Հիշողություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հիշողություն (այլ կիրառումներ)

Հիշողություն, իմացական գործընթաց, որը կոչված է կուտակելու, պահպանելու և վերարտադրելու ձեռք բերված փորձը։ Հիշողության գործընթացներն են մտապահումը, պահպանումը, վերարտադրումը և մոռացումը։

Հիշողությունը մտքի այն ունակությունն է, որի միջոցով տեղեկությունը կամ տվյալները պահվում են։ Դա ժամանակի ընթացքում տեղեկատվության պահպանումն է՝ ապագա գործողությունների վրա ազդելու նպատակով։ Եթե չլինեին անցյալի հիշողությունները, անհնար կլիներ լեզվի, հարաբերությունների և անձնական ինքնության զարգացումը։ Հիշողության կորուստը սովորաբար նկարագրվում է որպես մոռացկոտություն կամ ամնեզիա։

Հիշողության կորստի նշաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիշողության վատացումը ճանաչվում է հետևյալ ձևերով՝

  1. առօրյա գործերը չի կարող անել
  2. դառնում է մոռացկոտ
  3. խանգարվում է խոսքը
  4. դժվարությամբ է հիշում մարդկանց անունները
  5. միտքը դժվար է ձևակերպում
  6. լավ չի հասկանում իրեն ուղված խոսքը

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերավոր[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերավոր հիշողությունը զգայական ինֆորմացիայի պահպանումն է, հիշողություն՝ պատկերացումների, կյանքի և բնության պատկերների, ինչպես նաև ձայների, հոտերի և համերի։ Այն լինում է տեսողական, լսողական, շոշափելիքի, համային, հոտառության։ Տեսողական և լսողական հիշողությունները սովորաբար լավ զարգացած են և առաջնային դեր են խաղում բոլոր նորմալ մարդկանց կյանքում։ Շոշափելիքի, համի և հոտառության հիշողությունները որոշ վերապահումներով կարելի է անվանել մասնագիտական տեսակներ։ Դրանք ինտենսիվ զարգացած են լինում գործունեության յուրահատուկ պայմաններից ելնելով։

Էյդետիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էյդետիզմը (հին հունարեն՝ էյդոս - պատկեր, արտաքին տեսք) հիշողության հատուկ արտահայտչաձև է, հիմնականում դիտողական տպավորությունների, որոնք թույլ են տալիս պահպանել և վերարտադրել ընկալած առարկայի կամ երևույթի կենդանի պատկերը։ Էյդետիկ պատկերները կարող են ամբողջանալ ընկալման այլ տեսակների (լսողական, տակտիլ, շարժողական, համային, հոտի և այլն) միջոցով։ Էյդետիզմն այս կամ այն չափով բնորոշ է յուրաքանչյուրին, հատկապես մանկության, դեռահասության շրջանում։ Էյդետիկ հիշողությունը առարկայի վերարտադրումն է իր բոլոր մանրամասնություններով, որոնք տվյալ պահին չեն ներգործում տեսողական անալիզատորների վրա։ Էյդետիկ պատկերները սովորականներից տարբերվում են նրանով, որ մարդը կարծես շարունակում է ընկալել առարկան, նույնիսկ այն ժամանակ, երբ այդ առարկան բացակայում է։ Էյդետիկ պատկերների ֆիզիոլոգիական հիմքը անալիզատորի մնացորդային գրգռումն է։

Իմպրինտինգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իմպրինտինգը տպավորվելու մեխանիզմ է, այսինքն հիշողության մեջ որոշակի ինֆորմացիայի ֆիքսում։ Իմպրինտինգ երևույթը բացահայտել է Կոնրադ Լորենցը՝ ուսումնասիրելով մոխրագույն սագերին և այդ տերմինը ներկայացրել գիտության մեջ։ Իմպրինտինգն իրականանում է կյանքի կոնկրետ փուլերում՝ մանկության և դեռահասության շրջաններում։ Հիշողության մեջ ֆիքսվում են օբյեկտները և դրանց հատկանիշները։ Այդ օբյեկներն են՝ ծնողների, քույրերի, եղբայրների, թշնամիների կերպարները, ծննդավայրն իրեն բնորոշ առանձնահատկություններով։

Ռեմինիսցենցիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեմինիսցենցիան հիշողության ամենահետաքրքիր արդյունքներից է։ Այն ինչ-որ բանի պատահական ոչ կամածին մտաբերումն է։ Մի բանի, որը վաղուց մոռացվել է և, որը երկար ժամանակ մարդը չէր կարողանում հիշել։

Ռեմինիսցենցիան իրականանում է հետևյալ պայմաններում՝

  1. երբ մարդը վաղուց սովորել, մտապահել և գիտի համապատասխան նյութը,
  2. երբ մարդն առաջին անգամ չէ, որ փորձում է վերհիշել նյութը,
  3. երբ մարդու մոտ տվյալ նյութը հիշելու պահանջմունքը պահպանվում է։

Բառատրամաբանական[խմբագրել | խմբագրել կոդը]

Բառատրամաբանական հիշողությունը արտահայտվում է մարդկանց մտքերի մտապահման և վերարտադրման մեջ։ Մարդ հիշում և վերարտադրում է մտքերը, որ առաջացել են մտորելու, տրամաբանելու պրոցեսում, հիշում են կարդացած գրքի, ընկերների հետ խոսակցության բովանդակությունը։ Հիշողության այս տեսակի առանձնահատկությունն այն է, որ մտքերը լեզվից առանձինգոյություն չունեն, այստեղից էլ բխում է անվանումը՝ խոսքային-տրամաբանական։

Շարժողական[խմբագրել | խմբագրել կոդը]

Շարժողական հիշողությունը տարբեր շարժումների և դրանց համակարգերի մտապահումը, պահպանումն ու վերարտադրումն է։ Հիշողության այս տեսակի նշանակությունը կայանում է այն բանում, որ այն տարբեր գործնական և աշխատանքային հմտությունների հիմք է, որոնք հավասարազոր են քայլի, գրելու և այլ հմտությունների։ Սովորաբար շարժողական հիշողության չափանիշ է հանդիսանում մարդու ֆիզիկական ճկունությունը, աշխատանքում արագ կողմնորոշվելու կարողությունը։

Հուզական[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուզական հիշողությունը կողմնորոշված է զգացմունքների վրա։ Մարդու կողմից ապրված և հիշողության մեջ պահպանված զգացմունքները հանդես են գալիս կամ որպես գործունեության խթան, կամ որպես գործունեությունից հետ պահող ուժ, քանի որ դրանք անցյալում առաջ են բերել բացասական ապրումներ։ Այլ մարդկանց կարեկցելու կարողությունը կապված է հուզական հիշողության հետ։

Ըստ գործունեության նպատակի՝
  • կամային,
  • ակամա։
Ըստ տևողության
  • կարճատև,
  • երկարատև
  • օպերատիվ

Կարճատև հիշողությունը բնութագրվում է ընկալվող ինֆորմացիայի շատ կարճաժամկետ պահպանմամբ։ Կարճատև հիշողության ծավալը յուրաքանչյուր մարդու համար անհատական է։ Առանց կարճատև հիշողության անհնար է երկարատև հիշողության նորմալ ֆունկցիոնալությունը։ Վերջինիս մեջ կարող է ներթափանցել և երկարատև ամրապնդվել միայն այն, ինչ երբևէ եղել է կարճատև հիշողության մեջ։ Այս պատճառով կարճատև հիշողությունը հանդես է գալիս որպես ինքնատիպ զտիչ, որն անցկացնում է միայն անհրաժեշտ, արդեն ընտրված ինֆորմացիան երկարատև հիշողության մեջ։ Օպերատիվ հիշողություն հասկացությամբ առանձնացնում են պրոցեսները, որ սպասարկում են մարդու կողմից անմիջականորեն իրականացվող ակտուալ գործողությունները։ Որևէ մաթեմատիկական հաշվարկ կատարելիս մենք այն կատարում ենք մաս առ մաս և հաշվարկների կատարման ընթացքում տարբեր թվեր հիշողության մեջ ենք պահում։

