Անտիոք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անտիոք քաղաքի տեղագրությունը ներկայիս Թուրքիայի քարտեզի վրա

Անտիոքը Օրոնտեսի վրա կամ պարզապես Անտոք (Ավագ Անտոք կամ Մեծն Անտոք, հուն.՝ Ἀντιόχεια ἡ ἐπὶ Δάφνῃ, Ἀντιόχεια ἡ ἐπὶ Ὀρόντου or Ἀντιόχεια ἡ Μεγάλη, ասորերեն՝ ܐܢܛܝܘܟܝܐ Anṭiokia, հայ․՝ Անտոք; լատ.՝ Antiochia ad Orontem; արաբերեն:انطاکیه, Anṭākiya), քաղաք Ասորիքում (Սիրիա), Որոնտես գետի ափին: Հելլենիստական, այնուհետև՝ քրիստոնեական մտքի և մշակույթի կենտրոններից, Ընդհանրական եկեղեցու հինգ տիեզերական աթոռներից: Իր մեծությամբ և կարևորությամբ եղել է երրորդ քաղաքը՝ Հռոմից և Ալեքսանդրիայից հետո: Գտնվում է Անթաքյա քաղաքից ոչ հեռու:

Անվանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտիկ աղբյուրներում հիշատակվում է հնում գոյություն ունեցած Անտոք անունով 16 քաղաքների մասին: Դրանցից ամենահայտնին հին Ասորիքում՝ Օրոնտես գետի վրա կառուցված Անտոք քաղաքն է (հայկական աղբյուրներում՝ Ավագ Անտոք կամ Մեծն Անտոք), որը ներկայումս տեղակայված է Թուրքիայի Անթաքյա քաղաքի մոտ: Անտոք բառն առանց հստակեցման նշանակում է հենց այդ քաղաքը:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին հռոմեական ճանապարհ Անտիոք քաղաքում:
Հռոմեական մետաղադրամ Կոնստանդիոս I Քլորի պատկերով:

Սելևկյանների աթոռանիստ Անտիոքը հիմնել է Սելևկիոս I Նիկատորը մ.թ.ա. 301 թ-ին և կոչել հոր՝ Անտիոքոսի անունով: Սելևկյանների կառուցած մյուս Անտիոքներից տարբերակելու համար հաճախ անվանվել է «Ասորիքի Անտիոք» (հայկական աղբյուրներում՝ «Ավագն Անտիոք»): Հայոց արքա Տիգրան Բ Մեծը, Ասորիքը նվաճելուց հետո, մ.թ.ա. 83–մ.թ.ա. 69-ին Անտիոքը դարձրել է հայոց տերության հարավային թագավորանիստը, որտեղ նրա անունով ու պատկերով արծաթե դրամներ են հատվել: Մ.թ.ա. 64-ին քաղաքը հռոմեական զորավար Պոմպեոսի գրավելուց հետո՝ մինչև Կոստանդնուպոլսի կառուցումը (IV դար) եղել է Հռոմեական կայսրության արևելյան մասի մայրաքաղաքը: 538 թ-ին Պարսից թագավոր Խոսրով I Անուշիրվանը ավերել է Անտիոքը, բնակչության զգալի մասին կոտորել կամ գերեվարել: Բյուզանդական կայսր Հուստինիանոս Ա-ն (527–565) վերաշինել է այն և տվել «Աստծո քաղաք» անունը, որը պահպանվել է քաղաքի պատրիարքների տիտղոսաշարում: Հետագա դարերում Անտիոքը մի քանի անգամ անցել է մե՛րթ արաբներին, մե՛րթ բյուզանդացիներին: XI դարում քաղաքի կառավարիչներ են եղել նաև հայեր (Գրիգոր Մագիստրոս Պահլավունու որդին՝ Վասակ Պահլավունին, զորավար Փիլարտոս Վարաժնունին): 1084 թ-ին Անտիոքը գրավել են սելջուկ թուրքերը: 1098 թ-ի հունիսի 3-ին, 9-ամսյա պաշարումից հետո, խաչակիրները գրավել են Անտիոքը և հիմնել Անտիոքի դքսությունը: 1268 թ-ին քաղաքը նվաճել և հիմնովին ավերել է Եգիպտոսի սուլթան Բեյբարսը:

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր հիմնադրման պահին Անտիոքն ուներ ընդամենը 17-25.000 բնակչություն: Սակայն արդեն վաղ հռոմեական շրջանում քաղաքն ուներ 400-600.000-ի հասնող բնակչություն: Այդ ցուցանիշը իջավ 4-րդ դարում՝ հասնելով 200.000-ի: Թեոդոսիոս Ա Մեծ կայսեր օրոք քաղաքն ուներ 100.000 բնակիչ: Քաղաքը հատկապես տուժեց Սասանյան արքա Խոսրով Ա-ի արշավանքների հետևանքով, որին զոհ գնացին 300.000 անտիոքցի: Չնայած Հուստինիանոս Ա կայսեր վերականգնողական աշխատանքներին, Անտիոքն այլևս երբեք չվերականգնեց իր երբեմնի փառքը և մեծությունը:

Քրիստոնեությունը Անտիոքում[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին դարեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիսուս Քրիստոսը Քրիստոնեության կարևորագույն դեմքերից է

 
Հիսուս Քրիստոսը
Ծնունդը · Մկրտությունը · Հարությունը · Զատիկ · Հիսուսը Քրիստոնեությունում
Հիմնադրումը
Առաքյալները · Եկեղեցի · Հավատո հանգանակ · Ավետարան · Դրախտ
Աստվածաշունչ
Հին կտակարան · Նոր Կտակարան ·
Գրքերը · Կանոն · Ապոկրիֆ
Աստվածաբանություն
Ապոլոգետ · Մկրտություն · Աստված · Սուրբ Որդի · Սուրբ Հոգի ·
Աստվածաբանության պատմություն · Փրկություն · Սուրբ Երրորդություն
Պատմություն և Ավանդույթները
Ժամանակագրություն · Մարիամ Աստվածածին · Սուրբ Թադեոս · Սուրբ Բարդուղիմեոս ·
Գրիգոր Լուսավորիչ · Վաղ Քրիստոնեություն · Տրդատ Գ ·
Տիեզերական ժողով · Վարդանանք ·
Ավարայրի ճակատամարտ · Միաբնակություն ·
Խաչակրաց արշավանքներ
Ուղղություններ և աղանդներ
Հայ Առաքելական Եկեղեցի ·
Կաթոլիկություն · Ուղղափառություն · Բողոքականություն ·
Հին արևելյան եկեղեցիներ · Թոնդրակյաններ ·
Պավլիկյաններ · Եհովայի վկաներ ·
Խաչակրաց արշավանքներ
Ընդհանուր թեմաներ
Մշակույթ · Մատաղ · Տաղեր · Պատարագ · Շարականներ · Այլ կրոնները · Աղոթք · Քարոզ · Կաթողիկոս
P christianity.svg Պորտալ Քրիստոնեություն

Անտիոքում քրիստոնեության տարածման և առաջին քրիստոնեական համայնքների մասին վկայում է Գործք Առաքելոցը: Այստեղ գործել են Բառնաբաս, Պողոս և Պետրոս առաքյալները: Անտիոքի եկեղեցու հիմնադիրը համարվում է Պողոս առաքյալը: Անտիոքից քրիստոնեությունը տարածվել է Արևելք: Անտիոքում է գտնվել Արևելքում (Փոքր Ասիա) Հռոմեական կայսրության չորս արքեպիսկոպոսություններից (էքզարխատ) մեկը՝ Կեսարիայի, Եփեսոսի, Հերակլեայի հետ: Կոստանդնուպոլսի Բ տիեզերական ժողովի (381) երրորդ կանոնով Անտիոքի աթոռը ճանաչվել է չորրորդ տիեզերական աթոռը Հռոմից, Կ․ Պոլսից և Ալեքսանդրիայից հետո:

Բյուզանդական կայսրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

IV դարի վերջին Բյուզանդական կայսրության Արևելքի դքսության 15 մարզերի վրա ստեղծվել է Անտիոքի պատրիարքությունը, որի իշխանության տակ էին Փյունիկիան, Արաբիան, Պաղեստինը: Պատրիարքները կրել են «Համայն Արևելքի պատրիարք» տիտղոսը: Անտիոքի պատրիարքությունից հետագայում առանձնացվել են Կիպրոսը, Պարսից եկեղեցին և Երուսաղեմի պատրիարքությունը: 451 թ-ի Քաղկեդոնի ժողովը պառակտում է առաջ բերել Անտիոքի եկեղեցում և քրիստոնեական համայնքում: V դարում Անտիոքի պատրիարքությունից բաժանվել է նեստորական եկեղեցին, իսկ VI–VII դդ․ Անտիոքում ձևավորվել են քաղկեդոնական-մելկիտ, միակամ-մարոնիտ (մարունի) և հակաքաղկեդոնական հակոբիկ հոսանքները: Սրանք կազմել են առանձին եկեղեցիներ իրենց համայնքներով և պատրիարքներով: Երեք եկեղեցիների հոգևոր պետերն էլ իրենց անվանում են Անտիոքի պատրիարք, չնայած XI–XII դարերից հետո նրանցից ոչ մեկի նստավայրը Անտիոքում չի գտնվել: 1182 թ-ին Մարոնիտ եկեղեցին ճանաչել է Վատիկանի գերագահությունը, իսկ ասորական Հակոբիկյան եկեղեցին մնացել է անկախ՝ մաս կազմելով Արևելյան ուղղափառ եկեղեցիների ընտանիքի:

