարժուձև, մարմնի դիրք)։

Հույզը հոգեկան գործընթացի հատուկ տեսակ է, որն արտահայտում է մարդու հոգեկան ապրումները շրջապատող աշխարհի և ինքն իր նկատմամբ, ինչպես նաև կատարում է կապի գործառույթն իրականության և այն պահանջմունքների միջև, որոնցից կախված է անհատի վրա ազդող առարկաների և իրավիճակների կարևորությունը։

Հույզերը դիտարկելիս պետք է տարբերել հուզական վիճակը և անհատական հուզական բնութագիրը (հուզականությունը)։ Ռ. Քեթթելի և Ս. Սպիլբերգերի աշխատանքները ցույց են տալիս, որ օրինակ՝ «տագնապի վիճակը» էականորեն այլ կերպ է բնութագրվում, քան «տագնապը», որպես անհատական բնութագիր՝ չնայած, որ դրանք չեն տարբերվում ըստ զգացումների բովանդակության։

Հուզական վիճակները բաժանում են բարձրագույնների և ցածրագույնների։ Բարձրագույն հուզական վիճակի էությունը մարդու սոցիալական պահանջմունքների բավարարումն է կամ մերժումը, իսկ ցածրագույնի դեպքում՝ անձնասիրական-օգտապաշտական (էգոիստա-ուտիլիտար) և մանկայնական(ինֆանտիլ)-գեդոնիստական պահանջմունքների բավարարումը կամ մերժումը։

Հույզերը կարելի է նաև բաժանել հուզական վիճակների, հարաբերությունների և հակազդումների։ Հուզական վիճակը անհատի զգայական (պրոտոպատիկ) բնույթ ունեցող, ընդհանուր մարմնահոգեկան լարվածության հետ կապված հոգեկան վիճակի արտահայտություն է։ Հուզական հարաբերությունը բնութագրում է անհատի կապը հատուկ օբյեկտի հետ և արտահայտում նրա ակտիվ դիրքորոշումը այդ օբյեկտի անձնական գնահատման մեջ։ Հուզական հակազդումը ծագում է որպես որևէ ազդեցությանը կամ տպավորությանը անմիջական անձնական պատասխան։

Կախված ապրումների անմիջական ձևից, ուղղվածությունից, տևողությունից, ծագման աղբյուրից, լարվածության և արտահայտվածության աստիճանից՝ հուզական դրսևորումները բաժանվում են զգայական երանգի, տրամադրության, զգացմունքի, կրքի, գերհույզի (աֆֆեկտի) և հուզական-սթրեսսային վիճակների։

  • Զգայական երանգը հոգեկան գործընթացների ընթացքի համեմատաբար հաստատուն, ընդհանուր, չառանձնացված հուզական ֆոնն է։ Այն արտացոլում է մարդու և օբյեկտի միջև հարաբերության աստիճանը և որակն ամբողջությամբ։ Զգայական երանգի աղբյուր են հանդիսանում անմիջական զգացումները կամ առանձին օբյեկտների և ամբողջական աշխարհի ընկալումը։
  • Տրամադրություը երկարատև, համեմատաբար հավասարակշռված և կայուն ընդհանուր հուզական վիճակ է, որը երանգավորում է մարդու որոշ հոգեկան գործընթացները և վարքը։ Տրամադրությունը կախված է ընդհանուր մարմնական լարվածությունից և արտաքին միջավայրից։
  • Զգացմունքը արտացոլում է որոշակի օբյեկտի նկատմամբ մարդու բովանդակալից, անձնական գնահատականը (ելնելով իր պահանջմունքներից) և առանձնանում է ժամանակային որոշակի սահմանափակումով, ապրումների ուժգնությամբ։
  • Կիրքը երկարատև, բավականաչափ արտահայտված և լարված հուզական վիճակ է, որոշակի օբյեկտի կամ գործունեության ձևի նկատմամբ զգացմունքների կենտրոնացմամբ և ուղղվածությամբ։
  • Գերհույզը կարճաժակետ, մեծ ուժգնությամբ հուզական հակազդումն է, որն արագ տիրում է մարդուն, ընթանում բուռն մնջախաղով (պանտոմիմիկա), վեգետատիվ ոլորտի փոփոխություններով և ուղեկցվում է սեփական վարքագծի կառավարման որոշ շեղումներով՝ ձևականորեն պարզ գիտակցության պայմաններում։
  • Հուզական-սթրեսսային վիճակը հուզական հակազդում է, որն արտահայտում է մարդու վերաբերմունքը իրականության նկատմամբ՝ հուզական լարվածություն առաջացնող իրավիճակներում։ Այն արտահայտվում է որոշակի վարքային հակազդումներում, որոնք կոչվում են հուզասթրեսսային։

