Ամոթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Ամոթ (այլ կիրառումներ)
Ամոթ

Ամոթը, բացասական երանգավորում ունեցող զգացում է, որի առաջացման պատճառ կարող է լինել որևէ արարք կամ սուբյեկտի որակ։ Այս հույզը նշանակալի տեղ է զբաղեցնում մարդկային հարաբերություններում, սակայն, ի տարբերություն զայրույթի և վախի, այդքան էլ խորացված ուսումնասիրված չէ։ Երկար ժամանակ զայրույթը և վախը գրավում էին հետազոտողների ուշադրությունը շնորհիվ այն բանի, որ ազդեցություն ունեին առանձին անհատների և մարդկանց մեծ խմբերի ինչպես նորմալ, այնպես էլ պաթոլոգիկ վարքի վրա։ Միևնույն ժամանակ ամոթին քիչ ուշադրություն էր դարձվում, չնայած այն նույնպես նշանակալի ազդեցություն է ունենում հասարակական հարաբերությունների վրա։

Ամոթի կենսաբանական և հոգեբանական բնութագիրը[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբեմն ամոթը, զարմանքը և մեղքը դիտարկում են որպես միևնույն հույզի տարբեր դրսևորումներ, երբեմն, որպես տարաբնույթ հույզեր, որոնք ընդհանուր ոչինչ չունեն, երբեմն էլ որպես տարբեր հույզեր, որոնք մի քանի ընդհանուր գծեր ունեն։

Դարվինն օգտագործում էր վերը նշված երեք հասկացություններն էլ։ Նա դրանք օգտագործում էր որպես հոմանիշներ։ Դարվինը կարծում էր, որ ամոթը պատկանում է միմյանց հետ կապված հույզերի մեծ խմբին, որի մեջ, բացի դրանից մտնում են զարմանքը, մեղքը, խանդը, ժլատությունը, նախանձը, ոխակալությունը, կեղծավորությունը, կասկածամտությունը, ինքնավստահությունը, հպարտությունը, փառամոլությունը։

Ամոթը, զարմանքը և վախը միավորելով մեկ խմբի մեջ Դարվինը, ինչպես միշտ, պահպանում է հետևողականություն։ Վախկոտ, դժվարությամբ շփվող կինը խանդում է, երբ տեսնում է ամուսնուն, ով հաճույք է ստանում մարդկանց հետ հանդիպումից։

Ստախոսությունը, շատ հաճախ, մեղքի զգացումը թաքցնելու միջոց է։ Ստորացումն իր հերթին անմիջականորեն կապված է ամոթի հետ։ Դարվինը համարում էր, որ «ամոթի խմբին» պատկանող ցանկացած հասկացություն իրենից առանձին հույզ է ներկայացնում։

Ամոթի միմիկական դրսևորումը և դրա ֆիզիոլոգիական ասպեկտները[խմբագրել | խմբագրել կոդը]

Շփոթմունքի և ամոթի դիմախաղային դրսևորումները նման են։ Երբ որևէ մեկը ամոթի զգացում է ունենում նա, սովորաբար, թաքցնում է աչքերը, շրջվում է կամ ցած գցում գլուխը։ Մարմնի և գլխի շարժումները նրան տրամադրում են դառնալ իրականից փոքր։ Դարվինը ենթադրում էր, որ հենց աչքերն են հանդիսանում ամոթի դրսևորման միջոց։ Դրանք, որպես կանոն, ամոթի զգացման դեպքում ներքև են նայում կամ «մի կողմից մյուսը գնում», կոպերը թաքցնում են աչքերը, երբեմն էլ աչքերն ամբողջովին փակ են։

Կծկվելու և փոքր երևալու ձգտումը առավել վառ արտահայտված է մի երիտասարդ կնոջ հետ անցկացված փորձում, ով մասնակցում էր հիպնոսային ներշնչանքի միջոցով առաջացող հույզի մասին ֆիլմի նկարահանմանը։ Երբ նրան ամոթի զգացում էր ներշնչվում, նա թաքցնում էր աչքերը, խոնարհում գլուխը, իսկ հետո կծկվում էր աթոռին՝ ծնկները կրծքին սեղմելով։ Հետհիպնոսային զեկույցի ժամանակ նա ասում էր, որ իրեն փոքրիկ նապաստակ էր զգում, որը կծկվում է, որպեսզի իրեն ոչ ոք չտեսնի։

Ամոթի ֆիզիոլոգիական ատրիբուտներից հետաքրքրական է ամոթխածության կարմրության զարմանահրաշ ֆենոմենը, որը Դարվինը համարում էր հույզերի դրսևորումներից առավել բնութագրականը և առավել մարդկայինը։ Կարող ենք ասել, որ Դարվինը ճիշտ էր, երբ ասում էր, որ ամոթխածության կարմրությունը բնորոշ է միայն մարդկանց։ Ինչ վերաբերում է ամոթին և շփոթմունքին, ապա Դարվինը հաստատում էր, որ կենդանիները ունակ են դրսևորել այս հույզերը, և բերում էր շների ամաչկոտ և շփոթված վարքի օրինակներ։

