Թորոս Ա (մոտ 1070 - ոչ վաղ քան փետրվարի 17, 1129 և ոչ ուշ քան փետրվարի 16, 1130), Կիլիկիայի Հայոց իշխան 1100 թվականից։ Հաջորդել է հորը՝ Կոստանդին Ա–ին։ Գահակալման սկզբնական տարիներին հաղթել և երկրից վտարել է բյուզանդական զորքերին, միավորել է Դաշտային Կիլիկիան։ Հայ իշխան Գող Վասիլի զինակցությամբ Բերդուսի մոտ ջախջախել է Իկոնիայի սուլթանության նախահարձակ զորքերին և երկիրը մաքրել սելջուկ–թուրքերից։ Պետության արևելյան սահմաններն ամրապնդելու նպատակով իր դուստր Արտային կնության է տվել Եդեսիայի դուքս Բալդուին II–ին և դաշնակցել նրան՝ ընդդեմ մուսուլմանական ամիրայությունների։ Մաթեոս Ուռհայեցին վկայում է, որ Թորոս Ա վրեժխնդիր է եղել Գագիկ Բ Բագրատունի աքսորյալ թագավորին նենգորեն սպանած հույն իշխան Մանդալեի որդիներից, բռնագրավել նրանց կալվածները, Կնդռոսկավիս բերդը։ Թորոսն այնուհետև հարաբերությունները բարելավել է Բյուզանդիայի կայսեր՝ Ալեքսիոսի հետ և արժանացել «Առաջին Սեբաստոս» տիտղոսին։ Սսի մոտ հիմնել է Դրազարկի հռչակավոր վանքը, որտեղ թաղվել է և որն այնուհետև դարձել է արքունի դամբարան։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 207)։