Բագրատունիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բագրատունիներ
Bagrotouni.svg
Բագրատունիներ
Տեսակազնվական տոհմ և նախարար
Մասն էԲագրատունիներ և Հայ ազնվականություն
ԵրկիրԲագրատունյաց Հայաստան
ԾագումԲագադատ կամ Բագարատ, ըստ "հրեական" ծագման կողմնակիցների՝ Շամբատ
ՏիտղոսներՀայոց Թագավոր
ՀիմնադիրԱշոտ Ա
Մեծագույն ներկայացուցիչԳագիկ Ա
Հիմնում885
Ավարտ1045
Ազգային
պատկանելիություն
Հայ
ԴավանանքՔրիստոնեություն
Կրտսեր
ճյուղեր
Բագրատունիներ վրաց
Բագրատունյաց արքայատոհմի դրոշը

Բագրատունիներ, հայկական նախարարական տոհմ և թագավորական հարստություն միջնադարյան Հայաստանում։ Բագրատունիների կամ հին՝ դասական հայերենով (գրաբարով) Բագրատունեաց տոհմն այնքան մեծ դեր է խաղացել Հայոց պատմության մեջ, որ հայոց պատմության հատկապես միջնադարյան ժամանակաշրջանն անհնար է ներկայացնել՝ բացառելով Բագրատունիներին: Այս տոհմն, ինչպես Մեծ Հայքի Հայկազյան նախարարական տոհներից շատերը՝ շատ հին ծագում ունի։ Նրա ծագումնաբանական արմատները Հայոց Պատմության հազարամյակների խորքից են գալիս:

Ծագումնաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բագրատունիների ծագումնաբանական արմատները հասնում են Արատտա պետության և Վանի թագավորության ժամանակներում գոյություն ունեցած Բագադատա, Բագա, Բագարնա կամ Բագավանդա անունները կրած տոհմերը և Բագբատու, Բագբաշտու կամ Բագմաշտու ցեղանունն ու դիցանունը, որոնք ծագում են հնդեվրոպական-արիական բագ արմատից։

Արդի հայ պատմագիտութիւնը հիմնականում միակարծիք է Բագրատունիների հայկական ծագման հարցում։ Այդ տեսակետի կողմնակիցներն են, օրինակ հարցի հետազոտողներ Ռաֆայել Ի․ Մաթևոսյանը, որը գիտական հանգամանալից հետազոտությամբ անառարկելիորեն հերքել է հրեական ծագման տեսակետը[1], ինչպես նաև Ալբերտ Վ․ Մուշեղյանը, Մարիա Գրիգորյանը, Սրմեն Պետրոսյանը, Մնացական Ռ․ Խաչատրյանը և բազում ուրիշներ։

Մանավորապես, արդի շատ հայտնի Հայ պատմաբաններից մեկը՝ Ալբերտ Մուշեղյանն իր «Մովսես Խորենացու դարը» գրքում գրում է.

Aquote1.png «Հայկյան թագավորության տոհմից սերած Բագրատունիները մինչեւ վերջ չընդունեցին իրեց վերագրված ծագումը՝ հրեա Շամբատից: «Հայոց պատմությունը» որպես Սահակ Բագրատունի իշխանի պատվիրած մատյան եւ Բագրատունյաց տոհմային սեփականություն՝ երկար ժամանակ մնացել է գրվանի տակ (արգելված), եւ թույլ է տրվել դրանից օգտվել միայն առանձին պատմիչների՝ այն էլ Բագրատունյաց օտար ծագումը չհիշելու պայմանով»:
- Ալբերտ Վ. Մուշեղյան. Մովսես Խորենացու դարը, Երևան, ԵՊՀ հրատ., 2007, 412 էջ։[2]
Aquote2.png


Բացի այդ, նույն պատմաբանը շատ կարևոր մի դիտողություն է կատարում․

Aquote1.png «Որքան ինձ հայտնի է, առաջին հեղինակը, որ հիշատակում է այդ մասին, 8-րդ դարի պատմիչ Մովսես Կաղանկատվացին է, որը գրեթե բառացի մեջ է բերում Խորենացուց հետեւյալ հատվածը. «Իսկ եթե յաղագս Բագրատունեայն կամիցիս գիտել՝ Պարույր՝ որդի Սկայորդւոյ, կոչեր Հրաչեայ՝ թագավոր Հայոց որդի Հայկայ, որ խնդրեաց յարքայեն Բաբելացոց զմի ոմն ի գերելույն Հրէից՝ Շամբատ, անուն զոր ածեալ բնակեցոյց երկրին Հայոց մեծավ պատուով: Ի իմանէ սերեցավ ազգն Բագրատունեաց ի նուազել մեծագոյն ազգին յապետականի»:
- Ալբերտ Վ. Մուշեղյան. Մովսես Խորենացու դարը, Երևան, ԵՊՀ հրատ., 2007, 412 էջ։[2]
Aquote2.png


Իրարամերժ կարծիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բագրատունիների ծագման մասին պատմաբանները միակարծիք չեն: Իրարամերժ տեսակետները Բագրատունիներին տալիս են հայկական, եբրայական, երբեմն՝ պարսկական ծագում:

Բագրատունիներին հրեական ծագման վերագրումը Խորենացու Պատմության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թյուրիմացությունը գալիս է Մովսես Խորենացու «Հայոց պատմությունից»[3], համաձայն որի՝ Բագրատունիները սերում են հրեա Շամբատից, որի շառավիղներից Շամբատ-Բագրատին հայոց թագավոր Վաղարշակը տվել է թագադիր ասպետի պաշտոն, նշանակել Հայաստանի արևմտյան կողմի կուսակալ և տոհմը նրա անունով կոչել Բագրատունի։ Սակայն տվյալ դեպքում քերթողահոր մատյանին վստահել չի կարելի: Նախ՝ մեզ հասած նրա «Պատմության» ամենահին մատյանը թվագրվում է IX դարով՝ պատմիչի մահից գրեթե կես հազարամյակ անց, և վստահ չենք, թե այն չի խմբագրվել:

Բագրատունիների ծագմանը Խորենացին առաջին անգամ անդրադառնում է հայոց Հրաչյա թագավորի մասին հիշատակելիս, վերջինս Պարույր նահապետի որդին էր և Ասորեստանի Նաբուգոդոնոսոր Բ (Ք.ա. 605–562 թթ.) թագավորի ժամանակակիցը.

Aquote1.png «Սա Հրաչեայ կոչի վասն առաւել պայծառերես և բոցակնագոյն իմն լինելոյ: Առ սովաւ ասեն կեցեալ զՆաբուգոդոնոսոր արքայ Բաբելացւոց, որ գերեց զՀրեայս: Եւ սորա ասեն զմի ի գլխաւորաց Եբրայեցւոցն գերելոց խնդրեալ ի Նաբուգոդոնոսորայ` Շամբաթ անուն, ածեալ բնակեցոյց յերկրիս մերում մեծաւ պատուով. և ի սմանէ ասէ պատմագիրն լինել զազգն Բագրատունեաց, և հաւաստի է»։
- Մովսէս Խորենացի, Պատմություն Հայոց։[4]
Aquote2.png


Բագրատունիների «հրեական ծագման» մասին պատմահայրը վկայում է բազմիցս, և այն առավել համոզիչ դարձնելու նպատակով իշխանական տոհմում ընդունված անուններին վերագրում է եբրայական (հրեական) ծագում` հատկապես առանձնացնելով Շամբատ անվանումը, որն, ըստ նրա, համարժեք էր Բագրատունիների մոտ հաճախ հանդիպող Սմբատ անվանը: Հաջորդ անգամ, Բագրատունիներին Խորենացին հիշատակում է` հանձին «Շամբատայ Բագարատի», որին, ըստ Խորենացու՝ Վաղարշակ (իսկ իրականում՝ Տրդատ Ա Արշակունի) թագավորը բացի այն, որ իրավունք էր շնորհել ժառանգաբար` լինել թագադիր Արշակունիներին, կարգել էր նաև Հայաստանի արևմտյան մասում «կողմնակալ, բյուրերի և հազարների իշխան»։[5]: Այս պաշտոններից զատ, Տրդատի Ա-ի (66–88 թթ.) հրամանով Բագարատից սերած ցեղը նրա անունով պետք է կոչվեր «Բագրատունի»: Բագարատը իրավունք էր ստացել նաև ասպետ տիտղոսը, ինչպես նա արքունիքում և թագավորի տանը շրջելիս մանր մարգարիտներից երեք փութ վարսակալ կրել` առանց ոսկու և (թանկագին) քարերի[6]: Խորենացին կամ նրա «Հայոց Պատմությունը» հետագայում խմբագրողը կամ խմբագրողները՝ մերժում է Բագրատունիների` Հայկ նահապետից սերված լինելը. «Քանզի ասելն ոմանց անհաւաստի մարդոց, ըստ յօժարութեան և ոչ ըստ ճշմարտութեան, ի Հայկայ զթագադիր ազգդ Բագրատունեաց լինել: Վասն որոյ ասեմ. մի այսպիսեաց յիմար բանից հավանիր. զի և ոչ մի՛ շաւիղ կամ ցուցումն գոյ նմանութեան յասացեալսդ` որ զարդարութիւն ակնարկէ. զի իբայ բանից և անոճ իմն յաղագս Հայկայ և նմանեացն կակազէ»[7]: Խորենացու կողմից սույն տեսակետի վկայությունը, չնայած Բագրատունիների հայկական ծագման վերաբերյալ նրա ունեցած ժխտողական մոտեցմանը, խոսում է այն կարևորելու և ժամանակին ունեցած լայն շրջանառության մասին: Բագրատունիների ծագման վերաբերյալ Խորենացու հաղորդած տեղեկությունները սահմանափակվում են այսքանով, թեպետ դա էլ բավարար էր, որ այն հանդիսանար հայագետների մի քանի սերունդների ուսումնասիրության առարկան[8]:

Բայց և այնպես, հարկ է նկատել, որ եթե անգամ Խորենացին է հաղորդել Բագրատունիների եբրայական ծագման մասին, դարձյալ առանց կասկածի ընդունել չի կարելի: V դարում հայոց աշխարհում, երբ արդեն անկում էր ապրել Արշակունիների թագավորությունը, առաջնության համար պայքար էր ընթանում Բագրատունիների, Սյունյաց, Արծրունյաց նախարարական տների միջև: Բնականաբար, այդ պայքարը սոսկ տնտեսական կամ ռազմաքաղաքական ենթատեքստ չուներ: Տոհմերից յուրաքանչյուրը պետք է նաև իր առաջնությունը հիմնավորող վարկածներ մտորեր: Սյունիները ծագում են Հայկ նահապետից, Արծրունիներն իրենց ծագումը վերագրում էին Ասորեստանի թագավորներին, իսկ Բագրատունիները կարող էին ընտրել եբրայական տարբերակը և իրենց վերագրել, թե ծագել են Հրեաստանի Դավիթ թագավորից՝ դրանով իսկ ազգակից դառնալով Հիսուսին, մանավանդ, որ տվյալ ժամանակահատվածում քրիստոնեությունն իշխող գաղափարախոսություն էր: Դա տարածված գործելաոճ էր Հին աշխարհում: Սա խոսուն վարկած է, մանավանդ որ Խորենացին «Հայոց պատմությունը» շարադրել է Սահակ Բագրատունի իշխանի պատվերով: Ի դեպ, Քերթողահայրը Սահակ իշխանին ուղղված խոսքում նշում է. «Քանզի ասելն ոմանց անհաւաստի մարդոց, ըստ յօժարութեան և ոչ ըստ ճշմարտութեան, ի Հայկայ զթագադիր ազգդ Բագրատունեաց լինել: Վասն որոյ ասեմ. մի այսպիսեաց յիմար բանից հավանիր. զի և ոչ մի շաւիղ կամ ցուցումն գոյ նմանութեան յասացեալսդ` որ զարդարութիւն ակնարկէ. զի ի բայբանից և անոճ իմն յաղագս Հայկայ և նմանեացն կակազէ»:

Ճիշտ է, պատմիչը մերժում է Բագրատունյաց հայկյան ծագումը, բայց և հավաստում V դարում այդ տեսության տարածվածությունը: Իսկ IX դարի Անանուն պատմիչը Բագրատունիներին համարում է Հայկ նահապետի որդի Արամանյակից սերված[9]:

Բագրատունիների հայկական ծագումն ըստ Սեբեոսի կամ Անանունի Պատմության[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայոց ամենահզոր նախարարական տոհմերից մեկի հինավուրց ծագման վերաբերյալ հաջորդ վկայությանը հանդիպում ենք Անանունի մոտ, համաձայն որի` Բագրատունիները սերել են Հայկ նահապետի սերնդից.

