Կենդանիների հաղորդակցում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ethology diversity.jpg

Կենդանիների հաղորդակցում (կենսահաղորդակցում, կենդանիների «լեզու»), տարբեր տեսակի կենդանիների և թռչունների միջև կապ, որով կատարվում է տարաբնույթ տեղեկատվության փոխանակում։

Կենդանիների «լեզուն»[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենդանիների հաղորդակցումը բավականին բարդ համակարգ է և կատարվում է ոչ միայն ձայնային ազդանշաններով, այլև մարմնի կեցվածքով, շարժումների և հոտի միջոցով[1][2]:

Կենդանիների «լեզուն» որոշակի ազդանշանների (ձայնային, հոտառական, տեսողական, էլեկտրական և այլն) ամբողջություն է, որոնք գործում են տվյալ իրավիճակում և արտացոլում են կենդանու վիճակը տվյալ պահին։ Կենդանիների լեզվի ազդանշանները խիստ յուրահատուկ են յուրաքանչյուր տեսակի համար, բազմազան են և բազմաքանակ, պայմանավորված են ժառանգականությամբ[3][4]:

Դրանք լինում են.

  • սեռական զուգընկերոջը կամ հնարավոր մրցակիցներին ուղղված ազդանշաններ,
  • ծնողների և սերնդի միջև տեղեկատվության փոխանցման ազդանշաններ,
  • տագնապի և անհանգստության ճիչեր,
  • սննդի առկայության վերաբերյալ հաղորդում,
  • երամի ներսում հաղորդակցումն ապահովող ազդանշաններ և այլն։

Ազդանշանների մեծ մասը խիստ տեսակային է, սակայն դրանց մեջ կան նաև այնպիսիները, որոնք մյուս տեսակների համար ևս կարող են ծառայել որպես տեղեկատվություն։ Օրինակ՝ տագնապի ճիչերը կամ ագրեսիայի նշանները։ Կենդանիները ստանալով ազդանշանը, ոչ միշտ են պատասխանում դրան։ Օրինակ՝ մարդանման կապիկների խմբում դոմինանտը կարող է արհամարհել ստորադաս կապիկի ազդանշանը։ Բայց դա էլ է հանդիսանում որոշակի պատասխան, քանի որ դրանով դոմինանտը «հասկացնում» է դիմացինին իր բարձր կարգավիճակի մասին։

Կենդանիների լեզվի առանձնահատկությունը նրա նշանակության կախվածությունն է տվյալ իրավիճակից։ Այդ իսկ պատճառով սակավ ձայնային ազդանշաններ պարունակելու դեպքում էլ նույնիսկ տվյալ կենդանիները կարող են փոխանակվել մեծաքանակ տեղեկատվությամբ, քանի որ նույն ազդանշանը տարբեր իրավիճակներում կարող է ունենալ տարբեր նշանակություն[5]:

Կենդանիների հաղորդակցման եղանակները[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենդանիների հաղորդակցումն իրականացվում է տեսողական, լսողական, քիմիական (հոտառական, համային), շփումային և այլ եղանակներով։ Կենդանիների մեծամասնության մոտ առկա են գրեթե բոլոր հաղորդակցման միջոցները, սակայն, կախված կենսակերպից, հաղորդակցման առանձին միջոցների նշանակությունը կարող է տարբեր լինել։ Այսպես՝ թռչունների մոտ գերազանցապես զարգացած է տեսողական և լսողական հաղորդակցությունը, իսկ քիմիական հաղորդակցությունն առկա է միայն հատուկենտ տեսակների մոտ։ Տեսողությունից զուրկ ողնաշարավորների և անողնաշարավորների մոտ, որոնք օժտված են լավ զարգացած քիմիական հաղորդակցությամբ[6]:

Շոշափական հաղորդակցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենդանիների արտաքին ծածկույթն ունի զգայական ֆունկցիա։ Այն իրագործվում է կենդանիների արտաքին ծածկույթում առկա բազմաթիվ ընկալիչներով։ Վերջիններս տեղեկատվություն են հաղորդում ինչպես սեփական մարմնի և արտաքին միջավայրի վերաբերյալ, այնպես էլ այլ կենդանիների հետ հաղորդակցման միջոցներ են։ Ողնաշարավորների մարմնազգայական համակարգը պարունակում է երեք տեսակի ընկալիչներ` ջերմային, ցավային և մեխանաընկալիչներ։

