Հոգեկան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հոգեկան, (հին հունարեն՝ ψυχή - «շունչ», «հոգի») փոխկապակցված հոգեկան երևույթների համակարգ, որոնք ունեն որոշակի կառուցվածք, ձև և բովանդակություն, որոնք ակտիվորեն (գործոն կերպով) արտացոլում են օբյեկտիվ (առարկայական) իրականությունը, ստեղծում դրա պատկերը և վերահսկում ու կարգավորում անհատի վարքն ու գործունեությունը։

Հոգեկանն ի հայտ է գալիս էվոլյուցիոն (բնաշրջական) զարգացման որոշակի մակարդակի վրա։ Մարդուն բնորոշ է հոգեկանի բարձրագույն ձևը՝ գիտակցությունը։ Համաձայն մատերիալիստական (նյութապաշտական) տեսակետի՝ հոգեկանը բարձրագույն կենդանի նյութի ինքնազարգացման և ինքնաճանաչման հատկությունն է։ Ըստ իդեալիստական աշխարհայացքի՝ աշխարհում գոյություն ունեն երկու սկիզբ՝ նյութական և իդեալական։ Դրանք անկախ են միմյանցից, հավերժ և զարգանում են ըստ իրենց կանոնների։ Իր զարգացման բոլոր փուլերում իդեալականը նույնացվում է հոգեկանի հետ։[1]

Հոգեկանի կառուցվածքի մեջ են մտնում հոգեկան երևույթները՝ իմացական (հոգեկան) գործընթացները, հոգեկան վիճակները և հոգեկան հատկությունները։ Հոգեկանը կատարում է երեք հիմնական գործառույթ՝ ճանաչողական, վերահսկող և դրդող։ Այս գործառքւյթները ապահովում են գոյության ամենատարբեր պայմաններում կենդանի օրգանիզմի բնականոն կենսագործունեությունը և վարքը։

Հոգեկանի առաջացման մասին պատկերացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյություն ունեն հոգեկանի առաջացման վերաբերյալ մի քանի հիմնական տեսակետներ[2]

