Թախիծ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վշտահար ընտանիք (ուղարկավորություն Սարաևոյի՝ 1992 թվականին տեղի ունեցած պաշարման ժամանակ):

Թախիծ, ինտենսիվ հուզական վիճակ՝ կապված ինչ-որ մեկի (կամ ինչ-որ բանի) կորստի հետ, որի (կամ ինչի) հետ մարդը խորը հուզական կապ է ունեցել: Այս եզրույթը չի օգտագործվում որպես դեպրեսիայի հոմանիշ[1]: Այլ կերպ ասած՝ սա հիմնական հույզերից մեկն է[2], որը կապված է նշանակալի օբյեկտի, նույնականության մի մասի կամ սպասվող ապագայի օբյեկտիվ կամ սուբյեկտիվ կորստի զգացողության հետ: Թախիծ հասկացության տակ ընկալվում է նաև ուժեղ, խորը վիշտ, տխրություն։

Թախծի ախտանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորական թախծի ախտանիշները լինում են երկու տեսակի[3]

  1. Ֆիզիկական ախտանիշներ (շնչառական դժվարություններ, կոկորդի ջղաձգություններ, արագացած շնչառություն, սրտխփոց և այլն),
  2. հոգեկան, հոգեբանական տառապանք, որը կարող է ներառել[4]՝
    • բացասաբար երանգավորված հուզական գործընթացներ,
    • հանգուցյալի կերպարով կլանվածություն,
    • մեղքի զգացողություն,
    • թշնամական և ագրեսիվ հակազդեցություններ,
    • վարքի բնական մոդելների կորուստ, շրջապատից մեկուսացվածություն և այլն:

Նորմալ և ախտաբանական թախծի տարբերություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ախտաբանական թախիծը եզրույթ է, որն օգտագործվում է հոգեբուժության մեջ՝ որպես խանգարումների խմբի համախտանիշ[5]: Նորմալ թախիծը տարբերվում է ախտաբանականից մի շարք հատկանիշներով.

  1. ինքնազգացողության դինամիկայի առկայություն․ թախիծը ոչ թե տրամադրություն/վիճակ է, այլ գործընթաց,
  2. ուշադրության պարբերական շեղում մահվան ցավոտ իրականությունից,
  3. հարազատ մարդու մահվանից հետո առաջին 6 ամսվա ընթացքում դրական զգացմունքների առաջացում,
  4. սուր վշտից անցում ինտեգրվածի,
  5. կորուստը վերապրած սուբյեկտի ունակությունը ոչ միայն ընդունել մտերիմ մարդու մահը և բաժանվել նրանից, այլև գտնել մահացածների հետ հարաբերությունները շարունակելու նոր և կառուցողական ուղիներ, ինչպիսին է նրա մասին հիշողությունների պահպանումը[6]:

Թախծոտ մարդուն աջակցելու մոտեցումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյություն ունի երեք հիմնական մոտեցում[7].

  1. Ընկերակցություն և հոգեբանական աջակցություն (ցուցաբերվում է մտերիմ մարդկանց կողմից),
  2. հոգեբանական խորհրդատվություն (իրականացնում է որակյալ հոգեբանը),
  3. հոգեթերապիա և դեղորայքային բուժում (իրականացնում են հոգեբույժները, հոգեթերապևտները):

Հոգեվերլուծության մեջ թախծի ֆենոմեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավստրիացի հոգեբան Զիգմունդ Ֆրոյդը կարծում էր, որ թախծի հիմնական գործառույթը կորցրած օբյեկտից հոգեկան էներգիան «վերցնելն» է: Այդ ժամանակ «օբյեկտը հոգեբանորեն շարունակում է գոյություն ունենալ», իսկ դրա ավարտից հետո սեփական «եսը» ազատ է դառնում կապվածությունից և կարող է ազատված էներգիան հղել այլ օբյեկտների[8]: Այսպիսով, Ֆրոյդի տեսությունը բացատրում է, թե ինչպես է մարդը մոռանում կորցրածի մասին:

Թախծի վերապրման փուլեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստանում թախծի վերապրման թեմայով զբաղվել է հոգեբան Ֆեոդոր Վասիլյուկը: Իր «Թախծի վերապրում» գրքում նա նկարագրել է թախծի վերապրման հինգ փուլ[9]:

