Մանրանկարչություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
13-րդ դարի մանրանկար
Մոմիկ.«Համբարձում» մանրանկար «Պատերազմի Ավետարանից»։
Խորան` 1637 - 1638 թթ. հայկական ձեռագիր Ավետարանից (նկարիչը` Մալնազար)

Մանրանկարչություն, մինիատյուր (ֆր.՝ miniature, իտալ.՝ miniatura, լատ.՝ minium - ծիրանի պիգմենտ, կինաբար, կարմիր ներկ, որով հնում զարդանկարում էին ձեռագիր մատյանները), ոչ տպագիր գրքի պատկերազարդում, կերպարվեստի ստեղծագործություն, որն առանձնանում է փոքր չափերով և գեղարվեստական հնարքների նրբությամբ։ Մանրանկարչության առանձնահատուկ տեսակ է նաև գեղանկարչական (երբեմն փորագիր) պատկերը (հատկապես դիմանկարային)։ Մանրանկարչության մեկ այլ հատուկ տարատեսակը լաքով, յուղաներկով կամ տեմպերայով ստեղծված նկարներն են՝ լաքե ոչ մեծ առարկաների մակերեսին։ Գործածությունից դուրս եկող «մինիատյուր» տերմինի փոխարեն գրական, երաժշտական, թատերական, կրկեսային, էստրադային ստեղծագործությունների վերաբերյալ, որպես «փոքր ձևերի» երկեր, կիրառվում է «մանրապատում»-ը՝ նշելով կարճ պատմվածք, պիես, վոդևիլ, պարարվեստի, էստրադային, ծաղրածուական փոքր տեսարան, երաժշտական մանրանվագ և այլն։ Նուրբ, փոքրաչափ երկերից է կազմվում մանրապատումների թատրոնների խաղացանկը։ Մանրանկարչության հիմնական բնագավառներից մեկը գրքի մանրանկարչությունն է (ծաղկումը), գրքարվեստը՝ գրչագիր մատյաններում ձեռքով կատարված գծանկարներ, գուաշով, սոսնձաներկերով, ջրաներկերով կամ այլ ներկերով գունանկարված պատկերներ, ինչպես նաև այդ գրքերի ձևավորումը՝ անվանաթերթեր, խորաններ, լուսանցազարդեր, բուսական և կենդանական մոտիվներով տեսարաններ։ Գրքի մանրանկարչության հնագույն օրինակներ պահպանվել են Հին Եգիպտոսում (Նոր թագավորության շրջանի «Մեռյալների գրքերը»)։ Հին հույները պատկերազարդել են ամբողջ տեքստը (հատկապես Հոմերոսի գրվածքները)։ Պապիրուսագալարների նկարները միմյանց են հաջորդել կինոկադրերի նման։ Քրիստոնեական համայնքների ծաղկման ժամանակաշրջանից (II դարից սկսած) մագաղաթյա մատյանները հետզհետե դուրս են մղել պապիրուսագալարները։ Գրքի ձևը թելադրել է էջի պատկերազարդման սկզբունքը։ Մեզ հասած հնագույն մագաղաթյա մանրանկար ձեոագիրը Հոմերոսի «Իլիականն» է (մոտ 500, Ամբրոզիանա գրադարան, ՄիլանՀելլենիստական շրջանում մանրանկարչության գլխավոր կենտրոններ են եղել Ալեքսանդրիան, Հռոմը. նշանավոր էին նաև Բյուզանդիոնը, Պերգամոնը, Անտիոքը, Եփեսոսը։ Բյուզանդական մանրանկարչությունը ժառանգել է Ալեքսանդրիայի հունա-հռոմեական դասական և ասորական արևելյան ավանդույթները։ Պատկերամարտության շրջանում (726-843 թթ.) մանրանկարչությունն անկում է ապրել։

9-րդ դարի 2-րդ կեսին նկատելի է մանրանկարչության զարգացման երկու միտում.