Իսլամական նվաճումներից մամլուքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արաբական կամ իսլամական նվաճումից հետո (VII դար) երեք եկեղեցական համայնքներում գործածության մեջ է մտել արաբերենը, որը դուրս է մղել հունարենը (XIII դարից), այնուհետև՝ ասորերենը (XVII դարից): X–XII դդ․ Բյուզանդական կայսրությունը Արաբական խալիֆայությունից կրկին նվաճել է Անտիոքի պատրիարքության տարածքը, իսկ Խաչակրաց առաջին արշավանքից (1098) հետո այդտեղ հաստատվել է Կաթոլիկ եկեղեցին, որը մարոնիտների և մելկիտների եկեղեցական կազմակերպության հիմքի վրա ժամանակի ընթացքում ստեղծել է սեփականը: XII–XIII դդ․ Անտիոքի պատրիարքության համար անզիջում պայքարը հիմնականում ընթացել է Կ․ Պոլսի աթոռի և Հռոմի կաթոլիկ եկեղեցու միջև: Անտիոքի պատրիարքության տարածքների վրա ստեղծվել են խաչակրաց Արևելքի պետությունները (Եդեսիայի կոմսություն, Անտիոքի դքսություն, Տրիպոլիի կոմսություն ևն): Անտիոքի պատրիարքության տարածքի վրա է ձևավորվել նաև Կիլիկիայի հայկական իշխանությունը (1198–1375 թթ-ին՝ թագավորություն), իսկ պատրիարքության թեմերի մի մասը մնացել է սելջուկներին, ապա անցել Եգիպտոսի մամլուքների տիրապետության տակ (Հալեպ, Համա, Հոմս, Բաալբեկ, Դամասկոս, Խառան ևն):

Հայոց Եկեղեցու դերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ եկեղեցին անմասն չի մնացել կաթոլիկ և Արևելքի մյուս քրիստոնյա համայնքների միջև միջեկեղեցական պայքարից: Հռոմկլայի կաթողիկոսարանի որոշ գործիչներ, Ներսես Լամբրոնացու ղեկավարությամբ, արդեն XII դարի 70-ական թթ-ից իրենց առջև նպատակ էին դրել Կիլիկիայում վերականգնել ոչ միայն հայոց պետականությունը, այլև Հայոց կաթողիկոսի իշխանությունն ընդունելի դարձնել տարածաշրջանի բոլոր քրիստոնյա համայնքներին՝ առաջարկելով Անտիոքի պատրիարքի իշխանությամբ օժտել Հռոմկլայի հայոց կաթողիկոսներին: Այդ առաջարկը 1178-ի Հռոմկլայի ժողովում ներկայացվել է բյուզանդական եկեղեցուն, իսկ արդեն XIII դարում մի շարք վավերագրերում Հայոց կաթողիկոսն անվանվում է նաև «Անտիոքի պատրիարք»:

Աստվածաբանական դպրոց[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտիոքը Ընդհանրական եկեղեցու պատմության մեջ հայտնի է նաև իր նշանավոր աստվածաբանական դպրոցով, որը Աստվածաշնչի մեկնության մեթոդի և քրիստոսաբանական հարցերում հակաճառությունների ու պայքարի մեջ է եղել Ալեքսանդրիայի աստվածաբանական դպրոցի հետ: Ի տարբերություն Ալեքսանդրյանի, Անտիոքի աստվածաբանական դպրոցը չի ունեցել հատուկ կամ պաշտոնական ուսումնական հաստատություններ․ դրա ջատագովները հաճախ շրջել են քաղաքներում և քարոզել իրենց ուսմունքը: Չնայած Անտիոքի հելլենիստական հարուստ անցյալին, այնուամենայնիվ անտիոքյան աստվածաբանական ուղղության մեջ մեծ տեղ են գտել բուն սեմական պատկերացումներն ու աշխարհայացքը, հատկապես՝ ասորական հասարակության տեղական և պատմականառանձնահատկությունները:

Մրցակցությունը Ալեքսանդրիայի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանրական եկեղեցու պատմությունն ուղեկցվել է Անտիոքի և Ալեքսանդրիայի աստվածաբանական դպրոցների պայքարով: Քրիստոսաբանական տարբեր, անգամ հակադիր համակարգերը, Անտիոքի և Ալեքսանդրիայի ուղղությունների բախումը հող են նախապատրաստել IV–V դդ․ դավանաբան․ մեծ վեճերի համար: Անտիոքի դպրոցի աստվածաբանները շեշտել են Հիսուս Քրիստոսի պատմական, մարդկային անձնավորությունը, Հիսուս Քրիստոսի մարդ լինելը: Սամոսատի, այնուհետև Անտիոքի եպիսկոպոս (260–270) Պողոս Սամոսատցին, որը համարվում է Անտիոքի դպրոցի հիմնադիրը, քարոզում էր, որ Քրիստոսը ծնվել է իբրև մարդ և ապա լցվել Լոգոսով, այսինքն նրա մեջ աստվածության երկրորդ անձն է բնակվել և կամքի միությամբ ու սիրո մշտնջենականությամբ մեկ դարձել Աստծո հետ: Նա ավելի բարձր է, քան մարդը, բայց աստվածացել է իր բարոյական զարգացման և որդեգրության շնորհիվ: Պողոս Սամոսատցին առաջինն էր, որ առաջ է քաշել Քրիստոսի էության երկակիության գաղափարը: Թեև 268 թ-ի Անտիոքի եկեղեցական ժողովը բանադրել և աթոռազրկել է Պողոս Սամոսատցուն, սակայն նրա համախոհները, մասնավորապես Լուկիանոս Սամոսատցին, շարունակել են քարոզել իրենց ուսուցչի վարդապետությունը: Անտիոքի դպրոցի ներկայացուցիչները, Քրիստոսի մեջ շեշտելով մարդուն (Խոստովանեսցուք զոր ի մարդումն Աստուած), Քրիստոսին համարել են ամենակալ Աստծուն երկրպագակից մարդ երկու բնությամբ՝ Աստված առանձին, մարդն առանձին, նրանք գոյություն ունեն իրարից անջատ, մեկը՝ ճշմարտապես բնությամբ որդի, մյուսը, շնորհիվ որդեգրության՝ Աստված: Մարդ Քրիստոսը բնակարան, տաճար է եղել աստվածայինի համար: Անտիոքի և Ալեքսանդրիայի քրիստոսաբանական տարբեր մեկնակետերն արտահայտվել են հետևյալ բանաձևերով․ Մարդ, որն աստվածացել է, Աստվածազգեստ մարդ (Անտիոքի դպրոց) և Ինքը Աստվածն է մարդ դարձել, Մարդացյալ Աստված (Ալեքսանդրիայի դպրոց):

Առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եթե Ալեքսանդրյան դպրոցին հատուկ էր նորպլատոնականությունը և միստիցիզմը, ապա անտիոքյան աստվածաբանությունն ուներ արիստոտելյան և պատմական ուղղվածություն: Սուրբ Գրքի մեկնության անտիոքյան պատմաքերականական մեթոդը հակադրվել է ալեքսանդրյան այլաբանական մեթոդին: Անտիոքի եկեղեցու հայրերը խուսափել են իրենց տեքստերը դժվարամատչելի հասկացություններով ու արտահայտություններով ծանրաբեռնելուց և դրանցում չեն քողարկել խորհրդավոր, առեղծվածային մտքեր: Անտիոքացիները բառացիորեն են բացատրել Աստվածաշնչի դժվար ըմբռնելի տեղիները՝ ընթերցողին հասկանալի դարձնելու նպատակով: Անտիոքի դպրոցում գերիշխել է զգաստ, տրամաբանական մտածողությունը: Անտիոքյան աստվածաբանները կրոնագիտության միակ չափանիշ են համարել տրամաբանությունը, ձգտել իրենց դավան․ տեսություններն անցկացնել մաքուր տրամաբանության ճանապարհով՝ հաճախ ընկնելով չոր բանական փիլիսոփայական (ռացիոնալիզմ) ծայրահեղությունների մեջ: Անտիոքի ուղղությունը թեև լիովին չի մերժել այլաբանությունը, սակայն գերադասել է պատմ․ մեթոդը և խստորեն քննադատել Հին և Նոր Կտակարանների կամայական զուգորդումները: Ըստ անտիոքացիների, իսկական այլաբանական միտքը (որը կիրառել են ալեքսանդրացիները) խոսքերի մեջ չէ, այլ՝ խոսքերով արտահայտված իրականության, անձանց և դեպքերի մեջ: Անտիոքի դպրոցի մի շարք ներկայացուցիչներ (Հովհան Ոսկեբերան, Թեոդորիտ), հավատարիմ մնալով անտիոքյան մեկնաբանության սկզբունքներին, յուրացրել են նաև Ալեքսանդրյան դպրոցի լավագույն կողմերը և տվել գիտական մեկնությունների օրինակներ, որոնք ուղղափառ մեկնաբանության լավագույն նմուշներն են: Այդ իմաստով նրանց աշխատություններն առ այսօր նշանակալից արժեք են ներկայացնում Սուրբ Գիրքն ուսումնասիրողների համար: Հայ եկեղեցին, դավանության մեջ լինելով Ալեքսանդրյան դպրոցի հետևորդ, Աստվածաշնչի մեկնության մեթոդի հարցում հակվել է Անտիոքի դպրոցին՝ հետևելով հատկապես Հովհան Ոսկեբերանին:

Ի տարբերություն Ալեքսանդրիայի դպրոցի, անտիոքացիները, տարանջատելով Քրիստոսի երկու բնությունները, հանձին Հիսուսի տեսել են մի մարդու, որը ծնվել է մշտնջենական Բանից (Լոգոս) և նրա անբաժանելի մասն է: Դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ նրանք ծիսակատարություններից և իրենց աստվածաբանական գրականությունից դուրս են թողել Որդի բառը: Ըստ Անտիոքի աստվածաբանության, աստվածային Բանն ընտրել է Հիսուսին որպես իր գործիք, որը, սակայն, զարգացել է զուտ մարդկային բարոյական ուղիով: Դա համարվել է Աստծուն մոտենալու հիմն․ ճանապարհը, և այդ ամենը հարգանք է ծնել մաքուր և անարատ դառնալու մարդկային ձգտումների ու ճիգերի հանդեպ: Այդ գաղափարների տրամաբանական շարունակությունն է եղել ազատ ընտրության վերաբերյալ պելագիականների ուսմունքը, որն էլ իր հերթին մեծ ազդեցություն է ունեցել Նեստորի վարդապետության վրա (Նեստորականություն): Նեստորականությունը Անտիոքի աստվածաբանական դպրոցի զարգացման վերջին փուլն էր: Անտիոքի դպրոցի աստվածաբանության որոշ սկզբունքներ ընկել են Լևոնի տոմարի և Քաղկեդոնի ժողովի քրիստոսաբանական համակարգերի հիմքում: IV դարի վերջին քառորդից մինչև V դարի կեսը եղել է Անտիոքի և Ալեքսանդրիայի դպրոցների ծաղկման շրջանը: Թեև IV դարում Անտիոքի դպրոցը տվել է արիոսական և արիոսականությանը հարող աստվածաբաններ (Եվսեբիոս Նիկոմեդացի, Նումերիոս, Եվսեբիոս Եմեսացի, Այետիոս Անտիոքացի, Եվնոմիոս Անտիոքացի և ուր․), որոնք կրել են նաև Լուկիանոս Սամոսատցու ազդեցությունը, սակայն ունեցել է նաև իր ուղղափառ գործիչները: Եվստաթեոս Անտիոքացին առաջինն էր արիոսականությունը դատապարտողներից, իսկ Հովհան Ոսկեբերանը հռչակվել է Ընդհանրական եկեղեցու սուրբ հայրերից: Անտիոքի դպրոցի IV–V դդ․ նշանավոր աստվածաբաններից էին նաև Դիոդորոս Տարսոնացին, Թեոդորոս Մոպսուեստացին, Թեոդորետ Կյուրոսցին և ուրիշներ: Անտիոքի, ինչպես և Ալեքսանդրիայի, Աթենքի աստվածաբանական դպրոցները փակվել են VI դարում՝ բյուզանդական Հուստինիանոս Ա կայսրի օրոք:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տեր-Մինասյան Ե․, Ընդհանուր եկեղեցական պատմութիւն, Էջմիածին, 1908:
  • Սագարդա Ն․, Յոյն-Արևելքի հին եկեղեցական աստուածաբանական գիտութիւնը իւր ծաղկման շրջանում, Էջմիածին, 1910:
  • Grillmeier A․, Christ in Christian Tradition, v․ 1–2, 1975․
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: CC-BY-SA-icon-80x15.png