Արտաքինից հույզերն արտահայտվում են դիմախաղով, մնջախաղով, խոսքի յուրահատկություններով և մարմնավեգետատիվ երևույթներով։ Դիմախաղը մարդու հույզերն արտահայտող դիմային մկանների համակարգված շարժումն է։ Մնջախաղը և ձեռնածությունը (ժեստիկուլյացիան) մարմնի և ձեռքերի համակարգված շարժումներ են, որոնք ուղեկցում և արտահայտում են տարբեր հուզական ապրումներ և հոգեկան վիճակներ։ Խոսքի հուզական ապրումներ արտահայտող երանգավորումներ են հանդիսանում ձայնի տեմպը, ուժն ու լարվածությունը, նրա արտահայտչականությունը, հնչերանգը, հնչեղությունը։

Կամային հսկողությանը չենթարկվող հուզականության արտահայտման բավական անկողմնակալ չափանիշ են հանդիսանում մարմնավեգետատիվ ցուցանիշները՝ մաշկ-գալվանական հակազդումը, աղեստամոքսային տրակտի կծկումները, քրտնարտադրությունը, արյան բաղադրության բջջային և կենսաքիմիական փոփոխությունները և այլն։

Հույզը, որպես անհատական ապրում, առկա է ցանկացած գործողության, ռեֆլեքսի մեջ։ Վարքի կառուցվածքում՝ որպես գործառնական համակարգում, հույզերին տրվում է ամենաորոշիչ դերը։ Այդ տեսակետից կարելի է առանձնացնել առաջատար և իրավիճակային հույզեր, որոնք կապված են վարքի տարբեր փուլերի հետ։ Առաջատար հույզերը մարդուն ապահովում են իր պահանջմունքների ոչ լրիվ բավարարման մասին և խթանում փնտրելու նպատակային օբյեկտը որոշալի վարքագծի համար։ Խթանող ուժով է օժտված նաև անցյալում նմանատիպ պահանջմունքները հաջող բավարարելու գործունեության մասին հուզական հիշողությունը։ Իրավիճակային հույզերը ծագում են վարքի գնահատման արդյունքում։ Սրանք անհատին դրդում են գործել կամ նախկին ուղղությամբ կամ փոխել վարքագիծը, մարտավարությունը, նպատակին հասնելու ձևեր։

Հույզերի տեսությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

18-19-րդ դարերում հույզերի վերաբերյալ չկար համակարգված, միասնական տեսակետ. ամենատարածվածը հուզերի ինտելեկտուալիստական տեսությունն էր, որը պնդում էր թե հույզերի օրգանային դրսևորումները հոգեկանի գործառնման արդյունք են։ Այս տեսության առավել կարկառուն ներկայացուցիչ էր Ի.Ֆ. Հերբարտը, ով պնդում էր, թե պատկերացումները կազմում են հոգեբանական փաստեր, իսկ դրանց միջև առաջացող կապերը առաջ են բերում զգացողություններ, որոնք կարելի է դիտարկել որպես այդ պատկերացումների միջև հակադրման, կոնֆլիկտի արդյունք։ Այսպես՝ ծանոթի մահացած մարմնի պատկերը և նրա՝ կենդանի, քայլող, ծիծաղող և խոսող պատկերացումները կոնֆլիկտ են ծնում մարդու մեջ և առաջացնում թախիծ։ Իր հերթին տվյալ հուզական վիճակը ռեֆլեքսիվ առաջացնում է արցունքներ, որոնք բնութագրական են տխրության, թախիծի համար։