Շատերը պնդում են, որ ամոթխածության կարմրության առաջացումը վեգետատիվ նյարդային համակարգի գործունեության արդյունքն է։ Դարվինը, ինչպես և հույզերի շատ ժամանակակից հետազոտողներ, ամոթխածության կարմրության առաջացումը դիտարկում էր որպես ամոթի դրսևորում։

Ամոթի զգացումը միշտ չէ, որ ուղեկցվում է կարմրության առաջացմամբ։ Շատ մարդիկ ամոթի զգացում են ունենում առանց կարմրելու։ Գոյություն ունեն մի շարք անհատական տարբերություններ, որոնք պայմանավորում են ամոթխածության կարմրության առաջացումը։ Կարծիք կա նաև այն մասին, որ դրա առաջացման հավանականությունը տարիքի հետ փոփոխվում է։ Ամբողջացնելով կարող ենք ասել, որ երեխաների և դեռահասների մոտ դրա առաջացման հավանական շեմը ավելի ցածր է, քան մեծահասակների մոտ։ Դժվար է ասել, թե ինչի հետ է դա ավելի շատ կապված՝ կենսաբանական, թե՞ հոգեբանական փոփոխությունների հետ։ Տոմկինսը գտնում էր, որ ոչ միայն ամոթն է առաջացնում ամոթխածության կարմրություն, այլ կարմրությունն էլ, իր հերթին ուժեղացնում է ամոթի զգացումը։ Դա կարող է կապված լինել այն բանի հետ, որ կարմրելով մենք գրավում ենք շրջապատի ուշադրությունը, որն իր հերթին ուժեղացնում է ամոթխածությունը։ Կարմրությունը կառավարելու ունակությունն իր հերթին մի փոքր մեղմացնում է ամոթի ապրումը։ Այստեղից կարող ենք ենթադրել, որ եթե մարդը «երբեք չի կարմրում», ապա հնարավոր է, որ նա ունակ էլ չէ ամոթ զգալ։

Ամոթխածության կարմրության առաջացման նախապայման է հանդիսանում վեգետատիվ նյարդային համակարգի գործունեությունը, որի արդյունքում դեմքի մաշկի տակ գտնվող մազանոթները լայնանում են և լցվում արյունով։ Արյան շրջանառության ուժեղացումն էլ դեմքին բնորոշ գույն է հաղորդում։

Դարվինն առաջ է քաշում երկու վարկած, որոնք կարող են բացատրել, թե ինչու՞ է ամոթխածության կարմրությունը սահմանափակվում դեմքով։ Առաջին հերթին նա կարծում էր, որ պատճառ կարող է լինել դեմքի բաց լինելը քամու, լույսի և ջերմաստիճանի տատանումների ազդեցության համար, որ մարդիկ, ովքեր սովոր են մինչև գոտկատեղը մերկ քայլել, կարմրում են նաև իրանով։ Երկրորդ հիմնավորման հիմքում նա ընդունում էր այն փաստը, որ մարդու դեմքին յուրահատուկ ուշադրություն է դարձնում ինչպես տվյալ մարդը, այնպես էլ շրջապատող մարդիկ։

Ընդունված է համարել, որ ամոթի զգացումը և ամոթխածության կարմրության առաջացումը շատ դեպքերում կապված են տեսողական խթանիչների հետ։ Դարվինը հետևում էր ամոթխածության կարմրության դրսևորմանը մի աղջկա մոտ, ով կույր և խուլ էր։ Այս գործընթացը նա դիտարկում էր շատ երեխաների մոտ, ովքեր ունեին նույն խնդիրները։ Նա հիշատակում է նաև այն փաստը, որ մարդը կարող է կարմրատակել նույնիսկ միայնության պայմաններում։ Ակնհայտ է, որ նույնիսկ ամոթալի էպիզոդի մասին հիշողությունը կարող է ամոթխածության կարմրության և ամոթի ապրման խթան հանդիսանալ։

Տոմկինսը նշում է, որ չափահասները ձգտում են մոդիֆիկացնել ապրվող ամոթի դրսևորումը։ Դա կապված է այն բանի հետ, որ ամոթի չափազանց անկեղծ, ինտենսիվ և մասնավոր դրսևորումները վկայում են անհատի սոցիալական դժբախտության մասին։ Երբեմն մարդը թաքցնում է հայացքը, որպեսզի թաքցնի ամոթի ապրումը։ Երբեմն ցանկանում է դառնալ հնարավորինս փոքր, աչքի չընկնել։ Եվ այս ամենը նրա համար, որ իր ապրումները մնան իր մեջ։

Ամոթի զգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դարվինը և շատ ուրիշ հետազոտողներ նշել են, որ ամաչելով, մարդը զգում է ինքնագիտակցության և ինքնակառավարման բարձրացում։ Ամոթի դեպքում գիտակցությունը լրացվում է հենց տվյալ մարդու շնորհիվ։ Նա գիտակցում է միայն իրեն կամ միայն այն գծերը, որոնք տվյալ պահին նրա համար ոչ ադեկվատ և ոչ պատշաճ են։ Կարծես այն, ինչը նա այդպես թաքցնում էր օտար աչքերից, անսպասելիորեն ներկայացվում է հանրությանը։ Միևնույն ժամանակ նա զգում է իր անապահովությունը։ Նա մոռանում է բառերը, կատարում սխալ շարժումներ։ Ինչպես գրում էր Դարվինը, երբ մարդը ամոթից կարմրում է, նա «կորցնում է հոգու առկայությունը» և երբեմն «անիմաստ բաներ» է ասում։ Ամոթխած մարդը հաճախ է կակազում, դառնում է ծանրաշարժ, ծամածռություններ է անում։

