Զգայություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Զգայությունը արտաքին և ներքին միջավայրերի վիճակի և հատկությունների մտավոր արտացոլանքն է, որն առաջանում է օրգանիզմի համապատասխան զգայարանների վրա գրգիռների անմիջական ազդեցության հետևանքով։ Մարդու մոտ այդ սկզբունքով են առաջանում տեսողության, լսողության, համի, հոտի, ցավի զգացումները, շոշափողական զգացումը, մկանային զգայությունը և այլն։ Զգայությունների շնորհիվ հնարավոր է դառնում աշխարհի առանձնահատկությունների և օրգանիզմի ներքին կարգավիճակի ճանաչումը։ Այն նաև անհրաժեշտ նախադրյալ է հանդիսանում ավելի բարդ իմացական գործընթացներին՝ ըմբռնման և մտածողության զարգացման համար։ Զգացումները, դրանց գործելու կարգը, դասակարգումը և տեսական վերլուծությունը ուսումնասիրվում են բազում գիտությունների կողմից, որոնցից առավել նշանավոր են նյարդագիտությունը (enneuroscience), իմացագիտությունը (cognitive psychology և cognitive science) և զգայական ըմբռնման փիլիսոփայությունը (philosophy of perception

Զգայության առկայության շնորհիվ մարդը կարողանում է մնալ գիտակից վիճակում և պահպանել կապը արտաքին աշխարհի հետ։ Կարճատև զգայական զրկանքը (сенсорная депривация/sensory deprivation) մարդու վրա հանգստացուցիչ ազդեցություն է թողնում, մինչդեռ երկարատևը՝ դրան պատրաստ չլինելու դեպքում, հաճախ կարող է հանգեցնել մտավոր գործունեության խանգարումների, զգայախաբության[1], տարօրինակ մտքերի ծագման, խորացող ընկճվածության[2] և տագնապի առաջացման։

