Ուշադրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ուշադրությունն արթունության ակտիվ վիճակն է, որը բնութագրվում է օրգանիզմի պատրաստակամությամբ պատասխանելու ազդակին և արտահայտվում է հոգեկան գործունեություն ուղղվածությամբ որոշակի օբյեկտի նկատմամբ։ Ուշադրության առաջացման հիմքում ընկած է նյարդային գործընթացների ակտիվացումը, որոնք նպաստում են արթմնի մի վիճակից անցնելու ավելի բարձր վիճակի։

Ֆիզիոլոգիական տեսանկյունից ուշադրության հիմքում ընկած է կողմնորոշային ռեֆլեքսը։ Ուշադրության դրսևորումը համարվում է հետազոտական վարքի, օրգանիզմի հարմարողական ճանաչողական գործունեության սկիզբը, անհրաժեշտ տեղեկատվության ընտրությունը։

Տեսակներ[խմբագրել]

Տարբերում են ոչ կամային և կամային ուշադրություն։

Ոչ կամային ուշադրությունը բնածին գործընթաց է, իրականանում է օրգանիզմի վրա որոշակի ուժի գրգռիչի ազդեցության ժամանակ և մարդուց հատուկ ջանքեր չի պահանջում։ Ոչ կամային ուշադրության մեխանիզմները մարդու և կենդանիների մոտ ընդհանուր են, դրանց հիմքը կազմում է կողմնորոշիչ ռեֆլեքսը։

Հասարակական գործունեության ընթացքում մարդը կարողանում է կառավարել իր ուշադրությունը։ Ուստի մարդու կամքին ենթարկվող ուշադրությունը կոչվում է կամային։ Կամային ուշադրությունը իրականացնում են կեղևի ճակատային բլթերը։ Այն արտահայտվում է այն բանում, որ սուբյեկտը կարող է կամային կերպով կենտրոնացնել իր ուշադրությունը մեկ, ապա մեկ այլ օբյեկտի վրա։ Կամային ուշադրության մեխանիզմները սոցիալական են իրենց ծագմամբ և միջնորդավորված են ներքին խոսքային գործընթացներով։

Հատկություններ[խմբագրել]

Ծավալ[խմբագրել]

Ազդակների և զուգորդությունների այն քանակն է, որը միաժամանակ պահպանվում է պարզ գիտակցության սահմաններում։ Այդ ծավալը հավասար է կարճատև հիշողության ծավալին և կազմում է 7±2 միավոր տեղեկություն։

Կենտրոնացվածություն[խմբագրել]

Բնութագրվում է գործունեության օբյեկտի վրա դրա կենտրոնացվածության ինտենսիվությամբ։ Ուշադրության չափազանց կենտրոնացումը (հիպերպրոզեկսիա) արտահայտվում է ցրվածությամբ, ինչ-որ բանով չափազանց տարվածությամբ, երբ չեն նկատվում այլ ազդակներ, ինչպես արտաքին, այնպես էլ ներքին։

Բաշխվածություն[խմբագրել]

Սերտ կապված է դրա ծավալի հետ, սակայն այս դեպքում խոսքը գնում է ոչ թե մեկ, այլ երկու և ավելի օբյեկտների վրա ուշադրության կենտրոնացվածության մասին։

Կայունություն[խմբագրել]

Տևականությունն է, որի ընթացքում ուշադրության կողմից առանձնացված գործընթացները պահպանում են դոմինանտ բնույթը։

Տեղափոխելիություն[խմբագրել]

Մի դիրքորոշումներից արագ անջատվելու և նորերին՝ փոփոխված պայմաններին համապատասխանողներին միանալու կարողությունն է։

Ուշադրության ուղղությունը, ծավալը և կայունությունը ապահովող արտաքին գործոնների խմբին են պատկանում գրգռչի հաճախականությունը, դրա նորույթի աստիճանը և համակարգվածության աստիճանը։ Ներքին գործոնների թվին են դասվում այն ազդեցությունը, որը սուբյեկտի պահանջմունքները, հետաքրքրությունները և դիրքորոշումները թողնում են նրա ընկալման և գործունեության վրա։