Տոմկինսը տալիս է ամոթի առավել վառ նկարագիրը։ Նա ամոթը, զարմանքը և վախը դիտարկում է որպես մեկ զգացմունք, որն ունի մեկ նեյրոֆիզիոլոգիական մեխանիզմ։ Սակայն, նա նաև նշում էր, որ գիտակցական մակարդակում ամոթը և մեղքը, որպես վիճակ տարբեր են։

Ամոթի դետալային մեկնաբանությունը տվել է Հելեն Լեվիսը։ Ամոթի զգացում ունեցող մարդն իրեն փոքր, ծիծաղելի և նվաստացած է զգում։ Նա անօգնականության, անընդունակության և անհնարինության զգացում է ունենում՝ իրավիճակը վերաիմաստավորելու դեպքում։ Ամոթը կարող է արցունքներ և կարմրություն առաջ բերել, որոնք իրենց հերթին խորացնում են ամոթի զգացումը։

Էրիկսոնն առաջադրում էր վարկած, համաձայն որի ամոթը պահանջում է ինքնակառավարման անսպասելի կորստի գիտակցում։

Մոդիլյանին ամոթը կամ ճնշվածությունը սահմանում է որպես ինքնահարգանքի իրավիճակային կորուստ։ Նա իր ամոթի կոնցեպցիան ստուգել է էքսպերիմենտալ ճանապարհով՝ դիտարկելով հրապարակային հաջողությունը կամ ինտելեկտուալ հանձնարարությունների կատարման ժամանակ գրանցված անհաջողությունը։ Էքսպերիմենտալ պայմանները(անհաջողություն),որոնք ամոթ են առաջացնում, միանման են եղել և' անհատական, և' խմբային որոշումների դեպքում։ Ամոթի ամենաբարձր ցուցանիշները գրանցվել են նրանց մոտ, ովքեր հանդուրժել են հրապարակային անհաջողությունը, իսկ ամենացածր ցուցանիշները նրանց մոտ, ովքեր հրապարակային հանձնարարության իրականացման ժամանակ հաջողություն են գրանցել։ Հայտնաբերվել է, որ «մասնավոր» անհաջողությունն առաջ է բերում չափավոր ամոթ, որը հեղինակները բացատրում են «անհրաժեշտ հետազոտողի բացակայությամբ»։

Ամոթն ուղեկցվում է սեփական «Ես»-ի և սեփական «Ես»-ի առանձին գծերի գիտակցման խորը և հիվանդագին զգացումով։ Այս դեպքում մարդն իրեն համարում է փոքր, անօգնական, հիմար, անպիտան և այլն։ Ամոթն ուղեկցվում է նաև տրամաբանորեն և էֆֆեկտիվ մտածելու ժամանակավոր անընդունակությամբ, երբեմն էլ անհաջողության զգացմամբ։ Որպես կանոն, ամոթի զգացումը կարող է ուղեկցվել անհաջողության և ձախողման(ֆիասկոյի) զգացմամբ։

Ամոթի պատճառները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուս ցուցարարներն ընդդեմ Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական միջամտության, ցուցանակի վրա գրված է. «Ամաչում եմ Ռուսաստանի համար» (Стыдно за Россию)

Դեռևս պարզաբանված չէ այն հարցը, թե կոնկրետ ինչ նեյրոֆիզիոլոգիական մեխանիզմների շնորհիվ է տեղի ունենում ամոթի ակտիվացումը։ Մի շարք հետազոտողներ եկել են համաձայնության այն գաղափարի շուրջ, համաձայն որի ամոթի առաջացման պատճառների մեծ մասը պետք է փնտրել գիտակցական մակարդակում։

Տոմկինսը ամոթը դիտարկում էր որպես մի հույզ, որի առաջացումը կապված է նեյրոնային ակտիվության նվազման հետ։ Մասնավորապես, ամոթն ակտիվանում է նեյրոնային ակտիվության մասնակի կրճատման դեպքում՝ հետաքրքրության, հաճույքի և ուրախության հույզի զգացման դեպքում։

Տոմկինսի՝ ամոթի ակտիվացման հետաքրքիր հիպոթեզը, որը կապված է նեյրոնային մեխանիզմիների հետ, շատ կարևոր է բազային հույզերի էությունը հասկանալու համար։ Եթե այդ հիպոթեզը ճշմարիտ է, ապա ամոթ առաջանում է միայն այն դեպքում, երբ սուբյեկտը որևէ դրական հույզի զգացում է ունենում, լինի դա ուրախություն, թե հետաքրքրասիրություն։ Տոմկինսի հիպոթեզի համաձայն, ամոթն ակտիվանում է համապատասխան հույզի նեյրոնային ակտիվության մասնակի նվազման արդյունքում։ Հետևաբար, կարող ենք ակնկալել, որ այդ իրավիճակային հույզը վերջնականապես չի մարի և ամոթի հետ մեկտեղ կդրսևորվի գիտակցության մեջ։

