Աստվածաշունչ
առաջին տպագրիչ Յոհան Գուտենբերգի Աստվածաշունչ | |
Տեսակ | կրոնական գիրք և collection of literary works? |
Ժանր | կրոնական գրականություն և կրոնական գիրք |
Կազմված է | Հին Կտակարան, Նոր Կտակարան և Հրեական աստվածաշունչ |
Բնօրինակ լեզու | հին եբրայերեն, արամեերեն և կերոն |
Նկարագրում է | Միջին Արևելք |
Վիքիքաղվածք | Աստվածաշունչ |
Bible Վիքիպահեստում |
Աստվածաշունչ (Աստվածաշունչ մատյան, Սուրբ Գիրք, Գիրք Գրոց, Աստծո Խոսք), քրիստոնյաների համար առանցքային և սուրբ համարվող մի շարք կրոնական տեքստեր պարունակող գիրք։
Անվանում և Աստվածաշնչականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աստվածաշունչ նշանակում է Աստծուց ներշնչված / Աստծու ներշնչանքով գրված/ «Սուրբ գիրք», բառի լայն իմաստով, համարվում է ցանկացած կրոնական համակարգում բացառիկ հեղինակություն վայելող և սրբություն համարվող գրությունների ամբողջությունը։ Առավել նեղ՝ քրիստոնեական իմաստով Սուրբ Գիրքը սրբազան մատյանների՝ գրքերի այն ժողովածուն է, որն եկեղեցիների կողմից ընդունվում է որպես աստվածային հայտնության արձանագրություն և իր մեջ պարունակում է Աստծո խոսքը, պատգամներն ու թելադրանքները, ինչպես նաև աղբյուր է ծառայում հավատքի, դավանական սկզբունքների, կրոնաբարոյական կյանքի ու հոգևոր սննդի համար։ «Սուրբ Գիրք» տերմինը, որ կիրառվում է քրիստոնեական բոլոր եկեղեցիների կողմից, թարգմանությունն է հունարեն βίβλος (biblos) բառի, որը թարգմանվում է գիրք, շարադրանք։ «Գիրք» կամ «գրքեր» անվանումը Սուրբ Գիրքը օգտագործում է դեռևս Հին Կտակարանում (Սաղմ. 39:8), իսկ Նոր Կտակարանում Քրիստոսը և առաքյալները Հին Կտակարանի Սուրբ Գրքերը անվանում են «գրքեր» և «գրություններ» (Մատթ. 21:42, 22:29, Ղուկ. 24:32, Հովհ.5:39)։ Հին քրիստոնյաների մոտ լայն կիրառություն ուներ «Սուրբ Գրություններ» եզրը, որն օգտագործում է նաև Պողոս առաքյալը (Հռոմ.1:2, Բ Տիմ. 3:15)։ Սկզբնական շրջանում «Սուրբ Գրություններ» անվանվում էին բոլոր տեսակի Սուրբ Գրքերը, սակայն ժամանակի հետ այն համընդհանուր կիրառության մեջ մտավ որպես սուրբգրային տեքստերի կանոնականացված ժողովածու։
Ըստ այսմ, յուրաքանչյուր ավանդություն և յուրաքանչյուր դոգմա պետք է գտնվի Սուրբ Գրքի հետ հարաբերության մեջ։ Թեև Սուրբ Գիրքը, որպես այդպիսին, Եկեղեցում վկայված է Սրբազան Ավանդության մեջ և այդ իմաստով այն ավանդության բաղկացուցիչ է հանդիսանում, սակայն այն չի կորցնում իր բացառիկությունը և միակության արժեքը, այլ պահպանում է իր բնույթը որպես Աստծո խոսք, որը, մեկ անգամ ճանաչվելով և վկայվելով ավանդության մեջ, հանդիսանում է հավատքի և դավանանքի առաջնային աղբյուրը։ Կարելի է ասել, որ Սրբազան Ավանդությունն իր զանազան հայտնություններով ունի համեմատական-պատմական բնույթ, իսկ Սուրբ Գիրքը Աստծո ձայնն է՝ ուղղված մարդուն ու աշխարհին և նրան է պատկանում առաջնային