Խանգարումներ[խմբագրել]

Հանդիսանում են ախտաբանական վիճակի կարևորագույն ախտանիշներից մեկը, և դրա ուսումնասիրումը կարող է կարևոր դեր խաղալ ուղեղային վնասվածքների ուսումնասիրման մեջ։ Ուղեղի խորքային բաժինների նշանակալի վնասվածքի դեպքում կարող են դիտվել կողմնորոշիչ ռեֆլեքսի, ինչպես նաև դրա ինտենսիվության մարման երևույթներ։ Կլինիկայում դա դրսևորվում է այն բանում, որ հիվանդները դրսևորում են թուլության, ոչ սպոնտանության նշաններ, ընդհանրապես ռեակցիա չեն տալիս շրջապատում տեղի ունեցողին կամ դրսևորում են բարձր գրգռողականության և ցանկացած գրգռիչների վրա շեղման նշաններ։ Ուշադրության բարձրագույն ձևերի խանգարման առավել բնորոշ օրինակ են ցուցադրում ուղեղի ճակատային բաժինների վնասվածքով հիվանդները։ Այս հիվանդների մոտ կողմնորոշիչ ռեակցիայի բացակայություն հաճախ չի նկատվում, սակայն բառային հանձնարարականով որևէ հանձնարարության կատարման վրա կենտրոնանցնել նրանց ուղղակի անհնար է, խորապես խախտված է կողմնորոշիչ ռեակցիայի խոսքային կառավարումը։

Ծավալի նեղացում[խմբագրել]

Արտահայտվում է կամածին նպատակաուղղված գործունեության շրջանակներում բավական մեծ թվով պատկերացումներ պահպանելու և դրանցով ազատ գործողություններ կատարելու անկարողություն։ Որևէ աշխատանքի իրականացման դեպքում վերանում են դրան ներկայացվող այս կամ այն պահանջները, հաշվի են առնվում միայն դրանիցից մի քանիսը և անտեսվում են մնացած հանգամանքները։

Հիվանդները դառնում են ցրված, մոռացկոտ։ Իրենց իսկ խոսքերով, արժե միայն շեղվել զրույցից, իսկույն մոռանում են այն միտքը, որն ուզում էին արտահայտել։ Հարևան սենյակ պետքական առարկայի հետևից գնալով՝ ճանապարհին շեղվում և մոռանում են, թե ինչի հետևից են գնացել։ Հաշվելուց, հատկապես մտքում, սկսում են սխալվել, եթե թվերի և օպերացիաների քանակը անցնում է, այն ծավալից, որը նրանք կարող են պահել ակտիվ ուշադրության սահմաններում։

Ուշադրության ծավալի նեղացումը բնորոշ է տարբեր, հաճախ օրգանական ծագման, աստենիկ վիճակներին։

Խորության նվազում (մակերեսայնություն)[խմբագրել]

Բնութագրվում է պասիվ ուշադրության գերակայությամբ ակտիվի հանդեպ։ Կլինիկայում դա արտահայտվում է բարձր ցրվածությամբ, դիտողունակության թուլացմամբ, ուշադրության մակերեսայնությամբ և անկայունությամբ։ Հիվանդը ի վիճակի չի լինում կենտրոնացնել ուշադրությունը որևէ մեկ բանի վրա, երկար կենտրոնանալ ինչ-որ գործի վրա, սկսածը չեն վերջացնում, շեղվում են։ Նրանց համար դժվար է միտքը զարգացնել, տրամաբանական ավարտի հասցնել, մնալ խոսակցության թեմայի սահմաններում։ Հարցերը լսում են անուշադիր, պատասխանները տրվում են «իմիջիայլով», լավ չեն մտածում դրանց վրա, հիվանդները անընդհատ շեղվում են այլ բաներով, հիշողություններով, դատողություններով։ Ուշադրության շեղվածության ծանր մակարդակը՝ հիպերմետամորֆոզը, դրսևորվում է ակտիվ կենտրոնացման կարողության բացարձակ կորստով։ Ուշադրությունը տարածվում է պատահական արտաքին գրգռիչների վրա և, կանգ չառնելով մեկ օբյեկտի վրա, այդժամ անցում է կատարում տեսադաշտում հայտնված մեկ այլ օբյեկտի։