Հիշողության խանգարումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճանաչողական մյուս գործընթացների նման հիշողությունը նույնպես ունի խանգարումներ։ Դրանցից են դիսմնեզիան և պարամնեզիան իրենց տարբեր տեսակներով։

Դիսմնեզիաները հիշողության դինամիկ գործընթացների ֆորմալ խանգարումներն են։

Պարամնեզիաները հիշողության պաթոլոգիկ արդյունքներն են։ Ոչ միշտ են հիշողության խանգարումները (հատկապես ֆորմալ) հոգեկան խանգարման արդյունք։ Դրանք կարող են հանդիպել նաև հոգեպես առողջ անձանց մոտ, ովքեր գտնվում են գերհոգնածության, աֆֆեկտիվ, սոմատիկ հիվանդությունից առաջացած ասթենիայի վիճակում։ Սակայն հաճախ հիշողության խանգարումները հոգեկան տարբեր հիվանդությունների և անոմալիաների արդյունքներ են։

Հիպերմնեզիան հիշողության ոչ կամածին ակտիվացումն է։ Դա անցյալի մոռացված իրադարձությունների և ներկայի ոչ նշանակալի փաստերի ակտիվ վերարտադրման ընդունակությունն է։ Ընդ որում շատ է տուժում կամածին մտապահումն ու վերարտադրումը։ Հիպերմնեզիայի ժամանակ նկատվում է մեխանիկական հիշողության սրացում և տրամաբանական-իմաստային ցուցանիշների վատթարացում։ Հիշողության նման խախտում է հանդիպում գիտակցության հատուկ վիճակներում, հիպնոտիկ քնի ժամանակ, խմիչք, թմրանյութեր օգտագործելիս և հոգեկան տարբեր հիվանդությունների դեպքում։

Հիպոմնեզիան հիշողությունից ինֆորմացիայի մասնակի կորուստն է։ Խախտվում է առանձին իրադարձությունների կամ դրանց մասերի մտապահման, պահպանման, վերարտադրման ընդունակությունը։ Վատ են վերարտադրվում տարեթվերը, ամսաթվերը, անունները, տերմինները։

Հիպոմնեզիան առավել հաճախ հանդիպում է հիշողության կլինիկական խանգարումների ժամանակ։ Այն կարող է լինել ժամանակավոր, էպիզոդիկ, ինչպես նաև կայուն և անդառնալի։ Հիպոմնեզիան մտնում է բազմաթիվ հոգեպաթոլոգիական համախտանիշների կառուցվածքի մեջ, ինչպիսիք են նևրոտիկ, հոգեօրգանական պաթոլոգիաները և թուլամտությունը։

Ամնեզիան (a+ հուն. mnesis-հիշողություն) մասնակի կամ ամբողջական հիշողության խանգարում, որն առաջանում է ուղեղի տարբեր լոկալ ախտահարումների ժամանակ։ Ամնեզիան կարող է տևել մի քանի րոպեից մինչև մի քանի տարի։ Տարբերվում է մի քանի հիմնական ձևեր՝ ռետրոգրադ, անտերոգրադ, անտերոռետրոգրադ, պսիխոգեն, վերարտադրողական (ռեպրոդուկցիոն), ֆիքսացիոն, պրոգրեսիվ։

Ռետրոգրադ ամնեզիայի ժամանակ մոռացվում են այն դեպքերն ու իրադարձությունները, որոնք նախորդում են հիվանդությանը կամ տրավմային։