Նույն տեսակետն ուներ նաև Վիլհելմ Վունդտը՝ էքսպերիմենտալ հոգեբանության հայրը։ Նրա կարծիքով հույզերը նախ և առաջ փոփոխություներ են, որոնք բնութագրվում են զգացումների ազդեցությամբ պատկերացումների վրա, և, որոշ չափով, վերջիններիս ազդեցությամբ իրենց վրա, իսկ հուզական օրգանիկ վիճակները համարվում են հույզերի հետևանք։

Չ.Դարվինի հույզերի ծագման էվոլյուցիոն տեսությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Չ. Դարվինի«1872 թվականին տպագրվածՀույզերի արտահայտումը մարդու և կենդանիների մոտ» գրքում շարադրված է նրա դիրքորոշումը հույզերի արտահայտման ընդունակության աստիճանական զարգացման մասին։ Մարդու դիմախաղի «կենդանական» ծագման մասին Դարվինի պատկերացումները հիմնվում են մարդու և ընտանի կենդանիների հույզերի արտահայտման համեմատական ուսումնասիրության վրա ու հաջողությամբ լրացնում են նրա՝ մարդու ծագման էվոլյուցիոն տեսությունը։ Չ. Դարվինը փորձում էր իր էվոլյուցիոն տեսությունը տարածել ոչ միայն մարդու հուզականության վրա։ Նա նկարագրեց մարդկային հույզերին համանման հուզական վիճակներ ցածրակարգ կենդանիների՝ ընդհուպ մինչև անողնաշարավորների մոտ։ Նրա կարծիքով «նույնիսկ միջատները իրենց ճռճռոցով կարող են կատաղություն, սարսափ, խանդ ու սեր արտահայտել»։

Սակայն ներկայումս գտնում են, որ անողնաշարավորների մոտ հույզերը բացակայում են, քանի որ հույզերի ծագման անհրաժեշտ պայման է ներքին օրգանների նյարդավորման համակարգի (վեգետատիվ նյարդային համակարգի) զարգացումը, ինչպես նաև դիմային և վերջութային մկանների ձևավորումը, որոնց օգնությամբ արտահայտվում են տարբեր հուզական վիճակներ։ Այս տեսակետի համաձայն հույզերը ընկալելու, վերապրելու և արտահայտելու ընդունակությամբ օժտված են միայն ողնաշարավորները։

Հույզերի ծագման մարմնական տեսություն (Ջեյմս-Լանգեի տեսություն)[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուսումնասիրելով հույզերի ֆենոմենը՝ հետազոտողները ուշադրություն են դարձրել այն բանին, որ հուզական ապրումները միշտ ուղեկցվում են որոշակի մարմնական դրսևորումներով։ Օրինակ՝ հանդիպելով իրեն վիրավորողին՝ մարդը գունատվում կամ կարմրում է, սեղմում է բռունցքները։ Շփոթվելիս մարդու մոտ կարող է խախտվել շնչառության ռիթմը և այլն։

Ամերիկացի հոգեբան Ու. Ջեյմսը և ռուս գիտնական Կ. Լանգեն առաջարկեցին հենց այդ մարմնական հակազդումները դիտարկել որպես հույզերի առաջացման պատճառ։

Մարմնական հակազդումները ծագում են ճանաչողական համակարգի ակտիվացման պայմաններում (ընկալում, հիշողություն, մտածողություն) և մարդու կողմից այդ հակազդումների գիտակցման ակտերը անձնապես վերապրվում են որպես հույզեր։ Այսպիսով՝ ըստ Ջեյմս-Լանգեի տեսության՝ մենք վտանգավոր կենդանուց փախչում ենք ոչ թե այն պատճառով, որ վախենում ենք, այլ որ ընկալում ենք տեղեկատվությունը, հասկանում վտանգը, և կենտրոնական նյարդային համակարգը հրահանգում է «փախչել»։ Իսկ որպեսզի շարժողական համակարգը ապահովվի անհրաժեշտ էներգիայով, բոլոր ընդերային մեխանիզմները ակտիվացնում են իրենց աշխատանքը՝ ակտիվանում է արյունատար համակարգը, հաճախանում է շնչառությունը, ներզատիչ գեղձերը արյան մեջ են մղում ադրենալին և այլն։ Այս ընդերային գործընթացները