Երեխաներին, ում ընդհանարպես բնորոշ է պասիվ ուշադրության գերակայությունը ակտիվի նկատմամբ, հազվադեպ չեն հանդիպում վիճակներ, որոնց ժամանակ նրանք կարող են իրենց հետաքրքրող գործունեությամբ զբաղվել, սակայն ունակ չեն կատարել գործ, որը կամային ջանք է պահանջում։

Բարձր հյուծվողականություն[խմբագրել]

Չափազանց շուտ սպառվելը արտահայտվում է որոշակի երևույթի կամ գործունեության վրա ուշադրության երկարատև կենտրոնացման կարողության անկման ձևով՝ հիվանդներին բնորոշ արագ հյուծվելու պատճառով։ Ոչ երկարատև, բայց բարձր տեմպով աշխատանքից հետո առաջանում է հոգնածության զգացում, բարձր ցրվածություն, կորցնում է հետաքրքրությունը գործունեության նկատմամբ, առաջանում է հանգստի կամ գործունեությունը փոխելու պահանջ, քնկոտություն, անհանգստություն։

Դժվարաշարժություն[խմբագրել]

Արտահայտվում է ուշադրությունը մի երևույթից կամ գործունեությունից մյուսին արագ և հաճախ տեղփոխելու անընդունակության ձևով, դիրքորոշումների իներտությամբ, կպչունությամբ, զրույցի ժամանակ որոշակի թեմայի վրա կենտրոնալալով, նպատակային ուղությունների փոփոխման դժվարություններով։

Ուշադրության ուղղվածության խանգարում[խմբագրել]

Ուշադրությունը գամված է երևույթներին, որոնք հիվանդից կոծկում են կյանքի այլ կարևոր կողմերը։ Պաթոլոգիական ռեֆլեքսիայի ժամանակ ուշադրությունը տարված է ինքնավերլուծությամբ, սեփական արարքների, մտքերի, մարդկանց հետ հարաբերությունների մասին անընդահտ մտորումներով։ Հաճախ այս հիվանդները օրագրեր են վարում, որոնցում մանրակրկիտ կերպով նկարագրվում են ապրումները, մտքերը կյանքի իմաստի մասին, արտացոլվում է ինքն իրեն հասկանալու ձգտումը։ Ռեֆլեքսիան դառնում է ինքնանպատակ և ներքին կյանքի հիմնական բովանդակությունը, մնացած ամեն ինչը արտամղվում է երկրորդ պլան։

Ուշադրության հիպոխոնդրիկական ֆիքսացիայի ժամանակ այն ամբողջովին կլանված է ինքնազգացողությամբ, հիվանդագին զգայություններով, առողջության խնդիրներով։ Դեպրեսիվ հիվանդների ուշադրությունը սովորաբար կենտրոնացած է կյանքի տխուր կողմերի վրա՝ անցյալի և ներկայի մռայլ իրադրությունների և դիպվածների։ Հաճախ ուշադրությունը մեծամասամբ ուղղված է դեպի անցյալը, կպչուն ապրումները, ցնորքները, զառանցանքները։ Նշված խանգարումները ուղկեցվում են ուշադրության բարձրագույն, կամային տեսակների բացակայութմաբ։