ա) դեպի հելլենիստական Ալեքսանդրիան կողմնորոշված արքունի ոճ,
բ) ասորապաղեստինյան կամ կապադովկիական ավանդներից սնվող «վանական ոճ», որն ավելի անմիջականորեն է արձագանքել կյանքին։

Առաջին ոճն առկա է «Գրիգոր Նազիանզացու քարոզներում», ուր պատկերված է նաև Վասիլ Ա-ն և նրա ընտանիքը (880-886, Ազգային գրադարան, Փարիզ), «Եսայի մարգարեի մեկնություններում» (11-րդ դար, Վատիկանի գրադարան, Հռոմ), «Վասիլ Բ-ի մենոլոգիայում» (Վատիկանի գրադարան, Հռոմ) և այլն։

Երկրորդ ոճի փայլուն օրինակ է «Խլուդովյան սաղմոսարանը» (9-րդ դար, Պատմության թանգարան, Մոսկվա10-րդ դարում երևան է եկել ՝ պարսկական ազդեցությունը, որն արտահայտվել է սիմվոլիկ պատկերներում (խորաններում, անվանաթերթերում, բուսական և կենդանական, ինչպես նաև ճարտարապետական մոտիվներում)։ Ռիթմը և պատկերագրական մոդելները սկսել են էական դեր խաղալ։ Ուշ շրջանի մանրանկարչությունը հաճախ սահմանափակվել է կանոնական սյուժեներով։ Ասորիքում և Պաղեստինում (Եդեսիա, Մծբին, Անտիոք կենտրոններով) 5-րդ դարից սկսած ասորի վանականները քրիստոնեական թեմատիկայի պատկերման տարբերակներում նոր միջոցների են դիմել, ինչն իր կնիքն է դրել բյուգանդական և հայկական, ղպտիական, արաբական, ինչպես նաև արևմտաեվրոպական մանրանկարչության վրա։ Արևելյան մանրանկարչությունը հելլենիստական արվեստից վերցրել է ուրվագիծը՝ առավել ուժեղացնելով զգայականը։ 6-րդ դարի ասորական նշանավոր ձեռագրերն են Վիեննայի «Ծննդոցը» (Ազգային գրադարան, Վիեննա), «Ռոսանոյի ծիրանի Ավետարանը», «Ռաբուլայի Ավետարանը» (Լաուրենցիանա գրադարան, Ֆլորենցիա) և այլն։ Արևմուտքի մանրանկարչությունն օգտվել է ինչպես արևելյան, այնպես էլ բյուգանդական ձևերից։ 7-8-րդ դարերում իռլանդա-սաքսոնական մանրանկարչությունը միահյուսել է կելտական, միջերկրածովյան և արևելյան ամենատարբեր մոտիվներ՝ վերարտադրելով կենդանակերպ, առավել հազվադեպ՝ մարդկային ֆիգուրներ։ Պատկերազարդման բնորոշ գիծը ոլորուն մոտիվների խճճված համակարգն է՝ էջը բռնող զարդարուն գլխատառով։