Շոշափական (մարմնազգայական) հաղորդակցությունը կարևոր նշանակություն ունի բազմաթիվ ողնաշարավորների համար։ Նրանց փոխհարաբերություններում մեծ դեր ունի մարմնի արտաքին ծածույթի, այսինքն` մաշկի, փետուրների, մազածածկույթի կամ բրդի խնամքը (գրումինգ)։ Այն իրագործվում է արտաքին ծածկույթը փոխադարձ մաքրելով և լիզելով։ Շոշափական հաղորդակցությունը մի դեպքում կարող է տեղի ունենալ կենդանիների՝ միմյանց նկատմամբ բարիդրացիական հարաբերությունների ցուցադրման, մյուս կողմից էլ հակառակը՝ միմյանց նկատմամբ թշնամանքի և ագրեսիվության ցուցադրման նպատակով։ Շատ կապիկների մոտ բրդածածկույթի միմյանց խնամքը հանդիսանում է մտերմության նշան։ Դրան հակառակ՝ հիերարխիկ տարբեր աստիճաների վրա գտնվող որոշ կրծողների հանդիպման ժամանակ նրանցից ենթական թույլատրում է, որպեսզի դոմինանտ կենդանինի լիզի իր մորթին։

Գառան և ճագարի հաղարոդակցում տեսողական և հոտառական զգայարաններով

Քիմիական հաղորդակցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատ կենդանիների համար (միջատներ, ձկներ, գիշատիչներ, կրծողներ) հոտառական զգացողությունն առավել մեծ նշանակություն ունի, քան մյուսները, քանի որ այն առավել շատ տեղեկատվություն է տալիս։ Հոտառությունը ծառայում է կերի փնտրման և ընտրության, որսի հետապնդման, թշնամուց խույս տալու, կենսակողմորոշման և կենսահաղորդակցման նպատակներով, ինչպես նաև «մտերիմներին» «օտարներից» տարբերելու համար։

Կենդանիներն ունեն հիմնական և լրացուցիչ հոտառական համակարգեր։ Առաջինը կարևոր դեր է խաղում սնման, գիշատիչ-զոհ համակարգում վարքի դրսևորման և առանձնյակների անհատական հոտերի ընկալման համար։

Լրացուցիչ հոտառական համակարգը պատասխանատու է ֆերոմոնների ընկալման համար։ Սողուններն ու կաթնասունները քթի միջնապատում, բացի հոտառական հիմնական օրգաններից, ունեն նաև հատուկ խոփաքթային կամ յակոբսոնի օրգան, որի միջոցով էլ կատարվում է ֆերոմոնների ընկալումը։

Կենդանիներն օժտված են անհատական հոտով, որը ձևավորվում է մի քանի բաղադրիչներից. սեռական պատկանելիություն, տարիք, օրգանիզմի ֆունկցիոնալ վիճակ, արտաքին ծածկույթի միկրոֆլորա և այլն։ Այդ տեղեկատվությունը «ծածկագրվում» է հոտավետ նյութերի տեսքով և վերածվում տվյալ կենդանու անհատական հոտի։ Միաժամանակ հոտն ունի նաև տեսակային բնույթ, որի միջոցով կենդանիները տարբերում են իրենց տեսակին պատկանող կենդանիներին մյուս տեսակի կենդանիներից։

Հոտի միջոցով կենդանիները կարող են տեղեկանալ խմբի մյուս անդամների այնպիսի ֆիզիոլոգիական ցուցանիշների վերաբերյալ, որոնք ուղեկցվում են մարմնի սովորական հոտի փոփոխմամբ (վախ, անհանգստություն, հիվանդության առկայություն և այլն)։

Հոտառական հաղորդակցությունը հատկապես կարևոր նշանակություն ունի բազմացման հետ կապված պրոցեսների ժամանակ։

Հոտառությունը համարվում է կենդանիների անհատական զարգացման ընթացքում ձևավորվող առաջին զգայնություններից մեկը։ Դրա շնորհիվ ձագերը կարողանում են հիշել ծնողների հոտը, իսկ ձագերի հոտը կարևոր դեր է խաղում մոր բնականոն մայրական վարքի ձևավորման հարցում։

