Կոգնիտիվ հոգեբանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կոգնիտիվ հոգեբանություն, հոգեբանության բաժին, որը ուսումնասիրում է կոգնիտիվությունը, այսինքն մարդկային հոգեբանության իմացական գործընթացները: Այս հարթակում հետազոտությունները կապված են հիշողության, ուշադրության, զգացմունքների, ինֆորմացիայի հաղորդման, տրամաբանական մտածողության, որոշումնրի կայացման ընդունակության հետ[1]: Կոգնիտիվ հոգեբանության շատ դրույթներ ընկած են ժամանակակից հոգելեզվաբանության հիմքում: Կոգնիտիվ հոգեբանության եզրակացությունները լայնորեն կիրառվում են հոգեբանության այլ բաժիններում, հատկապես սոցիալական հոգեբանության, անձի հոգեբանության, կրթության հոգեբանության շրջանակներում:

Ալան Բեդելիի և հանգուցային մոդելի հիշողության աշխատանքը

Կոգնիտիվ հոգեբանությունը զարգացման արդի փուլում մեծապես հիմնված է հաշվարկման սարքերում տեղեկատվության վերափոխման և մարդու ճանաչողական գործընթացների միջև համեմատության անցկացման վրա: Այսպես առանձնացվել են իմացական և կատարողական գործընթացների, նախ և առաջ հիշողության բազմաթիվ կառուցվածքային բաղադրիչներ: Սակայն կարևոր է հիշել, որ կոգնիտիվ հոգեբանության հիմքերը՝ (գեշտալտ-հոգեբաններ՝ Կոֆկա, Կելլեր, Վերտհայմեր ուսմունքն է), պատմամշակութային ուղղության աշխատանքները (Վիգոտսկի, Լուրիա, Պիաժե) անցկացվել են մինչև կիբեռնետիկայի ստեղծումը և բարդ տեղեկատվական հաշվարկիչ մեքենաների ի հայտ գալը:

Առավել մեշ տարածում է ստացել հոգեկանը որպես ազդանշանների կերպարանափոխության ֆիկսված հնարավորությամբ սարք ներկայացնող հայեցակարգը: Այս հայեցակարգի գլխավոր դերը հատկացված է ներքին ճանաչողական սխեմաներին և իմացական գործընթացում օրգանիզմի ակտիվությանը: Մարդու կոգնիտիվ համակարգը դիտվում է որպես համակարգ, որն ունի մուտքագրման սարք, պահպանում, տեղեկատվության մուտքագրում հաշվի առնելով նրա թողունակությունը[2]:

Որպես կոգնիտիվ հոգեբանության բազային փոխաբերություն օգտագործվում է համակարգչային փոխաբերությունը, նմանեցնելով մարդկային ուղեղի գործունեությունը համակարգչային պրոցեսորի գործունեությանը: Կոգնիտիվ հոգեբանության ներկայացուցիչներ են՝ Ջորջ Միլլեր, Հերբերտ Սայմոն, Ժերոմ Բրուներ, Ուլրիք Նեյսեր, Ալեն Նյուել, Կառլ Պրիբրամ, Ռոբերտ Սոլսո, Ջորջ Սպերլինգ, Բորիս Վելիչկովսկին և այլք[3]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1956 թվականի սեպտեմբերի 11-ին, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում հավաքվել են էլեկտրական և էլեկտրոնային մասնագետների հատուկ խումբ, ովքեր զբաղվում էին տեղեկատվական տեսությամբ: Ենթադրվում է, որ այդ հանդիպումը նշանավորվել է որպես կոգնիտիվ հեղափոխություն հոգեբանության մեջ: Ներկաների թվում էին՝ Ջորջ Միլլերը, Հերբերտ Սայմոնը, Ալեն Նյուելը, Նոամ Չոմսկին, Դեվիդ Գրին, Ջոն Սվիթսը:

1966 թվականի օգոստոսի 22-ին հրատարակվեց Ժերոմ Բրուների «Կոգնիտիվ զարգացման ուսումնասիրությունը» (անգլ.՝ «Studies in Cognitive Growth») գիրքը: Այդ գրքը գրելու համար Հարվարդի համալսարանի կոգնիտիվ հետազոտությունների կենտրոնում միավորվեցին 11 համահեղինակներ[4]:

Կոգնիտիվ հոգեբանության և նեյրոկենսաբանության կապ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյություն ունի տեսակետ, որի համաձայն կոգնիտիվ հոգեբանությունը և նեյրոկենսաբանությունը զարգանում են զուգահեռ, ակտիվորեն համագործակցում են միմյանց հետ, բայց ժամանակի ընթացքում կոգնիտիվ հոգեբանությունը ամբողջությամբ կենթարկվի նեյրոկենսաբանությանը:

Գլխուղեղի Բրոկայի և Վերնիկեի բաժինները, որոնք որոշիչ նշանակություն ունեն լեզվի աշխատանքի համար

Մի շարք գիտնականներ և փիլիսոփաներ հիմնվելով տեսական և պատմական փաստերի վրա, կասկածի են ենթարկում նման հնարավորությունը: Միևնույն ժամանակ նրանց մի մասը պաշտպանելով կոգնիտիվ հոգեբանության տեսական և գործնական առաջնությունը, պնդում են, որ նեյրոկենսաբանության ձեռքբերումները լիովին անկարևոր են հոգեկանի կոգնիտիվ մոդելների համեմատությամբ:

Կարլ Պրիբրամի ներդրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոգնիտիվ հոգեբանության գիտնականների համար մեծ հետաքրքրություն առաջացնող ուղղություններից մեկը՝ հոգեկանի գործունեության հոլոգրաֆիկ մոդելի մշակումն է: Այդ մոդելը մեծ ճանաչում ունեցավ Կարլ Պրիբրամի աշխատանքների շնորհիվ, որոնք ամերիկացի հայտնի հոգեբան և ֆիզիոլոգ Կարլ Սպենսեր Լեշլիի հետ համագործակցության արդյունքն էին: Պրիբրամը նրան օգնում էր համակարգել կենդանիների ուղեղների մասնահատման արդյունքում ստացված արդյունքները[5]: Կատարած աշխատանքի արդյունքում Պրիբրամը եզրակացրեց, որ ուղեղի լայնածավալ բաժինների հեռացումից հետո մասնահատման ենթարկված կենդանիների մոտ հիշողությունը և հմտությունները պահպանվում են: Դա նշանակում է, որ հիշողությունը և հմտությունները տեղաբաշխված են ուղեղի ողջ մակերեսով, այլ ոչ թե տեղայնացված են հատուկ բաժիններում: Պրիբրամը օգտագործեց ֆիզիկոս Դավիթ Բոմի աշխատանքները և նմանեցրեց հիշողության գործունեությունը ֆիզիկական հոլոգրամմայի հետ: Հոլոգրամմայի էությունը կայանում է նրանում, որ նյութական կրիչում պահպանվում է երկու էլեկտրամագնիսական ալիքների ինտերֆերենցիան, որոնք արձակվում են հաջորդական աղբյուրներից: Աղբյուրներից մեկը հանդիսանում է որոշակի օբյեկտների արտացոլում, իսկ այդ երկու աղբյուրների ինտերֆրետացիայի դեպքում տեղի է ունենում պատկերների ձևավորում լուսավոր և մութ օղակների տեսքով: Հոլոգրամայի լուսավորումը լազերային ճառագայթներով հանգեցնում է հոլոգրամում արձանագրված օբյեկտի ծավալային պատկերման: Հոլոգրաֆային մատրիցայի առավելությունը կայանում է նրանում, որ նրանից ցանկացած չափսի մասերի տարանջատման դեպքում, այդ մասում պահպանվում է պատկերը ամբողջությամբ, թեև քիչ հստակ: Այս տեսական դրույթներից որոշները փորձնականորեն հաստատվել են՝ Ալեքսանդր Լուրիայի, Բ. Վելիչկովսկու, Վ. Կուրչենկոյի կողմից: Չնայած Պրիբրամի առաջարկած հոլոգրաֆիկ մոդելը համընդհանուր չընդունվեց գիտական հանրության կողմից, այն քննարկվում ՝ շատ հայտնի հոգեբանների կողմից, ինչպես նաև կարևոր դեր ունի տրանսպերսոնալ հոգեբանության մեջ:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «American Psychological Association (2013). Glossary of psychological terms»։ Apa.org։ Վերցված է 2014-08-13 
  2. Петренко В. Ф. Базовые метафоры как геном (зародыш) будущей теории (на материале психологической науки) // Вопросы философии. — 2012. — № 4. — С. 87-98.
  3. Петренко В. Ф. Базовые метафоры как геном (зародыш) будущей теории (на материале психологической науки) // Вестник Московского университета. Серия 14. Психология. — 2013. — № 1. — С. 4-23.
  4. Tony Stone and Martin Davies CHAPTER 20. THEORETICAL ISSUES IN COGNITIVE PSYCHOLOGY // Cognitive Psychology / Edited by Nick Braisby and Angus Gellatly. — 2nd Revised edition. — Oxford University Press, 2012. — P. 674. — 744 p. — ISBN 978-0-19-923699-2
  5. Adrian Ashman, Robert Conway An Introduction to Cognitive Education: Theory and Applications. — Routledge, 2014. — P. 32-34. — 268 p. — ISBN 978-0-415-12839-1