Խոսք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Խոսք, հին քերականության մեջ նաև՝ բան։ Ի տարբերություն լեզվի, որը խոսողական ունակությունների ընդհանրական համակարգ է տվյալ լեզվով խոսող հանրության յուրաքանչյուր անդամի գիտակցության մեջ, խոսքը այդ համակարգի կոնկրոտ, անհատական իրացումն է, լեզվի կենդանի գոյը, որ դրսևորվում է խոսքային գործունեության միջոցով, խոսողական ակտերով։ Խոսքը կառուցվում է լեզվական համակարգի թելադրանքով. այն լեզվի հետ միասնության մեջ է։ Խոսքը բնորոշ է նրանով, որ այն նյութական կողմ ունի, ընկալելի է զգայարաններուվ (լսողությամբ, տեսողությամբ, շոշափելիքով), իրականության հետ համապատասխանության տեսանկյունից կարող է լինել ճիշտ կամ սխալ, կեղծ։ Այն անկրկնելի է, իրացվում է կապված հաղորդման որոշակի նպատակների հետ, հարմարեցվում է իրադրության հետ (խոսքային իրադրություն, ծավալվում է ժամանակի ու տարածության մեջ (խոսքային շղթա, դինամիկ է. արտադրողականությամբ սահմանափակ չէ, իրացվում է որոշակի անհատի կողմից, պայմանավորված է անհատի ստեղծագործական ակտիվությամբ և նպատակադրումներով։

Խոսքի արտաբերումը, հաղորդումն ու ընկալումը իրացվում են խոսքային գործարաններով, որոնց այս կամ այն վթարի հետ կապված՝ գոյանում են խոսքային խանգարումներ:

Խոսքային գործարաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոսքային գործարանները (նաև՝ խոսքային ապարատ մարդու օրգանիզմի այն օրգանների ամբողջությունն է, որոնց աշխատանքով իրացվում է խոսողությունը, խոսքի կազմավորումը, արտաբերումը, հաղորդումը և ընկալումը։

Խոսքային գործարանները ներկայանում են երեք խմբով՝ ղեկավարող, ընկալող և կատարող։ Ղեկավարող գործարանը ուղեղն է՝ համապատասխան խոսքային կենտրոններով և նյարդային ցանցով։ Ընկալող գործարանը լսողական ապարատն է՝ ականջը։ Գրավոր խոսքն ընկալվում է նաև տեսողությամբ, որոշ դեպքերում՝ շոշափելիքով։ Կատարող գործարանը արտասանական ապարատն է։

Հնչարտաբերությունը որոշակիորեն կապված է նաև խոսքային շնչառության հետ։ Հնչարտաբերության կարևորագույն օրգան են ձայնալարերը։ Խոսքային շնչառությունը, ի տարբերություն կենսաբանական շնչառության, կատարվում է հիմնականում բերանային խոռոչով։ Բերանի խոռոչում են գտնվում կարևորագույն արտասանական օրգանները՝ լեզուն, ատամնաշարը, քիմքը, լեզվակը։ Արտասանական գործընթացում չափազանց կարևոր է նաև շրթունքների դերը։ Արտասանական օրգանները բաժանվում են ակտիվ և պասիվ խմբերի։ Ակտիվ կոչվում են այն օրգանները, որոնք շարժուն են և էական դեր են խաղում հնչարտաբերության մեջ, օրինակ՝ լեզուն, շրթունքները, ձայնալարերը, փափուկ քիմքը։ Պասիվ կոչվում են այն օրգանները, որոնք անշարժ են և պակաս դեր ունեն հնչարտաբերության մեջ, օրինակ՝ ատամնաշարը, կոշտ քիմքը և այլն։