Անտերոգրադ ամնեզիայի ժամանակ մոռացվում են այն դեպքերն ու իրադարձությունները, որոնք տեղի են ունենում հիվանդության կամ տրավմայի պահից հետո։

Անտերոռետրոգրադ ամնեզիան անտերոգրադ և ռետրոգրադ ամնեզիաների համակցությունն է։

Պսիխոգեն ամնեզիայի ժամանակ խանգարվում են այն հիշողությունները, որոնք դրսևորվում են տհաճ, տրավմայի ենթարկող անցյալի փորձի մոռացության դեպքում։

Վերարտադրողական ամնեզիան կոնկրետ պահին անհրաժեշտ տեղեկությունների, անունների, թվերի, տարեթվերի, ամսաթվերի, ձևակերպումների վերարտադրման դժվարությունը կամ անհնարինությունն է։

Ֆիքսացիոն ամնեզիան ընթացիկ դեպքերն ու իրադարձությունները հիշելու անհնարինությունն է։

Պրոգրեսիվ ամնեզիան հաճախ հանդիպող հիվանդություն է, որի ժամանակ տեղի է ունենում հիշողության դանդաղ ու անվերադարձ կորուստ։

Կոնֆաբուլյացիան հիշողության խանգարման դեպքում դիտարկվող ոչ ճշգրիտ հիշողությունն է։ Կոնֆաբուլյացիաների բովանդակությունը կարող են կազմել հնարավոր կամ իրական դեպքեր, որոնք պատկերային հիշողությունների ձևով տեղափոխվում են ավելի մոտ ժամանակներ կամ ներկա՝ լրացնելով հիվանդների հիշողության դատարկ մասերը։ Հիվանդը խոսում է հորինված դեպքերի և իրադարձությունների մասին, որոնք երբեք տեղի չեն ունեցել իր կյանքում։ Սրանք սովորաբար վերաբերում են առօրյա, կենցաղային հարցերին, սակայն երբեմն արտահայտվում է պաթոլոգիկ երևակայություն։ Կոնֆաբուլյացիաները սովորաբար համադրվում են մտածողության խանգարումների, ամնեզիաների հետ։

Պսեվդոռեմինիսցենցիաները սխալ մտապատկերներն են, հիշողության պատրանքները։ Ճշգրիտ իրադարձությունները հիշվում են մեկ այլ ժամանակային ինտերվալում, հաճախ անցյալից տեղափոխում են ներկա։ Երբ անցած իրադարձությունները ապրվում են ներկայում, սկսում է տեղի ունենալ մարդկանց սուտ, ոչ ճշգրիտ ճանաչում։ Նման տարբերակը երբեմն ունենում է այնպիսի ելք, երբ մարդը չի ճանաչում իրեն հայելու մեջ։

Կրիպտոմնեզիան հիշողության խեղաթյուրում է, որի ժամանակ տեսածը, լսածը հիվանդին թվում է իրականում ապրված, ուրիշի մտքերն ու գաղափարները իր սեփականը կամ անձնական դեպքերն ու իրադարձությունները ընդունվում են որպես օտար։ Օրինակ, ֆիլմում տեսածը կամ գրքում կարդացածը ընդունվում է որպես սեփական կյանքում ապրված։ Գոյություն ունեն նաև էխոմնեզիաներ, որոնց ժամանակ ներկա պահին տեղի ունեցող դեպքերը թվում են նախկինում արդեն տեղի ունեցած։ Սա նման է դեժավյուին, սակայն դրանք նույնական չեն։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Իմացական գործընթացների պրակտիկում (Հիշողություն, մտածողություն և խոսք, երևակայություն)։ Ուսումնամեթոդական ձեռնարկ / Կազմ․ և գլխ․ խմբ․ Դ․Ռ․ Հայրապետյան ֊ Եր․։ ԵՊՀ հրատ․, 2009,-190 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 48
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 414