10-րդ դարից իռլանդասաքսոնական ոճը տարածվել է Եվրոպայում։ Մինչ այդ մայրցամաքում 8-րդ դարի կեսերից սկսվել էր «Կարոլինգյան վերածնունդը»։ Ակներև էր վերադարձը դեպի դասական ակունքները, բայց դրա հետ մեկտեղ դեկորատիվ հարդարանքում զարգացվել են մերովինգյան և իռլանդա-սաքսոնական մանրանկարչության սկզբունքները։ Կարոլինգների թագավորության տրոհման հետ 10-րդ դարի վերջում Եվրոպայի երկրների մանրանկարչության մեջ զարգացել են ազգային գծերը, ստեղծվել են տեղական բազմաթիվ դպրոցներ։ Ռոմանական արվեստում մանրանկարչությունը կազմվել է բարդ ֆիգուրատիվ հորինվածքի ռիթմական կապերից։ Ռոմանական արվեստի ծաղկման հետ ուժեղացել է գծա-հարթապատկերային, նախշազարդային ոճը։ Ուշ ռոմանական շրջանում մանրանկարչության մեջ ներգրավվել են աշխարհիկ թեմաներ, շարժում, հուզականություն, պլաստիկա, տարածական և բնանկարային տարրեր (քաղաքների, խաչակրաց արշավանքների պատկերներ)։ 13-րդ դարում Իտալիայում մարմնի և տարածության կերպավորման նոր միտումներ են երևան եկել, որը մասամբ նկատելի է նաև Ֆրանսիայում, ուր կիրառվել են զարդարվեստի նոր ձևեր, լուսանցքներում հաճախ պատկերվել կրկեսային զավեշտական տեսարաններ։ Մեծացել է հետաքրքրությունը լանդշաֆտի և ճարտարապետական պատկերի նկատմամբ։ Ազնվականության և հոգևորականության հետ պատվիրատուներ են դարձել բյուրգերները և համալսարանականները։ Դրա շնորհիվ ընդլայնվել է աշխարհիկ գրականության պատկերազարդումը։ 13-րդ դարի վերջին Արևմտյան Եվրոպայում գոթական մանրանկարչությունը հասել է զարգացման բարձրակետին, ուժեղացել է ռեալիստական պատկերումը, հեռանկարի, բնության խորքի, ֆիգուրների իրական համամասների ն նյութականության պատկերման ձգտումը՝ կանխանշելով նոր ժամանակների արվեստը։ Մինչև 14-րդ դարի վերջը և 15-րդ դարի սկիզբը մանրանկարչությունը զարգացել է Ֆրանսիայում և Ֆլանդրիայում։ Գերմանիայում հատուկ դեր են խաղացել, այսպես կոչված, ժողովրդական ձեռագրերը՝ ազատ, հոսուն, սրամիտ գրչանկարների շարքով։ 15-րդ դարում արեմտաեվրոպական բոլոր երկրներում մանրանկարչությունը սկսել է կրել հաստոցային նկարչության ազդեցությունը (օրինակ, Լիմբուրգ և Վան էյք եղբայրների մանրանկարչությունը)։ 15-րդ դարում տպագրության գյուտի հետևանքով մանրանկարչությունն աստիճանաբար դուրս է մղվել։ 11-րդ դարում Հին Ռուսիայում մանրանկարչությունը հիմնականում հետևել է բյուգանդական օրինակներին («Օստրոմիրի Ավետարան», 1056-1057, Սալտիկով-Շչեդրինի անվան հանրային գրադարան, Լենինգրադ12-15-րդ դարերում որմնանկարներ ու սրբապատկերներ հիշեցնող մանրանկարների կողքին («Խիտրովո Ավետարան», 14-րդ դարի վերջ-15-րդ դարի սկիզբ, Վլադիմիր Իլյիչ Լենինի անվան գրադարան, Մոսկվա), ստեղծվել են կենդանի ու անմիջական ընկալումով կատարված լուսանցազարդեր (12-15-րդ դարերում նովգորոդյան ձեռագրերի հրաշապատում և իրապատում ֆիգուրներով հյուսածո գլխատառերը)։ 15-րդ դարի վերջում մանրանկարչության մեջ թափանցել են աշխարհիկ (գլխավորապես պատմական և կենցաղային) սյուժեներ (1540-1560-ական թվականներին Պատկերազարդ տարեգրությունների ժողովածուն ԽՍՀՄ տարբեր գրադարաններում)։ 9-1-րդ դարերում վրացական մանրանկարչությունը կապված լինելով տեղական ավանդներին՝ աչքի է ընկնում գծայնությամբ և գույների պայծառությամբ («Մցխեթի սաղմոսարան», 10-րդ դար)։ Մանրանկարչության մեջ բյուզանդամետ ուղղությունն ունեցել է բազմաշերտ նկարչական տեխնիկա՝ ոսկու կիրառումով («Գելաթի Քառավետարանը», 11-րդ դար, երկուսն էլ Վրացական ԽՍՀ ԳԱ ձեռագրերի ինստիտուտ, Թբիլիսի17-րդ դարում պատկերազարդվել են աշխարհիկ գրքեր (հատկապես Շ. Ռուսթավելու «Ընձենավորը»)։ Մանրանկարչությունն էական դեր է խաղացել իսլամական աշխարհում։ Բացի Ղուրանից, որը չէր պատկերազարդվում ֆիգուրատիվ նկարներով, զարդարվել են վեպերի («Շահնամեի» տիպի), սիրավեպերի և գիտական տրակտատների էջերը։ Սկզբնական շրջանում (արաբական մանրանկարչության Մոսուլի և Բաղդադի դպրոցներ) նկատելի է պարսկական և Ասորիքի հելլենիստական արվեստի ազդեցությունը։ Մոնղոլական նվաճումների հետ մանրանկարչությունը զարգացել է Հուլավյանների իշխանության տարածքում, հարստացել չինական արվեստին բնորոշ տարրերով (բնանկարային և կենդանական-բուսական հարդարանքում)։ Թեմուրյանների ժամանակ (Հերաթի մանրանկարչության դպրոց, Շիրազի մանրանկարչության դպրոց) պարսկական մանրանկարչությունը հասել է զարգացման բարձրակետին, դարձել ծայրահեղ դեկորատիվ, քնարական։ Սեֆյան Իրանում (16-17-րդ դարեր ) մեծացել են մանրանկարչության գորգային էֆեկտները։ Աֆղանական, միջինասիական ու ադրբեջանական մանրանկարչության մեջ (ծաղկումը՝ 15-րդ դարի 1-ին կեսին) զարդարուն ճոխ մակերեսները, քնարական բնապատկերները, գծային նուրբ ռիթմը, մեղմ գունահարարերումները կազմում են նկարի դեկորատիվ պատկերահամակարգը։ 16-17-րդ դարերում Իրանում և այլուր տարածվել է դիմանկար-մանրանկարը։ Վաղ հնդկական շրջանի մանրանկարչության մեջ ոճավորված հարթ պատկերները, հստակ գեղագիր գիծը 16-17-րդ դարերում փոխվել է առանձին մանրամասների ճշգրիտ արձանագրությամբ, մարդկային դիմագծերի մանրակրկիտ պատկերմանը, միաժամանակ պահպանելով ավանդական հարթապատկերայնությունը, սխեմատիզմը և դեկորատիվությունը։ Հաճախ հանդիպում են պատմահերոսական սյուժեներ («Բաբուր-Նամե», 16-րդ դարի վերջ, Արևելքի ժողովուրդների արվեստի թանգարան, Մոսկվա)։ Զարգացել են դիմանկարի և անիմալիստական ժանրերը (Գուջարաթի դպրոց, Մողոլների դպրոց)։ Մանրանկարչությունը (գրչանկարներ արմավատերևների վրա) հայտնի է նաև Ինդոնեզիայում և Հարավ-Արևելյան Ասիայի այլ երկրներում։ Ացտեկների, մայաների, միշտեկների մշակույթում պահպանվել են պատկերագրեր հիշեցնող համարձակ, հյութեղ գույնով հագեցած նկարներ։ Դիմապատկերային մանրանկարչությունը, ծխախոտատուփերի, ժամացույցների, մատանիների, մեդալիոնների են վրա կատարված, փոքր չափի (1,5-ից մինչև 20 սմ) գեղանկարչական (երբեմն փորագիր) դիմապաակերի տեսակ։ Այդօրինակ մանրապաակերներն ստեղծվել են գուաշով և ջրաներկերով՝ մագաղաթի, սավարաթղթի, փղոսկրի վրա, երբեմն մետաղի վրա՝ յուղաներկով, ճենապակու վրա՝ խեցեգործական ներկերով, ինչպես և արծնի տեխնիկայով։ Որպես գեղանկարչության հատուկ ժանր դիմապատկերային մանրանկարչությունն ձևավորվել է Վերածննդի շրջանում։ Դիմապատկերային մանրանկարչությունը տարածված էր Իտալիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Անգլիայի, Ռուսաստանի և այլ երկրների 16-19-րդ դարերի արվեստում։ 19-րդ դարի կեսից այն իր տեղը զիջել է դագերոտիպությանը (լուսանկարում՝ հատուկ քիմիական եղանակով նախապատրաստված մետաղի վրա) և լուսանկարչությանը։