  • Անթրոպոպսիխիզմ.(Դեկարտ). հոգեկան բնորոշ է միայն մարդուն։ Միայն մարդու մոտ հոգեկանի առկայության ընդունումն, առաջին հայացքից, թվում է անտրամաբանական: Այս տեսակետը առավել խստորեն պաշտպանում էր Դեկարտը, ով կենդանիներին բնորոշում էր՝ որպես քիմիական մեքենաներ, որոնք չեն կարող ունենալ զգայություններ, հույզեր, ապրումներ՝ ի տարբերություն մարդկանց, որոնք ունեն նաև գիտակցություն: Անթրոպոպսիխիզմի գաղափարախոսության մեջ երբեմն նույնացվում է հոգու և գիտակցության պատկերացումները, իսկ երբեմն էլ՝ առանձացվում են՝ դասակարգելով կենդանական և մարդկային տեսակների: Արդյունքում, այդպիսի տարբերակման հաշվին՝ նորից տալիս են երկու տեսակի՝ որակապես տարբեր հոգեկանի ձևեր՝ կենդանական՝ առանց գիտակցության, և մարդկային՝ գիտակցությամբ:
  • Պանպսիխիզմ (ֆրանսիական մատերիալիստներ). բնության համընդհանուր ոգեղենություն. ողջ բնությանը, ողջ աշխարհին բնորոշ է հոգեկանը (այդ թվում նաև քարերին)։ Այս տեսակետը նշանակությում է հոգու վեևագրում ամբողջ մատերիային, ընդ որում, դա նշանակում է, որ այս տեսակետի շրջանակներում անհրաժեշտ է առանձնացնել ողջ մատերիայի համար ընդհանուր հատկանիշներ՝ ինքնազարգացման, ակտիվ փոխազդելու, որոշակի գործողություններ կատարելու ունակություններ: Այս տեսակետի պաշտպանողները նշված առանձնահատկություններով ու գծերով բնորոշում են «ընդհանուր հոգին»: «Ընդհանուր հոգին» ունի գոյության տարբեր ձևեր մատերիայի տարբեր ձևերում: Առաջին մտավորականներից Դեմոկրիտեսն էր, որը կարծում էր, որ հոգին նյութական է և տարբեր է բնության տարբեր օբյեկտների մոտ: Հաջորդը Սոկրատեսն առաջարկեց «ունիվերսալ բանականության» մասին գաղափար, ըստ որի՝ հոգին առաջացրել է ողջ բնությունը և արտահայտվում է բնության տարբեր ձևերում:
  • Բիոպսիխիզմ(ֆիտոպսիխիզմ). հոգեկանը կենդանի բնության հատկանիշ է (բնորոշ է նաև բույսերին)։ Այս տեսակետը հիմնված է կենդանի և անկենդան մատերիայի որակական տարբերության վրա, ըստ որի՝ հոգեկանը կենդանի մատերիայի չափանիշ է համարվում նյութափոխանակությունը: Ի տարբերություն անկենդան մատերիայի՝ կենդանի օրգանիզմն ունի միջավայրից անհրաժեշտ բաղադրիչներ վերցնելու պահանջմունք: Այս ուղղությունը սկիզբ է առել և ձևավորվել բույսերի ֆիզիոլոգիայի ուսումնասիրությունների հիմնա վրա, որի պատճառով էլ ձեռք է բերել ֆիտոպսիխիզմ (ֆիտոհոգեբանություն) անվանումը: Վերջինիս կողնմնակիցները շփաստարկում էին նախ նրանով, որ վարքի հիմնական բնութագրիչը շարժումն է, և դա վերագրվում էր հենց բույսերին: Փորձում էին ապացուցել նաև, որ բույսերն ունեն հույզեր: Այս ուղղության ներկայացուցիչները գտնում էին, որ բույսերը զգում են իրենց նկատմամբ մարդու դրական կամ բացասական վերաբերմունքը և իհարկե հակազդում են դրան:
  • Անիմալոպսիխիզմ. այս ուղղությունը ներկայում առավել հիմնավորված է այլ գիտությունների կողմից: Վերջինիս պատկերացումները կապված են զգայության՝ որպես հոգեկանի հիմնական չափանիշի հետ: Դեռևս Էպիկուրն իր աշխատություններում հոգեկանը դիտարկել է որպես կենդանիներին բնորոշ երևույթ, քանի որ նրանք ունակ են զգայելու:
  • Նեյրոպսիխիզմ (Դարվին). հոգեկանը բնորոշ է միայն նյարդային համակարգ ունեցող օրգանիզմներին։, այն հնյարդային համակարգի գործառույթ է:Այս տեսակետի համաձայն՝ ստացվում է, որ հոգեկան արտացոլման զարգացումը հաջորդում է նյարդային համակարգի զարգացմանը, բայց էվոլյուցիոն տեսանկյունից՝ կենսաբանության, զոոհոգեբանության տվյալները վկայում են հակառակ գործընթացի մասին: Նախ հայտնվում է սուբյեկտի փոխազդեցությունը միջավայրի հետ, ապա սուբյեկտիվ փորձի նոր բովանդակությունը. ձևավորվում են բարդ գործընթացներ, որը հիմք է հանդիսանում նյարդային համկարգի զարգացման համար:
  • Մոզգոպսիխիզմ.(Կոնստանտին Պլատոնով) հոգեկան ունեն միայն խողովակային նյարդային համակարգ ունեցող օրգանիզմները, որոնք ունեն գլխուղեղ։ (համապատասխանաբար, այն բացակայում է միջատների մոտ, որոնք ունեն հանգուցային նյարդային համակարգ՝ առանց արտահայտված գլխուղեղի):

Հոգեկանի զարգացման վերաբերյալ նշված տեակտներն ունեն ավելի շատ պատմական բնույթ: Կապված են ընդհանուր մեթոդաբանության հետ, հոգեկանի բնորոշման և այն ուսումնասիրելու պատկերացումների հետ: Ժամանակակից հոգեբանության մեջ առաջատար է համակարգային մոտեցումը, որը թույլ է տալսի բացատրելու բոլոր երևույթների զարգացումը՝ որպես համակարգերի ձևավորում, վերաձևափոխում, ինչն էլ ընթանում է մատերիայի զարգացման կանոններին համապատասխան [3][4]:

Հոգեկանի զարգացումը ֆիլոգոնեզում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոգեբանության մեջ ընդունված է հոգեկանի զարգացման փուլերի երկու դասակարգումներ՝ Ալեքսեյ Լեոնտևի և Կուրտ Ֆաբրիի կողմից առաջադրված: Լեոնտևն առանձնացրել է հոգեկանի էվոլյուցիայի երեք փուլեր.