Aquote1.png «Եւ տիրէ ի վերայ նոցա (հայերի) Զարեհ որդի որդւոց Արամենակայ, այր զաւրաւոր և կորուի աղեղամբ. ապա Արմոգ, ապա Սարհանգ. ապա Շաւաշ, ապա Փառնաւազ: Սա ծնաւ զԲագամ և զԲագարատ. և Բագարատ ծնավ զԲիւրատ և Բիւրատ ծնավ զԱսպատ: Եւ որդիքն Բագարատայ ժառանգեցին զժառանգութիւնս իւրեանց ի կողմանս արևմտից, այսինքն է Անգեղ տուն. վասն զի կոչեցաւ Բագարատ և Անգեղ, զոր ի ժամանակին յայնմիկ ազգ բարբարոսացն աստուած կոչեցին»։
- Անանուն, Պատմութիւն։[10]
Aquote2.png


Բացի այդ՝ Անանունը հիշատակում է Արամանյակի տոհմից սերած Բագարատ Փառազյանին.

Aquote1.png «Սմա (Արշակ Փոքր) ընդ առաջ ելանէ Բագարատ Փառազեան յորդւոցն Արամենակայ նախարար մեծ հանդերձ զաւրու: Մատուցանէ նմա պատարագ ոսկի և արծաթ. և նստուցանէ զնա ի վերայ ոսկիապատ ականակուռ գահոյիցն. և տայ զղդուստր իւր ի կնութեան»։
- Անանուն, Պատմություն։[11]
Aquote2.png


Բագրատունեաց ծագման մասին ավելի վաղ ժամանակաշրջանի հայ պատմիչների չհիշատակելը[խմբագրել | խմբագրել կոդը]

ժամանակագրական առումով Խորենացուց և Անանունից կամ վերջինիս պատմության այդ հատվածն իր Պատմությանը միացրած Սեբեոսից առավել վաղ ապրած պատմիչներ Ագաթանգեղոսը և Փավստոս Բուզանդը որևէ տեղեկություն չեն հաղորդում Բագրատունիների ծագման վերաբերյալ: Ագաթանգեղոսի և Բուզանդի Պատմություններում Բագրատունիները հիշատակվում են պարզապես որպես «թագադիր» և «ասպետ» տիտղոսները կրող նախարարներ[12],[13]:

Բագրատունիների մասին օտարազգի պատմիչների հիշատակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բագրատունիների ծագման կամ առաջին Բագրատունիների վերաբերյալ տեղեկությունները չեն սահմանափակվում միայն հայ պատմիչների հաղորդած հիշատակություններով: Նրանցից զատ Բագրատունիների վերաբերյալ վկայում են նաև օտարազգի պատմիչները: Մասնավորապես, հույն պատմիչ Ապիանոսը հիշատակում է Բագադատին` որպես Տիգրան Մեծ արքայից արքայի զորավարի։ Բագադատը Տիգրան Մեծ արքայից արքայից ստացել էր արդի Սիրիայի մեծ մասի, այսինքն՝ Սելևկյան Ասորիքի կառավարչի պաշտոնը[14]: Վերոհիշյալ երևույթը փաստում է այն մասին, որ դեռևս արքայից արքա Տիգրան Մեծի օրոք՝ մ․թ․ա․ առաջին դարի առաջին կեսին Բագրատունիները վստահելի և կարևոր պաշտոն էին զբաղեցնում Հայոց պետությունում:

Բագրատունիների ծագման վերաբերյալ հայագիտությանը հայտնի մի շարք գիտական տեսակետներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բագրատունիների ծագման վերաբերյալ առ այսօր հայագիտությանը հայտնի մի շարք տեսակետներ կան, որոնցից յուրաքանչյուրը լուրջ ուսումնասիրությունների և քննարկումների տեղիք են տալիս: Դրանցից որոշները թեև ենթադրություններ կամ հիպոթեզներ են, այնուամենայնիվ մասնագետ հետազոտողների կողմից բավական հանգամանալի ուսումնասիրությունների հետևանք լինելով՝ կարելի է համարել գիտական փաստերով ապացուցված տեսակետներ։

Մասնավորապես, մի շարք գիտնականներ, այդ թվում՝ գերմանացի Յոզեֆ Մարկվարտը, հայեր Նիկողայոս Ադոնցը, Լեոն, Գրիգոր Խալաթյանցը, Ասլան Շահնազարյանը, Անտոն Գարագաշյանը՝ Բագրատունիներին վերագրում են բացառապես հայկական ծագում` այդ նշանավոր իշխանական տոհմի նախահայրը համարելով Կիլիկիայի և Ասորիքի կառավարիչ Բագարատին՝ Տիգրան Մեծի զորավարին։

Յոզեֆ Մարկվարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոզեֆ Մարկվարտ

Յոզեֆ Մարկվարտը (գերմ.՝ Josef Markwart, 1864-1930 թթ.), գերմանացի արևելագետ, հայագետ, բանասեր, լեզվաբան, մեկն է այն պատմաբան հետազոտողներից, ովքեր Տիգրան Մեծ արքայից արքայի զորավար և Սիրիայի կառավարիչ Բագադատ–Բագրատ անունով հայ իշխանին համարում են Բագրատունիների նախահայրը։ Այդ մասին Մարկվարտը գրել է իր պատմաաշխարհագրական կարևոր մի ուսումնասիրության մեջ․ «Իրանը Մովսես Խորենացու Աշխարհացույցում», գերմաներենով հրատարակված Բեռլինում, 1901թ․։[15]։ Մարկվարտը հայ ժողովրդի մեծ բարեկամն էր։ Պարբերաբար հանդես է եկել հայոց դատի պաշտպանությամբ, պայքարել հայոց պատմության չարամիտ աղավաղումների դեմ։ Նշավակել է աբդուլհամիդյան հայաջինջ քաղաքականությունը («Կոմանների ցեղի մասին», գերմ., 1914 թ.), մերկացրել և համաշխարհային հասարակական դատին ներկայացրել առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Գերմանիայի վարած քաղաքականությունը։ Հինավուրց մշակույթի տեր հայ ժողովրդի նկատմամբ հարգանքն ու բարյացակամությունն ընդգծելու համար Մարկվարտը հայերեն է թարգմանել իր անուն-ազգանունը և երբեմն ստորագրել «Հովսեփ Բդեշխյան»։

Նիկողայոս Ադոնց[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկողայոս Ադոնց

Նիկողայոս Ադոնցը՝ նույն ինքը՝ Նիկողայոս Գևորգի Տեր-Ավետիքյանը (1871–1942), հայ պատմաբան, բյուզանդագետ և բանասեր, նույնպես համարում էր, որ արքայից արքա Տիգրան Մեծի զորավար Բագադատ–Բագրատն է Բագրատունիների նախահայրը։ Ի դեպ, պրոֆեսոր Ադոնցը մեծ ավանդ ունի ոչ միայն Բագրատունիների ծագումնաբանության, այլև իշխանական տոհմի պատմության լուսաբանման գործում: Նա Բագրատունիների հարստության (դինաստիայի, գահատոհմի) առաջացումը պայմանավորում է հայ-իրանական էթնիկական միահյուսմամբ` վկայակոչելով տոհմի անունը և նրանց վերագրված «ասպետ» տիտղոսը: Ադոնցը Բագրատունիների նախնական հայրենիքը համարում է Բագրևանդը, որը գտնվում էր Ատրպատականից ոչ հեռու, իսկ Բագրատունիների նախահայր` Տիգրան Մեծի կողմից կուսակալ նշանակված Բագադատին, որը համարժեք է նույն հայկական Բագարատին: Խորենացու` Բագրատունիների հարավից գալու և հրեական ծագման մասին հիշատակումը Ադոնցը կապում է այն իրողության հետ, որ Բագարատը երկար ժամանակ եղել է սեմական ժողովրդով բնակեցված շրջանի (Կիլիկիան և Ասորիքը – Մ. Գ.) կառավարիչ[16]: Ադոնցը մանրամասն քննության է ենթարկում նաև Անանունի կամ Սեբեոսի հաղորդումները` դրանք պայմանավորելով Սուրբ Գրքի ազդեցությամբ, քանզի պատմիչը հիշատակում է նույնքան հայ թագավորներ (Զարեհ, Արմոգ, Սարհանգ, Շավարշ, Փառնավազ), որքան նույն ժամանակաշրջանում ունեին հրեաները (Եզեկիա, Մանասե, Ամոն, Հովսիա, Հովակիմ): Անհնարին է համարում այն, որ Բագարատ Փառազյանը, լինելով ժամանակակիցը Նաբուգոդոնոսոր Բ-ի (Ք..ա. VII դ.), ապրած լիներ Արշակունի թագավորի Մծբին գալու ժամանակ, ինչը տեղի է ունեցել մոտավորապես մ․թ․ II դարի կեսերին: Ադոնցը անհավանական է համարում նաև այն, որ Բագարատի որդիները, սերելով Զարեհից և Փառնավազից, վերոնշյալ անունների փոխարեն կրում են Բագարատ անունը: Ըստ Ադոնցի` Անանունի հիշատակած Զարեհը կարող է հիշեցնել Ծոփքի թագավորության հիմնադիր Զարիադրիսին, որի անվան պարթևական տարբերակը Զարեհն է: Մյուս կողմից Զարեհը կարող էր կրել իրանական Զարիադր հերոսի ստվերը, որը Վշտասպի եղբայրն էր և թագավորել էր Մարաստանի ու ստորին երկրների վրա, իսկ նրա եղբոր` վերոհիշյալ Զարիադրի իշխանության տակ էին գտնվում Կովկասյան երկրները` Կասպից պահակից վեր` մինչև Տանայիս (Դոն) գետը: Բայց նա ավելի հավանական է համարում և Մարկվարտի հետ կիսում այն տեսակետը, համաձայն որի Զարեհը Անանունին հայտնի է եղել Բագավանի մոտ գտնվող Զարեհ ավանից: Ադոնցը նույն կերպ է մեկնաբանում նաև Բագամ և Շավարշ կամ Շավաշ անունները` առաջինը կապելով Բագավանի, իսկ երկրորդը` Շավարշանի հետ: Առանձնակի ուշադրություն չդարձնելով Սարհանգ անվանը` (հին պարսկերեն` հերոս, արդի պարսկերենում՝ գնդապետ) անդրադառնում է Արմոգ և Փառնավազ անուններին: Արմոգը նույնացնում է վրացական Արտոգի հետ, որը Վրաստանի թագավորն էր և Տիգրան Մեծի (Ք. ա. 95–55 թթ.) ժամանակակիցը, իսկ Փառնավազը` Տիգրան Մեծի որդի Արտավազդի (Ք. ա. 55–34 թթ.): Ադոնցի կարծիքով ևս մեկ Փառավազ հավանաբար գոյություն է ունեցել այս Փառնավազից առաջ: Բայց նա կարծում է, որ Անանունն այդ անվանը ծանոթ է Փավստոս Բուզանդից: Վերջինիս մոտ Փառնավազն ընկալվում է որպես վրացական թագավորական տուն: Փառնավազին Անանունի կողմից որպես Բագարատի հայր ներկայացնելու հիմքում կարող էր ընկած լիներ այն հանգամանքը, որ Անանունը հաճախ աշխարհագրական մերձավորությունը վերածում է ցեղականի` նկատի ունենալով Բագրատունիների սեփականություն հանդիսացող Սպեր գավառը, որի միջոցով, ըստ Ադոնցի, հայկական և վրացական հողերը սահմանակցում են[17]:

Լեո[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեո

Լեոն՝ նույն ինքը՝ Առաքել Գրիգորի Բաբախանյանը (1860–1932թթ․), նշանավոր հայ պատմաբան, գրող, գրականագետ, հրապարակախոս, Հայաստանի գիտությունների և արվեստի ինստիտուտի իսկական անդամ, պրոֆեսոր, նույնպես համաձայն էր Նիկողայոս Ադոնցի վերոհիշյալ տեսակետին։ Այսինքն՝ ըստ Լեոյի ևս՝ Բագրատունիների նախահայրը Կիլիկիո և Ասորիքի մ․թ․ա․ Ա դարի կառավարիչն է՝ Տիգրան Մեծի զորավար Բագադատ–Բագրատը։ Ընդ որում՝ Լեոն Բագրատունիներիս բացառապես հայկական ծագում է վերագրում։ Բացի այդ՝ Լեոն Բագրատունեաց նախնական բնակության վայրն է համարում է Մեծ Հայք երկրամասի Այրարատ աշխարհի Կոգովիտ գավառը: Անդրադառնալով Խորենացու կամ նրա Պատմության խմբագրողների կողմից Բագրատունեաց՝ հրեական ծագում վերագրելու փաստին, պրոֆեսոր Լեոն դա բացատրում է հետևյալ կերպ․ Մամիկոնյանց և Բագրատունյաց միջև հարատև շարունակվող մրցություն կար: Ուստի՝ Խորենացին, լինելով Բագրատունյաց տոհմի ջատագովը՝ վերջիններիս վերագրել է հրեական ծագում՝ և այսպիսով պատմահայրը ջանացել է Բագրատունիներին առավել հին ծագում վերագրել[18]։

Գրիգոր Խալաթյանց[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրիգոր Աբրահամի Խալաթյանցը (1858-1912թթ․) նշանավոր հայագետ էր, պատմաբան-բանասեր, մանկավարժ, մշակութային գործիչ։ Պատմական գիտությունների դոկտոր (1903թ․), պրոֆեսոր (1906թ․)։ Հայտնի է եղել իր ծայրահեղ և անհեթեթ մեղադրանքներով 5-րդ դարի հայ պատմիչների նկատմամբ: Բագրատունիներին հրեական ծագում արհեստականորեն վերագրելով՝ նրանց առավել հին գահատոհմ ներկայացնելու Խորենացու այս քաղաքական հնարավոր հնարքի մասին իր ժամանակին տեսակետ է արտահայտել նաև այս նշանավոր հայագետ հետազոտող, բանասեր Գրիգոր Խալաթյանցը։ Ընդ որում, սույն հետազոտողը, կարծես, առավել հակված է եղել կարծելու, որ այդ միտումը առաջացել է Անանունի մոտ, և սոսկ հետագայում՝ փոխանցվել` Խորենացուն: Գրիգոր Խալաթյանցի կարծիքով` Անանունը ամբողջությամբ գտնվել է Աստվածաշնչի ազդեցության տակ, քանի որ Բագարատ անվան մեկ այլ ձևին` Փաքարատին, հանդիպում ենք Աստվածաշնչում «որդիք Փաքարատ», Նեեմիի գրքում` Պակարատ, (վերջինիս անունը նշված էր Նաբուգոդոնոսորի բաբելոնյան գերությունից վերադարձած Իսրայելի որդիների ցուցակում) ինչպես նաև Եզրի 2-րդ գրքում` Փաքերոթ կամ Փաքերովթ տարբերակով[19]: Բացի այդ Գր․ Խալաթյանցը նմանություն, գուցե և նույնություն էր տեսնում Անանունի Բագարատ Փառազյանի և Խորենացու մոտ հանդիպող, թագադիր և ասպետ տիտղոսները կրող, թագավորին դիմավորող Շամբատ Բագարատի միջև: Առկա միակ տարբերությունը, ըստ Խալաթյանցի, այն է, որ Խորենացին Բագարատին սերած է համարում հրեա Շամբատից, մինչդեռ Անանունը Բագրատունիներին վերագրում է հայկական ծագում[19]:

Ասլան Շահնազարյան[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրիգոր Խալաթյանցի վերոհիշյալ տեսակետը՝ որոշ ժամանակ անց արժանացավ հայագետներից ոմանց, մասնավորապես՝ պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ ծնունդով Արցախից Ասլան Շահնազարյանի (1877-1955թթ․)։ քննադատությանը: Վերջինս Գր․ Խալաթյանցի այդ տեսակետը պայմանավորեց այն հանգամանքով, որ վերջինս դասվում էր այն ծայրահեղական բանասերների շարքին, ովքեր փորձում էին փաստել, որ Խորենացին ապրել է VIII դարի վերջին կամ IX դարի սկզբին, հետևապես հավանական էր, որ օգտված լիներ Անանունից: Մինչդեռ, Շահնազարյանը, փաստելով Խորենացու մեծությունը, ամբողջությամբ հերքեց այդ տեսակետը[20]:

Ասլան Շահնազարյանը Բագրատունյաց տոհմի նախահայր է համարում Տիգրան Մեծի զորավար Բագադատ–Բագրատին։ Շահնազարյանը, վկայակոչելով ուրարտագետներին, համաձայն որոնց ուրարտերենում «ունի» բառը նշանակում է «տոհմ», և իր այդ նույն իմաստը պահպանել է նաև հայերենում` որպես հատուկ անունների վերջածանց, իշխանական տան անվանման բացատրությունը կապեց իշխանական տոհմի ազգանվան կազմությամբ, որը բաղկացած է «Բագարատ» և «ունի» բառերից, հետևապես Բագրատունի, ըստ Ա. Շահնազարյանի, կնշանակի Բագրատի տոհմ: Սակայն, այդ իրողությունը ամենևին չէր պարտադրում Բագրատունիներին` ունենալ ուրարտական ծագում, ինչպես կարծում են որոշ մասնագետներ[21]։

Անտոն Գարագաշյան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայր Անտոն Մատաթիա Գարագաշյան

Պատմաբան, բանասեր, հոգևորական, լեզվաբան և փիլիսոփա բազմատաղանդ Հայր Անտոն Մատաթիա Գարագաշյանն (1818–1903թթ․) առաջիններից մեկն էր, ով, վերլուծության ենթարկելով Բագրատունիների անունները (Բագարատ` աստվածատուր, Սմբատ`արծաթ (սիմ) և պատ (շեն), վարազ հաղթող, որը համարժեք է Սասանյանների Պերոզ անվանը, իսկ բարդված ձևերն են Վարազտիրոց, Վարազվազան[22], Վարազդատ և այլն) ժխտեց դրանց եբրայական լինելը` վերագրելով արիական ծագում: Պատմաբան–լեզվաբանը Բագրատունիների հրեական ծագման վերաբերյալ նկատում է հակադրություն հենց Խորենացու հիշատակություններում: Խոսքը վերաբերում է Բագրատունի Ենանոսի և Գնթունի նահապետ Զորայի միջև ծագած տարաձայնությանը: Համաձայն այդ վկայությունների, Ենանոսը, ապստամբելով թագավորի դեմ, փորձում էր հանձին Զորայի գտնել դաշնակցի, վերջինս, սակայն, առարկում է Բագրատունի Ենանոսին` միաժամանակ հերքելով իրենց պաղեստինցի (հրեա) լինելը[23]:Անտոն Գարագաշյանհպանցիկ հիշատակում է այն տեսակետը, որը պետք է ամրապնդվեր հետագայում և դառնար այն իրողության առհավատչյան, համաձայն որի Խորենացին հրեա ասելով նկատի է ունեցել ոչ թե ազգությունը, այլ Բագրատունիների կրոնական պատկանելությունը: Գարագաշյանը ուշագրավ տեսակետ է արտահայտում նաև Բագրատունիներին վերագրված պաշտոնի` հայոց թագավորին թագադրելու իրողության վերաբերյալ` այն որակելով ոչ միայն հին և ընդունված սովորույթ հայոց մեջ, այլև` կրոնական արարողություն: Այս երևույթի պատմական ակունքները գալիս են այն ժամանակաշրջանից, երբ երկրի վրա իշխանությունը աստվածապետական էր, այսինքն` աշխարհիկ իշխանությունը գտնվում էր քրմի կամ մարգարեի ձեռքում: Երբ այն սահմանազատվեց, վերջիններս շարունակեցին իրենց ձեռքում պահել թագավորին պսակելու կամ օծելու արարողությունը: Թերևս այս է Գարագաշյանի կողմից Վահունիների հետ նրանց համեմատելու պատճառը: Այս ենթադրության հիմքը նաև «Բագրատունի» անվան առաջին «Բագ» բառն է, որը հնդեվրոպական շատ լեզուներում նշանակում է «Աստված»: Գարագաշյանը նույն կերպ է բացատրում «Վահունի» ցեղանունը, համաձայն որի «վահ» բառը «բագ»-ի մեկ այլ ձևն է և ունի նույն նշանակություն։[24]

Մառ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկողայոս Մառ

Բագրատունիների ծագման վերաբերյալ իր տեսակետն է արտահայտել Նիկողայոս Մառը (1865–1934թթ․): Վերջինս նախ և առաջ ուսումնասիրության ենթարկեց Բագրատունիների մոտ առավել հաճախ հանդիպող անունները: Հետազոտության արդյունքում Աշոտ, Սմբատ, Գագիկ անունները առավել կապված համարվեցին հաբեթական աշխարհի հետ և ավելի թույլ իրանականի: Ինչ վերաբերում է Բագրատունիների ծագման վերաբերյալ առաջացած երկվությանը, ապա Մառն այն կապում է հայ հասարակության նախասիրությունների փոփոխման հետ: Համաձայն որի, հին ավանդությունների կրողները Բագրատունիներին կապում էին տեղական ցեղերի հետ, մյուսները` նոր`քրիստոնեական հայացքների կրողները, նախապատվությունը տալիս էին նրանց` աստվածաշնչյան Դավթից սերելուն[25]: Այս տեսակետը և Բագրատունիներին վերագրված «հրեական» ծագումն իր արտացոլանքը գտավ հատկապես Վրաստանում, որտեղ հաստատված Բագրատունիների մի ճյուղը հասել էր թագավորական աստիճանի: Համաձայն վրացական աղբյուրների Բագրատունիների այս ճյուղը ազգակցական կապեր ուներ Դավիթ մարգարեի հետ, ինչը նշանակում էր ազգակից լինել Մարիամ Աստվածածնին[26]: Բագրատունիների վրացական ճյուղի ծագման վերաբերյալ նման չափազանցությունն անհնարին համարելով` Յոզեֆ Մարկվարտը, Կիրիլ Թումանովը, Նիկողայոս Ադոնցը և այլ գիտնականներ` վրաց Բագրատունիներին սերած համարեցին հայ Բագրատունիներից[27],[28],[29]: Տվյալ պարագայում վրաց Բագրատունիների նախահայրը հանդիսացավ Աշոտի որդի Վասակը: Խոսքը 732–750 թթ. Հայոց իշխան Աշոտ Կույրի որդի Վասակի մասին է, որը մասնակցել էր 774–775 թթ. ապստամբություններին և Բագրևանդի ճակատամարտից հետո անցնել էր Կղարջք և հիմնել Բագրատունիների վրացական ճյուղը: Մասնագետների արտահայտած այս տեսակետի աղբյուրագիտական հենքը Վարդան Արևելցու համապատասխան հիշատակությունն է[30]:

Գրիգոր Ղափանցյան[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշանավոր հայ պատմաբան Գրիգոր Ղափանցյանը (1887–1957թթ․) Բագրատունիների ծագման հարցում ունի բավական ուրույն տեսակետ։ Մասնավորապես, Ղափանցյանը Բագրատունիների ծագումը հասցնում է մինչև ուրարտական ժամանակաշրջան` այդ նախարարական տոհմին վերագրելով մանայական ծագում: Տվյալ դեպքում, ըստ Ղափանցյանի, Բագրատունիների նախահայր կարող էր հանդիսանալ Մանա երկրի թագավոր Բագադատը: Ընդ որում, Գրիգոր Ղափանցյանի տեսության մեջ հանդիպում ենք ոչ միայն Բագադատին, այլև Իրանզուին և Բագադատի նախորդ Մանա երկրի թագավոր Ազա Բ-ի մասին տեղեկությունների, որը Ղափանցյանի ենթադրությամբ Բագադատի հայրն է, իսկ Իրանզուն` Ազայի հայրը` հետևապես Բագադատի պապը: Եթե Բագադատին Բագրատունի համարենք, ապա տոհմի նախահայր, ինքնաբերաբար, պետք է ընդունենք ոչ թե նրան՝ Բագադատին, այլ իր պապին, այսինքն` Իրանզուին: Հետևաբար, Ուրարտական ժամանակաշրջանում մեզ հայտնի առաջին Բագրատունին Բագադատի փոխարեն դառնում է Իրանզուն, երկրորդը վերջինիս որդի Ազա Բ–ն, իսկ երրորդը՝ Բագադատը: Գրիգոր Ղափանցյանը առաջարկում էր Բագրատունիների նախնական հնարավոր բնակավայրը համարել Մանա կամ Մերձուրմյան երկիրը, որի թագավորն էր Բագադատին[31]: Իր հերթին, ժամանակին Նիկողայոս Ադոնցը, որի տեսակետը վերևում համառոտ շարադրված է, մոտավորապես այս նույն վայրը, ավելի ճիշտ սրանից, այսինքն՝ Մանա կամ Մերձուրմյան երկրից դեպի հյուսիս-արևմուտք ընկած Բագրևանդն էր ընդունում որպես Բագրատունիների նախահայրենիք:

Ռաֆայել Ի․ Մաթևոսյան[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմաբան Ռաֆայել Իվանի Մաթևոսյանը (1932-2002թթ․), որը վախճանվել է 2002թ․, ևս կողմնակից էր, ինչպես Գրիգոր Ղափանցյանը՝ Բագրատունիների շատ ավելի հին՝ ուրարտական և Մանայական ժամանակաշրջանում ծագման տեսակետին[32]։ Իբրև ապացույց` լինելով պատմաբան և զինանշանագետ, Ռ․Ի․Մաթևոսյանը մատնանշում է հետևյալ փաստերը․ Ա․ Բագրատունիների զինանշանը իր վրա կրում էր ուրարտական հերալդիկայի ազդեցության դրոշմ[32], Բ․ ուրարտական գլխավոր աստված Խալդեի տիկնոջ՝ Բագբարտու աստվածուհու անունը ծագում է նույն ԲԱԳ արմատից, ինչ և Բագրատունիների տոհմանունը։[32]:

Ավելին, Մաթևոսյանը հավանական է համարում, որ հենց Բագբարտու աստվածուհու անունից էլ պետք է առաջացած լիներ Բագրատունի նախարարական տոհմանունը: Ընդ որում, Ռ․Մաթևոսյանը, Բագրատունիների` հավանական գոյությունը ուրարտական ժամանակաշրջանում ենթադրելուց զատ, անդրադարձել է նաև Բագրատունիների իշխանական տոհմի ծագման հարցերի քննությանը` ներկայացնելով հայագիտությանը հայտնի տեսակետներն` ըստ ժամանակագրական հաջորդականության: Հենց այդ պատմաբանի ուսումնասիրության արդյունքում ամբողջությամբ հերքվեց Բագրատունիների հրեական ծագումը, անհավանական համարվեց նաև Շամբատի` Բագրատունիների նախահայր լինելը, քանի որ նրանք «Բագրատունի» կոչվելու փոխարեն կկոչվեին «Շամբատունի»: Բագրատունիների հայկական ծագումը Մաթևոսյանը փաստում է նաև Խորենացու հիշատակություններում հանդիպող հակասություններով[1]:[33]

Կիրիլ Թումանով[խմբագրել | խմբագրել կոդը]

Իշխան Կիրիլ Թումանովը (ծնվ․ 1913թ․, Սանկտ Պետերբուրգում, Ռուսական կայսրություն - վախճանվել 1997թ․ Հռոմում, Իտալիա), ամերիկյան պատմաբան հետազոտող, տոհմագետ, կովկասագետ լինելով՝ ժամանակին նոր էջ է բացել Բագրատունիների ծագումնաբանության ուսումնասիրության մեջ։ Թումանովը համարվում է Հայաստանի և Վրաստանի իշխանական տոհմերի պատմության ամենահեղինակավոր մասնագետներից մեկը։ Կիրիլ Թումանովն առաջինն էր, որ խոսեց Բագրատունիների և Երվանդունիների հավանական ազգակցական կապի մասին[34]:

Թումանովը, բացի վերը հիշատակած փաստից, իր տեսակետը ապացուցում է նաև աշխարհագրական և տեղանվանական տվյալներով: Խոսքը վերաբերում է Մեծ Հայքի Երվանդ Դ Երուանդունի արքայի (Ք. ա. 220–201 թթ.) կողմից Երվանդունիների վերջին մայրաքաղաք Երվանդաշատի մոտ կառուցած Բագարան և Երվանդավան քաղաքներին, ինչպես նաև դրանցից հարավ` Բագրևանդ գավառի Բագավան կենտրոնին, որը հարավ–արևելքում սահմանակից էր Ծաղկոտն գավառին, որտեղ էլ գտնվում էր Անգղ ավանը: Կիրիլ Թումանովը բացի այն, որ Տորք Անգղը (Երվանդունիների աստվածությունը) համարեց ակնարկված «baga» բառով, իմաստաբանական առումով Բագարանին և Բագավանին համարժեք համարեց «Անգղը» և «Անգեղ տունը», որոնք բոլորն էլ համարվում էին Երվանդունիների սրբավայրերը: Թումանովը վերը թվարկված փաստերին ավելացնում է նաև այն, որ Երվանդունի իշխանները, Բագրատունիների նման, կրում էին «Բագարատ» անունը, նկատի ունենալով Բագրևանդ գավառի (Բագարատի գավառ) իշխան Բագարատ Երվանդունուն, որի անունից էլ վերջինիս ժառանգական սեփականությունը ստացել է իր անվանումը` Բագրևանդ[35]:

Բագրատունի տոհմի հրեական ծագման հերքում[խմբագրել | խմբագրել կոդը]

Իհարկե, Բագրատունյաց եբրայական ծագման տեսակետը հերքելն ամենևին դժվար չէ, քանզի Բագրատունիների ծագումնաբանությունը հասնում է մինչև մ.թ.ա. III հազարամյակ՝ Արատտա պետության և Արարատի թագավորության ժամանակներում գոյություն ունեցած Բագադատա, Բագա, Բագարնա կամ Բագավանդա տոհմերը և Բագբատու, Բագբաշտու կամ Բագմաշտու ցեղանունները:

Բագրատունիների տոհմի անվան հետ է կապված նաև Մեծ Հայքի Բագրևանդ գավառի անվանումը, որ այդ տոհմի հայրենական կալվածքն է եղել: Եվ բագ արմատը հայերենում նշանակում է աստված (բագ-բագին), հետևաբար Բագրատունիների տոհմը հին Հայաստանում հայոց քրմական տոհմերից մեկն է եղել: Ավելին, Արարատյան թագավորության գերագույն աստված Խալդի կինը Բագբարտու աստվածուհին էր:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ Հայք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բագրատունիների ընտանիքը վաղ ավատատիրական շրջանում՝ Արշակունիների թագավորության (66-428) ժամանակ, կարևորագույն տեղ է զբաղեցրել հայոց զորանամակում և գահնամակում։ Արշակունյաց «Գահնամակում» Բագրատունիների տոհմը հիշատակվում է երկրորդը (Սյունյաց նախարարությունից հետո)։ Նրանց է պատկանել թագադիր ասպետի արքունի գործակալությունը, և հաճախ, ըստ իրենց պաշտոնի, անվանվել են Ասպետունի։ Բագրատունիների ժառանգական տիրույթը Բարձր Հայք նահանգի Սպեր գավառն էր։ Մեծ Հայքի Արշակունյաց Թագավորության վերացումից և Իրանի տերության կազմում Հայաստանի մարզպանության ստեղծումից հետո (428) Բագրատունիները աստիճանաբար ընդարձակել են իրենց տիրույթները, Տայք նահանգի սահմաններից անցնելով Այրարատ՝ միացնելով Կոգովիտ գավառը՝ Դարույնք ամրոցով։

Օտար տիրապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

5-րդ դարի վերջին Սահակ Բագրատունին դարձել է Հայոց մարզպան։ 7-8-րդ դարերում Բագրատունիները մրցակցության մեջ էին Մամիկոնյանների հետ՝ հանուն քաղաքական առաջնության։ 7-րդ դարի վերջին Հայոց իշխան է դառնում Աշոտ Բագրատունին (685-689)։ Քաղաքական պայքարն ավարտվում է Բագրատունիների հաղթանակով, ովքեր իրենց տիրույթներին են միացնում Կամսարականների (Շիրակ) և Մամիկոնյանների (Տարոն) կալվածքները։ Այրարատի (Ոստան Հայոց) տարածքին տիրել են 9-րդ դարի կեսերին։ 8-րդ դարում Հայոց իշխանի պաշտոնը մեծ մասամբ վարել են Բագրատունիները։ Նրանք քաղաքական ասպարեզից աստիճանաբար դուրս են վանել Մամիկոնյաններին։ Նրանց գերիշխանության տակ էին բազմաթիվ նախարարական տներ, որոնց մեջ առանձնանում էին Վասպուրականի և Վրաստանի գահերեց իշխանները, Սյունիները և ուրիշներ։

Հզորացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բագրատունիների թագավորությունը հզորացավ Աշոտ Բ Երկաթի օրոք (914-928), որը հռչակվեց շահնշահ հայոց և վրաց: Նրա իշխանությունը ճանաչում էին ոչ միայն հայ իշխանները, այլև՝ Հայաստանում հաստատված արաբական էմիրությունները, Վասպուրականի թագավորությունը, ինչպես նաև 899 թվականին հռչակված Վրաց Բագրատունիների թագավորությունը: Այս վերջինս կազմավորվեց, երբ հայոց Սմբատ Ա արքան (890-914) իր ազգական Ատրներսեհ Բագրատունուն կարգեց վրաց թագավոր: Իսկ վրաց Բագրատունիները սերում են Սպերի հայ Բագրատունիներից: 774 թ. հակաարաբական ապստամբության մասնակից Աշոտ Կույր իշխանի որդի Վասակ Բագրատունին, խույս տալով արաբներից, հաստատվում է Կղարջքում: Հետագայում նրա սերունդները, ընդունելով քաղկեդոնականություն, աստիճանաբար վրացացան: Վրաց Բագրատունիների թագավորությունը հզորացավ հատկապես XII-XIII դարերում՝ Դավիթ Դ Շինարար (1089-1125), Գեորգի Գ (1156-1184) թագավորների և Թամար թագուհու (1184-1213) կառավարման տարիներին: Վրաց Բագրատունիներն ավելի կենսունակ գտնվեցին և մինչև 1801 թ. պահպանեցին իրենց իշխանությունը: Նրանցից է սերում նաև XIX դարի ռուսական բանակի գեներալ Բագրատիոնը:

Հայ Բագրատունիներից արժանահիշատակ է նաև Աշոտ Գ Ողորմածը (954-977), երբ նա աշխարհում նախադեպը չունեցող բարենորոգումներ իրականացրեց Հայաստանում և Հայոց տունը (Բագրատունյաց պետության պաշտոնական անվանումը) 961 թ. դարձրեց դաշնային՝ ֆեդերատիվ պետություն: Աշոտ Գ-ի կառավարման տարիներին ձևավորվեցին Բագրատունյաց մյուս թագավորությունները՝ Կարսի կամ Վանանդի, որտեղ թագավոր հռչակվեց Մուշեղը, այդ պետությունը գոյատևեց մինչև 1054 թ., Լոռվա Կյուրիկյան թագավորությունը, որի առաջին գահակալը Աշոտ Գ-ի որդի Գուրգեն-Կյուրիկե Ա-ն էր (962-990), սա էլ գոյատևեց մինչ 1118 թ.:

Բագրատունյաց Համադաշնություն կամ Դաշնակից թագավորությունների միություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փաստորեն, Բագրատունիները տարածաշրջանում ձևավորել էին տոհմակից թագավորությունների մի կուռ միություն, որի մեջ, բացի հայ Բագրատունիներից, մտնում էին նաև Վիրա-աբխազական թագավորությունը՝ վրաց Բագրատունիների գլխավորությամբ, Արծրունիների Վասպուրականի և Սյունյաց թագավորությունները: Այս դաշնային միության գլխավորը՝ շահնշահ հայոց և վրաց տիտղոսով, Անիի Բագրատունիներն էին, որ կրում էին նաև ազգապետ հայոց տիտղոսը: Հետագայում այդ տիտղոսն անցավ Լոռվա թագավոր Դավիթ Անհողինին: Իսկ Անիի թագավորության կործանումից հետո հայոց դաշնային պետության նույն մոդելը պահպանեցին ու կիրառեցին վրաց Բագրատունիները, որ Դավիթ Դ Շինարարից սկսած՝ կրում էին թագավոր վրաց և հայոց տիտղոսը:

Կյուրիկյան թագավորությունը Դավիթ Ա Անհողինի (990-1048) օրոք հասավ հզորության գագաթնակետին: Դավիթը լիակատար անկախություն ձեռք բերեց Անիի թագավորությունից, երկու անգամ ջախջախեց Դվինի և Գանձակի էմիրությունների զորքերը, գրավեց ու հարկատու դարձրեց Աղվանքը, Հյուսիսային Արցախը, Թիֆլիսի էմիրությունը, Կախեթը, որտեղ 1038 թ. գահ բարձրացրեց իր որդի Գագիկին, սա էլ հիմք դրեց Կյուրիկյան Բագրատունիների արքայատան կրտսեր ճյուղին: Դավիթ Անհողինը երբևէ ամենաերկար գահակալած հայ արքան է: Նրա որդին՝ Կյուրիկե Բ արքան (1048-1090), ստանձնեց Բագրատունյաց ազգապետի տիտղոսն ու անգամ սեփական դրամները հատեց. եզակի երևույթ, քանզի թե՛ Արշակունի, թե՛ Բագրատունի թագավորները սեփական դրամներ չեն հատել: Սեփական դրամներ չհատեցին անգամ Զաքարյանները, որոնց պետությունն ավելի հզոր ու ազդեցիկ էր, քան Բագրատունիների թագավորությունը: Բացի այս տիրույթներից, Բագրատունիք իշխում էին նաև Տարոնում, որի իշխանությունը Բյուզանդիան վերացրեց X դարում: Հետագայում Տարոնի Բագրատունիներից սերեցին Թոռնիկյանները: Հզոր էր հատկապես Տայքի կյուրոպաղատությունը, մանավանդ՝ Դավիթ իշխանի օրոք: Սակայն 1001 թ. Դավիթ Բագրատունին դավադրաբար թունավորվում և սպանվում է, բյուզանդական զորքերը գրավում են Տայքը նույնպես:

Բագրատունյաց Կենտրոնական Թագավորության անկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուն Բագրատունյաց թագավորությունը թեպետ յուր հզորության գագաթնակետին հասավ Գագիկ Առաջինի օրոք (990-1020), սակայն նրա ժառանգները անկամ ու անփառունակ գտնվեցին, և հայոց պետությունն արդեն գնում էր կործանման: Հովհաննես-Սմբատ Գ (1020-1041) և Գագիկ Բ (1042-1045) արքաները վերջիններն էին Բագրատունյաց թագավորական գահին: 1045 թ. հայոց կաթողիկոս Պետրոս Ա Գետադարձի նենգության ու դավաճանության հետևանքով Անվո թագավորությունը կործանվեց: Հայաստանը դարձավ Բյուզանդական կայսրության բանակաթեմերից մեկը, իսկ Բագրատունյաց տոհմը մարեց ու վերացավ պատմության թատերաբեմից:

Զինանշան[խմբագրել | խմբագրել կոդը]

Բագրատունիների տոհմային զինանշանը եղել է առյուծը: Այն IX դարում դարձավ նաև հայոց պետության զինանշանը: Բագրատունյաց առյուծը որպես զինանշան ծառայել է նաև Կարսի ու Լոռվա թագավորություններում:

Կենտրոնական Թագավորության մայրաքաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բագրատունիների թագավորությունը տարբեր ժամանակամիջոցներում տարբեր մայրաքաղաքներ ուներ՝ Դվին, Շիրակավան, Բագարան, Կարս, Անի: Անին շատ արագ մեծացավ, բարգավաճեց, հատկապես՝ Սմբատ Բ Տիեզերակալ արքայի գահակալման տարիներին (977-990): Այդ տարիներին Անին, Կոստանդնուպոլսից ու Անտիոքից հետո, իր 120-150.000 բնակչությամբ աշխարհի երրորդ քաղաքն էր: Հայոց արքաները մեծ ուշադրություն էին դարձնում Անիին, որը պատմական աղբյուրներում հանդես է գալիս որպես «մեծ ու շեն, տիեզերական» մակդիրներով:

Գավառական թագավորությունների մայրաքաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոռվա կամ Տաշիր-Ձորագետի Կյուրիկյան-Բագրատունիների մայրաքաղաքը սկզբում Սամշուլդեն էր, ապա՝ Լոռեն, որ կառուցեց ու շենացրեց Դավիթ Անհողինը:

Թագավորության շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Բագրատունի Հայոց թագավորների արքայացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

# Պատկեր Անուն Կառավարման տարիներ Լրացուցիչ տեղեկատվություն
1 Աշոտ Աշոտ Ա 885-890 թվականներ Աշոտը ամրապնդել է երկրի միասնությունը, միջամտել իշխանական տների միջև ծագած դժգոհություններին, խնամիական կապեր հաստատել Բագրատունի, Արծրունի և Սյունյաց իշխանական տների միջև։ Իր եղբայր Աբասից հետո սպարապետ է կարգում որդուն՝ Շապուհին, իսկ մյուս որդին՝ Սմբատը, դառնում է հայոց թագավոր և շարունակում հոր գործը։ Երեք դուստրերից երկուսին կնության է տալիս Արծրունիներին. Սոֆյան ամուսնանում է Գրիգոր-Դերենիկի հետ և դառնում է Վասպուրականի գահերեց տիկին, իսկ մյուս դուստրն ամուսնանում է Վահան Արծրունու հետ։ Կրտսեր դուստրը՝ Մարիամը, ամուսնանում է Վասակ Գաբուրի հետ, դառնում Սյունիքի գահերեց տիկին։ Բարեկամական և դաշնակցական կապեր են հաստատվում ոչ միայն հայ ազդեցիկ իշխանների, այլև վրացիների ու աղվանների հետ։ Վերջիններիս ազնվականության գլուխ էին անցել վրաց և աղվանից Բագրատունիները։

Դեռևս 870–ական թվականների կեսերին Արծրունյաց և մյուս իշխանները Հայոց կաթողիկոսի հետ միասին արաբական խալիֆից պահանջել էին ճանաչել Աշոտի թագավորությունը։ Հայերին սիրաշահելու, Բյուզանդիայից վանելու նպատակով խալիֆայությունը կատարել է նրանց պահանջը. Մութամիդ խալիֆան 885 թվականին թագ է ուղարկել Աշոտին։ Աշոտը ընդունել է նաև Վասիլ I կայսեր ուղարկած թագը՝ գտնելով միջազգային ճանաչում[36]։

885 թվականի օգոստոսի 26-ին կաթողիկոս Գևորգ Գառնեցու կողմից Բագարան քաղաքում Աշոտն օծվում է հայոց թագավոր։ 885-890 թվականներին Աշոտ առաջինը ընդարձակում է երկրի տարածքները, իսկ վերջին շրջագայության ընթացքում՝ 890 թվականին, Կոստանդնուպոլսից վերադարձի ճանապարհին Աշոտ Ս-ը մահանում է։ Նրա մահից հետո գահն անցնում է նրա որդի Սմբատ Ա Բագրատունուն։ 887 թվականին Աշոտը թագադրել էր Արևելյան Վրաստանի առաջին թագավորին՝ Ատրներսեհ Դ Բագրատունուն (Բագրատիոնի, 887-923 թթ.)[37]։

Աշոտը ցուցաբերել է ռազմա–քաղաքական, դիվանագիտական մեծ ձեռներեցություն՝ ամրապնդելով պետությունը։ Նստավայրն էր Բագարան ամրոցը։ Նրա գերիշխանությունը ճանաչում էին նաև Վրաց, Աղվանից իշխանները և Հայաստանի արաբական ամիրայությունները։ Բյուզանդիայի Կոստանդին Ծիրանածին կայսրը գրում է, որ Աշոտը «տիրում էր Արևելքի բոլոր երկրներին»։

Աշոտը նաև կատարեց մի շարք բարեփոխումներ, վերականգնելով ու բարեփոխելով Արշակունիների ժամանակ գոյություն ունեցած պալատական համակարգը։ Մանր ազնվականներին հողեր նվիրեց, նրանց ավելի ևս կապելով արքունիքի հետ։

