Վիքիպեդիա:Ստուգելիություն
|
|
Այս էջը Հայերեն Վիքիպեդիայի կանոնակարգ է։ Այն հիմնականում սահմանում է չափանիշներ, որոնց խմբագրողները պետք է փորձեն հետևել, չնայած միշտ ընդունվում է առողջ բանականությունը և միշտ կարող են լինել բացառություններ։ Այս էջում բոլոր փոփոխությունները պետք է լինեն համաձայնեցված։ Եթե ունեք առաջարկներ սույն կանոնակարգի վերաբերյալ, կարող եք թողնել այն էջի քննարկման էջում։ |
Տեղեկատվությունը Վիքիպեդիայում ներառելու հիմնական չափանիշը դրա ստուգելիությունն է (այլ ոչ թե «ճշմարտացիությունը»՝ այն իմաստով, ինչպես դա կարող են պատկերացնել առանձին խմբագիրներ)։ Սա նշանակում է, որ ընթերցողը պետք է հնարավորություն ունենա համոզվելու, որ Վիքիպեդիայում ներկայացված նյութն արդեն հրապարակվել է վստահելի աղբյուրներում։ Հոդվածներ գրելիս կամ խմբագրելիս մասնակիցները պետք է նշեն հուսալի/վստահելի աղբյուրներ այն մեջբերումների և այլ տեղեկությունների համար, որոնք դրվում են կամ կարող են դրվել կասկածի տակ. հակառակ դեպքում այդ տվյալները կարող են հեռացվել։ Այն ամենը, ինչը ենթակա չէ ստուգման, չպետք է լինի Վիքիպեդիայում։
Տեղեկատվության ստուգելիությունը չպետք է շփոթել համացանցում դրա հասանելիության հետ։ Տպագիր հրատարակության մեջ բերված տվյալները կարող են լիովին բավարարել ստուգելիության պահանջներին, նույնիսկ եթե առանձին մասնակից հնարավորություն չունի ձեռք բերելու այդ հրատարակությունը։ Եվ հակառակը՝ համացանցում տեղադրված տեղեկությունը կարող է լինել լայնորեն հասանելի, սակայն չլինել ստուգելի (օրինակ՝ եթե պարզ չէ, թե ով և ինչ հիմունքներով է այն հրապարակել)։
Ստուգելիության կանոնը Վիքիպեդիայի հիմնարար սկզբունքներից է՝ Չեզոք տեսակետ (ՎՊ:ՉՏ) և Ինքնատիպ հետազոտությունների անթույլատրելիություն (ՎՊ:ՈՄՍՀ) կանոնների հետ մեկտեղ։ Այս կանոններով սահմանվում են Վիքիպեդիայի հոդվածների համար ընդունելի նյութերի բնույթն ու որակը։ Մասնակիցներին խորհուրդ է տրվում ծանոթանալ բոլոր երեք կանոններին և առաջնորդվել դրանցով համակցված։
Ապացուցելու բեռը
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպեդիայի հոդվածներում ցանկացած պնդում պետք է հաստատվի վստահելի աղբյուրով։ Խստորեն խորհուրդ է տրվում նշել պնդումների աղբյուրները, քանի որ առանց աղբյուրի տեղեկությունները կարող են հեռացվել։ Ոչ տրիվիալ (ոչ ակնհայտ) պնդումների համար, որոնք դրվում են կամ կարող են հիմնավորված կերպով դրվել կասկածի տակ, աղբյուրներին հղում կատարելը պարտադիր է։
Այն դեպքում, երբ կասկած է հայտնվել հոդվածում բերված պնդումների հավաստիության վերաբերյալ, աղբյուրների հղումները պետք է տրամադրի այն մասնակիցը, որը պնդում է այդ տեղեկությունը թողնելու կամ վերականգնելու վրա։
Աղբյուրին հղումը խորհուրդ է տրվում ձևակերպել ծանոթագրության տեսքով։ Սա լավագույն միջոցն է ստուգելու, թե արդյոք բերված տվյալները համապատասխանում են հաստատող տեղեկատվությանը։ Աղբյուրը պետք է նշվի հստակ և ճշգրիտ, որպեսզի ընթերցողը կարողանա հեշտությամբ գտնել կասկած հարուցած պնդումը հաստատող բնագիրը։
Կարևոր. Եթե հոդվածի թեմայի վերաբերյալ հնարավոր չէ գտնել երկրորդական վստահելի աղբյուրներ, ապա այդ թեմայով հոդված Վիքիպեդիայում չպետք է լինի։
Գործողություններ աղբյուրների բացակայության դեպքում
[խմբագրել | խմբագրել կոդը]Առանց վստահելի աղբյուրի դրված ցանկացած պնդում կարող է հեռացվել։ Սակայն, եթե տեղեկությունը բացահայտ սխալ կամ սուբյեկտիվ գնահատական չէ, խորհուրդ է տրվում նախապես հարցնել այդ տեղեկատվությունն ավելացրած մասնակցին։ Դրա համար կարող եք.