կարևորությունն ու նշանակությունը։ Սուրբ Գիրքն աստվածային հավերժական հայտնությունն է և որպես այդպիսին, ունի անքննելի և միշտ բացահայտվող խորք ու նշանակություն ոչ միայն ներկա դարի, այլ նաև ապագայի համար։ Հատկանշական է այն, որ հայերիս մեջ Սուրբ Գիրքը առավելաբար անվանվում է Աստվածաշունչ՝ Աստծուց ներշնչված, Աստծո շնչով գրված։ Աստվածաշունչ բառը (hունարենն (theopneustos) (theos) - Աստված և πνεύμα (pneuma) – շունչ բառերից) առաջին անգամ գործածում է Պողոս առաքյալը՝ ասելով. «Աստծո շնչով գրված ամեն գիրք օգտակար է ուսուցման, հանդիմանության, ուղղելու և արդարության մեջ խրատելու համար» (Բ Տիմ. 3:16)։ Աստծո հայտնության գրավոր փոխանցումը մարգարեների և այլ հեղինակների կողմից նկատվել և ըմբռնվել է որպես հրաման հենց Իրենից՝ Աստծուց. «Ահա քեզ մի նոր մեծադիր մատյան. նրա մեջ ճարտար մարդու գրիչով գրի՛ր…» (Ես. 8:1) կամ «Պարզորոշ գրի՛ր այդ տեսիլքդ տախտակի վրա, որպեսզի ով կարդա, համարձակ կարդա» (Ամբ. 2:2)։ Սուրբ Գրքի աստվածաշնչականությունը (այսինքն Աստծո շնչով գրված լինելու հանգամանքը) ըմբռնելու համար շատ կարևոր է Պետրոս առաքյալի խոսքը. «… մարգարեությունը ոչ թե ըստ մարդկանց կամքի տրվեց, այլ Սուրբ Հոգուց մղված, որ խոսեցին Աստծո սուրբ մարդիկ» (Բ Պետ. 2:21)։ Հայտնության այս տվյալների վրա է անշուշտ հիմնված մեր եկեղեցու հանգանակի այն հատվածը, ուր ասվում է, թե Սուրբ Հոգին «խոսեցաւ յՕրէնս և ի Մարգարէս և յԱվետարանս»։ Այս ամենից կարելի է եզրակացնել, որ Սուրբ Գրքերի աստվածաշունչ լինելը անհերքելի իրողություն է, սակայն հարց է առաջանում, թե ինչպե՛ս պետք է ըմբռնել այդ աստվածաշունչ լինելու որակը, ձևը, տարողությունը։ Համաձայն Պետրոս առաքյալի երկրորդ նամակի առաջին գլխի 21-րդ համարի՝ հստակ է դառնում, որ Սուրբ Գիրքը երկու հեղինակ ունի՝ Աստված՝ Սուրբ Գրքի խորքի հեղինակը, այսինքն դրա նախապատճառը և մարդը՝ Սուրբ Գրքի ձևի հեղինակը՝ երկրորդական պատճառը։ Ինչպես Սուրբ Գրիգոր Սքանչելագործն է ասում. «Սուրբ մարգարեների և առաքյալների լեզվով մեզ հետ խոսում է Տերը»։ Թե՛ Լատին, Թե՛ Ուղղափառ եկեղեցիները շեշտում են այն, որ Սուրբ Գիրքը Աստծո խոսքն է, իսկ Բողոքական եկեղեցին այն կարծիքին է, թե Սուրբ Գիրքն ուղղակի բովանդակում է Աստծո խոսքը։ Ի տարբերություն այս կարծիքների, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին պնդում է, որ Սուրբ Գիրքը բովանդակում է Աստծո խոսքը և Աստծո խոսքն է ինքնին։ Եկեղեցին չի ընդունում այն տեսակետը, թե Սուրբ Գիրքն ուղղակիորեն բառ առ բառ թելադրվել է Աստծուց մարդուն, քանզի այդ պարագայում գրքերի հեղինակները պիտի համարվեն հասարակ գրագիրներ, որոնց դերը սահմանափակվում է գործնական աշխատանքով միայն։ Սուրբ Բարսեղ Մեծը նշում է, որ Սուրբ Հոգին երբեք չի զրկում բանականությունից նրան, ում ինքը ներշնչում է. հակառակ դեպքում նման քայլը կդիտվի սատանայական։ Մարդկային բնությունը