Սիրիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


الجمهورية العربية السورية
Սիրիայի Արաբական Հանրապետություն
Սիրիայի Արաբական Հանրապետություն դրոշ
Դրոշ
Սիրիայի Արաբական Հանրապետություն զինանշանը
Զինանշան
Ազգային օրհներգ՝
"حماة الديار"
Հայրենյաց պաշտպաններ

Սիրիայի Արաբական Հանրապետություն դիրքը
Մայրաքաղաք
Ամենամեծ քաղաք
Դամասկոս
Պետական լեզուներ արաբերեն
Կառավարում Նախագահական Հանրապետություն
Անկախություն Ֆրանսիայից
Տարածք
 -  Ընդհանուր 183,885 կմ² 
 -  Ջրային (%) 0.06
 -  Խտություն 267 /կմ² 
80 /մղոն²
Դրամական միավոր Սիրիական լիրա (SYP)
Ժամային գոտի (UTC+3)
 -  Ամռանը (DST)  (UTC-4 to -10)
Վերին մակարդակի ազգային դոմենն .sy
Հեռախոսային կոդ +963

Սիրիա (արաբ․՝ سوريا‎‎ կամ سورية‎՝ Սուրիա), պաշտոնապես՝ Սիրիայի Արաբական Հանրապետություն (արաբ․՝ الجمهورية العربية السورية‎‎ ալ-Ջումհուրյյիա ալ-Արաբիյյա աս-Սուրիա), պետություն Առաջավոր Ասիայում՝ Արաբական Արևելքում։ Արևմուտքում սահմանակից է Լիբանանին ու Միջերկրական ծովին, հարավում՝ Իսրայելին ու Հորդանանին, արևելքում՝ Իրաքին և հյուսիսում՝ Թուրքիային։ Կիպրոս կղզին գտնվում է Սիրիական ափից 125 կիլոմետր հեռավորության վրա։ Սիրիայի տարածքը շուրջ 185 000 քառ. կմ է և Հայաստանի Հանրապետությանը գերազանցում է ավելի քան 6 անգամ։

1963 թվականի ապրիլյան հեղափոխությունից սկսած՝ երկրում իշխում է Բաաս կամ Արաբական սոցիալիստական վերածնունդ կուսակցությունը (արաբ․՝ حزب البعث العربي الاشتراكي‎‎՝ հիզբ ալ-Բաաս ալ-արաբի ալ-իշթիրաքի2011 թվականին սկսել է սիրիական ճգնաժամը։ Վերջինս խլել է 160 000 մարդու կյանք, դրա պատճառով երկիրը լքել են 2 600 000 քաղաքացիներ։ 2013 թվականին ճգնաժամից թուլացած երկրի տարածքների մի մասը անցնում է ինքնահռչակ Իրաքի և Լևանտի իսլամական պետության վերահսկողության տակ։

Անվան ծագում[խմբագրել]

Սիրիա անունը ծագում է հունարեն Σύριοι անունից։ Հին և միջնադարյան Սիրիան ժամանակակից արաբական հանրապետությունից տարածքով մեծ է եղել։ Կարծիք կա, որ անունը Սիրիա են դրել հռոմեացիները. նրանց առաջին տարածքը, որ նվաճել էին Ասիայում, կոչվում էր պրովինցիա Ասիա (Փոքր Ասիա), իսկ մնացած տարածքները՝ Միջերկրական ծովի արևելյան ափը՝ պրոովինցիա Սիրիա։ Մեկ այլ տարբերակ է հինավուրց Սուրի քաղաքի գոյության փաստը։ Սիրիայի անունը կապվում է նաև ասորիների հետ։

Սիրիա պաշտոնական անվանը զուգահեռ արաբների շրջանում տարածված է Բիլադ ալ-Շամ (արաբ․՝ بلاد الشام‎‎) անունը։ Դա վերագրվում է սիրիական համարվող ևս երեք երկրի՝ Հորդանանին, Լիբանանին և Պաղեստինին։ Թարգմանաբար Բիլադ ալ-Շամ նշանակում է Շամի երկիր։ Շամը այդ երկրամասի խոշորագույն քաղաքի՝ ժամանակակից Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի անուններից է։

Աշխարհագրություն[խմբագրել]

Ռելիեֆ[խմբագրել]