օրգանիզմի կողմից վերապրվում է որպես հույզեր։ Այսինքն՝ մենք զգում ենք վախ, որովհետև փախչում ենք, և ոչ թե հակառակը։ Ջեյմս-Լանգեի տեսությունը գրավեց հետազոտողների ուշադրությունը, բայց շուտով քննադատվեց։ Քննադատական գլխավոր հանգամանքը ընդերային (մարմնական) և հուզական հակազդումների զարգացման արագությունների անհամապատասխանությունն էր (հուզական հակազդումների հերթափոխվելու արագությունն ավելի մեծ է)։[9]

Հույզերի կոգնիտիվ տեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսությունների առանձին խումբ են կազմում տեսակետները, որոնք հույզերի էությունը բացահայտում են կոգնիտիվ գործոնների միջոցով՝ մտածողության և գիտակցության։

Սրանց շարքում առաջինն հարկ է առանձնացնել Լեոն Ֆեստինգերի կոգնիտիվ դիսոնանսի տեսությունը։ Դրա հիմնական, կենտրոնական հասկացությունն է համարվում դիսոնանսը։ Դիսոնանսը բացասական հուզական վիճակ է, որն առաջանում է այն իրավիճակներում, երբ սուբյեկտը ստանում է օբյեկտի վերաբերյալ հակասական ինֆորմացիա։ Հուզական վիճակ առաջանում է այն դեպքում, երբ մարդու ենթադրությունները հաստատվում են, այսինքն երբ գործունեության իրական արդյունքները համապատասխանում են սպասվածներին։ Ընդ որում առաջացած դրական հուզական վիճակը կարող է բնութագրվել որպես կոնսոնաս։ Բացասական հուզական վիճակ է առաջանում համապատասխանաբար այն դեպքում, երբ սպասվածի և իրական արդյունի միջև կա զգալի տարբերություն, նույնիսկ հակադրություն՝ դիսոնանս։ Կոգնիտիվ դիսոնանսի վիճակը անհարմարության սուբյեկտիվ զգացում է առաջացնում, մարդը ձգտում է հնարավորինս արագ դրանից ազատվել։ Դրա համար նա կարող է կիրառել վարքային երկու ռազմավարություն՝ փոխել սեփական սպասելիքները, որպեսզի դրանք համապատասխանեն իրականությանը, կամ աշխատել ստանալ նոր տեղեկատվություն, որոնք կհամապատասխանեին նախկին սպասելիքներին։

Տվյալ տեսակետին մոտ են Ս. Շեխտերի հայացքները, ով բացահայտել է հիշողության և մոտիվացիայի դերի նշանակությունը հուզական գործընթացներում։ Շեխտերի հայեցակարգը ստացել է կոգնիտիվ-ֆիզիոլոգիական անվանումը։ Այս տեսության համաձայն, առաջացած հուզական վիճակների վրա, բացի ընկալվող ստիմուլներից և մարմնական փոփոխությունների ց, ազդում են նաև ապերցեպցիան և տվյալ իրավիճակի սուբյեկտիվ գնահատումը։ Ընդ որում գնահատականը ձևավորվում է մարդու համար ակտուալ պահանջմունքների և հետաքրքրությունների հիման վրա։ Փորձերից մեկում մարդկանց դեղահաբի փոխարեն տրվւմ էր պլացեբո՝ չեզոք լուծույթ տարատեսակ հրահանգների ուղեկցությամբ։ Մի դեպքում նրանց ասվում էր այն մասին, որ դեղահաբը առաջացնում է էյֆորիկ զգացողություններ, մյուս դեպքում՝ դիսֆորիկ։ Դեղահաբն ընդունելուց ժամանակ անց, երբ փորձարկվողներին տրվում էր հարց, թե ի՞նչ են իրենք զգում, նկարագրված ապրումները մեծամասամբ համապատասխանում էին տրված հրահանգին։