մնում է անձեռնմխելի այն բանում, որ հատուկ է միայն իրեն՝ մարդուն, սակայն հարստացվում է Սուրբ Հոգուց։ Յուրաքանչյուր աստվածաշնչական գրքում առկա է մարդկային հանճարի կնիքը, որը հատուկ է յուրաքանչյուր հեղինակի։ Կարծես կիսելով այս կարծիքը՝ Որոգինեսը պնդում է, որ ճիշտ չէ այն մտայնությունը, թե մարգարեները խոսել են առանց գիտակցության՝ Սուրբ Հոգու ճնշման տակ, այլ խոսել են կատարյալ ազատությամբ։ Սակայն մի բան միանգամայն ակնհայտ է. ներշնչումն Աստծուց է. հեղինակի գրի առնելու ժամանակ աստվածային զորությունը միշտ ներկա է, և այն, այսպես ասած, թույլ չի տալիս, որ գաղափարները գրվեն ու ներկայացվեն սխալ ձևով։ Ընդունելով, որ Սուրբ Գիրքը աստվածաշունչ է, քրիստոնյաները համարում են այն անսխալական՝ ճշմարտության աղբյուր և հայտնության հայելի։
Հին և Նոր Կտակարաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աստվածաշունչը բաղկացած է Հին և Նոր կտակարաններից (Հին Կտակարանը համարվում է նաև հրեաների Սուրբ Գիրքը)։ Սուրբ Գրքի առանցքն ու կենտրոնը Փրկիչն է՝ Հիսուս Քրիստոսը։ Ըստ այսմ Աստվածաշնչյան գրքերը, որոնք գրված են նախքան Քրիստոսի աշխարհ գալը և մարգարեանում են նրա մասին, մտան Հին Կտակարանի կազմի մեջ, իսկ նրանք, որ կազմվեցին Փրկչի աշխարհ գալուց հետո ու նվիրվեցին Նրա քարոզչական առաքելությանն ու նրա առաքյալների կողմից հիմնված Եկեղեցու սկզբունքների շարադրմանը, ընդգրկվեցին Նոր Կտակարանի մեջ։ Ինչպես Ուխտ, այնպես էլ դրա հետ կապված Հին և Նոր բառերը փոխառված են Սուրբ Գրքից (օրինակ՝ Ելք 24:7, Մատթ. 16:28)։ Ուխտ բառը (լատ.՝ testamentum, հուն.՝ διαθήκη (diatheke)) նշանակում է կարգ, կտակ (այստեղից էլ կտակարան եզրը), համաձայնություն, երդում։ Հին Կտակարան արտահայտությունը առաջին անգամ հանդիպում ենք կորնթացիներին ուղղված երկրորդ նամակում (3:14)։ Հինկտակարանյան գրքերի կանոնը քրիստոնեական Եկեղեցին ընդունեց հրեական Սուրբ Գրքից (Հին Կտակարանը բաժանվում է երեք մասի՝ Թորա (Օրենք կամ Հնգամատյան), Նեբիիմ (Մարգարեություն), Քեթուբիմ (Գրություններ)։ Ոմանք գրություններից առանձնացնումեն նաև Իմաստության գրքերը՝ գրություններ բաժնում թողնելով միայն պատմական գրքերը)։ Հին Ուխտը փաստորեն հանդիսանում է այն վեմը, որի վրա պիտի բարձրանար քրիստոնեական տունը։ Քրիստոսը Հին Կտակարանում հանդես է գալիս որպես ակնկալիք, իսկ Նորում՝ ակնկալիքների իրականացում. այս երկուսը միասին կազմում են մեկ ամբողջություն։ Մի խոսքով այն ամենն, ինչ վկայված էր Հին Կտակարանում, նախապատրաստությունն էր նորում իրականացվելիք հայտնության (Ղուկ. 24:27, 44, Հովհ. 5:39, 46), որը, կարելի է ասել, տառացիորեն, ամենայն մանրամասնությամբ իրականացավ Փրկչի շուրթերից հնչած վերջին արտահայտությամբ. «Ամեն ինչ կատարված է» (Հովհ. 19:30)։ Հին և Նոր Կտակարանների հարաբերությունը լավագույնս տալիս է Օգոստինոս երանելին՝ ասելով. «Նոր Կտակարանն