Ամոթի զգացման բոլոր հետազոտողները ելնում են այն մտքից, որ ամոթը բնութագրվում է ինքնագիտակցման բարձրացմամբ։ Ամոթը սեփական անպետքության և ոչ ադեկվատության գիտակցումն է։ Կարող ենք ասել, որ նորածինը, ամոթի զգացում ունենալու համար պետք է տարրական պատկերացում ունենա «Ես»-ի և «Ես-կոն-ցեպցիայի» վերաբերյալ։ Այսինքն երեխան գոնե պետք է կարողանա տարբերել իրեն մյուսներից։ Հայտնի է, որ նման ունակությունը սկսում է դրսևորվել միայն 4 ամսականում։

Ամոթի ապրման դեպքում «Ես» կերպարը գնահատելու համար Սալլիվան, Ստենժերը, Լեվիսը և Վեյսն անցկացրել են մի շարք հետազոտություններ, որոնց ժամանակ գնահատվում էր երեխաների՝ հայելուն տրվող ռեակցիան։ Այդ հետազոտությունների օգնությամբ հետազոտողները ենթադրում էին սահմանել ինքնագիտակցության սկզբնական տարիքը, որն իր հերթին թույլ է տալիս գիտակցել ամոթի զգացումը։ Ինքնագիտակցման թեստը հիմնված էր հետազոտական իրավիճակում երեխայի ցուցաբերած վարքի օբյեկտիվ գնահատման վրա։ Իրավիճակը կայանում էր հետևյալում. երեխայի քթին աննկատելիորեն կարմիր ներկ էին քսում, որից հետո նրան մենակ էին թողնում հայելու առաջ։ Եթե երեխան նայում էր հայելուն և փորձում էր դիպչել իր արտացոլանքին, ապա հետազոտողը ենթադրում էր, որ երեխան իր արտացոլանքն ընդունում է որպես արտաքին օբյեկտ։ Իսկ եթե երեխան նայում էր հայելուն և հետո փորձում էր մաքրել սեփական քիթը, ապա հետազոտողը ենթադրում էր, որ երեխան հայելու արտացոլման մեջ ճանաչում է «Ես» կերպարը։

Վերոնշյալ հետազոտողները գտնում էին, որ ամոթը դրսևորվում է հետևյալ վարքային գործընթացներով. ժպիտ, որն ուղեկցվում է խուսափողական հայացքով և ձեռքերի շարժումներով, մազերին դիպչելու հակում, հագուստի ընտրություն և դեմքի միմիկա։ Անկախ դիտորդները՝ գրանցելով հույզերի դրսևորումները, գրեթե միշտ միանման գնահատականներ էին տալիս։

15-18 ամսական երեխաները չէին ճանաչում իրենց հայելային արտացոլումները։ Այդ տարիքի երեխաների միայն 30%-ն էր հաջող անցնում ինքնագիտակցության թեստը։ Արդեն 21-24 ամսականում 88%-ը ցուցաբերում էր վարք, որը վկայում էր ինքնագիտակցության մասին։ Մեկ այլ հետազոտական իրավիճակում մոր կողքին բարձր աթոռի վրա նստած նորածնին անծանոթ մարդ էր մոտենում։ Անծանոթն աստիճանաբար ավելի էր մոտենում նորածնին, դիպչում էր նրա ձեռքին և անհետանում։ Այդ ընթացքում անծանոթը երբեք ոչինչ չէր ասում։ Այս իրավիճակում վարքային գործընթաց գրանցվեց 27 փորձարկվողներից միայն 23-ի մոտ, և միայն 2 փորձարկվողների մոտ գրանցվեց ամոթի և անհարմարության դրսևորում։ Հայելային արտացոլման փորձի ընթացքում 22 ամսական 44 փորձարկվող երեխաներից միայն 13-ն ունեցան ամոթի և անհարմարության զգացում՝ տեսնելով իրենց ներկված քիթը։

Ընդհանրացնելով փորձերի արդյունքները կարող ենք ասել, որ երեխայի համար շատ կարևոր է ունենալ «Ես» կերպարի մասին համեմատաբար կայուն և բավականին պարզ ձևակերպված պատկերացում, քանի որ միայն այդ դեպքում է հնարավոր ամոթի ապրումը։