Կոգնիտիվ տեսությունների դասին է պատկանում նաև հույզերի ինֆորմացիոն հայեցակարգը։ Այն մշակվել է Պ. Վ. Սիմոնովի կողմից։ Տեսության համաձայն՝ հուզական վիճակները որոշվում են անհատի ակտուալ պահանջմունքներով և գնահատականով, որ նա տալիս է այդ պահանջմուքի բավարարման հավանականությանը։ Հավանականության հաշվառումը անհատն իրականացնում է բնածին և անհատական ձեռք բերված փորձի հիման վրա՝ չկանխամտածված կերպով համադրելով այն տեղեկատվությունը, որ նա ունի միջոցների, ռեսուրսների, ժամանակի մասին՝ ենթադրաբար անհրաժեշտ պահանջմունքի բավարարմանը ընթացիկ եկող ինֆորմացիայի հետ։ Օրինակ՝ վախի հույզն առաջանում է, երբ մարդը չունի բավարար չափով ինֆորմացիա ինքնապաշտպանության հասանելի միջոցների մասին։

Սիմոնովի մոտեցումը իրացվում է հետևյալ բանաձևում՝

Հ = Պ(Ի.անհ. - Ի.առկա), որտեղ՝

Հ- հույզն է, դրա ուժը և որակը

Պ- ակտուալ պահանջմունքի մեծությունը և սպեցիֆիկան,

Ի. անհ.- անհրաժեշտ ինֆորմացիան ակտուալ պահանջմունքը բավարարելու համար,

Ի.առկա- առկա, ընթացիկ ինֆորմացիան տվյալ պահին:

Տեսության եզրակացություններն հետևյալն են՝ եթե պահանջմունքի բացակայում է, չկան նաև հույզեր, հույզեր չկան նաև այն դեպքում, երբ մարդը ունի իր պահանջմունքը բավարարելու լրիվ հնարավորություն։ Եթե պահանջմունքի բավարարման սուբյեկտիվ գնահատականը բարձր է, առաջանում են դրական հույզեր, իսկ եթե ցածր՝ բացասական։ Այսպիսով գիտակցված, թե ոչ, մենք մշտապես ինֆորմացիա ենք հավաքում, հաշվարկում մեր պահանջմունքների բավարարման, համար և համապատասխան տրվող սուբյեկտիվ գնահատականի՝ պահնաջմունքների բավարարման հնարավորության, առաջանում են համապատասխան հույզեր։

Փորձարարական հետազոտությունների տվյալները ցույց են տվել, որ հուզական վիճակների կարգավորման մեջ առաջատար նշանակություն են ձեռք բերում մեծ կիսագնդերի կեղևը, հիպոթալամուսը, լիմբիական համակարգը՝ նամանավանդ նշաձև կորիսը։ Պավլովը ապացուցել է, որ հենց կեղևն է կարգավորում հույզերի ընթացքը և արտահայտումը, ազդում ենթակեղևային գործընթացների վրա։ Եթե կեղևը հայտնվում է բարձր գրգռման վիճակում, ենթակեղևային գոյացություններն էլ են գրգռման վիճակի գալիս, արգելակման պարագայում՝ առաջ է գալիս ընդհանուր շարժողական պասիվություն, թուլացում, սրտանոթային համակարգի գործունեության նվազում։[10]