անթեղված է Հնում, Հինը բացահայտվում է Նորում»։ Նոր Կտակարանի առաջին չորս գրքերը՝ Ավետարանները, արձագանքն են Մովսեսի Հնգամատյանի և իրենցից ներկայացնում են նոր Ծննդոց, բայց միաժամանակ ընդգրկում են մարգարեության լրումը՝ Մեսիայի գալուստը մարգարեական նախավկայությամբ և վերջին օրվա դատաստանը։ Երկրորդ մասը, որ պատմական գրքերն են, նույնացվում է Գործք Առաքելոցի հետ։ Սրան հաջորդում են նորկտակարանյան նամակները, որոնք զուգակցվում են Հին Կտակարանի պոետիկ և խոհական (Իմաստության գրքեր) բաժնի հետ։ Ի վերջո Նոր Կտակարանի և ողջ Սուրբ Գրքի լրումը իրականանում է Հովհաննեսի Հայտնությամբ և վերջինիս երկնային քաղաքի ու ժամանակի վերջի տեսիլքով։
Սուրբ Գրքի կանոն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սուրբ Գրքի տարբեր գրությունների հանդեպ զանազան եկեղեցիներ ունեն յուրահատուկ դիրքորոշում։ Յուրաքանչյուր եկեղեցի ունի իր համար հաստատված Աստվածաշնչյան գրքերի կանոն (հունարեն՝ κανων (canon) բառից, որ չափման համար նախատեսված եղեգ էր նշանակում, իսկ հետագայում վերաիմաստավորվելով ստացել է օրենքի, նորմայի, օրինակի իմաստ)։ Այս բառը օրտագործում է նաև Պողոս առաքյալը (Գաղ. 6:16)։ Արդեն իսկ սուրբ Հիրենեոս Լիոնացին (Լիոնացի) ասում է, որ մենք ունենք «ճշմարիտ կանոնը, որ Աստծո խոսքն է», իսկ սուրբ Աթանաս Ալեքսանդրացին կանոնական է սահմանում այն գրքերը, «որոնք ծառայում են որպես փրկության աղբյուր, որոնց մեջ է միայն նախացուցված բարեպաշտության վարդապետությունը»։ Ըստ կանոնների բաժանման Աստվածաշնչի գրքերը լինում են՝
- Նախականոն - գրքեր, որ բոլոր եկեղեցիները ընդունում են որպես ճշմարիտ աստվածաշունչ գրքեր։
- Երկրորդականոն - գրքեր, որոնք թեև այժմ ընդունված են կանոնի մեջ, բայց միշտ ու ամենքի կողմից ընդունված չեն եղել։
- Պարականոն - գրքեր, որոնք թեև կանոնից դուրս են բոլոր եկեղեցիներում, սակայն իրենց պարունակությամբ գովելի են և արժանի ընթերցանության։
Ոմանք առանձնացնում են նաև մի չորրորդ բաժին՝
- Տարականոն - գրքեր, որոնք ոչ միայն չկան կանոնի մեջ, այլև մերժված են Եկեղեցու կողմից և բոլորովին անընդունելի։
Նշենք, որ այս բաժանումները հիմնականում վերաբերում են Հին Ուխտին, քանզի Նոր Կտակարանի մեջ մտած բոլոր գրքերն էլ համարվում են կանոնական, իսկ կասկածներն ու տատանումները վերաբերում են առանձին գրքերի՝ ինչպես կանոնի մեջ մտածներին (Հայտնություն), այնպես էլ դրանից դուրս մնացածներին, որոնք ժամանակին եղել են կանոնի մեջ (Հերմասի «Հովիվը», «Կղեմեսի Նամակը» և այլն) կամ էլ ընդհանրապես չեն եղել կանոնում, սակայն ունեցել են կիրառության լայն շրջանակ (պարականոն գրվածքներ)։ Իհարկե յուրաքանչյուր եկեղեցի գրքերի ընտրության հարցում իրավունք ունի դրանք դիտարկել իր վարդապետության տեսանկյունից։ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Հին Կտակարանի կանոնի մեջ ընդգրկում է 48 գիրք՝
