Ինֆորմացիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ինֆորմացիա, տեղեկատվություն ( լատ. informatio — պարզաբանում, շարադրանք), գիտության ընդհանուր հասկացություններից, որը նշանակում է տեղեկություն, տվյալներ և այլն։ Գիտության տարբեր բնագավառներ ինֆորմացիայի ուսումնասիրությանը մոտենում են հիմնականում երեք տեսակետից՝ տեխնիկական, իմաստաբանական և պրագմատիկ։ Ինֆորմացիայի հատկություններն ամենից շատ ուսումնասիրված են տեխնիկական տեսակետից, որտեղ հիմնական դերը խաղում են նրա քանակական հատկությունները։ Այս դեպքում ուսումնասիրվում են ինֆորմացիայի ներկայացման տարբեր մեթոդները, դրանց պահպանման, հաղորդման և մշակման հետ կապված հարցերը։ Ինֆորմացիայի հատկությունները իմաստաբանական տեսակետից ուսումնասիրելիս հետաքրքրական է ինֆորմացիայի իմաստը կոդավորման միջոցով հնարավոր չափով ճշգրիտ արտահայտելու հարցը, իսկ պրագմատիկ տեսակետից՝ ինֆորմացիայի օգտակարության և արդյունավետության հարցը։ «Ինֆորմացիա» և «էնտրոպիա» հասկացությունների համադրումը թույլ է տալիս ինֆորմացիան մեկնաբանել որպես բացասական էնտրոպիա (նեգէնտրոպիա)։ Հետազոտելով էնտրոպիայի հասկացության ընդհանրության հարցը ինֆորմացիայի տեսությունում և թերմոդինամիկայում՝ կարելի է ինֆորմացիան ներկայացնել որպես որևէ համակարգի կարգավորվածության աստիճան։ «Ինֆորմացիա» հասկացության մեթեմատիկականացումը և լայն կիրառումը թույլ է տալիս այդ հասկացությանը տալ համագիտական նշանակություն։ Տարածում է գտնում նաև ինֆորմացիայի հասկացությանը փիլիսոփայական կատեգորիայի նշանակություն տալու թեզը, ըստ որի ինֆորմացիան մատերիայի ամենաընդհանուր հատկությունն է և կապվում է արտացոլման հասկացությանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 371 CC-BY-SA-icon-80x15.png