  1. Տարրական՝ սենսոր հոգեկան,
  2. Պերցեպտիվ հոգեկան,
  3. Ինտելեկտ [5][6][7][8]:

Ֆաբրին իր հետազոտությունների հիմնա վրա միավորել է հոգեկանի զարգացման երկրորդ և երրորդ փուլերը:

Հոգեկանի զարգացման ստորին մակարդակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոգեկանի զարգացման ստորին մակարդակում գտնվում են պարզագույն կառուցվածք ունեցող կենդանիները (միաբջիջները), ինչպես նաև այնպիսի օրգանիզմներ, որոնք գտնվում են բույսերի և կենդանիների միջև (շոշափուկային օրգանիզմներ) և որոշ բազմաբջիջ կենդանիներ: Պարզագույնների շարժումները տարբերվում են բազմազանությամբ, ընդ որում, այս առումով նրանց մոտ առկա են լոկոմոցիայի հնարավորություններ, որոնք բացակայում են բազմաբջիջ կենդանիների մոտ: Օրինակ՝ ամեոբաների շարժման յուրահատուկ ձևը՝ մարմնի մի կողմից մյուսը պլազմայի լցման միջոցով:

Պարզագույն օրգանիզմների մեծ մասը շարժվում է էֆեկտորային հատուկ օրգանների միջոցով (մտրակներ, թարթիչներ, կեղծ ոտիկներ): Էֆեկտորներն իրենցից ներկայացնում են պլազմային հավելուկներ, որոնք իրականացնում են տատանողական, պտտական շարժումներ: Մտրակների միջոցով կենդանու մարմնն (էվգլենա) իրականացնում է պարուրաձև, առաջընթացային շարժումներ: Առավել բարդ էֆեկտորային համակարգ են համարվում թարթիչները, որոնք մեծամասամբ ծածկում են ինֆուզորիայի մարմինը:

Մտրակներն ու թարթիչները շարժման են բերվում միոֆիբրիլների կծկման միջոցով, որոնք ձևավորում են մանրաթելիկներ, միոնեմներ, որոնք համապատասխանում են բազմաբջիջ կենդանիների մկաններին: Շատ միաբջիջների մոտ նրանք համարվում են շարժման հիմնական ապարատը: Հետաքրքիր է, որ, որպես կանոն, միոնեմները հոմոգեն կառուցվածք ունեն, ինչը համապատասխանում է բազմաբջիջ կենդանիների հարթ մկանային համակարգին, սակայն երբեմն հանդիպում են լայնակի տեղադրված միոնեմներ, որոնք համապատասխանում են բարձրակարգ կենդանիների միջաձիգ զոլավոր մկանային համակրգին: Բոլոր ձգվող մանրաթելերը ծառայում են առանձին էֆեկտորների արագ շարժմանը:

Միոնեմներ չունեցող միաբջիջների մոտ (ամեոբաներ, արմատոտանիներ), կծկողական շարժումներն իրականացվում են ցիտոպլազմայում: Օրինակ՝ ամեոբայի մոտ ցիտոպլազմայի արտաքին շերտում՝ էկտոպլազմայում, տեղի են ունենում կծկողական գործընթացներ:

Այս կերպ, միչև հատուկ էֆեկտորներ ի հայտ գալը՝ կենդանու տեղաշարժը տարածության մեջ իրականացվել է կծկման միջոցով: Հենց կծկողական ֆունկցիան է ապահովել կենդանիների շարժողական ակտիվության բազմազանությունը ֆիլոգենեզի բոլոր փուլերում[9]:

Կինեզներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարզագույն օրգանիզմների լոկոմոցիան իրականացվում է կինեզների՝ բնազդային տարրական շարժումների միջոցով: Կինեզները լինում են երկու տեսակի. օրթոկինեզ՝ առաջընթացային շարժումներ՝ արագության փոփոխությամբ և կլինոկինեզ՝ ուղղության փոփոխություն: Եթե, օրինակ՝ ինչ-որ տարածքում առկա է ջերմության աճ կամ անկում, ապա հողաթափիկի շարժումները կլինեն այնքան ավելի արագ, որքան նա հեռու կգտնվի օպտիմալ ջերմաստիճանի տեղից: Հետևաբար, այստեղ, վարքային (լոկոմոտորային) ակտի ինտեսիվությունը պայմանավորված է արտաքին գրգռիչի տարածական կառուցվածքով:

Կլինոկինեզի ընթացքում ուղղության փոփոխությունը նպատակաուղղված չէ, կրում է փորձի և սխալի բնույթ, որի ընթացքում կենդանին ի վերջո հայտնվում է առավել բարենպաստ տարածքում: Այս փոփոխության ինտեսիվությունը կախված է կենդանու վրա ազդող բացասական գրգռիչի ուժից: Ազդեցության ուժի թուլացմամբ՝ թուլանում է նաև կլինոկինեզը:

Այսպիսով, պարզագույն բնազդային շարժումները՝ կինեզները, որոշվում են արտաքին կենսակարևոր գործոնների ինտենսիվությամբ: Ցիտոպլազմայում տեղի ունեցող ներքին գործընթացների դերը նրանում է, որ վարքային ակտին հաջորդում է առաջնային դրդումը [10]

Կողմնորոշում. տաքսիսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միաբջիջ օրգանիզմերի և հոգեկան զարգացման տվյալ մակարդակում գտնվող այլ ցածրակարգ անողնաշարավորների կողմնորոշման տարրերն են պարզագույն տաքսիսները: Օրթոկինեզներում կողմնորոշիչ բաղադրիչը օրթոտաքսիսն է, որը դրսևորվում է արագության փոփոխությամբ՝ առանց արտաքին գրգռիչի նկատմամբ ուղղության փոփոխության: Կլինոկինեզներում այդ բաղադրիչը կլինոտաքսիսն է, որը դրսևորվում է որոշակի անկյամբ շարժման ուղղության փոփոխությամբ:

Տաքսիսները գենետիկորեն ամրագրված տարածական կողմնորոշման մեխանիզմներ են՝ բարենպաստ գրգռիչի ուղղությամբ կամ վնասակար գրգռիչից հեռու: Օրինակ՝ բացասական թերմոտաքսիսները միաբջիջների մոտ արտահայտվում են նրանում, որ նրանք լողում են ավելի շատ բարձր ջերմաստիճան ունեցող տարածքից, քան ցածր: Օրթոկինեզի դեպքում բացասական օրթոթերմոտաքսիսն ապահովում է անբարենպաստ պայմաններից ուղղաձիգ հեռացում, իսկ կլինոտաքսիսները փոխում են շարժման ուղղությունը: Վերջիններս դրսևորվում են նաև խոչընդոտների հանդիպման ժամանակ: Նրանք թեև հանդիպում են առավել զարգացած կենդանիների մոտ, այնուամենայնիվ, դասվում են տաքսիսների պարզագույն խմբին: Տրոպոտաքսիսներ պարզագույնների մոտ չկան, քանի որ ենթադրում են զգայության օրգանների համաչափ դասավորություն:

Ինչ վերաբերում է տիգմոտաքսիսներին, ապա ինֆուզորիայի մոտ առկա է շոշափական զգայության հատուկ ընկալիչներ՝ մազիկներ՝ մարմնի առջի և հետին մասերում: Նաև ինֆուզորիայի մոտ արտահայտված է ուղղաձիգ կողմնորոշում՝ դեպի վեր լողալու միտում (բացասկան գեոտաքսիս՝ Երկրի ձգողության ուժի նկատմամբ կողմնորոշում):