- Ծննդոց
- Ելք (Ելից գիրք)
- Ղևտական (Ղևտացվոց գիրք)
- Թվեր
- Երկրորդ օրենք (Երկրորդումն օրինաց)
- Հեսու Նավե (Հեսուի գիրք)
- Դատավորներ
- Հռութ
- Ա Թագավորություններ
- Բ Թագավորություններ
- Գ Թագավորություններ
- Դ Թագավորություններ
- Ա Մնացորդաց
- Բ Մնացորդաց
- Ա Եզրաս
- Բ Եզրաս
- Նեեմի
- Եսթեր
- Հուդիթ
- Տոբիթ
- Ա Մակաբայեցիներ
- Բ Մակաբայեցիներ
- Գ Մակաբայեցիներ
- Սաղմոս (Դավթի Սաղմոսներ)
- Առակներ
- Ժողովող
- Երգ Երգոց
- Իմաստություն Սողոմոնի
- Սիրաք (Հեսույի որդի Սիրաքի Իմաստություն)
- Հոբ
- Եսայու Մարգարեություն
- Օսէէի Մարգարեություն
- Ամոսի Մարգարեություն
- Միքիայի Մարգարեություն
- Հովելի Մարգարեություն
- Աբդիույի Մարգարեություն
- Հովնանի Մարգարեություն
- Նավումի Մարգարեություն
- Ամբակումի Մարգարեություն
- Սոփոնիայի Մարգարեություն
- Անգեի Մարգարեություն
- Զաքարիայի Մարգարեություն
- Մաղաքիայի Մարգարեություն
- Երեմիայի Մարգարեություն
- Բարուքի Մարգարեություն
- Ողբ (Երեմիա Մարգարեի ողբը)
- Դանիելի Մարգարեություն
- Եզեկիելի Մարգարեություն
Սրանցից 9-ը (Ա Եզրաս, Հուդիթ, Տոբիթ, Ա, Բ, Գ Մակաբայեցիներ, Սողոմոնի իմաստություն, Սիրաք, Բարուք, ինչպես նաև Դանիելի Մարգարեության որոշ հատվածներ) համարում է երկրորդականոն։ Բողոքական կանոնը չունի նախականոնության և երկրորդականոնության խնդիրը. այն ընդունում է հրեական կանոնի 39 գրքերը՝ ապոկրիֆ (պարականոն) համարելով Տոբիթ, Հուդիթ, Եսթեր (11-16 գլուխներ), Սողոմոնի իմաստություն, Սիրաքի իմաստություն, Բարուք գրքերը, Դանիելի մարգարեության երրորդ գլխի «Երեք մանուկների օրհնությունը», նույն գրքի 13-րդ, 14-րդ գլուխները, Ա, Բ Մակաբայեցիներ, Ա, Բ Եզրաս գրքերը և Մանասե թագավորի աղոթքը։ Որոշ բողոքական Սուրբ Գրքերում (King James Bible (1611) կամ New International Version) պարականոն համարվածները տեղակայված են հավելյալ՝ երրորդ ուսուցողական բաժնում։ Հույն և Լատին եկեղեցիների հետ հայ եկեղեցին, համաձայնելով նախականոն գրքերի շուրջ, տարբերվում է երկրորդականոնների հարցում։ Այսպես Հունական կանոնը, ունենալով հայկական բոլոր երկրորդականոն համարվող գրքերը, ունի ևս մեկ գիրք՝ «Երեմիա մարգարեի նամակն ուղղված Բաբելոնի գերյալներին», որը հայ եկեղեցին միշտ պարականոն է համարել։ Իսկ Հռոմեական Կաթոլիկ եկեղեցին, որը բացառապես հիմնվում է 1546 թ. Տրիդենտյան ժողովի ընդունած կանոնի վրա, պարականոն է համարում հայերիս մոտ երկրորդականոն ճանաչված Ա Եզրաս և Գ Մակաբայեցիներ գրքերը։ Նոր Կտակարանի բոլոր 27 գրքերը, որպես նախականոն գրքեր ընդունվում են բոլոր եկեղեցիների կողմից։ Նոր Կտակարանի գրքերն են՝
- Ավետարան ըստ Մատթեոսի
- Ավետարան ըստ Մարկոսի
- Ավետարան ըստ Ղուկասի
- Ավետարան ըստ Հովհաննեսի
- Գործք առաքելոց
- Պողոս առաքյալի նամակը Հռոմեացիներին
- Պողոս առաքյալի առաջին նամակը Կորնթացիներին (Ա Կորնթացիներ)