- Հոդվածի քննարկման կամ հեղինակի քննարկման էջում հարցնել,
- օգատագործել {{Փաստ}} կաղապարը կոնկրետ պնդումների համար և {{անաղբյուր էջ}} կաղապարը՝ եթե անաղբյուր է ամբողջական հոդվածը։
Ջիմի Ուեյլսի դիրքորոշումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Մի՛ թողեք աղբյուրներով չհաստատված տեղեկությունները հոդվածներում երկար ժամանակով։ Իսկ ապրող անձանց վերաբերող տեղեկությունների դեպքում չհաստատված տվյալներն ընդհանրապես անթույլատրելի են։ Վիքիպեդիայի հիմնադիր Ջիմի Ուեյլսը նշել է.
Ես չեմ կարող սա բավարար չափով շեշտել։ Որոշ հեղինակներ սովորություն ունեն «ինչ-որ տեղ լսած» պատահական հիպոթետիկ կեղծ տեղեկությունները նշել {{փաստ}} կաղապարով։ Դա սխալ է։ Նման տեղեկությունը պետք է հեռացվի՝ միանգամից, եթե այն չի կարող հաստատվել աղբյուրներով։ Սա վերաբերում է ցանկացած տեղեկության, բայց հատկապես՝ ապրող անձանց մասին բացասական տվյալներին։Բնօրինակ տեքստ (անգլ.)I can NOT emphasize this enough. There seems to be a terrible bias among some editors that some sort of random speculative 'I heard it somewhere' pseudo information is to be tagged with a 'needs a cite' tag. Wrong. It should be removed, aggressively, unless it can be sourced. This is true of all information, but it is particularly true of negative information about living persons.
Մի՛ հասցրեք աբսուրդի
[խմբագրել | խմբագրել կոդը]Թեև աղբյուրների բացակայության վրա մատնանշելը նպատակ ունի բարձրացնել Վիքիպեդիայի որակը, սակայն հետևյալ գործողությունները կարող են դիտարկվել որպես «Մի՛ խաղացեք կանոնների հետ» ուղեցույցի խախտում.
- Կաղապարների չափից շատ հաճախակի տեղադրումը,
- Կոպիտ վերաբերմունքը նորեկների ներդրման հանդեպ,
- Առանց աղբյուրի տեղեկությունների զանգվածային հեռացումը՝ առանց հնարավորություն տալու դրանք լրացնել,
- Կոնկրետ մեկ մասնակցի խմբագրումների և հոդվածների նկատմամբ ակնհայտ ուշադրությունը,
- Ակնհայտ և կասկած չհարուցող փաստերի համար աղբյուրների պահանջը (օրինակ՝ «Երկինքը կապույտ է»)։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վստահելի աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հոդվածները պետք է հիմնվեն այնպիսի վստահելի երկրորդական աղբյուրների վրա, որոնք իրականացնում են հրապարակվող փաստերի ստուգում (fact-checking)։
Վստահելի աղբյուրների վկայակոչումն անհրաժեշտ է երկու հիմնական պատճառով. նախ՝ հոդվածում առկա պնդումների համար ապացույցներ ներկայացնելու, և երկրորդ՝ դրանց հեղինակային պատկանելությունն ու հրատարակությունը նշելու համար՝ զերծ մնալով գրագողությունից և հեղինակային իրավունքների խախտումից։ Աղբյուրները պետք է ուղղակիորեն հաստատեն հոդվածում բերված տեղեկությունները, ինչպես նաև համապատասխանեն հետևյալ սկզբունքին. արտասովոր պնդումները պահանջում են բացառիկ լուրջ աղբյուրներ։