Ամոթի հավանական աղբյուրներից մեկի բացահայտումը հնարավոր է դառնում անծանոթ մարդկանց հետ ունեցած նախկին շփման դիտարկման արդյունքում։ Նորածնի մոտ մարդկային դեմքը, որպես կանոն, առաջացնում է անհանգստություն և ուրախություն։ Քանի դեռ երեխան չի կարողանում տարբերակել մոր դեմքը, նրա մոտ անծանոթ դեմք տեսնելիս շփվելու ցանկություն է առաջանում։ Սեփական դեմքի ճանաչումը որպես անծանոթ դեմք, իջեցնում է երեխայի շփվողականության ձգտումը։ Սխալ ճանաչումն առաջ է բերում ամոթ և շփոթմունք։ Եթե երեխան հաճախ է նման տհաճ զգացողություններ ունենում, ապա աստիճանաբար հասկանում է, որ անծանոթի հետ հանդիպումը միշտ ամոթ է առաջացնում։ Տոմկինսն այս մասին ասել է հետևյալը՝ Շփման ընթացքում հաջողության ակնկալումը երեխայի մոտ ինչ-որ չափով իջեցնում է հուզականության ցուցանիշը, որը նա պետք է ունենա անծանոթի հետ հաջորդ անգամ հանդիպելիս։ Ամոթն այդ դեպքում նորից է ի հայտ գալիս և երեխան որոշիչ չափանիշներ է ստեղծում այն մարդկանց կերպարի ստեղծման և պատկերացման համար, որոնց ներկայությամբ նա ամաչել է։

Շատ մարդիկ հայտնվել են այն իրավիճակում, երբ ամբոխի մեջ ընկերոջն են հանդիպել, որից հետո ջերմորեն ողջունել են նրան։ Բայց հետո հասկացել են, որ սխալվել են և այդ մարդն իրեն բոլորովին ծանոթ չէ։ Ամոթն այս դեպքում կարող է ուժեղ կամ թույլ լինել՝ կախված պայմաններից։

4 ամսականից, երբ երեխան սկսում է տարբերակել և ճանաչել մոր դեմքը, ձեռք է բերում ամաչելու ունակություն։ Ելնելով այս մտքից Տոմկինսը հետևություն է անում, որ «ամոթն անխուսափելի է այն դեպքում, երբ մարդու մոտ գործելու ցանկությունն այնքան է մեծանում, որ նա ստիպված է լինում զսպել իր հետաքրքրությունը դեպի ցանկալին, որպեսզի այն բոլորովին չվատնի»։

Եթե հիմնվենք Տոմկինսի տրամաբանության վրա, ապա պետք է ասենք, որ հետազոտական գործունեության յուրաքանչյուր բաղադրիչ իր հերթին ամոթի հույզ է առաջացնում։

Հելեն Լուիսի կարծիքով, ամոթի ապրումը հնարավոր է միայն այլ մարդու հետ ունեցած հուզական կապի ֆոնի առկայության դեպքում։ Ամոթի հույզն անմիջականորեն կապված է այն բանի հետ, թե որքանով է մարդը զգացմունքային իր հանդեպ և այն կարծիքի հանդեպ, որն իր մասին ունեն շրջապատողները։

Դարվինը նշել է, որ ամենից հաճախ ամոթի առաջացման պատճառը լինում է քննադատությունը, սակայն, առանձին դեպքերում պատճառ կարող է դառնալ նաև գովասանքը։ Օրինակ, երիտասարդները կարող են անհարմար զգալ իրենց ծնողների գովասանքի պարագայում։ Ինչու՞ է գովասանքն ամոթ առաջացնում։ Միակ պատճառը, թերևս, տվյալ անձի նկատմամբ ուշադրության կտրուկ բարձրացումն է։

Ինչպես այլ հույզերի, այնպես էլ ամոթի դեպքում, տարբեր մարդկանց ապրումները տարբեր են։ Այն, ինչը մեկի մոտ ամոթ է առաջացնում, մյուսին կարող է միայն շահագրգռել, իսկ երրորդը կբարկանա և ագրեսիվ կդառնա։ Միևնույն ժամանակ ինչ-որ մեկի մոտ նման իրավիճակը ոչինչ էլ չի առաջացնի, ծայրահեղ դեպքում միայն վախ և տխրություն։ Նույնիսկ միևնույն մարդը նույն պատճառի դեպքում մի իրավիճակում ամոթի զգացում է ունենում, մեկ այլ իրավիճակի կամ փոփոխվող պայմանների դեպքում դրսևորում է բոլորովին այլ ռեակցիա։

Ամոթի ծանր ապրման պատճառ կարող է լինել անհաջողությունը կամ խոցվածությունը։ Որոշ առումով խոցվածությունը չկայացվածության առավել ակնհայտ դրսևորում է։

Պարտադիր չէ պրոֆեսիոնալ կամ որոշ չափով հաջող խաղացող լինել՝ խոցվածության ամոթ զգալու համար։ Դրա համար պահանջվում է կամքի ուժ և հաղթելու ցանկություն։ Սրանում է կայանում ամոթի զգացման մեկ այլ պարադոքս։ Մենք կարող ենք խուսափել ամոթից և խոցվածությունից ցանկացած իրավիճակում, եթե ներշնչենք մեզ, որ չենք ձգտում հաղթանակի կամ հաջողության։