Զգայության տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյություն ունեն զգայության դասակարգման տարբեր մոտեցումներ։ Վաղուց ի վեր ընդունված է առանձնացնել զգայությունների հինգ տեսակ (ըստ զգայության օրգանների՝ տեսողական, լսողական, համի, հոտի, շոշափելիքի)։ Դիտարկենք զգայությունների սիստեմատիկ դասակարգումը։ Այս դասակարգումը առաջարկել է անգլիացի ֆիզիոլոգ Չ. Շերինգտոնը։ Նա զգայությունները բաժանեց երեք հիմնական տիպի՝ ինտերոցեպտիվ, էքստերոցեպտիվ և պրոպրիոցեպտիվ։ Առաջինները միավորում են ազդակները, որոնք հասնում են մեզ օրգանիզմի ներքին միջավայրից, երկրորդները ապահովում են արտաքին աշխարհից եկող ազդակների ստացումը և հիմք են ստեղծում գիտակցված վարքի համար, իսկ երրորդները տեղեկություն են տալիս տարածության մեջ մարմնի դիրքի և հենաշարժիչ համակարգի մասին, ապահովում են մեր շարժումների կարգավորումը։ Ինտերոցեպտիվ զգայությունները տեղեկացնում են օրգանիզմի ներքին գործընթացների վիճակի մասին։ Առաջանում են ստամոքսի և ստամոքս-աղիքային տրակտի, սրտի և արյունատար համակարգի և այլ ներքին օրգանների պատերին գտնվող ռեցեպտորնրի շնորհիվ։ Ռեցեպտորները, որոնք ընկալում են ինֆորմացիան ներքին օրգանների, մկանների մասին, կոչվում են ներքին ռեցեպտորներ։ Ինտերոցեպտիվ զգայությունները առավել քիչ գիտակցված և առավել շատ դիֆուզվող զգայությունների թվին են դասվում և միշտ մոտ են հուզական վիճակներին։ Հաճախ այս զգայությունները անվանում են նաև օրգանական։ Պրոպրիոցեպտիվ զգայությունները ազդանշաններ են հաղորդում տարածության մեջ մարմնի դիրքի մասին և միաժամանակ կարգավորիչ դեր խաղում շարժման ընթացքում։ Այս խմբին են դասվում ստատիկ (հավասարակշռության) և կինեստետիկ (շարժման) զգայությունները։ Պրոպրիոցեպտիվ զգայությունների պերիֆերիկ ռեցեպտորները գտնվում են մկաններում և հոդերում։ Հավասարակռության զգայության պերիֆերիկ ռեցեպտորները դասավորված են ներքին ականջի կիսաշրջանաձև ուղիներում։ Զգայությունների մյուս խումբը՝ ամենամեծը՝ էքստերոցեպտիվ զգայությունների խումբն է, որի միջոցով մարդը տեղեկատվություն է ստանում արտաքին աշխարհից։ Այս խմբի բոլոր զգայությունները ընդունված է պայմանականորեն բաժանել երկու ենթախմբի՝ կոնտակտային և դիստանտային զգայությունների։ Կոնտակտային զգայությունները առաջանում են զգայության օրգանների վրա օբյեկտի անմիջական ազդեցության արդյունքում։ Այս զգայության օրինակներից են համն ու շոշափելիքը։ Դիստանտային զգայությունները արտացոլում են օբյեկտների որակները, որոնք զգայության օրգաններից որոշակի հեռավորության վրա են գտնվում։ Այս զգայությունների թվին են դասվում լսողությունն ու տեսողությունը։ Անհրաժեշտ է նշել, որ հոտառությունը, շատ հեղինակների կարծիքով, միջանկյալ տեղ է գրավում կոնտակտային և դիստանտային զգայարանների միջև, քանի որ հոտը զգում ենք հեռավորության վրա, սակայն մոլեկուլները, որոնք ապահովում են հոտի զգալը, պատկանում են կոնկրետ օբյեկտին։ Դասակարգման նշված տեսակները չեն ընդգրկում բոլոր գոյություն ունեցող զգայությունները։ Որպես օրինակ կարելի է նշել վիբրացիայի զգայությունը, որը բավականին արդիական է այսօր, գիտատեխնիկական այսպիսի առաջընթացի ժամանակաշրջանում։ Հատուկ զգայություններ են համարվում շոշափելիքի և ցավային զգայությունները։ Շոշափելիքի զգայությունը մաշկային և շարժողական զգայությունների համադրությունն է։ Ցավային զգայություններին բնորոշ է այնպիսի ներգործություն, որը կարող է բերել օրգանիզմի ամբողջականության խախտմանը, որն էլ իր հերթին ուղեկցվում է բացասական հուզական երանգներով և վեգետատիվ փոփոխություններով, ինչպիսիք են սրտի աշխատանքի արագացում, բիբերի լայնացում։