Հույզերի նյարդակազմաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենդանիների ուղեղային կառուցվածքների վրա էլեկտրական գրգռման փորձերը ցույց են տալիս, որ գոյություն ունի երկու տիպի կենտրոններ, որոնց գրռումն առաջ է բերում հաճույքի կամ տհաճության զգացողություն։ Առաջին անգամ այս մասին խոսվեց 20-րդ դարի կեսերին՝ Մանռեալի գիտական կոնգրեսում, երբ Օլդսը և Միլները ցուցադրեցին առնետների վրա ինքնագրգռման էֆֆեկտի գիտափորձը։ Նրանք էլեկտրոդներ են տեղադրում առնետի կողմնակի ենթատեսաթմբային շրջանի միջային առաջային խրձում, այնուհետև տեղավորում առնետին արկղում, որտեղ կա լծակ, որին հպվելիս է առնետն ամեն անգամ էլեկտրոնային հարված է ստանում։ Փորձերը ցույց են տվել, որ ժամանակի ընթացքում առնետը հաճախականացնում է լծակին հպվելու չափը, հասցնելով այն ժամում 7000 հպման։ Միջին և միջանկյալ ուղեղների շուրջփորոքային հատվածներում տեղադրված են տհաճության կենտրոնները, քանզի առնետը այս հատվածում տեղադրված էլեկտրոդների պարագայում խուսափում է դիպչել լծակին։ Ենթատեսաթմբում և գորշ նյութում ևս կան տհաճության կենտրոններ։ Հետագա հետազոտությունները բացահայտել են հույզերի կարգավորման, առաջացման, ինտենսիվության դերի մեջ գոտկային գալարի, նշաձև կորիզի և հիպոկամպի նշանակությունները։ Ամերիկացի նյարդաբան Ջ. Պեյպեցը հիմնվելով իր և նախկինում կատարված հետազոտությունների վրա առաջադրեց վարկած, ըստ որի գոյություն ունի ուղեղային գոյացությունների շղթա, որ կազմում է հույզերի ուղեղային հիմքը։ Այդ շղթան փակ է, իր մեջ ներառում է հետևյալ գոյացությունները՝ ենթատեսաթումբ, տեսաթմբի առաջային փորային կորիզ, գոտկաձև գալար, հիպոկամպ, պտկաձև կորիզներ։ Այս համակարգը հետագայում ստացավ լիմբիական համակարգ անվանումը։ Վարկածը ներկայումս քննադատվում և կասկածի տակ է առնվում, քանզի մասնավորապես հիմոկամպի և տեսաթմբի դերը հույզերի առաջացման, կարգավորման գործում միանշանակ չեն։ Հիպոկամպն ունի ավելի շատ տեղեկատվական բնույթ, քան հուզական։ Այնուամենայնիվ հիմքեր կան կարծելու, որ դրանում առկա են տագնապի և վախի կենտրոններ։

Մյուս կարևոր կենտրոնները, որոնք չեն նշվել Պեյպեցի օղակում, բայց կարևոր դեր ունեն հույզերի առաջացման մեջ ճակատային բլթերն են, նշաձև կորիզը և քունքային կեղևը։ Ճակատային բլթերի ախտահարումը առաջացնում է մարդու զգայական ոլորտի նշանակալի աղճատումների։ Մասնավորապես տուժում են բարձրագույն հույզերը՝ գործունեության, էմպաթիայի, ստեղծագործական աշխատանքի հետ կապված։ Քունքային բևեռների երկկողմ հեռացումը կապիկների մոտ հանգեցրել է ագրեսիվության և վախի ճնշման, այս խանգարումները համանման են նշաձև կորիզի քայքայման հետևանքով առաջացող խանգարումներին։[9]

Հույզերի կառավարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հույզերի առաջացումն ոչ միշտ են ցանկալի, քանի որ նրանք կարող են ապակառուցել գործունեությունը, կամ, օրինակ՝ դրանց արտաքին դրսևորումները կարող են դնել մարդուն անհարմար դրության մեջ, մատնելով նրա զգացմունքները այլ մարդու մոտ: Այլ տեսակետից հուզական աճը և լավ տրամադրությունը նպաստում են մարդու ինչ-որ գործունեություն ծավալելու, ազատ շփում իրականացմելու:

Փոքրերի հուզական վիճակի կառավարման անհրաժեշտության մասին Վ. Բեխտերևը գրել է, որ հուզական վիճակների անհանգստությունները նպաստում են երեխայի նորմալ զարգացմանը, այդ թվում և ինտելեկտուալ զարգացմանը:

«Բավարարված և երջանիկ երեխան առավել լավ է սնվում և առավել լավ մարսում սնունդը, նա առույգ է, ուժեղ է և աշխատունակ, ավելի շատ է հետաքրքրվում խաղերով և պարապմունքներով, հեշտ է հաղթահարում խնդիրները, քան մշտապես լացող, դժգոհ և դյուրագրգիռ երեխաները»:

Վ. Բեխտերևը ընդգծում էր ճիշտ խնամքի կարևորությունը նորածինների կյանքում՝ նրանց մոտ դրական հույզեր առաջացնելու նպատակով: Նա հինականում կերևորում էր բացասական հույզերի բացառումը երեխաների կյանքից:

Այդ նպատակին հասնելու հիմնական սկզբունքները, ըստ նրա, օրգանիզմի ֆիզիկական ամրակազմության առկայությունն է, երեխաների տարբեր ձգտումների բավարարվածությունն է, գայթակղություններից խույս տալն է, որոնք հնարավոր չէ բավարարել [11]:

Ռ. Նելսոն-Ջոունսը հույզերը բաժանում էր համապատասխան և անհամապատասխան դասակարգումների: Անհամապատասխան էին համարվում այն հույզերը, որոնք խոչընդոտում են տրամաբանական հավասարակշռության հասնելու գործընթացին: Օրինակ՝ տեղին է օտար և բարդ դրություններում լինել վախեցած, զգուշավոր, զգոն, որպիսի կարողանաք նախաձեռնել ցանկացած քայլ, որոնք անհրաժեշտ են իրական պաշտպանության համար: Բայց տագնապը և ծայրահեղ մտահոգվածությունը համարվում են անտեղին արտահայտվող հույզեր, քանի որ դրանք առաջանում են իռացիոնալ մտածողությունից կամ խելագար համոզմունքներից և կարող են խոչընդոտ հանդիսանալ նպատակին հասնելու ճանապարհին [12]:

Ցանկալի է կարողանալ կառավարել հույզերը և կարողանալ ղեկավարել դրանց արտաքին դրսևորումները: Դեռևս 1782 թվականին Ի. Պեստալոցցին գրել է,- «Ամենակարևորը երեխաներին սովորեցնել տիրապետելու իրենց զգացմունքները...»:

Արտաքին դրսևորումների բացակայությունը դեռևս չի նշանակում, որ մարդիկ դրանք չեն զգում: Մարդը կարող է թաքցնել իր անհանգստությունները՝ պահելով դրանք ամենախորքերում: Էքսպրեսիայի ղեկավարումը դրսևորվում է երեք ձևերով՝ «ճնշում», «դիմակավորում» և «սիմուլյացիա»:

Ցանկալի հույզերի առաջացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդկային գործունեության շատ տեսակներ, որոնք ստեղծագործական բնույթի են, կարիք ունեն ներշնչման, հոգևոր աճի: Որպես օրինակ կարող ենք առանձնացնել դերասանի գործունեությունը: Նրանցից որոշները այնքան են մտնում դերի և հուզական գրգռվածության մեջ, որ իրենց խաղընկերներին ֆիզիկական ցավ են պատճառում:

Կոմպոզիտորների կյանքում նույնպես կարևոր դեր է խաղում առաջացած հույզը: Ռուս հայտնի կոմպոզիտորներից մեկը ասում էր, որ երաժշտության ստեղծումն աշխատանք է, որը պահանջում է համապատասխան հոգևոր տրամադրվածություն, հուզական վիճակ: Նա այսպիսի հոգեվիճակ ինքն էր առաջացնում իր մոտ:

Սպորտային գործունեությունը նույնպես ստիպում է ոչ թե ճնշել այլ արտահայտել հույզերը: Գոյություն ունի անգամ այսպիսի հասկացություն՝ «սպորտային բարկություն»[13]:

Դրական հույզեր առաջացնելու համար օգնության է հասնում նաև մեր երևակայությունը, որպեսզի համապատասխան հուզական վիճակի առաջացնենք: Այս մեթոդը օգտագործվում է՝ որպես ինքնակառավարման մի ձև: Անձը հիշում է կամ պատկերացնում է իր կյանքից իրավիճակներ, դրվագներ, որոնք ուղեկցվում են իր կողմից ուժեղ անհանգստություններով, ուրախության հույզերով կամ հիասթափություններով: Այսպիսի մեթոդների բազմակի կիրառման շնորհիվ արդյունքը առավել արդյունավետ կլինի:

Գոյություն ունի հուզական վիճակի այնպիսի ուղղություն, ինչպիսին գելոտոլոգիան է (հուն. gelos - ծիծաղ)[14]:

Բացահայտված է, որ ծիծաղը մարդու հոգեկանի և ֆիզիոլոգիայի վրա առաջացնում է դրական ազդեցություն: Այն մեղմում է ցավը: Ծիծաղի ժամանակ առաջացած հորմոնների ազդեցությունը համեմատում են մորֆինի առաջացրած ազդեցության հետ: Այն դրական է ազդում նաև արյան բաղադրության վրա և ազդեցությունը պահպանվում է օրեր շարունակ:

Ծիծաղը նվազեցնում է սթրեսը և կանխում դրա բացասական հետևանքները: Անուղղակիորեն այն բարձրացնում է սեքսուալությունը: Կանայք, ովքեր ծիծաղում են հաճախ և բարձրաձայն, առավել գրավիչ են երևում տղամարդկանց աչքերում:

Ամերիկացի գիտնականները պնդում են, որ ծիծաղը նաև խթանում է իմուն համակարգի գործունեությանը և իջեցնում է արյան ճնշումը: Հետազոտություններում մասնակիցները 20 րոպե շարունակ դիտել են ֆիլմեր պատերազմի մասին պատմող, հումորային և չեզոք բովանդակությամբ: Սեանսներից հետո կամավորներից արյան անալիզ են վերցրել: Պարզվել է, որ այն խմբում, ովքեր հումորային ֆիլմեր են դիտել, իջել է կորտիզոլի մակարդակը, բարձրացել է իմուն համակարգի բջիջնրի քանակը և իջել է արյան ճնշումը:[15]

Լացի ժամանակ արցունքների հետ օրգանիցմից դուրս են գալիս այնպիսի նյութեր, որոնք ձևավորվում են ուժեղ նյարդահոգեբանական լարվածության ժամանակ: 15 րոպե լացը բավարար է առաջացած ավելորդ լարվածության թուլացման համար:

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Schwarz, N. H. (1990). Feelings as information: Informational and motivational functions of affective states. Handbook of motivation and cognition: Foundations of social behavior, 2, 527-561.
  2. Е. П. Ильин ЭМОЦИИ И ЧУВСТВА Саш-Петербург Москва - Харьков - Минск 2001, стр. 130-132
  3. Изард, К. (2000). Психология эмоций. М:: СПб.: Питер. 
  4. https://en.wikipedia.org/wiki/Emotion
  5. http://magicspeedreading.com/books/a_govori/energiya_emociy_boyko/emotion_011.html
  6. Дарвин Ч О выражении эмоций у человека и животных. - СПб.: Питер, 2001.
  7. MacDougall W. An introduction to social psychology. - London: Methuen, 1923.
  8. Е. П. Ильин ЭМОЦИИ И ЧУВСТВА Саш-Петербург Москва - Харьков - Минск 2001, стр. 38-39
  9. 9,0 9,1 Գրիգորյան, Վիլենա Հրանտի (2007). Հոգեֆիզիոլոգիա. Երևան: Երևանի համալսարանի հրատարակչություն. էջեր 612. 
  10. Маклаков, О.А. (2000). Общая психология. Москва: СПб.: Питер. 
  11. Бехтерев В. М. Охрана детского здоровья // Проблемы развития и воспитания человека. Избранные психологические труды. - М.; Воронеж, 1997. с. 230-231
  12. Нельсон-Джоуне Р. Теория и практика консультирования. - СПб.: Питер, 2000, с. 315
  13. Е. П. Ильин ЭМОЦИИ И ЧУВСТВА Саш-Петербург Москва - Харьков - Минск 2001, стр. 267-271
  14. https://dic.academic.ru/dic.nsf/dic_synonims/277768/%D0%B3%D0%B5%D0%BB%D0%BE%D1%81
  15. http://fito-gor.com.ua/blog/cmex

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]