Ամոթի էվոլյուցիոն-կենսաբանական և հոգեբանական ֆունկցիաները[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարող ենք պնդել, որ մարդկային հույզերի բազմազանությունն առաջացել է հազարավոր տարիների ընթացքում՝ մեր նախնիների էվոլյուցիայի և շրջապատին ադապտացվելու պրոցեսների զարգացմանը զուգընթաց։ Հույզերը մեր էվոլյուցիոն-կենսաբանական ժառանգության մի մասն են կազմում, հետևաբար, կարող ենք ասել, որ հույզերից յուրաքանչյուրը մարդկային ֆիլոգենեզի ընթացքում իրականացրել է այս կամ այն ֆունկցիան։ Հույզերի մեծամասնության հարմարողական դերն ակնհայտ է, սակայն, ամոթն առաջին հերթին աչքի է ընկնում իր դեզադապտատիվ ֆունկցիայով։ Սակայն անցկացված հետազոտություններն ապացուցում են, որ ամոթի նշանակության նման մակերեսային գնահատականն այդքան էլ ճշգրիտ չէ։

Ամոթի զգացումը էվոլյուցիոն-կենսաբանական հեռանկարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամոթի զգացումն իրականացնում է մարդու համար կենսական կարևորություն ունեցող մի շարք ֆունկցիաներ։ Դրա զգացումը առաջին հերթին բարձրացնում է մարդու զգայունակությունը զգացմունքների և շրջապատի հանդեպ՝ այսպիսով նպաստելով սոցիալական համախմբվածությանը։ Ամոթի արտաքին դրսևորումները խմբի անդամներին նախազգուշացնում են այն մասին, որ անհատը զգայուն է քննադատության նկատմամբ, առանձնապես այն քննադատության նկատմամբ, որն ուղղված է «Ես»-ի անձնային ասպեկտներին։ Նման մարդուն՝ հանձնարարությունները և պարտականությունները չկատարելու դեպքում հնարավոր է պատժել ամոթի օգնությամբ։ Ամոթի շնորհիվ պատժից խուսափելը վարքային ուժեղ մոտիվ է։ Ինչքան ուժեղ է այդ մոտիվը, այնքան մարդը թանկ է գնահատում իր արժանիքները և սեփական պատիվը։

Տոմկինսն ասում է. «Տղամարդն ավելի շուտ կյանքը կզոհաբերի` պատիվը պաշտպանելու համար, քան գլուխը կկախի։ Նրանց համար սեփական թուլության և վախկոտության պատճառով կրած ստորացումը մահից և ֆիզիկական տանջանքներից էլ վատ է»։

Դատելով այս ամենից կարող ենք եզրակացնել, որ ամոթը մեր մինչպատմական նախնիների համար կյանքի մի մասն է կազմել։ Ամոթխածությունը կարևոր դեր է խաղացել ամուսնական հարաբերությունների կայացման և ամրապնդման հարցում, նպաստել է տարբեր սեռերի միջև առկա կոնֆլիկտների նվազմանըինչպես նաև ագ-րեսիայի նվազմանը կանանց հարաբերություններում։ Թվում է, թե միայն ամոթն է մարդուն ստիպել սեքսուալ հարաբերություններում մասնավորություն փնտրել։ Ամոթի կողմից իրականացված ֆունկցիաները ներկայիս հասարակությունում կորցրել են իրենց արդիականությունը։

Սոցիալ-մշակութային գործոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անհատին շրջապատող սոցիալական միջավայրը, ինչպես և մշակույթը, ամոթի ապրման կարևոր պատճառներից են։ Ցանկացած մշակույթ և ենթամշակույթ պարունակում է որոշակի նորմեր և կանոններ, որոնց խախտումն ամոթալի է։ Այս գլխում կխոսենք մի շարք միջմշակութային հետազոտությունների մասին, որոնք վերաբերում են ամոթին։ Հետազոտությունների արդյունքները պատճառահետևանքային կապեր են սահմանում մշակույթների միջև։ Ներկայացվող տվյալները ստացվել են ԱՄՆ-ի, Անգլիայի, Գերմանիայի, Շվեդիայի, Ֆրանսիայի, Շվեյցարիայի. Հունաստանի և Ճապոնիայի քոլեջների մի շարք խմբերի հետազոտությունների արդյունքում, որոնք հետազոտություններն անցկացնում էին հույզերի հարաբերակցության թեստերի միջոցով(тест отношения к эмоциям, այսուհետ՝ТОЭ)։ Տարբեր մշակույթներ ներկայացնող ուսանող-փորձարկվողների թիվը խմբում կազմում էր 41-153 հոգի։ Մինչ ТОЭ-ի միջոցով հարցման անցկացումը, ուսանողները պետք է ճանաչեին հույզերը նկարների միջոցով, որոնցից յուրաքանչյուրի վրա պատկերված էր 10 բազային հույզերից մեկը, իսկ նկարի հետևում գրված էր համապատասխան հույզի ան-վանումը։

ТОЭ-ի առաջին հարցը հետևյալն էր. «Ո ՞ր հույզն է ձեզ համար առավել հասկանալի»։ Միջին հաշվով, ինչպես և սպասվում էր,փորձարկվողների մեծամասնությունը նշում էր ուրախությունը այն դեպքում, երբ ամոթը վերջին տեղում էր։ Կարելի ե նշել մի շարք պատճառներ, թե ինչու՞ է ամոթը մարդկանց համար քիչ հասկանալի։ Ամոթի ապրման դեպքում մարդը ցած է գցում աչքերը, ուզում է թաքնվել, մենակ մնալ իր զգացմունքների հետ։ Ամոթխածության կարմրությունը կարող է ընկալվել որպես վտանգ, որն ուղղված է Ես-կոնցեպցիային կամ էգո-ին։