Շիզոֆրենիայով հիվանդների ուշադրության առանձնահատկությունը կայանում է այն բանում, որ այն հաճախ ցրվում է մանրուքների վրա։ Բժշկի հետ խոսակցության ընթացքում հիվանդը կարող է անփութորեն պատասխանել հարցերին, դրանք անուշադրության մատնելով, ոչ մի հետաքրքրություն չդրսևորել իր ճակատագրի հանդեպ։ Նա առավելապես զբաղված է այն բանով, որ ուսումնասիրում է պատի վրայի լաքաները, հագուստից պոկում և ոլորում է թելերը, մաքրում է եղունգները, պտտում է կոճակները, ինչ-որ բան նկարում։ Վ.Ա. Գիլյարովը նշում է, որ ակտիվ ուշադրության թուլացման հետ մեկտեղ շիզոֆրենիայով հիվանդների մոտ կարող է երկար պահպանվել բավական բարձր մակարդակի վրա պասիվ ուշադրությունը։ Հիվանդները ներկաների վրա ոչ մի ուշադրություն չեն դարձնում, կողմնորոշիչ ռեակցիաներ չեն դրսևորում և ընդհանրապես կարծես ռեակցիա չեն տալիս շրջապատում կատարվածին։ Սակայն պարզվում է, որ տեղի ունեցած ցանկացած բան նրանց ուշադրությունից չի վրիպել, նույնիսկ՝ որոշ նուրբ, աննկատ դետալներ։ Բրոենի և Սթորմսի հիպոթեզի համաձայն շիզոֆրենիայի ժամանակ միտում կա ռեակցիա տալ ոչ դոմինանտ ազդակներին։ Շաչովի կարծիքով «շեղվող ուշադրությունը» շիզոֆրենիայով հիվանդների մոտ հանդես է գալիս որպես հիմնական կոգնիտիվ խանգարում։

Պարապրոզեկսիա[խմբագրել]

Ուշադրության յուրահատուկ խանգարում, որը բնութագրվում է այն բանով, որ լարված սպասումը արգելակում է համապատասխան օբյեկտի հայտնվելը նկատելու կարողությունը։

Ապրոզեկսիա[խմբագրել]

Ինչպես կամածին, այնպես էլ ոչ կամածին ուշադրության բացակայություն, տեղի ունեցողի նկատմամբ հետաքրքրության լիակատար բացակայություն, և արտաքին խրախուսման միջոցով այդ հետաքրքրությունը առաջացնելու լիակատար անհնարինություն։

Ուշադրության բաշխման կարողության թուլացում[խմբագրել]

Կապված է ուշադրության ծավալի սահմանափակման հետ։ Այցելուն ի վիճակի չի լինում միաժամանակ զբաղվել երկու կամ ավել տարբեր գործերով։ Օրինակ՝ նա չի կարողանում հաշվել մինչև 200 13-ական թվերով և բարձրաձայն անվանել ամեն երրորդ արդյունքը, հաշվել և միաժամանակ հետևել թվերի անվանմանը։

Ուշադրության խանգարումները՝ հյուծվածության, անկայունության, բարձր ցրվածության տեսքով, բնորոշ են աստենիկ վիճակներին։ Հոգեկանի օրգանական խանգարումների դեպքում հաճախ բացահայտվում է ուշադրության ծավալի նշանակալի նեղացում, դրա իներտություն, դժվարաշարժություն։ Հիպերմետամորֆոզ դիտարկվում է հոգեկան գործունեության սուր խանգարումների ժամանակ, որոնք ուղեկցվում են ցրվածությամբ, կարող է առաջանալ մանիակալ գրգռվածության ժամանակ։ Պաթոլոգիական ռեֆլեքսիան ամենից հաճախ դիտվում է շիզոֆրենիայի սկզբնական շրջանում, որը սկսվում է դեռահասության և պատանեկան տարիքում։ Հիպոխոնդրիական ֆիքսացիան հիպոխոնդրիկական համախտանիշի կարևորագույն նշաններից մեկն է։ «Շեղվող ուշադրությունը» նկատվում է շիզոֆրենիայի ժամանակ։

Գրականություն[խմբագրել]

  1. Жмуров В.А. Психопатология, том 1. Букинистическое издание. 1994 г, 668 стр.