Խոսքի խանգարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոսքային գործարանի որևէ խաթարում հանգեցնում է խոսքի խանգարման։ Խոսքի խանգարումը խոսողության լիակատար կամ մասնակի խափանումն է՝ կապված խոսքային կենտրոնների գործունեության որոշակի խախտման կամ արտասանական ապարատի այս կամ այն օրգանի վթարի, դեֆեկտի հետ։ Բնորոշ խանգարումներից է անխոսությունը, որը կապված է Վերնիկեի կենտրոնի գործունեության խանգարման հետ, որի արդյունքուն առաջանում է խոսքային խլություն՝ զգայական աֆազիա, երբ անձը կորցնում է իր և ուրիշի խոսքի բովանդակությունն ըմբռնելու ունակությունը։ Դրա հետ կապված առաջանում է ագրաֆիա կամ գրելազրկություն և կարդալազրկություն։ Խոսքային խանգարման մասնավոր դրսևորումներից են՝ թոթովախոսությունը, թլիկությունը, թլվատությունը, հոտենտոտիզմը, սակավախոսությունը, արագախոսությունը, կակազությունը, ռնգախոսությունը, խուլուհամրությունը և այլն։

Խոսքային խանգարումների ուսումնասիրությամբ և բուժման եղանակների մշակմամբ զբաղվող գիտակարգը կոչվում է լոգոպեդիա ։

Խոսքային գործունեությունը բարդ երևույթ է. այն ունի լեզվաբանական, հոգեբանական, ֆիզիոլոգիական, փիլիսոփայական, սոցիոլոգիական և այլ տեսանկյուններ և դիտարկվում է համապատասխան գիտակարգերի կողմից։

Խոսողական իրացումների ամբողջությունը կոչվում է խոսողություն։ Այն կարող է կատարվել միայն մեկ անձի կողմից, թեև սովորաբար իրացվում է երկկողմանի՝ խոսողի և խոսակցի (խոսակիցների) միջև։ Ըստ այդմ տարբերում են մենախոսություն և երկխոսություն ։ Առաջին դեպքում խոսողական ակտիվությունը մեկի մոտ է, երկրորդ դեպքում երկու կողմերն էլ ակտիվ են։ Մենախոսությունը միակողմանի բնույթ ունի. այն դրսևորվում է ինքնիրեն խոսելու, կամ էլ պատմելու եղանակով (զեկույց, ճառ, դասախոսություն և այլն)։ Երկխոսությունը դրսևորվում է զրույցի, հարցազրույցի, բանավեճի եղանակով։

Ըստ արտահայտման եղանակի խոսքը լինում է բանավոր կամ գրավոր, արտաքին կամ ներքին։ Տարբերում են նաև հեղինակային խոսք և ուրիշի խոսք:

Բանավոր խոսք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանավոր խոսքը պատմականորեն նախորդում է գրավորին, ունի խոսակցական-արտասանական իրացում։ Պայմանավորված է խոսքային իրադրությամբ, հաղորդակցվողների փոխհարաբերությամբ, խոսողի հոգեվիճակով և այլն։ Կարևոր են նաև ուղեկցող միջոցները (միմիկա, շարժուձև և այլն)։ Հիմնականում բարձրաձայն խոսողություն է, կարող է ձայնագրվել, վերարտադրվել, հաղորդվել տեխնիկական միջոցներով (ռադիո, հեռուստատեսություն, հեռախոս)։ Արտահայտության ձևերն են՝ զրույցը, բանավեճը, դասախոսությունը, ճառը, կոչը, հայտարարությունը, երգը, չափածո և արձակ խոսքը և այլն։ Բանավոր խոսքը սահմանափակված է տարածականորեն (չհաշված տեխնիկական միջոցների գործադրումը) և ժամանակով (բանավոր միմյանց հետ կարող են հաղորդակցվել միայն ժամանակակիցները)։

Արտաքին խոսքը սովորական հնչյունական-արտասանական իրացում ունեցող խոսքն է։ Ներքին խոսքը մենախոսության այն տեսակն է, երբ խոսքը հնչյունական-արտասանական դրսևորում չունի, ուղղված չէ ինչ-որ մեկին, և եթե խոսակից էլ կա, ապա այն երևակայական է։ Գիտական, ուսուցողական և այլ շարադրանքները հենվում են հենց ներքին խոսքի վրա։ Միայն բեմական խոսքում այն կարող է ներկայացվել բարձրաձայն արտասանությամբ։