Հայկական մանրանկարչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկական մանրանկարչությունը աչքի է ընկնում ոճերի և դպրոցների բազմազանությամբ։ Ամենից շատ պատկերազարդվել են Ավետարանները, ապա՝ Աստվածաշունչները և ծիսական-կրոնական մյուս ժողովածու-մատյանները։ Մեզ հասած առաջին մանրանկարները 6-7-րդ դարերի նմուշներ են։ Դրանցում պերսոնաժների տիպերը, գեղանկարչությունը և այլն հիշեցնում են Լմբատի, Արուճի 7-րդ դարի որմնանկարները։ «Մլքե թագուհու Ավետարանը», «Կարսի Ավետարանը», «Տրապիզոնի Ավետարանը» մեզ են հասել Բագրատունիների և Արծրունիների թագավորությունների շրջանից։ Այս ձեռագրերում կան հայկական մանրանկարչության հետագա զարգացման հիմնական գծերը,

  • ա. սյունազարդ խորաններ,
  • բ. ոսկետառ անվանաթերթեր՝ գլխազարդերով և տիտղոսազարդերով,
  • գ. տերունական նկարներ (Քրիստոսի կյանքի այն դեպքերը, որոնք նշված են եկեղեցական տոներում),
  • դ. տեքստի հետ դրվող մանրանկարներ։

