Jump to content

Առաքյալներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Տասերկու Առաքյալներըից)

Առաքյալներ (առաքված, ուղարկված հունարեն՝ απόστολος), ըստ Նոր Կտակարանի և քրիստոնյա ավանդության՝ Քրիստոսի կողմից առաքված մարդիկ, Հիսուս Քրիստոսի 12 աշակերտներն ու հետնորդները (Ղուկ. 6։13-16 հմմտ. Մատթ. 10։2-4, Մարկ. 3։16, )՝ համապատասխան Իսրայելի տասներկու ցեղերի թվին (Ծննդ. 49։28)։ 12 առաքյալներն են՝

  1. Պետրոսը (Սիմոն Պետրոս, Կեփաս),
    Քրիստոս քարոզում է Առաքյալներին։
  2. Անդրեասը,
  3. Հակոբոսը (Զեբեդեոսի որդի, Որոտման որդի (Բաներեգես)),
  4. Հովհաննեսը (Հովհաննես Ավետարանիչ, Հովհաննես Աստվածաբան),
  5. Փիլիպպոսը,
  6. Բարդուղիմեոսը (Նաթանայել),
  7. Թադեոսը (Ղեբեոս, Հուդա)
  8. Թովմասը (Երկվորյակ),
  9. Մատթեոսը (Ղևի),
  10. Հակոբոս Ալփյանը (Կրտսեր Հակոբոս, Ալփեոսի որդի),
  11. Սիմոն Կանանացին (Նախանձահույզ),
  12. Հուդա Իսկարիովտացին։

Հուդա Իսկարիովտացու ինքնասպանությունից հետո առաքյալները վիճակահանությամբ որպես 12-րդ առաքյալ ընտրում են Մատաթիային (տես Գործք.1։15-26)։

Առաքյալները բոլորն էլ եղել են Գալիլիացիներ (հմմտ. Գործք. 2։7), հիմնականում ձկնորսներ և մաքսավորներ։ Ըստ Ավետարաններում առկա տվյալների՝ բոլոր առաքյալներն էլ Քրիստոսի անմիջական առաջնորդությամբ պատրաստվել են իրենց առաքելության համար, ականջալուր եղել Նրա քարոզներին և ականատես՝ հրաշքներին ու գործերին, և Հարությանը։ Տասներկու առաքյալներին Հիսուսը «իշխանություն տվեց պիղծ դևերի վրա՝ հանելու դրանք և բժշկելու ամեն ցավ և ամեն հիվանդություն» (Մատթ. 10։1)։ Իսկ համբարձվելուց առաջ ընտրյալներին պատվիրեց. «ինչպես Հայրը ինձ ուղարկեց, ես էլ ձեզ եմ ուղարկում։ Գնացե՛ք ուրեմն աշակերտ դարձրե՛ք բոլոր ազգերին, նրանց մկրտեցե՛ք Հօր և Որդու և Սուրբ Հոգու անունով։ Ուսուցանեցե՛ք նրանց պահել այն բոլորը, ինչ որ ձեզ պատվիրեցի» (Մատթ. 28։19-21)։ Քրիստոսի Համբարձումից և Հոգեգալուստից հետո գործնականապես նրանք եղան հիմքն ու հիմնադիրը Եկեղեցու՝ լինելով դրա անդամները, առաջնորդներն ու կազմակերպիչները։ Գործք առաքելոցում հանգամանալից ներկայացվում են առաքյալների հալածանքներն ու նրանցից մեկի՝ Հակոբոս Զեբեդյանի սպանությունը (Գործք. 12։1-2)։ Համաձայն Ավանդության բոլոր առաքյալներն էլ, բացառությամբ Հովհաննես առաքյալի նահատակվել են ի սեր Քրիստոսի։

Տասներկուսից բացի առաքյալ է անվանվում նաև Պողոսը (Սողոս), ով ծանոթ է որպես 13-րդ առաքյալ։ Պողոսն ինքն իրեն էլ անվանում է «հեթանոսների առաքյալ» (Հռոմ. 11։12)։ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին իր տոնացույցում ունի Տասներկու առաքյալներին և Պողոս Տասներեքերորդ առաքյալին նվիրված տոն։ Այս առաքյալները տոներ ունեն նաև առանձին-առանձին կամ զույգ-զույգ։

Հայաստանում քարոզել և նահատակվել են Թադեոս (Ղեբեոս) և Բարդուղիմեոս (Նաթանայել) առաքյալները, որոնք հիմնել են եկեղեցիներ։ Վերջիններս կոչվել են Առաքելական եկեղեցիներ, ըստ այդմ էլ Հայոց եկեղեցին կոչվում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի։ Առաքյալների անմիջական քարոզով հիմնված եկեղեցիները կոչվում են Առաքելական, որից և ծագել է հայ եկեղեցու պատվանունը՝ «Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցի»։

Յոթանասուն աշակերտներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Ղուկասի ավետարանի՝ բացի վերը նշված 12-ից Քրիստոսին հետևում էին ևս 70 հոգի (որոշ աղբյուրների համաձայն՝ 72), որոնք անվանվում են աշակերտներ. «Այնուհետև Տերը նշանակեց ուրիշ յօթանասուներկու հոգի ևս և նրանց իրենից առաջ երկու-երկու ուղարկեց այն բոլոր քաղաքներն ու վայրերը, ուր ինքը գնալու էր» (Ղուկ. 10։1)։ Հիսուս Քրիստոսի կողմից 70-ին ևս տրվեց հիվանդություններ բուժելու, դևեր հալածելու և բարի լուրը՝ Ավետարանը, քարոզելու իշխանություն։ Առհասարակ Աստվածաշունչը 70-ից և ոչ մեկի անունը չի հայտնում, սակայն նշում է, որ նրանց անունները գրված են երկնքում (Ղուկ. 10։20)։ Համաձայն Ավանդության՝ 70 աշակերտներից են եղել առաքյալների ընտրած 7 սարկավագները (տես, Գործք. 6։1-6), Մարկոս և Ղուկաս Ավետարանիչները, ինչպես նաև Պողոս առաքյալի գործակիցները։ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին իր տոնացույցում Յոթանասուն աշակերտներին նվիրված տոն ևս ունի։

  1. Աստուածաշունչ Մատեան Հին և Նոր Կտակարանների, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և Հայաստանի Աստուածաշնչային ընկերութիւն, 2004։
  2. Մաղաքիա արք. Օրմանյան, Համապատում, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 1997։
  3. Շնորհք արքեպիսկոպոս Գալույտեան, Աստուածաշնչական սուրբեր, Երևան, 1997։
  4. Ավետարանների գործող անձինք, Սուրբ Էջմիածին, 2010։
  5. Новый библейский словарь, часть 1, Санкт-Петербург, 1999г.
  6. Роналд Браунригг, Кто есть кто в Новом Завете, Словарь, Москва, 1998.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 537
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Առաքյալներ» հոդվածին։