Jump to content

Բնազդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բնազդ (այլ կիրառումներ)
Կոնրադ Լորենց
Նիկոլաաս Թինբերգեն 1978

Բնազդ (լատին․՝ instinktus` շարժառիթ), ժառանգական ոչ պայմանական ռեակցիաների ամբողջություն, վարքի բնածին հարմարվողական ձև, որը հատուկ է տվյալ կենդանատեսակին։ Դրսևորվում է այն ժամանակ, երբ կենդանին կամ մարդը հայտնվում է համապատասխան իրադրության մեջ[1][2]։

Ներկայումս բնազդի նշանակման համար ընդունված են հետևյալ հասկացությունները՝ տեսակային վարք, ստերեոտիպային վարք, բնածին վարք, ժառանգականությամբ ծրագրավորված վարք, ֆիքսված գործողությունների համալիր։

Առանձնահատկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Բնազդային վարքը խիստ հարմարված է և չի պահանջում նախնական ուսուցում։ Օրինակ՝ կապիկները բնածին վախ են տածում օձերի նկատմամբ։
  2. Կենդանիների բնազդների իմացությունը հնարավորություն է տալիս կառավարել նրանց։ Բնազդային վարքը տեսակային է, այսինքն՝ բնորոշ է տվյալ տեսակի բոլոր կենդանիներին։ Որոշ դեպքերում այդ հատկությունը կիրառում են կենդանիների կարգաբանության պարզաբանման համար։
  3. Բնազդային շարժումները ծրագրավորված են գեներով և դրսևորվում են կենդանու անհատական զարգացման ընթացքում՝ անկախ կենդանու փորձից։

Յուրաքանչյուր բնազդ կազմված է շղթայական ռեակցիաներից, որտեղ մեկ օղակի վերջը մյուսի սկիզբն է։ Դրանք ծառայում են կենսաբանական պահանջմունքների բավարարման միջոցով տեսակի ինքնապահպանմանը։

Բնազդների դասակարգման համար կան տարբեր մոտեցումներ։ Ըստ առավել տարածված մոտեցման, բնազդները լինում են՝

  • սննդային,
  • պաշտպանական,
  • սեռական,
  • ծնողական,
  • խմբային։

Կենդանիների և մարդու զարգացման տարբեր շրջաններում՝ նորածնությունից մինչև հասունություն, բնազդները փոխվում են, որոշ բնազդներ անհետանում են և դրանց փոխարեն ի հայտ են գալիս նորերը։ Օրինակ՝ ծծելու ռեֆլեքսը փոխվում է սնունդ հայթայթելու ռեֆլեքսով, առաջանում են սեռական, ծնողական և այլ բնազդներ։ Բարձրակարգ կենդանիների՝ հատկապես մարդկանց բնազդային գործունեությունը այս կամ այն չափով ենթարկվում է գիտակցությանը։

Բնազդային վարքագծի գործոններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարբերում են բնազդային վարքագծի արտաքին և ներքին գործոններ։ Բնազդային վարքագծի ներքին գործոններն են՝ հոմեոստազը և կենսառիթմերը։ Կենդանի օրգանիզմը միշտ ձգտում է պահպանել ներքին միջավայրի հարաբերական կայունությունը, իսկ վերջինիս ցանկացած շեղում գործարկում է այն մեխանիզմները, որոնք վերականգնում են հավասարակշռությունը։ Բնազդային վարքագծի արտաքին գործոններն արտաքին միջավայրի հիմնական գրգռիչներն են։

Բնազդների հետազոտման մեթոդներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Դիտարկման և գրանցման մեթոդ

