Մանկան հոգեբանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մանկան հոգեբանություն, երեխայի հոգեբանություն, հոգեբանության այն բաժինը, որն ուսումնասիրում է երեխայի հոգեկան զարգացման փաստերն ու օրինաչափությունները։ Սերտորեն կապված է մանկավարժության, մանկավարժական հոգեբանության, հասակային մորֆոլոգիայի, ֆիզիոլոգիայի, հատկապես երեխայի բարձրագույն նյարդային գործունեության ֆիզիոլոգիայի հետ։ Մանկան հոգեբանության առարկա են. հոգեկան կառուցվածքի օնտոգենեզի պայմաններն ու շարժիչ ուժերը, առանձին հոգեկան պրոցեսները (կամային, հուզական, ճանաչողական), անձի որակների ձևավորումը, երեխաների տարիքային ու անհատական հոգեբանական առանձնահատկությունները, ինչպես նաև մանկան գործողության տարբեր ձևերը (խաղ, աշխատանք, ուսուցում)։ Առանցքային հիմնախնդիրներից են. կենսաբանական (հատկապես ժառանգական) և սոցիալ-մշակութային գործոնների փոխներգործության օրինաչափությունները, անձի զարգացման մեխանիզմների և ընթացքի վրա անհատական միկրոմիջավայրի ներգործելու հնարավորությունները և այլն։ Այդ խնդիրների ուսումնասիրման մեթոդներից են անընդմեջ դիտումները, զրույցները, երեխայի աշխատանքային գործունեության (նկարչություն, ծեփակերտում, կոնստրուկտորական աշխատանք, գրական ստեղծագործություն) արդյունքների վերլուծությունը։ Տարիքային զարգացումն ուսումնասիրելիս կիրառվում է ինչպես «լայնական կտրվածքի» (կարճատև փորձերի ու թեստերի օգնությամբ տարիքային զարգացման տվյալ աստիճանի առանձնահատկությունների և գոյացությունների բացահայտում), այնպես էլ «երկայնական» (տևական ժամանակաշրջանի ընթացքում) ուսումնասիրության մեթոդները։ Մանկան հոգեբանությունը, որպես գիտության ինքնուրույն բնագավառ, սկսեց զարգանալ XIX դ. 2-րդ կեսից՝ Դարվինի գաղափարների ազդեցությամբ, սակայն փորձարարական հետազոտությունները ծավալվեցին միայն XX դ.։ Առաջին տասնամյակների ընթացքում, կուտակված փաստերի ընդհանրացման առումով, մեծ էին Վ. Շտեռնի, Կ. Բյուլերի, Կ. Կոֆկայի և Ա. Գեզելլի ծառայությունները։ Հետագայում արտասահմանում առավել կանխակշիռ ներդրումներ կատարեցին ժ. Պիաժեն, Բ. Ինհելդերը, Ա. Վալլոնը, Զ. Բրուները, Ե. էրիկսոնը, Թ. Բաուերը և ուրիշներ։ Այդ հեղինակների հետազոտությունները, որոշ բացառություններով, հենվում են բիհևիորիզմի, ֆրեյդիզմի, պերսոնալիզմի, գեշտալտիզմի և հոգեբանության այլ դպրոցների գաղափարների վրա։

Երեխայի հոգեկան զարգացման շատ կողմեր դեռևս բավարար չափով լուսաբանված չեն։ Երեխայի հոգեբանության բնագավառում որոշ հետազոտություններ կատարվել են նաև Հայաստանում (Գ. էդիլյան, Մ. Մազմանյան, Ե. Ալեքսանդրյան, Մ. Երիցյան և ուրիշներ)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 232
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մանկան հոգեբանություն» հոդվածին։