2 Սմբատ Ա 890-914 թվականներ Աշոտ Ա արքայի որդին։ Վերջինս հայոց գահը ժառանգել է 890 թվականին, սակայն հայոց գահին վերջնական հաստատվել է 892 թվականին։ Աշոտ Ա-ի մահից հետո, հայոց գահը ավագության իրավունքով անցնում է Սմբատին, սակայն Աշոտ Ա-ի եղբայրը՝ Աբաս սպարապետը նույնպես հավակնություններ ուներ թագի նկատմամբ։ Արդյունքում՝ սկսվում են գահակալական կռիվներ, որը դառնում է ազգամիջյան պատերազմների պատճառ։ Ի վերջո Սմբատը կարողանում է հաղթանակ տոնել իր հորեղբոր նկատմամբ և վերջնականապես 892 թվականին հաստատվում հայոց գահին։ Նույն թվականին Սմբատի իշխանությունը ճանաչվում է նաև Արաբական խալիֆայությունը։

Սմբատը, շարունակելով հոր գործը, 893 թվականին պայմանագիր է կնքում Բյուզանդիայի հետ, որտեղ թագավորում էր Լևոն Զ-ն՝ Հայկական (մակեդոնական) արքայատոհմից։ Այն իրենից ներկայացնում է առևտրային պայմանագիր, որը կարևոր էր Բագրատունյաց Հայաստանի տնտեսության զարգացման համար։ Միևնույն ժամանակ այն նաև դաշնակցային և բարեկամական պայմանագիր էր։ Այդ ժամանակ Հայաստանում ոստիկան էր նշանակված Ատրպատականի Սաջյան ամիրայության գահակալ Աֆշինը, որը չէր կարողանում համակերպվել հայ-բյուզանդական այսօրինակ մերձեցման հետ և իր զորքով ներխուժում է Հայաստան։ Սակայն Սմբատ Ա-ն կարողանում դիվանագիտական ուղիներով լուծել այս հարցը և Աֆշինը վերադառնում է Ատրպատական։

894 թվականին տեղի է ունենում սարսափելի բնական աղետ՝ երկրաշարժ, որի պատճառով Դվին մայրաքաղաքը դառնում է կիսավեր և անպաշտպան։ Երկրաշարժի պատճառով զոհվում է շուրջ 70 հազար մարդ։ Օգտվելով բարենպաստ պայմաններից՝ Աֆշինը նորից զորք է հավաքում և ներխուժում Հայաստան։ Ճակատամարտը տեղի է ունենում Արագածոտն գավառի Դողս գյուղում, որտեղ Աֆշինի զորքերը ջախջախիչ պարտության են կրում և ստիպված լինում խաղաղություն խնդրել Սմբատից։ Հայաստանում հաստատվում է կարճատև խաղաղություն, որը Սմբատն օգտագործում է կենտրոնացված պետություն հիմնելու համար։ Նա արշավանքներ է ձեռնարկում դեպի Գուգարք, որը գրավվել էր վրացիների կողմից, և վերամիավորում է այն Հայաստանին։ 899 թվականին Սմբատը թագադրում է վրաց գահերեց իշխան Ատրներսեհ Բագրատունուն որպես վրաց թագավոր։ Այս քայլով նա փորձում էր Վիրքը ենթարկել հայկական պետության շահերին։ 901 թվականին Աֆշինին փոխարինում է Յուսուֆը, որը արշավում է Հայաստան և գրավում Դվինը։ Սմբատը պաշարում է քաղաքը և հետ գրավում այն․ Յուսուֆ ամիրան ստիպված էր նահանջել Ատրպատական։ 903 թվականին աբխազները սկսում են ասպատակել Գուգարքը և Վիրքը։ Սմբատը հավաքագրում է մի ահռելի զորք և արշավում Աբխազաց թագավորություն, գրավում այն, ապա իր երկրին միացնում մի շարք աբխազական գավառներ, այդ թվում՝ Կղարջքը և Արտահանը։

Յուսուֆը, տեսնելով, որ չի կարող ռազմական ուժով հաղթել Սմբատին, դիմում է խորամանկության։ Այդ ժամանակ Արծրունիների և Սյունիների միջև առաջացել էին ներքին հակասություններ, իսկ Սմբատը խնդիրները լուծել էր ի օգուտ Սյունիների։ Գագիկ Արծրունին դժգոհ է մնում այդ որոշումից և ապստամբում է։ Յուսուֆն էլ սպասում էր այսպիսի առիթի, որպեսզի երկպառակություն մտցնի հայերի մեջ։ Նա միանգամից թագ է ուղարկում Գագիկին և նրան ճանաչում «հայոց արքա»։ Միաժամանակ՝ 909 թվականին Յուսուֆը զորքով Ատրպատականի կողմից ներխուժում է Հայաստան։ Վճռական ճակատամարտը տեղի է 910 թվականին ունենում Ձկնավաճառում, որտեղ Սմբատը պարտություն է կրում, քանի որ Սևորդյան իշխանները դավաճանում են նրան։ Այդ ժամանակ Հայաստանում գտնվող արաբ ամիրաները, որոնք մինչ այդ հարկատու էին Սմբատին, ապստամբում են։ Ապստամբում են նաև հայ անջատողական տրամադրություններ ունեցող իշխաններից շատերը։ Սմբատը պատսպարվում է Կապույտ բերդում, իսկ Յուսուֆը պաշարում է այն։ Բանակցությունների ժամանակ Յուսուֆը տալիս է անձի ապահովության խոստումներ։ Երկիրը ավերումից պաշտպանելու համար Սմբատը անձնատուր է լինում, սակայն Յուսուֆը չի պահում իր երդումը և նրան խոշտանգելով տանում է Դվին, ապա փորձում է նրանից հրաման կորզել, որ հայոց երկրի պաշտպանվող ամրությունները, բերդերը ևս անձնատուր լինեն, սակայն մերժում է ստանում։ Յուսուֆը 914 թվականին գլխատում է Սմբատին և մարմինը խաչ հանում Դվինի դարպասների վրա։

3 Աշոտ Բ Երկաթ Աշոտ Բ Երկաթ 914-928 թվականներ Սմբատ Ա-ի որդին՝ Աշոտ Բ Երկաթը, տևական պայքարում (914–922 թվականներ) վտարել է արաբներին, սանձել կենտրոնախույս ուժերին, միավորել երկիրը։ Անզավակ Աշոտ Բ-ին հաջորդել է եղբայրը՝ Կարսի կառավարիչ Աբասը։ Նա Բագրատունիների արքունիքը տեղափոխել է Կարս, իսկ կաթողիկոսական աթոռը՝ Աղթամար կղզուց Շիրակ։ Աբասի որդու՝ Աշոտ Գ Ողորմածի օրոք սկսվել է Բագրատունյաց Հայաստանի բարգավաճման նոր ժամանակաշրջան։ Հաջորդ արքան՝ Սմբատ Բ Տիեզերակալը, ուժեղացնելով կենտրոնական իշխանությունը, ձգտել է մուսուլմանական ամիրությունների և Բյուզանդիայի հետ վեճերը հարթել խաղաղ ճանապարհով։ Սակայն Բագրատունյաց թագավորության վերելքն իր գագաթնակետին է հասել Սմբատ Բ-ի եղբայր Գագիկ Ա-ի օրոք (989–1020 թվականներ)։ Բյուզանդիան 967 թ-ին զավթել է Տարոնի իշխանությունը, 1000 թ-ին՝ Տայքի կյուրապաղատությունը, 1016– 1021 թթ-ին՝ Վասպուրականը։ Գագիկ Ա-ի ավագ որդին՝ Հովհաննես-Սմբատը, Բյուզանդիայի ճնշմամբ Անի-Շիրակի թագավորությունը «կտակել» է կայսրությանը։ Կաթողիկոս Պետրոս Ա Գետադարձը 1022 թ. հունվարին Տրապիզոնում Վասիլ II կայսեր հետ կնքել է պայմանագիր, որով Հայոց թագավորի մահից հետո Բագրատունյաց թագավորությունը միացվելու էր Բյուզանդիային։ Հովհաննես-Սմբատը և նրա եղբայր Աշոտ Դ-ն թագավորությունը բաժանել են. Շիրակը՝ շրջակա գավառներով, մնացել է Հովհաննես-Սմբատին, իսկ թագավորության արևելյան կողմերն անցել են Աշոտին։ Հովհաննես-Սմբատի մահից հետո բյուզանդական զորքերը ներխուժել են Հայաստան (1042 թ.), պաշարել Անին։ Հայոց զորքն ու մայրաքաղաքի բնակիչները սպարապետ Վահրամ Պահլավունու գլխավորությամբ ջախջախել են թշնամուն և թագավոր հռչակել Աշոտ Դ-ի որդի Գագիկ Բ-ին։ 1045 թ-ին Գագիկ Բ-ին խաբեությամբ գերելուց հետո Բյուզանդիայի կայսր Կոնստանդին IX Մոնոմաքոսը գրավել է Անին և վերացրել Բագրատունիների հայկական պետությունն ու Բագրատունիների արքայատոհմի հիմնական ճյուղի իշխանությունը Հայաստանում։ Բագրատունիներն ունեցել են մի քանի ճյուղավորում՝ Տարոնի, Մոկքի, Կարսի (Վանանդի) և Տաշիր-Ձորագետի (Կյուրիկյան)։ X դարի 2-րդ կեսին և մասամբ XI դարում այս ճյուղերն ստեղծել են որոշ ինքնուրույնություն ունեցող քաղաքական միավորումներ։ Տարոնի Բագրատունիները, որոնք սերում են Բագարատ Բագրատունու Աշոտ ու Դավիթ («արքայիկ» պատվանունով) որդիներից, և Բագարատի եղբայր Սմբատի որդի Մուշեղից սերած Մոկաց Բագրատունիները X դարի 2-րդ կեսին տեղափոխվել են Բյուզանդիա։ 963 թ-ին Աշոտ Գ Ողորմածի եղբայր Մուշեղը հիմնել է Վանանդի (Կարսի) թագավորությունը և սկիզբ դրել Բագրատունիների նոր ճյուղի։ Աշոտ Գ-ի որդի Գուրգենը գահակալել է Տաշիր-Ձորագետի կամ Լոռու թագավորությունում՝ սկզբնավորելով Կյուրիկյանների հարստությունը (972–1113 թվականներ)։ Այդ թագավորության վերացումից (1113 թվական) հետո այս ճյուղի Բագրատունիները հիշվում են սոսկ որպես իշխաններ։ Նրանց մասին հիշատակություն կա մինչև XVI դարի սկիզբը, որից հետո հայ Բագրատունիներն դուրս են եկել պատմության ասպարեզից։
4 Աբաս Ա 928-953 թվականներ Սմբատ Ա-ի մահից հետո, իր եղբոր՝ Աշոտ Երկաթի հետ միացած հալածել է պարսիկներին և ապստամբած հայ իշխաններին: Աշոտ Երկաթի թագավորության ժամանակ՝ ապստամբել է նրա դեմ: Անժառանգ եղբոր՝ Աշոտ Բ Երկաթի մահից հետո գահ է բարձրացել որպես «Շահնշահ Հայոց և Վրաց»։ Կարսը հռչակել թագավորանիստ, կառուցել սուրբ Առաքելոց եկեղեցին, որը կանգուն է մինչև այսօր։ Աբաս Ա-ն խաղաղության դաշինք է կնքել Ատրպատականի Ափշին ոստիկանի հետ, ինչպես նաև Դվինի արաբ ոստիկանի հետ: Նրա օրոք հաստատվել է խաղաղություն Բագրատունյաց թագավորությունում: Աբասը վարել է կենտրոնաձիգ քաղաքականություն։ 948 թվականին կաթողիկոսական աթոռը Աղթամարից փոխադրել է Արգինա, երկիրը մասամբ ազատել արաբ հողատերերից, հաղթել Աբխազիայի Բեր թագավորին, որով կասեցրել է կովկասյան ցեղերի ասպատակությունները: Զսպել աբխազական թագավորների ոտնձգությունները Բագրատունյաց Հայաստանի և Քարթլիի թագավորության նկատմամբ։ Աբասի օրոք հայկական զորքերը շարունակում էին լեռնականների ներխուժումներից պաշտպանել Ալանաց դուռը։ Աբասը զբաղվել է նաև երկրի վերաշինությամբ։ Մահացել է 953(954) թվականին:
5 Աշոտ Գ Ողորմած Աշոտ Գ Ողորմած 953-977 թվականներ Ծննդյան տարեթիվը անհայտ է՝ մոտ 905–977 թվականներ։ Հայոց թագավոր 953 թվականից։ Հաջորդել է հորը՝ Աբասին։ Աշոտ Գ–ի թագավորելու տարիներին Հայաստանն ապրում էր տնտեսական և մշակութային վերելք, երկրում տիրում էր համեմատաբար խաղաղ իրավիճակ։ 953 թթվականին փորձել է Դվինն ազատագրել արաբներից, բայց հաջողություն չի ունեցել։ 961 թվականին արքունիքը Կարսից տեղափոխել է Անի, որը պարսպապատել է, կառուցել տվել պալատներ և այլ շինություններ, հռչակել Հայաստանի մայրաքաղաք։ Աշոտ Գ հաջողությամբ ետ է մղել Կովկասի լեռնականների և Աղձնիքի արաբ ամիրայի հարձակումները։ 973 թվականին 80 հազարանոց բանակով դուրս է եկել Տարոնով դեպի Միջագետք արշավող բյուզանդական զորքերի դեմ՝ հեռացնելով Հայաստանին սպառնացող վտանգը։ Հովհան Չմշկիկ կայսեր առաջարկով հաշտություն է կնքվել Հայաստանի և Բյուզանդիայի միջև։ Աշոտ Գ–ի օրոք Հայաստանում ընդարձակվել են հին քաղաքները, կառուցվել նորերը։ Նրա կինը՝ Խոսրովանույշ թագուհին, 966 թվականին հիմնել է Սանահինի, իսկ 976 թվականին՝ Հաղպատի վանքերը, որոնք շուտով գիտակրթական կենտրոններ են դարձել։ Աշոտ Գ երկրի գլխավոր քաղաքներում բացել տվեց դպրոցներ, հիվանդանոցներ, անկելանոցներ, նրանց պահպանման համար հատկացրեց որոշ եկամուտներ, որ բացառիկ երևույթ էր այդ ժամանակի համար։ Աշոտ Գ «բարեգործ էր», որի համար էլ անվանել են «Ողորմած»։
6 Սմբատ Բ Տիեզերակալ Սմբատ Բ Տիեզերակալ 977-990 թվականներ 958 թվականին դարձել է հոր ՝ Աշոտ Գ Ողորմածի գահակիցը, մասնակցել երկրի կառավարմանը։ Սմբատ Բ–ի գահ բարձրանալուն և Բագրատունյաց շահնշահ տիտղոսը ժառանգելուն փորձել է խոչնդոտել հորեղբայրը՝ Կարսի թագավոր Մուշեղ Ա–ն։ Վերջինս 982 թվականին Սմբատ Բ–ի դեմ արշավանքի է դրդել Ատրպատականի Սալարյանների ամիրայությունը, սակայն ինչպես այդ, այնպես էլ 988–ին Ատրպատականի Ռավվադյանների ամիրայության արշավանքը չեն սասանել Անիի թագավորությանը։ Ընդհանուր առմամբ Սմբատ Բ-ն վարել է խաղաղ արտաքին քաղաքականություն՝ ձգտելով հարևան արաբական ամիրայությունների և Բյուզանդական կայսրության հետ վեճերը լուծել դիվանագիտական ճանապարհով։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձրել երկրի պաշտպանությանը և տնտեսական զարգացմանը։ Կաթողիկոսարանը Արգինայից տեղափոխել է Անի և հիմնել նոր Կաթողիկեն։ Աստիճանաբար աճել է Սմբատ Բ–ի հեղինակությունը։ Կարսի, Վասպուրականի, Սյունիքի, Արցախի հայ թագավորներն ու իշխաններն անվերապահորեն ընդունել են նրա գերիշխանությունը։ Սմբատ Բ–ի գահակալումը նշանավորվել է Անիի Բագրատունիների հետագա հզորացմամբ և կենտրոնական իշխանության ուժեղացմամբ։ 987 թվականին Սմբատ Բ-ն նաև իր թագավորությանն է միացրել Դվինի ամիրայությունը:

989 թվականին Սմբատ Բ-ն հանձն է առել Անիի պարիսպների երկրորդ գծի (Սմբատաշեն) կառուցումը:

7 Գագիկ Ա Գագիկ Ա 990-1020 թվականներ Հաջորդել է եղբորը՝ Սմբատ Բ–ին։ Կրել է «Հայոց, վրաց և աղվանաց շահնշահ» տիտղոսը։ Հենվելով երկրի տնտեսական և ռազմաքաղաքական հզորության վրա, հաջողությամբ շարունակել է պայքարը՝ Բագրատունյաց Հայաստանը միասնական թագավորության մեջ միավորելու համար։ Կազմակերպել է արքունի մշտական զորք, զինվորների թիվը հասցնելով 100 հազարի։ Գրավել է Բագրատունիների թագավորությունից անջատված հայկական մի քանի գավառներ և Դվինը։ Արտաքին թշնամիների ներխուժման վտանգի դեմ Գագիկ Ա զինական դաշինք է կնքել Տայքի Դավիթ Կյուրոպաղատի, վրաց Բագրատ և Գուրգեն թագավորների հետ։ 10-րդ դարի վերջին Ատրպատականի ամիրա Մամլանը, դաշնակցելով հարևան արաբական ամիրաների հետ, արշավել է Դավիթ Կյուրոպաղատի և Գագիկ Ա–ի դեմ, մտել Ծաղկոտն գավառը։ Գագիկ Ա–ի, Կարսի Աբաս թագավորի, Դավիթ Կյուրոպաղատի և Բագրատ թագավորի դաշնակից զորքերը ետ են մղել թշնամուն։ 998վականին միացյալ բանակները Ծումբ գյուղի մոտ պարտության են մատնել թշնամուն՝ կանխելով նրա ասպատակությունը (Ծումբի ճակատամարտ)։ Գագիկ Ա օգնել է Լոռու Դավիթ թագավորին՝ ետ շպրտելու Գանձակի ամիրա Փադլունի զորքերը։

1000 թվականին, երբ Տայքի գրավումից հետո բյուզանդական կայսր Վասիլ II–ի մոտ են գնացել և հնազանդություն հայտնել հայ և վրաց իշխանները, սակայն Գագիկ Ա չի գնացել Վասիլի մոտ։ Գագիկի գերիշխանությանը ենթարկվել են Լոռու, Կարսի և Սյունիքի թագավորները։ 1001 թվականին, երբ Լոռու թագավորը փորձել է չենթարկվել, Գագիկ Ա խլել է նրա տիրույթները և միայն հնազանդության երաշխիքներ ստանալուց հետո ետ վերադարձրել։ Գագիկ Ա–ի օրոք Բագրատունյաց Հայաստանի թագավորության սահմանները տարածվել են Կուր գետից մինչև Ապահունիք, Շամքորից մինչև Վաղարշակերտ։

Գագիկ թագավորը վերացրել է Վայոց ձորի իշխանությունը և միացրել է իր տարածքներին: Գրավել է նաև Արցախի մեծ մասը՝ այդ թվում և Խաչենը, իր տարածքներին է միացրել նաև Վասպուրականի Ծաղկոտն և Կոգովիտ գավառները:

8 Հովհաննես-Սմբատը ներկայանում է Վասիլ Բ կայսրին. մանրանկար Հովհաննես Սկիլիցեսի Մադրիդյան ձեռագրից Հովհաննես–Սմբատ 1020-1041 թվականներ Գագիկ Ա–ի ավագ որդին։

1000 թվականին հոր հրամանով Արծրունի իշխան Ապուսահլից գրավել է Կոգովիտ և Ծաղկոտն գավառները։ Հոր մահից հետո Հովհաննես–Սմբատի կրտսեր եղբայր Աշոտ Դ գահին տիրելու նպատակով Վասպուրականի զորքի օժանդակությամբ հարձակվել է Անիի վրա։ Հայ իշխանների, կաթողիկոսի և աբխազաց ու վրաց թագավորի միջամտությամբ Հովհաննես–Սմբատի ու եղբոր միջև համաձայնություն է կայացել, և Հովհաննես–Սմբատը մնացել է Հայոց թագավոր։ Երկու եղբայրների հաշտեցմանը իր գործուն մասնակցությունն են ունեցել կաթողիկոս Պետրոս Գետադարձը և սպարապետ Վահրամ Պահլավունին։ Հովհաննես Սմբատի իրավասության տակ էին մնում Անի–Շիրակը, Այրարատը, Աշոցք և Տավուշ գավառները, Ամբերդ, Կայան, Կայծոն բերդերն իրենց շրջակայքով, իսկ թագավորության մնացած տարածքին տիրելու էր Աշոտը, որը եղբոր մահից հետո դառնալու էր «Ամենայն հայոց թագավոր»։ Գահակալական պայքարի հետագա սրման պայմաններում Աշոտը դիմում է Բյուզանդիայի Բարսեղ II կայսրին և ռազմական օգնություն ստանում նրանից ընդդեմ Հովհաննես–Սմբատի։ Բյուզանդական զորքի հարձակումը Հայաստանի վրա կանխելու նպատակով Հովհաննես–Սմբատը Բարսեղ II թվականի հետ բանակցելու համար Տրապիզոն է ուղարկում Պետրոս Ա Գետադարձ կաթողիկոսին։ 1022 թվականի հունվարին կնքված պայմանագրով, համաձայն Հովհաննես–Սմբատի թողած կտակի, նրա մահից հետո Բագրատունյաց թագավորության հողերը տրվելու էին Բարսեղ II–ին։ Պայմանագրի ելքից դժգոհ Հովհաննես–Սմբատը Պետրոս Ա Գետադարձի փոխարեն կաթողիկոս նշանակեց Սանահինի ուսուցչապետ Դիոսկորոսին, սակայն հետագայում վերականգնեց շնորհազրկված Պետրոս Ա Գետադարձի իրավունքները։ 1032 թվականին Հովհաննես–Սմբատը ամուսնացել է Բյուզանդիայի Ռոմանոս Արգիրոս կայսեր եղբոր դստեր հետ։ 1038 թվականին վերանորոգել է տվել Հոռոմոսի վանքը։ 1040 թվականին մասնակցել է Լոռու թագավորություն ներխուժած Դվինի ամիրա Աբուլ-Ասվարի զորքերի ջախջախմանը։ Հովհաննես-Սմբատի հանձնարարությամբ կազմվել է բժշկարան։

9 Գագիկ Բ Գագիկ Բ 1042-1045 թվականներ Հաղթանակից հետո Պետրոս Գետադարձն Անիում արքա օծեց Աշոտի պատանի որդուն՝ 18-ամյա Գագիկ Բ-ին։ 12-րդ դարի ժամանակագիր Մատթեոս Ուռհայեցին Գագիկին բնութագրում է որպես խոհեմ և աստվածասեր պատանու։ Ուռհայեցին հաղորդում է, որ Գագիկն իր զինվորների օգնությամբ ձերբակալում է իշխան Սարգսին, և տիրանում իր հայրենի բերդերին, գավառներին ու ողջ գանձատանը, որը հափշտակել էր իշխանը։ Գագիկ արքայի թագավորության առաջին երկու տարիներն անցան խաղաղության պայմաններում երկրի շենացմամբ։