Սրանցում առկա է նաև բյուզանդական և արևելաքրիստոնեական արվեստների օրգանական համադրումը («Մլքե թագուհու Ավետարան»-ի խորանների կամարադաշտերում, եգիպտական մոտիվներ, ավետարանիչների և տերունական նկարների ճարտարապետական դեկորում՝ հելլենիստական արվեստի տարրեր)։ Արևելաքրիստոնեական մանրանկարչությանը առնչվող 1038 թվականի (Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, ձեռ.N 6201) և Փոքր Հայքի ավետարանների մեծադիր մանրանկարները, պահպանելով ոճական և պատկերագրական հնավանդ կանոններ, պարունակում են նորույթներ, որոնք դրվել են հայկական հետագա ողջ պատկերագրության հիմքում (օրինակ, մերկ Քրիստոսի պատկերումը խաչի վրա)։ Այդ խմբի ձեռագրերի ոճի գծազարղապատկերային զարգացումը ակնբախ է Վասպուրականի մանրանկարչության դպրոցում։ 11-րդ դարի 2-րղ կեսի մի խումբ ձեռագրեր «Մողնու Ավետարանեի գլխավորությամբ կազմել են Անիի դպրոցը, որի ոճական ձևերում նմանություններ են նկատվում ուշկարոլինգյան և նախագոթական մանրանկարչության հետ, որ ցույց է աալիս վերջինների արևելյան ակունքները։ Այդ խմբի մանրանկարներն աչքի են ընկնում մոնումենտալ-որմնանկարային ոճով։ 12-րդ դարում մեզ հասած ձեռագրերում զարգացվել են 10-11-րդ դարերի մանրանկարչության ավանդույթները, օժտվել ողբերգական-հուզական շեշտերով, կրկին մեծ տեղ է տրվել բուսական և կենդանական մոտիվներին։ 13-րդ դարի 1-ին կեսին, մինչև մոնղոլական արշավանքները, մանրանկարչությունը նոր ծաղկում է ապրել Մեծ Հայքում («Հաղպատի Ավետարան», «Թարգմանչաց Ավետարան»)։ Մանրանկարչությունն աննախադեպ նոր որակ է ստացել Կիլիկյան Հայաստանում։ Ինչպես վանքերում, այնպես էլ արքունիքում հավաքվել են ընտիր ձեռագրեր, հոգևորականներից բացի ձեռագրեր են պատվիրել թագավորական տան անդամներն ու ավագանին։ Թուլացել է մատյանների ծիսական-եկեղեցական նշանակությունը, դրանք հաճախ պատվիրվել են անձնական օգտագործման նպատակով՝ ավագանու նրբացած ճաշակը և կրոնական զգացումները բավարարելու համար։ Փոքրացել են մատյանների չափերը, մանրանկարիչների հայացքն ավելի է ուղղվել դեպի իրականությունը և հարևան երկրների (Բյուզանդիա և եվրոպական երկրներ) մշակույթը։ Հանդես են եկել նշանավոր մանրանկարիչներ Գրիգոր Մլիճեցին, Թորոս Ռոսլինը, Սարգիս Պիծակը և ուրիշներ, ստեղծվել են նրբաոճ արքունական ձեռագրեր («Հեթում Բ թագավորի ճաշոց», «Կեռան թագուհու Ավետարան»)։ Համեմատաբար կայուն քաղաքական վիճակը Մեծ Հայքի որոշ շրջաններում նպաստել է մանրանկարչության զարգացմանը։ Եթե Գլաձորի մանրանկարչության դպրոցի ներկայացուցիչները աչքի են ընկնում շեշտված անհատականություններով, ապա Վասպուրականի ծաղկողները (Սիմեոն Արճիշեցի, Զաքարիա Աղթամարցի, Ռստակես, Կիրակոս Աղբակեցի և ուրիշներ) հետևել են ավելի միասնական գեղանկարչական ավանդույթների։ Մանրանկարչության նշանավոր կենտրոն էր նաև Տաթևի մանրանկարչության դպրոցը Գրիգոր Տաթևացու գլխավորությամբ, որից հետո հայկական մանրանկարչությունը շարունակվել է գաղթավայրերում՝ Ղրիմում, Նոր Ջուղայում, Կոստանդնուպոլսում և այլուր։ 17-18-րդ դարերում գրքի հայկական մանրանկարչությունն աստիճանաբար իր տեղը զիջել է գրքի պատկերազարդման տպագրական արվեստին։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]