Յուրահատուկ հոտ է առաջանում նաև վախի ժամանակ, որը սովորաբար ուղեկցվում է հոտավետ նյութեր արտադրող գեղձերի արտադրությամբ և միզարտազատմամբ։ Հոտը բացառիկ մեծ դեր է խաղում կենդանիների տարածքային վարքի ձևավորման գործում։ Գրեթե բոլոր կենդանիներն իրենց տարածքը նշում են յուրահատուկ հոտով։ Հոտավետ նշումների միջոցով կենդանիները մյուսներին ազդանշանում են իրենց առկայության մասին։

Կաթնասունների մաշկում առկա են հսկայական թվով քրտնագեղձեր և ճարպագեղձեր, որոնց արտադրանքը կարևոր տեղեկություն է հաղորդում կենդանու ֆիզիոլոգիական վիճակի վերաբերյալ։ Որոշ ինֆեկցիոն հիվանդությունների ժամանակ քրտինքը պարունակում է հիվանդության ժամանակ օրգանիզմում կուտակված նյութափոխանակության վնասակար արգասիքներ։ Դրա պատճառով հիվանդ կենդանին ձեռք է բերում յուրահատուկ հոտ, որն առողջ կենդանիներին հեռու է պահում հիվանդի հետ անմիջական շփվելուց։

Տեսողական հաղորդակցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսողությունը համարվում է կենդանիների կարևորագույն զգայական համակարգերից մեկը և մեծ դեր է խաղում նրանց կյանքում[7]:

Կաթնասուններն ունեն աչքերի տարբեր տեղադրվածություն։ Ճագարի և ձիերի կողմնային տեսողությունը մեծացնում է տեսողական դաշտը։ Կապիկների և մարդու մոտ տեսողական դաշտն առավել սահմանափակ է, սակայն երկու աչքերով առարկայի միաժամանակյա դիտման շնորհիվ առարկաների հեռավորությունն ու մեծությունն առավել լավ են ընկալվում[8]:

Գիշերային կյանք վարող կենդանատեսակները մի դեպքում ունեն խիստ խոշոր աչքեր (լեմուր, բու), մեկ այլ դեպքում էլ՝ փոքր աչքեր։ Վերջինիս դեպքում տեսողության անբավարարությունը փոխհատուցվում է գերզարգացած այլ զգայական համակարգերով (հոտառություն, լսողություն, շոշափելիք)։

Կենդանիների տեսողական հաղորդակցության դեպքում տեղեկատվության հաղորդումը հիմնականում կատարվում է գույնի, ձևի, դիմախաղի, կեցվածքի և մարմնի շարժումների միջոցով։ Դրանք նպաստում են վարքի ծիսակարգային ձևերի զարգացմանը, որոնց նշանակությունը հատկապես մեծ է խմբերում հիերարխիայի պահպանման համար։

Շների վիճակի ցուցադրման լավագույն միջոցներից մեկը նրանց պոչն է։ Սովորական պայմաններում պոչը գտնվում է այն դիրքում, որը բնորոշ է տվյալ ցեղատեսակին։ Սպառնալիքի դեպքում պոչը ցցվում է, իսկ վախի կամ ենթարկման դեպքում՝ իջնում է ներքև և սեղմվում ոտքերի արանքում։ Կարևոր տեղեկատվական նշանակություն ունի նաև պոչի շարժման արագությունն ու ամպլիտուդան։

Շունը հնազանդություն ցուցաբերելիս
Շունը ագրեսիա ցուցաբերելիս

Լսողական հաղորդակցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Լսողական ազդանշանները կարող են հաղորդվել և ընկալվել նույնիսկ տեսողական և շփումային հաղորդակցությունների բացակայության դեպքում։ Դրանք, քիմիական ազդանշանների նման, կարող են ազդել մեծ տարածության կամ բացարձակ մթության պայմաններում, սակայն, ի տարբերություն քիմիականների, լսողական ազդանշաններն օժտված չեն երկարատև ազդեցությամբ։

Լսողական ազդանշանի հաղորդման հեռավորությունը որոշվում է ձայնի բարձրությամբ, հաճախականությամբ, միջավայրի ակուստիկական հատկություններով և ազդանշանն ընկալող կենդանու լսողության շեմքով։ Լսողական ընդունակությունները տարբեր տեսակի կենդանիների մոտ տարբեր են։ Մարդու ականջն ընկալում է 20000-60000, իսկ շանը՝ մինչև 90000 տատանումներ մեկ վայրկյանում։