Սիրիական ծովափը շուրջ 193 կմ է։ Այն ձգվում է Լիբանանից անմիջապես հյուսիս ու հասնում Թուրքիայի սահմանին։ Ծովափի երկարությամբ ձգվում է նեղ դաշտավայր, որին զուգահեռ՝ 20 կմ հեռավորության վրա, Ալավիտ լեռնաշղթան է։ Նրա զառիթափ լանջերը արևելքում հասնում են Օրոնտես գետի բերրի դաշտին։ Գետահովտից հյուսիս է տարածվում Սիրիական լեռնազանգվածը, որը եզերում է երկրի կենտրոնական հարթավայրը։ Հարավում հարթավայրը եզերում են Անդրլիբանանյան լեռները։ Այստեղ է գտնվում Սիրիայի բարձր կետը՝ Հերմոն կամ Ջաբալ ալ-Շեյխ լեռը (արաբ․՝ جبل الشيخ‎‎)։ Այն ունի 2 814 մետր բարձություն և շրջապատված է հավերժական ձյունով։ Այստեղից է հոսում Բարադա գետը, որը սնուցում է Դամասկոսը և նրա շրջակայքը (Ղուտայի օազիս

Երկրի արևելյան ու հարավարևելյան հատվածում վեր է խոյանում Սիրիական անապատը (արաբ․՝ بادية الشام‎‎՝ բադիյաթ ալ-Շամ )։ Այն հյուսիսից սահմանափակում է մեկ այլ բարեբեր շրջան՝ ալ-Ջազիրան (արաբ․՝ الجزيرة‎‎)։ Հարավ-արևմուտքում Հաուրան լեռնաշղթան է և Ջաբալ-Դրուզ (արաբ․՝ جبل الدروز‎‎) հրաբխային բարձրավանդակը։ Սիրիայի խոշորագույն գետը Եփրատն է (արաբ․՝ الفرات‎‎՝ ալ-Ֆուռաթ ), որի սիրիական հատվածը 676 կմ է։ Կարևոր նշանակություն ունի Օրոնտես գետը (325 կմ)։

Սիրիան Միջերկրական ծովում ունի մեկ կղզի՝ Արվադը։

Կլիմա[խմբագրել]

Սիրիայի կլիման չոր ցամաքային է։ Ջերմաստիճանը չի հասնում սառեցման կետին։ Արևելքում միջին տեղումները հասնում են տարեկան 11 միլիմետրի։ Արևելյան ծովափը անհամեմատ խոնավ է՝ տարեկան 500 մմ։ Լեռնային շրջանները սառն են և տեղումնառատ, ձմռանը ձյուն է տեղում։

Երկրի ընդերքից արդյունահանվում են նավթ, երկաթ, մանգան, պղինձ, քրոմ, ծծումբ, ֆոսֆորիտներ, կերակրի աղ, գորշ ածուխ։

Բոսրայի հռոմեական թատրոն
Հալեպի բերդը
Արաբական Սոցիալիստական Բաաս Կուսակցություն

Պատմություն[խմբագրել]

Ֆրանսիական տիրապետությունից Սիրիան անկախացել է 1946 թվականին, սակայն, երկիրն ունի շուրջ 6000 տարվա պատմություն։ Մայրաքաղաքն է Դամասկոսը, որն հանդիսացել է կարևորագույն քաղաք նախկին իսլամական կայսրություններում։ Երկրի տնտեսական մայրաքաղաքը Հալեպն է, խոշոր քաղաքներ են նաև ՝ Հոմս, Համա,Իդլիբ, Ռակկա և այլն։ Խոշոր նավահանգստային քաղաքներ են Լաթակիան և Տարտուսը։

Վաղ անցյալում Սիրիայի տարածքը կազմել է հնագույն Խեթական, Միտանի, Ասորիք պետության, Նորբաբելոնական թագավորության, Աքեմենյան թագավորության մաս, այնուհետև եղել է Ալեքսանդր Մակեդոնացու կայսրության, ապա՝ Սելևկյան, Հռոմեական և Բյուզանդական կայսրությունների կազմում։ 7-րդ դարում Արաբական թերակղզուց այստեղ են ներխուժել մուսուլման արաբները։ Հենց այդ ժամանակից էլ սկսվել է երկրամասի արաբականացումն ու իսլամացումը։ XI դարում Սիրիայի տարածքի մեծ մասը գրավել են սելջուկյան թուրքերը, որոշ շրջաններ՝ խաչակիրները։ 13-րդ դարում Սիրիայի զգալի մասին հաջորդաբար տիրել են եգիպտական մամլուքները և մոնղոլները։ 1516–1918 թվականներին երկիրը եղել է Օսմանյան կայսրության տիրապետության տակ։ 1918 թվականին արաբական զորքերը մտան Դամասկոս և Խան Թումանի ճակատամարտում հաղթելով թուրքերին՝ ազատագրեցին Հալեպը։ Դրանով վերջ դրվեց թուրքական չորսդարյա տիրապետությանը Սիրիայում։ 1920 թվականին Սիրիան հռչակվեց անկախ թագավորություն։ Սակայն Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան չճանաչեցին երկրի անկախությունը։ Ֆրանսիան ստացավ Սիրիայի և Լիբանանի կառավարման մանդատը։

