Կլինիկական հոգեբանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կլինիկական հոգեբանություն (հին տերմինաբանությամբ՝ բժշկական հոգեբանություն[1]), հոգեբանության ճյուղ է, որն ուսումնասիրում է հոգեբանական երևույթները՝ հիվանդությունների հետ կապի տեսանկյունից: Կլինիկական հոգեբանության ոլորտն իր մեջ ներառում է հոգեկան առողջության ախտորոշում, հոգեբանաֆիզիոլոգիական խնդիրների հասկացման գիտական հետազոտությունների կազմակերպում և անցկացում, հոգեբանական շտկման (հոգեթերապիա) անցկացում և գնահատում: Կլինիկական հոգեբանության հոգետերապևտիկ մեթոդներն են՝ խորհրդատվություն, անհատական հոգեթերապիա, ընտանեկան հոգեթերապիա, ընտանեկան խորհրդատվություն և հոգեբանական խնդիրներ ունեցող մարդկանց աջակցելու տարբեր ձևեր՝ կապված ֆիզիկական առողջության խանգարման հետ:

Կլինիկական հոգեբանության առարկան[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլինիկական հոգեբանությունը լայն հասկացություն է, ունի միջդիսցիպլինար բնույթ, մասնակցում է առողջապահության ոլորտի բարդ խնդիրների լուծմանը, բնակչության հանրային կրթությանը և սոցիալական օգնությանը: Կլինիկական հոգեբանի աշխատանքն ուղղված է՝ հոգեբանական ռեսուրսների և մարդու ադապտացիոն կարողությունների բարձրացմանը, հոգեբանական զարգացման ներդաշնակությանը, առողջության պահպանմանը, հիվանդությունների կանխարգելմանն ու կառավարմանը:[2]

Կլինիկական հոգեբանության առարկան գիտական և գործնական կանոնադրության տեսանկյունից դա

  • Տարբեր խանգարումների հոգեբանական դրսևորումներն են
  • Հոգեկանի դերը խանգարումների առաջացման, ընթացքի, նախազգուշացման գործում
  • Տարբեր խանգարումների ազդեցությունը հոգեկանի վրա
  • Հոգեկանի զարգացման խանգարում
  • Կլինիկայում հետազոտության սկզբունքների և մեթոդների զարգացում
  • Հոգեթերապիա, մեթոդների անցկացում և մշակում

Կլինիկական հոգեբանությունը զբաղվում է ընդհանուր հոգեբանական խնդիրների հետազոտմամբ, ինչպես նաև նորմայի և պաթոլոիգիայի որոշմամբ, մարդու մեջ սոցիոլոգիական և բիոլոգիական հարաբերակցության որոշմամբ, գիտակցականի և անգիտակցականի դերի, նաև հոգեկանի զարգացման խնդիրների լուծմամբ:

Ծագումն ու զարգացումը[խմբագրել | խմբագրել կոդը]

«Կլինիկական հոգեբանություն» տերմինն առաջին անգամ առաջարկել է Լայթներ Ուիթմերը 1907 թվականին, այն նեղ իմաստով սահմանելով որպես անհատի ուսումնասիրություն՝ հետազոտության կամ փարձարկման միջոցով, նպատակ ունենեալով մտցնել փոփոխություններ[3](անգլ.): Ըստ ժամանակակից Ամերիկյան հոգեբանական ասոցացիայի սահմանման. Կլինիկական հոգեբանությունը ինտեգրում է գիտությունը, թեորիան և պրակտիկան, որպեսզի հասկանա, կանխատեսի և մեղմի դեզադապտացիան, հաշմանդամությունը և անհարմարավետությունը, ինչպես նաև խթանի ադապտացիան, անձի զարգացումը: Կլինիկական հոգեբանությունը կենտրոնանում է մարդու կյանքի ընթացքում ինտելեկտուալ, էմոցիոնալ, բիոլոգիական, հոգեբանական, սոցիալական և վարքագծային ասպեկտների վրա՝ տարբեր մշակույթների և բոլոր սոցիալ-տնտեսական մակարդակներում[4](անգլ.): Օգտագործելով Ուիթմերի մոտեցումը, ամերիկյան հոգեբանները ստեղծել են նոր կլինիկաներ, իսկ 1917 թվականին ի հայտ եկավ առաջին կլինիկական հոգեբանների կազմակերպությունը, որը կոչվեց՝ կլինիկական հոգեբանների Ամերիկյան ասոցացիա: Կլինիկական հոգեբանության գերմանական դպրոցը կազմավորվել է XX դարի կեսին: Հիմքում ընկած էին փորձարարական հոգեբանության ձեռքբերումները, որի սկիզբը դրվել էր 1890-ական թվականներին[5]:

Կլինիկական հոգեբանության բաժինները[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլինիկական հոգեբանության բաժինները ներառում են.

