Ջերմություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Երբ տաք առարկաները սառչում են, նրանցից անջատվում է էներգիա, և նրանց ջերմաստիճանն իջնում է։ Էներգիայի այդ տեսակը կոչվում է ջերմային էներգիա կամ ջերմություն։ Ջերմությունը կարող է թափանցել պինդ մարմինների, հեղուկների, գազերի և նույնիսկ դատարկ տարածության միջով։

Բոլոր նյութերը կազմված են մշտապես շարժվող փոքրագույն մասնիկներից՝ ատոմներից և մոլեկուլներից։ Օրինակ՝ պինդ մարմնում, ասենք երկաթի չորսվակում, ատոմները մշտապես տատանվում են։ Եթե չորսվակը տաքացնենք, ապա նրա ատոմները կստանան ավելի շատ էներգիա, և տատանումները կարագանան։ Իսկ եթե չորսվակը բավականաչափ տաքանա, նրա ատոմները կարող են այնքան ուժգին տատանվել, որ կսկսեն անջատվել չորսվակից։ Այդպես որոշակի ջերմաստիճանում պինդ մարմինը սկսում է հալվել։

Երբ որևէ մարմին աստիճանաբար սառչում է, նրա ատոմներն ու մոլեկուլները դանդաղեցնում են իրենց շարժումները։ Բայց այդ երևույթն անվերջ շարունակվել չի կարող. որոշակի ցածր ջերմաստիճանում ատոմների և մոլեկուլների շարժման արագությունն այլևս հնարավոր չէ փոքրացնել։ Դա տեղի է ունենում –273օC ջերմաստիճանում կամ բացարձակ զրոյում։ Բացարձակ զրոն հնարավոր ամենացածր ջերմաստիճանն է։ Ջերմաստիճանների Կելվինի սանդղակում ջերմաստիճանի բացարձակ զրոն ընդունվել է որպես սկզբնական կետ։ Այդ սանդղակում ջուրը սառչում է 273 K-ում։

Ջերմային էներգիան փոխանցվում է 3 եղանակով՝ ջերմահաղորդականությամբ, ջերմափոխանցմամբ (կոնվեկցիա) և ճառագայթմամբ։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկական հանրագիտարանում