Ինքնագիտակցություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ինքնագիտակցություն՝ անհատի բոլոր մտքերն ու զգացմունքներն են սեփական անձի վերաբերյալ, գնահատականները՝ որոնք տրվում են սեփական անձին, երբ նա ինքը իր համար դառնում է հետազոտության օբյեկտ կամ ավելի դյուրին ասած ինքը իրեն գիտակցում է։ Անհատի ինքնագիտակցությունը բարդ երևույթ է։ Այդ պատճառով զարմանալի չէ, որ ինքնագիտակցության մասին խոսելիս յուրաքանչյուր հեղինակ ներդնում է իր հասկացումը։ Կոգնիտիվիստները դիտարկում են ինքնագիտակցությունը կոգնիտիվ սխեմաների ձևավորման տեսանկյունից, որտեղ ինքնագիտակցությունը ներկայանում է որպես կոգնիտիվ հատուկ սկզբունքների հիման վրա ձևավորված բարդ համակարգ։ Դերային մոտեցման կողմնակիցները դիտարկում են ինքնագիտակցությունը՝ որպես մարդու սոցիալական դերերի արտացոլումը Ես-կոնցեպցիայում։ Դիտարկվում են նաև այլ մոտեցումներ։ Ռոջերսը՝ Ես-կոնցեպցիա տերմինի հեղինակը, այն դիտարկում է որպես մեկ ամբողջական, ինտեգրալ համակարգ, որը իր մեջ է ներառում Ես-կերպարը։

Այսպես Ես-կոնցեպցիան հատուկ ձևով ձևավորված գիտելիք է սեփական անձի մասին, որը նա օգտագործում է ինչպես սեփական կյանքի իրավիճակները հասկանալու ու բացատրելու, այնպես էլ արտաքին սոցիալական աշխարհը հասկանալու համար։

Մակարդակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոգեբան-կոգնիտիվիստները Ես-կոնցեպացիան դիտարկում են որպես անձի կոգնիտիվ սխեմա։ Սովորաբար այն բնորոշում են որպես սեփական անձի մասին ընդհանրացված կոգնիտիվ պատկերացում՝ ձևավորված կյանքի փորձի հիման վրա։ Քանի որ յուրաքանչյուրի կյանքի փորձը ունիկալ է, հետևաբար, Ես-կոնցեպցիան յուրաքանչյուրի մոտ ունիկալ է։ Բայց Ես-կոնցեպցիայի ինքնատիպությունը պայմանավորված չէ միայն կյանքի փորձով։ Դրանք կարող են տարբերվել նաև բարդության ու տարբերակվածության աստիճանով։

ֆիզիկական ես[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամենապրիմիտիվ Ես-կոնցեպցիան ձևավորվում է միայն մեկ մակարդակով-ֆիզիկական Ես։ Ես-կերպարը կամ ֆիզիկական Ես-ը կարող է ներկայացված լինել քո հմայիչ/ոչ հմայիչ, գեղեցիկ/տգեղ, ուժեղ/թույլ, բարձրահասակ/ցածրահասակ, գեր/նիհար լինելու պատկերացման գիտակցմամբ։ Բացի այդ, մարդը հաճախ գիտակցում է, ընդ որում, շատ հիվանդագին իր կոնստիտուցիոնալ բնորոշումների համապատասխանությունը կամ անհամապատասխանությունը գոյություն ունեցող չափանիշներին։ Յուրաքանչյուր անհամապատասխանություն չափանիշին, որպես կանոն բարձրացնում է մարդու մտահոգությունը այդ փաստով։ Հեղինակները նշում են, որ երեխաները, ում հասակը բարձր կամ ցածր է միջինից ավելի հաճախ են նշում դրա մասին ինքնանկարագրություններում։ Բայց կենտրոնացումը սեփական «յուրահատկությունների» վրա բնորոշ է ոչ միայն երեխաներին։ Եթե մարդու մոտ անկայուն կամ ցածր ինքնագնահատական է, անվստահություն իր հանդեպ, բարձր տագնապ, ապա ֆիզիկական «չափանիշներից շեղումները», որոնք մտել են նրա Ես-կերպար, կարող են առաջացնել հիվանդագին ապրումներ։ Կարող է լինել նաև հակառակը, այսինքն տագնապայինություն, ցածր ինքնագնահատական և այլն կարող են լինել սեփական Ես-կերպարի «չափանիշներից շեղվելու» գիտակցման արդյունք։ Սա կատարվում է այն ժամանակ, երբ ֆիզիկական Ես-ին տրվում է չափազանց մեծ նշանակություն։ Անբավարարվածությունը սեփական ֆիզիկական Ես-ի հետ կապված ձևավորվում է նախ շրջապատի գնահատականների հետ։ Մարդիկ, որոնց մոտ Ֆիզիկական Ես-ը կամ Ես-կոնցեպցիան խաղում է կարևոր դեր, միշտ ունեն իրենց իսկ կատարյալ կերպարը՝ ինչպիսին կցանկանային լինել կամ ում կցանկանային նմանվել։

Ֆիզիկական՝ Ես-Անձի հնարավոր սխեմաներից միայն մեկը։ Բացի դրանից Ես-կոնցեցիայի մեջ կարող են մտնել ինքնագիտակցության այլ մակարդակներ։

Սոց-հոգեբանական Ես[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս մակարդակը արտացոլում է մարդու սոցիալական հատկանիշներն ու հոգեբանական առանձնահատկությունները-հաջողակ/անհաջողակ, աշխատասեր/ծույլ և այլն։

Կոգնիտիվ-հոգեկան Ես[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտացոլում է մարդու հոգեկան որակները՝ ընդունակ/անընդունակ, ուշադիր/ցրված, հանգիստ/բռնկվող և այլն։

Ավելի բարդ սխեման իր մեջ նաև կարող է պարունակել ինքնագիտակցության այլ մակարդակներ ևս՝ բարոյա-էթիկական և ստեղծագործական։ Առաջինը արտացոլում է սեփական արարքների գիտակցումը՝ արդարության/անարդարության, ազնվության/անազնվության տեսանկյունից։ Եվ վերջապես, ստեղծագործական՝ սեփական հոգեկան ու ստեղծագործական պոտենցիալի գիտացումը՝ տաղանդ, ստեղծագործականություն։

Կենտրոնական ասպեկտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինքնագիտակցության այս կամ այն մակարդակի նշանակությունը տարբեր Ես-կոնցեպցիաների համար տարբեր է։ Մեկի մոտ կենտրոնական դեր կարող է գրավել ֆիզիկական Ես-ը, մյուսի մոտ՝ այլ մակարդակը և այսպես շարունակ։ Այն, թե ինչպես ենք գիտակցում ինքներս մեզ, ազդում է ոչ միայն սեփական անձի, այլ նաև շրջապատողների հանդեպ ունեցած վերաբերմունքի վրա ևս։ Այսպես, եթե կենտրոնական է ֆիզիկական Ես-ը, տվյալ մարդը իր շրջապատում բոլորին կսկսի վերաբերվել ֆիզիկական գնահատման տեսանկյունից։

Ես-կոնցեպցիան կայուն, իներտ կառույց։ Այնուամենայնիվ, թեև դժվարությամբ, բայց այն ենթարկվում է փոփոխությունների։

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Семечкин Н.И. Социальная психология на рубеже веков: истории, теория,исследования