Գանգագուշակություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գանգագուշակության քարտեզ
(XIX դար)
Ֆրանց Յոզեֆ Գալ

Գանգագուշակություն կամ գանգագիտություն (հուն․՝ φρήν - միտք, բանականություն հուն․՝ λογος - գիտություն), առաջին կեղծ գիտություններից մեկը[1][2][3][4][5][6], որը գանգի ձևից որոշում էր մարդու հոգեկան կերտվածքը։ Գանգագուշակության հիմնադիրը ավստրիացի բժիշկ և կազմաբան Ֆրանց Յոզեֆ Գալն (գերմ.՝ Franz Joseph Gall) (1758–1828) է։ Նա պնդում էր, որ մարդու գլխուղեղի կիսագնդերում տեղայնացված հոգեկան հատկությունները, զարգանալու դեպքում, նպաստում են գլխուղեղի որոշակի հատվածի աճին, որն էլ իր հերթին նպաստում է գանգի որոշակի հատվածի աճին[7]։ Թերզարգացման դեպքում գանգի վրա փոսեր են առաջանում[8]։

Գանգագուշակությունը շատ տարածված էր 19-րդ դարի առաջին կեսին։ Նեյրոֆիզիոլոգիայի զարգացումը ցույց տվեց Գալի տեսության սնանկությունը, և հասարակությունը աստիճանաբար կորցրեց հետաքրքրությունը գանգագուշակության հանդեպ։ Իրականում մարդու հատկությունները կախված չեն գանգի մակերևույթի ձևից։ Բացի այդ մարդու գանգը չի կրկնում գլխուղեղի ձևը։

Հիմնական դրույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանց Յոզեֆ Գալը, իր վեց հատորանոց աշխատանքում, հրատարակված 1825 թվականին՝ ֆրանսերենով, որը կոչվում էր. ֆր.՝ «Sur les fonctions du cerveau et sur celles de chacune de ses parties. avec des observations sur la possibilité de reconnaitre les instincts, les penchans, les talens, ou les dispositions morales et intellectuelles des hommes et des animaux, par la configuration de leur cerveau et de leur tête» («Գլխուղեղի և նրա ցանկացած մասի ֆունկցիաները...») ձևակերպեց գանգագուշակության 6 հիմնական դրույթները հետևյալ կերպ[9].

  • ուղեղը համարվում է գիտակցության օրգան,
  • ուղեղը բաղկացած է 27 բաժիններից, որոնցից յուրաքանչյուր բաժինը գործում է մնացածից անկախ,
  • ուղեղի չափը կախված է նրա առանձին բաժինների զարգացումից,
  • որքան ակտիվ կամ ավելի հզոր է ուղեղի առանձին բաժին, այնքան մեծ է նրա չափը,
  • ուղեղի յուրաքանչյուր բաժնի չափը կարելի է որոշել գանգի արտաքին մակերեսը քննելու միջոցով,
  • ելնելով այդպիսի հետազոտության ընթացակարգից, կարելի է որոշել և գուշակել օրգանիզմի ֆիզիոլոգիական առանձնահատկությունները և մարդու հոգեբանական հակումները:

Գալը հակված էր դետերմինացված մոտեցմանը և ենթադրում էր, որ յուրաքանչյուր մարդ ունի ի ծնե հակումներ, որոնք չեն կարող փոփոխվել: Դրա հետ մեկնեղ նա կարծում էր, որ արտաքին գործոննեը (կլիմա, սնունդ, խմիչք և այլն) ազդեցություն են ունենում մարդու ֆիզիոլոգիայի և բնավորության վրա՝ բայց միայն երկար ժամանակահատվածում, այս գործոնով բացատրելով ռասայական և էթնիկ տարբերությունները: Գալի շատ հետևորդներ հետագայում հրաժարվեցին դետերմինացված մոտեցումից և ապացուցեցին, որ ուղեղն ունի պլաստիկություն, հետևաբար` յուրաքանչյուր մարդու բնավորություն կարող է փոփոխվել նրա ինքնուրույն ջանքերի և արտաքին ազդեցությունների միջոցով[10][11]:

Ծագման, զարգացման և անկման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գանգագիտությունն առաջացել է ինտելեկտուալ մթնոլորում, որտեղ մարդու մարմնի կառուցվածքն ու դիմագծերը՝ խառնվածքի հետ և հոգեբանական առանձնահատկությունները համարվում էին ինքնըստինքյան ըմբռնելի: XVIII դարի վերջին Արևմտյան Եվրոպայում հայտնի էր ևս մի տեսություն. ֆիզիոգնոմիկա, ըստ որի մարդու բնավորությունը կարելի է որոշել նրա արտաքին տեսքով: Նրա տարածմանն էապես նպաստել է շվեյցարացի աստվածաբան և միստիկ Յոհան Կասպար Լաֆատերը, ում չորս հատորանոց աշխատանքը «Physiognomische Fragmente zur Beförderung der Menschenkenntnis und Menschenliebe» («Ֆիզիոգնոմիկ տարրեր») 1775 թվականից մինչև 1810 թվականը հրատարակվել է 55 անգամ: Այդ ժամանակահատվածում ֆիզոգնոմիկայի հայտնիության մասին է վկայում հետևյալ փաստը. Չարլզ Դարվինը, XIX դարի առաջին կեսերին «Բիգել» նավով կատարելով շուրջերկրյա ճանապարհորդություն, հետագայում պատմում էր, որ այդ նավի նավապետը, լինելով ֆիզիոգնոմիկայի նախկին կողմնակիցներից, սկզբում չէր ցանկանում Դարվինին վերցնել իր հետ նավարկության, քանի որ կասկածում էր, որ նրա քիթը համապատասխանում է այնպիսի մարդու արտաքինի, ում հոգեբանական որակները հարմար չեն նման դժվար և վտանգավոր գործունեության համար[12][13]:

Չնայած Լաֆատերը առաջին ֆիզիոգնոմիկներից չէր, բայց նա առաջինը փորձեց ֆիզիոգնոմիիկային տալ հոգեբանական գիտության կարգավիճակ: Դրա հետ մեկտեղ Լաֆատերը, ի տարբերություն գանգագետների, չէր փորձում օգտագործել գիտական մեթոդներ, նա դիմում էր ողջամտությանը և օգտագործում այնպիսի փաստարկներ, ինչպիսիք են՝ «բոլորին հայտնի է» կամ «ոչ-ոք չի կարող ժխտել»: XIX դարի սկզբում ֆիզիոգնոմիայի և գանգագիտության հայտնիությունը պայմանավորված էր՝ գիտականորեն մարդու վարքը բացատրելու հասարակության պահանջով[14]:

Գալ և Շպուրցհեյմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոհան Գասպար Շպուրցհեյմ

Ֆրանց Յոզեֆ Գալը եղել է ականավոր անատոմիստ, կատարել մի շարք կարևորագույն գիտական հայտնագործություններ: Այդպիսի հայտնագործություններից էր, այն փաստի բացահայտումը, որ որևէ տեսակի կենդանու մոտ որքան մեծ է ուղեղի կեղևի կիսագնդերի չափը (գորշ նյութ), այնքան այդ տեսակը խելամիտ է[15]:

Գալի խոսքերով, գլխուղեղում գործառույթների տեղայնացման գաղափարն իր մոտ առաջին անգամ հղացել է 9 տարեկանում[16]: Դպրոցական և ուսանողական տարիներին Գալը վրդովվում էր այն պատճառով, որ իր դասընկերներից ոնմանց առաջադիմությունը, ովքեր զիջում էին իրեն կշռադատությունով, լավ զարգացած հիշողության շնորհիվ, ավելի բարձր էր, քան՝ իրենը: Նա ուշադրություն դարձրեց այն փաստին, որ այդ դասընկերներն ունեին խոշոր աչքեր: Դրա հիման վրա Գալը եզրակացրեց, որ աչքի հետևի հատվածում տեղակայված գլխուղեղի կեղևը կապված է ինֆորմացիայի մտապահման հետ և, որ լավ հիշողություն ունեցող մարդկանց մոտ աչքերն ուռուցիկ են[17]:

Գալին մեծ օգնություն ցուցաբերեց երիտասարդ բժիշկ Յոհան Գասպար Շպուրցհեյմը, ով դարձավ նրա աշակերտը և նվիրված հետևորդը[18]: Գալն ու Շպուրցհեյմը առանձնացրին մարդկային գնագի 27 բաժիններ (որոնցից 19-ը ընդհանուր էին կենդանիների հետ): Հետագայում Գալի հետևորդները ընդլայնեցին քանակը, 27-ը հասցնելով 39-ի[19]:

Քանի որ Գալի կողմից առաջարկվող բարձրագույն հոգեբանական ֆունկցիաների բացատրությունը չէր ներշնչում հավատ անմահ հոգու հանդեպ, եկեղեցական իշանությունները սկսեցին հետապնդել նրան, և 1801 թվականին Ավստրիայի կայսր Ֆրանց II-ը արգելեց Գալին հանդես գալ դասախոսություններով: 1807 թվականին Գալը տեղափոխվեց Փարիզ, որտեղ ապրեց մինչև կյանքի վերջ: 1808 թվականին Ֆրանսիայի Ինստիտուտը պաշտոնապես հերքեց նրա գաղափարները, իսկ Ֆրանսիայի կայսր Նապոլեոնը փորձում էր խոչընդոտել նրա գործունեությանը: Սակայ Գալը կուտակել էր բավականին գումար, որն աշխատել էր գանգագիտության մասին դասախոսություններ կարդալով, և կարողացավ կապեր հաստատել Ֆրանսիայում ապրող ազդեցիկ մարդկանց հետ՝ հնարավորություն ստանալով հանրայնացնել գանգագիտությունը[20]:

Իր բացահայտումները Գալը նկարագրել է մի քանի գրքերում: Շպուրցհեյմը դրանցից առաջին երկուսի համահեղինակն է, բայց 1813 թվականից սկսեց գանգագիտության հանրայնացման ինքնուրույն աշխատանքները՝ հատկապես Մեծ Բրիտանիայում: Շպուրցհեյմը, 1815 թվականին Լոնդոնում հրատարակված անգլերեն անգլ.՝ «The Physiognomical System of Drs. Gall and Spurzheim» («բժիշկներ Գալի և Շպուրցհեյմի ֆիզիոգնոմիկ համակարգեր») գրքում կարճ և սիստեմատիկ կերպով շարադրեց Գալի ուսմունքը, որն իր այլ գիքերի հետ դարձավ Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում գանգագիտության շարժման հիմք[21]:

Գալն ու Շպուրցհեյմը կտակել են մահից հետո պահպանել իրենց գանգերը՝ ուսումնասիրության նպատակով: Ներկայումս Շպուրցհեյմի գանգը պահվում է Հարվարդի բժշկական դպրոցում[22]:

Գալի հետևորդների գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջորջ Քոմբ. Էդինբուրգյան գանգագիտական միության հիմնադիր
Էդինբուրգի գանգագիտական միության թանգարանը. անվանի գանգագետների քանդակներով և դիմանկարներով

Գանգագիտությունն անցել է իր զարգացման երկու խաչվող փուլեր. գիտական փուլ, որի ընթացքում հոգեբույժներն ու բժիշկները փորձում են զարգացնել գանգագիտությունը որպես գիտություն՝ հիմնված չափումների և դիտարկումների վրա (1800—1830), և ժողովրդականցման փուլ, որի ընթացքում գանգագիտությունը դարձավ արկածախնդիրների և խաբեբաների համար գումարի վաստակման միջոց (1820—1850)[23][24][25]:

Գիտական փուլում որոշ բժիշկներ փորձում էին կլինիկական բժշկության մեջ կիրառել Գալի գաղափարները: Դրանց թվում էին երեք ամերիկյան բժիշկներ. Ջոն Ուորենը, Ջոն Բելլը և Չարլզ Քոլդվելը: Նրանք Փարիզում մասնակցել էին Գալի դասախոսություններին և, վերադառնալով Միացյալ Նահանգներ, 1822 թվականին սկսել են տարածել Գալի ուսմունքը: Ուորենը Բոստոնում սկսեց գանգագիտության հետազոտություններ, իսկ Բելլն ու Քոլդվելը 1822 թվականին՝ Ֆիլադելֆիայում հիմնեցին Կենտրոնական գանգագիտական միություն: 1824 թվականին Քոլդվելը Ամերիկայում հրատարակեց առաջին գնագագիտության դասագիրքը, իսկ 1827 թվականին՝ երկրորդը, այդ դասագրքի ավելի ընդլայնված տարբերակը: Սական, ԱՄՆ-ում գանգագիտության հանդեպ ակադեմիական հետաքրքրությունը երկար չտևեց, երբ Գալը մահացավ, Կենտրոնական գանգագիտական միությունը լուծարվեց:

Գալի մահից հետո Շպուրցհեյմը տեղափոխվեց ԱՄՆ, որպեսզի վերականգնի հետաքրքրությունը գանգագիտության նկատմամբ: Նա մեծ հաջողությամբ բժիշկների համար դասախոսություններով հանդես եկավ Միացյալ Նահանգների արևելյան ափին, բայց 1832 թվականին հանկարծակի մահացավ տիֆից, չկարողանալով կատարել իր առջև դրված խնդիրը[26]:

Գալից և Շպուրցհեյմից հետո, գանգագիտությունում երրորդ հեղիանակավոր անձը եղել է Ջորջ Քոմբը[27]: Նա և իր կրտսեր եղբայր Էնդրյու Քոմբը գանգագետներ էին դարձել Շպուրցհեյմի հետ հանդիպումից հետո, ով 1816 թվականին այցելել էր Էդինբուրգ: 1820 թվականիան Ջորջ Քոմբը հիմնեց Էդինբուրգյան գանգագիտական միությունը և հրատարակեց մի քանի գիրք: Նրա «Constitution of Man» («Մարդու կառուցվածքը») գիրքը, առաջին անգամ հրատարակված 1827 թվականին, 1835-1838 թվականներին տարածվեց ավելի քան 50 հազար օրինակով, իսկ հետագա տարիներին. ավելի քան 100 հազար օրինակով[28][29]:

Հետազոտության և հերքման մեթոդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետազոտության մեթոդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանց Յոզեֆ Գալը ուսումնասիրում է աղջկա գլուխը

Գալը փորձում էր կապ հաստատել գլխուղեղի ֆունկցիաների և նրա բաժինների միջև, ուսումնասիրելով այն մարդկանց գանգերը, ովքեր առանձնանում էին իրենց մտավոր կարողություններով: Այդ նպատակով նա ուսումնասիրում էր ինչպես հայտնի բանաստեղծների, պոետների, քաղաքագետների գանգեր, այնպես էլ՝ խելագարների և հանցագործների: Մեթոդները, որոնք Գալն օգտագործում էի իր տեսության ստեղծման համար կարող են պատկերվել հետևյալ օրինակով: Նրա կողմից առանձնացված որակներից էր ապակառուցողականությունը, որը նա կապում էր գանգի ականջի հետևում ընկած հատվածի հետ՝ հիմնավերելով 3 պատճառներով.

  • դա գիշատիչների գանգի ամենամեծ հատվածն է,
  • այդպիսի արտահայտված ուռուցիկություն նա հայտնաբերել էր մի ուսանողի մոտ, ով շատ էր սիրում տանջել կենդանիներին,
  • այդ հատվածը զարգացած էր դեղագործի մոտ, ով հետագայում դարձավ դահիճ[30]:

Հերքման մեթոդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկսած իր առաջացումից գանգագիտությունը ենթարկվել է համընդհանուր քննադատության: Գալը հրապարակում էր հետազոտությունների միայն այն արդյունքները, որոնք հաստատում էին իր տեսությունը: Այդպիսով Գալը հնարավորություն ուներ ապացուցել այն ամենը, ինչն իրեն հարմար էր: Հետևաբար շատ գիտնականներ գանգագիտությունը համարեցին չկայացած գիտություն[31][32]:

Անգամ գանգագիտության հայտնիության գագաթնակետին, առաջ էին բերվում բազմաթիվ հակադրումներ: Ամերիկացի բժիշկ Ջոն Հարիսոնը 1825 թվականին նկարագրեց իրենց կողմից իրականացված մարդկային գանգերի հետազոտությունները, ցույց տալով, որ ուղեղի չափը չի կարելի որոշել միայն արտաքին մակերեսի չափման միջոցով: Բացի այդ, նա ապացուցեց, որ Գալի կողմից նկարագրված ուղեղի բաժինները չեն կարող հստակ սահմանագծվել, և հետևաբար՝ կապել նրանց չափն ուղեղի գործընթացների հետ անհնար է[33]:

Գանգագուշակությունը կինոյում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գանգագուշակությամբ տարվել[34] է ցինիկ և դաժան ստրկատեր Քելվին Քենդին (Լեոնարդո ԴիԿապրիո) Քվենտին Տարանտինոյի «Ազատագրված Ջանգոն» կինոնկարի հերոսը[35][36]։ ԴիԿապրիոն հետագայում պնդել է, որ ֆիլմում գանգագուշակությամբ զբաղվելու հատվածը մտցնելը իր առաջարկն է եղել, քանի որ ժամանակին շատ ստրկատերեր փորձեր են արել ստրուկների վրա[37]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Р. А. Быков. Паранаучные организации как феномен современного общества // Вестник Томского государственного университета, № 321 (апрель 2009) (ռուս.)
  2. Кэрролл, 2005, Эта псевдонаука базируется на ложных предположениях венского врача-анатома Франца-Йозефа Галля (1758-1828), согласно которым психические функции локализованы в головном мозге, а благодаря их тренировке развивается и сам мозг..
  3. СЭС, 1981, антинаучная теория, согласно которой на основании краниометрических данных якобы можно судить о психических особенностях человека, с. 1444.
  4. Ярошевский, 1978, ложное учение о локализации отдельных психических способностей в различных участках мозга, якобы различаемых путём непосредственного ощупывания внешнего рельефа человеческого черепа..
  5. Phrenology // Pseudoscientific practice // Encyclopædia Britannica
  6. Steven Novella Phrenology: History of a Pseudoscience // New England Skeptical Society , 2000
  7. М. Г. Ярошевский Галль Франц Йозеф // БСЭ
  8. Баландин Р. Франц Йозеф Галль // 100 великих оригиналов и чудаков
  9. Encyclopedia of Criminological Theory, 2010, p. 709.
  10. Encyclopedia of Criminological Theory, 2010, p. 710.
  11. The Criminal Brain, 2008, p. 45-46.
  12. Хант, 2009, с. 136.
  13. Origins of Neuroscience, 2001, p. 32.
  14. The Criminal Brain, 2008, p. 44.
  15. Хант, 2009, с. 136.
  16. Origins of Neuroscience, 2001, p. 32.
  17. Хант, 2009, с. 137.
  18. Origins of Neuroscience, 2001, p. 32.
  19. Хант, 2009, с. 138.
  20. Origins of Neuroscience, 2001, p. 33.
  21. The Criminal Brain, 2008, p. 45
  22. Origins of Neuroscience, 2001, p. 34.
  23. Encyclopedia of Criminological Theory, 2010, p. 710.
  24. Craig Webber. Psychology and Crime. — USA: SAGE Publications, 2010. — P. 12.
  25. The Murderous Dutch Fiddler, 2010, p. 208.
  26. Origins of Neuroscience, 2001, p. 34.
  27. The Criminal Brain, 2008, p. 51.
  28. Origins of Neuroscience, 2001, p. 34.
  29. Origins of Neuroscience, 2001, p. 34.
  30. Origins of Neuroscience, 2001, p. 32.
  31. Ярошевский, 1996.
  32. Хант, 2009, с. 139.
  33. Origins of Neuroscience, 2001, p. 34.
  34. Ազատագրված Ջանգոն ֆիլմի գրախոսական»
  35. Ատամ քաշողի ճակատագիրը
  36. Ինչո՞ւ եմ սիրում Ջանգոն․ Գանգագուշակության դաս;
  37. Լեոնարդո ԴիԿապրիո․ «Տարանտինոն ինձ ստիպեց մոռանալ Տիտանիկը»

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Кэррол Р. Т. Френология // Энциклопедия заблуждений: собрание невероятных фактов, удивительных открытий и опасных поверий = The Skeptic's Dictionary: A Collection of Strange Beliefs, Amusing Deceptions, and Dangerous Delusions / Роберт Тодд Кэрролл. — М.: Издательский дом «Вильямс», 2005. — 672 с.
  • Френология // Советский энциклопедический словарь / Научно-редакционный совет: А. М. Прохоров (пред.). — М.: Советская энциклопедия, 1981. — С. 1444. — 1600 с.
  • Френология / Ярошевский М. Г. // Франкфурт — Чага. — М. : Советская энциклопедия, 1978. — (Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров ; 1969—1978, т. 28).
  • Хант, Мортон. История психологии / пер. с англ. А. В. Александровой. — М.: ООО Издательство «АСТ МОСКВА», 2009. — 863 с. — 1500 экз,
  • Ярошевский М. Г. Глава V. Зарождение психологии как науки // История психологии от античности до середины XX в.. — М., 1996. — 416 с.
  • Bobbie Ticknor. Phrenology // Encyclopedia of Criminological Theory / Francis T. Cullen (Editor), Pamela K. Wilcox (Editor). — 1 edition. — USA: SAGE Publications, 2010. — P. 709-712. — 1240 p.
  • Stanley Finger. Origins of Neuroscience: A History of Explorations Into Brain Function. — New York: Oxford University Press, 2001. — 462 p.
  • Michael J. Huxford. Phrenology // Encyclopedia of Counseling / Frederick T. L. Leong (Editor). — 1 edition. — USA: SAGE Publication, 2008. — P. 330-331. — 1992 p
  • Nicole Rafter. 3. Phrenology. The Abnormal Brain // The Criminal Brain: Understanding Biological Theories of Crime. — NYU Press, 2008. — P. 40-64. — 352 p.
  • Nicole H. Rafter. The Murderous Dutch Fiddler: Criminology, History, and the Problem of Phrenology // Criminological Theory: A Text/Reader / Stephen G. Tibbetts (Author), Craig Hemmens (Author). — SAGE Publications, Inc, 2010. — P. 207-218. — 824 p. — (SAGE Text/Reader Series in Criminology and Criminal Justice)

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]