- Պողոս առաքյալի երկրորդ նամակը Կորնթացիներին (Բ Կորնթացիներ)
- Պողոս առաքյալի նամակը գաղատացիներին
- Պողոս առաքյալի նամակը եփեսացիներին
- Պողոս առաքյալի նամակը փիլիպեցիներին
- Պողոս առաքյալի նամակը կողոսացիներին
- Պողոս առաքյալի առաջին նամակը թեսաղոնիկեցիներին (Ա Թեսաղոնիկեցիս)
- Պողոս առաքյալի երկրորդ նամակը թեսաղոնիկեցիներին (Բ Թեսաղոնիկեցիս)
- Պողոս առաքյալի առաջին նամակը Տիմոթեոսին (Ա Տիմոթեոս)
- Պողոս առաքյալի երկրորդ նամակը Տիմոթեոսին (Բ Տիմոթեոս)
- Պողոս առաքյալի նամակը Տիտոսին
- Պողոս առաքյալի նամակը Փիլիմոնին
- Նամակ եբրայեցիներին
- Հակոբոս Առաքյալի ընդհանրական նամակը
- Պետրոս Առաքյալի առաջին ընդհանրական նամակը (Ա Պետրոս)
- Պետրոս Առաքյալի երկրորդ ընդհանրական նամակը (Բ Պետրոս)
- Հովհաննես Առաքյալի առաջին ընդհանրական նամակը (Ա Հովհաննես)
- Հովհաննես Առաքյալի երկրորդ ընդհանրական նամակը (Բ Հովհաննես)
- Հովհաննես Առաքյալի երրորդ ընդհանրական նամակը (Գ Հովհաննես)
- Հուդայի ընդհանրական նամակը
- Հայտնություն Հովհաննեսի
Սուրբ Գրքի թարգմանութուններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աստվածաշնչի հայերեն թարգմանություն և տեղ հայ իրականության մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]- (interwiki en:Bible translations into Armenian)
Գրերի գյուտից հետո Մեսրոպ Մաշտոցն իր աշակերտների հետ ստանձնում է Աստվածաշնչի հայերեն թարգմանության գործը՝ սկսելով այն Առակաց գրքից։ Ըստ Մովսես Խորենացու՝ ամբողջ Սուրբ Գիրքը թարգմանվել է Սամոսատում։ Այս թարգմանությունը համարվում է «Փութանակի թարգմանություն»։ Աստվածաշնչի թարգմանությանը զուգահեռ թարգմանվում են նաև եկեղեցու հայրերի երկեր։ Թարգմանական արվեստում հմտանալու նպատակով Եդեսիա և Բյուզանդիա են ուղարկվում Եզնիկ Կողբացին, Հովհան Պաղնացին, Կորյունը և այլն։ Եփեսոսի տիեզերաժողովից հետո Հայաստան վերադառնալով՝ նրանք բերում են Սուրբ Գրքի ընտիր օրինակներ։ Սրանց հիման վրա ճշտվում է արդեն եղած թարգմանությունը, սրբագրվում և խմբագրվում է։ Աստվածաշնչի այս թարգմանությունն անվանվել է «Ընկալյալ»։
Ըստ Խորենացու վկայության՝ ի սկզբանե Հին Կտակարանից թարգմանվել են նախականոն գրքերը։ Հետեփեսոսյան շրջանում կանոնի մեջ են մտել նաև երկրորդականոն գրքերը, բացի Մակաբայեցիներ Դ և Հայտնության գրքերից։ Թե որ լեզվից է կատարվել Աստվածաշնչի հայերեն թարգմանությունը, մասնագետները համակարծիք չեն։ Որոշներ կարծում են, որ թարգմանվել է հունարենից, մյուսներն էլ ասորերենից։ Առավել ընդունելի և գերիշխող տեսակետն այն է, որ Աստվածաշնչի մի շարք գրքեր թարգմանվել են ասորերոնից, հետո սրբագրվել հունարեն տեքստերի համեմատությամբ։ Սակայն սրբագրման ժամանակ սրբագրիչների տեսադաշտից որոշ բաներ դուրս են մնացել կամ անկարևոր համարվել նրանց կողմից։ Այդ պատճառով այդ մասերում նկատելի են ասորաբանություններ։ Դրանք առկա են Սաղմոսաց գրքում, Ավետարաններում և Գործք Առաքելոցում։ Այս գրքերը հետևաբար նախապես թարգմանվել են ասորերենից։
