Անձ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անձ, սոցիալականացված անհատ՝ անկրկնելի բնածին և ձեռքբերովի որակների ամբողջություն:

Հասկացություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Persona» լատիներեն բառը՝ մարդ, անձ, անձնավորություն, նախնական իմաստով նշանակել է դիմակ, որը հագնում էր դերասանը հին հունական թատրոնում:

«Անձ» հասկացությունը սահմանելու համար անհրաժեշտ է տարբերակել «մարդ», «անհատ» և «անձ» հասկացությունները:

«Մարդ» եզրն օգտագործվում է բոլոր մարդկանց բնորոշ համընդհանուր որակները բնութագրելու համար: Հումանիտար գիտությունների մեջ ընդունված պատկերացմամբ, մարդը կենսաբանական էվոլյուցիայի բարձրագույն աստիճանն է, կենդանի բնության տարր: Մյուս կողմից՝ մարդը սոցիալական էակ է, սոցիալական իրականության սուբյեկտը, որը կազմում են միմյանց հետ փոխհարաբերող մարդիկ: Մարդն ունի կենսասոցիալական բնույթ: Սոցիալականը բխում է բնականից, նրա մեջ միշտ պահպանվում է բնությունից տրված կենդանի սկիզբը:

Մարդկության առանձին ներկայացուցիչները նշվում են «անհատ» հասկացությամբ: Մարդը ծնվում է որպես անհատ, անձ դառնում է: Յուրաքանչյուր անձ մարդ է, բայց ոչ բոլոր մարդիկ են անձ: Անձը որոշակի սոցիալականացում անցած անհատն է:

Անձ և հասարակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անձը սոցիալական կյանքի տարրն է: Անձ է այն մարդը, որն իրեն գիտակցաբար դասում է այս կամ այն խմբին, գիտակցում է խմբային շահերը, իմաստավորված ընդգրկվում է սոցիալական խմբի, ողջ հասարակության կյանքի մեջ: Անձն ունի սոցիալական պատասխանատվության զգացում, այսինքն՝ հասարակության, սոցիալական շրջապատի նկատմամբ իր գործունեության, արարքի արդյունքը կանխատեսելու ունակություն:

Սոցիալական պատասխանատվության էությունը բացատրել է Մաքս Վեբերը՝ որպես նրա չափանիշ առանձնացնելով «սպասումը», երբ անձը կողմնորոշում է գործողությունը, արարքը կողմնորոշում է դեպի սպասվող պատասխան ռեակցիան: Մարդն իտարբերություն կենդանիների, կարող է կանխատեսել, թե մյուս մարդիկ ինչ են սպասում իր գործողություններից ու արարքներից, ինչպես նաև նրանց արձագանքն այդ գործողությունների հանդեպ:

Փոխադարձ սպասումների կապվածությունն առանձին անձի համար ստեղծում է կանխատեսելիության իրավիճակ, սոցիումում գոյություն ունենալու և զարգանալու կայուն, հուսալի պայմաններ: Սոցիալական ցնցումները խախտում են կայունությունը, ծնում են տագնապի, անվստահության տրամադրություններ: Տեղի է ունենում սոցիալական իրականության ապակայունացում: Սպասումները, կողմնորոշումը դեպի ուրիշները ապահովում են կանխատեսելիության, համախմբվածություն, կանոնավորություն, որոնք, իրենց հերթին, ընկած են քաղաքակրթության զարգացման հիմքում:

Միաժամանակ, անձը, որպես սոցիալական հարաբերությունների սուբյեկտ, ունի ինքնավարություն, հասարակությունից որոշակի չափով անկախություն: Անձնական անկախությունը ենթադրում է ինքնագիտակցության, ինքնավերլուծության, ինքնագնահատման, ինքնավերահսկման ընդունակության առկայություն: Անձի ինքնագիտակցությունը որոշում է կենսական դիրքորոշումը, վարքագծի սկզբունքները, որոնք հիմնված են աշխարհայացքային կողմնորոշումների, սոցիալական արժեքների, գաղափարների և բարոյական նորմերի վրա:

Անձի և սոցիալական միջավայրի փոխհարաբերությունները, միջավայրին հարմարվելու և ինքնիրացման պայմանները նշանակալի չափով որոշվում են անձի ազատությամբ, նրա ինքնուրույնության աստիճանով: Անձի ազատությունը հանգում է ընտրության հնարավորությանը, որն ընձեռում է հասարակությունը: Հասարակության մեջ անձի ազատությունը բացարձակ չէ: Այն կարգավորվում է ուրիշ անձանց ազատության սահմաններում: Յուրաքանչյուրի ազատությունն ավարտվում է այնտեղ, ուր սկսվում է ուրիշի ազատությունը:

Անձի կարգավիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդկային էակներն ամենուր և ամեն տեղ ապրում են կողք կողքի, գտնվում են սոցիալական կապերի համակարգում: Սոցիալական խումբն անհատների կայուն ամբողջությունն է: Համատեղ գործողությունների համար սոցիալական խմբում անհրաժեշտ են աշխատանքի բաժանում և գործողությունների համակարգում: Խմբային բոլոր գործողություններում տարբեր մասնակիցներ կատարում են որոշակի գործառույթներ: Աշխատանքի բաժանման շնորհիվ գործառույթը կապվում է այնպիսի գործունեության հետ, որի հետևանքները կարևոր են հասարակության համար: Որոշակի գործառույթներ կատարելիս, սոցիալական փոխազդեցությունների ընթացքում, մարդու վրա դրվում են որոշակի գործառութային պարտականություններ:

Յուրաքանչյուր անձ հասարակության մեջ զբաղեցնում է որոշակի տեղ և կատարում է կոնկրետ գործառույթներ: Անհատի գործառույթը և դրանից բխոր պարտականությունները և իրավունքները որոշվում են նրա սոցիալական կարգավիճակով: Կարգավիճակը ներառում է գործառույթների որոշակի ամբողջություն, որ կատարում է մարդը՝ ապրելով տվյալ հասարակության մեջ: Սոցիալական կարգավիճակը հասարակական հարաբերությունների համակարգում անձի դիրքի ցուցանիշն է: Յուրաքանչյուր մարդ սոցիալական կապերի համակարգում կատարում է տարբեր գործառույթներ և, համապատասխանաբար, ունենում է շատ կարգավիճակներ: Անձի կարգավիճակային դիրքի հիմքը կազմում են գլխավոր կարգավիճակները, որոնք կրում են համընդհանուր բնույթ, օրինակ՝ տվյալ պետության քաղաքացի, մարդ և այլն: Ի ծնե ձեռք բերած կարգավիճակն անվանում են նախատեսված (նախանշված): Դրանցից են ազգությունը, սոցիալական ծագումը, սեռը, ծննդավայրը և այլև: Կյանքի տարբեր փուլերում ձեռք բերված կարգավիճակները կոչվում են ձեռքբերովի: Դրանցից են, օրինակ՝ ծնող, ամուսին, դաշնակահար, բանաստեղծ, վարորդ, ինժեներ, ուսանող և այլն: Դրանց ձեռք բերման համար անձը որոշակի ջանքեր պետք է գործադրի:

Կարգավիճակները կարող են լինել ձևական և ոչ ձևական: Հասարակության մեջ ընդունված կարգավիճակների աստիճանակարգը (հիերարխիան) ընկած է տվյալ հասարակության սոցիալական շերտավորության (ստրատիֆիկացիայի) հիմքում: Կարգավիճակի վարկանիշն արտացոլում է տվյալ հասարակության մշակույթի և հասարակական կարծիքով ընդունված արժեքների համակարգը: Մեծ նշանակություն ունեն այն կարգավիճակները, որոնք կապված են ունեցվածքի, մասնագիտության, սեռի և տարիքի հետ:

Սոցիալական դեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Համապատասխան իր կարգավիճակին՝ մարդը հասարակության մեջ կատարում է որոշակի սոցիալական դերեր: Սոցիալական դերը մարդուց ակնկալվող վարքագիծն է, որը պայմանավորված է նրա կարգավիճակով և բնորոշ է տվյալ հասարակության մեջ այդ կարգավիճակի մարդկանց: Սովորաբար յուրաքանչյուր կարգավիճակ պարունակում է մի քանի դեր: Այն դերերի ամբողջությունը, որը պետք է կատարի անձը, դերային հավաքածուն (լրակազմ) է:

Վարք[խմբագրել | խմբագրել կոդը]

Անձի վարքը կարգավորվում է սոցիալական նորմերով: Նորմերը դրանք վարքի պարտադիր կանոններ են, որոնք ընդունված են հասարակության մեջ: Կան խիստ պարտադիր և թույլ պարտադրության նորմեր: Սոցիալական դերը միշտ կապված է տվյալ մշակույթի մեջ ամրագրված նորմերին, օրինակներին, չափորոշիչներին: Դերակատարումը անձից պահանջում է վարքագծի կազմակերպում՝ խմբային նորմերին համապատասխան: Տարբեր սոցիալական խմբերում և մշակույթներում վարքագծի չափորոշիչները տարբեր են: Տարբեր մշակույթներում դաստիարակված մարդիկ որոշակի դժվարություններ են ունենում համատեղ գործունեության ժամանակ: Դերակատարման որակը պայմանավորված է անձի անհատական առանձնահատկություններով և դերի մեկնաբանմամբ:

Դերերը կատարելիս մարդիկ կարող են ապրել դերային կոնֆլիկտ և դերային լարվածություն: Առաջինն առաջանում է այն դեպքում, երբ անձի կողմից կատարվող դերերը միաժամանակ ներկայացնում են հակադիր պահանջներ: Դերային լարվածություն առաջանում է այն դեպքում, երբ նույն դերը անձին միաժամանակ ներկայացնում է հակադիր պահանջներ:

Բոլոր կազմակերպված խմբերում գոյություն ունի սոցիալական վերահսկողություն, որի օգնությամբ անհատների վարքագիծը մոտեցվում է ընդունված նորմերին: Հարկադրանքի նորմերը սոցիալական սանկցիաներ են, որոնք կարող են լինել ինչպես խրախուսական, այնպես էլ պատժող: Դրական սանկցիաները կապված են մեծարանքների, պարգևների, խրախուսանքների հետ, բացասականները՝ տարբեր ձևի պատիժների՝ հանդիմանելուց մինչև բանտարկություն կամ նույնիսկ մահապատիժ[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Սոցիալական ոլորտի բառարան, կազմեց Աշոտ Եսայանը, Ե., «Հույսի կամուրջ» ՀԿ, 2005, էջ 24-26:
Wiktionary-logo-hy.png Ընթերցե՛ք «անձ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։