Համառ պայքարի շնորհիվ 1946 թվականին ապրիլի 17-ին սիրիացիներին հաջողվեց երկրից դուրս մղել օտարերկրյա զորքերը։ 1956-1961 թվականներին Սիրիան և Եգիպտոսը միացել են և ստեղծել են Միացյալ Արաբական Հանրապետությունը։ Այնուհետև 1961 թվականին և հռչակել է իր անկախությունը։ 1967Վեցօրյա պատերազմում, Իսրայելը գրավել է Գոլանի բարձրունքը Սիրիայից։ Սակայն այն մինչ այսօր չի ճանաչվում միջազգային հանրության կողմից որպես Իսրայելի մաս՝այս տարածքում տեղակայված են խաղաղապահներ։ 1970-ական թվականներից Սիրիան որոշակի ռազմական ներկայություն է պահպանում Լիբանանում և ակտիվ մասնակցություն ունենում մերձավորարևելյան հակամարտության կարգավորման խնդրում։ Սիրիան զորքերը Լիբանանից դուրս եկան 2006 թվականին, սակայն Սիրիան մինչև այսօր պահպանում է իր ազդեցությունը Լիբանանի վրա։

1963 թվականից առ այսօր, երկիրը կառավարում է Բաաս կոչվող կուսկցությունը։ Երկրի առաջնորդը 1970թվականից ի վեր եղել է Ասադ ընտանիքից։ 1946-1970 թվականներին Սիրայում անընդհատ կատարվում էին ռազմական հեղափոխություններ, որը վերջ տվեց Հաֆեզ ալ-Ասադը՝ դառնալով նախագահ։

Մինչ 2000 թվականը, երկիրը ղեկավարել է Հաֆազ ալ-Ասադը, ում հաջորդում է որդին՝ Բաշշար ալ-Ասադը։ Պատմության մեջ, Սիրիան հաճախ ընդգրկել է Լիբանանը, Պաղեստինը և Հորդանանի որոշ մասեր, բայց ոչ Ջազիրան։ Այս բոլոր շրջանները ճանաչվել է Մեծ Սիրիա կամ Շամի երկիր, արաբերենով՝ Բիլադ ալ-Շամ (بلاد الشام)։ Սիրիական կառավարությունը պաշտոնապես հայտարարվել է տեր Իսքենդերունի կամ Ալեքսանդրետտայի շրջանում, որն այսօր գտնվում է Թուրքիայում (Հաթայ շրջան)։

Քաղաքականություն[խմբագրել]

Վարչական բաժանում[խմբագրել]

Սիրիայի տարածքը բաժանված է 13 մարզերի կամ (արաբ․՝ محافظة‎‎ մուհաֆազաների) միջև, իսկ մարիզ կարգավիճակում է նաև մայրաքաղաք Դամասկոսն։ Սիրիայի մարզերը իրենց հերթին բաժանվում են 65 գավառների կամ (արաբ․՝ منطقة‎‎ մինտակաների)։ Սիրիայի գավառները բաժանվում են 284 շրջանների կամ (արաբ․՝ ناحية‎‎ նահիյաների

Մարզ Կենտրոն Արաբերեն Բանկչություն Տարածք
Դամասկոս Դամասկոս مُحافظة دمشق 1 754 000 118
Դառաա Դառաա مُحافظة درعا 1 027 000 3 730
Դեյր-էլ-Զոր Դեյր-էլ-Զոր مُحافظة دير الزور 1 239 000 33 060
Հալեպ Հալեպ مُحافظة حلب 4 868 000 18 498
Համա Համա مُحافظة حماه 1 628 000 10 163
Ալ-Հասաքա Ալ-Հասաքա مُحافظة الحسكة 1 512 000 23 334
Հոմս Հոմս مُحافظة حمص 1 803 000 40 940
Իդլիբ Իդլիբ مُحافظة ادلب 1 501 000 6 097
Ալ-Կունեյտրա Ալ-Կունեյտրա مُحافظة القنيطرة 90 000 1 861
Լաթակիա Լաթակիա مُحافظة اللاذقية 1 008 000 2 297
Ալ-Ռակկա Ալ-Ռակկա مُحافظة الرقة 944 000 19 618
Ռիֆ Դիմաշկ Դամասկոս مُحافظة ريف دمشق 2 836 000 18 036
Ալ-Սուեյդա Ալ-Սուեյդա مُحافظة السويداء 370 000 5 550
Տարտուս Տարտուս مُحافظة طرطوس 797 000 1 896