ТОЭ-ի երկրորդ հարցը հնչում էր այսպես.«Ո՞ր հույզն է ձեզ համար նվազ հասկանալի»։ Ճապոնիայի քոլեջների ուսանողների նշանակալի մասը, ի տարբերություն մյուս ուսանողների, այս հարցին պատասխանելիս նշում էին ամոթի հույզը։ Ակնհայտ է, որ ամոթի զգացումը մեծ տեղ է գրավում Ճապոնական մշակույթում՝հատկապես մշակութային ավանդույթներում։

ТОЭ-ի երրորդ հարցում ասվում էր. «Ո՞ր հույզից եք դուք ամենաշատը վախենում»։ Այստեղ նույնպես ճապոնացիների պատասխանները բոլորովին տարբեր էին արևմուտքի մշակույթի ներկայացուցիչների, հատկապես հույների պատասխաններից։ Ճապոնացի տղամարդկանց 72 և կանանց 69%-ը նշում էին, որ իրենց համար ամենից վախենալի հույզը արհամարհանքն է։ Ճապոնացի հոգեբանի համոզմամբ, ով մասնակցում էր այս հետազոտության անցկացմանը, ճապոնացի ուսանողները, հետևելով ТОЭ-ի կողմից ներկայացվող հարցերին պատասխանելու տրամաբանությանը, այս հարցն ընկալում էին հետևյալ կերպ. «Ձեր հանդեպ ցուցաբերված ո՞ր հույզն է ձեզ ավելի շատ վախեցնում։ Ճապոնացիների համար արհամարհանքի արժանանալը հավասարազոր է խայտառակության։ Եթե տղամարդուն արհամարհական հայացքով են նայել, ապա, սամուրայական` պատվին վերաբերող կոդեքսի համաձայն, նրան մնում է միայն մեկ ելք։ Այն է՝ սպանել իրեն արհամարհալից հայացք նետած մարդուն, կամ ինքնասպան լինել։

Այս գլխում մենք անդրադարձանք շատ քիչ միջմշակութային տարբերությունների, որոնք վերաբերում են ամոթի ապրմանը և դրա դրսևորման եղանակներին։ Սակայն բերված օրինակներից կարող ենք հետևություն անել, որ այդ տարբերություններում պատկերվում են մշակույթների իրական տարբերությունները, որոնք կայանում են ա-մոթի հանդեպ ունեցած զգացմունքայնության աստիճաններում, դրա հասկացման և ապրման ձևերով։ Հետազոտության արդյունքները թույլ են տալիս մտածել, որ նշված տարբերությունները գոյություն ունեն։

Ամոթի սոցիալիզացիան[խմբագրել | խմբագրել կոդը]

Առողջ երեխան ակտիվ և հետաքրքրասեր է։ Նրան շատ իրեր են հետաքրքրում և հաճույքի հավանական աղբյուր են հանդիսանում։ Փոքր երեխայի հուզականության և դրա հետևանքով առաջացող ակտիվության ցածր շեմը բերում է ինքնարտահայտման և ինքնազարգացման, որն էլ հաճախ վերածվում է հետազոտական վարքի։ Սակայն երեխայի՝ մի շարք ստիմուլների հանդեպ ցուցաբերած ռեակցիան կարող է առաջ բերել պահվածք, որը ծնողների, այլ մեծահասակների և երեխաների համար կլինի անհամապատասխան և սխալ։ Եթե դիտարկենք երեխայի տեսանկյունից, ապա նրա պահվածքը անպատշաճ չենք համարի, քանի որ նա ուղղակի ենթարկվում է ինքնարտահայտման ցանկությանը։ Սակայն չափահաս մարդու տեսանկյունից նրա արարքները ամոթալի են։ Առաջնորդվելով հույզերով, երեխաները ձգտում են ուրախության, ցուցաբերում են ուժգին ակտիվություն, բայց, միևնույն ժամանակ, նրանց ակտիվությունը մեծացնում է հանդիմանական վարքի առաջացման հավանականությունը։ Ակնհայտ է, որ այս կոնտեքստում կարևոր և ակտուալ է ամոթի սոցիալիզացիան։

Եթե համաձայնվենք Տոմկինսի այն մտքի հետ, համաձայն որի ամոթի զգացման ունակությունը զարգանում է մոր դեմքը այլ մարդկանց դեմքերից տարբերակելու ունակությանը զուգահեռ, ապա պետք է հաստատենք, որ մարդը ունակ է ըմբռնել ամոթը 4-5 ամսականում։ Մոտավորապես 6 ամսականում հենց մարդկային դեմքն է երեխայի մոտ առաջացնում ուժգին հուզմունք և անկեղծ ուրախություն։ Ավելի վաղ՝ 2-5 ամսականում դրսևորվում է յուրահատուկ բնածին մեխանիզմ. մարդկային դեմքի ցանկացած ձևը երեխայի մոտ ժպիտ է առաջացնում։ Սակայն, ընդամենը մի քանի ամիս հետո, այն նույն դեմքը, որը երեխայի մոտ ժպիտ էր առաջացնում, դառնում է ամոթի ապրման գլխավոր պատճառ։ Իր ամոթի ապրման առաջին փորձը երեխան ստանում է մանկությունից՝ սեփական ծնողների հետ շփման արդյունքում։

