Գործողություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գործողություն (այլ կիրառումներ)

Գործողություն, հարաբերականորեն անկախ ու ամբողջական արտաքին-շարժողական կամ ներհոգեկան գործընթաց (օրինակ արտացոլման, ուշադրության, զգայաշարժողական, հիշողության, կամային և այլն), որն ունի որոշակի նպատակ, բայց որի դրդապատճառը ինքնուրույն չէ, այլ ենթարկվում է այն գործունեության դրդապատճառների խմբին, որի կազմի մեջ մտնում է այդ գործունեությունը։ Նույն գործողությունը կարող է մտնել գործունեության մի շարք տեսակների և հմտությունների կազմի մեջ։ Գործողությունը կազմված է շարժումներից։

Գործողության ակցեպտոր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործողության ակցեպտոր (լատ. acceptor – ընդունիչ), Պ. Կ. Անոխինի ներմուծած տերմինը, որով նա նշանակում էր ցանկացած գործողության հարմարվողական արդյունքների կանխատեսման ու գնահատման գործընթացը մինչև գործողությունը կատարելը։ Պ. Կ. Անոխինի կարծիքով ուղեղում նախապես ստեղծվում է սպասվող արդյունքների մոդելը։

Առարկայական գործողություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն գործողությունները, որոնց օգնությամբ մարդը ազդեցություն է գործում արտաքին աշխարհի առարկաների վրա։ Հոգեկան զարգացման ընթացքում բազմաթիվ գործողություններ ստանում են ներհոգեկան բնույթ (ներքնայնացվում,ինտերիորիզացիայի են ենթարկվում) և սկսում են իրագործվել առարկաների մտապատկերների հետ։

Մտավոր գործողություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոգեկանում կատարվող գործողություններ, որոնց օգնությամբ ձևափոխությունների են ենթարկվում մտապատկերներն ու հասկացությունները, ստեղծվում են նրանց նոր զուգորդություններ, մշակվում է ընկալված ինֆորմացիան(գիտելիքը) ։ Ըստ Պ. Յա. Գալպերինի տեսության մտավոր գործողությունները առաջ են գալիս արտաքին առարկայական գործողություններից՝ անցնելով ներքնայնացման մի շարք միջանկյալ փուլերով.

  • գործողության հետ նախնական ծանոթացման փուլ
  • սխեմաներում, գծագրերում, մոդելներում և այլ ձևերով նյութականացված գործողությունների փուլ
  • արտաքին - խոսքային փուլ, որտեղ գործողության բոլոր տարրերը ներկայացված են գրավոր կամ բանավոր արտաքին խոսքի ձևերում. այդ խոսքը ընդհանրացված ու կրճատ է, բայց դեռևս ավտոմատացված չէ
  • այս փուլում գործողությունը կատարվում է իր համար արտասանված արտաքին խոսքում, որի մեջ էլ ավելի կծկված ու ընդհանրացված է
  • «մտավոր գործողության փուլ». գործողությունը կատարվում է ներքին խոսքի ձևով, կրճատ է և ավտոմատացված։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նալչաջյան Ա․ Ա․ (1984 թ.). Հոգեբանական բառարան (Լույս ed.). Երևան. էջ 240 էջ.