Կառավարման հոգեբանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Կառավարման հոգեբանություն, հոգեբանության բաժին, որն ուսումնասիրում է կառավարման գործընթացի հոգեբանական առանձնահատկությունները։ Կառավարման հոգեբանության հիմնական խնդիրը կառավարման հոգեբանական առանձնահատկությունների վերլուծությունն է, որ նպատակ ունի բարձրացնել կառավարման գործընթացի արդյունավետությունը։ Այն ուղղված է կառավարման մշակույթի ձևավորմանն ու զարգացմանը, աշխատողի անհատական որակները հասկանալու, միջանձնային հարաբերությունների և աշխատանքային կոլեկտիվի ձևավորման օրինաչափությունների բացահայտմանը։

Կառավարման հոգեբանության ուսումնասիրության առարկան, խնդիրները[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառավարման հոգեբանության առարկան են մարդկային փոխհարաբերությունների ու փոխազդեցությունների խնդիրները՝ դիտարկելով կառավարման տեսանկյունից։ Մասնավորապես՝ կառավարման հոգեբանության ուսումնասիրման առարկա են հանդիսանում.

  • անհատը, նրա ինքնակատարելագործումն ու ինքնազարգացումն աշխատանքի գործընթացում,
  • կառավարման գործունեությունն ու դրա կազմակերպումը հոգեբանական արդյունավետության տեսանկյունից,
  • խմբային գործունեությունն աշխատանքային կոլեկտիվում և դրա կարգավորումը։

Կառավարման հոգեբանության խնդիրներն են՝

  • կառավարման գործընթացի հոգեբանական վերլուծություն,
  • բնականոն և արտակարգ պայմաններում աշխատանքային գործունեության՝ հոգեբանական կարգավորման մեխանիզմների ուսումնասիրություն,
  • լիդերության հոգեբանական առանձնահատկությունների ուսումնասիրություն,
  • կառավարման գործընթացում առաջացած կոնֆլիկտների լուծման ժամանակ և կազմակերպության հոգեբանական միջավայրի փոփոխման գործընթացներում հոգեբանական գիտելիքների օգտագործման ձևերի մշակում,
  • խմբերի փոխազդեցությունների ուսումնասիրություն,
  • մարդու մոտիվացիոն մեխանիզմների ուսումնասիրություն։

Կառավարման հոգեբանության հիմնական մեթոդները[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառավարման հոգեբանությունը՝ որպես գիտություն, օգտագործում է հեգեբանական բազմաթիվ մեթոդներ, որոնցից հիմնականներն են դիտումը և գիտափորձը։

Դիտումն իրականության արտացոլման հոգեբանական բարդ գործընթաց է։ Նրա բարդությունն այն է, որ իրականացվում է կազմակերպության գործունեության բնական պայմաններում։ Հետազոտողը պասիվ է, նա միայն գրանցում է մարդկանց վերաբերմունքը կամ կարծիքը գործընթացի, երևույթների նկատմամբ։

Գիտափորձը պատկանում է տվյալների հավաքման բարդ մեթոդների շարքին։ Հնարավորություն է տալիս ստանալ յուրահատուկ ինֆորմացիա, որն այլ մեթոդներով հնարավոր չէ։ Օրինակ՝ արտադրողականությունը բարելավելու նպատակով ընկերությունը որոշել է օգտագործել բարոյական և նյութական խթանման նոր ձևեր։ Սակայն պարզ չէ, թե արդյոք դա կհանգեցնի ցանկալի արդյունքի, թե՝ հակառակը։ Այստեղ ղեկավարներին օգնում է գիտափորձը, որի հիմնական նպատակն է վարկածի ստուգումը, որի արդյունքները պետք է ուղղակի կիրառել գործնականում կառավարչական որոշումներ կայացնելիս։

Կառավարման հոգեբանական օրենքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառավարման հոգեբանությունը՝ որպես գործնական հոգեբանության մի ճյուղ, ուսումնասիրում է նաև կառավարական գործունեությունը։ Կառավարման հոգեբանության օրենքներն արտահայտվում են միջանձնային հարաբերությունների շրջանակներում և, ինչպես յուրաքանչյուր օրենք, գործում են անկախ նրանից՝ գիտեն մարդիկ դրանց մասին, թե՝ ոչ։ Կառավարման հոգեբանության հիմնական օրենքներն են.

  • հակազդեցության անորոշության օրենք
  • փոխըմբռնման անհամապատասխանության օրենք
  • ինքնագնահատականի անհամապատասխանության օրենք
  • տեղեկատվության աղավաղման օրենք
  • ինքնապահպանման օրենք
  • կոմպենսանցիայի օրենք։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]