Ամոթի զգացումն, անպայման, մարդու ուշադրությունը և հետաքրքրությունը կենտրոնացնում է ինքն իր վրա։ Տոմկինսի կարծիքով, ամոթի զգացման ակտիվացման համար անհրաժեշտ է հետաքրքրության և հաճույքի հույզերի ակտիվացման որոշակի մակարդակ։ Հենց որ ամոթը ստանձնում է իր իրավունքները, հաճույը և հետաքրքրությունը ստիպված են լինում մի կողմ քաշվել։

Ամոթի ապրման ունակությունը զարգանում է չափազանց նուրբ տարիքում և պահպանվում է մինչև մահ։ Փոքր ժամանակ երեխան ձգտում է օգտակար լինել ծնողներին և արժանանալ նրանց գովասանքին։ Վերջինս նրա համար դառնում է հուզականության և ուրախության մշտական աղբյուր։ Բայց եթե նրա ճիգերն ընդունվում են տհաճությամբ և կշտամբանքով, ապա երեխայի ունեցած հետաքրքրությունը նման ակտիվության հանդեպ մարում է և իր տեղը զիջում ամոթին։

Ամոթի փոխազդեցությունն այլ հույզերի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առօրյա փորձը և տեսական ըմբռնումները ցույց են տալիս, որ շատ հաճախ ամոթի ապրման պրոցեսը տեղի է ունենում այլ աֆֆեկտների ֆոնի վրա։ Ինչպես այլ հույզերի,այնպես էլ ամոթի ապրումը բերում է նրան, որ դրանց միջև տեղի է ունենում ասոցիատիվ կամ նույնիսկ կայուն կապերի հաստատում։ Դրա արդյունքում ամոթի ապրումը կարող է այլ հույզերի ապրման պատճառ դառնալ և, ընդհակառակը, որոշ հույզերի ապրումը կարող է ամոթի ապրման պատճառ հանդիսանալ։

Ալ հույզերի հետ փոխազդեցությունը կարող է դրսևորվել նրանում, որ ամոթի ապրումն այս կամ այն ձևով պաշտպանում է մարդուն այլ հույզերի ապրումից, իսկ դրանք իրենց հերթին մարդուն օգնում են նախազգուշանալ ամոթից կամ հակադրվել դրան։

Նախորդ գլուխներում արդեն քննարկել ենք, թե ինչպես է ամոթի զգացումը փոխազդում հետաքրքրության, ուրախության,տխրության, զայրույթի և վախի հույզերի հետ։ Տոմկինսի կարծիքով, ամոթը և արհամարհանքը գրեթե միշտ շարժվում են ձեռք ձեռքի տված։ Մարդուն ուղղված արհամարհանքը ամոթի ապրման գլխավոր պատճառն է։ Արհամարհանքն ինքն իրեն օգնում է հաղթահարել ամոթ առաջացնող «Ես»-ի աս-պեկտները և այդպիսով օգնում է անհատին հակադրվել ամոթին։ Սակայն, եթե ամոթալի գիծը նշանակալի դեր ունի «Ես»-ի կառուցվածքում, եթե դրա կորուստը ամբողջական «Ես»-ի կորստի պատճառ կարող է դառնալ, ապա այդ դեպքում, Տոմկինսի կարծիքով, անհատին ուղղված արհամարհանքը միայն սրում է ամոթի զգացումը։

Ամոթ և դեպրեսիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Այժմ անդրադառնանք այն փոխազդեցությանը և կապին, որն առկա է ամոթի և դեպրեսիայի միջև։ Վերջիններիս միջև առկա կապը տեսանելի է նույնիսկ անզեն աչքով։ Դեպրեսիան իր մեջ ներառում է տխրության զգացումը, որը հանդես է գալիս գլխավորող հույզի դերում, ագրեսիան,որն ուղղված է ինքն իրեն, ամոթի և վախի զգացումը։ Գիտական հետազոտությունների արդյունքները փաստում են, որ ամոթի ապրումը կարող է առաջ գալ զայրույթի արդյունքում։ Երբեմն զայրույթը կարող ենք ուղղել ինքներս մեզ, քանի որ մենք բարկանում ենք մեր «հիմարության», «անմտության», «նվիրվածության», «անփութության» և այլնի համար։

Դեպրեսիան լուրջ խնդիր է ներկայացնում այն դեպքում, երբ անհաջողությունների և տխրության արդյունքում առաջացած ամոթը և արհամարհանքը, սեփական անձին ուղղված զայրույթը վերջնականապես բերում են մեզ այն համոզման, որ մենք բոլորովին չկայացած և անօգնական ենք։

Բեկի հետազոտությունները ցույց են տալիս, որ դեպրեսիայի ընթացքում մարդը հակված է բացասաբար գնահատել թե՛ իրեն, թե՛ շրջապատող աշխարհին ու մարդկանց։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Изард К. Э. Психология эмоций. – Издательский дом" Питер", 1999.