Կենդանիների ձայնային ազդանշանների տոնայնությունն ու հաճախականությունը կախված են կենդանիների կենսակերպից։ Ցածր հաճախականությամբ ձայներն առավել լավ են անցնում խիտ բուսածածկով տարածքներով, որով էլ բացատրվում է արևադարձային անտառների թռչունների և անտառներում ապրող կապիկների ձայնի ցածր հաճախականությունը։ Ձայնային ազդանշանի տարածումը կախված է նաև կենդանու կամ թռչնի գրաված բարձրությունից, որի պատճառով շատ թռչուններ ընտրում են տեղանքի ամենաբարձր կետը[9]:

Լսողական հաղորդակցությունը կարևոր դեր է խաղում բազմացման հարցում։ Արու եղջերուների ձայնը խթանում է էգերի սեռական պրոցեսները, որն ապահովում է սեռական հասունացման համաժամանակությանը (սինխրոնիզացիային)։

Շնազգիների մոտ տարբերում են ձայնային ազդանշանների երկու խումբ՝ շփումային և հեռահար (դիստանտ)։ Շփումային ազդանշաններից են՝ մռնչոցը, փնչացնելը, կաղկանձոցը, ծվծվոցը։ Դրանք արտաբերվում են կենդանիների անմիջական շփման դեպքերում։ Հեռահար ազդանշաններին են պատկանում հաչոցը և ոռնոցը։

Լսողական հաղորդակցության մեծ հնարավորություններով են օժտված հատկապես ջրային կենդանիները, քանի որ ջուրը ձայնային ազդանշանների հաղորդման գերազանց միջավայր է։ Կետերի արձակած ձայները կարող են լսվել մի քանի կիլոմետր հեռավորության վրա։

Թռչունները ձայնային ազդանշաններով հաղորդակցվում են ոչ միայն միմյանց հետ, այլև այլ կաթնասունների և մարդու հետ։ Երամներով ապրող թռչունների ձայնային ազդանշաններն առավել շատ են՝ միայնակ ապրող թռչունների համեմատությամբ։ Երամային թռչուններն ունեն այնպիսի ձայնային ազդանշաններ, որոնք ազդանշանում են երամը հավաքելու, վտանգի, հանգստի և այլ իրավիճակների մասին։ Թռչունների մոտ հիմնականում երգում են արուները՝ ոչ միայն էգերին գրավելու, այլև ցույց տալու համար, որ տվյալ տարածքը զբաղված է։

Ջրային կենդանիներից ձայնային ազդանշաններ արձակելու տեսակետից առանձնանում են հատկապես դելֆինները։ Դրանց արձակած ձայները բնութագրվում են որպես տնքոց, հաչոց, ծվծվոց, սուլոց, կաղկանձ, մլավոց, ճռռոց, կտկտոց, ծլվլոց, խռնչոց, ճչոց և այլն։ Չղջիկների նման՝ դելֆինների և կետերի մոտ ևս կա հաղորդակցման գերձայնային եղանակ[10]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Владимирова Э. Д. Психология животных: Учебное пособие. - Самара: Изд-во «Самарский университет», 2010. – 134 с.
  2. Рожнов В. В. Опосредованная коммуникация млекопитающих: о смене парадигмы и новом концептуальном подходе в исследовании маркировочного поведения: Зоол. журнал. - 2004. Т. 83, № 2.
  3. Мак-Фарленд Д. Поведение животных: Психобиология, этология и эволюция. - М.: 2008
  4. Панов Е. Н. Сигнализация и "язык" животных. - М.: 1976.
  5. P. K. McGregor. Animal Communication Networks. Cambridge University Press. 2005, 673 pages
  6. Կենդանիների էթոլոգիա և հոգեբանության հիմունքներ, Համբարձումյան Գ. Ռ.
  7. Judith K. Blackshaw. Notes on some topics in applied Animal Behaviour. Third edition, June 1986, 102 pages.
  8. Панов Е. Н. Общение в мире животных. - М.: 1970.
  9. Панов Е. Н. Механизмы коммуникации у птиц. - М.: 1978.
  10. Фирсов Л. А. По следам Маугли: Язык в океане языков. – Новосибирск: 1993. - c. 44-59.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]