Կետադրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կետադրություն, գրավոր խոսքում լեզվի կետադրական նշանների և դրանց կանոնների ամբողջությունը: Կետադրությունն ուսումնասիրում է նախադասության, նրա քերականական ու վերաբերական անդամների դադարները, ձայնի ելևէջները, երանգները, տոնի, շեշտի առանձնահատկությունները, ինչպես նաև սրանց պայմանական նշանների գործածության կանոնները: Բանավոր խոսքում նախադասությունների, նրանց բաղադրիչ մասերի հարաբերություններն արտահայտվում են ռիթմի, դադարի, ժեստի, մնջախաղի, մարմնի համապատասխան մասերի շարժումների, կրկնությունների միջոցով: Գրավոր խոսքում դրանց փոխարինում են կետադրության նշանները: Վերջիններս ոչ միայն մասնատում են գրավոր խոսքի բաղադրամասերը (տրոհության նշաններ), այլև ճշտում, կոնկրետացնում են նախադասության միտքը, բնութագրում նրա բովանդակությունը (հարցականը, տրամաբանական շեշտը), հուզաարտահայտչականությունը (բացականչականը), ինչպես նաև ծառայում են նախադասության և նրա անդամների էությունն առավելապես բացահայտող միավորներին (բացահայտության նշաններ): Կետադրության նշաններն օգնում են նաև բառերի քերականական կոնկրետ հատկանիշների ճշտմանը, բառույթների ձեավորմանը:

Մինչև արդի կետադրական կանոնների արմատավորումը կիրառվել են զանազան ինքնատիպ նշաններ: Հայերենի կետադրության պատմությունն սկսվում է V դարից՝ Դիոնիսոս Թրակացու «Քերականական արվեստ» երկի թարգմանությամբ: Աշխարհաբարում ավելի են կայունանում կետադրության նշանների գործածության սահմաններն ու սահմանումները՝ հատկապես Արսեն Այտընյանի և Մանուկ Աբեղյանի ջանքերով: Կետադրության նշանների համակարգը լեզուներում միօրինակ չէ: Հայերենում, ռուսերենում բարդ ստորադասական նախադասության համապատասխան շաղկապներից ու հարաբերական բառերից առաջ դրվում է ստորակետ, մինչդեռ, ասենք, անգլերենում, ֆրանսերենում չի դրվում: Անմիօրինակություն կա զեղչված անդամների, բացահայտիչ-բացահայտյալի, տրոհվող լրացումների և այլ շարահյուսական միավորների կետադրության հարցում: Բութ նշանը, որը մինչև 13-րդ դարը եղել է առոգանության նշան, կա միայն հայերենում: Հայերենի վերջակետը շատ լեզուներում հանդես է գալիս որպես միջակետ, իսկ միջակետը՝ որպես նախադասության ավարտի նշան՝ վերջակետ: Հարցականը և բացականչականը հայերենում ունեն յուրահատուկ գծագրական պատկեր և դրվում են նախադասության որոշակի անդամի որոշակի վանկի ձայնավորի վրա: Բացահայտության նշանները գրեթե բոլոր լեզուներում գործածվում են նույն դիրքում, նույն նպատակով:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հատկանշական է այն հանգամանքը, որ աշխարհի շատ լեզուներում կետադրական համակարգը ձևավորվել է շատ ավելի ուշ, որոշ դեպքերում լեզվի սկզբնավորումից և գրերի գյուտից հարյուրամյակներ անց։ Հնում կետադրական նշաններ առհասարակ չեն եղել, նույնիսկ՝ բառերի միջև բացատներ։ Լեզվի պատմության մեջ դադարներ արտահայտող կետադրական նշանների առաջին օրինակները կարող ենք տեսնել մոավիտացիների թողած, այսպես կոչված, Մոշա Ստելլե արձանագրություններում (Ք. Ա. 9-րդ դար): Այդ արձանագրությունում բառերը միմյանցից առանջնացված են կետերով (.), իսկ նախադասությունները` հորիզոնական գծերով (/): Մոավիտացիներից հետո հույներն էին, որ իրենց լեզվում մտցրեցին կետադրական նոր նշան` ուղղահայաց իրար տակ դրված երկու կետերը: Հույները հատկապես կետադրույթյան կարևորությունը զգացին թատերգության և հռետորության ծաղկմամ ժամանակաշրջանում: Առանց կետադրական նշանների գրավոր խոսքը դժվար էր ճիշտ, առանց իմաստային փոփոխությունների ենթարկելու վերարտադրել, և հարկավոր էր ստեղծել համակարգ, որը կհեշտացներ գրավոր տեքստի բարձրաձայն ընթերցումն ու այն կհասցներ իր նպատակին: Նույն կետի կիրառությունը տողի տարբեր մակարդակներում տարբեր տևողությամբ դադարներ էր ցույց տալի: Օրինակ` տողի ներքևի հատվածում դրվող մեկ կետը (.) պայմանականորեն միմյանցից բաժանում էր շարույթային փոքր միավորները, տողի միջնամասում դրված կետը` բարդ նախադասության բաղադրիչ նախադասությունները, իսկ տողի վերջում դրված կետը ցույց էր տալիս նախադասության վերջը, մեկ այլ կետ` նոր պարբերության սկիզբը: Հռոմեացիները փոխ առնելով հույների ստեղծած կետադրական համակարգը, դրան ավելացրեցին ևս մեկ նշան` ստորակետը:

Կետադրական համակարգը կտրուկ զարգացում ապրեց քրիստոնեության տարածման ժամանակահատվածում: Գրիչները արտագրելով բազմացնում էին աստվածաշունչը, որը հետագայում պետք է բարձրաձայն կարդացվեր քարոզների ժամանակ: Արդյունքում նրանք սկսեցին պայմանական նշաններ ավելացնել, որոնք կօգնեին ճիշտ կարդալ աստվածաշնչյան տեքստը և հաղորդագրությունը հասցնել ժողովրդին: Մ.Թ. 7 – 8-րդ դարերում իռլանդերեն դարձավ առաջին լեզուն, որոնք չէր սկզբնավորվել լատիներենից, բայց փոխ առավ լատինական այբուբենն ու կետադրական համակարգը, դրանք համապատասխանեցնելով սեփական լեզվի առանջնահատկություններին: Կետադրական համակարգում նրանց արած նորամուծություններից էր այսօր աշխարհի գրեթե բոլոր լեզուներում կիրառվող հարցական նշանը՝ (?):

Միջնադարում ֆրանսերենում արվեց կետադրական ևս մեկ նորոմուծություն՝ ստեղծվեցին չակերտները, որոնք նախնական կիրառությամբ առանջնացնում էին երկխոսություններում տարբեր անձանց ուղղակի խոսքը: Չնայած արդեն ստեղծվել էին կետադրական նշանները, բայց դրանք այնքան էլ լայն կիրառություն չունեին մինչև տպագրության մեծ մասշտաբներ ստանալն ու հասարակ ժողովրդի շրջանում գրագիտության մակարդակի բարձրացումը: Եվրոպական գրեթե բոլոր լեզուների կետադրական համակարգը նման է անգլերենին և քիչ են տարբերությունները: Օրինակ` ֆրանսերենում և անգլերենում չակերտների գրությունը տարբեր է: Վրացերենում նախադասությունները կամ պարբերությունները իրարից առանձնացնելու համար օգտագործում են երեք կետեր՝ (:.): Իսպաներենում հարցական նախադասությունները կետադրելիս օգտագործում են կրկնակի հարցական նշան՝ մեկը դնելով նածադասության սկզբում, մյուսը՝ վերջում (¿?): Արաբերենն ու պարսկերենը, որոնց գրույթունը իրականացվում է աջից ձախ, օգտագործում են հարցականի և ստորակետի հայելային արտապատկերված տարբերակը, մինչդեռ եբրայերենում, որի գրությունը նույնպես աջից ձախ է, կիրառվում են այն նույն կետադրական նշանները ինչ անգլերենում: Իսկ հայերենի կետադրական նշաններից շատերը չեն մեկ այլ լեզվում, ինչպիսիսք են բացականչական, հարցական նշանները, շեշտը և բութը:

Հայերենի կետադրական նշանները ստեղծվել են միջնադարում։ Դրան համապատասխան էլ ստեղծվել է կետադրությունը, որ նախատեսված է եղել տարբեր դեպքերում ճիշտ նշան դնելու համար։ Աշխարհում քիչ չեն նաև այն լեզուները, որոնցում բացակայում է ոչ միայն կետադրական համակարգը, այլև բառերի միջև տարածությունը, օրինակ չինարենում, ճապոներենում,կորեերենում: Բայց դա դեռ ամենևին էլ չի վկայում այդ լեզուների պարզունակության մասին, պարզապես դրանց առանձնահատկությունները թույլ են տալիս խոսքը ճիշտ նպատակին հասցնել նաև առանց կետադրական նշանների:

Հայերենի կետադրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայերենի կետադրական նշաններն են.

Բացատ
Վերջակետ ։
Միջակետ
Ստորակետ ,
Բութ ՝
Շեշտ ՛
Հարցական նշան ՞
Բացականչական նշան ՜
Չակերտներ « »
Փակագծեր ( )
Կախման կետեր
Բազմակետեր .....
Անջատման գիծ
Միության գծիկ -
Ենթամնա ֊
Ապաթարց ՚

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հ. Տաշյան, Ակնարկ մը հայ հնագրության վրա, Վնն., 1898:
  • Գևորգ Ջահուկյան, Քերականական և ուղղագրական աշխատությունները հին և միջնադարյան Հայաստանում, Ե., 1954:
  • Լ. Խաչերյան, «Գրչության արվեստի» լեզվական-քերականական տեսությունը միջնադարյան Հայաստանում, Ե., 1962:
  • Մ. Աբեղյան, Հայոց լեզվի տեսություն, Ե., 1965:
  • Հրաչյա Աճառյան, Լիակատար քերականություն հայոց լեզվի, հ. 6, Ե., 1971:
  • Հ. Մխիթարյան, Հայերենի կետադրության համառոտ պատմություն, Ե., 1972:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png