1076 թվականին Գագիկ Բ-ն իր զորքով գնում է Կիզիստրա (կամ Կնդռոսկավիս) բերդտ, որը պատկանում էր երեք հույն իշխանների՝ Մանդալեի որդիներին։ Գագիկն իր զինվորներից առաջ անցնելով, ձիով, երեք հոգու ուղեկցությամբ մոտենում է իրեն դիմավորելու եկած եղբայրներին, որոնք նախօրոք դարանակալ զորք էին պատրաստել։ Նրանք մոտեցան Գագիկին, երկրպագեցին և երբ մոտեցան ողջագուրվելու, հանկարծ երեքով փաթաթվեցին արքայի վզին և քաշելով ցած գլորեցին։ Դուրս նետվեցին դարանակալած զինվորները, իսկ Գագիկի ուղեկիցները ետ փախան՝ լուրը տանելով նրա զորքին։ Սրանք լուրն առնելով ցրվեցին՝ արքային մենակ թողնելով։ Իսկ եղբայրները նրան տարան իրենց բերդը։ Ութ օր անց հայոց իշխաններից շատերը, որոնք Բյուզանդիայում էին, դուրս եկան Կիզիստրա բերդի դեմ, սակայն դրա անառիկության պատճառով հաջողություն չունեցան, իսկ հույները Բագրատունյաց թագավորության վերջին շառավիղ Գագիկ Բ-ին աղեղի լարով խեղդամահ արին և մարմինը մեկ օր կախեցին պարսպից, ապա թաղեցին պարսպի արտաքին կողմում։ Արքայի մտերիմները գիշերով նրա մարմինը տանում են Պիզու քաղաքը և թաղում վանքում։ Գագիկի մահվան վրեժը լուծել է Ռուբինյանների տոհմից Թորոս Ա իշխանը՝ սպանելով երեք եղբայրներին և հետ վերցնելով Գագիկի թագն ու այլ արքայական հարստությունները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Ռաֆիկ Մաթևոսյան. Բագրատունիներ, պատմա-տոհմաբանական հանրագիտարան, Երևան, 1997, էջ 55–65:
  2. 2,0 2,1 |Ալբերտ Վ. Մուշեղյան. Մովսես Խորենացու դարը, Երևան, ԵՊՀ հրատ., 2007, 412 էջ։
  3. Մովսէս Խորենացի. Պատմութիւն Հայոց, Քննական բնագիրը և Ներածութիւնը Մ. Աբեղյանի եւ Ս. Յարութիւնեանի, լրացումները` Ա. Սարգսյանի, Երևան, 1991:
  4. Մովսէս Խորենացի. Պատմութիւն Հայոց, Քննական բնագիրը և Ներածութիւնը Մ. Աբեղյանի եւ Ս. Յարութիւնեանի, լրացումները` Ա. Սարգսյանի, Երևան, 1991, էջ 68:
  5. Մովսէս Խորենացի. Պատմութիւն Հայոց, Քննական բնագիրը և Ներածութիւնը Մ. Աբեղյանի եւ Ս. Յարութիւնեանի, լրացումները` Ա. Սարգսյանի, Երևան, 1991, էջ 104–105
  6. Մովսէս Խորենացի. Պատմութիւն Հայոց, Քննական բնագիրը և Ներածութիւնը Մ. Աբեղյանի եւ Ս. Յարութիւնեանի, լրացումները` Ա. Սարգսյանի, Երևան, 1991, էջ 104–105, 110
  7. Մովսէս Խորենացի. Պատմութիւն Հայոց, Քննական բնագիրը և Ներածութիւնը Մ. Աբեղյանի եւ Ս. Յարութիւնեանի, լրացումները` Ա. Սարգսյանի, Երևան, 1991, էջ 68–69
  8. Մարիամ Գրիգորյան, ԲԱԳՐԱՏՈՒՆԻՆԵՐԻ ԾԱԳՄԱՆ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ։ Պատմաբանասիրական հանդես։ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա։ Երևան, , 2010 թվական, թիվ 2 (116)։
  9. Անանունի պատմության այս հատվածը կցված է Սեբեոս պատմիչի Պատմությանը, Պատմութիւն Սեբէոսի, աշխատասիրությամբ Գ. Վ. Աբգարյանի, Երևան, 1979:
  10. Անանունի պատմության այս հատվածը կցված է Սեբեոս պատմիչի Պատմությանը, Պատմութիւն Սեբէոսի, աշխատասիրությամբ Գևորգ Վ. Աբգարյանի, Երևան, 1979, էջ 51:
  11. Անանունի պատմության այս հատվածը կցված է Սեբեոս պատմիչի Պատմությանը, Պատմութիւն Սեբէոսի, աշխատասիրությամբ Գևորգ Վ. Աբգարյանի, Երևան, 1979, էջ 54:
  12. Ագաթանգեղայ Պատմութիւն, Թիֆլիս, 1888, էջ 461:
  13. Փավստոս Բուզանդ. Պատմություն Հայոց, Երևան, 1968, էջ 126:
  14. Տե՛ս Հակոբ Մանանդյան. Երկեր, հ. Ա, Երևան, 1977, էջ 157։
  15. Յոզեֆ Մարքվարթ, Էրանշահր նախ դեր Գեոգրաֆիը դեզ Մոզեզ Խորենացի։ Բեռլին, 1901թ․, էջ. 174։ Գերմաներեն՝ J. M a r q u a r t. Eransahr nach der Geographie des Moses Xorenaci. Berlin, 1901, S. 174։
  16. Նիկողայոս Ադոնց. Հայաստանը Հուստինիանոսի դարաշրջանում, Երևան, 1987, էջ 458–459:
  17. Նիկողայոս Ադոնց. Երկեր, հ. Ա, Երևան, 2006, էջ 495–501:
  18. Լեո. Երկեր, հ. Բ, Երևան, 1967, էջ 490–491:
  19. 19,0 19,1 Գրիգոր Խալաթյանց, Հայոց դյուցազնավեպը Մովսես Խորենացու Հայոց Պատմությունում։․ մասն Ա, Մոսկով, 1896 թ․, էջք՝ 83–84։ Ռուսերեն՝ Г. Халатянц. Армянский эпос в Истории Армении Моисея Хоренского, ч. I. М., 1896, с. 83–84։
  20. Ա. Շահնազարյան. Բագրատունյաց նախարարական տոհմի ծագումը, Առանձնատիպ Պետական պատմական թանգարանի «Աշխատություններ», հ. 1-ից, Երևան, 1948, էջ 176–178:
  21. Ասլան Շահնազարյան. Բագրատունյաց նախարարական տոհմի ծագումը, Առանձնատիպ Պետական պատմական թանգարանի «Աշխատություններ», հ. 1-ից, Երևան, 1948, , էջ 193, 195–196, 212:
  22. Գուցե Վարազվաղա՞ն–Մնացական Խաչատրեան
  23. Պաղեստինցի ասելով Խորենացին նկատի է ունեցել Բագրատունիների հրեական ծագումը, որը, փաստորեն, հերքվում է Բագրատունի Ենանոսի կողմից:
  24. Անտոն Գարագաշյան. Քննական պատմություն հայոց, մաս Ա, Թիֆլիս, 1895, էջ 169–173։
  25. Նիկողայոս Մառ, ԱՆԻ։ Երևան, 1939, с. 41–42։ Н. Марр. Ани. Ереван, 1939, с. 41–42.
  26. Սմբատ Դավիթիս ձէ։ Բագրատունիների պատմությունն ու տոհմական ասքը։ Թարգմանությունը, ներածությունը և ծանոթագրությունները՝ Մ․ Լորդկիպանիձեի։ Թբիլիսի, 1979թ․, էջք՝ 12–14։ Смбат Давитис - Дзе. История и повествование о Багратионах, пер., введ. и примеч. Лордкипанидзе М. Тбилиси, 1979, с. 12–14.
  27. Յոզեֆ Մարկուարտ. Վրական Բագրատունեաց ծագումը, գերմաներէնէ թարգ. Մ. Հապոզեանի, Վիեննա, 1913, էջ 122։
  28. Կիրիլ Թումանոֆ՝ Հետազոտություններ քրիստոնեական Կովկասի Պատմության։ C. T o u m a n o f f. Studies in Christian Caucasian History, Georgetown, 1963, p. 203։
  29. Նիկողայոս Ադոնց. Երկեր, հ. Ա., էջ 442, 478, 484:
  30. Մեծին Վարդանայ Բարձրբերդեցւոյ Պատմութիւն տիեզերական, Մոսկվա, 1861, էջ 112:
  31. Գրիգոր Ղափանցյան. Ուրարտուի պատմությունը, հ. 1, Երևան, 1940, էջ 203, 219։
  32. 32,0 32,1 32,2 Ռաֆիկ Մաթևոսյան. Բագրատունիներ, պատմա-տոհմաբանական հանրագիտարան, Երևան, 1997, էջ 65:
  33. Տես նաև՝ Ռաֆիկ Մաթևոսյան, Բագրատունիներ, պատմա-տոհմաբանական հանրագիտարան, ՙԱնահիտ՚ հրատարակչութիւն, 1997, Original from Միչիգանի համալսարան, թվայնացված՝ 15 Սեպտեմբեր 2009, Length 134 էջ։
  34. Կիրիլ Թումանով. Որոնդյանները Հայաստանում.– «Հանդէս ամսօրեայ», Վիեննա, 1967թ․, ապրիլ-սեպտեմբեր, էջ 195, 214–216, նաև C. T o u m a n o f f. Studies…, p. 318–320:
  35. Կիրիլ Թումանով. Որոնդյանները Հայաստանում.– «Հանդէս ամսօրեայ», Վիեննա, 1967թ․, ապրիլ-սեպտեմբեր, էջ 195, 214–216, նաև C. T o u m a n o f f. Studies…, p.318–320:
  36. Եղիազարյան Ա, Հայ Բագրատունիների տերությունը (885-908թթ.), Երևան, ԵՊՀ հրատ., 2011, 396 էջ:
  37. Աշոտ Ա Բագրատունու միավորիչ գործունեությունը և Հայկական թագավորության վերականգնումը, Հրանտ Օհանյան:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռաֆիկ Մաթևոսեան։ Բագրատունեաց Հայաստանի պետական կառուցուածքն ու վարչական կարգը։ Հայաստանի Գիտութիւնների ակադեմիայի հրատարակչութիւն։ Երևան, 1990թ․։ 293 էջ։
  • Ռաֆիկ Մաթևոսեան։ Բագրատունիներ․ Պատմա–տոհմաբանական հանրագիտարան։ Երևան, 1997թ․։
  • Ռաֆիկ Մաթևոսեան։ Հայկական զինանշաններ․ Բագրատունիներ, Զաքարեաններ, Մամիկոնենաներ։ Երևան, 1994 թ․։
  • Ռաֆիկ Մաթևոսեան։ Տաշիր–Ձորագետ։ (X դ. - XXI դ. սկիզբ)։ 1982 թ․։
  • Ռաֆիկ Մաթևոսեան։ Gosudarstvennoe ustroĭstvo i administrativnyĭ stroĭ Բագրատիդսկոյ Արմենիի։ Երևան, 1991 թ․։ Ռուսերէն։
  • Եղիազարյան Ա, Հայ Բագրատունիների տերությունը (885-908թթ.), Երևան, ԵՊՀ հրատ., 2011,

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]