Ընթերցանությունը խոսողության այն ձևն է, երբ մեկը բարձրաձայն կամ մտքում վերարտադրում, արտաբերում է իր կամ ուրիշի գրավոր խոսքը։

Գրավոր խոսք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրավոր խոսքը գրի առնված, գրավոր տեսքի վերածված խոսքն է. իրացվում է գրային պայմանական նշանների գործադրումով, ընկալվում է տեսողությամբ կամ շոշափելիքով։ Այս դեպքում խոսքային իրադրություն ստեղծվում է մտովի, ոչ իրականում։ Զուրկ է բանավորին հատուկ կառուցվածքային և ոճարտահայտչական որոշ հատկանիշներից։ Կարևոր դեր են խաղում գրության եղանակները, կետադրությունը։ Գրավոր խոսքն, ի տարբերություն բանավորի, չունի տարածական և ժամանակային սահմանափակումներ։

Ըստ ծավալի տարբերում են համառոտ խոսք և ընդարձակ խոսք: Համառոտ խոսքը կարող է արտահայտված լինել նույնիսկ մեկ բառով։ Համառոտ են կոչերը, հայտարարությունները, առածները, ասացվածքները և այլն։ Ընդարձակ խոսք են պատմվածքը, նովելը, հոդվածը, ակնարկը, իսկ առավել ընդարձակ խոսք են վեպը, վիպակը և այլն։

Ըստ պարունակած ինֆորմացիայի բնույթի տարբերում են՝ մտավոր խոսք, զգացական խոսք, պատկերավոր խոսք, քաղաքավարական խոսք և այլն։ Մտավոր խոսքը պարունակում է մտածական, դատողական ինֆորմացիա, զգացական խոսքը` կամահուզազգացական միտումներ, երանգներ։ Պատկերավոր խոսքը բնորոշ է լեզվաարտահայտչական միջոցների գործադրմամբ։ Քաղաքավարական խոսքին բնորոշ են ոճային հատուկ երանգներ, բառեր, ձևեր, արտահայտություններ։

Հեղինակային խոսքը խոսողից կամ գրական ստեղծագործության հեղինակից սերող խոսքն է` ի տարբերություն ուրիշի և գրական հերոսների խոսքի։ Ուրիշի խոսքը խոսողի, հեղինակի կողմից պատմողաբար կամ բառացի մեջբերված խոսքն է։ Խոսակցությունը կարող է իրացվել հարցուպատասխանական եղանակով։ Հարցուպատասխանական խոսքն ունի հնչերանգային բնորոշ գծեր, ինչպես, օրինակ, հարցական և պատասխանական բառեր, հնչերանգային համապատասխան կաղապարների գործադրում և այլն։

Ըստ գործառական ոլորտների տարբերում են խոսքի հետևյալ տեսակները. առօրյա, կենցաղային, գործնական, պաշտոնական, բանաստեղծակա, մասնագիտական, հրապարակախոսական, ճարտասանական, բեմական, գրական, բարբառային և այլն։

Խոսքի մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոսքի մշակույթը (կուլտուրան) բանավոր և գրավոր խոսքի հնչյունաբանական, բառագիտական, քերականական, ոճագիտական նորմերին տիրապետելը և դրանք ըստ նպատակադրման՝ տեղին գործածելն է։ Խոսքի մշակույթը ձեռք է բերվում համառ և հետևողական աշխատանքի արդյունքում և կարևորագույն դեր է խաղում մարդու ընդհանուր զարգացման հարցում։ Խոսքի մշակույթի լավագույն օրինակ են հանդիսանում դասական գրողները, գիտնականները, հրապարակախոսները, արվեստի գործիչները, հմուտ ուսուցիչները։ Գեղեցիկ խոսելու համար պետք է տիրապետել լեզվի հնչարտաբերական սկզբունքներին, կանոններին, խուսափել օտարաբանություններից, անհարկի բարբառայնությունից, գռեհկաբանությունից և այլն։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Խոսք հոդվածին
  • Հ. Պետրոսյան, Հայերենագիտական բառարան, էջ 280
Wiktionary-logo-hy.png Ընթերցե՛ք «խոսք» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։