Պարզագույն օրգանիզմներն արձագանքում են նաև քիմիական գրգռիչներին (քեմոտաքսիս), էլեկտրական գրգռիչներին (գալվանոտաքսիս): Որոշ միաբջիջներ, օրինալ՝ էվգլենաներն ունեն ֆոտոռեզեպտորներ, ուստի նրանց մոտ հանդիպում են նաև ֆոտոտաքսիսներ:

Տարրական՝ սենսոր հոգեկանի զարգացման բարձրագույն մակարդակում օրգանիզմների կենսագործունեության բարդացմամբ ի հայտ է գալիս ավելի բարդ տաքսիսային վարքի անհրաժեշտություն, որը թույլ կտա հստակ և տարբերակված զգայել և հակազդել:

Գերմանացի գիտնական Կյունն առանձնացրել է բարձրագույն տաքսիսների հետևյալ կատեգորիաները.

  • Տրոպոտաքսիսներ. շարժումներ՝ պայմանավորված համաչափ տեղադրված ընկալիչների գրգռմամբ:
  • Թելոտաքսիսներ. գրգռման մեկ աղբյուր ընտրություն և ֆիքսում, շարժում դեպի այդ աղբյուրը:
  • Մենոտաքսիսներ. անհամաչափ գրգռման դեպքում համաչափ տեղադրված ընկալիչներում շարժումն իրականացվում է գրգռման աղբյուր անկյամբ: Նրանք մեծ դեր ունեն տարածության մեջ կենդանու դիրքի պահպանման համար[9]:

Զարգացած հիշողությամբ բարձրակարգ կենդանիների մոտ հանդիպում են մնեմոտաքսիսներ՝ կողմնորոշիչների անհատական մտապահում, որը կարևոր է տարածական վարքի համար:

Այսպիսով, ընդհանուր առմամբ, տարրական սենսոր հոգեկան ունեցող կենդանիները.

  1. Արձագանքում են առանձին ազդող գրգռիչների, որոնցից կախված է կենդանիների հիմնական կենսաբանական ֆունկացիաների իրագործումը:
  2. Ադապտացիան (հարմարում) նրանց մոտ տեղի է ունենում ուսուցման տարրական մակարդակում:
  3. Արտացոլում են իրականությունը միայն առանձին հատկություններով [11][12][13]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Немов Р.С. Психология: Общие основы психологии, Москва 2003. Книга 1 . (ռուս.)
  2. Развитие психики в филогенезе. Происхождение сознания.[1](ստուգված է 07.02.2016.)
  3. Психология человека. [2] (ստուգված է )
  4. Лурия А.Р.Лекции по общей психологии.Эволюционное введение в общую психологию. Лекция 1. Проблема возникновения психики. Допсихическая и психическая жизнь [3] (ստուգված է 07.02.2016.)
  5. Лекция 6. Проблема возникновения психики, раздражимость и чувствительность.// Леонтьев А.Н. - Лекции по общей психологии » Введение с психологию.[4] (ստուգված է 07.02.2016.)
  6. Е.Е. Соколова. Возникновение и развитие психики в филогенезе. [5].(ստուգված է 07.02.2016.)
  7. Ю.Б. Гиппенрейтер. Введение в общую психологию. М., 1996. С. 169-197.
  8. Хватов И.А. Концепция происхождения психики А.Н.Леонтьева на современном этапе развития науки. [6] (ստուգված է 07.02.2016.)
  9. 9,0 9,1 ФАБРИ К. Э. Основы зоопсихологии. Учебник для студентов высших учебных заведений, обучающихся по специальностям «Психология», «Биология», «Зоология» и «Физиология». – 3-е изд. – М.: Российское психологическое общество, 1999. –464 с.
  10. Годфруа Жо Что такое психология. В 2-х т. Т. 1: Пер. с франц.-М.: Мир 1992.-496 с.
  11. Вагнер В.А. Биологические основания сравнительной психологии. Т. 1, 2. Спб.; М., 1910-1913.
  12. Вагнер В.А. Психология животных. 2-е изд. М., 1902.
  13. Боровский В.М. Психическая деятельность животных. М.; Л., 1936.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Сорокун П.А. Основы психологии։ Псков, ПГПУ, 2005 (ռուս.)