Հայ հոգևոր-մտավոր մշակույթի զարգացման պատմության մեջ Աստվածաշնչի հայերեն թարգմանությունը կարևոր նշանակություն է ունեցել։ Միջնադարյան գրականությունը, արվեստը, գիտությունը ներծծված են Սուրբ Գրքի գաղափարներով:
Աստվածաշունչը ծնունդ է տվել մի հսկայածավալ բնագավառի՝ Մեկնողական գրականության, որ մասնավորաբար Հայ եկեղեցական մատենագրության ամենատարածված մարզերից է։ Օտար մասնագետների կարծիքով արևելաքրիստոնեական գրականության մեջ մեկնաբանական գրականությամբ ամենահարուստը հայ գրականությունն է։ Մեկնողական երկերի շնորհիվ Աստվածաշունչն անուղղակիորեն նպաստել է միջնադարյան Հայաստանում բնագիտական և տիեզերագիտական հայացքների ձևավորմանը։
Հայերեն Աստվածաշունչն իր ազդեցությունն է ունեցել միջնադարյան հոգևոր բանաստեղծությունների վրա։ Հիշատակելի են մասնավորապես Սուրբ Գրքի վերապատումը հանդիսացող Գրիգոր Մագիստրոսի «Հազարտողյան» կամ «Առ Մանուչե», Ներսես Շնորհալու «Հիսուս Որդի», Առաքել Սյունեցու «Ադամգիրք» և այլ քերթվածքներ։ Սաղմոսների որոշակի ազդեցությամբ են հորինվել շարականները։
Աստվածաշունչը շոշափելի հետք է թողել նաև դավանաբանական, սրբախոսական, ճառագրական երկերի, միջնադարյան կերպարվեստի՝ մանրանկարչության վրա։ Աստվածաշունչն իր նպաստն է բերել գրչության արվեստի զարգացմանը։ Լինելով ամենալավ մագաղաթի վրա ընդօրինակված մատյաններից, ի մտի ունենալով նրա բացառիկ կարևորությունը՝ միջնադարի գրիչները հատուկ հոգածությամբ են վերաբերվել դրա բազմացման գործին։
Մեծ է Աստվածաշնչի ազդեցությունը նաև ժողովրդական բանահյուսության վրա, քանի որ բազմաթիվ ավանդություններ և զրույցներ իրենց ակունքներով կապվում են Սուրբ Գրքին։ Դրանցից շատերը ոչ այլ ինչ են, քան աստվածաշնչյան պատումների տեղայնացված տարբերակը։
Աստվածաշնչի թարգմանությունը պակաս կարևոր չէ հայոց լեզվի ուսումնասիրման համար։ Այս իմաստով այն առանձնահատուկ տեղ է զբաղացնում հայ ինքնուրույն և թարգմանական գրականության մեջ՝ լինելով ճշգրիտ թվագրված հուշարձան։ Սուրբ Գրքի մեզ հասած բնագիրը ներկայացնում է հինգերորդ դարի թարգմանության և հայերենի անաղարտ վիճակը և առատ նյութ մատակարարում հայոց լեզվի ուսումնասիրման մի շարք մարզերի՝ հնչունաբանության, ստուգաբանության, բառակազմության, շարահյուսության, ձաբանության համար։
Հայերեն Աստվածաշունչը լուրջ արժեք է ներկայացնում աստվածաշնչական բնագրագիտության տեսակետից։ Նշանավոր արևելագետ Լա Կրոզն իր բարեկամներից մեկին ուղղված նամակում Նոր Կտակարանի հայերեն թարգմանությունը համարելով ԹԱԳՈՒՀԻ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅԱՆՑ՝ շեշտում է, որ նրա միջոցով հնարավոր է վերականգնել հունարեն բնագրի նախնական ընթերցվածները։ Իվան Եվսեյևը Եսայու գիրքը նկատի ունենալով նշել է, որ հայերենը լուրջ ծառայություն է մատուցում հունարեն բնագրի նախասկզբնական տեքստը որոշելու գործում, հատկապես հունարեն ընդօրինակությունների անհամաձայնության ժամանակ։
