Տնտեսագիտական հոգեբանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Տնտեսագիտական հոգեբանության առարկան են հանդիսանում մարդու տնտեսագիտական գործունեության հոգեբանական օրինաչափությունները՝ կապված ապրանքների և ծառայությունների արտադրության, բաշխման, փոխանակության և սպառման հետ։ Տնտեսագիտական հոգեբանությունը ուսումնասիրում է տնտեսական գործոնների և հոգեբանական երևույթների փոխազդեցության օրինաչափությունները տնտեսական գործունեության կարգավորման գործում[1]։ Իր կարգավիճակով տնտեսագիտական հոգեբանությունը միջառարկայական գիտական դիսցիպլին է, որն ինքն իրենով միավորում է հոգեբանության և տնտեսագիտության մեջ կուտակված տեսական դրույթները, մեթոդներն ու հետազոտությունների արդյունքները։ Տնտեսագիտական հոգեբանության յուրահատկությունը դրսևորվում է նրանում, որ այն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում սուբյեկտիվ, հոգեբանական, անձի կողմից գիտակցվող կամ չգիտակցվող երևույթներին՝ կապված մարդու կողմից տնտեսական ոլորտում ծավալած կենսագործունեության և տնտեսական վարքի կարգավորման ու արտացոլման գործընթացի հետ[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տնտեսագիտական հոգեբանության պատմությունը կարելի է ներկայացնել որպես երկու գիտությունների ներկայացուցիչների հանդիպակաց շարժում՝ դրդված ավելի շատ կիրառական ոլորտում ծագած տարատեսակ խնդիրներից և տնտեսագիտական տեսական մտքի զարգացումից բխող։ Դա հասկանալի իրողություն է, քանզի տնտեսական գործունեությունը, տնտեսագիտությունը հանդիսանալով մարդու սոցիալական գործունեության բնագավառ, իր առջև ծառացած խնդիրների լուծման և հաղթահարման համար ստիպված էր դիմել հասարակական և բնագիտական այլ գիտությունների ձեռքբերումներին։ Տնտեսագիտության զարգացումն ընթանում էր զուգահեռ տնտեսական մարդու, որպես տնտեսվարության սուբյեկտի մասին պատկերացումների զարգացմանը։ Դասական քաղաքատնտեսության հիմնադիր Ադամ Սմիթը (1723-1790) հիմք դրեց տնտեսական մարդու, որպես էգոիստ, ռացիոնալ և փոխանակմանը միտված անհատի պատկերացումներին։ Ջ.Բենթամը (1748-1832) ձևակերպեց հաճույքի և տանջանքի փոխհարաբերակցության սկզբունքը, որպես մարդկային վարքագծի հիմնական օրենք։ Կ.Մարքսը (1818-1883) զարգացրեց մարդկային կենսագործունեության պայմանների, ինչպես նաև հենց մարդու ձևավորման գործում հասարակական արտադրության առաջատար դերի մասին գաղափարը։

Տնտեսագիտական հոգեբանության կայացման կարևոր շրջան հանդիսացավ սահմանային օգտակարության բացահայտումը և մարժինալիստական (marginal(ֆրանս.)-սահմանային) կամ սուբյեկտիվ-հոգեբանական տեսության մշակումը տնտեսագիտության մեջ։ Անգլիացի ՈՒ.Ս.Ջևոնսը (1835-1882) ձևակերպեց նվազող սահմանային օգտակարության օրենքը, համաձայն որի օգտագործվող բարիքի սուբյեկտիվորեն գնահատվող արժեքը որոշվում է վերջինիս օգտավետությամբ, օգտակարությամբ, որն էլ իր հերթին, որոշվում է տվյալ տեսակի ապրանքի վերջին միավորից ստացվող բավարարվածության մակարդակի բարձրացման և սպառողի մոտ այդ իսկ տեսակի բարիքի ընդհանուր պաշարի քանակի ավելացման հարաբերակցությամբ։ Տվյալ տիպի պահանջմունքի բավարարման և համապատասխան ապրանքի առաջարկի մեծացման հետ մեկտեղ օգտակարությունը նվազում է։ Ֆրանսիացի գիտնական Լ.Վալրասը (1834-1910), զարգացնելով սահմանային օգտակարության տեսությունը, ձևակերպեց այն դրույթը, որ սահմանային օգտակարությունը օգտագործվող բարիքների քանակի նվազման ֆունկցիան է։ Այդ իսկ պատճառով ապրանքի գինը, որը որոշվում է վերջինիս սահմանային օգտակարությամբ, կախված է առաջին հերթին տվյալ ապրանքի հազվագյուտ կամ տարածված լինելուց, այլ ոչ թե դրա արտադրության ծախքից։ Հոգեբանական գիտության մեջ տնտեսագիտական հոգեբանության առաջին հետազոտողներից մեկը ֆրանսիացի սոցիալական հոգեբան Գաբրիել Թարդն Է, որի տնտեսագիտական հոգեբանությանը վերաբերող առաջին աշխատությունը լույս է տեսել 1902 թ.-ին։ Թարդի բնորոշմամբ, տնտեսագիտական հոգեբանությունը գործ ունի տնտեսագիտության հոգեբանական հիմքերի հետ, կամ այլ կերպ ասած՝ այն հոգեբանական դրույթների հետ, որոնց վրա հիմնվում է տնտեսագիտության տեսությունը։ Թարդը առաջիններից մեկն էր, որ ուշադրություն դարձրեց տնտեսական վարքի կարգավորման սոցիալ-հոգեբանական գործոնների (էթնոմշակութային յուրահատկություններ, ավանդույթներ, սոցմիկրոմիջավայր և այլն) վրա։ Գերմանացի հոգեբան Գ.Մյունստերբերգը (1863-1916) զբաղվում էր աշխատանքի և գովազդի հոգեբանական էմպիրիկ հետազոտություններով։ Տվյալ ոլորտում վերջինիս հայտնի մենագրությունն է "Հոգեբանությունը և տնտեսական կյանքը" (1912)։ ԱՄՆ-ում տնտեսագիտական հոգեբանության հիմնադիրըէ Ջորջ Կատոնն է, որն առաջինը սկսեց կանոնավոր կերպով կիրառել հոգեբանության տեսությունը և մեթոդները տնտեսական, տնտեսագիտական խնդիրների ուսումնասիրության մեջ։ Հենց Կատոնն էր, որ ձևակերպեց տնտեսագիտական հոգեբանության հիմնական գաղափարներից մեկը. ապրանքի գնումը կախված է, անձի ոչ միայն գնում կատարելու տնտեսական հնարավորությունից, այլև դա կատարելու ցանկությունից։ Ռուս իրականության մեջ տնտեսվարական գործունեության հոգեբանական գործոններին առավել ուշադրություն են դարձրել Ս.Ն.Բուլգակովը (1871-1944), Պ.Բ.Ստրուվեն(1870-1944), Պ.Ն.Սալիցկին (1895-1965), Ն.Դ.Կոնդրատևը և Ա.Վ.Չայանովը։ Ռուս հեղինակների աշխատությունների հիմնական առանձնահատկությունն այն է, որ վերջիններս մեծ ուշադրություն են դարձնում ավելի շատ տնտեսվարության երևույթի սոցիալ-հոգեբանական այնպիսի գործոններին, ինչպիսիք են հաղորդակցումը և փոխհարաբերությունները մարդկանց միջև տնտեսվարական գործունեություն իրականացնելիս։

Հետազոտական ուղղությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Տնտեսագիտական հոգեբանության ոլորտի ներկա ժամանակի ուսումնասիրությունների, հետազոտությունների մեծ մասը ի սկզբանե զարգացել են կառավարման հոգեբանության հունով։ Դա առաջին հերթին "մարդկային գործոնի" կամ "մարդկային հարաբերությունների" երևույթի ուսումնասիրություններին վերաբերվող հետազոտական աշխատանքներ են, որտեղ փորձում են պարզել վերջիններիս դերը կազմակերպությունների արդյունավետ տնտեսական գործունեության մեջ։ Այդ ուղղվածության առաջատարները (Ա.Ի.Կիտով,1987, Վ.Դ.Պոպով, 1989, Պ.Ալբո, 1984, Դ.Անտոնիդես, 1991, Խ.Լեյբենշտեյն, Պ.Ռեյնո, 1981) կազմակերպությունների գործունեության հոգեբանական ուսումնասիրությունները վերաբերում են տնտեսագիտական հոգեբանության ոլորտին։ Տնտեսագիտական հոգեբանության մեջ, որպես հարաբերականորեն ինքնուրույն ուղղվածություններ ավանդաբար առանձնացվում են հետևյալ էմպիրիկ հետազոտությունների ոլորտները.

  1. տարբեր խմբերի վերաբերմունքը փողին և "փողային վարքի" առանձնահատկությունները,
  2. վերաբերմունքը պարտքերի և ապառիկի նկատմամբ,
  3. ձեռներեցական/ձեռնարկատիրական գործունեության հոգեբանություն։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Բեգոյան Ա.Ն. Տնտեսագիտական հոգեբանության ներածություն // Էկոնոմիկա, # 2, 2006, էջ 54-57։
  2. Բեգոյան Ա.Ն. Ձեռներեցական գործունեության հոգեբանություն // Էկոնոմիկա, № 3, 2006, էջ 67-72։
  3. Социальная психология руководства и предпринимательства / Отв.ед. А.Л.Журавлев, Е.В.Шорохова. М., Изд-во Институт психологии АН, 1999.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Социальная психология руководства и предпринимательства / Отв.ед. А.Л.Журавлев, Е.В.Шорохова. М., Изд-во Институт психологии АН, 1999.
  2. Albou P. La Psychologie Economique. Paris 1984.