Ամենատարածված եղանակներից է, սական այն հնարավորություն չի տալիս պարզել բնազդի ծագումը, դրա ֆիզիոլոգիական մեխանիզմները և այլ ցուցանիշներ։ Այս մեթոդը ենթադրում է ինչպես կենդանիների ուղղակի դիտարկում, այնպես էլ փորձի ընթացքում հետազոտվող կենդանիների առջև զանազան խնդիրների առաջադրում։ Բացի դիտարկումից, կարևոր է նաև վարքի գրանցումը, որը կատարվում է տեսա- և ֆոտոխցիկներով, ֆիզիկաքիմիական եղանակներով։ Վարքի դիտարկման հարցում մեծ դեր է խաղում որոշակի իրավիճակում կենդանու շարժողական ակտիվության հաջորդական հետազոտումն ու գրանցումը (էթոգիր)[3]։

  • Ժամանակաչափման (քրոնոմետրաժի) մեթոդ

Կատարվում է բնազդային վարքի առանձին շարժողական գործողությունների ժամանակի գրանցում տեսողական կամ հատուկ սարքավորումներով։

  • Նորածնի մեկուսացման մեթոդ

Այս մեթոդը հնարավորություն է տալիս պարզել վարքագծի բնածին տարրերը՝ անկախ դաստիարակման և արտաքին միջավայրի ազդեցությունից։

  • Խրտվիլակների օգտագործման մեթոդ

Այս մեթոդի ժամանակ օգտագործում են տարբեր տեսակի խրտվիլակներ և մուլյաժներ, որոնք նմանակում են ինչպես կենդանիներին և բույսերին, այնպես էլ կերը, հոտը, ձայնը և բնական գրգռիչները։

  • Գլխուղեղի առանձին հատվածների քայքայում կամ գրգռում

Այս մեթոդի կիրառության հնարավորությունները մեծացել են հատկապես վերջին ժամանակներս՝ կապված նյարդաֆիզիոլոգիայի զարգացման հետ։

Լորենցի հիդրավլիկ մոդելի գծապատկերը. 1. ծորակ, 2. պահեստարան, 3. փական, 4. զսպանակ, 5. կշեռքի թաս, 6. սկուտեղ, 7. սանդղակ

Լորենցի հիդրավլիկ մոդել

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնազդների իրագործումը բացատրելու համար Կոնրադ Լորենցն առաջարկել է մի մոդել, որը հայտնի է «հիդրավլիկ մոդել» անունով։

Շարժառիթի (օրինակ՝ կենդանուն սննդից զրկելու դեպքում) ուժեղացման դեպքում կուտակվում է «գործունեության յուրահատուկ էներգիա»։ Մոդելում այն ներկայացված է որպես ջրամանում ջրի աստիճանաբար կուտակում։ Ջրամանից ջրի դուրս գալն իրենից ներկայացնում է կենդանու ակտիվությունը։ Ջրամանի ելքը փակված է զսպանակով հարմարված փականով։

Փականը կարող է բացվել մի քանի եղանակներով։ Առաջինը՝ կշեռքի թասի վրա տարբեր ծանրությունների տեղադրումն է, որը համապատասխանում է տարբեր արտաքին գրգռիչների ազդեցությանը։ Երկրորդը՝ ջրամանում ջրի բավականաչափ կուտակումն է։ Փականի բացումը հնարավոր է նաև այն դեպքում, եթե ջրի և ծանրության գումարային ճնշումը գերազանցում է զսպանակով փականի փակման ուժին։ Իսկ կենդանու ակտիվության դրսևորման տարբեր աստիճանները մոդելում ներկայացված են սկուտեղի թեք հարթակի տարբեր աստիճանների վրա տեղադրված անցքերով։ Մոդելն ակնառու ձևով ցույց է տալիս բնազդային գործողության թողարկման գործում արտաքին գրգռիչների և ներքին «գործողության պոտենցիալի» փոխհարաբերությունը[4]։ Չնայած իր առավելություններին՝ հիդրավլիկ մոդելն ունի որոշ թերություններ, որոնք նույնիսկ Լորենցն է ընդունել։ Այսպես՝ այն չի բացատրում վարքի փոփոխականությունը, ինչպես նաև կան այն մերժող տեսություններ[5]։

