Փորձարարական հոգեբանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Փորձարարական հոգեբանություն, հոգեբանության ոլորտ, որը զբաղվում է հոգեբանական ուղղությունների ընդհանուր և սպեցիֆիկ խնդիրների էքսպերիմենտալ հետազոտությամբ։ Այլ կերպ ասած, այն գիտություն է հոգեբանական հետազոտության մեթոդների մասին։ Փորձարարական հոգեբանության առարկան հոգեբանության այն բնագավառն է, որը հիմնավորում է հոգեբանությունը, որպես գիտություն կարևորելով փորձի դերը։ Նրա նպատակն է բացահայտել էքսպերիմենտալ հետազոտության տեսական և գործնական հիմքը և այդ գիտելիքները օգտագործել հոգեբանության բոլոր բաժիններում առաջադրված խնդիրները լուծելու համար։ Պրոբլեմատիկ իրավիճակից դուրս գալու կամ առաջադրված վարկածները ապացուցելու համար օգնության է հասնում փորձարարական հոգեբանության մեթոդոլոգիական բազան։

Փորձարարական հոգեբանության դպրոցը[խմբագրել | խմբագրել կոդը]

Փորձարարական հոգեբանությունը ինքնուրույն գիտական արժեք ձեռք բերեց գերմանացի հոգեբան-ֆիզիկոս Վ. Վունդտի շնորհիվ, որը հսկայական ավանդ ներդրեց այս գիտության ստեղծման գործում՝ 1879 թվականին Լայպցիգում բացելով առաջին գիտական հոգեբանական դպրոցը։ Այստեղ ուսանելու էին գալիս տարբեր երկրներից, այդ թվում նաև Գ. Էդիլյանը(Իջևանից), որը հետագայում Հայաստանում բացեց առաջին հոգեբանական գիտական լաբորատորիան։

Փորձարարական հոգեբանության շրջանակներում առաջին հետազոտությունները և մաթեմատիկական չափումները կատարվել են հիմնականում ֆիզիոլոգների՝ Բինե, Պավլով, Բեխտերև, Սեչենով, Ֆիզիկոսների՝ Վեբեր, Ֆեխներ, Հելմհոլց, մաթեմատիկոսների՝ Վոլֆ, Գալտոն և այլոց կողմից։ Լինելով բնագետներ նրանք մեծ ազդեցություն են գործել գիտական հոգեբանության զարգացման վրա՝ ներդնելով իրենց հետազոտական փորձը։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]