Բոլոր հոդվածները պետք է պահպանեն չեզոք տեսակետը՝ անկողմնակալ կերպով ներկայացնելով վստահելի աղբյուրներում հրապարակված ինչպես գերակշռող, այնպես էլ նշանակալի փոքրամասնության կարծիքները՝ պահպանելով դրանց տարածվածությանը համապատասխան համամասնությունը։ Լայն տարածում չունեցող տեսակետներն ու կասկածելի տեսությունները ներկայացնելու անհրաժեշտություն չկա, բացառությամբ այն հոդվածների, որոնք նվիրված են հենց այդ թեմաներին։
Որո՞նք են առավել վստահելի աղբյուրները
[խմբագրել | խմբագրել կոդը]Առավել վստահելի աղբյուրներ են համարվում գրախոսվող (peer-reviewed) ամսագրերը, բուհական գիտական հրատարակությունները, բարձրագույն դպրոցի համար նախատեսված ուսումնական ձեռնարկները, ինչպես նաև հեղինակավոր հրատարակչությունների կողմից լույս ընծայված պարբերականներն ու գրքերը։ Ընդհանուր առմամբ, որքան ավելի մանրակրկիտ է տվյալ հրատարակությունը մոտենում փաստերի ստուգմանը, իրավական ասպեկտների վերլուծությանը և փաստարկների քննությանը, այնքան այն ավելի վստահելի է։
Ակադեմիական և գրախոսվող հրապարակումները համարվում են առավել նշանակալի և վստահելի աղբյուրներ գիտելիքի այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են պատմությունը, բժշկությունը, մաթեմատիկան և բնական գիտությունները։ Այս ոլորտներում կարող են օգտագործվել նաև հեղինակավոր ոչ ակադեմիական աղբյուրներ, հատկապես եթե դրանք հարգված հրատարակություններ են, որոնք արտահայտում են ընդհանուր ընդունված տեսակետը։ Աղբյուրի օգտագործման իրավաչափությունը միշտ կախված է կոնկրետ իրավիճակից։ Աղբյուրների միջև հակասությունների դեպքում տեքստից պետք է պարզ լինի, թե որ աղբյուրը ինչ դիրքորոշում ունի։
Կասկածելի վստահելիության աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կասկածելի վստահելիության աղբյուրներ են համարվում փաստերի ստուգման հարցում վատ համբավ ունեցող հարթակները։ Սրանք ներառում են այնպիսի կայքեր և հրատարակություններ, որոնք արտահայտում են ծայրահեղական տեսակետներ, ունեն գովազդային-քարոզչական բնույթ կամ հիմնված են հիմնականում բամբասանքների և անհատական կարծիքների վրա։
Կասկածելի աղբյուրները պետք է օգտագործվեն բացառապես հենց իրենց մասին պատմող հոդվածներում։ Ընդ որում, նման հոդվածներում չպետք է վերաշարադրվեն այդ աղբյուրների կողմից երրորդ անձանց հասցեին արված որևէ վիճելի պնդում, եթե միայն այդ պնդումները չեն հրապարակվել նաև այլ վստահելի աղբյուրների կողմից։
Ինքնահրատարակված աղբյուրներ (առցանց և տպագիր)
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցանկացած ոք կարող է ստեղծել կայք կամ վճարել գրքի տպագրության համար, ապա իրեն հռչակել որոշակի ոլորտի փորձագետ։ Այդ պատճառով հեղինակի միջոցներով տպագրված գրքերը, տեղեկատվական թերթիկները, անհատական կայքերը, բաց վիքի-կայքերը, բլոգները, ֆորումները և նմանատիպ այլ հարթակները հիմնականում անընդունելի են որպես տեղեկատվության աղբյուր։
Հեղինակի կողմից ինքնուրույն հրապարակված նյութերը որոշ հանգամանքներում կարող են ընդունելի լինել որպես աղբյուր, եթե.