Թինբերգենի հիերարխիկ տեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատարելով բազմաթիվ հետազոտություններ և զարգացնելով Կոնրադ Լորենցի տեսակետները՝ հոլանդացի գիտնական Նիկոլաաս Թինբերգենն առաջ քաշեց առանձին վարքագծային ռեակցիաները կառավարող կենտրոնների հիերարխիայի սկզբունքը, որն անվանեց «վարքի հիերարխիկ մոդել»։ Համաձայն այդ տեսության՝ բնազդն իրենից ներկայացնում է վարքագծային գործողությունների ավարտուն հիերարխիկ համակարգ, որը որոշակի գրգիռներին պատասխանում է խիստ համակարգված գործողությունների համալիրով։ Այսպես՝ հիերարխիկ շարքում բարձր ակտիվության, օրինակ՝ բազմացման համար պատասխանատու «էներգիան» առաջ կբերի այնպիսի մի շարք «ենթակա» ակտիվությունների դրսևորում, ինչպիսիք են՝ բնի կառուցումը, ամուսնական, իսկ հետագայում՝ ծնողական վարքը և այլն[6][7]։

Լորենց-Թինբերգենի հիմնական դրույթները բնազդային վարքի վերաբերյալ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Յուրաքանչյուր բնազդի համապատասխանում է իր էներգիան։
  • Յուրաքանչյուր բնազդի կարգավորումն իրականացվում է ուղեղում գտնվող բնազդի կենտրոնի կողմից։
  • Բնազդների կենտրոնները կազմակերպված են հիերարխիայի սկզբունքով. առավել բարձր կենտրոնի «միացումը» իր հետևից բերում է ենթակա կենտրոնների «թողարկում»։
  • Բնազդային գործողությունների «թողարկումը» ճնշվում է արգելակող պրոցեսներով։
  • Բնազդների կենտրոնների ապաարգելակումը կատարվում է կամ ազդանշանային գրգռիչների (ռելիզերներ) միջոցով, կամ էլ ինքնակամ ձևով։
  • Բնազդային գործողությունների կատարումը որոշ ժամանակով առաջ է բերում տվյալ բնազդային գործունեության «ինքնահյուծման»։
  • Ռելիզերների նկատմամբ տվյալ բնազդային ակտիվության զգայնությունը հակադարձ համեմատական է այդ ակտիվության իրագործման վաղեմությանը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Mandal, F. B. (2010). Textbook of Animal Behaviour. PHI Learning. p. 47. ISBN 978-81-203-4035-0.
  2. McCullough, Michael. 2010. Beyond revenge: the evolution of the forgiveness instinct. The Journal of Positive Psychology.
  3. Хайнд Р. Поведение животных. Синтез этологии и сравнительной психологии / под. ред. к.б.н. З.А. Зорина и к.б.н. И.И. Полетаевой. — Москва: "Мир", 1975.
  4. Lorenz, Konrad (1977). Behind the Mirror: A Search for a Natural History of Human Knowledge. New York: Harcourt Brace Jovanovich. ISBN 0-15-111699-7.
  5. Ламарк. Философия зоологии. — Москва, Ленинград, 1937. — Т. 2. — P. 325. цит. по Фабри К.Э. Основы зоопсихологии: Учебник для студентов высших учебных заведений, . — 3-е. — Москва: Российское психологическое общество, 1999. — 464 с.
  6. Фабри К.Э. Основы зоопсихологии: Учебник для студентов высших учебных заведений,. — 3-е. — Москва: Российское психологическое общество, 1999. — 464 с. — ISBN 5-89573-051-5.
  7. Сотская М.Н. Зоопсихология и сравнительная психология. (рус.) Глава 1. — Электронный учебник. Проверено 6 сентября 2010. Архивировано из первоисточника 22 августа 2011

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 488