Բնակլիմայական պայմաններ[խմբագրել]

Կլիման մերձարևադարձային միջերկրածովային է, արևելքում՝ չոր ցամաքային։ Ամռանն Արաբական և Սիրիական անապատներից հաճախ փչում է Խամսին կոչվող տոթակեզ քամին։ Տարածքի մեծ մասը չունի մակերևութային հոսք, հարթավայրերում կան ուեդներ (չորացող գետահուներ)։ Սիրիայի տարածքի մեծ մասում բուսականությունն անապատային և կիսաանապատային է (հացազգիներ, փշոտ խոտեր, թփեր, օշինդր)։ Ծովամերձ գոտում գերակշռում են մշտադալար կաղնին, դափնին, մրտենին, դափնեվարդը, մայրին, կան ձիթենու, թթենու, թզենու, խաղողի այգիներ։ Լեռներում աճում են մշտադալար կաղնիներ, նոճիներ, օազիսներում՝ փյունիկյան արմավենի և ցիտրուսներ։ Բազմազան է նաև կենդանական աշխարհը. տարածված են շերտավոր բորենին, գայլը, շնագայլը, կարակալը, ֆենեկ աղվեսը, այծքաղը։ Լեռներում հանդիպում են սիրիական արջ, գետակինճ, անտառային կատու, բեզոարյան այծ։ Շատ են կրծողներն ու սողունները։

Գյուղատնտեսություն և արդյունաբերություն[խմբագրել]

Սիրիան առավելապես գյուղատնտեսական երկիր է, սակայն հողերի մեծ մասն անջրդի է։ Պարենային գլխավոր մշակաբույսը ցորենն է, մշակում են նաև գարի, ոսպ, բամբակենի, շաքարի ճակնդեղ, ծխախոտ։ Զարգացած է պտղաբուծությունը (մշակվում են ծիրանենի, խնձորենի, ցիտրուսներ), ինչպես նաև խաղողագործությունը, բանջարաբուծությունը։ Կան ձիթենու այգինե։ Բազմացնում են գլխավորապես ոչխար, խոշոր եղջերավոր կենդանիներ, նաև ձի, ջորի, ուղտ։ Առավել զարգացած են մանածագործական, սննդի և շինանյութերի արդյունաբերության ճյուղերը։ Աստիճանաբար զարգանում է նաև ծանր արդյունաբերությունը՝ պողպատի գլանվածք, նավթավերամշակում, էլեկտրաշարժիչներ, տրակտորների հավաքում։

Ժողվրդագրություն[խմբագրել]

Բնակչություն[խմբագրել]

Սիրիայի բնակչությունը 2013 թվականի տվյալներով կազմում է 22.457.000 մարդ։ Մեծամասնությունը, այսինքն բնակչության 74%ը արաբախոս սուննիներ են[1][2][3]։ Այլ իսլամական խմբերն են Ալաուիները (11 տոկոս), Դրուզները և ուրիշներ (5 տոկոս)։ Կան նաև զանազան քրիստոնեական խմբեր, որոնք կազմում են բնակչության 10%ը։

Էթնիկ խմբեր[խմբագրել]

Սիրիայում մեծությաբ եկրորդ էթնիկ խումբն է Սիրիայի քրդերն են։ Նրանք կազմում են բնակչության մոտ 9%-ը, կամ 2 մլն մարդ[4]։ Շատ քրդերը բնակվում հյուսիսարևելյան մարզերում մեծամասնությունը խոսում է քումանջի քրդերեն։

Սիրիայում բնակվում նաև այլ էթնիկ խմբեր հիմնականում թուրքմեններ (շուրջ 500.000-1.000.000 մարդ)[5], չերքեզներ (100,000 մարդ)[6], հույներ[7], հրեաներ[8], և հայերը (մոտավորապես 100000 մարդ), հայերի մեծամասնություն գաղթել են Սիրիա Հայոց ցեղասպանության ժամանակ։ Սիրիայում է գտնվում 7-րդ ամենամեծ հայ համայնքը աշխարհում։ Նրանք հիմնականում բնակվում են Հալեպ, Ալ-Կամիշլի, Դամասկոս և Քեսաբ քաղաքներում։