  1. Շոկ և անզգայացում, սա թախծի նախնական փուլն է, երբ մարդն իմանում է գույժը: Սգավորը կաշկանդվում է, լարվում։ Շնչառությունը դժվարանում է: Սովորաբար նկատվում է ախորժակի և սեռական հակման կորուստ: Մարդու գիտակցության մեջ առաջանում է տեղի ունեցածի անիրատեսական զգացողություն, հոգեկան ընդարմացում, անզգայունություն, շշմեցում: Բթացվում է արտաքին իրականության ընկալումը, ինչը հանգեցնում է հիշողության խաթարումների։ Երբեմն նկատվում են չարության պոռթկումներ: Բայց, այնուամենայնիվ, մարդը հոգեբանորեն բացակայում է ներկայում, կարծես ներկան անցնում է նրա կողքով: Դա ժխտում է այն փաստը, որ «ես (վիշտս) այստեղ եմ»: Տրավմատիկ իրադարձությունը կյանքը բաժանում է «առաջ» և «հետո» փուլերի՝ մարդուն թողնելով այն փուլում («առաջ»), որտեղ ամեն ինչ առաջվա պես էր:
  2. Որոնման փուլ, այս փուլը բնութագրվում է կորցրածը վերադարձնելու անիրատեսական ցանկությամբ և կորստի մշտական ժխտման ձգտումով: Սովորաբար մարդը դժվարությամբ է պահում ուշադրությունը արտաքին աշխարհի վրա, իրականությունը կարծես քողարկված է թափանցիկ քողով: Չնայած իրատեսական դիրքորոշմանը՝ հեղինակը շարունակ ունի հրաշքի հույս։ Մարդը փոքր-ինչ զգայուն է հակասությունների նկատմամբ, դա նրան թույլ է տալիս ապրել միմյանց գործերին չխառնվող երկու օրենքներով՝ արտաքին իրողության նկատմամբ իրականության սկզբունքով, իսկ կորստի նկատմամբ՝ «բավականության» սկզբունքով։
  3. Սուր թախծի փուլ, սա հուսահատության, տառապանքի, կազմալուծման և ռեակտիվ դեպրեսիայի ժամանակաշրջան է: Սկզբնական շրջանում պահպանվում են և կարող են ուժեղանալ տարբեր մարմնական ռեակցիաներ՝ դժվար շնչառություն, կենսանվազություն (ասթենիա), ստամոքսի դատարկության զգացում, կրծքավանդակի ճնշվածություն, կոկորդի ծանրություն, հոտերի նկատմամբ զգայունության բարձրացում և այլն: Սա ամենից ծանր տառապանքների, սուր հոգեկան ցավի ժամանակաշրջանն է։ Կարող են ի հայտ գալ տարօրինակ և վախեցնող զգացմունքներ և մտքեր: Մարդու ներսում առաջանում է դատարկության և անմտության զգացում, հուսահատություն, լքվածության և միայնության զգացում, բարկություն, մեղքի զգացում, վախ, տագնապ և անօգնականություն։ Փոխվում է ուրիշների նկատմամբ վերաբերմունքը: Կարող է նկատվել ջերմության կորուստ, դյուրագրգռություն, մեկուսանալու ցանկություն: Ամենօրյա գործունեությունը փոխվում է. դժվար է լինում կենտրոնանալ, դժվար է գործն ավարտին հասցնել, իսկ բարդ կազմակերպված գործունեությունը կարող է ժամանակ առ ժամանակ մատչելի չլինել։ Հենց այս փուլում է կատարվում տխրության աշխատանքի գլխավոր գաղտնիքը, և միայն դա իմանալով է հնարավոր գտնել տարբեր դրսևորումների՝ ինչպես նորմալ, այնպես էլ ախտաբանական վշտի արտասովոր գունեղ պատկերը բացատրելու բանալին:
  4. «Վերապրուկային հարվածների և վերակազմակերպման» փուլ, այս փուլում կյանքը մտնում է իր սովորական հունի մեջ, վերականգնվում է քունը, ախորժակը, մասնագիտական գործունեությունը: Կորուստը դադարում է լինել կյանքի ուշադրության կենտրոնում: Թախծի վերապրումը տեղի է ունենում հաճախակի և ժամանակի ընթացքում հազվադեպ առանձին ցնցումների տեսքով: Այս վերապրուկային բռնկումները կարող են լինել նույնքան սուր, որքան նախորդ փուլում: Այս ընթացքում կորուստն աստիճանաբար մտնում է կյանքի մեջ, քանի որ մարդը ստիպված է լինում լուծել բազմաթիվ գործնական խնդիրներ, որոնք ինչ-որ կերպ միախառնվում են ապրումների հետ:
  5. «Ավարտի» փուլ, վերջին փուլը, որտեղ վշտահարը հաղթահարում է ավարտը դժվարացնող մշակութային որոշ արգելքներ։ Թախծի իմաստն ու խնդիրն այն է, որ կորցրածի (կորուստի) կերպարն զբաղեցնի իր մշտական տեղը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Оксфордский толковый словарь по психологии/Под ред. А.Ребера,2002 г.
  2. Lemeignan M., Guitart P.L., Bloch P. Autonomic differentiation of sex basic emotions // Int. J. of Psychophisiol. — 1991. — № 11. — С. 52—53.
  3. Линдеманн Э. Клиника острого горя. // Психология эмоций. / Под ред. В.К.Вилюнаса, Ю.Б.Гиппенрейтер.. — Москва: Изд-во Моск. ун-та,, 1984.
  4. Малкина-Пых И. Г. Психологическая помощь близким. — Эксмо, 2009.
  5. «МКБ 10» 
  6. Shear M.K., Mulhare E. Complicated grief. — Psychiatric Annals.. — Vol.38, №10, 2008. — С. Р. 662–670..
  7. Уманский С.В.։ «Тяжёлая утрата и горе. Психологические и клинические аспекты» 
  8. Зигмунд Фрейд Печаль и меланхолия / В.К.Вилюнаса, Ю.Б.Гиппенрейтер.. — Изд-во Моск. ун-та. — 1984..
  9. Василюк Ф. Е. Пережить горе. — О человеческом в человеке: сборник / ред. И.Т. Фролов. — М.: Политиздат, 1991.