Ինտելեկտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ինտելեկտ (լատ.՝ intellectus - զգայություն, ընկալում, ըմբռնում, հասկացում, ողջամտություն[1]), հոգեկանի հատկություն, որը հնարավորություն է տալիս հարմարվել նոր իրադրություններին, սովորել փորձի հիման վրա, հասկանալ և կիրառել վերացական հայեցակարգերը, սեփական գիտելիքներն օգտագործել շրջապատող միջավայրը ղեկավարելու համար[2]: Ինտելեկտը անձի ընդհանուր կարողությունն է ճանաչել և հաղթահարել դժվարությունները, միավորում է անձի բոլոր իմացական գործընթացները` զգայություն, ընկալում, հիշողություն, մտածողություն, երևակայություն[3]:

Ինտելեկտի բաղկացուցիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինտելեկտն առաջին հերթին հիմք է հանդիսանում նպատակադրման, ռեսուրսների պլանավորման և նպատակներն իրականացնելու ռազմավարությունների մշակման համար: Ենթադրվում է, որ ինտելեկտի նախանշաններ ունեն նաև կենդանիները[4]: Կենդանիների ինտելեկտի ուսումնասիրությամբ զբաղվում է գիտության համեմատաբար նոր ոլորտ` կոգնիտիվ էթիոլոգիան:

Մարդու ինտելեկտի զարգացումը նրան առանձնացրեց կենդանիներից և հիմք դրեց հասարակության զարգացմանը: Ինտելեկտուալ անվանում են այն անձին, ով ունի զարգացած ինտելեկտ և վերլուծական միտք:

Որպես կանոն` ինտելեկտը գործարկվում է այլ կարողությունների, մասնավորապես` ճանաչելու, սովորելու, տրամաբանված մտածելու, տեղեկատվության համակարգման և վերլուծության, կապեր, օրինաչափություններ և տարբերություններ գտնելու և այլ կարողությունների օգնությամբ: Ինտելեկտի առկայության մասին կարելի է խոսել միայն այդ բոլոր կարողությունների զարգացվածության դեպքում. նրանցից յուրաքանչյուրն ինքնուրույն չի ձևավորում ինտելեկտը:

Ինտելեկտի տարբերակող հատկանիշների համակարգը ներառում է անձի հետևյալ առանձնահատկությունները.

  • գործող հիշողության ծավալը, կանխատեսման և արագ գործելու կարողությունը, տրամաբանությունը[5],
  • արժեքավոր տեղեկատվության համակարգային ընտրության բազմամակարդակ աստիճանակարգը[6],
  • գիտակցությունը[7],
  • հիշողությունը[8]:

Առանձնացնում են «ինտելեկտուալ էներգետիկայի» կենսաֆիզիկական հատկանիշներ` տեղեկատվության քանակ, արագացում (հաճախականություն, արագություն) և փոխանցման տարածություն: Այս ամենը միավորվում է «ինտելեկտի բանաձևի» մեջ[9]:

Անձի գործունեության տարբեր տեսակները պահանջում են ինտելեկտուալ տարբեր ունակությունների զարգացվածություն, սակայն բոլոր դեպքերում անհրաժեշտ է անձի զգայունակությունը նորի, արդիական խնդիրների և իրադրության հնարավոր զարգացման միտումների նկատմամբ: Ինտելեկտի զարգացվածության ցուցանիշ է համարվում արտաքին սահմանափակումներից անձի ազատությունը, քսենոֆոբիայի` նորից, անսովորից վախի բացակայությունը: Ինտելեկտի զարգացվածության մասին է վկայում նաև բարդ խնդիրները ինտուիտիվ լուծելու անձի կարողությունը:

Ինտելեկտի առանձին հատկանիշների զարգացումը պայմանավորվում է ինչպես անձի գենոտիպով, այնպես էլ նրա կենսափորձի հարստությամբ:

Ինտելեկտի վերաբերյալ տարբեր մոտեցումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Լինդա Գոտֆրեդսոնի` ինտելեկտն ընդհանուր մտավոր կարողություն է, որը հնարավորություն է տալիս եզրահանգումներ անել, պլանավորել, խնդիրներ լուծել, վերացական մտածել, հասկանալ բարդ մտքերը, արագ յուրացնել նոր նյութը և սովորել կենսափորձի հիման վրա: Այն պարզապես գրքեր կարդալը չէ կամ ակադեմիական գիտելիքներ ունենալը: Հեղինակի կարծիքով ինտելեկտը շրջապատող աշխարհն ավելի լայնությամբ և խորությամբ ճանաչելու, իրերի էությունը հասկանալու և տարբեր իրադրություններում գործելու կարողություն է[10]:

20-րդ դարի սկզբում Չարլզ Սպիրմենն ապացուցեց, որ եթե անձը կարողանում է ճշգրտորեն լուծել որոշ առաջադրանքներ, ապա նա հաջողությամբ լուծում է նաև այլ առաջադրանքներ: Այլ կերպ ասած` ինտելեկտուալ բոլոր կարողությունները վիճակագրորեն փոխկապակցված են: Սպիրմենը ներմուծեց «Ընդհանուր ինտելեկտի գործակիցը»` «g գործոնը», որը մատնանշում է բոլոր իմացական խնդիրների իրականացման արդյունավետությունը[11]: Փորձը ցույց տվեց, որ «g գործոնն» անմիջականորեն ուսումնասիրելը բարդ է, սակայն դրա հիման վրա ձևակերպվեցին մեծություններ, որոնք «g գործոնի» մոտավոր չափերն են, և հնարավոր է չափել: Այդ չափանիշներից մեկն էլ ինտելեկտի գործակիցն է (IQ):

Հոգեբան Ջեյմս Ֆլինն առաջինն է տևական ժամանակահատվածում աշխարհի տարբեր երկրներում իրականացրել IQ-ի դինամիկայի համակարգային ուսումնասիրություններ: Նա հաստատել է, որ 50 տարվա ընթացքում ինտելեկտի գործակիցը անդադար աճել է (Ֆլինի էֆեկտ):

Սոցիալական ինտելեկտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոցիալական ինտելեկտը մարդկանց վարքագիծը ճիշտ հասկանալու կարողությունն է: Այն անհրաժեշտ է միջանձնային արդյունավետ համագործակցության և սոցիալական հարմարման տեսանկյունից:

«Սոցիալական ինտելեկտ» հասկացությունը հոգեբանության մեջ ներմուծել է Տորնդայքը 1920 թվականին «միջանձնային հարաբերություններում հեռատեսությունը» նշանակելու համար: Հետագայում հոգեբաններն իրենց ներդրումն ունեցան այս հասկացության մեկնաբանության մեջ:

Հուզական ինտելեկտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուզական ինտելեկտը մտավոր կարողությունների ամբողջություն է, որը մասնակցում է շրջապատողների և սեփական հույզերի գիտակցման և ճանաչման գործընթացին:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Большой латинско-русский словарь. Vocabvlarivm latinorvssicvm magnvm.
  2. Encyclopaedia Britannica
  3. Г. Азимов, А. И. Щукин. Словарь методических терминов, 2002.
  4. Моисеев Н. Н. Человек и ноосфера. — М.: Молодая гвардия, 1990.
  5. Марков А. Эволюция человека. Обезьяны, нейроны, душа. М.:Астрель. 2011. — 512 с. ISBN 978-5-271-36294-1
  6. Хокинс Д., Блейксли С. Об интеллекте. М.:ООО "И. Д. Вильямс, 2007. — 240 с. ISBN 978-5-8459-1139-1
  7. Рамачандран В. С. Рождение разума. Загадки нашего сознания. М.: ЗАО «Олимп-Бизнес», 2006. — 224 с. ISBN 5-9693-0022-5
  8. Кандель Э. В поисках памяти. Возникновение новой науки о человеческой психике. М.:Астрель. 2012. 736 с. ISBN 978-5-271-36938-4
  9. Еремин А. Л. Ноогенез и теория интеллекта — Краснодар: СовКуб, 2005. — 356 с. ISBN 5-7221-0671-2
  10. Gottfredson L. S. Mainstream Science on Intelligence // Wall Street Journal. December 13, 1994. P. A18.(անգլ.)
  11. Дружинин В. Н. Психология общих способностей. — 2-е издание. — СПб.: Питер, 2002. — С. 25. — (Мастера психологии). — ISBN 5-314-00121-7

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Хокинс Дж., Блейксли С. Об интеллекте = On Intelligence. — М.: «Вильямс», 2007.
  • Ильясов Ф. Н. Разум искусственный и естественный // Известия АН Туркменской ССР. Серия общественных наук. 1986. № 6. С. 46-54.
  • Козырев В. И. Социальный интеллект как фактор управления организацией. — Ярославль, 2000. — С. 348.
  • Петрунин Ю. Ю., Рязанов М. А., Савельев А. В. Философия искусственного интеллекта в концепциях нейронаук. — Научная монография. — Москва: МАКС Пресс, 2010.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]