- Հեղինակը տվյալ թեմայով ճանաչված փորձագետ է։
- Նրա աշխատանքները տվյալ ոլորտում նախկինում հրապարակվել են վստահելի երկրորդական հրատարակություններում։
Ամեն դեպքում, նման աղբյուրներից օգտվելիս պետք է ցուցաբերել զգուշություն. եթե ներկայացված տեղեկությունն իրոք արժանի է հրապարակման, ապա այն, ամենայն հավանականությամբ, արդեն հրապարակված կամ հիշատակված կլինի վստահելի աղբյուրներում։
Կարևոր. Ինքնահրատարակված աղբյուրները երբեք չպետք է օգտագործվեն որպես երկրորդական աղբյուր ապրող անձանց վերաբերյալ, նույնիսկ եթե հեղինակը համընդհանուր ճանաչում ունեցող մասնագետ է կամ գրող։
Վիքիպեդիան աղբյուր չէ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպեդիայի հոդվածները չեն կարող օգտագործվել որպես վստահելի աղբյուր այլ հոդվածների համար (նույնիսկ եթե դրանք այլալեզու Վիքիպեդիաներից են)։
Ինքնահրատարակված և կասկածելի աղբյուրների օգտագործումը հենց իրենց նվիրված հոդվածներում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեղինակի միջոցներով հրատարակված կամ կասկածելի աղբյուրների նյութերը կարող են օգտագործվել որպես աղբյուր հենց իրենց մասին պատմող հոդվածներում, եթե դրանք՝
- ուղղակիորեն առնչվում են հոդվածի առարկային,
- չեն պարունակում վիճելի պնդումներ,
- նպատակ չունեն զբաղվել ինքնագովազդով կամ ինքնափառաբանմամբ,
- չեն շոշափում երրորդ անձանց շահերը,
- չեն վերաբերում այնպիսի փաստերի կամ իրադարձությունների, որոնք անմիջական կապ չունեն տվյալ առարկայի հետ։
Բացի այդ, հոդվածում պետք է լինի հստակ հղում տեղեկատվության աղբյուրին, և հոդվածը չպետք է հիմնված լինի բացառապես նմանատիպ աղբյուրների վրա։
Արտասովոր պնդումները պահանջում են բացառիկ լուրջ աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցանկացած արտասովոր պնդում պետք է հիմնված լինի բացառիկ լուրջ և վստահելի աղբյուրների վրա։ Առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնել ընդհանուր համատեքստից առանձնացող հետևյալ տեսակի պնդումների հիմնավորվածության ստուգմանը.
- Անսպասելի կամ մեծ նշանակություն ունեցող պնդումներ, որոնք լայնորեն հայտնի չեն։
- Պատմական իրադարձությունների վերաբերյալ անսպասելի կամ կարևոր տեղեկություններ, որոնք լուսաբանված չեն առաջատար լրատվամիջոցներում կամ պատմագիտական հիմնական աղբյուրներում։
- Տեղեկություններ այս կամ այն անձի արած հայտարարությունների մասին, որոնք տվյալ անձին բնորոշ չեն, վիճելի են կամ կասկածելի, ներկայացնում են նրան ոչ բարենպաստ լույսի ներքո կամ հակասում են նրա նախկինում հայտնած տեսակետներին։
- Պնդումներ, որոնք հակասում են տվյալ բնագավառի գիտական հանրույթի կարծիքին կամ չեն վայելում դրա աջակցությունը։ Հատկապես զգույշ պետք է լինել այն դեպքերում, երբ նման պնդումների կողմնակիցները հղում են անում ինչ-որ «դավադրության» գոյությանը, որի նպատակն իբր այդ տեղեկության թաքցնելն է։
Վիքիպեդիայում արտասովոր պնդումներ ներառելու համար անհրաժեշտ է հիմնվել առկա լավագույն աղբյուրների վրա, սակայն միայն դա բավարար չէ․ նման նյութերը կարող են օգտագործվել միայն այն դեպքում, եթե այդ աղբյուրները միանշանակ հուսալի են։
Համոզվե՛ք նաև, որ չեք խախտում այլ կանոններ, որոնք վերաբերում են, օրինակ, ապրող անձանց մասին տեղեկությունների տեղադրմանը, և չափազանց մեծ նշանակություն չեք տալիս լայն տարածում չունեցող տեսակետներին։ Որակյալ աղբյուրների խստապահանջ ընտրությունը հատկապես կարևոր է այն արտասովոր պնդումների դեպքում, որոնք վերաբերում են գիտական և բժշկական թեմաներին, պատմական իրադարձություններին, սուր քաղաքական խնդիրներին և ապրող անձանց կենսագրություններին։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վիքիպեդիա:Վստահելի աղբյուրներ
- Վիքիպեդիա:Հղում աղբյուրներին
- Վիքիպեդիա:Չեզոք տեսակետ
- Վիքիպեդիա:Ոչ մի սկզբնական հետազոտություն