18-19-րդ դարերում արդեն հայերեն Աստվածաշունչն օգտագործվել է որոշ հրատարակչություններում՝ հունարենը վերականգնելու համար։ Այսօր հայերեն թարգմանությունը լայնորեն օգտագործվում է Յոթանասնից բնագրի Գյոթինգենյան բազմահատոր հրատարակության ընթացիկ մատենաշարում։ Նշանավոր հայագետ Ֆրեդերիկ Կոնիբերը նշում է, որ հայերեն Աստվածաշունչն անգերազանցելի է իր ոճի վայելչությամբ և շարադրանքի ճշգրտությամբ։
Լեզվի ոգին այնպիսին է, որ թույլ է տալիս ցանկացած հունական հուշարձան թարգմանել թե ճշգրիտ, թե գեղեցիկ՝ հարազատ մնալով հունարենի շարադասությանը, նույնիսկ արտացոլելով նրա բառաբարդումները՝ միաժամանակ չստրկանալով նրան։
Սուրբ Գրքի հայերեն թարգմանությունը նույնքան օգտակար է նաև ասորական և վրացական աստվածաշնչական թարգմանությունների ուսումնասիրման համար։ Վրացերեն Աստվածաշնչի մի շարք գրքերի թարգմանությունը կատարվել է հայերենից։
Աստվածաշունչը դարեր շարունակ խմբագրման չի ենթարկվել։ Սահակ-Մեսրոպյան թարգմանությունը դառնալով Հայ եկեղեցու կանոնական բնագիրը, այնպիսի հեղինակություն է ձեռք բերել, որ նրա որևէ փոփոխություն համարվել է սրբապղծություն։
Աստվածաշնչի հայերեն բնագիրն առայժմ ունեցել է տասը ամբողջական հրատարակություն։ Առաջին անգամ 1666 թ. Ոսկան Երևանցու կողմից՝ Ամստերդամում, և տասներորդը Վիեննայում՝ 1929 թ.: Սրանց մեջ բնագրագիտական տեսանկյունից ամենաարժեքավորը 1805 թ. Զոհրապյանի իրագործած հրատարակությունն է, որը մինչ օրս օգտագործվում է Աստվածաշնչի գիտաքննական բնագրի կազմման աշխատանքներում։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աստուածաշունչ Մատեան Հին և Նոր Կտակարանների, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և Հայաստանի Աստուածաշնչային ընկերութիւն, 2004։
- Մաղաքիա արք. Օրմանեան, Տեղիք Աստուածաբանութեան, Տպարան Սրբոց Յակոբեանց, Երուսաղեմ, 1985։
- Գարեգին Ա, Տեսական Աստուածաբանութիւն։
- Արշակ Տեր-Միքելյան, Հայաստանյայց Սուրբ Եկեղեցու Քրիստոնեականը, Ս. Էջմիածին, 2007։
- Արտակ արք. Մանուկեան, Աստուածաշունչ Մատեանը, Թեհրան, 1966։
- Գրիգոր Դարբինյան, Ներածություն Հին Կտակարանի, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Դաստիարակության և Քարոզչության կենտրոն, 2000։
- Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան, Երևան, 2002։
- Gabriel Josipovici, The Book of God, Yale University press New Haven and London, 1988.
Արտաքին Հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բեռնում
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աստվածաշունչ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աստվածաշունչ» հոդվածին։ |
|
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 590)։ |