Սիրիացիների ամենամեծ սփյուռքը գտնվում է Բրազիլիայում[9]։ Բրազիլիան առաջին երկիրն է Ամերիկայում ով առաջարկել է հումանիտար մուտքի վիզա սիրիացի փաստականներին[10]։

Խոշոր քաղաքներ[խմբագրել]

Սիրիայի ամենամեծ և ամենաազդեցիկ քաղաքներն են Հալեպը և Դամասկոսը, որոնց բնակչությունը մոտավորապես 3.5 միլիոն մարդ է։ Այլ նշանավոր քաղաքները, որոնց բնակչությունը անցնում է 100 000 թիվը հետևյալն են՝ Հոմս, Լաթակիա, Համա, Ալ-Ռակկա, Դեյր-էլ-Զոր, Ալ-Հասաքա, Ալ-Կամիշլի, Իդլիբ, Տարտուս և Դումա։

Ստորև բերված աղյուսակում թվարկվում են Սիրիայի խոշոր քաղաքները ըստ բնակչության (Արդյունքները բերված են 2004 թվականի Սիրիայում տեղի ունեցած մարդահամարից

Մշակույթ[խմբագրել]

Մինչև 7-րդ դարը սիրիական գրականությունը գրվել է սիրիերեն (արամեերենի ճյուղ է), որի ոսկեդարը համարվում է 4-5-րդ դարերը, իսկ կենտրոնական դեմքը՝ քարոզիչ և փիլիսոփա Եփրեմ Սիրինը։ Նրա ստեղծագործությունը էական ազդեցություն է թողել արևելաքրիստոնեական գրականության զարգացման վրա։7-րդ դարից սիրիերենն աստիճանաբար դուրս է մղվել գործածությունից, իսկ սիրիական քրիստոնեությունը՝ իսլամի կողմից։ Միջին դարերում Սիրիայի տարածքում ապրել են արաբ դասական գրականության ականավոր գործիչներ Աբու-Թամամը, Ալ Բուհթուրին, Ալ Մութանաբին, Աբու Ֆիրաս ալ Խամդանին, փիլիսոփա Աբու-լ-Ալա ալ Մահարին։ Սիրիայում շատ կան մշակութային կոթողներ, որոնցից են Հալեպի բերդը, Քրաք դե Չեվալիեր ամրոցը, Ափամեա քաղաքը ,Մարի, Էբլա, Փալմիրա եւ Ապամեա հնագույն քաղաքներում, Դամասկոսի, Հալեպի եւ Բոսրեյի հին քաղաքները, Կրակ դե-Շեվալե եւ Խալաթ-սալախ-ադ Դին ամրոցները և այլն։

Ժամանակակից սիրիական մշակույթում մեծ տեղ է հատկացվում կրոնին, ընտանիքին և կրթությանը։

Արտաքին հղումներ[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. http://Սիրիայի բնակչությունը ըստ վերջին մարդահամարի
  2. Աշխարհի բնակչություն, Սիրիա
  3. Սիրիայի բնակչությունը, ՄԱԿ-ի տվյալներ
  4. «Սիրիայի քրդեր» Կոնգրեսի հետասոտություններ: Վերցված է 1 մարտի 2015:
  5. «Թուրքմեները Սիրիայում» Ակնարկ Միջազգային իրավունքի 9 քաղաքագիտության: 2007 թ. 112: Վերցված է 12 օգոստոս 2012:
  6. «Մի երկիր ուսումնասիրություն Սիրիա»: Կոնգրեսի գրադարան: Վերցված է 30 Հունվար 2013:
  7. «Հույները Սիրիայում» Վերցված է 1 Փետրվարի 2015:
  8. «Դամասկոս - Ամիդ քաղաքացիական պատերազմ, Սիրիայում մնացած հրեաները նշում էն Սուրբ օրեր»: vosizneias: Վերցված է 1 Մարտի 2015
  9. «Արաբները Բրազիլիայում»: www.saudiaramcoworld.com: Սեպտեմբեր-հոկտեմբեր 2005: Վերցված է 30 Հունվար 2013:
  10. Միավորված ազգերի փախստականների գծով գերագույն հանձնակատար: «ՄԱԿ-ի փախստականների գործակալությունը ողջունում է Բրազիլիա հայտարարությունը հումանիտար վիզաների տրամատրում սիրիացի փախստակաների»: Unhcr.org: Վերցված է 24 Հուլիսի 2014: