Կամք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կամքը ֆիզիոլոգիական, հոգեբանական, փիլիսոփայական և իրավաբանական հասկացություն է։

Ֆիզիոլոգիայի տեսանկյունից[խմբագրել]

Կամքը կենդանիների և մարդկանց հոգեկան այն ունակությունն է, որը, անկախ արտաքին պայմանների, թույլ է տալիս առաջացնել կամ զսպել այս կամ այն ֆիզիկական գործողությունները (հատկապես շարժումները), և մշակել գործունեության ներքին ազդակներ։ Կամային ազդակների առաջացման վայրը գլխուղեղի գորշ նյութն է։ Նրանց առաջացման մեխանիզմները դեռ լիովին բացահայտված չեն։ Կամքի խանգարումը արտահայտվում է կամային կենտրոնների խաթարմամբ, ինչը կարող է հանգեցնել կամքի թուլացման կամ կամքի բացարձակ կորստի (աբուլիա)։ Կամային կենտրոնների գործունեության խաթարման արդյունքում կարող է առաջանալ նաև կամային դրդիչների ծայրահեղ լարվածություն (հիպերբուլիա), ինչի հետևանքով կամային հակազդեցությունները դառնում են չափազանց արագ ու անզուսպ, օրինակ՝ աֆեկտի ժամանակ կատարված գործողությունները։

Հոգեբանության տեսանկյունից[խմբագրել]

Կամքը գիտակցության կենսագործունեության ակտիվ կողմն է և բնութագրվում է իբրև մղում, որն ուղեկցվում է ցանկալի նպատակի հասանելության գիտակցմամբ։ Կամքի շնորհիվ անձը կարողանում է նպատակներ առաջադրել, վճիռներ կայացնել և դրանց իրականացման համար անհրաժեշտ ջանքեր գործադրել։ Այլ կերպ ասած՝ կամքը որևէ գործողության հանդեպ անձի գիտակցված պատրաստականությունն ու նպատակաուղղվածությունն է։ Այն անմիջականորեն կապված է մտածողության և հուզական ոլորտի հետ։ Կամքի արտաքին անմիջական դրսևորումները շարժումներն են, որոնք միավորվելով դառնում են գործողություններ, իսկ վերջիններս էլ ձևավորում են նպատակաուղղված գործունեություն։ Կամքի ներքին դրսևորումներն ամփոփված են զուտ հոգեկան երևույթի՝ կամածին ուշադրության մեջ։

Փիլիսոփայության տեսանկյունից[խմբագրել]

Կամքը քննարկվում է՝ շաղկապվելով նպատակայնության, ազատության և անհրաժեշտության հիմնահարցերին։ Իդեալիզմը դիտարկում է կամքը՝ իբրև արտաքին ազդեցություններից ու հանգամանքներից անկախ և օբյեկտիվ անհրաժեշտության հետ չկապակցված հատկանիշ, որն արտահայտվում է մարդու գործողություններում ու արարքներում՝ որպես ազատության դրսևորում։ Ըստ մատերիալիզմի, կամային գործունեության սկզբնաղբյուրը միշտ էլ մնում է օբյեկտիվ աշխարհը, մարդու առարկայանական - պրակտիկ գործունեությունը, որն ուղղված է աշխարհի վերափոխմանը և հիմնված է բնության օբյեկտիվ օրենքների վրա։ Սուբյեկտի ներքին պայմանների (պահանջմունքներ,հետաքրքրություններ,ցանկություններ, գիտելիքներ և այլն) պրիզմայի միջով անդրադարձած օբյեկտիվ աշխարհը նրա համար հնարավորություն է ստեղծում տարբեր նպատակներ գոյացնել, որոշումներ կայացնել, վարվել այս կամ այն կերպ։ Մատերիալիզմի դրույթներում ազատ է ոչ թե կամքը, որն ընտրում է՝ առաջնորդվելով միայն սուբյեկտիվ ցանկություններով (վոլյունտարիզմ, էքզիստենցիալիզմ), այլ այն կամքը, որն ընտրում է՝ համապատասխանելով օբյեկտիվ անհրաժեշտությանը։

Կային փիլիսոփաներ (Դեմոկրիտ, Սպինոզա), որոնք ընդհանրապես ժխտում էին կամքի ազատությունը՝ բացարձականացնելով անհրաժեշտությունը և մերժելով պատահականությունը։ Իսկ որոշ փիլիսոփաներ (Շոպենհաուեր, Գարտման) դիտարկում էին կամքը՝ որպես կույր, ոչ բանական և չգիտակցվող ուժ, որն առկա է ոչ միայն շնչավոր արարածների, այլև ողջ բնության մեջ և ամբողջ գոյի մետաֆիզիկական հիմնավորումն ու սկիզբն է։ Կամքի այսպիսի բնութագիրը ընդհանրություններ ունի Կանտի «իրը՝ ինքն իր մեջ» հասկացության հետ։

Կեցության մետաֆիզիկական սկիզբը կամքին վերագրելը վոլյունտարիզմի հիմնական դրույթներից է։ Վոլյունտարիզմի հիմնադիրը Օուգստոս Երանելին էր, ով կամքը վեր էր դասում ինտելեկտից։ Վոլյունտարիզմը հետագայում զարգացրեցին Դունս Սկոտը և Վիլհելմ Օկկամը։ Այնուհետև նրանց հետնորդները դարձան Շոպենհաուերը և Վունդտը։ Հայ փլիսոփայական մտքի սահմաններում նույնպես չի անտեսվել կամքի, մասնավորապես կամքի ազատության հիմնահարցը։ Տարբեր ժամանակների հայ առաջադիմական մտածողները ճակատագրի անվերապահությունն ընդգծող կամ մերժող հայացքներով այս կամ այն կերպ միշտ էլ անդրադարձել են մարդու կամքի ազատության հարցին։ Այդ մտածողների շրջանակներում կարելի է ընդգծել հետևյալ անունները՝ Մեսրոպ Մաշտոց, Կորյուն, Եզնիկ Կողբացի, Եղիշե, Փավստոս Բուզանդ, Ղազար Փարպեցի, Մովսես Խորենացի, Դավիթ Անհաղթ, Գրիգոր Նարեկացի, Հովհաննես Երզնկացի, Կոնստանդին Երզնկացի, Ֆրիկ, Նահապետ Քուչակ, Մխիթար Գոշ, Վարդան Այգեկցի, Հովհաննես Սարկավագ, Վահրամ Րաբունի, Ներսես Շնորհալի, Գրիգոր Տաթևացի, Մխիթար Հերացի, Սիմեոն Ջուղայացի, Ստեփանոս Լեհացի, Շահամիր Շահամիրյան, Ս. Բաղրամյան, Խաչատուր Աբովյան, Ն. Զորայան, Ս. Վիչենյան, Միքայել Նալբանդյան, Ս. Նազարյանց, Գ. Կոստանդյան, Ս. Ոսկանյան, Ա. Գարագաշյան, Մ. Մամուրյան, Ե. Տեմիրճիպաշյան, Ն. Տաղավարյան, Րաֆֆի, Ե. Ֆրանգյան, Մ. Վարդանյան, Վ. Խորենի, Ս. Սպանդարյան, Ս. Շահումյան, Ս. Կասյան, Ա. Մյասնիկյան և այլոք։

Իրավաբանության տեսանկյունից[խմբագրել]

Կամքը իշխում է այն տեսությունը, ըստ որի անհատական կամքը քաղաքացիական իրավունքի սկզբնաղբույրն է։ Կամքն անհրաժեշտ տարրն է ցանկացած իրավաբանական գործարքի, որն ինքնին կամքի դրսևորում է և հանգեցնում է իրավաբանական այնպիսի հետևանքների, ինչպիսին ցանկացել են կողմերը և միայն այն պատճառով, որ նրանք դա կամեցել են։ Ուստի անվավեր է համարվում այն գործարքը, որն իրականացվել է բռնությամբ, խաբեությամբ կամ սխալմունքով, քանի որ այդպիսի գործարքը չի հանդիսանում մասնակիցների իրական, գիտակցված կամքի դրսևորում։ Քրեական իրավունքի ոլորտում կամքը ընդգրկում է գործունեության դրդապատճառները, գործիչի նպատակները և կատարված գործողություններից անհրաժեշտաբար կամ պատահաբար բխողհետևանքներիկանխատեսումը։