Զգայության հիմնական հատկանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Զգայությունները կարող են նկարագրվել ըստ հատկությունների։ Հատկությունները կարող են լինել սպեցիֆիկ և ընդհանուր բոլոր զգայությունների համար։ Զգայությունների հիմնական հատկությունների մեջ նշում են՝ որակ, ինտենսիվություն, տևողություն, տարածական լոկալիզացիա, զգայության համեմատական և բացարձակ շեմեր։ Որակը հատկություն է, որը բնութագրում է զգայության տվյալ տեսակի միջոցով արտացոլվող հիմնական ինֆորմացիան, որը նրան տարբերում է զգայության մյուս տեսակներից։ Օրինակ համային զգայությունը ինֆորմացիա է տալիս առարկայի քիմիական որակների մասին՝ քաղցր, կծու, դառը, աղի։ Զգայության ինտենսիվությունը քանակական նկարագիր է և կախված է գրգռիչի ներազդման ուժից ու ռեցեպտորի ֆունկցիոնալ վիճակից։ Օրինակ հիվանդ ժամանակ հոտառական զգայությունը կարող է խեղաթյուրվել։ Զգայության տևողությունը ժամանակային նկարագիր է։ Այն ևս որոշվում է օրգանների ֆունկցիոնալ վիճակով, բայց գլխավորապես գրգռիչի ազդման տևողությամբ և վերջինիս ինտենսիվությամբ։ Զգայության բոլոր տեսակները ենթարկվում են ընդհանուր օրինաչափությունների։ Որևէ զգայության առաջացման համար գրգռիչը պետք է ունենա ինտենսիվության որոշակի մակարդակ։ Ինտենսիվությունը սահմանվում է գործող գրգռիչի ուժով և ռեցեպտորի ֆունկցիոնալ վիճակով։ 15Բացարձակ և տարբերակման զգայություններ։ Բացարձակ զգայությունը թույլ գրգռիչները ընկալելու կարողությունն է, իսկ տարբերակման զգայությունը գրգռիչների միջև թույլ տարբերությունները ընկալելու կարողությունն է։ Մենք չենք լսում հարևան սենյակի ժամացույցի սլաքների աշխատանքը։ Զգայություն առաջացնելու համար գրգռիչը պետք է ունենա որոշակի ուժգնություն։ Որոշ հեղինակներ առանձնացնում են զգայությունների բացարձակ վերին և ստորին շեմեր հասկացությունները։ Գրգռիչի մինիմալ ուժգնությունը, որի ժամանակ առաջանում է հազիվ զգալի զգայություն, կոչվում է զգայության բացարձակ ստորին շեմ։ Ավելի թույլ գրգռիչները չնայած զգայություն չեն առաջացնում, սակայն ունենում են իրենց ազդեցությունը։ Եթե ձեռքում կա 100 գրամանոց առարկա, հետո սրան ավելացնենք ևս մեկ գրամ, ապա այս ավելացումը ոչ ոք զգալ չի կարող։ Զգայության բացարձակ վերին շեմը գրգռիչի առավելագույն ուժգնությունն է, որի հետագա մեծացումն առաջացնում է ցավային զգայություն կամ զգայության վերացում։ Գրգռիչների միջև մինիմալ տարբերությունը, որ տալիս է զգայության հազիվ նկատելի փոփոխություն, կոչվում է տարբերակման շեմ։ Զգայության օպերատիվ շեմը գրգռիչի երկու մեծությունների միջև տարբերակման նվազագույն չափն է, որը ճանաչելու ճշգրտությունն ու արագությունը շատ մեծ նշանակություն ունեն։

Սենսորային ադապտացիա (հարմարողականություն)[խմբագրել | խմբագրել կոդը]

Մթության մեջ տեսողությունը սրվում է, իսկ ուժեղ լուսավորման պայմաններում տեսողական զգայությունը թուլանում։ Այս երևույթը կարելի է դիտարկել, երբ ուժեղ լուսավորված տեղից մտնում ես մութ սենյակ և հակառակը։ Երկու տարբերակում էլ մարդը կարծես կարճատև «կուրանում է» և պահանջվում է որոշակի ժամանակ, որ մարդու աչքերը հարմարվեն մթությանը կամ ուժեղ լույսին։ Սա վկայում է նրա մասին, որ կախված շրջապատող իրավիճակից, մարդու տեսողական զգայությունը կտրուկ փոփոխվում է։ Զգայության նկարագրված փոփոխությունները կապված են սենսորային ադապտացիայի երևույթի հետ։ Սենսորային ադապտացիա է կոչվում զգայության փոփոխությունը, որ տեղի է ունենում զգայության օրգանների վրա ազդող գրգռիչներին հարմարվելու հետևանքով։ Որպես կանոն ադապտացիայի ժամանակ զգայարանների վրա ուժեղ գրգռիչների ազդեցությունը զգայությունը թուլացնում է, իսկ թույլ գրգռիչների ազդեցության տակ կամ գրգռիչի բացակայության պայմաններում, զգայությունը ուժեղանում է։ Զգայության նման փոփոխությունը միանգամից տեղի չի ունենում, դրա համար որոշակի ժամանակ է պահանջվում։ Զգայության տեսակները մեկուսացված չեն իրարից։ Հենց այս պատճառով զգայության ինտենսիվությունը կախված է ոչ միայն գրգռիչի ուժից և ռեցեպտորի ադապտացիայի մակարդակից, այլև տվյալ պահին այլ օրգանների վրա ազդող գրգռիչներից։ Այսպես օրինակ, ձայնային գրգռիչները կարող են ուժեղացնել տեսողական զգայության աշխատանքը։ Այստեղ ընդհանուր օրինաչափությունն այն է, որ անալիզատորների փոխներգործության դեպքում թույլ գրգռիչները մեծացնում, իսկ ուժեղները թուլացնում են մյուս զգայարանների զգայունակությունը։

Սենսիբիլիզացիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սենսիբիլիզացիան (լատ. զգայուն) գրգռիչի ազդեցության տակ նյարդային կենտրոնների զգայունակության բարձրացումն է։ Այն մշտապես զգայունակության բարձրացում է, որտեղ էական դեր է խաղում անալիզատորների փոխներգործությունը։ Որոշակի պայմաններում բարձրանում է զգայության օրգաններից մեկի զգայունակությունը մյուսի համատեղ գործունեության ազդեցության տակ։ Այս երևույթը հրաշալի կերպով ներկայացված է Պ.Պ.Լազարևի փորձում լայն լսարանի առջև։ Լսարանում հնչում էր միևնույն ինտենսիվության ցածր տոնայնություն։ Երբ միանում է ռիթմը և միաժամանակ անջատվում լույսը՝ ձայնը թվում է վիբրացիոն, փոփոխվող ռիթմով։ Ձայնի զգայության նման փոփոխությունը տեղի է ունենում այն բանի շնորհիվ, որ լույսի ազդեցության տակ լսողության օրգանի զգայունակությունը բարձրանում է և ձայնն ընկալվում է ավելի բարձր։ Նմանօրինակ փաստեր են դիտարկվել Կրավկովի, Կեկչեևի, Շվարցի հետազոտություններում։ Բացահայտվել է, որ թեթև մկանային աշխատանքը, դեմքի շփումները սառը ջրով, ձայնային երկրորդական թույլ գրգռիչները բարձրացնում են տեսողության զգայունակությունը (երկրորդական ուժեղ գրգռիչներն, ընդհակառակն, նվազեցնում են այն)։ Զգայության օրգանների սենսիբիլիզացիա կարող են առաջացնել որոշ դեղաբանական նյութեր։

Սինեստեզիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Անալիզատորներից մեկի գրգռման ազդեցության տակ մյուս անալիզատորին բնորոշ յուրահատուկ զգայության առաջացումը կոչվում է սինեստեզիա։ Սինեստեզիայի երևույթը կարելի է դիտել զգայությունների ամենատարբեր տեսակների հետ կապված։

Զգայական խանգարումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անեսթեզիան տարբեր տեսակի գրգիռներ զգալու ընդունակության կորուստն է։ Որպես կանոն տարածվում է տակտիլ, ցավային և ջերմային զգայունակության վրա։

Հիպոեսթեզիան տարբեր տեսակի գրգիռներ զգալու ընդունակության նվազումն է։

Հիպերեսթեզիան տարբեր տեսակի գրգիռներ զգալու ընդունակության բարձրացում։

Պարեսթեզիան դրսևորվում է թմրածության, ծակծկոցի, այրոցների տհաճ զգացողությամբ։ Լինում են դեպքեր, երբ թվում է թե մարմնի վրայով մրջյուններ են շարժվում։ Կարող են առաջանալ մարմնի տարբեր մասերում, միտում ունեն տեղափոխվելու։ Այդ ժամանակ մարդը դառնում է տագնապային ու անհանգիստ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Sireteanu R, Oertel V, Mohr H, Linden D, Singer W, (2008). "Graphical illustration and functional neuroimaging of visual hallucinations during prolonged blindfolding: A comparison to visual imagery" Perception 37(12) 1805–1821 doi:10.1068/p6034
  2. Stuart Grassian Psychiatric effects of solitary confinement(PDF) This article is a redacted, non-institution and non-inmate specific, version of a declaration submitted in September 1993 in Madrid v. Gomez, 889F.Supp.1146.