  1. Հիվանդ երեխաների հոգեբանություն
  2. Հոգեբանության բուժական փոխազդեցություն
  3. Հոգեբանական գործունեության նորմա և պաթոլոգիա
  4. Դեվիանտ վարքագծի հոգեբանություն
  5. Հոգեսոմատիկա, այսինքն՝ խնդիրներ կապված սոմատիկ խանգարումների հետ
  6. Նևրոզոլոգիա կամ նևրոզների առաջացման պատճառներն ու ընթացքը:

Կլինիկական հոգեբանություն և հոգեբուժություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած նրան, որ կլինիկական հոգեբանները և հոգեբույժները կիսում են ընդհանուր հիմանրար խնդիրը՝ հոգեկան խանգարումների բուժում, դրանց նախապատրաստում, հայացքներն ու մեթոդները, հաճախ, բավականին տարբեր են: Թերևս ամենակարևոր տարբերությունն այն է, որ հոգեբույժները բժիշկներ են, ովքեր անցել են առնվազն 6 տարվա բժշկական ուսուցում, նաև ունեն մի քանի տարվա (ինտերնատուրա/օրդինատուրա) մասնագիտացում: Դրա հետևանքն այն է, որ հոգեբույժները, ինչպես կանոն, հոգեբանական խնդիրների գնահատման համար օգտագործում են բժշկական մոդելը (այսինքն՝ այցելուներին նրանք դիտարկում են որպես հիվանդություններով տառապող հիվանդի), և նրանց բուժումը հաճախ իրականացվում է հոգեմետ դեղորայքով, որպես՝ բուժական արդյունքի հասնելու գլխավոր մեթոդ (չնայած, շատ հոգեբույժներ հոգեթերապիան օտագործում են իրենց գործունեության ընթացքում): Նրանց բժշկական պատրաստվածությունը թույլ է տալիս լիարժեք օգտագործել ժամանակակից կլինիկայի բժշկական հնարավորությունները: Կլինիկական հոգեբաննները, որպես կանոն, դեղորայքներ չեն նշանակում: Նրանք, հաճախ, աշխատում են հոգեբույժների հետ համագործակցելով, որպեսզի ապահովեն իրենց թերապևտիկ կարիքները:

Կլինիկական հոգեբանության մեթոդները[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլինիկական հոգեբանության մեջ օգտագործվում են տարբեր մեթոդներ, որոնք թույլ են տալիս օբյեկտիվացնել, տարբերակել և որակավորել նորմաներն ու պաթոլոգիաները: Մեթոդի ընտրությունը կախված է՝ հոգեբանի առջև դրված խնդրից, հիվանդի հոգեկան վիճակից, կրթական մակարդակից, հոգեբանական խանգարման բարդության աստիճանից: Առանձնացվում են հետևյալ մեթոդները .

  • Դիտարկում
  • Զրույց
  • Հոգեբանաֆիզիոլոգիական մեթոդներ
  • Կենսագրական մեթոդ
  • Ստեղծագործական արտադրանքի ուսումնասիրություն
  • Հոգեբանական-փորձարարական մեթոդ (ստանդարտացված և ոչ ստանդարտացված մեթոդներ)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Клиническая психология : учебник для вузов / под ред. Б. Д. Карвасарского. — 4-е изд. — Санкт-Петербург : Питер, 2011. — С. 9, 268, 269. — 864 с.
  2. Карвасарский, 2011, էջ 18
  3. Compass, B. & Gotlib, I. (2002). Introduction to Clinical Psychology. New York, NY : McGraw Hill.
  4. American Psychological Association, Division 12, «About Clinical Psychology»
  5. Карвасарский, 2011, էջ 250, 268