Ֆենոմեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ֆենոմեն (հուն․՝ φαινόμενον - երևացող), իրողություն, եղելություն (որը դիտված է կամ կարելի է դիտել՝ դիտումներով հաստատել), մասնավորապես՝ արտասովոր, արտակարգ իրողություն, ինչպես նաև որևէ բանի արտահայտություն՝ արտաքին դրսևորում։

Այս իմաստներով նախապատվությունը պետք է տալ «երևույթ» բառին, բայց գործածական է «ֆենոմենոլոգիական» տերմինը «արտաքին դրսևորմանը վերաբերող», «նկարագրական» իմաստով, օրինակ՝ «ֆենոմենոլոգիական թերմոդինամիկա»։

Փիլիսոփայության մեջ ֆենոմեն տերմինն օգտագործվում է հայեցողության առարկա հանդիսացող երևույթը նշանակելու համար․

  1. Իդեալիստական որոշ ուսմունքներում և դրանց նկարագրության ժամանակ ֆենոմենն անվանում են զգայական հայեցողության առարկա հանդիսացող (զգայական փորձի մեջ տրված) երևույթը՝ ի տարբերություն ինտելիգիբիլ (լատին․՝ intelligibilis - մտահասանելի) էության՝ նոումենի։ Ըստ որում ֆենոմենը կարող է ըմբռնվել որպես այդ վերացական էության դրսևորում, այսինքն՝ որպես բուն իմաստով երևույթ, բայց այնպես, ինչպես այն տրված է զգայական հայեցողությանը (նեոպլատոնականություն, Լայբնից, Կանտ և այլն), և կարող է մեկնաբանվել նաև որպես միակ, ինքնաբավ իրողություն։
  2. Փիլիսոփայության և հոգեբանական որոշ ուսմունքներում ֆենոմեն անվանում են մտային (ինտելեկաուալ) հայեցողության առարկաները, որոնք կազմում են գիտակցության այս կամ այն գործողության (ընկալման, մտածողության, հիշողության, երևակայության և այլն) բովանդակությունը («գիտակցության երևույթներ», «գիտակցության փաստեր»)։

Ֆենոմենի այս նշանակությունից են ելնում ֆենոմենոլոգիայի տարբերակները՝ ընկալման ֆենոմենոլոգիա, ոգու ֆենոմենոլոգիա և այլն։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Михайлов К. А. Феномен // Новая философская энциклопедия / Ин-т философии РАН; Нац. обществ.-науч. фонд; Предс. научно-ред. совета В. С. Стёпин. — 2-е изд., испр. и допол. — М.։ Мысль, 2010. — ISBN 978-5-244-01115-9
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։